Translate

Translate

Translate

воскресенье, 20 мая 2018 г.

,,Լեւիների,, ցանցում

Հուշագրություն՝1990-ականների  անտիպ նյութերիս արխիվներից։Հիշեցնենք, որ 1996թ․Վանաձորը մի քանի տարվա հովհարային անջատումներից հետո, հանրապետությունում առաջինն անցավ շուրջօրյա էներգամատակարարման՝որպես աղետի գոտի/այդ առումով առաջ անցնելով անգամ մայրաքաղաքից, որտեղ մի քան ամիս ավելի ուշ անցան շուրջօրյա էներգամատակարարման/։
Ստորեւ ներկայացվող ֆելիետոնը նախատեսել էի տպագրել վանաձորյան մամուլում, բայց՝այն չտպագրվեց այնպես, ինչպես չտպագրվեց նաեւ ,,Գրական Լոռի,, երբեմնի ամսագրում, որ շատ կարճ կյանք ունեցավ։Այդ տարիներին ,,Գրական Լոռին,, հովանավորվում էր ՀԷՑ-ի կողմից, եւ, թերեւս, նաեւ դա էր չտպագրելու պատճառը, քանի որ ֆելիետոնն անդրադառնում, էր համակարգի խնդիրներին՝երգիծանքի գրչով։Ըստ այդմ, նյութը մնաց իմ արխիվներում՝շուրջ 22 տարի։Հիմա այն սոսկ որպես հիշողություն է ու պատմական վկայություն՝1990-ականների մասին․այն մասին, թե ինչպես հնարամիտ բնակիչները հարկադրված էին ապօրինի գծեր՝,,լեւի,, հոսանք քաշել հիմնարկներից, վերջիններիս տերերի հետ ներքին համաձայնության գալով՝երկուստեք ձեռնտու գործարք կնքելով՝ի վնաս բյուջեի։Ծանր տարիներ էին, մարդիկ այլ ելք չունեին/որը ,,լեվի գիծ,, էր քաշում, որը ,,դվիժոկ,, էր տեղադրում/․թեպետ, պետք է խոստովանել, որ հիմա էլ են երբեմն վերադառնում հովհարայինի ժամանակներին՝մի քանի ժամանոց անջատումներ անելով՝,,պլանային եւ նորոգման նպատակներով,,․ինչպես նաեւ՝անպլանային ու անկապ․․․
-----------------------------------------------------------------------------------------------------------------

,,Լեւիները ,,խառնվել էին իրար․

-Ասըմ են էսա կռւգլասուտըչնի լիս տեն տա՝արենդով, բա ո՞նց անենք։

-Հա էլի,թե էն վախտ մի 1000-2000դրամով պրծնըմ էինք, հըմի ինչքան բընացնենք՝էնքան տենք տա, թենց ո՞նց կըլի։

-Բերեք փող հըվաքենք, մարդ-մուրդ գտնենք, էն լեւի չունեցողներին էլ խաբենք, թե շչոտչկի հըմար ենք հըվաքըմ։Մի բան անենք՝դբա դեսը գան ոչ։

Միամիտներն ուրախացան․վերջապես իրենք էլ մի քիչ մարդ կզգան իրենց, հեռուստացույց կդիտեն, ,,Սանտա-Բարբարա", ,,Տրոպիկանկա,, կպատմեն իրար, բայց․․․փողերը հավաքվեցին, իսկ լույսը չկար ու չկար։,,Էրկուշաբթի կըլի", ,,Ամսի 1-ից", ,,Գրաֆիկը հանվել ա", ,,Գազը պայթել ա,,․․․,,

Ավելի բանիմացները խորհուրդ տվին․,,Ինչ եք կորցրել՝ինչի հետեւից եք ընկել․հրեն մեր էսինչի շենքում մի ամիս ա՝շչոտչիկը դրած ա, լիսը չկա,գլխներիդ ճարը տեսեք,,։

Ու մինչ հուսալքված բնակիչները գլուխ էին կոտրում հանելուկի շուրջ, մի օր էլ էլցանցի ներկայացուցիչը հայտնվեց, թե՝,,Էկել եմ հաշվիչի ծախսը համեմատեմ, բերեք տենամ՝ինչքան եք մուծել,,։

-Այ ախպեր ջան, մենք լիս ե՞նք տեսել, որ փող տանք։

-Բա հնից մնացած պարտք-մարտք էլ չունե՞ք։

-Չէ,չէ, ի՞նչ պարտք, ի՞նչ բան, սպոնսորով-բանով փակել ենք-պրծել, էս էլ քեզ՝կվիտանցիքը։

-Հա՜՞․․․,-հիասթափվեց ,,ախպերը",-լավ, էգուցվանից լիսը կըլի։

Եկավ ,,էգուցը", ,,էլօրը", ,,գալօրը"․․․․բայց լույսը չեկավ։

-Այ ախպեր ջան, էս քու լիսն ի՞նչ էղավ, կինոն մնաց է՜․․․կինոն․․․

-Կինո-մինո չգիտեմ, սխալ բաներ եք արել, ձեր գիծը նագրուզկայա էլել, ծախսը շատ ա ցույց տալի, փողերը կտաք՝կտանք, չէ՝չէ, զրից չկա։

-Ախր ո՞նց․․․ախր մենք․․․ախր դուք․․․

-Ինչ-ի՞նչ․․․էդ ու՞մ եք վախացնըմ, ինձ հաթաթա տվողը հլա չի ծնվել, գնացեք որտեղ ձերը կասեք, ընտեղ էլ իմն ասեք։Իմ դեմ խաղ չկա։Կտաք՝կտանք, չէ՝չէ,-երդվեց ,,ախպերն,, ու ամեն բան վերջացավ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 1996թ․



вторник, 13 марта 2018 г.

,,էս քաղաքում վերջում կմնան մի քանի մարդ՝գելերը կգան կուտեն-կպրծնեն,,

           2001թվի անտիպ նյութերիս արխիվից

-------------------------------------------------------

Վանաձորի մտավորականների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր երկխոսություն ծավալվեց ավագ սերնդի ներկայացուցիչ, գրականագետ Գառնիկ Կուրղինյանի եւ ԱԺ պատգամավոր,ՍԻՄ անդամ Հայկ Բաբուխանյանի միջեւ։Երբ պարոն Բաբուխանյանը դժգոհեց երկրում տարվող քաղաքականությունից, Գ․Կուրղինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում ՍԻՄ խմբակցությունը՝երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու համար։Տեղեկանալով, որ ՍԻՄ-ն այդ հարցում ԱԺ-ում լծակներ գործադրել չի կարողանում՝խմբակցության փոքրամասնություն լինելու պատճառով,Գ․Կուրղինյանը դժգոհեց․,,Բա ձեր դերը ո՞րն է խորհրդարանում, դուք չե՞ք կարողանում կանխել,բա Ազգային ժողովում ձեզ ավելորդ չե՞ք զգում,ձեր առաքելությունը ո՞րն է,եթե դուք չեք կարողանում նպաստել ազգի պահպանման գործին,,։

Արտագաղթի վերաբերյալ իր մտահոգությունները, հայտնելիս սպառիչ պատասխան չստանալով՝պարոն Կուրղինյանը հռետորական հարցադրում արեց․,,Ստացվում է, որ ձեր դերը՝որպես պատգամավոր, եւ իմ դերը՝որպես շարքային քաղաքացի, նու՞յնն է,,։Իսկ երբ ճշտեց, որ պատգամավորներն ստանում են 100հազար դրամ աշխատավարձ,զարմացած հարցրեց․,,Էդ ինչու՞ համար եք դուք այդքան փող ստանում, ինչո՞վ եք դուք ինձնից ավել,,։

Հ․Բաբուխանյանը նախ նշեց, որ այդ աշխատավարձը շատ քիչ է այն հարվածների համար, որ իրենք կրում են, եւ երբեմն իր մտքով անցնում է պատգամավորությունը թողնել եւ բիզնեսով զբաղվել, բայց հանուն ազգի՝դա չի անում։Նա միաժամանակ կոչ արեց այդտեղ գտնվող սակավաթիվ մտավորականներին/որոնց թվում՝2 լրագրողներ/, չհուսահատվել, ժողովրդին համոզել, որ ընտրությունների ժամանակ չի կարելի ձայնը վաճառել 500դրամով, սակայն նրա այս դիտարկումն էլ արժանացավ Գ․Կուրղինյանի ,,հակահարվածին,, եւ նա  հուսահատ տոնով ասաց․,,Էս քաղաքում վերջում կմնան մի քանի մարդ՝գելերը կգան կուտեն-կպրծնեն,,։

Հ․Բաբուխանյանը նաեւ նշեց, թե այնուամենայնիվ, իրենք որոշակի քայլեր անում են, սակայն նրա ընդդիմախոսը կրկին առարկեց, ասելով․,,Արդյունքները մենք չենք տեսնում,,

Ի դեպ, արտագաղթի ահագնացող չափերի վերաբերյալ եղան նաեւ այլ ելույթներ։Իսկ մի մտավորական դժգոհեց․,,Էսօրվա մեր դարդուցավը թողած՝դարասկզբի ցեղասպանության հարցերն են բարձրացվում,,։

Որքան հասկացանք, ՍԻՄ-ի, կոմունիստների եւ ԱԺՄ-ի առանձին գործիչների տեսակետները՝երկրի արտաքին քաղաքականության հարցում, գրեթե նույնն են։,,Հայաստանը կախված պետություն է միջազգային ընկերություններից։Պետությունը կառավարվում է համաշխարհային բանկի կողմից,,,-այդ կառավարման մեխանիկան բացատրելով/այն է՝վարկերը տալիս են պատվերն էլ հետը/՝ պարզաբանեց Բաբուխանյանը, որին, ի դեպ, մտավորականներից մեկը փորձում էր 13 տարով ետ տանել եւ քաղաքական գնահատական տալ 1988թվի երկրաշարժին, այն համարելով ,,արհեստական,,։

․․․Հետաքրքիր է, ինչպե՞ս կարելի է պատկերացնել 4000դրամ ստացող մտավորականի ,,ակտիվությունը,,՝սոցիալական ծանր բեռի տակ կքած, եթե ԱԺ պատգամավորը քիչ է համարում 100հազար դրամ աշխատավարձը՝առավել ,,ակտիվանալու,, համար։Իսկ կառավարության առանձին անդամներ էլ հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար առավել մեծ գումարներ են պետք՝վարկերի կամ դրամաշնորհների տեսքով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ․Գ․Սույն նյութը , որ մինչ օրս իմ անտիպ նյութերի արխիվում էր /քանի որ որեւէ թերթում տպվելու պատիվ չի ունեցել՝ինչ-ինչ հանգամանքների պատճառով/, փաստորեն, 17 տարվա վաղեմություն ունի եւ  պատմական վկայություն է՝այն ժամանակվա ներքաղաքական իրավիճակի, պատգամավորների աշխատավարձերի եւ անգամ՝ընտրակաշառքի չափի մասին։

․․․Պարոն Բաբուխանյան, դուք հիմա ԱԺ-ում արդեն մեծամասնություն եք, այլեւս ընդդիմադիր փոքրամասնություն չեք՝ինչպես 17 տարի առաջ, հիմա՞ ինչն է խանգարում, որ ժողովրդանպաստ օրենքներ ստեղծեք Ազգային Ժողովում/ԽՍՀՄ ավանդների շուտափույթ վերադարձ՝արժանապատիվ հաշվարկով եւ փոխհատուցմամբ, 28 տարվա տոկոսներով, կենսաթոշակաիյն շեմի իջեցում՝կապված երկրում գործազրկության եւ աշխատատեղերի սղության հետ, պետական համակարգում թափուր հաստիքների հրապարակայնության ապահովում/․մանավանդ, որ արդեն պատգամավորներն ստանում են 6-7 անգամ ավելին, քան՝17 տարի առաջ․շուրջ 6-700հազար դրամ աշխատավարձ/ներառյալ՝հավելավճարներն ու գործուղման ծախսերը/։

четверг, 8 марта 2018 г.

Կոտրված դուխու տուփը

Ամեն տարի մարտի 8-ին՝ես հիշում եմ այս դեպքը՝1975թե 1976թիվն էր․․․։Սովորում էի 8-րդ կամ 9-րդ դասարանում ու ծնողներիցս գաղտնի՝հանդիպում էի հարակից բակից մի տղայի հետ, որ չնայած փայլուն արտաքին չուներ, բայց՝լավ կիթառ էր նվագում եւ ուներ աղջիկներին ,,օձի լեզվով,, հրապուրելու ձիրք։Նա դասընկերուհուս եղբայրն էր, ում առաջին անգամ հանդիպել էի ,երբ մանկությանս բակային ընկերուհիներիս հետ գնացել էինք կինո՝մանկական ժամի, եւ վերջինս ինձ ,,հայտնաբերել,, էր, քանի որ նոր էի տեղափոխվել նոր դպրոց՝բնակության վայրի փոփոխության պատճառով․,,Կոնգոյից,, փոխադրվել էինք ,,քաղաք,,։Եվ ահա՝հետաքրքրվել-հարցուփորձ էր արել, եւ գտել, որ ,,արժե,, ինձ հետ ապագայի հույսեր կապել եւ ,,էն գլխից,,՝,,իրենով անել,,։Մեծ դժվարությամբ, բայց՝կարողացավ գրավել ինձ/թե նրանից էր,որ պատանեկան-անցումային շրջան էր, թե հետաքրքրությունից դրդված․․․թե ընդունված էր, որ ժամանակակից ,,պարմանուհիները,,պետք է անպայման ասպետ ունենան ու ընկերուհիների մոտ հպարտանան նրա արժանիքներով․․․թե կիթառի նվագը գրավեց․․․մի խոսքով՝սկսեցի հանդիպել հետը՝երաժշտական դպրոցից տուն տանող ճանապարհին, որի ընթացքում ինձ ուղեկցելու ,,բացառիկ,, հնարավորություն էր ստացել։Երբեմն էլ զբոսնում էինք քիմիագործների այգում կամ հասնում մինչեւ քաղաքային այգի, Լճեր, կամ՝պարզապես փողոցները ,,չափչփում,,։Տուն գնալուց հետո էլ հեռախոսով էինք ,,գյալաջի,, անում/ինքը երբեմն տանից էր զանգում, երբեմն՝փողոցի 2 կոպեկանոց ավտոմատ-հեռախոսներից, ու երբեմն լսում էի, որ կողքից պահանջում են, որ խոսակցությունն ավարտի/։Զարմուհիս, որ ինձնից 4 տարով մեծ էր ու ինձ համար ավագ քրոջ կարգավիճակում էր/նրա հետ էի մշտապես կինո-թատրոն գնում,համերգներ՝որոնց տոմսերը ձեռք էր բերում ծանոթների միջոցով, շփվում, հյուր գնում/, չէր խրախուսում իմ հանդիպումները, բայց զգուշացրել ու խիստ պատվիրել էր, որ հանկարծ չլինի թե ընկերոջիցս  թանկ նվերներ ընդունեմ։Եվ ահա, մարտի 8-ին գնացի ժամադրության՝մեր մշտական հանդիպման վայր, ու տեսնեմ, որ մի տուփ՝հանդիսավորությամբ ցանկանում է հանձնել ինձ՝որպես մարտիության նվեր։Պարզվեց, այն ժմանակ լավ հարգի ,,Կարմիր Մոսկվա,, օծանելիք էր։Ես էլ զարմուհուս պատվերն անսալով՝կտրուկ հրժարվեցի օծանելիքն ընդունել, ու պատճառաբանեցի, որ տանը չեմ կարող բացատրել, թե ով է այն նվիրել։Ընկերս,երբ տեսավ, որ հորդորները չեն օգնում, զայրացած ասաց, որ եթե չվերցնեմ, այն կջարդի իմ աչքի առաջ։Եվ քանի որ դեռ երիտասարդության շեմը ոտք չէի դրել, ու կանացի պայուսակ չէի կրում, ուստի չէր կարող այն ,,խցկել,, չեղած պայուսակի մեջ․ձեռքերս էլ պինդ-պինդ մտցրել էի գարնանային թեթեւ վերարկուի գրպանների մեջ։Չօգնեցին նաեւ իմ հորդորները, թե ,,ավելի լավ է՝տանես մորդ կամ քրոջդ նվիրես,,․ասաց, որ նրանց համար էլ է գնել։Ու․․․ջարդեց այդ 10ռուբլիանոց դուխին, որի վրա, փաստորեն, ծախսվել էր նրա ուսանողական թոշակի 1/3-րդը։Դա իմ վրա շատ ծանր տպավորություն թողեց, ու մինչ օրս չգիտեմ՝ճիշտ վարվեցի,որ չընդունեցի նվերը՝նրան իսկապես վշտացնելով․ թե՞ սխալ։Իհարկե այդ դեպքը առիթ չդարձավ, որ մենք այդ օրը ,,խռովենք,, ու ,,խռով,, հեռանանք, բայց, տարիներ անց,նա իմ սիրտը կոտրեց՝այդ օծանելիքի տուփի նման։

․․․Անցել է ավելի քան 40 տարի։Այսօր առավոտյան զանգեց զարմուհիս եւ շնորհավորեց Մարտի 8-ս, ու ես նրան հիշեցրի այդ շատ հին դեպքի մասին, որից նա անգամ տեղյակ չէր․մի փոքր մտածեց ու ասեց՝,,Տեսնում ե՞ս ինչ ճիշտ խորհուրդներ եմ տվել քեզ,իսկ մարդիկ կային, որ ասում էին, թե ես քեզ սխալ խորհուրդներ եմ տալիս,,։

Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


понедельник, 19 февраля 2018 г.

AZAT ANKAKH: Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վ...

AZAT ANKAKH: Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վ...: Հուշեր՝վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթի մասին 1994-96թթ․թղթակցում էի վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթին/մանկավարժական...

воскресенье, 11 февраля 2018 г.

,,Մեր վախտ էր, որ սամակատ էր,,

7-8 տարեկան մի տղա երեխա էր այսպես կոչված ,,կվադրատիկ,, քշում մայթի վրա․հայրն էլ մի 15 մետր հեռավորության վրա հետեւելով ու ետեւից գնալով՝բարձր ձայնով հրահանգներ էր տալիս ճանապարհային ոստիկանի նման․,,աջ թեքվի․․․ձախ գնա․․․արագ մի քշի․․․․կանգնի․․․․մայթը չանցնես,չանցնես մայթը․․․,,։Այդ տեսարանը երանությամբ դիտող 2 տարեց տղամարդկանցից մեկը կարոտախտով, թե ափսոսանքով՝ ասաց․,,Մեր վախտ է՜ր, որ սամակատ էր,,։

․․․Էս ,,կվադրատիկը,, նախկին՝սովետական տարիների ,,սամակատի,, կատարելագործված տեսակն է կամ՝դրա ու մանկական ավտոմեքենայի ,,հիբրիդը,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 28 января 2018 г.

Ձմեռային նոթեր

Կարճ, կարմիր կիսաշրջազգեստով ու կարճ բաճկոնով, կապրոնե գուլպաներով ու կիսաճտկավոր կոշիկներով մի շատ երիտասարդ կամ պարմանի աղջիկ՝անհոգ տեսքով,  շրջապատի կարծիքն արհամարհած ունենալով/այն, թե ,,տեսնես էս ձմեռ օրով չի մրսու՞մ, որ ոտքերը բացել է,,/, հաղթական տեսքով քայլում էր փողոցով։Տարեց կանայք խեթ-խեթ ու չարացած նայում էին, տղամարդիկ՝զմայլվում ու ետ շրջվում կողքով անցնելուց հետո, իսկ ես իմ պատանեկությունն էի հիշում, որ նմանապես՝ձմեռ օրով, կարճ կիսաշրջազգեստով ու թեթեւ բաճկոնով՝դպրոց էի հաճախում բարձր դասարանում, քանի որ շատ ցուրտ չէր, դպրոցն էլ տանից մոտիկ էր, տունն էլ ջեռուցվում էր՝կենտրոնացված ջեռուցմամբ․ընդ որում՝առանց գլխարկի էի ձմեռները սովորաբար, գլխարկ կրել չէի սիրում․շատ-շատ՝ժամանակակից կեպի/ի տարբերություն վերոնշյալ աղջկա, որ հաստ, գործովի գլխարկով էր/։Բնականաբար, եթե մարդը տաք, ջեռուցվող բնակարանից է դուրս գալիս՝ցուրտը կարող է ոչ միայն սարսափելի չլինել այլեւ հույժ ամհրաժեշտ՝շոգից թարմանալու համար։Հիում եմ նաեւ, որ ավարտական դասարանում, ձմեռային արձակուրդներին դասարանով Մոսկվա էինք գնացել՝դասղեկի գլխավորությամբ, ու շոգ մետրոյից դուրս գալուց հետո, մինուս 24-ի պայմաններում պաղպաղակ էինք ուտում։Դրա համար՝սովետական տարիներին կանայք ձմռանն էլ էին կապրոնե գուլպաներով լինում․իսկ հիմա՝սակավաթիվ դեպքերում կարող ենք ձմռանը կապրոնե գուլպաներով կանանց տեսնել․գրեթե համատարած՝անդրավարտիքով են․․․ կանանց մի զգալի մասն էլ մշտապես տաք-տաք փաթաթված քուրքի մեջ, ձեռքերը ցրտից շփելով, ստիպված է օրվա մի մասն անցկացնել դրսում,որ ապրանք վաճառի ու օրվա հացի խնդիրը կամ հոգա, կամ՝չհոգա, եթե առեւտուրն իրեն չարդարացնի․․բա էս կարգի երկիր ե՞ն պահում․․․սովետական կարգերը ոմանք միայն 30-ականների բռնաճնշումների տեսոքվ են հիշում, բայց չեն հիշում, որ 60-80-ականներին մարդիկ առանց խտրականության՝ապրում էին հարմարավետ պայմաններում, ջեռուցվող բնակարններում, որ շատերի համար 20 տարի է՝դարձել է վերհուշ․․․Դրա համար էլ կանայք աստիճանաբար կորցնում են իրենց կանացիությունը։Փայտի վառարանի մոտ կռացած, մոխիր խառնող, կրակ կպցնող ու կրակը փչող կինը կարո՞ղ է կանացիությունը պահպանել․․․

Լուսահոգի մորս հենց  այդ կարգավիճակով եմ հիշում՝1990-ականներից, երբ վաղ առավոտյան աշխատում էր անպայման բոլորիցս շուտ արթնանալ, որ բնակելի շենքի երրորդ հարկում, փակ պատշգամբում տեղադրված փայտի վառարանը վառի, նախաճաշ պատրաստի, որ մեկիս դպրոց ուղարկի, մնացածներիս՝աշխատանքի։/Ինքն այնքանով էր ,,բախտավոր,, որ մինչեւ 1996թվի կենսաթոշակային ռեֆորմն էր թոշակի անցել՝55 տարեկանից, իսկ գործարանում, որտեղ ինժեներ էր աշխատում, արդեն աշխատանքային կրճատումներ էին եղել, ու ստիպված դարձել էր թոշակառու-տնային տնտեսուհի․․․/Ի տարբերություն մորս՝ես հիմա, չնայած նրա այն ժամանակվա տարիքին եմ գրեթե հասել, բայց՝թոշակ կամ աշխատավարձ չստացող ու անեկամուտ բլոգեր եմ, քանի որ թոշակի շեմը հասցրել են 63-ի, որից դեռ շատ հեռու եմ ու հարց է՝կհասնե՞մ այդ տարիքին, թե՞չեմ հասնի, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ կրճատեն մարդկանց կյանքի տեւողությունը․․․

Անկախության 28-րդ տարին է, բայց շատերն իրենց բնակարաններում դեռ փայտ են վառում ձմռանը,որովհետեւ էներգիան թանկացել է/ի տարբերություն իշխանահպատակ կառույցների, որոնք շարունակում են ջեռուցվել՝կաթսայատների միջոցով/։Եվ այս ծանր, ամարդկային պայմաններում գոյություն քարշ տվող մարդկանց թոշակի տարիքը 55-ի հասցնելը/երբ որ աշխատաշուկայի պահանջարկը մինչեւ 35-40 տարեկանն է/, առնվազն դահիճություն է։Իսկ ազգային ժողովում երբեւէ այս առթիվ որեւէ պատգամավոր հարց չի բարձրացնում․սա էլ առնվազն ազգադավություն է, երբ չտեսնելու են տալիս մարդկանց գերխնդիրները ու ձեվացնում, թե այս երկրի միակ գերխնդիրը թանկացումներն են։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 26 января 2018 г.

Միջտիեզերական գագաթաժողով

Վաղ առավոտյան ագռավներն ու կատուները միջտիեզերական գագաթաժողով էին հրավիրել․ագռավները մի հսկա երամով կռավում էին շենքի կտուրից՝ներքեում գտնվող կատուների վրա/երեւի չարախնդալով՝,,թե կարաք՝բռնեք մեզ, դե բարձրացեք կտուր է՜․․․մեծ-մեծ մլավում եք, դե հասեք կտուր տեսնեմ ոնց եք հասնում,,/։Կատուներն էլ անզոր ողբալացով էին արձագանքում։Շատ անհավասար ,,ռազբոր,, էր, որի ,,բազարի,,թեման անհայտ էր։Բայց եթե հավասար մրցակցային պայմաններ լինեին՝,,առողջ մրցակցության,, համար, ագռավները հաստատ կպարտվեին գետնի վրա, եւ ոչ թե կտուրից կչարախնդային, որովհետեւ կատուները վերջերս սկսել են պաշտպանել իրենց նետված հացի պատառների "սեփականության իրավունքը", երբ ագռավները փորձում են նրանց "հացին վայիս լինել", ու կատուների կողմից ընդամենը մեկ քայլ առաջանալն ու թաթիկով վախեցնելը բավարար է լինում, որ ագռավները թռչեն-փախչեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ