Translate

Translate

Translate

среда, 6 ноября 2024 г.

Մեր շրջապատի տաղանդները

 Ինչքան անտեսված տաղանդներ կան, որ արվեստի գործեր են ստեղծում լուռումունջ, իրենց տան անկյուններում,ու հասարակությունն անտեղյակ է դրանից,որովհետեվ ոչ բոլորն ունեն հնարավորություն՝իրենց տաղանդն ի ցույց դնել։Այս եզրակացությյան եկա՝դիտելով հնաբնակ վանաձորցի,ՎՊՀ-ի շրջանավարտ եվ նախկին աշխատակից Հայկանուշ Նարոյանի աշխատանքները․ուլունքագործ կտավներ՝հատուկ պաստառի վրա կատարված տքնաջան աշխատանք,որ ասեղնագործության բարդ տեսակն է,որի բաղկացուցիչ մասն ու հենքը նկարչությունն է, բայց մարդը պետք է նաեւ հարուստ  ներաշխարհ ունենա՝նման պատկերներ ստեղծելու համար․իսկ Աստված Հայկուշին տվել է այդ ձիրքը։Փոքրիկ բնակարանն ամբողջությամբ պատված է ոչ միայն նրա ուլունքագործ աշխատանքներով, այլեվ ավելի շատ՝որդու եվ հարսի գեղարվեստական յուղաներկ կտավներով,որոնք խնամքով տեղադրվել են մետաղական կաղապարների մեջ։Ոնց որ՝ փոքրիկ արվեստանոց։Որդու աշխատանքների մեջ կար նաեւ կավաստեղծ մի հրաշալի աշխատանք՝վանքի պատկերով։,,Էջմիածնի վանքն է,,-բացատրեց Հայկուշը, ով նաեւ մանրամասն ներկայացրեց մյուս աշխատանքների բովանդակությունը,ստեղծման պատմությունը։Թե որդին, թե հարսը ՎՊՀ-ի կերպարվեստի ֆակուլտետի շրջանավարտներ են, սակայն այսօր, ցավոք, ստիպված են զբաղվել ոչ իրենց սիրած գործով՝հայրենիքից դուրս, բայց, բարեբախտաբար, մնայուն արժեքներ են ստեղծել՝պատմության համար, ժողովրդի համար․հուսանք, մի օր դրանք կհանձնվեն հասարակության ուշադրությանը՝թաքստոցից դուրս գալով։Իսկ առայժմ այդ գործերը մեր նախկին գործընկերուհի Հայկուշի անձնական հպարտությունն են։Ի դեպ, երկու հասուն որդիների մայր եվ բազմավաստակ տատիկ Հայկանուշ Նարոյանը հարկադրված կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվում է ոչ միայն ուլունքագործությամբ, ձեռագործությամբ, այլեվ՝ծաղկաբուծությամբ, այգեգործությամբ, որի վառ ապացույցը փոքրիկ տնամերձում իր ձեռքով ցանած վարդերն էին՝արդեն աշնանային արեի հետեվանքով խոր քուն մտած։Ինքն իր մասին նաեւ կատակում է, թե ,,դառել եմ Միչուրինը,,։

Իմ զրուցակիցն ափսոսանքով է հրաժեշտ տվել մանկավարժական սիրելի կոլեկտիվին, քանի որ տարիներ առաջ դեռեվս չկար այն օրենքը, որի համաձայն կենսաթոշակառուներին իրավունք չունեն ազատել աշխատանքից, եթե վերջիններս չկամենան։,,Նախկին ռեկտորն իրնձ ազատեց՝իր հրաժարականից մի քանի օր առաջ,,-դառնությամբ է հիշում Հայկուշը, ով հետագայում փորձել է կրկին աշխատանքի անցնել նույն կոլեկտիվում,բայց՝չի ստացվել։Եվ այժմ աշխատանքի բացը լրացնում է գեղարվեստական ընթերցանությամբ՝գիրքն ու թերթերը նախընտրելով հեռուստատեսությունից։Այդ առումով միտքը միշտ ժամանակի զարկերակի վրա է եվ անտարբեր չէ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ, անտարբեր չէ ազգի ու երկրի խնդիրների նկատմամբ ու շատ ուշադիր է համացանցային հրապարակումների հանդեպ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

среда, 18 сентября 2024 г.

Հուշեր Սամվել Խալաթյանի մասին

 Երբ քեզնից տարիքով բավականին մեծ լրագրող է կյանքից հեռանում, հասկանում ես, որ դառնում ես ավագ սերնդի լրագրող

Ահա եկավ այն տխուր պահը, երբ համացանցից տեղեկացա, որ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է վանաձորցի արձակագիր-դրամատուրգ, նախկին երկարամյա խմբագիր,բանաստեղծ, երգիծաբան Սամվել Խալաթյանը,ում ճանաչում եմ դեռեվս 1980-ականների սկզբից,երբ սովորում էի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում,իսկ զուգահեռ՝հաճախում էի ֆակուլտետին կից Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի/ՀՄՖ/ժուռնալիստիկայի դասընթացների,որոնք գործում էին շաբաթական մեկ թե 2 անգամ՝երեկոյան ժամը 19-ին։Այդ դասընթացներն անց էին կացվում ,,Կիրովականյան կյանք,, ռադիոյի եվ ,,Կայծ,, թերթի աշխատակիցների կողմից, ու նրանց թվում էր նաեւ ,,Կայծի,, թղթակից Սամվել Խալաթյանը․ուրախ հումորով,միշտ բարի ժպիտով, ով մինչ 88-ի աղետալի երկրաշարժը նաեւ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի հրանանգիչ էր,ում հետ գործի բերումով հետագայում առնչվում էի 80-ականների կեսերին,երբ բուհն ավարտելուց հետո աշխատում էի որպես քիմմանրաթելի գործարանի քաղլուսկաբինետի վարիչ։Հետագայում, երբ 88-ի երկրաշարժից հետո գործարանում աշխատանքային կրճատումներ սկսվեցին,քաղկոմ-պարտկոմներն էլ լուծարման ճանապարհին էին, աշխատանքի անցա Կիրովականի ժողդատարանում/որտեղ նաեւ հասարակական կարգով ատենակալ էի ընտրված՝գործարանի կոլեկտիվի կողմից/,որպես գրասենյակի գործավար։Եվ ահա, մի օր Ս․Խալաթյանին տեսա դատարանւմ/այն ժամանակ դատարանը գտնվում էր տնակային պայմաններում՝Լճերում, քաղաքային Զագսի անմիջական հարեվանությամբ/։Ես էլ այն պահին, երբ իմ կողմից շատ հարգված դատավոր Էդիկ Մանուկյանին էի հանձնում քաղաքացիական գործեր, Խալաթյանն այնտեղ էր․ինձ տեսնելով՝իրեն հատուկ լուրջ հումորով ասաց․,,Էս դու քո կամքով ես եկե՞լ էստեղ, թե՞ բերել են,,։

1994-98թվերին,երբ աշխատանքի անցա մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ,զուգահեռ՝թղթակցում էի տեղական եվ հանրապետական թերթերի։Մի օր, երբ Խալաթյանը ,,Վերածնունդ,, թերթի գլխավոր խմբագիրն էր, զանգահարեցի, որպեսզի իմանամ, թե երբ է այնտեղ, որ թղթակցություն ներկայացնեմ։Ասեցի՝,,դուք մինչեւ ե՞րբ եք էդտեղ լինելու,,․էլի իրեն բնորոշ լուրջ հումորով ասեց՝,,Էստեղ եմ, հա էլ էստեղ եմ, մինչեւ թոշակի անցնելս էստեղ եմ լինելու,ուրիշ գնալու տեղ չունեմ,,։Բայց՝թոշակի տարիքի հասնելուց հետո էլ էր ստեղծագործում,բազմաբեղուն գրիչ ուներ։2000թվից հետո մի որոշ ժամանակ փոխադրվել էր մայրաքաղաք,աշխատում էր կերպարվեստի թանգարանում,հետո՝կրկին Վանաձոր վերադարձավ,եղել է նաեւ Լոռու նախկին մարզպետներից մեկի խորհրդականը։Ու մշտապես ստեղծագործել է՝վարչական աշխատանքին զուգահեռ։

1995-96թվերին,երբ ,,Վերածնունդ,, թերթի խմբագրությունը գտնվում էր մարզպետարանին կից տնակներում,Խալաթյանի մոտ հույժ կարեվոր հարց էր քննարկվում՝լրագրողական թեմայի շրջանակներում,եվ լրագրողներ էին հրավիրվել քնարկմանը։Թերեվս, ինչ-որ մեկն այդ միջոցառման մասին տեղեկացրել էր ,,Հայլուրին,,/հայտնի չէ, թե ինչ նկատառումներով/,որովհետեվ դուռը թակելով,մի երիտասարդ աղջիկ հետաքրքրվեց, թե ,,Այստե՞ղ է քննարկումը,, իսկ Խալաթյանը պաշտոնական տոնով հարցրեց․,,Դուք ո՞վ եք, մենք ձեզ հրավիրել ե՞նք,,։Եվ անգամ այն բանից հետո, երբ այցելուն ասեց՝,,ես Հայլուրի թղթակիցն եմ,,՝Խալաթյանը նուն սառը տոնով ասեց․,,Մենք ձեզ չենք հրավիրել,,։

  1998-99թվերին Խալաթյանը նոր, անկախ թերթ հիմնեց՝,,Արփի,,․դա այն ժամանակաշրջանն էր, երբ նրա եվ նորանշանակ մարզպետ,ՀՀԿ-ական Հենրիկ Քոչինյանի ջրերը մի առվով չէին հոսում,եվ նա քաջ համոզված էր, որ Քոչինյանի հետ չի կարող աշխատել այնպես, ինչպես,օրինակ,ՀՀՇ անդամ Հովհաննես Մատինյանի,որի օրոք թերթը կարող էր հանդես գալ իշխանական տարբեր օղակների դեմ կոշտ քննադատությհամբ,բայց՝ժողովրդավարության կողմնակից էր եվ տպում էր նաեւ հակառակ կողմի կարծիքը։

  1999թ․,,Առավոտ,, թերթում/որտեղ աշխատում էի որպես լրագրող՝Վանաձորից նյութեր ուղարկելով/,թերթում լուսաբանել էի ՍԻՄ կուսակցության ղեկավարների նախընտրական այցը՝Վանաձոր/,,Նախընտրական լուսանկար,, վերնագրված/։Հոդվածի վերջում նշել էի, որ հավաքի ժամանակ միմյանց երկար ժամանակ չտեսած մրցակից թերթերի/,,Արփի,, եվ ,,Լոռու մարզ,, /խմբագիրները նույնիսկ համբուրվեցին։Օրեր անց, մեկ այլ միջոցառման ժամանակ Խալաթյան ինձ տեսնելով, ուրախ-զվարթ հիշատակեց հոդվածիս մասին եվ, ջերմ ողջագուրվելով, ասաց․,,Էսա հիմա էլ քեզ եմ համբուրելու,,։

2000-ականների ինչ-որ մի հատված էր․Լոռու մարզպետարանի միջանցքում կանգնած՝սպասում էի, թե երբ է սկսվելու։Ի տարբերություն այլ օրերի,այդ օրը մի փոքր ավելի ներկայանալի էի հագնվել՝բարձրակրունկ կոշիկներով։Խալաթյանը կես-զարմացած,խրախուսող հայացքով ասաց․,,Այ սա ուրի՜շ․․․․․սա կանացի է, կինը պետք է կանացի լինի,,։

Եկավ 2007թիվը։Նախագահական ընտրությունների շեմին էր ողջ երկիրը,մոտենում էր 2008-ի ,,սեվ մարտի մեկը,,,ու ոչ ոք չգիտեր, որ այն սեվ է լինելու։Մարդիկ հայտնվել էին ,,բարիկադների,, տարբեր կողմերում․լեվոնականներ եվ՝Քոչարյանասերժականներ։Իշխանությունը Քոչարյանից անցնելու էր Սերժ Սարգսյանին։Ընդդիմությունը ՝ՀԱԿ-ի գլխավորությամբ ոտքի էր ելել՝,,ընդդեմ ավազակապետության,, եվ ,,հաղթելու ենք,,կարգախոսերով։Նրանց էին միացել նաեւ այլ կուսակցություներ։Ես հայտնվել էի ընդդիմադիր ճամբարում՝ի դեմս ,,Ժամանակ-Երեվան,, օրաթերթի,որի գլխավոր խմբագիրն այդ ժամանակ բանտում գտնվող Արման Բաբաջանյանն էր, իսկ թերթը լույս էր տեսնում այլ խմբագիրների կողմից՝ամեն օր,ոչ միայն Հայաստանում, այլեվ՝Լոս-Անջելեսում։Արման Բաբաջանյանը թերթը ղեկավարում էր մեկուսարանից՝հանձնարարականներ տալով հեռախոսով։2007թվի դեկտեմբերին ,,ժամանակ-Երեվանում,, հանդես եկա ,,Իսկ մի՞թե այսօր արտագաղթ,թալան ու մուրացիկներ չկան,, հոդվածով՝ի պատասխան Խալաթյանի մի իշխանամետ հրապարակման։Դրանից հետո այլեվս միմյանց չենք տեսել-առնչվել-զրուցել․ես վերջնականպես հաստատվեցի ընդդիմադիր ճամբարում՝անկախ լրագրողի կարգավիճակով։Բայց՝իմ անձնական արխիվներում մինչ օրս պահպանում եմ Խալաթյանի՝ինձ նվիրած բանաստեղծությունների գրքույկը՝,,Ցպահանջ,, վերնագրով։Գրքի ներսի շապիկի վերնագրի վրա հեղինակն ստորագրությամբ մակագրել էր․,,Իմ լավ Գայանեին,,։/19․12․1994թ․/։Դրանից մի քանի շաբաթ անց, ,,Վերածնունդ,, թերթում լույս տեսավ ռուսական մամուլից իմ թարգմանությունը՝,,Քարտուղարուհին,, վերնագրով։

Հիմա պետք է խոստովանեմ, որ 1998թվին,երբ մանկավարժական ինստիտուտում աշխատելու տարիների/1994-98/մի հատվածում իմ դեմ հալածանքների ու դավադրությունների արդյունքում ստիպված էի դիմում գրել եվ աշխատանքից ազատվել՝1998թվից վերջնականապես հաստատվելով լրագրական դաշտում, Սամվել Խալաթյանը/որ մտերիմ էր նաեւ հորս հետ/, զանգեց եվ ասաց,որ ռեկտորը/Եդոյանը/ ցանկանում է ինձ նույն բուհում այլ աշխատանք առաջարկել․բուհական թերթի խմբագիր․այլ կերպ՝ինձ ետ է կանչում, արդարանալով, թե ինքն իմ դեմ ոչինչ չունի եվ իրեն իմ դեմ հրարհրել է գրադարանի վարիչը եվ սխալ կարծիք ձեվավորել։Ես հրաժարվեցի՝քաղաքավարությամբ մերժելով առաջարկը, քանի որ՝նախ․այդ հաստիքի տակ բուհում աշխատող կար՝ինձ քաջածանոթ հանրապետական թերթի ընդդիմադիր լրագրող/նախկին ՀՀՇ, հետագայում՝հակաՀՀՇ/,եվ ես հասկացա, որ հիմա էլ նա է թիրախավորված,երկրորդ՝աշխատանքային գրքույկս արդեն բուհից վերցրել էի՝տանելու այն խմբագրությունը, որտեղ աշխատանքի էի անցնելու՝հիմնական հաստիքով/,,Առավոտ,,/,քանի որ այնտեղ ինձ բուհի աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ էր երաշխավորվում,երրորդ՝չէի վստահում բուհի ղեկավարությանը՝չցանկանալով դառնալ խամաճիկ ու կամակատար լրագրող՝պետական համակարգում,որտեղ կարող էին մշտապես ճնշել ինձ՝որպես լրագրող։Անգամ՝ինձ հետ աշխատողներից ոմանք,հարազատներս խորհուրդ չէին տալիս թողնել աշխատանքը՝պետական համակարգում՝մասնավոր թերթի հույսով։Բայց ճակատագիրն այնպես էր տնօրինել,որ ես պետք է նախընտրեի թերթը՝ստեղծագործական ազատություն երաշխավորող, ես էլ ընտանիք պահելու խնդիր ունեի․մայրս թոշակառու էր՝չնչին թոշակով/90-ականների թոշակն ի՞նչ պիտի լիներ՝ինքներդ դատեք/,հայրս էլ դեռ իր աշխատավարձ-թոշակի խնդիրները չէր կարգավորել,քանի որ նրա դեմ էլ տեղական իշխանություններն էին հալածանքներ սկսել,եվ աշխատավարձ-թոշակի հարցերը հայրս միայն դատարանի օգնությամբ կարողացավ մասնակի կարգավորել՝տարիների ընթացքում,առողջությունը մաշելով ու կյանքը կրճատելով,եղբայրս էլ բուհում վճարովի հիմունքներով ուսանող էր,եվ ուսման վարձ մուծելու խնդիր կար։Մի խոսքով՝ես ընտրեցի թերթը,իսկ մեկուկես տարի անց, ով ծաղր, թերթում աշխատանքային կրճատումներ սկսվեցին,ծավալը փոքրացավ, ես էլ մեկ ամիս առաջ գրավոր զգուշացում ստացա, որ ,,սեպտեմբերից կարող է աշխատավարձ չստանաս,,/դա այն ժամանակաշրջանն էր, երբ երկրում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը՝1999թվի աշուն/։Երկրում անկումային տրամադրություններ էին ու տնտեսական ճգնաժամ։Դրանից հետո  սկսվեցին տարբեր թերթերում ,,քաղաքական ապաստան,, փնտրելու տաժանակիր աշխատանքն ու դեգերումները,որովհետեվ ես չցանկացա քաղաքական որեվէ տանիքի տակ մտնել ու ինչ-որ մեկի կամակատարը դառնալ, նախընտրում էի ստեղծագործական ազատությունը։Ես հաղթահարեցի ինձ բաժին ընկած դժվարությունների շարանը՝տարբեր թերթերում, ամսագրերում, դրամաշնորհային ծրագրերում հայտնվելով․մի տեղ՝նորմալ վարձատրությամբ, մի տեղ՝չնչին հոնորարով, մի տեղ՝պայմանագրային,մի տեղ՝,,ծրարային,, մի տեղ՝անվարձահատույց/այդ թվում՝Նիկոլի թերթում/,մեկ անգամ նույնիսկ դրամական մրցանակի արժանացա՝կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցույթին ներկայացրած հոդվածների համար, ստացել եմ նաեվ շնորհակալագրեր,բայց՝այդ ամենը բազում հալածանքների ու կյանքիս լավագույն տարիների, աշխատանքային պաշտոնական մոտ 20 տարվա ստաժ կորցնելու հաշվին։Ո՞ւմ մեղադրես․ճակատագրի՞ն, թե՞ ժողովրդավարության թշնամիներին, որոնց ձեռքը հասնում էր այնտեղ, որտեղ հայտնվում էի,եվ որոնք զգացնել էին տալիս մաֆիայի հզոր ուժը։,,Մաֆիա,, ասվածը տեղական ,,ցեցերն,, ու ,,տզրուկներն,, էին,մանր ավազակապետերը՝իրենց ,,տանիքներով,,իսկ նրանցից մի ,,մանր ,,շերեփուկ,,՝մի միջոցառման ժամանակ,ավարտից հետո անգամ հոխորտաց, թե ,,նենց չանեք, ես ձեր հարցերը վերեվներով լուծեմ,,։Այդ ժամանակ ես սեփական թղթակից էի հանրապետական թերթում ու հանդես էի գալիս տեղական ,,տզրուկների,, դեմ եվ այնտեղ, եվ տեղական ընդդիմադիր մամուլում՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հիմնադրված։Այդ ամենն էլ նպաստեց, որ ես լիովին անկախ լինելու համար ստեղծեմ իմ անձնական բլոգները՝հաջորդաբար, եվ 2011թվից վերջնականապես ,,բնավորվեմ-տնավորվեմ,, բլոգային աշխարհում ու ֆեսյբուքում։

․․․2002թվի ամռանը Սեվան քաղաքում կայացած սեմինարին՝,,Ֆեմիդա,, դատաիրավական լրագրողների միության կողմից կազմակերպված, հանդես եկա զեկուցմամբ․,,Դատաիրավական լրագրության ներկան, անցյալը եվ զարգացման հեռանկարները Լոռու մարզում,,  թեմայով,որտեղ գրել էի․,,Դատական լրագրության ժանրը Վանաձորում հարուստ ավանդույթներ ունի։Վանաձորցի արձակագիր-լրագրողներից մեկն, օրինակ, 90-ականների սկզբին մի ամբողջ վեպ էր գրել՝քրեական աշխարհին առնչվող,որն այն ժամանակ համարվում էր փակ թեմա,եվ դեռեվս գրավված չէր լրագրողների կողից,,։Նկատի եմ ունեցել Սամվել Խալաթյանին ու նրա գրած ,,Թագուհի,, դեդեկտիվը,որ մաս-մաս լույս էր տեսնում 1989-90թվերին՝,,Վերածնունդ ,, թերթի համարներում/հետաքրքիր է, ինչու՞ որեվէ սցենարիստ չի փորձել այդ դեդեկտիվի հիման վրա սերիալ նկարել/։Հպարտ եմ, որ թղթակցել եմ Խալաթյանի խմբագրած ,,Վերածնունդ,, թերթում/թեպետ՝մինչ նրա խմբագիր դառնալն էլ թղթակցություններ եմ ուղարկել 1989թվին՝Բելառուսից,որտեղ գործուղվել էի 88-ի երկրաշարժից հետո՝ որպես մանկավարժ՝ժամանակավոր հայկական դպրոցում/ ,,Արփի,, թերթում եվ ,,Եղինջ,, ամսաթերթում,հպարտ եմ, որ եղել եմ Խալաթյանի ժամանակակիցն ու անցել նրա ստեղծագործական դպրոցը՝թեկուզ մի քանի ամիս,որովհետեվ ՀՄՖ-ն չշարունակեցի,հասկանալով, որ կաղապարային լրագրությունն իմ ,,հագով,, չի։Մշատպես հիացել եմ նրա ստեղծագործական մտքի թռիչքով,հումորով ու երգիծանքով։Ինձ համար մեծ պատիվ էր, երբ նա վերջերս ֆեյսբուքում ,,լայքել,, էր մի ազգասեր, հայամետ մտավորականի էջում իմ մի գրառումը․դրանից եզրակացրի, որ մեր միջեվ սառույցն արդեն հալվել է եվ հոգու մեծ թեթեվություն զգացի․չէ՞ որ 2020թվից հետո մենք արդեն քաղաքական նույն թիմում էինք՝հայեցի հայերի դաշտում, ազգասեր հայերի դաշտում, ու ես մեծ սիրով, իմ անձնական նախաձեռնությամբ տարածում էի նրա էջի գրառումները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 19 августа 2024 г.

Հին ձորագէսցիների չնախատեսված հանդիպում

 Էս ֆեյսբուքն էլ որ չլիներ, հին ձորագէսցին հին ձորագէսցուն կարող է 5 մետրից էլ չճանաչեր

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Օգոստոս ամիսն արտեկիր գնացած-վերադարձած ձորագէսցիների պատահական հանդիպման ամիս դուրս եկավ։Վերջին 10 օրում հերթով,շարքով՝արտերկրից վերադարձած հին ձորագէսցիների հանդիպեցի Վանաձորում՝զուտ պատահաբար․Հերիքնազ Շեկոյան, Հովիկ Մատինյան, հաջորդը՝Վահագ Հովսեփյան․նշեմ, որ Վահագն ինձ ազգական չի, պարզապես՝ազգանվանակից, այնպես, ինչպես Ձորագէսում ապրած այլ Հովսեփյաններ/բացառությամբ՝հորեղբորս դուստր Մելանյա Հովսեփյան-Մարտիրոսյան-Շոլինյանի/։

1954թ․ծնված Վահագենց ընտանիքը 70-ականներին Կիրովական տեղափոխվեց․մինչ այդ,նրա ծնողները՝լուսահոգի Կոլյա Հովսեփյանն ու Վարսիկ Ավագյանը մանկավարժ էին երկար տարիներ աշխատել Ձորագէսի դպրոցում։Վահագենց ընտանիքը բնակվում էր Ձորագէսի հացի փռի կողքի շենքում։Հետագայում՝70-80-ականներին Կիրովական տեղափոխվելուց հետո,ընտանիքի երիտասարդ անդամներն իրենց ընտանիքները կազմեցին, իսկ 88-ի երկրաշարժից հետո ոմանք հեռացան երկրից՝տարբեր ուղղություններով/այնպես, ինչպես շատ-շատերը Հայաստանում՝վերջին 35 տարում/։Մոտ 3 տասնամյակ Վահագնը իր ընտանիքով բնակվել է արտերկրում․մասնավորապես՝Նորվեգիայում /ինչի մասին ավելի վաղ տեղեկացել էինք ֆեյսբուքից,երբ Վահագնը,տեսնելով ,,Ձորագէս,, խմբում տեղադրած մեր նյութերն ու նկարները, 2016թվին գրեց․,,Բարեվներ Նորվեգիայից․Ձորագէսի նկարներն ինձ շատ հուզեցին,,/։

   Չնայած Վահագին չէի տեսել երեվի թե մի 40-45 տարի, բայց տեսնելով, որ մոտ 5 մետր հեռավորությունից  դիմացից եկող-մոտեցող մարդը ձեռքն աչքերին հով արած՝ուշադիր նայում է ինձ, ու մոտենալով՝սկսեց ժպտալ, հասկացա, որ այո, ինքն է՝Վահագն Հովսեփյանը։Մինչ մենք մի քանի րոպե զրուցում էինք՝հին ձորագէսցիներից ու մեռնող-ապրողից, մեկ էլ տեսնեմ՝Վահագը հանդիպակաց մայթին մի ձորագէսցի էլ է հայտնաբերել, ու ,,էն Գագոն չի՞,, ասելով միանգամից ձորագէսցիավարի ձայն տվեց․,,Գագո՜․․այ Գագո․․․,,։Երեվում էր, ում ձայն էր տալիս, նա դեռ տեղը չէր բերում Վահագին, քանի դեռ ,,Ապեր, դու Գագոն չե՞ս,,-հարցը լսելուց հետո չեկավ ու մոտեցավ մեզ։Վահագի հետ ողջագուրվելուց հետո Գագիկը/հին ձորագէսիներ Վազգեն Սարգսյանի եվ ակումբի վարիչ ընկեր Նազիկի որդին՝1960թվի ծնված/ սկսեց հետաքրքրվել վերջինիս որպիսությամվ՝ճշտելով գալ-գնալու ժամկետները, եվ շտապեց իր գործին։Եվ մինչ մենք շարունակում էինք զրույցը՝,,ով ողջ՝ով մեռած,, թեմայով ու ձորագէսյան հիշողություններ փոխանակելով, մեկ էլ ահա՝եվս մեկ հին ձորագէսցի տեսանք․մանկավարժ Ալլա Մելիքսեթյանը՝դսեղեցի ամուսնու հետ։ Ալլան էլ անակնկալի եկավ՝Վահագին տեսնելով,բայց․․․ստիպված էր հիշեցնել իր մասին, քանի որ Վահագը դժվարությամբ հիշեց․այն բանից հետո, երբ հիշեցրի, որ Ալլան Ձորագէսի երկարամյա նախկին ուսուցչուհի ընկեր Թամազյանի եվ ՀԷԿ-ի հին աշխատող Վլադիմիր Մելիքսեթյանի դուստրն է/հնարավոր է, եթե ես ֆեյսբուքում ակտիվ գործունեությամբ զբաղված չլինեի, Վահագնը ինձ էլ  դժվարությամբ հիշեր, որովհետեվ իմ ֆեյսբուքյան տեսքը,նկարները շատ տարբեր են իմ նախկին մանկապատանեկան տեսքից․ի վերջո 4 տասնամյակ է անցել․․․․/։ Մի խոսքով, ձորագէսցիների չնախատեսված հանդիպում էր մայթի վրա, եվ այդ հանդիպումը եվ ջերմ հուշեր արթնացրեց, եվ տխուր հուշեր՝երբ հիշեցինք մահացած ձորագէսցիներին։Վահագը ցավով հիշատակեց այս տարի Լենինգրադում մահացած, 80-ականներից Կիրովականից էլ Լենինգրադում բնակություն հաստատած իմ սերնդակից Արմեն Հայկի  Սմբատյանին,ես՝հիշատակեցի 10 տարի առաջ մահացած մանկությանս ընկերուհու՝Գայանե Վազգենի Սարգսյանի մահվան մասին։

Ի դեպ, Վահագը հոյակապ կիթառ էր նվագում երիտասարդ ժամանակ։Հատկանշական է, որ Վահագի մեծ եղբոր՝Վաչեի որդի Վարդանն էլ՝ԱՄՆ-ում բնակվող, ջազ-տրիոյի հիմնադիր-ղեկավար է եվ հոյակապ կատարող։Նա 2 տարի առաջ Վանաձոր ԱՄՆ-ից կարճատեվ ժամանակով վերադառնալով,հանդես էր եկել Քիմիագործների մշակույթի պալատում։Իսկ այ Վահագնը ատեղյակ էր Վարդանի այցից եվ հարցրեց, թե ,,դա ե՞րբ է եղել,,/Մեկն սփյուռքի մի ծայրում, մեկը՝մի,կարող է եվ չիմանար․․․ֆեյսբուքն էլ որ չլիներ՝շատերս շատ բան չէինք իմանա,անգամ՝մեր հարազատների այցերը/։

Ինձ համար կարեվոր էր, որ Վահագն ասաց, որ կարդում է հոդվածներս/,,բա էդ հոդվածների համար քեզ չեն նեղու՞մ,,-հետաքրքրվեց/։Իսկ որպես հին հիշողություն,պատմեց, որ հորս հետ շախմատ է խաղացել Ձորագէսում/երեվի գետափին․որովհետեվ հայրս՝լուսահոգի Գեորգի Հովսեփյանը,ում Ձորագէսում եվ Թումանյան կայարանում եվ հարազատական միջավայրում Հովիկ էին ասում, ու որը կարգային շախմատիստ էր, 1969թվին եղել է Կիրովականի շախմատի չեմպիոն, սիրում էր գետափին լողալուց հետո շախմատ խաղալ՝1960-70-ականներին/։

Հատկանշական է, որ մեր զրույցն ընթանում էր ,,Մաստեր,, խանութի մոտ,այդ անունը վանաձորյան տնտեսական խանութը պատահական է ընտրել,բայց ,,Մաստեր,, բառն ինձ համար որպես Հատուկ անուն է թանկ,քանի որ չնայած Ձորագէսում մի քանի վարպետներ էին աշխատում ՀԷԿ-ում, բայց՝միակ ,,Մաստերը,, լուսահոգի պապս էր՝1915թվի մեծ եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանը, ում ավագ սերունդն առավելապես ,,Մաստեր,, էր ասում․անգամ՝փեսաներն ու կինը՝լուսահոգի տատիկս։Դառնանք զօղորմին տանք նաեւ հէկ-ի մյուս վարպետներին՝Սուրեն Միքայելյանին,Դերենիկ Մխոյանին,Գրիգոր Մկրտչյանին,ուստա Կարոյին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


вторник, 13 августа 2024 г.

ՀԻՆ ՀՈՒՇԵՐԸ՝ՆՈՐԱՑՎԱԾ

 Իսկական ձորագէսցին պետք է կյանքում մի քանի անգամ գոնե գետում լողացած լինի,արեվից տաքացած քարերին ,,զագար ընդունած,,

------------------------------------------------------------------------------------------------------

Ռուսաստանից վերադարձած մի հի՜ն ձորագէսցու հանդիպեցի Վանաձորում․հեռավոր ազգականուհի։Հաճախակի է գնում-գալիս,ու երկար տարիներ հավասարաչափ համ Ձորագէսում է ապրել/այնտեղ ծնվել-մեծացել/,համ՝ Կիրովականում, համ՝ Ռուսաստանում։Բայց՝միմյանց չէինք հանդիպել,տեսել-զրուցել․․․․շուրջ 40 տարի,եվ ֆեյսբուքով էինք իրար գտել։Դժգոհեց, որ ֆեյսբուքի գաղտնաբառն է կորցրել/ժամանակակից հայկական ,,հիվանդություն,,/,դրա համար ֆեյսբուքում պասիվ է,մուտք չունի տեվական ժամանակ, չնայած՝,,Ձորագէս,, խմբի անդամ է։Նոր էջ բացելու համար էլ բարդ խնդրի առաջ էր կանգնել,եվ ուզում էր անպայման իր հին էջը վերականգնել։Մնացել էր ,,օդնօկլասնիկի,, հույսին։Այդուհանդերձ, մոտ 1 ժամ զրուցեցինք․եվ Ռուսաստան գնալու նախօրեին, եվ վերադառնալուց հետո/լրիվ պատահաբար հանդիպելով/։Բա մի ֆեյսբուք չարժե՞ր կենդանի զրույցը,անձնական ու քաղաքական թեմաներով կիսվելը,թե չէ ֆեյսբուքին դրել ենք գլխներիս, սարքել Աստված․․․․

․․․Հեյ գիտի սովետական 60-70-ականներ․․․ի՞նչ ինտերնետ, ֆեյսբուք, վայբեր ու վոցապ․ օդնօկլասնիկ ու մեսենջեր․․․Ձորագէսի հեռախոսավարուհիները Լենինի թվերի ոճի հին հեռախոսով Երեվան-Մոսկվայի հետ էին միացնում,անգամ՝Կիրովականի հետ Ձորագէսի կապն էր միջնորդավորված՝մինչեւ 90-ականները, Կիրովականն էլ՝Թումանյան կայարանի փոստային բաժանմունքի աշխատողների միջոցով, քանի դեռ Կիրովականի-/Վանաձորի/ հետ ուղիղի հեռախոսակապ չգցվեց․․․հիմա՝դա էլ է վերացել․բջջայիններն են դարձել հիմնական եվ առաջատար, որովհետեվ կայանն էլ է լուծարվել․․․․․Անգամ արտասահմանի անուն տալն էր 60-70-ականներին վտանգավոր, ուր մնաց՝հիմիկվա նման բջջային տեսակապով արտասահման խոսելը/լուսահոգի պապս՝Մաստեր Գարեգինն էր, որ ռադիոընդունիչով ամեն օր պարտադիր՝,,Ամերիկայի ձայն,, էր լսում ականջակալներով,իսկ ,,Ամերիկայի ձայնը,, մտնում էր անգամ Լոռվա ամենահեռավոր ծմակներ՝ռադիոընդունիչների ալիքները ,,քչփորելու,, միջոցով միայն։

․․․Դառնանք զօղորմին տանք Ձորագէսի նախկին հեռախոսավարուհիներ Երան Ալոյանին, Սոխակ Մխոյանին, Սիրուն Ղուլինյանին՝2 հերթափոխով աշխատող,ամառ-ձմեռ գէսի վտանգավոր կամուրջը հաղթահարող, ականջները՝տրանսֆորմատորի բզզոցին ու մոտակա Դեբեդի խշշոցին։

․․․Իսկական ձորագէսցին պետք է կյանքում մի քանի անգամ Ձորագետում լողացած լինի,արեվից ջերմացած քարերի վրա ,,զագար ընդունած,, ու․․․Ձորագէսի հեռախոսակայան այցելած,Կիրովական-Երեվան-Մոսկվա միջնորդավորված հեռախոսակապից օգտված։Երեվանի հետ միացնող հեռախոսավարուհիներն այդ պահին ամենակարող Աստված էին,եթե այդ հեռախոսազանգը հույժ կարեվոր էր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


четверг, 18 апреля 2024 г.

Վանաձորցիները հոգնել են քննարկումներից եվ ,,ռադիկալ լուծումներ,, են պահանջում ընդդիմությունից

 Լավ, էս վանաձորցիք ԱԺ պատգամավորներին իրավական հարցեր չունե՞ն ներկայացնելու, ախր պատգամավորների գործն իրավական խնդիրներով զբաղվելն է,ու այդ խնդիրների հիման վրա օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելը։Այս հարցն էր ինձ հետաքրքրում ապրիլի 17-ին Վանաձորի Երկաթուղայինների ակումբի դահլիճում ԱԺ ,,Հայաստան,, խմբակցության 6 պատգամավորների/ավելացրած՝մեկ ՀՅԴ մարզային կառույցի ղեկավար/հետ հանդիպմանը՝լսելով տարբեր դիտարկումներ՝դահլիճում ներկա գտնվողներից։Իբր վանաձորցի շատ կար, որ ելույթ ունեցողներից էլ իրավական հարցեր ակնկալվեին։Մի քանի զգացմունքային ելույթներ՝Վանաձոր տեղահանված արցախցիներից,որոնցից մեկը նշեց, որ հայրենիքից հետո ամենակարեվորն իրենց համար աշխատանքն է, մինչդեռ Վանաձորում աշխատանք չկա, որ աշխատեն, իրենց ընտանիքները պահեն։Մեկն էլ նեղված էր, որ Արցախի դրոշն են հավաքում արդեն    անգամ՝ ,,Արցախ,, պուրակից։Իրենց կորցրածն ու տառապանքն էին բարձրաձայն վերապրում,հոգիները դատարկում։Ոմանց զգայացունց ելույթներն այնքան էին երկարում, որ դահլիճի մասնակիցները կամ քթների տակ դժգոհում էին/,,բա հիմի դրա վախտն ա՞,,   ,,վախ հորս արեվ,,/, կամ՝բուռն ծափահարում էին ելույթի կեսից՝որ կարճ կապեն։Մի երիտասարդ լոռեցի,խնդրելով,որ իր ելույթը չտեսագրվի,համառոտ նկատեց, որ նման հանդիպումներն իշխանափոխության չեն հանգի, անօգուտ են, եվ ,,ռադիկալ լուծումներ,, են պետք/ինչին հավանություն տվեց իր ելույթում նաեւ մի տարեց տղամարդ՝արցախյան առոգանությամբ/։Իսկ ելույթ ունեցող կինը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մինչ այս կարգի քննարկումներ են շարունակվում, մի օր էլ թշնամին Տավուշը վերցնելով՝հասնելու է Վանաձոր ՝դրանից բխող ծանրագույն հետեվանքներով;Բայց՝դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պինդ էր իր դիրքորոշման մեջ ու համառեց, գտնելով, որ մինչեւ ժողովուրդը փողոց դուրս չգա, անհրաժեշտ քանակով, իշխանափոխություն չի լինի,եվ եթե անգամ իրենք՝,,Հայաստան, խմբակցության պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն,որպեսզի օրենսդիրը կազմալուծվի, դա արդյունք չի տա,իրենց փոխարեն իշխանությունը խորհրդարան կբերի որեվէ իշխանամետ կուսակցության։

,,Եթե ընտրություններ լինեն, Նիկոլը կընտրվի՞,,-Սաղաթելյանի հարցին դահլիճում գտնվողների մի մասն ասեց՝,,այո,, մի քանիսն էլ դժգոհեցին․,,Չէ, ինչ ընտրվել,,։Ընդհանուր զրույցներից հասկացանք, որ ոմանք արդեն դժգոհ են ոչ այնքան իշխանություններից, որքան՝չհեղափոխվող նիկոլամետ զանգվածից, մարդկանց անտարբերությունից,իսկ նրանց հետո բացատրական աշխատանքներն արդյունք չեն տալիս։,,Ես նույնիսկ իմ բարեկամին չեմ կարող համոզել, որ փողոց դուրս գա,,-դժգոհեց ,,ռադիկալ լուծում,, պահանջող կինը։Հանդիպման ավարտին Իշխան Սաղաթելյանն առաջարկեց բանավեճը շարունակել արդեն՝ներքեվում,անմիջական շփումների տեսքով,առանց միկրոֆոնների/ընդ որում, մի տղամարդու՝,,ռադիկալ լուծման,, կողմնակից, խնդրեց իրեն բացատրել, թե որն է ,,ռադիկալ լուծումը,,/։Չմոռացավ նաեւ ժողովրդին ուղղված իր թեվավոր խոսքը՝,,Պինդ կացեք,,։Մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչու ,,17,,-ի շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին դավաճանեցին որոշ ուժեր, եվ շարժումը մարեց։Զարմանալի է, որ լեփ-լեցուն դահլիճում միջոցառման ժամանակ ոչ մի ոստիկան չնկատվեց ոչ դրսում, ոչ ներսում։Միգուցե՝քաղաքացիական հագուստներով էին կամ՝իշխանությունն արդեն վախ չունի խորհրդարանական ընդդիմությունից։Դահլիճից դուրս, 2 մայթեզրերին մեքենաների մեծաքանակ առկայությունը վկայում էր, որ մասնակիցներ կարող էին եկած լինել նաեւ մարզի այլ բնակավայրերից,միգուցե նաեւ՝այլ մարզերից։Իսկ դահլիճում նկատելի էր արցախյան բարբառը։Արցախցի 2 կին նույնիսկ ծանոթներ դուրս եկան։,,Ես Ստեփանակերտ եմ մնում, աղջիկս՝Շուշի,,-կնոջ խոսքից հասկացանք, որ նա դեռ հոգով Արցախի բնակչի կարգավիճակում է,եվ համոզված է, որ ետ է վերադառնալու;

Միջոցառման ավարտին Վանաձորից ընտրված պատգամավորին հանձնեցինք 2 նամակ-առաջարկ՝դրանց օրենսդրական տեսք տալու համար․թեպետ՝հույս քիչ կա, թե այս իշխանության օրոք, ԱԺ քայլական  մեծամասնության օրոք հնարավոր է ժողովրդանպաստ որոշումներ կայացնել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

вторник, 16 апреля 2024 г.

ՀՀ Ազգային Ժողովի ,,Հայաստան,, խմբակցությանը

 

Վանաձորի նախկին քաղաքապետ,արդեն 2 տարի բանտում գտնվող Մամիկոն Ասլանյանին կալանքի վերցրեցին 2021թվի ՏԻՄ ընտրություններից կարճ ժամանակ անց․Լոռու նախկին մարզպետի/նիկոլական/հետ հեռուստաբանավեճի ժամանակ արված ,,հանդուգն,, հայրարարություններից եվ ակտիվ լեզվամարտից հետո։Իսկ 2022թվից, փաստորեն, սկսվեց Վանաձորի քաղաքապետարանում մեծ անտերության ժամանակաշրջան։Աղբահանման ծառայության ,,Նոյի թվերի,, ,,պարտքերի,, նկատմամբ դեռ 2016թվից կիրառվող տույժերն սկսեցին առասպելական չափերի հասնել՝քաղաքի բնակչության պատկառելի մասին դնելով սոցիալական պատանդի կարգավիճակում,քանի որ դեռ շատ հին ժամանակներից շատերը տարբեր պատճառներով աղբի վարձ չեն մուծել/որի թաղամասում աղբահանություն չի իրականացվել, եվ բնակիչները հրաժարվել են վարձ մուծել, որի սոցիալական վիճակն է չմուծելու պատճառ դարձել/,ու հիմա այդ ,,պարտքերը,,/որոնց մի մասը պետք է ակտավորման ենթակա լինեին/,եկել-չոքել են քաղաքացիների բկին՝տույժերի միջոցով կրկնապատկվելով։Քաղաքապետարանում այնքան են առաջ գնացել իրավաբանական աճպարարությունների մեջ, որ անգամ՝պարբերական վճարումներ կատարող քաղաքացու նկատմամբ․․․․2 տարում 6000դրամի ,,տույժ,, են աճեցրել։Ընդ որում՝2022թվից հայտնված ,,մնացորդն,, ու տույժը քաղաքապետարանը գրավոր չի  հիմնավորում՝ի պատասխան դիմումի,այլ՝մատուցում է ի գիտություն՝վկայակոչելով աղբահանության մասին օրենքը․բայց թե ինչ հաշվարկով է կիրառվում տույժը, ամսվա կտրվածքով, թե տարվա, թե երկուսը միասին՝չի մանրամասնում, ու պարզապես վկայակոչում է աղբահանության մասին օրենքի 5-րդ կետը։Օրենքն ասում է՝պարբերական վճարումներ անող քաղաքացու հաշվեհամարին ամեն ամիս 200դրամ ավելացրու՞․․․էդքան անմարդկային օրենք ունենք մե՞նք․․․․Ի դեպ, անդորրագրերում չի երեվում տույժը, այլ՝միանգամից գումար է աճում՝անհասկանալի տրամաբանությամբ ու հաշվարկով,եվ միայն՝հաշվի քաղվածքում է երեվում, եթե պահանջում ես այդ քաղվածքը/բայց՝միայն 2002թվից սկսած հաշվարկով, մնացորդ ,,պարտքը,, միանգամից փոխանցված՝նախկին տարիներից/։Իսկ նախկին տարիների տվյալներ՝հրաժարվում են տրամադրել, ինչն ավելի վիճելի է դարձնում նախկինից փոխանցված ,,պարտքը,, եվ ,,տույժը,,։

   Պարոնայք կառավարողներ, երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով չեղարկեք ժամկետանց պարտքերը։Հին ,,պարտքի,, վրա տույժեր նշանակելով ե՞ք նոր Հայաստան կառուցում։Երկրի ջրային ոլորտի միանձնյա կառավարող ,,Վեոլիային,, 1․1 միլիարդ դրամ սուբսիդավորում եք ուզում հատկացնել այն դեպքում,երբ որ նա իր խոստացած բարեփոխումները ձախողել է, ուրեմն բարի եղեք սուբսիդավորել կամ չեղարկել աղբահանության ոլորտում կուտակված հսկայական պարտքերը․այնպես, ինպես 2005թվին չեղարկվեցին ՀԷՑ-ում կուտակված պարտքերը՝սեփականատիրոջ կողմից։Այլապես ստացվում է,որ թոշակների բարձրացում չկա,ավանդների վերադարձը դանդաղում է,իսկ թոշակառուների նկատմամբ կոմունալ վարձեր են անվերջ կուտակվում․ընդ որում՝վերջին 5 տարում մի քանի անգամ թանկացած։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր