Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
пятница, 21 сентября 2018 г.
90-ականների ,,Ոսկու շուկան,, եւ վաուչերները․․․հեյ գիտի հա՜․․․․
пятница, 31 августа 2018 г.
Հին բարքերը՝նոր Հայաստանում
Մի տհաճ տեսարանի ականատես եղա։Միջին տարիքի բեռնակիրը՝վտիտ արտաքինով, կարճահասակ, պատահաբար կպել էր, թե անզգույշ էր գետնին դրել մակարոնի հսկայական պարկը, ու մթերքից մոտ կես կգ-ի չափ՝թափվել էր գետնին։Ապրանքի հաղթանդամ տիրուհին՝գրեթե նրա տարիքի կամ ավելի երիտասարդ, ձեռքերը կողքին կանթած՝սկսեց բղավել ու լուտանքներ թափել վրան՝թույլ չտալով անգամ վերջինս արդարացման մի խոսք ասի, ու ,,բեյնին,, գալիս էր․,,Հիմի գլուխդ կջարդեմ,․․․․,,Հիմի բերանդ կջարդեմ,,․․․․Այ անասուն․․․․,,։Ի վերջո եթե այդքան մեծ վնաս էր հասցվել ապրանքի տիրոջը/եթե, իհարկե, ,,մեծ վնաս,, կարելի էր համարել մեծածախ ապրանքի կետի համար՝100դրամը/, ապա ապրանքի տերը կարող էր առնվազն բեռնակրի վարձը պակաս տալ, եւ ոչ թե՝իր գերազանցությունը շրջապատին ապացուցելու նպատակով մարդու արժանապատվությունը նսեմացներ։Եթե հրապարակավ են այս կերպ վարվում/համանաման դեպքեր էլի են նկատվել/, ապա ի՞նչ կլինի վիճակը՝պատերի ներսում։Առհասարակ, որպես կանոն՝բեռնակիրների մեծ մասն ամենավերջին ստորացումների են ենթարկվում՝ժամանակակից ,,բազազների,,կողմից։
Կարծում ենք, մի արհմիություն էլ պետք է վարձու աշխատողների համար/նշենք,որարտասահմանում տնային աշխատողների արհմիություն կա/։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 12 августа 2018 г.
,,Մենք ենք տերը մեր երկրի,,
Ո՞նց կարաս դու քեզ քո երկրի տեր զգաս, եթե անգամ քաղաքիդ տեր չես կարող լինես, որովհետեւ ինչ-որ ,,չուժակներ,, եկել են քո շենքի/որտեղ ապրել ես մոտ 45տարի/ առաջին հարկի տարածքն առել ՀՀԿ-ական քաղաքապետ Դարբինյանի օրոք, տարիներ շարունակ ձեւել՝ըստ ,,նպատակահարամարության,,/վթարային կարգ ունեցող շենքի հիմքերը խախտելով/, ու հիմա էլ մի տարածքի չափ ապօրինի զավթել են ու կցակառույց կառուցել, ու դու հա բղավի՜ ՝համացանցում, դեռ շինարարությունն սկսելուց առաջ, երբ դեռ նոր էին ,,թադարեք,, տեսնում․․․լսո՞ղն ով է․․․Գլուխներս գնաց արդեն, 5-րդ ամիսն է գնում՝օրն սկսվում է ապօրինի շինարարության թխկթխկոցներով, բահ ու քլունգի հարվածներով, դեռ մի առանձին հատված էլ ,,վեչնի,, շինարարական ցեխու ավազի մեջ թաղված ու բակի ելումուտը փակած․․․․փոխանակ բնակիչները պայքարեն այդ ապօրինության դեմ, դեռ երեխաներին խրատում են, թե հանկարծ ցեխի հետ չխաղան, որ հանկարծ ,,ձյաձյաները չջղայնանան,,․,,մենք ենք տերը մեր երկրի,,․ողբամ զմեզ՝հայ ժողովուրդ․․․Մինչեւ ե՞րբ են տեղական համապատասխան մարմինները, որոնք կոչված են պայքարելու ապօրինությունների դեմ ու դրա համար պետական աշխատավարձ են ստանում, իրենց կույրի ու խուլի տեղ դնելու, իսկ նրանց փոխարեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, ի շահ այդ հասարակության՝հասարակական կարգով փորձեն օրինականություն հաստատել․․․
․․․Համոզվելու համար՝համեցեք Վանաձորի Կ․Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի միջեւ գտնվող ,,բռնազավթված,, տարածք, տեսնելու,թե ինչ է կատարվում այդտեղ թե այս հեղափոխությունից առաջ, թե հետո․եւ դեռ հարց է, մասնավոր զնդան հիշեցնող ապօրինաշինության հեղինակներն արդյո՞ք տուգանք են մուծել․հուսով ենք, դա կպարզի նորաստեղծ պետական վերահսկողությունը, որ առայժմ մայրաքաղաքի ապօրինի կառույցների հաշվառմամբ է զբաղված։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎԵՓՅԱՆ
,,Բա տեսա՞ր ոնց էս մեկին էլ գցեցին,,-ասաց Վանաձորի մանկավարժականի համալսարանի երկարամյա մի աշխատակից՝ՀՀԿ-ական ռեկտորի հեռացման առթիվ։Նշենք, որ ներկայիս ռեկտորը պաշտոնավարում էր 2006թվից՝նախկինի հրաժարականից հետո։Իմ զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ հիմա բուհում ստուգումներ են կատարվում/այնպես, ինչպես հանրապետության այլ բուհերում-Գ․Հ․/։
․․․Ո՞նց տեսնեմ կամ իմանամ, եթե այդ մասին միայն համացանցում է տեղեկատվություն եղել/որի մասին էլ ուրիշներից իմացա, քանի որ համացանցում էլ չէր աչքովս ընկել այդ լուրը/, ու այդ տեղեկությունը սկզբում հերքվել, հետո հաստատվել էր։,,Բա հիմա ու՞մ են դնելու նրա փոխարեն,, հարցիս՝իմ զրուցակիցն ասաց․,,Ո՞վ գիտի,,․ու կես-կատակ ավելացրեց․,,Դու ավելի լավ կիամանաս,,։Էդ ո՞վ էր ինձ զեկուցելու, որ իմանայի։Երեկ էլ մի հին լոռեցի ՝քաղաքական ակտիվիստ, ասում է՝,,Չգիտե՞ս, Նիկոլը դեռ Տավուշում է՞, թե՞ արդեն գնաց,,։Ու էնքան զարմացավ, որ չգիտեի, որովհետեւ հիասթափվածի նման ասաց․,,Չես հետեւում հա՞․․․․,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 27 июля 2018 г.
Ձորագէսի պատմությունը պետք է պահպանվի ոչ միայն ալբոմում, այլեւ՝պատմության թանգարանում
Ձորագէսի նախկին երկարամյա գրադարանավարուհի, միայնակ թոշակառու Ելենա Անդրեասյանը/Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ենոք Անդրեասյանի դուստրը/, ալբոմում խնամքով հավաքել է 85-ամյա Ձորագէսի պատմությանը վերաբերվող հոդվածներ՝մամուլի արխիվից, որոնք փրկել է ոչնչացումից՝ակումբի ու գրադարանի լուծարումից հետո։Հոդվածների մի մասի վրա մակագրել է տարեթիվը, մյուսների տարեթիվը հնարավոր է աչքաչափով կռահել՝հոդվածի բովանդակությունից։Ալբոմի հոդվածների ընթերցումից պարզեցինք, որ Ձորագէսին վերաբերվող հրապարակումները հիմնականում երբեմնի ,,Գուգարք,, թերթից են, իսկ ակտիվ թղթակիցներից է եղել Դեբեդ-Կասկադ ՀԷԿ-ի նախկին տնօրեն, լուսահոգի Գարեգին Թորոսյանը/ով նույնպես ընտանիքով բնակվում էր Ձորագէսում/։Հոդվածների զգալի մասի հեղինակն էլ ինքը՝Ելենա Անդրեասյանն է, ով լուսաբանել է ակումբում տեղի ունեցող միջոցառումները/Իսկ ոդվածներից մեկում հանդես է եկել որպես Հրուշիկ Անդրեասյան/։Ակումբում միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ 1990-ականներին, քանի դեռ ակումբն ու գրադարանը չէին լուծարվել։Ձորագէսում ակումբը պահպանվեց միչեւ 1990-ականների կեսերը կամ վերջերը, հիմա այդ շենքը, որ մասամբ էլ բնակելի է,կիսավեր վիճակում է․տարիներ շարունակ մեկ՝համայնքին է անցել ՀԷԿ-ից, մեկ՝ նորից ՀԷԿ-ին, ինչ-որ մի հատվածում էլ ՊՆ-ին է պատկանել, ու հիմա, նախորդ կառավարության օրոք վաճառվել է սեփականատիրոջ։-Գ․Հ․/։
Հոդվածների մի մասի հերոսները երբեմն էլ թղթակցի կարգավիճակով են եղել։Հոդվածներում լուսաբանվել է ավանի հասարակական կյանքը/այդ թվում՝տեղական ընտրությունները/, մարդկանց առօրյան՝հիմնականում մինչեւ անկախացումը։Պատմվել է ոչ միայն առաջավոր աշխատողների,վետերանների, այլեւ՝պատանի- երիտասարդների մասին։Հոդվածներ կային վարպետներ Գարեգին Հարությունյանի, Դերենիկ Մխոյանի, Գրիգոր Մկրտչյանի, ՀԷկ-ի երկարամյա աշխատող Ղարիբ Գալոյանի եւ այլոց մասին։Իսկ 85-ամյա Ձորագէսի շինարարությանը մասնակցած ,1915թվի Եղեռնից մազապուրծ Գարեգին Հարությունյանի կյանքի մասին ,,Գուգարքի,, թղթակից Պ․Սուքիասյանը 1988թվի հունվարի՝,,50 տարի կուսակցության շարքերում,, խորագրի ներքո հոդվածում գրել է․,,Թաքուն հիացմունքով հետեւելով վահագնեցի Արաքսյա Կոստանդյանին, որ նույնպես աշխատում էր ՀԷԿ-ի շինարարությունում, Գարեգինը նրանից էր առնում մոր ու քույրերի՝Արաքսից այն կողմ մնացած ու կարոտը մշուշ դարձած երկրի կարոտը։Բայց մի նոր աշխարհ էր ոգեշնչում նրան, եւ Ձորագէսի բացման հանդիսավոր տոնակատարությունից հետո շինարարության կոմերիտականները պսակում են Գարեգինին եւ Արաքսյային,,։Ձորագէսին վերաբերվող մի հրապարակում էլ կար Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Մ․Մեսրոպյանի հեղինակությամբ։Եւս մեկը՝Ձորագէսին նվիրված հոդվածներից ,գրել էր արձակագիր-դրամատուրգ Սամվել Խալաթյանը։Կարծում եմ, եթե ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան, ապա կգտնվեն նաեւ այլ նյութեր՝պահպանված ձորագէսցիների մոտ։
․․․Իմ ծննդավայր Ձորագէսը տվել է ոչ միայն վարպետ-էներգետիկներ, այլեւ՝բժիշկներ/մանկաբույժ Վանունի Մատինյան, գինեկոլոգ Ռաիսա Սահակյան/, մանկավարժներ Անժելա Շովգարյան, Լյուդմիլա Կոստանդյան,Ալվարդ Մելիքսեթյան/, հայտնի դիզայներ-ծաղկաբույծ Դոնարա Կոստանդյան, ձորագէսյան արմատներ ունեն ճամփորդ,երգիչ Վարդան Սարգսյանը, երգչուհի Հասմիկ Կարապետյանը /ձորագէսյան ծոռներ են/։
Ձորագէսը ոգեշնչել է, տվել է բանաստեղծական ձիրք ունեցող մտավորականներ։Երկարամյա դեղագործ Աիդա Միքայելյանն առայժմ իր բանաստեղծությունների մի փոքր մասն է զետեղել համացանցում, մնացածները ՝ներանձնական, չի տեղադրել, ասելով․,,Դրանք ինձ համար եմ գրել, իմ մտածմունքներն ու հույզերն են, չեմ ցանկանում հրապարակայնացնել,,։Ո՞վ գիտի, միգուցե մի օր մտափոխվի։Ի դեպ, Աիդա Միքայելյանն իր հուշերը՝հին Ձորագէսի մասին, ձեռագիր տեսքով բազմացրել եւ բաժանել է իր մտերիմ ձորագէսցիներին։Իսկ ՀԷԿ-ի նախկին տնօրեն, լուսահոգի Ռաֆիկ Հակոբյանի որդին, որ շարունակում է հոր գործը՝ՀԷԿ-ում, հավաքել եւ հրատարակել է հոր՝անտիպ բանաստեղծությունների գիրքը,որ անհնար է կարդալ առանց հուզմունքի։Գիրքն ընթերցել եմ երկարամյա մանկավարժ,դպրոցի նախկին գրադարանավարուհի,ազգությամբ ուկրաինուհի Նինա Շեւչենկոյի տանը։
․․․Դառնանք զօղորմին տանք Ձորագէսի դպրոցի նախկին տնօրեն Անդրանիկ Մատինյանին,ուսմասվար Ռաֆիկ Պետրոսյանին, մանկապարտեզի նախկին վարիչ Վարդուշ Թորոսյանին,երկարամյա մանկավարժ եւ մանկապարտեզի դաշնակահարուհի Ռիմա Սահակյանին․ նախկին հիվանդանոցի ամենահին բժիշկ Սարգիս Աթաբեկյանին։
․․․Ձորագէսն ունի ոչ միայն արժանավոր զավակներ, այլեւ՝փեսաներ․ՎՊՄԻ քաղտնտեսության երկարամյա դասախոս Կորյուն Թորոսյան, ճանաչված շախմատիստ Գեորգի Հովսեփյան/ձորագէսցիները Հովիկ էին ասում/, ,,Արարատի,, նախկին մարզիչ Լեոնիդ Զախարով, եւ, վերջապես՝սփյուռքահայ երգիչ Սերժ Թանկյան, ով տարիներ առաջ կնոջ՝ձորագէսյան արմատներով Անժելա Մադաթյանի հետ հանգստանում էր Ձորագէսում։
․․․․Վերջին 20 տարիներին գրել եմ Ձորագէսի նոր պատմությունը՝1988թվի երկրաշարժից հետո, տարբեր թերթերում/,,Առավոտ", ,,Հրապարակ", ,,Ժամանակ Երեւան,,/,բայց՝ամենաշատը գրել եմ 2011թից սկսած՝համացանցում/անձնական բլոգներում եւ ֆեյսբուքում/։Միգուցե դրանք մի օր հրատարակեմ նաեւ գրքով։Իսկ առայժմ հին ու նոր հրապարակումներս համախմբվում են ֆեյսբուքի ,,Ձորագէս,, խմբում ու համախմբում նաեւ ձորագէսցիներին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 18 июля 2018 г.
Ինչպես ես ծանոթացա համակարգչի հետ եւ դարձա նրա բարեկամը
1999թվի սեպտեմբերից հետո, երբ ,,Առավոտում,, մեծաքանակ կրճատումներ սկսվեցին ու թերթը ամենօրյա 16 էջից դարձավ 8 էջանոց, ես էլ հայտնվեցի կրճատվողների ցանկում/բայց՝շարունակում էի գրել ,,յա բախտի,, հոնորարային կարգով, ուրիշ թերթերին զուգահեռ, որ ինչ-որ մի բան ,,դուրս գա,,մի քանի հոնորարներից/։Մինչ այդ ,,Առավոտին թղթակցում էի 1995թվից՝հոնորարային կարգով, մինչեւ 1997թիվը/։Եվ ահա, 2000թվին վանաձորյան մի իրավապաշտպանի միջնորդությամբ ,,բախեցի,, ,,Հայկական ժամանակի,, ,,դուռը,,․թերթն այդ ժամանակ արմատական ընդդիմադիրի համբավ ուներ/ ի տարբերություն ավելի հավասարակշիռ ,,Առավոտի,,/։,,Հայկական ժամանակի,, խմբագրության ներսում մի մակագրություն նկատեցի՝,,Խմբագրին չներվայնացնել,,․ինչից երեում էր, որ աշխատակիցների հումորը տեղն է։Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պայման դրեց, որ մշտական թղթակցության պարագայում հարկ կլինի նյութերն ուղարկել ինտերնետով/ինտերնետն այդ ժամանակ դեֆիցիտ էր․միայն տպարաններում կար, իրավապաշտպանների մոտ, մեկ էլ՝մարզպետարան-քաղաքապետարանում/, ու խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե որտեղից կարելի է ինտերնետով նյութ ուղարկել/Մինչ այդ՝թղթակցություններս ,,Առավոտին,, ուղարկում էի հեռախոսով թելադրելու կամ ֆաքսին հաղորդագրություն թողնելու միջոցով, կամ էլ՝ամիսը մեկ-երկու անգամ ուղեւորվում էի Երեւվան ու համ նյութեր էի տանում, համ հոնորար կամ աշխատավարձ ստանում/։Չնայած ,,Հայկական ժամանակի,, հետ կայուն համագործակցություն չստացվեց, բայց ինտերնետ փնտրելու արդյունքում նյութերն այդ ճանապարհով ուղարկելու փորձ ձեռք բերեցի՝այլ թերթերի հետ համագործակցության ժամանակ/այդ թվում ՝ինձ հետ համագործակցությունը 2002-2005թվերին վերականգնած ,,Առավոտի", հետո արդեն՝,,168 ժամ,, ,,Փակագիծ,, ,,Ժամանակ-Երեւան,, եւ այլ թերթերի ու տեղեկագրերի, իրավապաշտպան հանդեսների հետ։
Մինչեւ 2009թիվը սեփական էլեկտրոնային հասցե չունեի, եւ նյութերն ուղարկում էի ինտերնետային գրասենյակների օպերատորների էլեկտրոնային հասցեներից։2009թվի աշնանը ինձ համար արդեն հարազատ դարձած ինտերնետ-ակումբի երիտասարդ օպերատոր Սուսիկը/որ իմ հոդվածներն էր հավաքում ու կատակում, թե ,,փաստորեն ձեր առաջին ընթերցողը ես եմ,,/ հայտնեց, որ ինքն արդեն այլ աշխատանքի է անցնում, եւ, որպեսզի ես հետագայում դժվարությունների առաջ չկանգնեմ, առաջարկեց ինձ համար էլեկտրոնային հասցե բացել։Հենց նրա օգնությամբ էլ բացեցի էլ․հասցե, եւ դրանից հետո արդեն նյութերս հավաքող օպերատորներն իմ հասցեից էին ուղարկում։Ընդ որում, 2009թվին էլ լրագրողական իմիջին վայել լուսանկարի անհրաժեշտություն առաջացավ, երբ իմ նյութերից 2-ը տպագրած կայքերից մեկն առաջարկեց լուսանկար ուղարկել․դե Սուսիկն էլ տեղնուտեղն ինձ նկարեց իր բջջայինով/ու հենց այդ նկարն էլ 2 տարի անց՝տեղադրեցի ֆեյսբուքում գրանցվելիս՝որպես պրոֆիլային, ու մինչ օրս մնում է/։
2011թվին ստիպված էի թերթային անկայուն կախվածությունս փոխարինել համացանցային կայուն անկախությամբ, ու ավելի անկախ գրել, առանց թերթային գրաքննության, ու գրանցվեցի ֆեյսբուքում՝իմ վաղեմի ծանոթ, երկարամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի խորհրդով։Համացանցում մի օր աչքովս ընկավ երբեմնի գործընկերուհուս/,,,,Ժամանակ-երեւան,, եւ ,,Հրապարակ,, թերթերից/, լուսահոգի Գայանե Բաբայանի մասին հոդված՝մի բլոգում, ու որոշեցի ես էլ բլոգ բացեմ։Համակարգչային օպերատորի օգնությամբ տեղնուտեղը բլոգ բացեցինք ու անունն էլ հանպատրաստից միտս եկավ՝,,Ազատ, անկախ,,/ու այդպես էլ կնքեցի՝լատինատառ/։Դրանից հետո ակումբի օպերատորը նյութերս հավաքում էր բլոգում եւ ափսոսանքով ասում․,,Հիմա սա ոչ մի թերթի չենք ուղարկու՞մ․ բա թենց ոնց կլինի, դուք փաստորեն չեք վարձատրվում,,/։
2012թվին մի օր պարզվեց, որ համակարգչային օպերատորն այդ պահին զբաղված է, եւ անգամ այդ օրը չի կարող նյութս հավաքել։Հենց այդ ժամանակ որոշեցի ինքս իմ նյութերը հավաքել փորձեմ։Ըստ այդմ՝համակարգչի լատինատառ այբուբենը հատ-հատ արտագրեցի թղթի վրա՝կողքը գրելով դրա համարժեք հայերեն տառերը, ու սկզբում այդ ,,հուշաթերթիկով,, էի հավաքում նյութերս/արդեն բլոգում, որ բացել էի 2011թվին/։Սկզբի համար դա աշխատատար ու ծախսատար պրոցես էր․բայց՝բարեբախտաբար տվյալ համակարգչային կետում զեղչեր էին գործում կանանց համար ու երկրորդ ժամն էլ անվճար էր։․․․Չիք չարիք՝առանց բարիքի․երբ ինտերնետ-ակումբներից որեւէ մեկը փակվում էր՝սկսում էի նորը փնտրել, ու պարզվում էր, որ այդ նորն ավելի մատչելի է, հետո երբ սկսեցին օպերատորները քչություն անել, սկսեցի սովորել ինքս հավաքել իմ նյութերն ու փառք Աստծո, արդեն 6 տարի է, ոչ միայն իմ, այլեւ երբեմն՝ծանոթ-մտերիմների տեքստերն ու նամակներն էլ եմ հավաքում հարկ եած դեպքում։Հետո արդեն ինքնուրույն՝եւս երկու բլոգներ ստեղծեցի՝Լրագրողական նոթեր եւ Պատմաքաղաքական բլոգ։Փաստորեն, կար ժամանակ, երբ համակարգիչն ինձ համար խորթ էր ու օտար, անգամ՝թշնամաբար էի տրամադրված համակարգչի նկատմամբ, քանի որ ընդունված կարծրատիպ կար, որ համակարգիչը ,,երեխու,, կամ ,,ջահելի,, բան է, ,,մեծերի համար,, չի, ու ավագ սերնդի համար այն ժամանակավրեպ է, բայց կյանքն ապացուցեց, որ ավագ տաիքում էլ կարելի է վերամասնագիտանալ ու ինտեգրվել ժամանակակից տեխնոլոգիաներին։Բայց այ՝երիտասարդ զարմուհուս, որ, ի տարբերություն ինձ, համակարգչային դասընթացների է գնացել, զարմացած հարցրի, թե ինչպես է, որ սոցցանցերում գրանցված չի, քամահրանքով ասաց․,,Ինձ էքան մեծ շրջապատ ունեմ, որ վիրտուալ շփումներն ինձ չեն հետաքրքրում,,։Հիմա համակարգիչն ինձ համար դարել է գոյության ձեւ, կենսակերպ, բայց երբ տեսնում եմ, որ այն կարող է ֆանատիզմի վերածվել, ինքս իմ եռանդը չափավորում եմ ժամանակ առ ժամանակ, աշխատելով ավելի շատ իրական կյանքով ապրել։
․․․․Փաստորեն, ինտերնետին ծանոթանալու համար Փաշինյանին եմ պարտական, ֆեյսբուքում պրոֆիլային նկարիս համար՝Սուսիկին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 11 июня 2018 г.
Ինչու ես չդարձա լրագրողների միության անդամ
Անձնական արխիվներիս մեջ հայտնաբերելով վանաձորյան երբեմնի ,,Տեսադաշտ,, երկշաբաթաթերթի կողմից 1996թ․տրված տեղեկանքը՝որպես երաշխավորագիր ներկայացնելու ՀՀ լրագրողների միություն, որոշեցի անտիպ նյութերիս արխիվից վերջապես արեւի երես հանել նաեւ տարբեր ժամանակներում գրված եւ վերաթարմացված հուշագրությունս՝2017թ․վերջնական տեսքի բերված․այն մասին, թե ԻՆՉՈՒ ԵՍ ՉԴԱՐՁԱ ՀՀ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ։Սա նաեւ հուշագրություն է ավելի քան 20 տարի ՀՀ լրագրողների միությունում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին։ Բարեբախտաբար, տարեվերջին ՀԼՄ-ում տեղի ունեցավ Մեծ բեկում, քանի որ միության 80-ամյա նախագահը՝ավելի քան 2 տասնամյակ իշխած, հրաժարական ներկայացրեց։
․․․1996թվին ՀՀ լրագրողների միությանն անդամագրվելու դիմում գրեցի․այն ժամանակ թղթակցում էի վանաձորյան ,,Տեսադաշտ,, թերթին/համատեղությամբ՝,,Ընտանիք,, եւ ,,Կանչ նախնյաց,,վանաձորյան, ինչպես նաեւ՝,,Առավոտ,, եւ ,,Գիտություն,, հանրապետական թերթերին/, եւ միաժամանակ՝Վանաձորի մանկավարժականի գրադարանում մատենագետի հաստիքով էի։Լրագրողների միություն դիմում գրելուս նպաստել էր այն, որ ,,Հայաստանի հանրապետություն,,թերթում կարդացի միության նախագահ տիկին Ա․Գ․-ի հարցազրույց-պատրաստակամությունը՝միությունը ,,նոր, երիտասարդ կադրերով համալրելու եւ այն թարմացնելու մասին,,։,,Երիտասարդ,, ասելով՝նկատի էր առնվում այն,որ անդամը 50 տարեկան չլինի/այն ժամանակ ես 36 տարեկան էի/։
Նախ՝դիմումս կից փաստաթղթերով մի լավ ,,թթվեց,, երբեմնի ,,Վանաձորյան կյանք,, ռադիոխմբագրի գզրոցներում, այնուհետ այնտեղից ,,պաս տվեցին,, ՀՀ լրագրողների միության Վանաձորի բաժանմունք, որտեղ էլ դիմումս ,,քաղբանտարկյալի,, կարգավիճակում մնաց մինչեւ 1998-99թվերը՝ իշխանափոխության շրջան․ հանրապետությունում իշխանություն էր փոխվել, Վանաձորում էլ՝սկսվել էր փոփոխման սկիզբը։Ի վերջո, մի ,,գեղեցիկ օր,, մի երիտասարդ լրագրողուհու միջոցով հեռախոսով խնդրեցին գնալ տեղական խմբագրություն եւ վերցնել անդամության տոմսը՝5000դրամ մուծելու պայմանով․որպես տարեկան անդամավճար եւ տոմսի պատրաստման արժեք։Միաժամանակ ,,պարզվեց", որ ,,մեղավորը,, ես եմ, որ ,,այդքան ժամանակ,, չեմ հետաքրքրվել տոմսիս ճակատագրով/երեւի տեղյակ չէին, որ այդ առթիվ կոշտ խոսակցություն եմ ունեցել ,,Վանաձորյան կյանք,, ռադիոյի խմբագրի հետ, եւ դրանից հետո դադարեցրել համագործակցությունս, որ հասարակական հիմունքներով էր, ոչ վճարովի/։Հեռախոսային երկար-բարակ բանակցություններից հետո, ի վերջո, անդամատոմսի գինն իջեցվեց 4 հազարի, բայց ես այդպես էլ չէի հասկանում, թե ինչու՞ պետք է միանգամից այդքան գումար մուծի հայաստանյան լրագրողը, երբ որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 3-4հազար դրամ էլ չկար։Ընդ որում,անդամավճարի չափը, փաստորեն, ավելի վաղ էր սահմանվել, երբ նվազագույն աշխատավարձն ավելի քիչ էր։Հետեւաբար, ՀՀ Լրագրողների միության անդամ դառնալ ցանկացողը պետք է հովանավոր գտներ, ահա եւ ձեզ՝մտավորականի կախվածությունը փողատերերից, իսկ ես չէի ցանկանում այդ գնով ՀԼՄ անդամ դառնալ եւ ինչ-որ մեկից կախվածություն ունենալ/գովազդային դաշտում էլ չեի աշխատում/։Ըստ այդմ,միության անդամատոմսը շարունակում էր պատանդ մնալ միությունում եւ, փաստորեն, ամեն տարի ,,փրկագինը,, պետք է ավելանար՝1 հազարով/քանի որ տարեկան անդամավճար էր սահմանվել 1000դրամը/։
Եկավ 2004թիվը։ՀՀլրագրողների միության նախագահ տիկինը/այժմ արդեն՝նախկին/ բացառիկ այց էր կատարել Վանաձոր՝լրագրողական սեմինարի շրջանակներում, որ կամակերպել էր Երեւանի մամուլի ակումբն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։Քննարկվում էր տեղեկատվության ազատության մասին օրենքը։Քննարկմանը, որ տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում, հրավիրվել էի նաեւ ես՝որպես հանրապետական թերթի թղթակից։Ինքս ցանկություն չունեի այդ սեմինարի ժամանակ վերոնշյալ թեմայով խոսել/քանի որ դա սեմինարի հետ առնչություն չուներ/, բայց միության նախագահ տիկինը որոշեց ինձ ներքաշել այդ թեմայի մեջ, ու մի ,,անկապ,, ,,ռազբոր,, սկսվեց այն մասին, թե իբր ես ,,այս եմ ասել, այն եմ ասել,,միության ղեկավարության հասցեին/լրագրողական ներքին շրջանակներում/։Թերեւս, միության նախագահին ,,արջի ծառայություն,, մատուցելու նպատակով, լրագրողական ներքին շրջանակների խոսակցությունը իշխանահպատակ ԶԼՄ-ները ,,մեկը 10 դարձրած,,՝հասցրել էին վերջինիս ականջը՝իմ դեմ հրահրելու նպատակով։Միաժամանակ նրան դուր չեկավ այն հարցադրումս, թե ո՞ր տրամաբանությամբ պետք է լրագրողը միանգամից 4000դրամ մուծի՝վկայական ստանալու համար։Հիմա էլ պարզվեց, որ 4000-ը ,,թյուրիմացություն,, է եղել, եւ գումարը պետք է լիներ 3000դրամ․պարզաբանվեց, որ 2000դրամը անդամատոմսի արժեքն է, 1000-ը՝անդամավճարը/իհարկե՝արդեն անցածի կտրվածքով, որովհետեւ եթե հաշվի առնվեր, որ դիմում գրելու օրվանից՝1996թվից,ինձ անդամագրել են, ու ամեն տարվա կտրվածքով 1000-ական դրամ անդամավճար կարող էր սահմանվել, ստիպված կարող էի լինել նշված գումարից մի քանի անգամ ավել մուծել՝7-8 տարվա կտրվածքով։Միության նախագահ տիկին Ա․Գ․-ն նույնիսկ դիտողություն արեց, որ ես ,,հարցին իրատեսորեն չեմ մոտենում,,։,,Իսկ մի՞թե իրատեսական է, որ լրագրողը կարող է հնարավորություն չունենալ միամգամից այդքան գումար մուծել,,-այս դիտարկումս էլ նրան դուր չեկավ, ու դրանից հետո զարմացած հետաքրքրվեց, որ մի՞թե ես թերթից աշխատավարձ չեմ ստանում, եւ որքա՞ն է կազմում այն/այդ ժամանակ՝29 հազար դրամ, որի հույսին էր մի ամբողջ ընտանիք՝4 անդամից բաղկացած,որոնցից երկուսը՝թոշակառու, մեկը՝վճարովի համակարգի ուսանող/։Բանակռվի վերածված զրույցը շարունակելն արդեն ոչ միայն տհաճ էր, այլեւ՝վիրավորական, երբ փորձ է արվում հաշվել գրպանիդ փողերը։Բայց առավել վիրավորական էր այն, որ միության նախագահն առաջարկեց, որ ես նոր դիմում ներկայացնեմ՝նոր հիմունքներով, ու ինձ որպես լրագրող ներկայացնելու համար՝դիմումիս կցեմ 5 հոդված/այնպես, ինչպես 1996թվին, երբ դեռ 1-2 տարվա լրագրող էի/։Իմ այն դժգոհությանը, թե ինչու՞ պետք է ինձ ներկայացնելու համար նոր դիմում գրեմ,եւ դեռ՝հոդվածներս կցեմ կրկին, երբ որ ,,արդեն 9 տարվա լրագրող եմ,,՝միության նախագահն արդարացավ, թե ,,ես ձեր հոդվածները կարդում եմ իհարկե, բայց միության վարչության անդամներն էլ պետք է կարդան,,։Ստացվում էր, որ Լրագրողների Միության վարչության թերթ չկարդացող անդամները պետք է լրագրողական դաշտում այն ժամանակ 9տարի մշտական գործունեություն ծավալած լրագրողին գնահատեին ու որոշեին՝ընդունե՞լ, թե/ չընդունել։Ի դեպ, մեր ոչ հաճելի զրույցն ընթանում էր Երեւանի Մամուլի ակումբի ու Խոսքի պաշտպանության կոմիտեի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարների/կարծեմ ,,Ինտերնյուսից, էլ կային/, ինչպես նաեւ՝վանաձորյան ԶԼՄ-ների ներկայությամբ։Եվ, երբ նոր հիմունքներով դիմում գրելը համարեցի իմ լրագրողական գործունեության հանդեպ վիարվորանք, ու ասացի, որ այդ դեպքում ես հրաժարվում եմ այդ միության անդամ դառնալուց, ՀԼՄ նախագահ տիկինը, որի թոշակի տարիքը դեռ այն ժամանակ վաղուց էր լրացել, վրեժխնդիր տոնով ասաց․,,Ինչ լավ է եղել, որ ձեզ այն ժամանակ չենք ընդունել,,։Դրանից հետո ես սեմինարի ,,գեղարվեստական մասին,, չմնացի եւ դուրս եկա,իսկ միության նախագահը նետեց․,,Ես գիտեմ, որ դուք այս մասին գրելու եք ձեր թերթում, գնացեք ինչ ուզում եք՝գրեք,,։Իհարկե ես այնքան միամիտ չէի, որ չիմանայի, որ եթե անգամ գրեի, վերջինիս հետ բարի-դրացիական հարաբերություններ ունեցող թերթը դա չէր տպագրի, այլ թերթերի էլ նպատակահարմար չգտա այն հանձնել, բայց՝այն մնաց իմ անձնական արխիվում՝տարիներ շարունակ։Տարօրինակ պատահականությամբ, սակայն, հենց այդ տարում՝2004թվին, անսպասելիորեն դադարեցվեց իմ աշխատանքային պայմանագիրն այդ թերթում, որի հետ թղթակցում էի՝որոշակի գրաքննության պայմաններում։Իսկ դրանից 1 տարի անց՝ վերջնականպես թեքվեցի ընդդիմադիր թերթերի ուղությամբ, որտեղ գրաքննական ռեժիմ չկար․քանի դեռ վանաձորյան տեղական ,,մաֆիայի,, ձեռքը նրանց էլ չէր հասել։
․․․ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ․Հատկանշական է,որ 1995թվին ,,Հայաստանի հանրապետություն,, թերթում ՀԼՄ նախագահը ոչ միայն չէր խոսել անդամավճարի չափի ու անդամատոնսի արժեքի մասին, այլեւ նշել էր․,,Այսօր մեզ պետք են երիտասարդ ուժեր, որպեսզի թարմանա մեր միությունը։50-ն անց լրագրողն արդեն չի կարող ՀԼՄ անդամ լինել,,։
Անցել է 23 տարի։Այդ խոսքերն ասող միության նախագահը միայն 2017թ․հրաժարական տվեց՝80 տարեկան հասակում․էդ թարմացումը բա նրան չէր վերաբերվու՞մ․․․թե՞ ՀՀ նախկիններին ձեռնտու էր։Ի դեպ սովետական տարիների մի գործազուրկ լրագրող մի օր խոստովանեց, որ ինքը վաղուց ի վեր անդամավճար չի մուծում/միաժամանակ գանգատվելով, որ առհասարակ այդ տոմսը ոչ մի արժեք չի ներկայացնում իրենից,եւ ՀԼՄ անդամը չունի որեւէ առավելություն՝մյուսների հանդեպ /։Երեւի թե անդամավճար չմուծող ,,դեդովշչինայի,, պատճառած վնասը ՀԼՄ-ն փորձել էր փոխհատուցել նոր ընդունվողների հաշվին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)
