Translate

Translate

Translate

среда, 31 августа 2016 г.

Դպրոցական հիշողություններ

1972 թվի սեպտեմբերի նախօրեին էր։Սովորում էի Կիրովականի՝Դանիել Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում։Մեր դասղեկն անգլերենի երիտասարդ ուսուցիչ, հայրենադարձ Գեւորգ Ղազանչյանն էր/կինը՝Արփինեն էլ էր այդ դպրոցում դասավանդում․կարծեմ՝տնարարություն/։Այդ տարիներին, չգիտես ինչու, Հայաստանում սկսեցին անվճար հատկացվող դասագրքերը քչություն անել․ըստ այդմ՝մեր ողջ դասարանին՝ավելի քան 30 աշակերտներից բաղկացած, մի քանի առարկաների գծով հատկացվել էին շատ քիչ քանակով գրքեր․այն հաշվարկով, որ մի քանի աշակերտներ միասին պարապեն, իրարից վերցնեն գրքերը, իրար հետ պայմանավորվեն․․․դա ուղղակի անհեթեթություն էր, որի նպատակը երեւի թե  գրախանութներում դասագրքերի ստվերային վաճառքը խրախուսելն էր՝արհեստական դեֆիցիտի միջոցով։ Ինձ համար, որ սովոր էի մշտապես զգալ նոր,թարմ դասագիրք ունենալու բերկրանքը, տհաճ անակնկալ էր դա, որի այլընտրանքը՝նախորդ տարիների սովորողներից օգտագործված դասագիրք ձեռք բերելն էր՝էլի ծանոթով/թեպետ՝դրանից հետո արդեն մայրս սկսեց գրախանութների միջոցով նախապես դասագիրք փնտրել՝հույսը դպրոցի վրա չդնելով/։Եվ ահա, սեպտեմբերի մեկի նախօրյակին, ուշ երեկոյան, հորդ անձրեւի տակ մի լավ թրջված, երկար անձրեվանոցի մեջ փաթաթված՝մեր բնակարան այցելեց մեր սիրելի դասղեկ Ղազանչյանը՝թեւի տակ դպրոցական նոր դասագրքերից մի քանի հատ․նա,թերեւս, չէր կարող թույլ տալ, որ գերազանց առաջադիմությամբ սովորող իր աշակերտուհին ,,նեղվի,, դասագրքի պակասից ու սրա-նրա դռներն ընկնի /անգամ հիշողությանս մեջ մնացել է այն, որ դասագրքերի թվում նաեւ երկրաչափության դասագիրքն էր՝կապույտ կազմով/։Ու մինչ ուսուցիչս ծնողներիս հետ զրուցում էր՝ոտքի վրա/չցանկանալով առաջանալ ներս/, ես գլխահակ կանգնել էի ու ամոթահար եղած՝հայացքս չէի բարձրացնում։Ինձ համար այնքան անսովոր էր՝ուսուցչին տնային պայմաններում տեսնել։Ես այն տարիքում էի, երբ դժվարությամբ ես համակերպվում այն մտքի հետ, թե ուսուցիչները հասարակ մահկանացուներ են եւ հասարակ մահկանացուների նման են կենցաղավարում։Իսկ ամենամեծ ,,փորձությունն,, այն էր, որ ծնողներս սկսեցին նրան եռանդով ներս հրավիրել, բայց՝վերջինս համառորեն հրաժարվեց առաջանալ․թերեւս, խուսափելով հյուրընկալությունից, ու գնաց՝ինձ ազատելով անհարմար կացությունից․ես նախընտրում էի ուսուցիչներին տեսնել դպրոցական միջավայրում, քանի որ նրանք շատերիս համար սրբության նման էին։

․․․Ըստ տեղեկությունների՝Գեւորգ Ղազանչյանն ու իր կինն էլ, շատ հայրենադարձների նման, դեռ մինչեւ ԽՍՀՄ փլուզվելը հեռացան Հայաստանից․եղբոր՝Երվանդի եւ նրա ընտանիքի հետ այնտեղ, որտեղից եկել էին․Կիպրոս։Իսկ իմ հիշողության մեջ մնաց այդ փոքրիկ դիպվածը՝44 տարիների հեռվից, որպես դպրոցական հուշ՝սիրելի ուսուցչի հետ կապված, ում հետ ողջ դասարանով համատեղ լուսանկար էլ կա, որի կենտրոնում ինքն է՝գերազանցիկ երկու աշակերտուհիներով շրջապատված, որոնցից մեկն էլ ես եմ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий