Translate

Translate

Translate

пятница, 29 марта 2019 г.

Այսօր մայրաքաղաքում տեղի կունենա ,,Ղրիմյան գարունը,,ցուցահանդեսի բացումը՝կազմակերպված Ղրիմի բարեկամներ համայնքի եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից, նվիրված Ղրիմի՝Ռուսաստանի հետ վերամիավորման 5-րդ տարեդարձին։Այդ առթիվ երեկ համացանցով հրավեր ստացանք եւ միջոցառումների ծրագիր։Միաժամանակ տեղեկացանք, որ այդ միջոցառման ծրագրի շրջանակներում կամփոփվեն ավելի վաղ հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները՝,,Ես սիրում եմ Ղրիմը,, թեմայով, ու այդ մրցույթին ներկայացված մեր աշխատանքն արժանացել է պատվոգրի։Նշեմ, որ այդ թեմայով ներառված 5 խորագրերից ընտրել էի երկուսը՝,,Ինչու եմ երազում այցելել Ղրիմ,, եւ ,,Արցախի ու Ղրիմի հարցերը, նմանությունները եւ առանձնահատկությունները,,։Ցավոք, միջոցառմանը չեմ կարող մասնակցել, բայց ՝սիրով կսպասեմ պատվոգրին, որ խոստացան ուղարկել։Հուսով եմ, բացակայությունս կհամարվի հարգելի, իսկ միջոցառման մասնակիցներին ցանկանում եմ բարի ժամանց։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր։

понедельник, 11 марта 2019 г.

Ինչու եմ ես ցանկանում այցելել Ղրիմ

Ղրիմը մեր ընտանիքի համար խորհրդանշական անուն է․նախ՝Հայրենական մեծ պատերազմ մեկնած եւ այլեւս ետ չվերադարձած պապիկիս՝Թումանյան կայարանի բնակիչ,Դսեղում ծնված, երկաթուղային Սարիբեկ Սմբատի Հովսեփյանի անունն է շաղկապված Ղրիմի հետ․ռազմաճակատից ուղարկված նրա վերջին նամակներն ուղարկվել են Ղրիմի կազմում գտնվող Կերչից․տարիներ անց հայրս նամակներ ուղարկեց Ղրիմի համապատասխան զինկոմիասարիատ, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք պապիս անունը կա Ղրիմում հուղարկավորվածների ցուցակում, բայց պատասխանեցին, որ չկա։ Հայրս՝Գեորգի/Ժորա/Սարիբեկի Հովսեփյանն  է 3 տարի ծառայել Ղրիմում՝1954-57 թվականներին, ռազմածովային նավատորմում, որտեղ մի քանի շնոհակալագրեր է ստացել՝շախմատի մրցումներում մասնակցելու,  եւ ինքնագործ խմբերում գործունեություն ծավալելու համար/հետագայում նա դարձավ շախմատային վարպետության թեկնածու, 1969թ․՝Կիրովականի շախմատի չեմպիոնն էր/։

1988թվին ես եւ մանկության ընկերուհիս՝լուսահոգի Գայանե Սարգսյանը, Կիրովականի քիմմանրաթելի գործարանի արհկոմի տուրիստական ուղեգրով աշնանը մեկնեցինք Ղրիմ,մեր տուրիստական խմբում եւ հայաստանցիներ կային, եւ միջինասիացիներ։ Եղանք Ֆեոդոսիա, Սիմֆերոպոլ,Ֆեոդոսիա, Կերչ, Ալուշտա քաղաքներում, եղանք թանգարաններում, պատմական վայրերում/,,կատակոմբներ,/,ֆեոդոսիայում՝նաեւ Այվազովսկու տուն-թանգարանում, երեկոյան զբոսանքներ էինք կատարում ֆեոդոսիայի ծովափին, հաճախում դիսկոտեկ։Ֆեոդոսիայում նաեւ այցելեցինք ընկերուհուս հայ ազգականին/կարծեմ նրա տատի եղբայրն էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից/, ով տարիներ շարունակ արդեն բնակվում էր Ֆեոդոսիայում,ամուսնացել էր ռուս կնոջ հետ։

Ղրիմի մասին հիշողություններս դեռ տարիներ առաջ զետեղեցի սույն բլոգում։Կան բազում լուսանկարներ՝մեր էքսկուրսիայից/ի դեպ, մեր հետ ոչ միայն կիրովականցիներ կային, այլեւ՝հենց Ղրիմում հանդիպեցինք այդտեղ ծառայություն անցնող կիրովականցի մի երիտասարդի՝Արթուր անունով, որ իմանալով, որ մենք Կիրովակաինց ենք, խնդրեց, որ իր հարազատներին նամակ փոխանցենք, որը եւ սիրով արեցինք՝Կիրովական վերադառնալուց հետո։

Վերջին տարիներին մշտապես երազել եմ լինել Ղրիմում, եւ երբ ֆեյսբուքյան համախոհներիցս Ղրիմից լուսանկարներ են տեղադրում իրենց էջերում/մասնավորապես՝Իրինա Գիլյարովան/, կարոտս այդ նկարներից եմ առնում․այնպես, ինչպես իմ՝ 80-ականների ղրիմյան լուսանկարներից։





ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

Հ.Գ.լուսանկարներում՝հայրս, Գեորգի/Ժորա/Հովսեփյանը ռազմածովային նավատորմում ծառայության տարիներին/1954-57թվեր/, եւ նրա հետ կապված փաստաթղթերը....նյութի ամենավերջում տեղադրված լուսանկարում՝1985թվին, ես եւ մանկությանս ընկերուհին՝Ղրիմում.Կերչ, 1985թիվ

вторник, 26 февраля 2019 г.

Մայրիկիս

Ստորեւ ներկայացվում է վանաձորցի միայնակ թոշակառու, քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ, նախկին երկարամյա քիմմանրաթելագործ-ինժեներ Քնարիկ Պապիկյանի բանաստեղծությունը, որ տարիներ շարունակ վերջինս պահել է իր անձնական արխիվներում՝անգամ անգիր պահելով մտքում, եւ միայն վերջերս որոշեց հանձնել ընթերցողի դատին:

                                     ՄԱՅՐԻԿԻՍ

Տխուր նստած թմբի վրա,
Հեռու դաշտում անաղմուկ,
Իմ որբացած հոգու վրա
Վիշտ է պատել մի հատուկ:
Արցունքներիս շիթն է ընկնում
Հողմագալար թմբի մեջ,
Նայում եմ միշտ ու խոնարհվում
Մի շիրիմի՝ ես անվերջ:
Գլորվելով միշտ ընկնում են
Արցունքները աչքերիս,
Ոււ անձրեւի պես թրջում են
Գերեզմանը մայրիկիս:
ՔՆԱՐԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

среда, 20 февраля 2019 г.

Մուսայի այցը

Թումանյանական միջոցառումների ազդեցության տակ, երազումս լուսահոգի մորս եմ տեսել՝բեմից իջնելիս.ու այդ երազի ազդեցության տակ էլ մուսան ինձ կրկին այցելեց՝առավոտյան/մի քանի ամսվա բացակայությունից հետո/, ,,գլխիս աղքատությունը հեռացրեց,, ու ոգեկոչեց՝բանաստեղծություն գրելու, ասելով.,,Աղջիկ ջա՜ն, ուղեղդ մարզիր, քանի ամիս է՝բանաստեղծություն չես գրում, ,,թարգել,, ես ոնց որ, մենակ հոդվածներ ես գրում,թենց չի լինի, դու գիր ու գրականության մարդ ես, ընկել ես քաղաքականության ջրերը...առ էս քեզ՝թուղթ, էս էլ՝գրիչ, բանաստեղծություն գրիր ու վազացրու համացանց....դե դավայ, դուխով....,,:

                Ու ես գրեցի, որ ներկայացնում եմ ստորեւ

-----------------------------------------------------------------------------------

                            Մորս ժպիտը

Մորս տեսա երազում,

Հայացքն էր շատ երազուն,

Հանդերձներով բեմական,

Ժպիտն էր շատ իրական:

Բեմից իջավ երերուն,

Նստեց վերջին շարքերում, 

Երբ մոտեցա անվարան, 

Ժպիտը պատեց նրան:

Ցավոք, տեսքն էր շատ հյուծված,

Ասես՝մոմից պատրաստված,

Նայեց նա ինձ գորովով, 

Լոկ՝հայացքով փարվելով:

,,Տեսքդ շատ լավ է,,՝ասաց,

Ու էլ ոչ մի բառ չասաց,

Բեմին էր նա շատ նայում,

Հայրս էր մեզ հետեւում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 13 февраля 2019 г.

Հին հուշեր, սպիացած վերքեր

Փետրվարի 13-ը իմ կյանքում ճակատագրական դեր խաղացած, դեռահասության տարիների ընկեր, իսկ հետագայում՝կյանքի ընկեր դարձած անձի՝Վ․Մ․-ի ծննդյան օրն է․նա կդառնար 61 տարեկան՝եթե ողջ լիներ։Ուսանողական տարիներին, 2-րդ կուրսում ուսանելիս մեր քաղաքացիական միությունը՝ավելի քան 1 տարի տեւած, քաղաքացիական բաժանումով էլ ավարտվեց։Եվ անկախ նրանից, թե նրա հետ կապված հուշերն ավելի շատ հաճելի են եղել, տհաճ, ուրախ կամ տխուր՝դրանք իմ կյանքի անբաժան մասն են կազմում եւ ժամանակ առ ժամանակ հիշեցնում իրենց մասին այն ժամանակ, երբ հիշողությունս բեռնաթափված է լինում այլ հիշողություններից։Այդ առթիվ տարիներ առաջ գրեցի ,,Դառն հուշ,, բանաստեղծությունը՝,,Ես եւ իմ պոեզիան,, բլոգային նյութում, ինչպես նաեւ՝,,Կոտրված դուխու տուփը,, ինքնակենսագրական վիպակում։Մեր անսպասելի ընկերությունը՝պատահական ծանոթությամբ սկսված, այնքան էլ ամուր չէր, բայց՝երկարատեւ պատմության վերածվեց, ու ամեն անգամ մեր հերթական գժտությունից հետո, ես համոզված էի, որ նա երբ էլ վերադառնա, ես կրկին ընդունելու եմ նրան․ եւ ներելու՝կտրուկ մերժելով նրա հետ գժտության շրջանում հայտնված ընկերության այլ առաջարկներ․սա հայ ավանդական կնոջ մշտական գործելակերպն է․հնազանդություն ճակատագրին։Նրա հետ եւ լավ հիշողություններ են եղել, եվ վատ, իսկ տխուր հիշողություններից իմ մեջ տպավորվել է այն, որ երբեմն հանկարծակի ընկնում էր Վիսոցկու տխուր երգերի ազդեցության տակ, ու կանխազգում իր անժամանակ վախճանը, ինչը սարսափեցնում էր ինձ։Մեր համատեղ միության ընթացքում ծնվելիք երեխան լույս աշխարհ չեկավ, որովհետեւ նրա հարազատներից մեկը դիտմամբ թե չմտածված, անհեռատեսորեն՝ նրա ծննդյան օրն ինձ համոզեց շամպայն խմել՝,,գոնե մի փոքր,,․իսկ ես չգիտեի, որ այդ վիճակում գտնվող կանանց ալկոհոլը հակացուցված է։Երկուսս էլ շատ ծանր տարանք կատարվածը, բայց՝դրանից հետո մեր առանց այդ էլ խախուտ միությունն ավելի խոցելի դարձավ, ու դրանից մեկ ամիս անց՝մեր ճանապարհները բաժանվեցին,ես հեռացա՝հակառակ նրա զգուշացումներին, որ դրանից հետո մենք այլեւս երբեք չենք միանա, բայց՝մեր հարաբերությունները նոր որակ ստացան․մենք արդեն նշանվածների նման էինք՝ամուսնությունից հետո, ինչն անսովոր իրավիճակ է․ես պայման էի դրել, որ մեր համատեղ կյանքը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե մենք առանձնանանք նրա ծնողներից,որոնք երբեմն անհարկի միջամտում էին մեր կյանքին, ու այս կարգի հարաբերությունները ձգվեցին եւս մեկ տարի, որովհետեւ իմ ծնողներն էլ պայման դրեցին, որ մինչեւ ես բուհը չավարտեմ, իրենք չեն ցանկանա, որ մենք կրկին համատեղ միություն կազմենք․․․Ի վերջո այդ ամենն ավարտվեց մեծ գժտությամբ եւ վերջնական բաժանումով․․․Մեր բաժանումից 10 տարի անց՝1994թվին, երբ նա արդեն մեկ ուրիշի հետ էր վաղուց միություն կազմել/այդպես էլ ժառանգ չունենալով/, ես պատահաբար տեղեկացա, որ նա դաժան մահվան է ենթարկվել Ռուսաստանում, ուր մեկնել էր արտագնա աշխատանքի, իսկ աճյունը տեղափոխվել է Հայաստան՝իր ծննդավայր-գյուղը։Հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նա՝61 տարեկան հասակում, որովհետեւ իմ հիշողություններում նա 16-24 տարեկան է․այնքան, որքան եղել է մեր  ընկերության ու համատեղ կյանքի շրջանում։Իսկ ամենաերջանիկ հիշողություններից մեկն այն էր, որ առաջին կուրսում բոլորից գաղտնի՝ամեն ամիս գնում էի փոստային բաժանմունք՝ստանալու բանակից ուղարկված նրա ցպահանջ նամակները՝հեռավոր Խաբարովսկի երկրամասից, Խանտիմանսիիսկից․․․․մինչ օրս այդ նամակները պահում եմ սրբությամբ՝իմ անձնական արխիվներում։

․․․Երբ այսօր պատահարաբար հանդիպեցի իմ հարազատներից մեկին, ով մշտապես դեմ էր մեր միությանը, ու տեղեկացրի, թե ինչ օր է այսօր՝զարմացած ասաց․,,Ոնց էլ հիշում ես․․․․,։Իսկ ինչպե՞ս կարող ես չհիշել քո կյանքի առանցքային օրերը, ճակատագրական դեպքերն ու մարդկանց․․․․Չէ՞ որ մարդը կենդանուց հիշողությամբ է տարբերվում․․․․Միգուցե՝հետագայում գրեմ նաեւ նրա հետ կապված այլ հիշարժան դեպքեր․․․․

․․․Նրանից բաժանվելուց տարիներ անց՝նոր, լուսավոր կետ հայտնվեց իմ կյանքում, բայց՝90-ականների խավարը այդ լույսը քշեց դեպի Ռուսաստան՝արտագնա աշխատանքների, իսկ հետո՝անհայտություն։Ու այդ առթիվ տարիներ առաջ գրեցի հերթական բանաստեղծությունը՝,,Ուշացած սեր,,։

․․․․Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 31 декабря 2018 г.

Ամանորյա խոհեր

Հերթ, հերթ հերթ....Վանաձորի ,,Լաչինի միջանցքն,, այս օրերին մտնելիս էլ պետք է հերթի ,,պոչից բռնել,, դուրս գալիս էլ. դառել է 60-ականների Լենինի դամբարանի հերթը՝Մոսկվայի Կարմիր հրապարակում.ինչպես ամեն տարի՝վերջին 20 տարում:Անգամ՝անցորդները ներքին կարգով ,,երթեւեկության կանոններ,, են սահմանել, որ ,,վերեւից,, իջնողներն աջով իջնեն, ,,ներքեւից բարձրացողներն աջով բարձրանան, ու պարբերաբար բարձր ձայնով մեկ էլ տեսար՝որեւէ մեկը բղավում է.,,Աջով գնացեք իջնելիս, աջով, որ ներքեւից բարձրացողն էն մի կողքով բարձրանա,,:Մոր հետ քայլող մի երիտասարդ զգուշացրեց մորը, թե ,,մամ, աջով գնա,,.ի պատասխան՝մայրը զայրացած ասաց՝..,,Խի կարող ա՞ շոֆեր եմ, որ պետք ա պարտադիր իմանամ,թե երբ աջով գնամ, երբ ձախով գնամ,,:

,,Բա ասում են ժողովուրդը փող չունի...,,,,չարախնդում են ոմանք.ինչքան էլ չունենան, հայերը Նոր տարվա համար պարտադիր պետք է փող ունենան.ավանդապաշտ ժողովուրդ ենք, բայց՝այդպես էլ չսովորեցին ոմանք, որ հերթի մեջ չի կարելի ծխել կամ վառած սիգարետով անցնել, իրար հրել կամ հերթից առաջ ընկնել վաճառակետում...Մարդիկ շտապում են, իրարանցման մեջ են,աշխատում են ժամանակի ու էժանի, իրենց ունեցած գումարի սահմաններում տեղավորվել, դրա համար էլ նյարդերը տեղի են տալիս ու մեկ էլ տեսար՝սկսում են իրար վիրավորել:,,Էսօր ներել է պետք, բոլորը պետք է բոլորին ներեն,,-ասում է վաճառողներից մեկը:Ի պատասխան՝գնորդն ասում է.հա չներենք՝ինչ տենք անի,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


суббота, 22 декабря 2018 г.

,,Հաղպատա վանքից թռավ մի թռչուն,,

6.06.2009թ.,,Հրապարակ,, թերթում հոդված էր տպագրվել՝երջանկահիշատակ լրագրող, ծնունդով լոռեցի Գայանե Բաբայանի հեղինակությամբ.,,Սիրուշոյի հարսանիքի առթիվ,,վերնագրով/թերթի նույն համարում իմ մի հոդվածն էլ էր, դրա համար այն պահպանվում է իմ անձնական արխիվներում/:,,Ահա վերջապես լինելու է այն, ինչ քանի տարի է՝խոսում են շոու-բիզնեսով հետաքրքրվող երեխաները.անձամբ երգչուհի եւ երգչուհու եւ դերասանի դուստր Սիրուշոն ամուսնանում է ժողովրդի համար ճակատագիր դարձած Քոչարյանի որդու հետ,,-գրել է հեղինակը:Թերթի ամբողջ էջն զբաղեցնող  ծավալուն հոդվածում, վերլուծելով Քոչարյանի քաղաքական դիմանակարը՝քրեական հարթության վրա, եկել է եզրահանգման.,,Երջանիկ հարսնություն Սիրուշոյին՝Քոչարյանի անաղարտ օջախում.հուսանք, որ արդեն իր ամուսնու եւ սկեսրայրի հետ կապված բոլոր դատավարություններում երգչուհին էլ որպես պաշտպանող կողմ հանդես կգա,,:Փաստորեն, կատարվեց հոդվածագրի գուշակությունը.արդեն Քոչարյանին դատում են, իսկ Սիրուշոն, բնականաբար, նրան պաշտպանողի դերում է/չէ՞ որ մենք հիմա ժողովրդավարական երկրում ենք ապրում, եւ ոչ ոք չի կարող մարդուն ստիպել հրաժարվել իր հարազատից՝քաղաքական իրավիճակից ելնելով.այնպես, ինչպես եղել է 1930-ականների բռնաճնշումների տարիներին/ :Ցավոք, այդ հոդվածից մոտ մեկ տարի անց, Բաբայանն ավտովթարի զոհ դարձավ, մեծ ցավ պատճառելով իր սուր գրչին ծանոթներին, մտերիմներին, գործընկերներին:Ի դեպ, լոռեցի բանաստեղծ Հրաչյա Մաթեոսյանը Բաբայանի մահվան կապացությամբ գրեց հետեւյալ բանաստեղծությունը,որ տպվել է ,,Հրապարակ,, թերթում՝201թվի ապրիլի 10-ի համարում․

Հաղպատավանքից թռավ մի թռչուն,

Հաղպատավանքից պոկվեց մի հնչյուն․․․

Հաղպատասարից նայում ես ծիծղուն,-

Երկինքն ինչպես է վերիվեր թռչում։

Աղջիկ՝պարուրված Լոռու բարբառով,

Հրեշտակներից թեւեր ես առել,

Դու եկար տարով, գնում ես՝դարով,

Արծաթ մամուռից կքամես բառեր։

Կանչեր ես լսում էն խոր անհունից,

Արեւդ խնդաս, կանչում են, արի,

Սերեր կփնջես շարմաղ ու հուրհեր,

Առանց քեզ սերը էլ չի վարարի։

Մենք սարից նայենք, նայենք մենք ձորից, 

Ժպիտդ փնտրենք Լոռու սարերում,

Սարերից էլ վեր բարձրանանք նորից

Ու քեզ որոնենք հին երկինքներում։

Հաղպատավանքին ինչպես մի թռչուն,

Հաղպատավանքին կպավ մի հնչյուն․․․

Կարոտը նորից երկինք բարձրացավ,

Ու սերը դարձավ երկնային մի ցավ։

-----------------------------------------------------------------------------------------------------------------

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ