| Անիկ Հովհաննիսյան, 2014թ. |
Վերջերս Երեւանում սահմանափակ տպաքանակով լույս էր տեսել հնաբնակ վանաձորցի, գործարար Անիկ Հովհաննիսյանի բանաստեղծությունների գրքույկը՝ ,,Անլռելի մեղեդիներ,,: Գրքի օրինակները հեղինակը գրեթե ամբողջությամբ սպառել է՝սիրով նվիրելով համախոհներին, ծանոթ-բարեկամներին, մտավորականների. մի քանի օրինակ անգամ սփյուռքահայությանն է հասցրել՝Ֆրանսիա, Գերմանիա:Հիշեցնենք, որ դրանք այն բանաստեղծություններն են, որոնք ի սկզբանե տեղադրվել էին սույն բլոգի ,,Անիկ Հովհաննիսյանի պոեզիան,, էջում ՝2014թ. նոյեմբերի 11-ին:Եվ, քանի որ Հովհաննիսյանն անդուլ ստեղծագործող է, ուստի գրքի տպագրությունից հետո էլ նրա միտքը չի դադարում պրպտումներից: Նրա համար էական չէ՝ գրածը չափածո՞ է, թե՞՝ արձակ մտքեր, անտարբեր է նաեւ տաղաչափական նորմերի հանդեպ, եւ արձակ ստեղծագործությունն էլ ավելի հաճախ ու իներցիայով՝ գրում է բանաստեղծական տողերով եւ, չնայած պատկառելի տարիքին, երիտասարդի ոգեւորությամբ անվերջ թղթին է հանձնում տեսածը, զգացածը, այն, ինչ հետք է թողնում հոգում, միաժամանակ լինելով հրաշալի ասմունքող ՝ոգեշնչված ընթերցում է դրանք՝ մտերիմների համար: Ստորեւ ներկայացվում են Ա.Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունները՝ չափածո եւ արձակ մտքեր, ինչպես նաեւ ՝եւս մեկը՝նրա անտիպ ստեղծագործությունների արխիվից:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՍԿԱՑԱ
Հոգուս տենչերը նորից ծաղկեցին,
Հույսը կրծքիս տակ ծիածան կապեց,
Սրտիս դռները խինդով բացվեցին,
Իմ աշուն-կյանքը նորից կանաչեց:
Ու սիրտս լցվեց խնդության ճիչով,
Եվ շողեր ցանեց հրդեհն իմ հոգում,
Երջանկությունս նորից վեր հառնեց,
Ամուր կպահեմ իմ ամբողջ կյանքում:
Կպահեմ այնքան ջերմ ու անարատ,
Որ չկորցնեմ, ապրեմ հուսալով,
Ես նոր հասկացա, թե ինչ է կյանքը,
Եվ կյանքի տված քաղցր բերկրանքը:
--------------------------------------------------------------------
ՀԻՇԵՑՈՒՄ
Կհեռանանք մենք, անցյալ կդառնանք,
Կմոռացվեն մեր ջերմ զրույցները,
Կդառնան հուշ՝ մեր մատնահետքերը,
Որ թողեցինք մենք աշնանամուտին՝
Փոքրիկ սեղանին:
19.04.2015թ.
----------------------------------------------------------------------
ԽՈՀԱԿԱՆ
/Նվիրվում է Շուշիի ազատագրմանը /
Ոչ մի քամի կամ փոթորիկ,
Կամ՝ցունամի, ծովի ալիք
Չի սասանի հայրենածին
Կուռ կամքը մեր՝
Կաղնու ծառի նման հուժկու,
Արմատներով կուռ, աներեր:
Որքան վտանգ, ավեր լինի,
Քեզ կպահենք, հող հայրենի,
Իմ գեղանի, հպարտ կաղնուն
Ոչ մի չար հողմ չի սասանի:
Ու իմ ազգն էլ կաղնի է մի,
Որ ապրել է դար ու դարեր,
Դիմացել է ամեն հողմի,
Առել նոր ուժ ու նոր թեւեր,
Պայքարել ու վեր է հառնել,
Հայկական ոգով՝արիացել:
Այն վերելքը, որ անցել ենք,
Հուր-հավիտյան պիտի անցնենք,
Թող հա ոռնա մեր թշնամին,
Մենք հպարտ ենք ամեն ժամի:
Պատնեշ կանգնենք մեր սահմանին,
Ոնց պարիսպը՝ Չինաստանին,
Եվ սպասենք հավատով խոր
Փոքր Մհերին ՝վեհ ու հզոր:
Դարն անցավ մեծ Եղեռնից,
Չենք մոռացել ցավ ու կսկիծ,
Ազգիս թափած արյունը մենք
Թշնամու արյամբ պիտի մաքրենք,
Չնայենք ուրիշի տված հացին,
Փարվենք հայոց այգաբացին,
Մի լքեք հողը հայրենական,
Պահանջ ունենք մենք սրբազան:
9.05.2015թ.
------------------------------------------------------------------
ՈՐՆ Է ՍԵՐԸ
Սերը գաղտնի երեւույթ է,
Արեւի պես միշտ անմարում,
Որ մտնում է քո շեմից ներս,
Հոգիդ այրում, սիրտդ վառում:
Սիրել միմյանց, ասել է թե
Աստծուց տված սուրբ պարգեւ է,
Չունի սահման, չի արգելվում,
Չի խանգարվում, հրաթեւ է:
Մուտք է գործում ու հրդեհում,
Հուր-կրակ է ու չի մարում,
Սեգ լեռների քարափներին
Ուժով կյանք է միշտ արարում:
Սերը լռին, բայց աշուղ է,
Խաղիկներ է հյուսում անվերջ,
Բախվում սրտիդ նուրբ լարերին,
Դառնում երազ ու վառող տենչ:
Հոգուդ աշխարհն է պղտորում,
Ու թե Աստված մի արասցե,
Հակառակվես նրա կամքին,
Չի ունենում կոնկրետ հասցե,
Այլ է դառնում, այլափոխվում,
Չէ՞ որ սերը անսպառ է,
Չի հարցնում տարիք, հասակ,
Ամբողջ կյանքում հուսավառ է,
Խլում է հանգիստդ, քունդ...
Մարդիկ, եկեք չկորցնենք
Այդքան քնքուշ զգացմունքը...
4.07.2015թ.
----------------------------------------------------------------
ԱՇՆԱՆ ՀՈՒՇԵՐ
/ արձակ էջ /
Աշուն էր, հոկտեմբերյան մի հրաշալի աշուն...
Քամին տերեւները քշում-ցրում էր օդում՝
ինչպես թիթեռների թեւիկներ.
թոշնած ու անգույն...
Քայլում եմ տերեւների վրայով՝
լուռ, մտահոգ, մտքերի հետ...
Ոտքերիս տակ խշխշոցն է լսվում անհետ...
Նայում եմ ծառերի մերկ ճյուղերին ու
լուռ խորհում տերեւների չվելու մասին...
Դա ակկորդն է աշնան վերջին...
Շուրջս տարածվել է խաշամի բուրմունքը:
Քայլում եմ դանդաղ, հանգիստ,
որ չխանգարեմ անդորրը աշնան,
Եվ ահա, աչքերիս դեմ մի հրաշք գրավեց ինձ.
նայեցի ՝մի փոքրիկ տերեւ էր ՝կարմիր գույնի,
որ շողշողում էր գորշ ու անգույն տերեւների արանքում:
,,Դու մենակ չես,,՝մտածեցի
ու հայացքս նրան հառած՝նկատեցի փնտրածս.
արեւի շողից էր իր գույնը վերցրել,
որ աշխարհն արեւով ներկվի...
Եվ իրոք հրաշք էր դա.
սիրտս ու հոգիս լցվեց սիրով,
նրանց վառվռուն գույներով:
Նայում եմ ու հիանում.
ի՜նչ հրաշք ես դու,բնություն...
Ստեղծում-ստեղծագործում ես անձեռագիր քո գործերը...
Ու վերցրի ձեռքիս վրա
կարմիր,դեղին՝իրար վրա,
բացվեց իմ դեմ հրաշք պատկեր,
կարմիր գույնը լույսով պսակվեց,
դեղինը՝աստվածային լույս ճառագեց...
Ու ես կանգնած էի՝ի զարմանս ինձ.
լռություն է, քարացած եմ այդ պատկերներով...
Եվ ի՞նչ, պահում եմ դեռ
այդ հրաշքներն իմ դարակում,
որպես աշնան վերջին ակկորդ,
հուշ-հիշատակ Ծաղկաձորից՝հանգստյան տնից:
25.1.02014թ.Ծաղկաձոր
-----------------------------------------------------------------------------------------------------
ԻՄ ՏԱՆ ՊԱՏԵՐԸ
Իմ տան պատերը խոսուն են,
Պատերը իմ տան ինձ հետ խոսում են,
Իմ տան պատերը իմ ընկերներն են,
Պատերը իմ հետ քայլում, շնչում են:
Երբ ես թախծում եմ, թախծում են միգում,
Ինձ հետ տխրում, ինձ հետ ուրախանում,
Երգում են ինձ հետ, երբ երգս են լսում
Պատերը, պատերը, պատերը իմ տան:
Իմ գաղտնիքների շտեմարանն են,
Մոլոր եմ՝մոլոր են, տխրում են ինձ հետ:
Տքում են, ճչում, հնչում են, կանչում
Պատերը, պատերն իմ տուն-հանգրվանն են:
Իրենցից բացի իմ համար ոչինչ /ուր էլ որ լինեմ /
Իմ տան պատերից չկա ուրիշ տեղ
Խոր-խորհրդակից:
Հրաշք են, լավը, լավ ընկերակից,
Պատերը, պատերը, իմ տուն՝բարեկամները,
Իմ սիրելի, լավ ընկերները:
Նրանց փոխարինող չկա ուրիշը,
Ուրիշը ի՞նչ է, ուրիշը՝ ոչինչ:
Իմ դառնություն-ուրախությունը նրանք են պահում, Թաքցնում, թաքուն շոյում-փայփայում
Գաղտնիքը գողտրիկ, լռիկ ու մնջիկ:
Զուսպ են, համբերող, պահի սպասող,
Չես թաքցնի ոչինչ, նրանք նայող են,
Պատերը, պատերը, պատերը իմ տան:
Շոյող են, լսող, ստվեր-հանգրվան...
Օ, մարդ արարած, ուր էլ որ լինես,
Քո տան պատերից բացի՝
Ուրիշ ոչ ոք չի լինի քեզ հարազատ...
Ուրեմն եղիր քո կամքով ազատ:
19.08.2015թ.Վանաձոր
------------------------------------------------------------------------------------------------------------
ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ
Կյանքիդ հասուն քո տարիքում
Դու մի ճամփա պիտի հարթես.
Դա մի անհաս արահետ է,
Բաց է դեմդ՝չնահանջես:
Քայլիր-գնա ՝որքան ուզես,
Արահետներ երկար ու ձիգ,
Անվերջ տանող, չվերջացող,
Քոնն է ճամփան, չձգձգես:
Դաշտեր են դեմդ, ծփուն արտեր,
Դալարագեղ, շողուն հասկեր,
Անցիր միջով ծփուն արտի,
Արահետը քեզ կգտնի:
Դու անհոգ ես, ծաղկուն կյանքով,
Վեհ ու հպարտ ՝ քո տարիքով,
Ճանապարհներ ՝միշտ դեմդ բաց,
Խաչմերուկներ կան քո դիմաց,
Արահետներ, կանաչ դաշտեր,
Ծփուն ծովի նմանակներ,
Կյանքը ծով է, դու՝ էլ լողորդ,
Պիտի սանձես գետերը հորդ:
Քայլիր-անցիր կանաչ ծովով,
Հասկերի հետ խաղեր տալով,
Հեռվում թողած անվերադարձ
Հուշերով լի ճանապարհներ...
3.03.2015թ.Վանաձոր
-----------------------------------------------------------------------------------------------------
Ամբողջ անտառը հարկավոր չէ ինձ,
Կանաչ կպահեմ իմ շուրջը բոլոր,
Որ մի փոքր հող պահի մի ծառի,
Որի ճյուղերին տերեւներ տեսնեմ,
Տերեւների մեջ՝ հմայքն անտառի:
Եվ այնպես պիտի պահեմ-փայփայեմ,
Որ այրվեմ նրա թաքուն քնքշանքով,
Եւ այդ ամենում ես նրան տեսնեմ,
Նրա մեջ զգամ հմայքը սիրո:
1.08.2015թ.
----------------------------------------------------------------------------------------------------
ՀՐԱՇՔ ՊԱՐՏԵԶ
Ամեն առավոտ, երբ
բացում եմ պատուհանս
ծագող արեւի շողերի հետ,
ուրախությունն է ծփում տանս:
Դա բնությունն է՝իր հրաշագեղ տեսարանով:
Նայում եմ...պատուհանիս տակ
փոքրիկ մի հողակտոր՝
տարատեսակ ծաղիկներով, բույսերով...
Հպարտ է հողն ՝ինքն իրենով,
պտղատու ծառերով,
եւ մի մեծ տանձենի ՝հենված հողին,
իր արմատներով գգվում է,
որ չկորցնի իրեն սնուցողին:
Զարմանք ես ապրում,
այդքան ծանր բեռի տակ
ո՞նց է դիմանում:
Եվ մի վարդենի՝
առավոտյան շող ու շաղով,
խենթացնում է իր բուրմունքով...
Եվ վազը խաղողի՝փարթամ ճյուղերով,
ծանրաբեռնված՝ առատ ողկույզներով:
Եվ ամեն առավոտ
այդ հրաշագեղ տեսարանը
գրավում է ինձ.նայում եմ ու հիանում.
իրոք, հրաշքն է դա բնության՝
մարդու ձեռքերով մշակված,
նույնն է, թե առասպելական
կախովի պարտեզն է պատուհանիս տակ...
18.07.2015թ.
----------------------------------------------------------------------------------------------
Комментариев нет:
Отправить комментарий