Translate

Translate

Translate

среда, 17 февраля 2021 г.

60-ականների երկրաշարժերը

 1960-ականներին Հայաստանում երկրաշարժերի ալիք կար․այդ տարիներին նաեւ Տաշքենդի հզոր երկրաշարժն էր։Բնակվում էինք Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասում։Ես դպրոցական էի՝տարրական դասարանի։Ու դեռ անգամ չգիտեի, թե ինչ է երկրաշարժը։Մի օր, սակայն, ցերեկով տանը մենակ էի/երեւի դպրոցում երկրորդ հերթ էի կամ արդեն տուն էի եկել/,ծնողներս աշխատանքի էին, ու բաց պատշգամբում կանգնած էի, երբ հանկարծ զգացի, որ պատշգամբի հատակը շարժվեց, ու լույսի ճեղք հայտնվեց։Չհասկանալով, թե ինչ է կատարվում, մտա տուն։Մոտ 15 րոպե անց՝հայրս հեվիհեվ եկավ տուն, հետաքրքրվեց, թե հո շատ չեմ վախեցել։Դրանից հետո, արդեն հիշում եմ, որ նախապես բնակչությունը իրազեկվում էր՝հնարավոր երկրաշարժի մասին, ու պատսպարվում էինք շենքի դիմաց գտնվող ստորգետնյա մառանում․մեր եւ հարակից շենքերի բնակիչների մի մասն այդ կարգի ստորգետնյա մառաններ ունեին՝աստիճաններով էինք իջնում։Հիշում եմ, ձմեռվա պահածոներն էլ էինք այդտեղ պահում։1972 թվին տեղափոխվեցինք քաղաքի կենտրոն՝ավելի բարեկարգ շենք տեղափոխվելով նախկին խրուշչովյան բնակարանից։Հետագայում իմացա, որ մեր նախկին շենքն էլ՝,,Կոնգոյի,, շատ շենքերի նման փլվել է։Իսկ վերջերս մի հին ծանոթից՝Կիրովական-Վանաձորի,,Երրորդ մասում,, բնակվող, հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կան այն ժամանակվա ստորգետնյա նկուղները, ասաց, որ կան։Փաստորեն, ապագան ,,բունկերներինն,, է։Իսկ ,,Կոնգոյի,, քանդված մի քանի շենքերի փոխարեն հետագայում կառուցվեցին ընդամենը երկուսը, եւ նախկին շենքերի տարածքներն այժմ ամայի են։

․․․Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո հայրս պատմում էր, որ երկրաշարժից օրեր առաջ մի զինվորական սպա զայրացած պատմում էր, թե ,,ուրեմն էս մասին էի՞ն մեզ զգուշացնում, որ արտակարգ դեպքեր են սպասվում,,։Այդ առթիվ նամակ կա նաեւ նրա գրական արխիվներում։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 15 февраля 2021 г.

ԵԼԵՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 Ողջ գիշեր քամին ոռնաց, ոռնաց, փոթորիկ էր դրսում, լուսամուտներն էր պոկոտում, անգամ շները չէին հաչում ահից, ու առավոտյան խաղաղվեց, կեսօրին էլ իմացանք, որ անսանձ քամին մեկին տարավ հետը՜․․․․դեպի հավերժություն․․․․ու մահկանացուն է կնքել Ձորագէսի երկարամյա բնակիչ, ակումբի նախկին գրադարանավար, միայնակ, անժառանգ թոշակառու Ելենա Ենոքի եւ Արաքսյայի դուստր Անդրեասյանը, որ տեվական ժամանակ հիվանդ էր եղել։Ձորագէսի երեխաները, անգամ՝իմ հասակակիցները մինչեւ վերջերս ,,ընկեր Ելենա,, էին ասում նրան դիմելիս․ինքն ինձ համար ,,Ելեն,, էր․իմ վաղեմի ու մեծ ընկերուհին էր ու զրուցակիցը, համախոհը, աջակիցը․․․․․․երբ բուհի ուսանող էի, ու ոչ աշխատանքային օրերին գնում էինք Ձորագէս՝տատոնց-պապոնց տուն, պարտադիր պետք է այցելեի գրադարան, ու տեսնեի Ելենային, գրքեր վերցնեի Ձորագէսի հարուստ գրադարանից/չնայած 60-ականներից արդեն Կիրովականի բնակիչ էինք, բայց՝Ելենան էլ, ընկեր Նազիկն էլ,միշտ գրքեր էին տալիս ինձ․գրադարանի քարտս միշտ պահպանվել է այնտեղ․սկսած՝1960-ականներից/։Չլինելու բան էր, որ Ձորագէս գնայինք, ու Ելենային չհանդիպեի կամ ակումբում, կամ՝իրենց տան բակում/նախկին ,,պաժառնի շենքում,,/գնում էի ձայն էի տալիս՝ինքը դուրս էր գալիս, ու իրենց տան դիմացի նստարանին էինք զրուցում, կամ՝հետս գալիս էր ակումբ, որ ինձ գրքեր հանձնի։Մեր զրուցարանը նաեւ Ձորագէսի նախկին դպրոցի շենքի առջեւի նստարանն էր՝Շուշիկենց պատշգամբի տակ։Երբ տատս հիվանդացավ, ու արդեն տանից դուրս չէր գալիս, նրա մշտական զրուցակիցն էլ Ելենան էր։

Քաղաքական հայացքներով մինչեւ ուղնուծուծը հայեցի էր, անկախության ջատագով ու 88-ի շարժման ակտիվիստներից։Ձորագէսին վերաբերվող հրապարակումներիս մեծ մասի գործող անձ կամ դեպքերի ականատես վկան Ելենան էր։2-3 տարի առաջ Ձորագէս այցելած ժամանակ այցելեցի նաեւ Ելենային, ցույց տվեց իր հարուստ արխիվը՝Ձորագէսի պատմությանը վերաբերվող, անգամ՝ալբոմներ է կազմել Ձորագէսի մարդկանց ու պատմությանը վերաբերվող հոդվածների ,,Գուգարք,, եւ այլ թերթերից։Ափսոս, այդ արխիվի ճակատագիրն այդպես էլ չտնօրինվեց նրա կենդանության օրոք, միգուցե հիմա այդ մասին հոգ տարվի եւ  աղբանոց չնետվի այդ ժառանգությունը․անընդհատ մտահոգ էր, որ չգիտի, թե ում, որ թանգարանին կամ արխիվին հանձնի դրանք, կամ ինչպես հանձնի․․․․Քանիցս ահազանգել եմ այդ մասին համացանցում, բայց՝ձայն  բարբառո․․․․Կարելի է դրանք հիմա առնվազն  Ձորագէսի դպրոցին հանձնել, մինչեւ որեւէ քաղաքացիական կամ պետական նախաձեռնությամբ ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան․պատրաստ եմ ինքս էլ աջակցել այդ գործին։

․․․Մնաս բարով, սիրելի Ելենա, կաշխատենք քո մտահղացումները կյանքի կոչել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 3 февраля 2021 г.

Ձոն Արեվին

 Արեվն աստծո բարությունն է, ջերմությունը,

Ամպրոպը՝զայրույթը Աստծո, բարկությունը,

Արեվն արթնացնում է մարդկանց ջերմ հույզերը,

Ու նրա հետ բերում է մարդկանց հույսերը։

Արեւին ընդառաջ են գնում ձմռանը,

Արեվից մարդիկ փախչում են շոգ ամռանը,

Արեվն է մեր անդավաճան բարեկամը,

Երբ տանը չի բարձրանում ջերմաստիճանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,27․02․2015թ․

понедельник, 25 января 2021 г.

Երազ

 Մորս տեսա երազում, 

Շոյում էր ինձ ՝ու ասում․

,,Փիսո, ունե՞ս տաքություն,

Շատ մի մնա դու դրսում,

Չմրսես ձմռան ցրտում։

Պինդ գրկեցի ես նրան,

Որ հասկանամ ու զգամ,

Արդյո՞ք ինքն է, իրական,

Թե՞ քնած եմ, երազում․․․

Ավաղ, մնաց երազում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


понедельник, 11 января 2021 г.

Ամանորյա մտորումներ

ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ավանդույթը խախտեցի եւ մեծ տոնածառ չտեղադրեցի․այլ միայն մի քանի արհեստական գույնզգույն ճյուղերից շատ փոքր եղեվնի պատրաստեցի, ու վրան սպիտակ, կարմիր եւ կանաչ գույնի ձմեռ պապիներ տեղադրեցի, կողքերից էլ՝մի քանի փոքր խաղալիք։Մի լարովի ձմեռ պապ էլ կար՝կարմիր խալաթով, շա՜տ խորամանկ հայացքով ու շեղ նայվածքով, լարում էիր ու կրակն ընկնում․ ձեռքերի մեջ եղած թմբուկն անհետացել էր, կորել էր եսիմ ուր, ու հիմա հենց լարում էիր՝,,կոնտուզիան,, բռնում էր ու սկսում ձեռքերն օդում թափահարել, ու չմուշկների վրա զայրացած պտտվել․․Դհոլս եմ ուզու՜մ․․․դհոլը՜ս․․․,,։

Ի դեպ, Ամանորին անսպասելի ,,հյուր,, եկան Գլխացավն ու Դեպրեսիան՝թեվ թեվի տված, ու քինախնդիր ասին․,,Էս ոնց որ թե մեզ լրիվ մոռացել էիր հա՞․․․,,։Հա էլի, ոնց էի մոռացել ձեզ, ատելինե՜րս․․․․իմ տխուր օրերի անբաժան ընկերներ․․․

․․․Շա՜տ տխուր Նոր տարի էր, շատ․․․․երկիրը սգավոր, դուրսն ամայի, միակ լռություն խախտողը փողոցներում շներն էին, երեվի աղբարկղերում բան չէին գտել ու անզորությունից իրար միս էին ուտում․․․․․Միակ մխիթարությունն այն է, որ ձմեռն արդեն կիսվում է, ու գնում ենք դեպի գարուն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 20 ноября 2020 г.

Ով էր Նիկոլը՝2006թվին

 2006թվի նոյեմբերն էր։Քաղաքական դաշտում նոր-նոր հայտ ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ու ,,Այլընտրանք,, նորաստեղծ միությունից Բաբկեն Արարաքցյանը եկել էին Վանաձոր։Նիկոլը դեռ խմբագիր էր՝,,Հայկական ժամանակի,, խմբագիրը։Դեռ ուրախ-զվարթ էր,  մեկ-մեկ ծիծաղում էր, ժպտում, էսպես մթնդած չէր։Մի բազմահարկ շենքի բակում մի քանի մարդ էր հավաքվել․ես էի, լուսահոգի հայրս էր, ,,Իրավունքի,, Ռուսլանն էր, նախկին ոստիկան Արթուրը ու էլի մի քանի հոգի /երեւի թե ,,Արցախ,, պուրակում չէին հավաքվել, որովհետեւ հույս չկար, որ շատ մարդ կհավաքվի․կամ էլ ով գիտի, կարող է էն ժամանակվա քաղաքապետ Դարբինյանն էր էլի պուրակում հանրահավաքներն արգելել/։Գնացել էի, որ Նիկոլին բողոքս հանձնեմ առ այն, որ ,,Փակագիծ,, թերթը դավադրաբար չի վճարում իմ եւ այլ աշխատողների աշխատավարձերը/դրանից առաջ մյուս աշխատողներն էլ ասուլիս էին արել ու բողոք ներկայացրել դատախազություն/։,,Քեզ էլ ա քցե՞լ,,-ծիծաղելով ասեց Նիկոլն ու ինքն էլ․․․․,,քցեց,,․բողոքը խոստացավ տպել, բայց՝ չտպեց։Մի քանի օր զանգում էի խմբագրություն, ասում էր՝ոնց, դեռ չի վճարե՞լ, լավ, հլա դու տես դրան․․․

Բողոքս նաեւ ,,Առավոտին,, ուղարկեցի․,,Առավոտը,, տպեց, ու հաջորդ օրը ,,Փակագծի,, խմբագիրն ուղարկեց գումարը, ես էլ գրավոր շնորհակալություն հայտնեցի թերթի լրագրող, լուսահոգի  Նաիրա Մամիկոնյանին։Հետո որոշ ժամանակ անց՝սկսեցի թղթակցել ,,ժամանակ-Երեվան,, թերթին, որի խմբագիր Արման Բաբաջանյանն այն ժամանակ ,,քաղկալանավոր,, էր համարվում․բայց՝դա արդեն այլ թեմա է։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր

среда, 28 октября 2020 г.

Աստված էլ ,,բեթարից,, ազատի

 Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցու մոմավաճառ տիկին Տանյան, չնայած պատկառելի տարիքին, պահպանել է հոգու էլ, մարմնի էլ առույգությունն ու կորովը։Նրան, ինչպես սովորաբար, հայտնաբերեցինք ընթերցանության մեջ խորասուզված։Մեզ տեսնելուն պես սկսեց պատմել այն, ինչն իրեն մեծագույն զարմանք էր պատճառել, բայց, համեմատելով այսօրվա պատերազմական իրավիճակի հետ, մխիթարություն էր զգում։,,Երբ համեմատում ենք 21 թվի Ռուսաստանի վիճակի հետ, էսօրվան փառք ենք տալիս, պատկերացնու՞մ եք, այն կարգի սով է եղել, որ անգամ՝ոմանք իրենց երեխաներին են կերել, մարդակերներ են եղել այդ տարիներին։Հիմա, փառք Աստծո, սով չկա, հացն առատ է, տես  թե ինքան շատ հացի փռեր ու խանութներ կան,,-նկարագրում է իմ զրուցակիցն ու աղոթում, որ Աստված էլ ավելի վատ վիճակ չբերի ժողովրդի գլխին, բայց՝պատերազմից վախենում է․,,Մենակ թե պատերազմը դադարի, այդքան շատ զոհեր կան․․․․ինչ ես կարծում ,հաշտություն կլինի՞,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ