Translate

Translate

Translate

воскресенье, 9 декабря 2018 г.

Ես եղել եմ տարեգիր ու կմնամ տարեգիր

Այսօրվա մառախլապատ-անձրեւային եղանակին համահունչ՝մեջս ահավոր մեծ դատարկություն եմ զգում ու որոշակի հիասթափություն, եւ այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ոչ մի տրամադրվածություն:Բայց հպարտ եմ,որ իմ 23 տարվա լրագրողական գործունեության հատկապես վերջին 10 տարվա ակտիվ քաղաքացիական կեցվածքով՝նպաստել եմ այսօրվա հեղափոխության համար պարարտ հող ստեղծելուն:,,Մավրն իր գործն արավ՝մավրը պետք է հեռանա,,.բայց ես չեմ հեռանա ու կշարունակեմ մնալ քաղաքացիական, բայց ոչ՝քաղաքական հարթակում, լրագրողի ու տարեգրի իմ դիրքերում՝ուժերը ներածին չափով նպաստելով քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ժողովրդավարության էլ ավելի մեծացմանը:23 տարվա լրագրողական  գործունեության ընթացքում երբեւէ որեւէ քաղաքական ուժից կախում չեմ ունեցել, ինքս եմ իմ գրչի օգնությամբ եղել ոչ միայն իմ, այլեւ՝ուրիշների ,,մատից փուշ հանողի,, դերում, որի շնորհիվ ձեռք եմ բերել անդավաճան ընկերներ, համախոհներ.../թեպետ՝դավաճաններ էլ են եղել/:Ի՞նչ իմաստ ունի չարաբաստիկ սահմանադրության, 2016թվին ժողովրդին պարտադրված եւ բռնությամբ անցկացված սահմանադրության պայմաններում/այն սահմանադրության, որին ,,ոչ,, ասողներից եմ եղել ու դրա դեմ ակտիվ պայքարողներից՝համանուն խմբում/ մասնակցեմ ընտրությունների, ու ընկածին մի հատ էլ ,,քացով,, խփեմ,,.նախորդ ռեժիմը հիմա այն կարգավիճակում է, որ անգամ 10 տարեկան երեխան կարող է թռնել պատին ու պատռել նրանց բուկլետը.ամենեւին չմտահոգվելով, որ դա իրավախախտում է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ,,մտահոգվել,, որ ,,հանկարծ ՀՀԿ-ն կանցնի,,....:Չարը խափանված է, հեղափոխությունը՝հաղթանակած, ուրեմն թող այն լեգիտիմացնելու հոգսը քաշեն նրանք, ովքեր հեղափոխության ժամանակ լավագույն դեպքում քայլելուց բացի ուրիշ որեւէ արժանիքով՝քաղաքացիական հասարակության կայացման համար, ինչպես նաեւ՝ինտելեկտով,աչքի չեն ընկնում, բայց՝լիուլի օգտվում են նոր իշխանության ,,բարիքներից,,:Ու սա էգոիզմ չէ, այլ՝հպարտ քաղաքացու  արժանապատվության  կարեւորում:Ու՞մ վստահես, եթե մեկը մյուսի ետեւից բացահայտվում են այն ,,ականները,, որոնք նախկինում հանդես էին գալիս կարկառուն ընդդիմության դիրքերից, իսկ հիմա՝360 աստիճանով շրջվել են իրենց սկզբունքներից, ում համար ինքներս էինք ,,մարտեր,,մղում նրանց դեմ, ովքեր ժամանակին զգուշացնում էին, որ նրանք ,,ականներ,, են ու մի օր պայթելու են.ահա հիմա սկսել են ,,պայթել,, այդ ականները ու մեզ ահավոր մեծ հիասթափություն պատճառել, հանգեցնելով եզրահանգման, թե ,,հըբը կյանքս ինչի՞ անցավ,,...

1998թվի իշխանափոխությունից հետո եղել եմ տվյալ ժամանակաշրջանի ամենաաընդդիմադիր ուժերի կողքին, մասնակցել հանրահավաքների:2008թվից՝սատարել եմ ՀԱԿ-ին, եղել ամենաընդդիմադիր թերթի՝,Ժամանակ-Երեւան-Լոս-Անջելեսի,, ակտիվ լրագրողներից մեկը.հիմա, լինելով սկզբունքային մտավորական, գնամ ու՞մ ընտրեմ, եթե այսօր ՀԱԿ-ը չի առաջադրվել, ու Փաշինյանի կողքին այսօր չկան ոչ միայն ՀԱԿ-ի առանցքային դեմքերից, այլեւ առհասարակ առանցքային դեմքեր, քաղաքացիական առաջնորդներ,ինտելեկտուալ մտավորականություն, վառ անհատականություններ, որոնք հարկ եղած դեպքում կարող են նեցուկ կանգնել իրենց առաջնորդին եւ ոչ թե՝առիթի դեպքում կողքից ,,թռնել,,/ու սա ոչ միայն իմ, այլեւ՝այլոց կարծիքն էլ է/:Ես եղել եմ տարեգիր, դեպքերի ժամանակագրության վկա, ու կշարունակեմ մնալ որպես տարեգիր, մինչեւ 2 տարվա ընթացքում սահմանադրական ,,չարեփոխումները,, կչեղարկվեն/որին արդեն իսկ ձեռնամուխ են եղել քաղաքական որոշ ուժեր/, ու կունենանք ժողովրդավարական օրենքների պայմաններում անցկացվող ընտրություններ, եւ քաղաքացին կընտրի նախագահ, ոչ թե՝դրա գործառույթը կհանձնի քաղաքական ուժերին, քաղաքացին կընտրի քաղաքապետ, ոչ թե դրա գործառույթը կթողնի ավագանիներին,իսկ կարճ ժամանակահատվածում, առանց թեկնածուների ծրագրերին մանրամասն ծանոթանալու ընտրության գնալը համարում եմ ոչ ճիշտ դիրքորոշում՝կոնկրետ իմ համար:


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 9.12.2018թ. 

суббота, 8 декабря 2018 г.

Մի տարեց կին,ում հետ պատահելիս ողջունում-անցնում ենք ջերմ-բարեկամական մթնոլորտում, օրերս հետաքրքրվեց, թե ,,Գործի ե՞ս գնում,,:Դե հիմա հո չես կարող 2 ժամ էդ կնոջը պատմել 20 տարվա կյանքդ ու բացատրել, թե, ինչպես եղավ, որ 20 տարի առաջ, ՀՀԿ-ի  իշխանության գալուց մեկ ամիս էլ չքաշած՝զրկվեցիր պետական համակարգում աշխատանքից՝,,սեփական դիմումի համաձայն,, հետագա կյանքիդ ,,դատավճիռն ,, ստորագրելով, իսկ 10 տարի առաջ էլ՝պաշտոնական լրագրողի կարգավիճակից/չնայած՝բարձրագույն կրթություն եւ դրական բնութագրեր-շնորհակալագրեր ունենալուդ/:Մանավանդ՝որ հետաքրքրվողը համացանցից ու ֆեյբուքից էնքան է հեռու, ինչքան ես՝Մարս մոլորակից:Ստիպված ասի՝,,Չէ, էսօր կիրակի է,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 28 ноября 2018 г.

Ձորագէսը՝ներքաղաքական թոհուբոհում

Ձորագէսցիները երեկվանից իրար աչքալուսանք են տալիս առ այն, որ Լոռի կատարած քարոզարշավից հետո Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանգրվանել է Ձորագէսի Թուֆենկյան հյուրանոցում:,,Երնեկ մեկն ու մեկն ակումբի շենքի հարցը բարձրացներ վարչապետի մոտ,,-ասաց ակումբի շենքի ճակատագրով մտահոգ հնաբնակ ձորագէսցիներից մեկը՝մեր հետ հեռախոսազրույցում:Իսկ այսօր ավանից նոր տեղեկություն ստացանք այն մասին, որ երեկ ուշ երեկոյան ձորագէսցիներից 5-ին հաջողվել է նամակներ հանձնել Նիկոլ Փաշինյանին, բայց՝ափսոսանք հայտնվեց, որ վերջինիս հետ զրուցել չի հաջողվել:Կոստանյան ընտանիքի անդամներից մեկն, օրինակ, ցանկացել է հիշեցնել, որ իր ընտանիքից 4-ը զրկված են ընտրելու իրավունքից, քանի որ նախկին ակումբի շենքի սեփականատիրոջ պահանջով իրենց հանել են անձնագրային բաժնի գրանցումից, եւ հիմա ուր՝գրում են, պատասխանում են, թե դիմեք դատարան, բայց դատարան դիմելն էլ երաշխիք չէ, թե ավանի՝20 տարվա բնակիչները հաջողության կհասնեն/:

Ձորագէսում առաջիկայում կրկնակի ընտրություններ են սպասվում.խորհրդարանական եւ տեղական, քանի որ Թումանյան կայարանի հետ մեկ համայնքային ամբողջականություն կազմող Ձորագետավանի 30 տարվա ղեկավար Լյովա Գրիգորյանն օրերս մահկանացուն կնքեց՝երկարատեւ հիվանդության հետեւանքով:Ու հիմա մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում:Ի դեպ, հին ձորագէսցիներից ոմանք խորհուրդ են տալիս, որ ես եւս ....առաջադրվեմ որպես գյուղապետի թեկնածու, ինչին դեմ եմ , որովհետեւ գտնում եմ, որ Ձորագէսը պետք է ղեկավարի նախ եւ առաջ համայնքում ապրած, մեծացած, տառապած մարդը, եւ հետո՝իմ կողմից գյուղապետի թեկնածու առաջադրվելը, պետք է խոստովանեմ, գաղափարական հետընթաց կլինի, քանի որ ես, լինելով 23 տարվա լրագրող՝իրավապաշտպան ուղղվածությամբ/որից 7-ը՝ակտիվ բլոգեր/, գիր ու գրականության մարդ, ստեղծագործող,չեմ կարող պարփակվել մեկ առանձին վերցրած համայնքի խնդիրների մեջ եւ ուրիշ խնդիրներով չզբաղվել, չբարձրաձայնել այդ խնդիրները:Սակայն ինձ, որպես արմատներով ձորագէսցի եւ ավանի հետ ամուր կապերով կապված անձ/ում հարազատներն ու հարազատներից մի քանիսի աճյունները գտնվում են Ձորագէսում/, կարծում եմ, որ այդ պաշտոնին հարմար կլինի  ավանի հնագույն բնակիչ,ավանի խնդիրներին քաջատեղյակ, երկարամյա մանկավարժ Անահիտ Շոլինյանը, ով նախկինում ղեկավարել է Դեբեդի միջնակարգ դպրոցը, սակայն Լոռու մարզի ՀՀԿ-ական նախկին ղեկավարության քմահաճության արդյունքում զրկվել է դպրոցը ղեկավարելուց, բայց՝շարունակել է նվիրվածությամբ աշխատել որպես մանկավարժ/վերջինիս դպրոցի տնօրենի պաշտոնից ազատեցին՝անգամ սպառնալով քրեական գործ  ,,սարքել,, վրան, որպեսզի ,,իրենց մարդուն,, տեղավորեն այդ պաշտոնին/.այդ մասին դեռ տարիներ առաջ եղել է  համապատասխան տեսանյութ՝,,Ցիվիլնեթում,,/:Իհարկե՝գլխավոր խոսքը պատկանում է Շոլինյանին.արդյո՞ք կհամաձայնվի առաջադրվել, եւ երկրորդ՝համայնքի բնակիչներին:Ամեն դեպքում՝մենք ցանկանում ենք, որ Ձորագէսը կառավարի ղեկավարի համապատասխան ընդունակություններ ունեցող, ժամանակակից մոտեցումներով առաջնորդվող մարդ, իսկ Շոլինյանը ոչ միայն լավ ղեկավար է եղել/որի համար անգամ երկրի նախկին նախագահից մեդալ է ստացել/, այլեւ՝ունի դրամաշնորհային ծրագրերից օգտվել կարողանալու հմտություն, ինչը կարեւոր գործոն է այսօր:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ.Ի դեպ, այսօր Ձորագէսից ցավալի լուր սացվեց.Ռուսաստանում մահացել է Ձորագէսի փեսաներից մեկը.ահա եւ արտագաղթի հետեւանքները 

суббота, 27 октября 2018 г.

Մահացել է վանաձորցի հայտնի մտավորական, գրականագետ-թարգմանիչ/գերմաներենի մասնագետ/Գառնիկ Կուրղինյանը։Մինչերկրաշարժյան տարիներին դասավանդել է Վանաձորի Մանկավարժական ինստիտուտում։Երկրաշարժից հետո 1990-ականներին խմբագրել է Վանաձորի Նժդեհ-ԱԻՄ կուսակցության ,,Կանչ նախնյաց,, թերթը, այնուհտե, մի որոշ ժամանակ՝ՀՍԻԿ կազմակերպության ,,Վասն արդարութեան,, իրավապաշտպան հանդեսը։Խմբագրել եւ թարգմանել է մի շարք գրքեր, հոդվածներ։Ողջ ստեղծագործական կյանքում եղել է անխոնջ քննադատ՝հասարակության անառողջ երեույթների հանդեպ։

Գառնիկ Կուրղինյանը դանիաբնակ վանաձորցի, Հայոց մեծ եղեռնին նվիրված դանիերեն գրքերի հայերեն թարգմանիչ Հասմիկ Կուրղինյանի հայրն էր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 19 октября 2018 г.

Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց

1968թվի հոկտեմբերի 19-ին ծնված ու  ընդամենը 3 ամիս ապրած քույրս՝Նարինեն/որի մահվան առթիվ հայրս մի անչափ հուզիչ բանաստեղծություն էր գրել/, կդառնար 50 տարեկան։Տարիներ առաջ, երբ երազում տեսա՝արդեն մեծացած, որ ինձ համար լրիվ անծանոթ տեսք էր, ասաց․,,Ես քո հաջողություններով հպարտանում եմ գիտե՞ս,,։Երեւի իրավական ու լրատվական դաշտում երբեմն ունեցած ,,հաղթանակներն,, ի նկատի ուներ։Այդ նույն կերպ, երբ 2010թվին ջրմուղի կողմից ,,սարքված,, 73 հազար դրամ ահռելի պարտքն իրավաբանորեն հիմնավորելու եւ այդ առթիվ նամականեր ու գրություններ ուղարկելու շնորհիվ չեղարկվեց այդ չարաբաստիկ պարտքը ու զրոյացվեց՝մինչ նոր պայմանագիր կնքելը, մայրս, որ 2007թվի վերջին կաթվածի դուռը հասավ՝հենց այդ պարտքի հիշեցումն ազդարարող սպառնալից գրություն ստանալուց հետո/,  դրա չեղարկումից հետո երազ եկավ ու ուրախացած ասեց՝,,Վայ ես քո ցավը տանեմ․․․,,։Իսկ հորս գրած բանաստեղծությունը՝քրոջս մահվան առթիվ գրած, ես առաջին անգամ կարդացի նրա մահից մոտ մեկ տարի անց՝8-9 տարեկան հասակում, եւ միայն այդ ժամանակ իմացա, թե ինչ է նշանակում կյանքից հեռանալ, ու ինչու այլեւս քույրս մեզ հետ չի ապրում, որովհետեւ ինձնից գաղտնի էին պահում սգո արարողությունները, եւ այդ օրերին ինձ տարել էին բարեկամի տոն։Այդ բանաստեղծության ընթերցումից հետո այնքան մեծացա հոգով, որ ծնողներիս չվշտացնելու համար՝չասեցի, որ կարդացել եմ այն, որ հայտնաբերել էի մանկական հետաքրքրությունից դրդված՝ընտանեկան   դարակներն  ուսումնասիրելիս։Ու հետագայում էլ չեմ ասել։Ի դեպ, քրոջս գերեզմանը գտնվում է Ձորագէսում/որտեղ նաեւ ծնողներս հուղարկավորվեցին, եւ որտեղ նաեւ մորական տատ ու պապիս, հորեղբորս եւ նրա կնոջ գերեզմաններն են/։Թե քույրս, թե ես՝ ծնվել ենք Ձորագէսում, այն ժամանակ այնտեղ հիվանդանոց եւ ծննդատուն կար։Հիշում եմ, որ մայրս,քրոջս ծննդաբերելուց առաջ՝լայն, կարմիր ,,սարաֆան,, էր հագնում՝սպիտակ պուտերով, եւ երբ մեր ազգականուհի Զեմֆիրան Կիրովականից հյուր էր եկել էր Ձորագէս, մորս տեսնելով, ասաց․,,Այս ինչ հաճելի փոփոխություններ եմ տեսնում ձեր վրա, տիկին,,։Քրոջս մահից հետո, Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասի մեր բնակարանում գտնվող ֆիկուսի դեկորատիվ բույսը մայրս դուրս հանեց տանից/ինչ-որ մեկն ասել էր, թե իբր ֆիկուսը չի կարելի տանը պահել, քանի որ դա դժբախտություն է բերում/։Իսկ 1972 թվին տեղափոխվեցինք քաղաքի կենտրոն՝ավելի հարմարավետ բնակարան/կապված հորս շախմատային գործունեության եւ շախմատային մրցումներին մասնակցելու հետ․քաղկոմի որոշման մեջ հենց այդպես էլ գրված էր/։Իսկ 1976 թվին ծնվեց եղբայրս՝ինձնից 16 տարով փոքր, որ ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը, տիրապետում է մի քանի օտար լեզուների, հետաքրքրվում է քաղաքականությամբ, մշակույթով, պատմությամբ, սպորտով, ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ համարյա անսխալ գուշակող, գրում է բանաստեղծություններ/որոնց թիվն անցնում է 50-ը եւ որոնց թվում կան նաեւ իտալերենով ու ֆրանսերենով գրված/․դրանք զետեղվել են իմ կողմից նրա անունով բացված բլոգում`www.armenhovsepyan.blogspot.com, նրա ֆեյսբուքյան էջում/այլ կերպ՝նրա բլոգի ,,փիառ-մենեջերն,, էլ, ,,ինֆորմացիոն հովանավորն,, էլ եմ ես/։Կարող էր աշխատանքային լուրջ հաջողություններ ունենալ, եթե մեր ընտանիքի նկատմամբ/այդ թվում՝իմ լրագրողական գործունեության/ նախկին իշխանությունների կողմից իրականացվող մշտական հալածանքներից ինքն էլ չտուժեր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 28 сентября 2018 г.

Հիշողություններ՝Վիլնյուս-Կաունաս ուղևորությունից

1980թ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի առաջին կուրսում էի, ու ձմեռային արձակուրդներին ուսանողական էքսկուրսիա կազմակերպվեց՝Լիտվա/Կաունաս-Վիլնյուս/:Այն ժամանակ Հայաստանը Սովետական Միության կազմում էր, եւ ՍՍՀՄ կազմում գտնվող 15 հանրապետությունների միջեւ չկար վիզային ռեժիմ.սրա հետ մեկտեղ՝բոլոր հանրապետությունների քաղաքացիների համար մեկ, միասնական տիպի սովետական անձնագիր էր գործում.ՀՀ սովետական քաղաքացու անձնագիր, որի մեջ պարզապես նշվում էր ազգությունդ եւ մշտական բնակության վայրդ:Ուղեվորությանը մասնակցում էին մեր ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ՝դասախոսների/այդ թվում՝կուրսղեկի/ գլխավորությամբ:Կաունասում բնակվում էինք ինչ-որ ուսանողական հանրակացարանում, որտեղ նաեւ լիտվացիներ էին բնակվում, ու նրանց հետ երբեմն հաղորդակցվում էինք, տեղի էր ունենում մտքերի փոխանակում՝քաղաքական թեմաներով....Մոտ 10 օրվա ընթացքում եղանք թանգարաններում, հիշարժան վայրերում, նաեւ՝գիշերային ռեստորան-կաբարե այցելեցինք՝օթյակից հիանալով սքանչելի վարիետեով, ինչը մեր՝հայաստանցիներիս համար, բնականաբար,նորույթ էր/Լիտվան, Լատվիան ու Էստոնիան ՍՍՀՄ այլ պետությունների հանդեպ ավելի առաջադիմական էին՝արեւմտյան բարքերն ընդօրինակելու տեսակետից/:Իհարկե այցելեցինք նաեւ խանութներ, հասցրինք օգտվել ներքաղաքային լեփ-լեցուն տրանսպորտից/եւ մի օր անգամ սարսափահար հաջորդ կանգառից դուս թռանք տրոլեյբուսից՝այնքան անտանելի նեղվածք էր, որպեսզի բառացիորեն շնչահեղձ չլինենք/քաղաքում, բնականաբար, երբեմն շրջում էինք առանձին խմբերով/:Իմ մոտ տպավորված է այն, որ լիտվացիներն անբարյացակամ էին տրամադրված Ռուսաստանի հանդեպ/ըստ պատմական փաստերի՝Լիտվան ավելի ուշ է ,,ինտեգրվել,, Սովետական Միությանը, քան՝մյուս հանրապետությունները, եվ այնտեղ ազգայնական տրամադրություններն ավելի գերիշխող են եղել մշտապես այն աստիճան, որ ռուսերենով չեն ցանկացել հաղորդակցվել անգամ՝այլ հանրապետություններից եկած հյուրերի հետ, դժկամությամբ պատասխանելով ռուսերեն հարցադրումներին:Թե ինչու՞՝այդ հարցին, որ լիտվացի մի ուսանողի տվեց մեր համակուրսեցի աղջիկներից մեկը, պատասխանվեց, որ ,,մինչեւ ռուսների գալը մեր աղջիկները չէին խմում, իսկ հիմա ոչ միայն խմում են, այլեւ՝ծխում,,:Հիշում եմ նաեւ, որ ռեստորան մտնելու համար ինչ-որ հատուկ նախապայմաններ կային՝իրենց պետության  կողմից սահմանված, ու դրա համար մեզ սկզբում ներս չէին թողնում:Պահակը դռան բռնակը պինդ բռնել էր, իսկ երբ մեր դասախոս Տիգրան Ավետիսյանը փորձեց դուռն ուժով բացել, պահակն ավելի ամուր կառչեց բռնակից ու սկսեց գոռգոռալ, ինչի առթիվ Ավետիսյանն ասաց՝,,Չտո՞ զա շովինիզմ,,:

Որպես կանոն, լիտվացիները շատ բարձրահասակ էին.մենք նրանց բարձրահասակության վրա էինք զարմանում, նրանք մեր՝կարճահասակության վրա/թեպետ՝մեր հետ կային նաեւ բարձրահասակներ, որոնք էլ, սակայն, լիտվացիների հետ չէին կարող ,,մրցել,, այդ հարցում/:Չնայած այդ էքսկուրսիայից, ցավոք, ոչ մի լուսանկար չկա, քանի որ մեր հետ չկար լուսանկարիչ, հետո այն ժամանակ դեռ բջջային հեռախոս գոյություն չուներ՝ինչպես այժմ,որ կարողանայինք առնվազն ,,սելֆի,, անել/, բայց՝այդ ուղեվորությունից իմ անձնական արխիվներում պահպանվել են  այդ օրերին ծնված սրամտություններ, որոնցից մի քանիսը որոշեցի, ի վերջո,զետեղել բլոգում:

------------------------------------------------------------------------------------------------------------

Ինքնաթիռի թռիչքը հետաձգվում էր՝ամպամած եղանակի պատճառով:Արամն ասաց.,,Էրեխեք, ամեքդ իրեք մանեթ հավաքեք, փափախ սամալյոտ եմ ճարել,,:

                                                   --------------------------------

Ինքնաթիռի մեջ Մերուժը Համոյին ասում է՝,,Բեր մի-մի հատ ծխենք,,:

Համո՝,,Բա որ բռնեն,,:

Մերուժ՝,,Բռնում են՝բռնեն.հո դուս չեն անել    

                -----------------------------------------------------------------------------

Ինքնաթիռի մեջ:

Արթուր.,Որ հանկարծ մեկնումեկդ վատ զգաք, չքաշվեք, ասեք, վարպետին կխնդրենք՝մի տեղ աջ քաշի-կանգնի,,:

---------------------------------------------------------------------------

Երեխեքը որտեղ մի թեթեւ անկարգություն էին անում ,աղմկում կամ ուշադրություն գրավում, եթե որեւէ մեկը հետաքրքրվում էր, թե որտեղից են, պատասխանում էին՝,,Իզ Գրուզիի,,/,,Վրաստանից,,.դե որ հայերի անունը դուրս չգա.../:

---------------------------------------------------------------------------------------------------------

Վիլնյուսում մեզ պետք է դիմավորեին, որ տանեն Կաունաս, բայց ոչ ոք չկար.Համոն հեգնեց.,,Օ՜...ինչ օրկեստր է կանգնած...,,:

----------------------------------------------------------------------------------------------------

Լիտվացի տղաները՝ծանոթանալով մեր խմբի անդամների հետ,ներկայացան՝անուններով:Նրանցից մեկն ասեց՝,,Գինտարաս,,:Ջիվանն էլ ներկայացրեց մեր խմբի անդամներին, ասելով.,,Ա էտո Համազասպարաս, Աշոտարաս,,:

-------------------------------------------------------------------------------------------

Լիտվացի մի ուսանող էր եկել հանրակացարանի մեր սենյակ՝զրուցելու, որտեղ մի քանի աղջիկներով էինք.նա շատ հետաքրքրասեր էր ու անընդհատ հարցեր էր տալիս:Մեր աղջիկներից մեկը, հայերեն քրթմնջալով, ասեց՝,,Ա դե վեր կաց ռադդ քաշի է՜...ուզըմ ենք արդեն քնենք..,,:Լիտվացին հետաքրքրվեց, թե ,,չտո օնա գովորի՞տ,,:Մառան, իհարկե, այն չթարգմանեց, այլ դրա փոխարեն ուրիշ մեկնաբանություն արեց.,,Օնա գովորիտ պոչեմու՞ ու վաս ցերկովի մնոգո,,/,,ինչու՞ ձեր մոտ այդքան շատ եկեղեցիներ կան,,/:

---------------------------------------------------------------------------------------------

Մինվոդիից հայեր բարձրացան ինքնաթիռ;Նրանցից մեկը հետը շանն էլ էր տանում:Աղջիկներից մեկը շանը տարավ իր մոտ, մի քիչ շոյեց, փաղաքշեց ու ասաց՝,,Դե լավ, գնա պապայիդ կուշտը,,:

-----------------------------------------------------------------------------------------

Ինքնաթիռի ,,տուալետից,, դուրս եկող Արթուրին դասախոս Ավետիսյանն ասաց.,,

-Դրախտի նախադուռն ազատվե՞ց:

-Այո:

-Վերջին երջանիկը դու էի՞ր:

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հ.Գ.    Այն, որ Լիտվայում հակառուսական տրամադրություններ կային, դրանում համոզվեցի նաեւ ավելի ուշ՝1989թ.երբ ՀԼԿԵՄ ուղեգրով գործուղվել էի Լիտվային սահմանակից Բելառուս, Մինսկում գտնվող հայկական ժամանակավոր դպրոց՝դասավանդելու  1988թվի երկրաշարժից տուժած ու էվակուացված հայաստանցի երեխաներին, եւ հաճախ էինք Մինսկից ուղեվորվում Վիլնյուս՝անգամ ավտոբուսով, ու լիտվացիները կրկին անբարեհաճ էին, երբ իրենց ռուսերենով հարցեր էին տալիս/ահա թե ինչու, մի գյումրեցի կին այդ առթիվ զայրացած ասաց.,,Հիմի ես ավտոբուսից կիջնեմ ու հայերենով կհարցնեմ՝,,Ախչիկ ջան, ունիվերմագ ի՞նչխ պիտի էրթանք,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 21 сентября 2018 г.

90-ականների ,,Ոսկու շուկան,, եւ վաուչերները․․․հեյ գիտի հա՜․․․․

Վանաձորի ,,Արցախ,, պուրակից ոչ միայն անկախության շարժումն է ձեւավորվել,նստացույցերը, ,,պայքար,պայքար մինչեւ վերջ,, բղավելն ու հացադուլները, այլեւ՝անկախ շուկայական հարաբերությունները։Առաջին անգամ այդտեղ էր, որ բացօթյա ,,սեւ շուկա,, էր 90-ականներին՝,,Ոսկի-դոլար առնեմ,, բղավոցներով։Առուվաճառքն իրականացվում էր ավելի հաճախ՝մազ-մորուքի մեջ կորած, գազազած դեմքերով երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդկանց կողմից։Մասսայական գործազրկությունը՝գործարանների քայքայման, փլուզման ու հարկադիր անգործության մատնվելու արդյունքում, շատերին էր վերամասնագիտացրել՝վերածելով շուկայական դալալների։Որքան հիշում եմ, այն ժամանակ բանկերը ոսկի չէին գնում, այլ միայն՝տարադրամ եւ վաուչերներ։Վաուչերները արժեթղթեր էին, որ 1990-ականներին, Բագրատյանի կառավարության օրոք հատկացվեցին բնակչությանը՝որպես համընդհանուր պետական ունեցավծքից մասնաբաժին ունենալու միջոց․իրականում դա շարքային քաղաքացուն գրեթե օգուտ չտվեց․դրանց շուկայական արժեքը 6000 դրամից ,,ձգեց,, մինչեւ 20հազար դրամի, հետո՝առհասարակ դադարեցվեց գնման գործընթացը։Բայց դրա շնորհիվ՝հավանաբար ոմանք հարստություն ու կապիտալ ձեռք բերեցին՝,,ցեխի գնով", բացահայտ ու ընդհատակյա միլիոնատերեր դարձան թերեւս ու իրենց ունեցվածքը հետագայում տեղափոխեցին արտերկիր․․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ