Վերջերս լրացավ ,,Առավոտ,, օրաթերթի 20 -ամյակը: Տարբեր լրագրողներ, որոնք նախկինում աշխատել են կամ ՝հիմա էլ են աշխատում թերթում, որոնց մի մասն էլ հանրապետությունից մեկնել է, իրենց հուշերն են ներկայացնում թերթում կամ ՝ հեռուստատեսությամբ: Ու ես որոշեցի իմ հուշերն էլ ներկայացնեմ բլոգում. այն հուշերը, որոնք չեմ զետեղել ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,հոդվածում ՝ AZAT ANKAKH բլոգում 2012թ.հունվարին տպագրված: ,,Առավոտի,, հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ 1995թվին: Բարեկամուհուս ՝ֆլորիստ-դիզայներ, ծնունդով լոռեցի Դոնարա Կոստանդյանի եւ նրա ծանոթուհու ՝,,Ռեսպուբլիկա Արմենիի,, թերթի սեփական թղթակից Էլեոնորա Վարդանյանի հետ գնացինք ,,Առավոտի,, խմբագրություն: Ընդ որում, Դոնարան այն ժամանակ երկրորդ երեխայով հղի էր, եւ կարճ ժամանակ անց պետք է ծնվեր Էլենը /որի ծննդյան տարեդարձն այս տարի ֆեյսբուքում շնորհավորելիս նշեցի, որ իմ լրագրողական գործունեությունը Էլենի տարիքին է /: Հանուն ինձ ՝ Դոնարան ստիպված եղավ այդ վիճակով ոտքով բարձրանալ մինչեւ մամուլի տան 10-րդ հարկ, որտեղ այն ժամանակ գտնվում էր ,,Առավոտի,, խմբագրությունը: Դե հովհարային անջատումների տարիներ էին, ու վերելակները հաճախ չէին աշխատում: Որպես ,,փոխհատուցում,,՝ ,,Առավոտի,, այն ժամանակվա պատասխանատու քարտուղար Հենրի Առուշանյանը Դոնարային խնձոր հյուրասիրեց: Մեզ ընդունեց գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, եւ հավանության արժանացրեց որպես ,,ստեղծագործական բնութագիր,, ներկայացրած իմ մի քանի հոդվածներ՝ տպագրված վանաձորյան ,,Տեսադաշտ,,երկշաբաթաթերթում: Պայմանավորվեցինք, որ հրատապ լուրեր ուղարկեմ հեռախոսով: Մեծ նյութերի պահանջ չներկայացվեց: Մինչեւ 1997թիվը լուրերն ուղարկում էի հեռախոսով ՝թելադրելու միջոցով: Սակայն հետագայում, տեխնիկական միջոցների զարգացումից հետո՝ տեքստը ձայնագրվում էր ՝ ֆաքսի վրա հաղորդագրություն թողնելով: Իսկ մինչ այդ ՝ ոմանք երբեմն դժգոհում էին նյութը հեռախոսով ընդունելու համար, ինչը պատահաբար ընկավ գլխավոր խմբագրի ականջը: ,,Դու ինձ ասա, թե ո՞վ է հրաժարվում նյութ վերցնել, եւ ես նրան խիստ կպատժեմ,,-ասաց մի օր խմբագիրը:Ու չնայած չէի ցանկանում գործընկերներիս մոտ ,,ծախողի,, համբավ ունենալ, բայց մի անգամ ստիպված էի դժգոհել.,,Էս քաղաքական նյութերը ոնց որ անտեր նյութի կարգավիճակում լինեն. սոցիալականը վերցնում են, իրավականն ու մշակույթը վերցնում են, բա քաղաքականն ո՞վ պետք է վերցնի,,: Արամ Աբրահամյանը մի լավ ծիծաղեց ,,քաղաքական նյութերի անտեր լինելու,, վրա, բայց հետագայում հարցը կարգավորեց: Դա արդեն 1997 թիվն էր, երբ ,,Առավոտը,, մի քանի ամիս փակվելուց հետո կրկին վերաբացվեց ՝ առավել ծավալուն տեսքով: Նյութերը հեռախոսով հաղորդելուն զուգահեռ ՝ամիսը 1 անգամ էլ մի քանի ձեռագիր նյութ հավաքած ՝ տանում էի Երեւան, խմբագրություն, ,,ձեռի հետ,, էլ հոնորար կամ աշխատավարձ ստանում:Էլեկտրոնային փոստն ու ֆաքսը շարքային քաղաքացիների համար դեռ անհասանելի էին: Մինչեւ 1997 թիվը հոնորարներն այնքան չնչին էին, որ անգամ ճանապարհածախսը չէին փոխհատուցում: Երբեմն էլ ստիպված էի լինում գիշերել ծայրամասում բնակվող բարեկամիս տանը ՝հովհարային անջատումներից ,,շունչ չքաշող,, Երեւանում, որտեղ չլուսավորված ու վերելակը չաշխատող շենքում երեկոյան 7-ից հետո, ձմռան ամիսներին ստիպված ես խարխափելով դուռ փնտրել, վախենալով, թե էս է հայ-հայ որեւէ մոլագար է հարձակվելու վրադ խավար շքամուտքում: Բայց, երբ առավոտը բացվում էր, վախս ու անհանգստությունս փոխհատուցվում էր, երբ որեւէ կրպակից նոր լույս տեսած ,,Առավոտ,, էի գնում, որտեղ արդեն տպագրված էր լինում նախորդ օրը հասցված իմ տեղեկատվությունը կամ հոդվածը: Երբ 1997թվի փետրվար ամսից ,,Առավոտը,, մի քանի ամսով փակվեց ՝անհայտ պատճառներով / թեպետ ասում էին, թե փակվելու պատճառը եղել է թերթում տպագրված ,,ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ՝ Հայաստանի բանտերի մասին,, ծավալուն զեկույցը, որ թերեւս, ինչ-ինչ ուժերի դուր չի եկել / ,,Հայաստանի հանրապետություն,, թերթում ժամանակավոր ,,ապաստան,, գտնելու ընթացքում երբեմն զանգում էի ,,Առավոտի,, խմբագրություն, որտեղ պատասխանատու քարտուղարը դեռ շարունակում էր երբեմն հայտնվել ու պատասխանել զանգերին: Մի օր հեռախոսը վերցրեց Արամ Աբրահամյանը եւ կես-կատակ ասաց.,,Էս դու արդեն լքեցիր հա՞ մեզ, գնացիր ,,Հայաստանի Հանրապետություն,,: ,,Դե դուք անսպասելի ձեւով փակվեցիք, ես էլ գնացի,,- արդարացա ես , իսկ Արամ Աբրահամյանը հաստատակամորեն հավաստիացրեց.,,Ոչինչ, մենք ոնց որ անսպասելիորեն փակվել ենք, անսպասելիորեն էլ կբացվենք,,: Ու 1997 թվի ամռանը ,,Առավոտը,, կրկին վերաբացվեց ՝ նախկին 8-ի փոխարեն 16 էջով, նոր աշխատակազմով, աշխատանքային նոր լիցքերով, ,,դեղին մամուլի,, պահվածքով, գունավոր նյութերով, նախավերջին էջում ընթերցողին գայթակղել փորձող կիսամերկ աղջիկների լուսանկարներով, սուր ,,խայթոցներով,, ու ,,անպատասխանատու,, նյութերով ՝ պաշտոնյաների զայրույթը հարուցող: Ինձ հետ արդեն օրինական պայմանագիր կնքվեց, վկայական հատկացվեց: Ամեն օր պետք է 2 լուր հայտնեի, շաբաթական 2 հոդված ներկայացնեի ՝ համապատասխան աշխատավարձով ու առանձին հոնորարով: Պլանս նույնիսկ գերակատարում էի: ,,Առավոտին,, զուգահեռ ՝ երբեմն հոդվածներ էի տպագրում ԳԱԱ,,Գիտություն,, երկշաբաթաթերթում, որն այն ժամանակ գրեթե չէր ֆինանսավորվում պետությունից, եւ հոնորարներն էլ ,,սիմվոլիկ,, գումարներ էին: Հին ,,Առավոտից,, հիշում եմ գրող Սարո Գյոդակյանին, որ ,,Առավոտում,, մշակութային թեմաներով էր հանդես գալիս ՝1995-1997թվերին, հարցազրույցներ էր վարում: Մի անգամ էլ ուղարկածս նյութի հեռախոսային ,,թելադրության,, մեջ էր ներգրավվել: Ու կարծեմ նա էր, որ շատ զարմացավ, երբ 1996թվին ուղարկածս մի նյութից իմացավ, որ Վանաձորն անցել է շուրջօրյա էներգամատակարարման ՝ 1-ինը հանրապետությունում: ,,Առավոտի,, հետ իմ շուրջ 9 տարվա համագործակցությունն եղել է ,, հովհարային,, որի ընթացքում պաշտոնական աշխատանքային ստաժը ՝չորսուկես տարվա /1998-1999թթ. եւ 2002-2005 թթ./: 1999թվի աշնանը մեծաքանակ աշխատանքային կրճատումներն ու թերթի ֆինանսական վիճակի վատթարացումը, թերթի ծավալի կրկին փոքրացումը / դարձ ի շրջանս ութ էջանի ,,Առավոտ,, /, հանգեցրին նրան, որ ստիպված էի համագործակցել հոնորորային կարգով, բայց քանի որ հնորարներն էլ արդեն մեծ ուշացումներով էին տրվում, ստիպված էի 2000թվին ,,Առավոտը,, համատեղել այլ թերթում կամ դրամաշնորհային տեղեկագրերում հոդվածներով հանդես գալով: Հիշում եմ, երբ այդ առթիվ մտամոլոր հետաքրքրվեցի իմ երբեմնի գործընկերուհի Ռուզան Մինասյանից, թե ,,Բա հիմա ի՞նչ ենք անելու,,՝ կես-կատակ նեղսրտած ասաց.,,Ձմերուկ ենք ծախելու, եսիմ ի՞նչ ենք անելու,,: 2002թվին, երբ թերթի ֆինանսական վիճակը կրկին բարելավվեց, ,,Առավոտում,, աշխատանքային նոր պայմանագիր կնքելու արդյունքում ծանոթացա...նորագույն տեխնիկաներից մեկի ՝բանկոմատի հետ. թեպետ , պետք է ասեմ, այդ ,,ծանոթությունն,,այնքան էլ իմ սրտով չէր, ու պատճառն այն չէ, որ ,,բանկոմատը,, հայհոյանքի պես է հնչում, պարզապես ՝ բանկոմատի ,,լեզուն,, ես այդպես էլ չյուրացրի, եւ թերթի աշխատավարձը Վանաձորից ստանալիս պարտադիր բանկի աշխատողին խնդրում էի օգնել: Միակ օգուտն այդ բանկոմատի այն էր, որ առաջվա նման ձմեռ օրով ստիպված չէի հասնել Երեւան ՝ գումար ստանալու:Բայց ,,ձեռի,, հետ էլ բանկոմատի թերություններին էի անդրադառնում հոդվածներում, քանի որ երբեմն հոսանքի թե անբավարար կապի պատճառով բանկոմատները չէին աշխատում: ,,Առավոտի,, գործընկերներիցս ոմանց հետ հետագայում համագործակցությունը շարունակվել է այլ թերթերում: 2000թվին ՝,,Ժամանակ,, / որ Արամ Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք հանրապետականների թերթն էր /. խմբագիրը ՝նախկին ,,Առավոտցի,, Արա Գալոյանը, 2005-2010 թվերին ՝ ,,168ժամ,, /գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան /, ,,Տարեգիր,, / գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան /. կամ ՝ ընդհակառակը. այլ թերթում ոմանց հետ համագործակցությունը շարունակվել է ,,Առավոտում,, . ինչպես գրող-բանաստեղծ Արմեն Շեկոյանի պարագայում, որի խմբագրած ,,Բանբեր,, շաբաթաթերթում 1995թվին հասցրի ընդամենը մեկ հոդված տպագրել 5 տարեկան հրաշամանուկ երեխայի ՝Նարե Արղամանյանի մասին, ով ներկայումս ճանաչված դաշնակահարուհի է արտասահմանում: Չնայած ,,Առավոտի,, հետ համագործակցությունս 10 տարվա ,,չձգեց,, բայց՝ պատիվ եմ ունեցել հայտնվելու ,,Առավոտի,, 1999թվի ՝5-ամյա հոբելյանական համարում, որի 3-րդ էջում գրված է. ,,Առավոտը ոչ միայն լրագրողներն են, այլ նաեւ ՝ խմբագիր Արամ Աբրահամյանը, պատասխանատու քարտուղար Վոլոդյա Պետրոսյանը, տնօրեն Պետրոս Պետրոսյանը, գովազդի բաժնի վարիչ Աիդա Աղամալյանը, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը, ոճաբան Արմեն Շեկոյանը, թարգմանիչ Ռաֆայել Ղազանչյանը, թղթակիցներ ՝ Վանաձորում ՝ Գայանե Հովսեփյանը, Ստեփանակերտում ՝ Ռուզան Իշխանյանը, ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող Հասմիկ Բուդաղյանը.....,,: ,,Ես քո նյութերից շատ գոհ եմ,,-1997թվի պաշտոնական համագործակցության ժամանակ ասաց ԱրամԱբրահամյանը եւ ավելացրեց. ,,Այ որ քո նման մի լավ աղջիկ էլ Գյումրիում գտնենք ՝ շատ լավ կլինի,,: / Իմ համագործակցության ընթացքում 90-ականներին Գյումրիից ,,Առավոտին,, սկսեց թղթակցել Հասմիկ Մելքոնյանը /:Երբ 1999թվի ԱԺ ընտրությունների նախօրյակին ,,Առավոտում,,ահազանգեցի, որ Վանաձորի անձնագրային բաժնում մարդկանց նոր անձնագրերով ապահովելու պատրվակի տակ անձնագրերի կուտակում, հերթեր են լինում, ամիսներով անձնագրերը չեն վերադարձնում մարդկանց, ու այդ հոդվածից հետո ինձ հեռախոսային հոխորտանքով անձնագրային բաժին հրավիրեցին / որի մասին հաջորդ օրը ,,Առավոտում,,հայտնվեց ,,Վատ լուր,, վերտառությամբ մի տեղեկատվություն /, Արամ Աբրահամյանը, երբ որոշ ժամանակ անց մայրաքաղաք մեկնեցի, ինձ ասաց.,,Էդ միլիցիան արդեն քեզ նեղում ա՞...մալադեց,,:Իսկ ամեն անգամ ,,Առավոտի,, խմբագրություն գնալիս ուսումնասիրւմ էի պատի վրայի հայտարարությունները, որ տեսնեմ հո ես որեւէ նկատողություն չե՞մ ստացել, ինչպես ոմանց պարագայում էր լինում:Թեպետ ՝ խրախուսական հայտարարություններ էլ էին լինում:Հիշում եմ, Ա.Աբրահամյանը լրագրողներից մեկին / կարծեմ Լիլիթ Ավագյանն էր / գրավոր խրախուսանքի ու պարգեւավճարի էր արժանացրել ՝ինչ-որ հոդվածի համար մեկ այլ թերթում ,,արժանի հակահարված ստանալու համար,, ձեւակերպումով, որ փակցվել էր խմբագրության պատին: Չնայած 2006թվին արդեն ,,Առավոտի,, հետ չէի համագործակցում /ստեղծագործական ու գաղափարական տարաձայնությունների պատճառով 2005թվից պայմանագիրը չնորոգելու պատճառով /, սակայն ,,Առավոտի,, լրագրող, երջանկահիշատակ Նաիրա Մամիկոնյանի ՝2006թվի մի հոդվածի արդյունքում ,,Փակագիծ,, թերթը, որի խմբագիրը թե տնօրենը չարամտորեն խուսափում էր աշխատողների աշխատավարձերն ու հոնորարները վերադարձնել, ի վերջո, փոխանցեց 3 ամսվա հոնորարային գումարներս: Այդ առթիվ գրավոր շնորհակալություն ուղարկեցի Նաիրային, որ հեռախոսազրույցի ժամանակ, իմանալով, որ հոդվածի հաջորդ օրը ,,Փակագծի,,տնօրենը փոխանցել է գումարը, ծիծաղելով ասաց.,,Տվե՞ց արդեն...էղավ, քիր,,: Այս դեպքի համար է ասված ՝ ,,Հին ընկերները չեն դավաճանում,,: Ու գիտե՞ք որն է զվարճալին. մինչեւ հիմա ոմանք, չգիտես ինչու, կարծում են, թե մինչեւ հիմա ,,Առավոտում,, եմ. այնպես, ինչպես ոմանք էլ կարծում են, թե դատարանում եմ դեռ աշխատում, որտեղ գործավարի աշխատանքից 20 տարի առաջ եմ ազատվել:Խորհրդանշական է, որ ,,Առավոտի,, հետ համագործակցությունս էլ է 10տարվա ,,ձգում,, բայց չի հասնում, չհամագործակցությունս էլ, այսինքն ՝50-50 է, կամ ,ինչպես ասում էր ,,Կլոն,, սերիալի Զորաիդեն ՝Ջեյդի սուրճի բաժակը նայելիս ՝,,Անցյալն ու ներկան հատվել են իրար,,: ,,Առավոտի,, հոդվածներիս մեծ մասը /ինչպես նաեւ ՝այլ թերթեր, որտեղ հոդվածներ եմ ունեցել /, եւ կամ ՝ դրանց ձեռագիր տարբերակները պահպանվում են իմ անձնական արխիվներում. բացառությամբ այն թերթերի, որոնք Վանաձոր չեն հասել կամ ՝կրպակներից հավաքվել է տվյալ համարը:Իսկ 90-ականներին շատ քիչ ,,Առավոտ,, էր ուղարկվում Վանաձոր: ,,Ինչպես հայտնեց Վանաձորի մեր թղթակից Գայանե Հովսեփյանը, Հայաստանի թիվ 3 քաղաքն ստանում է մեր օրաթերթից ընդամենը 13 օրինակ,,-գրել է ,,Առավոտը,,1995թվի դեկտեմբերի 7-ի համարի առաջին էջում ՝,,Վանաձորում ՝ ընդամենը 13 ,,Առավոտ,,տեղեկատվության մեջ: Անչափ ափսոսում եմ, որ իմ նյութերի արխիվից բացակայում է 12.07.1997թվին ,,Առավոտում,, տպագրված ,,Նստացույցը Վանաձորում,, սոցիալական թեմայով դառն երգիծանքն այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի տնակների առջեւ 3 տարեց մարդիկ ՝ինքնուս երաժիշտներ, դհոլ-զուռնայով բողոքի յուրօրինակ ցույց են կազմակերպել ՝ ի նշան սոցիալական ծանր պայմանների, եւ ,, ձեռի հետ,, էլ բաց ճամպրուկ են դրել, որպես հանգանակություն հավաքելու միջոց:Նաեւ ափսոսում եմ, որ ,,Առավոտի,, 1998-2000թվի ինտերնետային արխիվի ,,ֆայլերը,, չեն բացվում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий