Translate

Translate

Translate

пятница, 19 февраля 2016 г.

Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները

                / 10 տարվա վաղեմության արխիվից / 

Այս տարվա հուլիսին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը,տեղական հեռուստատեսությամբ խոսելով նորաբաց ժուռնալիստիկայի բաժնի մասին, հայտարարեց, որ առարկան դասավանդելու նպատակով աշխատանքի են հրավիրում ,,գրագետ լրագրողների,,:Ըստ այդմ,մի քանի օր անց ներկայացա ռեկտորին եւ հայտնեցի, որ եկել եմ հայտարարության համաձայն:Վերջինս, նախ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտածի վկայական:Ես, իմ հերթին,նկատեցի, որ հեռուստատեսությամբ արված աշխատանքային հրավերի մեջ նշվել է, որ պահանջվում են ,,գրագետ լրագրողներ,, որն ավելի լայն հասկացություն է, եւ ոչ թե՝ լրագրողական ֆակուլտետ ավարտած մասնագետներ:Նաեւ, ի նշան լրագրողական համերաշխության, պարզաբանեցի, որ Հայաստանում առաջատար թերթերի խմբագիրների եւ լրագրողների գերակշիռ կազմը, չնայած նեղ մասնագիտական կրթություն չունեն, սակայն նրանց ոչ ոք չի կարող զրկել պրոֆեսիոնալ կոչվելու իրավունքից:Ինստիտուտի ռեկտոր,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ ես իմ փաստաթղթերը /դիմում՝գրված 11.07.06թ. եւ աշխատանքային ինքնակենսագրություն, որոնց նա ծանոթացավ /, պետք է նախ ներկայացնեմ գրասենյակ, որից հետո զրույցի կներկայանամ գրականության ամբիոնի վարիչի մոտ:Մի քանի օր անց, սակայն, ինձ հրավիրեցին հայոց լեզվի ամբիոն, որի վարիչին ռեկտորը մակագրել էր.,,Ձեր կարծիքը,,:Լեզվի ամբիոնի վարիչը՝հարգարժան դոկտոր-պրոֆեսորը, ով ինձ դասավանդել է այդ բուհում, դիմումիս վրա մակագրել էր՝,,Չեմ առարկում,,:Իսկ ջերմ զրույցից հետո ինձ ,,գործուղեց,, գրականության ամիբիոնի վարիչի մոտ:Մինչ այդ, սակայն, կադրերի բաժնում պարզվեց, որ պետք է նախ հանդիպեմ ուսումնական գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանին:Վերջինս,գրականության ամբիոնի վարիչի հետ, ի պատասխան ռեկտորի՝,,Ձեր կարծիքը,, մակագրության, իր հերթին մակագրել էր, որ կարծիք կարող է հայտնել միայն ինքնակենսագրության մեջ մատնանշված փաստաթղթերի ծանոթացումից հետո:Սակայն դրա փոխարեն, նա ռեկտորատի միջանցքում, ,,ոտքի վրա,, շտապ-շտապ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ,,ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ,,:Ս.Թումանյանին եվս ստիպված էի հիշեցնել, որ ռեկտորի կողմից հեռուստատեսությամբ արված հայտարարության մեջ հրավիրվել են ,,գրագետ լրագրողներ,, եւ իմ հերթին հետաքրքրվեցի, թե արդյո՞ք նրա եւ ռեկտորի կարծիքներն այդ հարցում տարբեր են միմյանցից:Ի պատասխան, նա խույս տվեց եւ հայտնեց, որ ինքը ,,վաղվանից,, արձակուրդ է մեկնում:Միջանկյալ նշեմ, որ Ս.Թումանյանն, ինչպես եւ սպասվում էր, ինձ հանդիպելու ուրախությունից չէր փայլում, քանի որ նախկին ռեկտոր Եդոյանի / որի դեմ ընթացող դատական նիստը լուսաբանելու պատիվ եմ ունեցել 2003թվին / ինձ սպառնալու պատիվ է ունեցել /,,Քաղաքացիական նախաձեռնություն,, հունիսի 27, 2003թ. /:Քանի որ այդ պայմաններում անիմաստ էր Ս.Թումանյանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելը, ստիպված էի դրանք գրասենյակի միջոցով ուղարկել ռեկտորին՝2-րդ դիմումով.19.07.06թ.:Այդ փաստաթղթերի մեջ մտնում էին նույն բուհի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմի պատճեն եւ տեղեկանքներ /որոնց թվում՝քաղվածք՝աշխատանքային գրքույկից    լրագրողական գործունեության վերաբերյալ,բնութագիր՝մանկավարժական-լրագրողական գործունեության վերաբերյալ՝Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցի տնօրինության կողմից։     2-րդ դիմուի մեջ նշել էի, որ ուսումնական գծով պրոռեկտորը հրաժարվել է իմ փաստաթղթերին ծանոթանալուց:Եվ, քանի որ հիշեցրել էի հեռուստատեսային չարաբաստիկ հայտարարության մասին՝,,գրագետ լրագրողներ,, հրավիրելու վերաբերյալ, ռեկտորին դա ակնհայտորեն դուր չեկավ.,,2-րդ դիմումի մեջ կարծես մեղադրանք կա,,-դժգոհեց վերջինս՝2-րդ ընդունելության ժամանակ եւ տեղեկացրեց, որ դիմումը կրկին մակագրել է Ս.Թումանյանին:Ռեկտորի նոր մակագրությունից հետո Ս.Թումանյանն ի՞նչ մակագրի, որ լավ լինի.,,Կարծիք կարող եմ հայտնել միայն Մ.Սանթոյանից հետո,,:Եվ սա՝այն դեպքում, երբ գրականության ամբիոնի վարիչ Մ.Սանթոյանը հայտնել էր, որ կարող է կարծիք հայտնել միայն Ս.Թումանյանի՝փաստաթղթերին ծանոթանալուց հետո:Ի վերջո, սկսվեց, փաստաթղթերի ծանթացման ,,ծանրումեծ,, շրջանը.այն համընկավ ինստիտուտի արձակուրդային շրջանի հետ:Ս.Թումանյանին իմ փաստաթղթերին ավելի ,,լրջորեն,, ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դիմումիս հետքերով գնացի ինստիտուտ՝աշխատակազմի արձակուրդի ավարտից մեկ շաբաթ անց՝օգոստոսի 28-ին, իսկ գրասենյակում պարզվեց, որ նա դեռ պետք է ինչ-որ առաջարկություն գրի, որը պատրաստ կլինի 2 օր անց:Մեկ օր էլ ավել էլ զիջեցի, եւ արդեն իմ լրագրողական հետաքննությունն ավարտելու նպատակով միայն ուղեւորվեցի ինստիտուտ՝օգոստոսի 31-ին:Այդտեղ ինձ սպասվում էր բաղձալի դարձած...մերժումը.վերջապես ես իրենցից պրծա, իրենք՝ինձնից.2-րդ դիմումս՝մակագրություններով ,,քարտեզ,, դարձած՝անհամբեր ինձ էր ,,սպասում,, գրասենյակում.ռեկտորը մակագրել էր.,,տեղեկացնել դիմումատուին,, որ 2006-2007թթ.ուս.տարվա ժամեր չկան ,,լրագրություն,, առարկայի համար:Հարց է ծագում.եթե ,,ժամեր չկան,,  այդ դեպքում ինչու՞ էր աշխատանքի հրավեր արվում եւ համապատասխան փաստաթղթեր պահանջվում:Հազիվ թե այն սոցիոլոգիական հետազոտության թաքնված նպատակ ունենար:Իսկ միգուցե ,,լրագրություն,, առարկայի դասավանդումն ընկած է մինչեւ 2015թ.,,աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մե՞ջ:Եզրակացությունը սա է.աշխատանքի հրավիրելիս չեն մտածել, որ հանկարծ կարող է տեղական իշխանություններին ընդդիմադիր լրագրողը համարձակություն ունենալ՝դիմում ներկայացնելու:Իսկ այն, որ ես ընդդիմադիր եմ դիտվում ոչ միայն տեղական իշխանություների, այլեւ՝ռեկտորի համար, վկայեց այն, որ զրույցի ընթացքում վերջինս նկատեց, որ ես ավելի հաճախ ,,վատ բաներ,, եմ գրում:,,Հնարավոր չէ՞լավ բաներ գրել,,-լրջորեն հետքրքրվեց ռեկտորը:Ըստ այդմ, չի բացառվում, որ դիմումը մերժելու մի պատճառ է հանդիսացել փաստաթղթերի ծանոթացման շրջանում լույս տեսած իմ հերթական քննադատական հոդվածը՝տեղական իշխանությունների դեմ.ՏԻՄ համակարգում աշխատավարձերի յուրացման մասին /,,Փակագիծ,, 25.07.2006թ. ,,Կոռուպցիան գործողության մեջ,,/, նաեւ՝մի քանի այլ քննադատական հոդվածներ:Ինչ խոսք, որոշակի կասկածներ ունեի, որ վերջին 8 տարիներին Վանաձորի իշխանությունների ապօրինություններին պարբերաբար անդրադարձող եւ նրանց կողմից հալածվող լրագրողը հազիվ թե կարողանա իր գիտելիքներն ու փորձը սկսնակներին փոխանցելու հնարավորություն ունենալ այն բուհում, որի կառավարման խորհրդի նախագահը Վանաձորի քաղաքապետի հովանավոր մարզպետն է, սակայն որոշեցի հընթացս լրագրողական հետաքննություն անցկացնել, պարզելու, թե արդյոք՞ ապրում ենք իրավական պետության մեջ, ուր բոլոր քաղաքացիներն իբր թե ունեն աշխատանքային հավասար իրավունքներ:Եթե այս կարգի ընդունելության են արժանանում ,,հրավիրվածները,, ապա ի՞նչ կլինի մրցույթով աշխատանքի ընդունվել ցանկացողների վիճակը պետական համակարգում, եթե ,, թիկունք,, չունեն կամ մարզպետի ու քաղաքապետի ,,թիմից,, չեն:Իսկ այն, որ քաղաքապետի ձայնն այս բուհում վճռորոշ է, վկայում է ինստիտուտի առաջին հարկում փակցված նրա լուսանկարը՝բուհական կառավարման խորհրդի նիստում փառահեղ բազմած:Ստույգ տեղեկություններով, ,,ժամեր չլինելու,, պատճառաբանությամբ մերժվել է նաեւ մեկ այլ լրագրողի դիմում՝տեղական հեռուստատեսության ոլորտից, որի եւ քաղաքապետի միջեւ վերջերս ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,5.09.2006թ., ,,Փակագիծ,, 

Հ․Գ․Ավելացնեմ, որ ,,Փակագիծ,, թերթից արտատպած սույն հոդվածը թերթում տպագրվել էր՝վերնագրի փոփոխությամբ,չգիտես ինչու, խմբագիրը որոշել էր, որ ավելի լավ կլինի, եթե հոդվածի վերնագիրը լինի, ոչ թե՝,,Ինչպես են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները,,/ինչպես գրել էի/, այլ՝,,Ինչպես են աշխատանքի ընդունվում ընդդիմադիրները,, վերնագրով

Комментариев нет:

Отправить комментарий