1988թ․երկրաշարժի հետեւանքով Մինսկի ,,Զուբրյոնոկ,, ճամբարում տեղակայված հայկական ժամանակավոր դպրոց որպես մանկավարժ գործուղված ժամանակ նամակներ էի ուղարկում հարազատներիս, ու հիմա որոշեցի դրանց մի մասը՝որոշակի շտկումներով ու գրական տեսքի բերած՝հրապարակել,դրանցում արտացոլվում է այն ժամանակվա ներքաղաքական կյանքը եւ այդ կյանքում տեղ գտած հետաքրքիր կերպարներ, դեմքեր։Նշեմ, որ էվակուացվածների թվում, ի թիվս լենինականցի-կիրովականցի-սպիտակցի, ստեփանավանցիների, էին նաեւ սումգայիթցի-կիրովաբադցիներ,որոնք նախ որպես փախստական՝1988թվին Ադրբեջանում տեղի ունեցած փետրվարյան ջարդերից էին փախել Հայաստան, այնուհետ, Հայաստանում դեկտեմբերյան հզոր երկրաշարժից հետո՝ստիպված էին էվակուացվել Բելառուս։
․․․Սումգայիթցի կինը Լենինականում ապրելիս է եղել, ունի 1 տղա,ամուսինը սպանվել է Սումգայիթի ջարդերի ժամանակ, իսկ իրեն ու երեխային ադրբեջանցի հարեւանն է թաքցրել։1000ռուբլով թուրքի անձնագիր է առել՝փախել Լենինական։Ասում է՝Լենինական որ ապրում էինք նորակառույցում, լենինականցիք եկան բողոքեցին, թե մենք պիտի ապրենք, զոռով մտան շենք, դեկտեմբերի 6-ին տեղական իշխանություները մի կերպ դուրս են արել՝ներխուժողներին, բայց դեկտեմբերի 7-ին էլ երկրաշարժն է սկսվել։Ասում է՝մին էլ տենամ օթը սենյակը մինը դառավ։Պատմում է, որ երկրաշարժի օրը տրոլեյբուսի գծերը պոկվել էին, մարդկանց գլուխ-թեւ, ոտք խառնվել իրար, մեկի աչքն էր պոկվել, մեկի թեւը, մարդ-արյուն խառնված՝լրիվ սարսափած փախչելիս են եղել։
/Փաստորեն, սումգայիթցի կինը՝Գյուլչորան, ջարդերից փախել էր Լենինական, բայց 10 ամիս անց էլ ստիպված է եղել Լենինականից էվակուացվել։Ի դեպ, ճամբարում, մինչեւ ինձ որպես մանկավարժ սենյակ հատկացնելը՝2 շաբաթ Գյուլչորայի ու նրա մանկահասակ երեխայի հետ նույն սենյակում էի բնակվում, հետո ինքը ժամանակավորապես՝1 ամսով մեկնեց Լենինական, ու մի առ ժամանակ էլ սենյակը հանձնվեց ինձ, մինչեւ Մեղրուտից մի ընտանիք էլ տեղափոխվեց Հայաստան ու նրանց սենյակ տեղափոխվեցի։Լենինականից եւս 5 երեխայի հանձնել էին Գյուլչորային,որ իր հետ բերի Բելառուսիա, քանի որ այդ երեխաները երկրաշարժի հետեւանքվ ծնողազուրկ էին դարձել,հետո այդ երեխաների ճակատագիրը թե ինչպես տնօրինվեց՝չեմ հիշում/։
․․․Գյուլչորան ամբողջ օրը երեխայի վրա զայրանալիս՝ ասում է․,,Այ զյուլում եթի՜մ․․․հի՞նչ ըս օզում, տի նա նեւո պասմատրի է՜․․․,,։
․․․Ճամբարի պետը՝Ժուկը, արձակուրդում է․Գյուլչորան գնում է նրա տեղակալի մոտ, ասում է՝,,Մեզ ավտոբուս տվեք, գնանք Մինսկ՝ատամների համար,,։Տեղակալն էլ ասում է՝բենզին չկա, Գյուլչորան էլ թե՝,,բենզին չկա՝էդ խալիներն ու խալադելնիկները, որ մեր համար ստացել ես, ծախի՝բենզին արա, իմ հի՞նչ պետքն ա, թե դու բենզին չունես, խալիները դու մեզ համար ես ստացել, ես դրանք կարամ հետս Լենինական տանեմ,ծախի՝բենզին արա,,։
․․․Խեղճ սումգայիթցին ամբողջ օրը բողոքելով ման է գալիս, գնացել է դպրոց, թե ,,ինձ 40 ռուբլի տվեք՝հետ եմ գնում Հայաստան,,։Լենինականցիք անունը դրել են թուրք․որովհետեւ ասում է՝,,Մեր հի՞նչ պետքն էր ձեր Ղարաբաղը, դուք էնտեղ՝Հայաստանում Ղարաբաղ էիք գոռում, հող էիք ուզում,մեզ էնտեղ՝Սումգայիթում կըտորըմ էին, բա ինչի՞ մինչեւ էդ շատ լյավ ապրում էինք հետները,,։
․․․Ճամբարի պետը՝Ժուկը, բելառուս է, հայասեր, տեղակալը՝Մալինովսկին, 25-26 տարեկան, հայերին չի սիրում՝հերիք չէ, թուրքերին է սիրում։Ասել է՝,,Եթե դուք չգայիք էստեղ, պետք է 640 թուրք երեխա բերեին,,/այսինքն՝ադրբեջանցիներ/։Ջոկատավարուհիներից մեկը թուրք է՝Բաղիրովա, բայց աշխատում է հայերից ազգանունը գաղտնի պահել։Իսկ Մալինովսկին ջոկատավարներից մեկին մեկ շաբաթ առաջ հեռացրել է ճամբարից, քանի որ այդ տղան՝Ռոմանը, որ ազգությամբ լեհ է, մտերմություն էր անում մի հայ տասներորդ դասարանցի աղջկա հետ, ու որոշել էր Հայաստան գալ ապրելու։Մի անգամ Մալինովսկին հայ տղաներին անվանել էր ,,սվինյա,,, ու ծնողները բողոքել էին․ ՑեԿա-ից Մալինովսկուն սեղմել էին մի քիչ․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий