Translate

Translate

Translate

воскресенье, 6 августа 2017 г.

Տեսնես իրո՞ք կարգ էի խախտել

1989թ․վաղ գարնանը, երբ գտնվում էի Բելառուսում/ուր 6 ամսով գործուղվել էի Մինսկից բավական հեռու գտնվող միջազգային պիոներական ճամբարում բացված ժամանակավոր հայկական դպրոցում դասավանդելու, ու դասից ազատ օրերին կամ ժամերին՝երբեմն ուղեւորվում էի Մինսկ/, հրապարակը հատելիս՝ մեկ էլ հայտնվեցին հրապարակում կարգուկանոն իրականացնող 2 ճանապարհային ոստիկան՝նացիստական պոլիցայի դիմագծերով, ու պահանջեցին, որ տուգանք վճարեմ՝չսահմանված տեղով փողոցը հատելու համար։Երեւի հասկացել էին, որ ,,կովկասյան ազգության դեմք,, եմ, ու ,,կարելի,, է մի քիչ փող ,,գջլել,,։Օտար երկիր օտար քաղաք․չցանկացա վիճաբանության մեջ մտնել/որ կարող էր ավելի տհաճ հետեւանքներ ունենալ/ ու ասել, թե բա ո՞րտեղով պետք է հատեի, եթե գետնանցում էլ չկա, կամ ,,վիզ ծռել,, թե բա գիտե՞ք, ես աղետի գոտուց եմ, խնդրում եմ ներողամիտ եղեք․․․Դժկամությամբ վճարեցի 3 ռուբլին ու ինձ մի խզբզած կտրոն տվեցին, որ ,,անդորրագիր,, անվանելը մեղք կլիներ․այդուհանդերձ, այդ կտրոնը տարիներ շարունակ պահում էի անձնական արխիվներում՝որպես պատմական հուշ, մինչեւ որ այն փառավոր գզգզվեց եւ այլեւս անիմաստ էր պահելը։համենայն դեպս, հպարտությամբ կարող եմ ասել, որ Մինսկում 3 ռուբլով ոստիկան էի պահում։․․Հետաքրքիր է, Մինսկի հրապարակով անցնելը հիմա է՞լ է խստիվ արգելվում․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 2 августа 2017 г.

Հուշեր՝Ռոզա Ալավերդյանի մասին





Մեկուկես տարվա բացակայությունից հետո  Գերմանիայից օրերս վերադարձած հասարակական ակտիվիստ Լուիզա  Մեսրոպյանին տեսա, ու մորը հիշեցի՝վանաձորցի երջանկահիշատակ աձակագիր-ասմունքող Ռոզա Ալավերդյանին, ում հետ ծանոթացել էի Նժդեհ-ԱԻՄ Վանաձորի գրասենյակում՝1995թվին, երբ Վանաձորի մանկավարժականի գրադարանում մատենագետի աշխատանքին զուգահեռ՝թղթակցում էի ԱԻՄ ,,Կանչ նախնյաց,, երկշաբաթաթերթին ու օրվա մի մասը/հատկապես, երբ գրադարանի վարիչն աշխատողներին տուն էր ուղարկում, որ հանգիստ շախմատ խաղա ընկերների հետ/ԱԻՄ-ում էի լինում, ուր ամիսը 1000դրամ ,,աղքատավարձով,, եւ գրասենյակի աշխատողի ու գնացող-եկողների հարցուպատասխանով զբաղվելու գործառույթներ էի իրականացնում, եւ թերթին թղթակցություններ էի մատակարարում՝քաղաքի անցուդարձից, եւ թերթի լույս ընծայման օրերին էլ տպագրական աշխատանքին էի հետեւում/։Թերթի խմբագիրը գրականագետ-թարգմանիչ Գառնիկ Կուրղինյանն էր/դանիաբնակ վանաձորցի մտավորական, դանիերենի թարգմանիչ Հասմիկ Կուրղինյանի հայրը,ում երաշխավորությամբ էլ ԱԻՄ-ի թերթին թղթակցում էի/։Հիշում եմ, մի անգամ ԱԻՄ-ում մեքենագրել եմ Ռոզա Ալավերդյանի պատմվածքներից մեկը։Ավելի ուշ՝նրա մասին ,,Առավոտում,, 2 հոդված գրեցի՝,,Էսպես չի մնա,,/գրախոսական ՝նրա առաջին ու վերջին գրքի մասին, որ ինչքան կարդաս, հա կկարդաս ու կներշնչվես, ու որից երեւի մի 50 հատ նվիրել էր իր ծանոթ-մտերիներին/ եւ՝ ,,Ովքեր են իսկական գրողները,,։

Հրաշալի գրող ու ասմունքող լինելով հանդերձ՝ՀԳՄ անդամ չէր/երեւի ինքը չէր դիմել, իրեն էլ չէին դիմել, քանի որ ընդդիմադիր էր 90-ականներին․գրում էր անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի ծանր կյանքից, մարդկային հարաբերություների ձեւախեղումից, որ սոցիալականի արդյունք էր, անդրադանում էր բանակային խնդիրներին/։Տպագրվում էր նաեւ վանաձորյան իրավապաշտպան մի փոքրիկ բրոշյուրում՝,,Վասն արդարութեան,,․ԶԱԳՍ-ի երբեմնի ,,Ընտանիք,, երկշաբաթաթերթում էլ էր երբեն տպագրվում, ու մի օր ինձ, որ 1-2 հոդված էի գրել "Ընտանիքում", մտերիմի իրավունքով հարցրեց․,,Քեզ էդտեղ վճարում ե՞ն․․․Ինձ չեն վճարում, գիտե՞ս․․․,,։Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ խոստովանեցի, որ խմբագիր Խառատյանն անձամբ է ինձ 1000դրամ հոնորար բերել եւ առձեռն հանձնել գրադարանում՝հընթացս էլ հետաքրքրվելով այլ նյութերի առկայությամբ/Երեւի էն ժամանակ դեռ ընդդիմություն չէի համարվում, այլ՝,,էլիտար,, մտավորական՝պետական համակարգում աշխատող/։

Առաջին անգամ Ռոզա Ալավերդյանի հետ ծանոթացա ԱԻՄ-ում երկրորդ այցելությանս ժամանակ, երբ մտնելով ներս, տեսա, որ հենց նախասրահում մի փոքրիկ հյուրասիրության սեղան է գցված/առիթը՝չեմ հիշում, բայց հիշում եմ, որ Ռոզայի կողքին նվիրյալ ԱԻՄ-ականներից Մարուսյան էլ էր/։Փորձեցի հեռանալ եւ ավելի ուշ գալ,բայց ԱԻՄ-ակաների պնդումներից ու այն բանից հետո, երբ տիկին Ռոզան ձեռքս բռնելով՝նստեցրեց իր կողքին, ստիպված էի ,,ինտեգրվել,, միջոցառմանը։

Մի անգամ տիկին Ռոզայի հետ մի փոքիկ տարաձայնություն ունեցանք։1998թվի նախագահական, ընտրությունների նախօրեին ինքը Ռոբերտ Քոչարյանին էր սատարում/այնպես, ինչպես բոլոր ԱԻՄ-ականները/, ես այդ ժամանակ թղթակցում էի ,,Առավոտին,,․եւ երբ զրույցի ընթացքում ինքը հասկացավ, որ իմ համակրանքը Կարեն Դեմիրճյանի կողմն է, զայրացած ասաց․,,Դու էլ քո խմբագրի խելքից ունես,,։Չգիտեի՝վիրավորվե՞մ, թե՞ հպարտանամ։Բայց՝այդ փոքրիկ տարաձայնությունից հետո էլ շարունակում էինք մեր գաղափարական մտերմությունն ու մշտապես զանգում միմյանց, գրադարանում հանդիպում, միասին մասնակցում հանրահավաքների/մի համատեղ լուսանկար կա՝հանրահավաքի վայրից՝1998թվին ,,Իրավունք եւ միաբանության,,հանրահավաքից արված/։Չնայած մեր միջեւ տարիքային պատկառելի տարբերությանը, այնուամենայնիվ,դիմում էի որպես Ռոզա՝մտերիմի իրավունքով։

1998թվի իշխանափոխությունից հետո՝նրա ստեղծագործություներն արդեն սկսեցին ընթերցել Ազգային ռադիոյով։,,Եղանակները տաքանան, ուզում եմ գնամ Երեւան՝,,Առավոտի,, խմբագրություն, տեսնեմ կարող ե՞մ ստեղծագործություններս այնտեղ տպել տամ,,-ասաց մի առիթով, բայց՝չհասցրեց, որովհետեւ ծանր հիվանդությունը նրան ի վերջո հեռացրեց կյանքից։Կյանքի վերջին տարիների մի հատվածում՝ մի որոշ ժամանակ էլ Մոսկվայում էր բնակվում՝ավագ դստեր մոտ, իսկ մեկնելուց առաջ խոստովանեց, որ ծանր վիճակն է ստիպում Մոսկվա տեղափոխվել, քանի որ վիրահատվելու  անհրաժեշտություն է զգացվում, իսկ գումար չունի, եւ անկեղծորեն կիսվեց․,,Ով գիտի, կարող է էնտեղ որեւէ աման լվացողի գործ գտնվի, հիմա շատերն են էնտեղ դրանով ապրում,,։Սոցիալական այն աստիճան ծանր պայմաններում էր ապրում երկրաշարժից տուժած ու տաիներով բնակարանի հերթի սպասող կինը/ ով պարբերաբար քաղաքային իշխանություններին ստիպված էր հիշեցնել իր խնդրի մասին/, որ, ի վերջո՝կյանքի վերջին տարիներին Կարմիր Խաչից բնակարան ստացավ։Հատկապես վիրավորվել էր, երբ 90-ականներին տեղական իշխանության ներկայացուցիչ մի պաշտոնյա, ում մոտ գնացել էր բնակարան ստանալու հարցով, ասել էր․,,Հիմա անցան այն ժամանակները, երբ գրողները հարգի էին, հիմա բոլորն էլ հավասար են, եթե ուզում եք ճիշտն իմանաք, իսկական գրողը պետք է սոված լինի,,։Եղել էր Պարույր Սեւակի ժամանակակիցն ու համակիրը, եւ մի օր ինձ հանձնեց Սեւակից մակագրությամբ ստացած գրքի այն էջի  պատճենահանված օրինակը, որտեղ Սեւակի մակագրությունն էր ,,սքանչելի հայուհուն եւ ընկերոջը,,։

Ճակատագրի կամոք՝Ռոզա Ալավերդյանի մոսկվաբնակ դուստրն էլ մոր մահից տարիներ անց՝ ծանր հիվանդության հետեւանքով մահկանացուն կնքեց, իսկ մինչ այդ՝նրա խնամքով զբաղվում էր Լուիզան՝Ռոզայի մյուս դուստրը, որ տարիներ առաջ քրոջը Ռուսաստանից տեղափոխեց Հայաստան ու կազմակերպեց բուժումն ու խմնամքը, բայց՝հիվանդին ոտքի կանգնեցնել չհաջողվեց, եւ նա տեւական ժամանակ կյանքի ու մահու դեմ կռիվ տալուց հետո՝մահկանացուն կնքեց Գյումրու հիվանդանոցում։

․․․Գերմանիայից վերադարձած Լուիզա Մեսրոպյանն ինձ հետ զրույցում ցավով խոստովանեց, որ մայրն ունի անտիպ ստեղծագործություններ, բայց, ցավոք,չի կարողանում կազմակերպել դրանց հրատարակումը։Ծրագրած է եղել , որ Գերմանիայում  թարգմանել կտա ու գերմաներեն կհրատարակի մոր գիրքը՝,,Էսպես չի մնա"-ն,բայց՝բայց՝հանգամանքները թույլ չեն տվել, քանի որ այնտեղ մեկնել էր բուժման նպատակով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


понедельник, 31 июля 2017 г.

Հայտարարություն

Կհամագործակցեմ որեւէ գրահրատարակչության հետ՝փոխշահավետ պայմաններով․թեման՝ինձանից, գիրք հրատարակելն ու գրքի վաճառքի կազմակերպումը՝ձեզանից։Վաճառքից ստացված եկամուտը ՝մասնակի կամ ամբողջությամբ հրատարակիչ-կազմակերպչին/կախված վաճառքի եկամտաբերության աստիճանից/։Առաջարկվում է թեմաների լայն ընտրանի՝արձակ եւ չափածո/քաղաքական պոեզիա, սոցիալական պոեզիա, սատիրա, երգիծանք, պատմվածքներ/այդ թվում՝այլաբանական/,հուշագրություններ, մանրապատումներ, դպրոցական եւ ուսանողական սրամտություններ՝կապված հայտնի մարդկանց, մտավորականների հետ։Իմ ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ իմ հեղինակած 3 բլոգներում/թեպետ՝առկա են նաեւ անտիպ ստեղծագործություններ/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, բանաստեղծ

էլ․հասցե՝gayane1960@gmail.com

gayanehovsepyan91@gmail.com․

hovsepyan_60@mail.ru

----------------------------------------

www.azatankakh.blogspot.com AZAT ANKAKH

www.lragrakan.blogspot.com Լրագրողական նոթեր

www.patmacan.blogspot.com Պատմաքաղաքական բլոգ

четверг, 20 июля 2017 г.

,,Мои года-моё богатство,,

Էն ժամանակ ես հասկանում, որ տարիներդ "թռան", երբ զարմանքով ու ցավով տեսնում ես, որ ոչ միայն նախկին համադասարանցուդ մազերն են ամբողջությամբ սպիտակաձյունել, այլեւ․․․նախկին աշակերտիդ/80-ականների սկզբին բուհական պրակտիկա եմ անցել Կիրովականի դպրոցներում՝թիվ 2 եւ թիվ 3/, 1989թվին էլ Բելառուսի ժամանակավոր հակակական դպրոցում եմ դասավանդել/։

Էն ժամանակ ես հասկանում, որ տարիներդ "թռան", երբ ցավով տեսնում ես, որ մի նախկին աշակերտդ էլ անժամանակ․․․հուշաղբյուր դարաձավ՝մնալով հիշողություններիդ մեջ՝ մի լուսավոր կետում․․․

Էն ժամանակ ես հասկանում, որ տարիներդ անդարձ "թռան", երբ տեսնում ես, որ նախկին մտերիմներիդ ու ծանոթ-հարազատներիդ շարքերը գնալով նոսրանում են արտագաղթի ու անժամանակ մահացությունների պատճառով, ու դու ապրում ես մի հասարակարգում, որտեղ գնալով պակասում ու վերանում են նաեւ մարդկային վեհ գաղափարներն ու հոգեւոր արժեքները, ուր պաշտամունքի առարկաներ են դառնում փողը, դիրքն ու արհեստական փառքը, որ փոխանցիկ դրոշի նման մշտապես տարբեր տերերի ձեռքում է հայտնվում, իսկ բարոյական արժեքները գնալով ,,փառակալում,, են։Ցավոք, սա է այսօրվա իրական Հայաստանը, ուր արդարամիտ ու ազնիվ մարդն ստիպված է ապրել իր հյուսած ,,Նոյան տապանում,, ու մխիթարվել անցյալի հիշողություններով ու Կիկաբիձեի երգի խոսքերով՝,,Իմ հարստությունն իմ տարիներն են,,,,․ու կյանքի մնացած հատվածի ամեն մի օրը համարել Աստծո տված ,,բոնուս,, եւ այդ հատվածն անցկացնել Չարի դեմ պայքարելով ու հնարավորինս՝քիչ կորուստներով․թիկունքում ունենալով համացանցային զորակցությունն ու ֆեյսբուքյան ակտիվը՝իր նմաններից ու տեսակից բաղկացած։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


вторник, 2 мая 2017 г.

Պրակտիկանտի օրագրից

                                  

        ԱՆՏԻՊ ՆՅՈՒԹԵՐԻՍ ԱՐԽԻՎԻՑ

1982թ․Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում ուսանողական պրակտիկա էինք անցնում՝ քաղաքի դպրոցներից մեկում, որտեղ պետք է դասալսումների ներկա գտնվելով՝ տեսնեինք, թե ինչպես են ուսուցանում փորձառու ուսուցիչները, որ մենք էլ ընդօրինակենք նրանց առաջավոր փորձը։Ստորեւ ներկայացվում է այդ առթիվ երգիծանքի գրչով գրված իմ հուշագրությունը, որ 34 տարի՝ անտիպ նյութերիս արխիվում էր, ու այն իմ առաջին երգիծական ստեղծագործությունն է, որ 1990-ականներին որոշեցի տպագրել ,,Գրական Լոռի,, ամսագրում, բայց՝ամսագիրը կարճատեւ գործունեություն ունեցավ եւ չհասցրի այնտեղ տպագրել, իսկ հետո արդեն նպատակահարմար չգտա այն թերթի տրամադրել՝հուսալով որեւէ գրական ուղղվածության թերթ գտնել։

---------------------------------------------------

Հայոց լեզվի դաս էր ՝Կիրովականի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։Տարեց ուսուցչուհին մի խրոխտ հայացքով արագ ընդգրկեց դասարանը, բացեց դասամատյանն ու աշակերտներից մեկին հրավիրեց գրատախտակի մոտ։Վերջինիս պատասխաններից զգացվում էր, որ փոքր-ինչ կաշկանդվում է։Ուսուցչուհին անմիջապես դիտողություն արեց․

-Էնպես խոսիր, որ Հովհաննեսի ուշադրությունը գրավես։Տեսնում ե՞ս, արդեն ճլորել է։ 

Այնուհետ՝նրա մի երկու կցկտուր նախադասությունից հետո ամփոփեց․

-Մի նստի կորի է՜․․․զատ չգիտես։

Մինչ հաջորդ աշակերտը գրատախտակի վրա կկատարեր տրված հանձնարարությունը, դասարանին սկսեց հարցեր տալ։Ձեռք բարձրացնողները շատ քիչ էին։

-Ոնց որ ,,Արեգնազանի,, միջի քարացած աշխարհի բնակիչներն ըլեք։Աշոտ, դու պատասխանիր։

Պատասխանն այնքան էլ գոհացուցիչ չէր․

-Ցուցահանդեսային հիմարություններ ես  դուրս տալիս։Տղաներից է՞լ ով կպատասխանի․․․Ասա տեսնեմ՝աղջիկ ջան։

Գրատախտակի մոտ կանչվածն արդեն վերջացրել էր հանձնարարությունը։Մի դժգոհ հայացք նետելով նրա գրածին, ուսուցչուհին բղավեց․

-Հիմի հենց գլխին չտա՞մ՝աչքերը դուս թռչի․․․Արա, հազար անգամ եմ ասել՝հարցական նշանը բաղաձայնի վրա չդնեք, աջուձախ որտեղ ասես՝շպրտում եք։

Դասարանը կամաց-կամաց սկսել էր աշխուժանալ, բայց չհասցրեց իր բարձրակետին հասնել, որովհետեւ նույն պահին ամպի որոտի նման ճայթեց․

-Ա չայխանըմ չեք նստած է՜․․․ձեններդ կտրեք։

Եվ, ասես կռահելով, թե վտանգը որտեղից կարող էր սպառնալ, դիմեց վերջին նստարանի աշակերտին՝ծաղրելով․

-Էդ մինիստրության ներկայացուցիչն ի՞նչ բանի ա ըտեղ․․․

Հետո, դառնալով դեպի մեզ՝պրակտիկանտներիս, սկսեց բացատրել ,,մինիստրության ներկայացուցչի,, ով լինել․

-Երկտարեցի ա, հենց՝գրավոր ես տալիս թե չէ՝ձեռները ռուկի վերխ ա անըմ՝կանգնըմ։

Այնուհետ, դառնալով դեպի մեղավոր տեսքով գրատախտակի մոտ կանգնած աշակերտը, հրահանգեց․

-Մաքրի՝վեր ընկի։ 

Հերթը հաջորդինն էր, որի պատասխանի ընթացքում ինչ-որ մեկը տեղից գաղտնի հուշում էր։Դիտողությունը ՝հուշարարին ուղղված, չուշացավ․

-Քո բերանի համար ես տոպրակ եմ կարելու, աղջիկ ջան։

Արդեն զանգի ժամանակն էր, եւ աշակերտներն անհանգիստ շարժումներ էին անում։

-Էդ չուլուփալասներդ հլա մեք հավաքի, դեռ զանգից շատ կա։

Նախքան նոր դաս բացատրելը, առաջին նստարանի աշակերտուհուն նշանացի կանչեց գրատախտակի մոտ։Լավ չհասկանալով, թե իրենից ինչ է պահանջվում, վերջինս մոլորված տեսքով կանգնեց։

-Ախչի, բոյդ էի՞ չափում, մաքրի էլի, հեչ հոտառություն չունեք։

Աշակերտուհին սկսեց ձեռքով մաքրել գրատախտակը, որին հետեւեց ուսուցչի դիտողությունը․

-Քիչ էլ մնաս՝մազերովդ կմաքրես։

Այդ պահին հնչեց փրկարար զանգը, եւ դասն ավարտվեց։Իսկ նոր դասն այդպես էլ մնաց անավարտ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 1983թ․

среда, 19 апреля 2017 г.

,,Մարիամը ուղիղ քեզ ա նայում,,

                                             2014թ․Անտիպ նյութերի արխիվից

Սեպտեմբերի 8-ին զանգահարեցի Վանաձորի ավտոկայան՝հետաքրքրվելով, թե Ալավերդի-Ձաղիձոր մեկնող ինչ տրանսպորտ կա առաջիկա ժամերին։,,Ձաղիձորը՝ժամը երկուսին,,-պատասխանեցին։,,Իսկ 12-ին Ալավերդի գնացող ավտոբուսը չկա՞,,-հարցիս էլ ասացին, որ ՝կա,,։Դե ես էլ ժամը 12-ին 15 պակաս արդեն ավտոկայանում էի, ու տեղավորվեցի այդտեղ կայանած Վանաձոր-Ալավերդի ավտոբուսը․ենթադրելով, որ եթե դուռը բաց է, ուրեմն շարժվելու վրա է։Տոմս գնելու անհրաժեշտություն չգտա, տեսնելով, որ ավտոբուսը լրիվ դատարկ է, իսկ ես կես-ճանապարհին եմ իջնելու՝Ձորագէս ավանում։մոտ 30 րոպե սպասելու ընթացքում ոչ միայն որեւէ ուղեւոր չհայտնվեց, այլեւ՝ վարորդը/ում փնտրում էր Իջեւան գնացող ավտոբուսի վարորդը, որպեսզի խնդրեր, որ մի փոքր տեղաշարժվի կայանած տեղից, որ Իջեւան գնացողին չզրկի տեսանելիությունից/։Ավտոբուսի նկատմամբ որոշակիհետաքրքրություն ցուցաբերեց միայն միջին տարիքի մի կին,որ Շնող գնացող ուղեւոր էր փնտրում, որ հետն ինչ-որ կապոց ուղարկի, մեկ էլ՝սրբապատկերներ վաճառող միջին տարիքի մի տղամարդ, որ ներս մտնելով՝խնդրեց, որ իր մոտի սրբապատկերներից մեկն առնեմ․,,Քույրիկ ջան, չեք ուզու՞մ սրանցից առնեք, ընդամենը 250 դրամ է,,։Վերջինիս չհամոզեց իմ բացասական պատասխանը՝գլխի շարժումով, ու նա մի վերջին հույսով՝Աստվածամոր ցոլցլացող պատկերը՝մետաղապլաստի վրա պատկերված, ներկայացնելով՝ասաց․,,Մարիամը ուղիղ քեզ ա նայում, գիտե՞ս,,։Երբ խորհուրդ տվեցի սրբապատկերները վաճառել եկեղեցու հարեվանությամբ, ասաց՝,,Չէ հա․․․էս երկուսն ա մնացել, սաղ ծախել եմ,մի մարդ կա, հեչ որ չլնի՝կտամ նրան, տանում ա ինքն էլ 500դրամով ա ծախում,,։Ու գաղտնիք հայտնողի նման ասաց․,,Սրանցից մեկ էլ Սպիտակի կողմի ժողովուրդն ա շատ առնում,,։Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ սրբապատկեր վաճառողը, ավտոբուսից իջնելուց առաջ՝դիմելով այդտեղ չեղած ,,կազմին,,/ընդամենը մեկ ուղեւորից բաղկացած/, հումորով ասաց․,,Դե ժողովուրդ ջան, չեք առնում՝չեք առնում, դուք գիտեք,ես գնացի,,։Այնուամենայնիվ, վերջինս երեւի թե չէր սխալվում, երբ ասաց, որ ,,Մարիամը ուղիղ քեզ ա նայում,,։Թերեւս, Աստծո մատն էր խառը, որ ներքին ձայնս հուշեց, որ իջնեմ այդ լքված ավտոբուսից ու այլ տրանսպորտ փնտրեմ։Պարզվեց, որ այդ պահին 12-ն անց 45-ին Ալավերդի մեկնող միկրոավտոբուս կար, որ, անշուշտ, հնամաշ ,,ՊԱԶ,,-իկի համեմատ 1 քայլ առաջ էր։Որպեսզի հանկարծ դրանից չզրկվեմ, աճապարեցի տոմս գնելու, բայց այդ հարցում էլ էր Աստծո մատը խառն ու Աստված չուզեց, որ կես-ճանապարհի համար ամբողջի տոմս գնեմ․տոմսավաճառը, բարեբախտաբար, տեղում չէր, ու ես մտքումս ասացի․,,Դուք գիտեք, ուզում էինք բյուջեին լավություն անել, բայց որ չեք ուզում՝ավելի լավ, վարորդին կվճարենք՝առավել պակաս գնով,,։Նույնն էլ երեւի թե մտածում էր երիտասարդ մի աղջիկ՝Վահագնի մեկնող, որ սպասում էր բոլոր տոմսավորները նստեն, որ նոր ինքը տեղավորվի ու ստիպված չլինի կարճ ճանապարհի համար երկարի տոմս գնել։Մեկ-երկու րոպե էլ Աստծուն մտքում աղոթեցինք, որ վերջին պահին հանկարծ տոմսավորներ չհայտնվեն ու մենք ստիպված չլինենքտեղներս զիջենք ու կիսանստած-կիսակքած գնանք, ու մեր աղոթքներն Աստծուն հասան, եւ Փամբակ մեկնող 2ուղեվորից բացի՝այլ ուղեվորներ չհայտնվեցին, եւ ոչ լրիվ բեռնվածությամբ միկրոավտոբուսը ճանապարհվեց՝ուղեւորների ,,դուխը պահելուն,, միտված ոգեւորող երաժշտությամբ/թեպետ՝երիտասարդ ,,հարեւանուհիս,, նախընտրեց անձնական փլեյերի խիստ ներանձնական երաժշտությունը՝ականջակալներով զինված ու շրջապատից իրեն ժամանակավոր մեկուսացրած/։

․․․Ավելի ուշ պարզվեց, որ Վանաձոր-Ալավերդի ավտոբուսը, որտեղ սկզբում տեղավորվել էի,ոչ թե ժամը 12-ի երթուղուն էր պատկանում, այլ՝ժամը 16-ի։իսկ Ձորագէսում բնակվող բարեկամուհիս պարզաբանեց, որ 12-ի երթուղին սովորականի նման անցել է, պարզապես՝կայանած տեղը պետք է ճշտեի ավտոկայանում։Ինչեւէ։Աստծո զորությամբ ու Մարիամի բարեհաճության շնորհիվ՝ տեղ հասա բարեհաջող, եւ բարեհաջող վերադարձա նույն օրը՝արդեն Բագրատաշենի ավտոբուսով, որի վարորդն էլ երեւի թե անվտանգ տեղ հասնելու խնդրով էր մտահոգ, քանի որ նախօրոք վճարել պատրաստվող մի ուղեւորի  կես-կատակ, կես-լուրջ՝ասաց․,,Հլա սպասի բարով-խերով տեղ հասնենք, Շամշյանը չգա նկարի,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,2014թ․

суббота, 15 апреля 2017 г.

Գարնանն ու Զատկին ընդառաջ

Ինչքան քիչ բան է հարկավոր մարդուն՝երջանիկ լինելու համար։Երեկ ծանոթներիցս մեկին տեսա՝մի բարի ու Աստվածավախ կին, որ հորդառատ անձրեւին, գլուխը բաց/ մի թեթեւ գլխարկով միայն, այն էլ՝ավելի շատ որպես հանդերձանք, քան՝որպես անձրեւապաշտպանիչ միջոց/, գարնանային նոր ծաղկած ճյուղերը ձեռքին՝գնում էր, ու ողջունելով ինձ՝ասաց․,,Ուզու՞մ ես ճյուղերից մեկը քեզ տամ,,։Էլ չհասցրի հարցնեմ, թե էս ինչ ճյուղեր են, օրհնված են, թե ինչ․․․վերցրի, որպես սուրբ նշխար, եւ շնորհակալություն հայտնելով՝աճապարեցի, որ ավելի հորդառատ անձրեւի տակ չհայտնվեմ։Բայց՝հասկացա, թե ինչու կինը գլխաբաց վիճակով՝չէր նեղվում անձրեւից, իսկ ես,անձրեւանոցով հանդերձ՝նեղվում էի/քանի որ անսանձ քամին անձեւանոցն էլ էր քշում՝վերեւից չարախինդ ծիծաղելով/․գարնանային թարմ ճյուղերը ոգեւորում ու լիցք էին հաղորդում, ու հետագա ճանապարհս ավելի թեթեւ հաղթահարեցի՝ճյուղերը ձեռքիս, ու քարուքանդ մայթերի փոսերը հաշվելով՝սլացա առաջ, մտքիս մեջ հիշելով Համբոյի խոսքերն՝ուղղված Գիքորին․հասանք հա, Գիքոր ջան, քիչ մնաց,,։Ես էլ մտքումս  հաշվում էի, թե տեսնես դեռ քանի՞ փոս մնաց՝մինչեւ տուն հասնեմ, բա հիմա մի ,,Ռիկշա,, չլինե՞ր, որ մարդ թռներ մեջն ու արագ հասներ․․․Իսկ հորդառատ անձրեւը չէր խանգարում, որ մի քանի երիտասարդներ ուրախ-զվարթ քթների տակ երգեին՝շուկայից առեւտուր արած․,,Ա վոտ ի Կիրովական․․․,,։Անձրեւը չէր խանգարում նրանց երջանկությանը․ընդհակառակը, ոգեւորում էր։Իսկ գարնանային թարմ ճյուղերը տեղադրեցի անցած տարվա ճյուղերի կողքին՝տան տարբեր անկյուններում․դրանք դրական լիցքեր են հաղորդում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ