Translate

Translate

Translate

суббота, 11 января 2014 г.

Տարեմուտի խոհեր ՝ անձնական ,,դարդուցավի,, շրջանակներում

Տարեվերջյան բազում ցավալի իրողություններից ու տհաճ զգացողություններից  հետո, հունվարի սկզբներին, ի  վերջո, դրական իրողությունների հետ էլ առնչվեցի. դա Վանաձորի Հայքի հրապարակի  շքեղաշուք տոնածառն էր, որի երեկոյան ու գիշերային ցոլցլուն, երփներանգ,առավելապես ՝ կապույտ գույները  հրապարակի ,,օրանժախառն,, լույսերի հետ մի անչափ գեղեցիկ պատկեր էին ստեղծում. մի խոսքով ՝ իսկական եվրոտոնածառ, ի տարբերություն նախորդ տարվա ավելի համեստ տոնածառի, որ անգամ գագաթ էլ չուներ:Հրապարակը ոչնչով չէր տարբերվում Երեվանի հրապարակից: Ասում են, կառավարությունն է  տոնածառի  համար փող հատկացրել: Ապրի մեր կառավարությունը, մտածում է ժողովրդի ,,կուլտուրական հանգստի,, ու դրական լիցքերի մասին, ու  ժողովրդի խնայբանկի ավանդների փող չունի, բայց ՝ տոնածառ զարդարելու / բիոզուգարաններ կառուցելու /համար ունի: Ի՞նչ անես, լոռեցիների ասած ՝,,էդ ա,, ո՞վ պիտի իր լավ կառավարությունը մեզ տա, կամ լավ ընդդիմությունը, որ կարողանա կառավարությանը տեղից շարժել:Բայց, ափսոս, որ այդ տոնածառի ու հրապարակի լույսերը չէին հասնում մի քանի մետր գտնվող, խաչվող  Լազյան փողոցին ՝ խավարի մեջ թաղված, որ երեկոյան ժամերին անցորդները հանկարծ չհայտնվեն բաց դիտահորի մեջ կամ  միմյանց չբախվեն:Հաջորդ դրականը, որ արձանագրեցի ՝ այն  էր, որ ԶԱԳՍ-ի շենքը / որին առնչվելու առիթ էր ստեղծվել /,հեռավոր Լճերի ցուրտ տարածքից բերվել էր  կենտրոն ՝քաղաքապետարանի շենք: Որ կենտրոն էր բերվել ՝ լավ է, բայց թե ինչու՞ քաղաքապետարանի շենք ՝ դա է անհասկանալի: Չէ՞ որ ԶԱԳՍ-ը այն հաստատությունն է, որ պետք է առանձին հիմնարկ լինի, հանդիսավոր պայմաններում: Դիցուք, ԶԱԳՍ-ում գրանցվողները ցանկանում են հանդիսավոր պայմաններում նկարվել, փոքր խնջույք կազմակերպել, ինչպե՞ս է դա համատեղվելու քաղաքապետարանի աշխատանքային իրավիճակի հետ: Հիշեցնենք, որ սովետական տարիներին ԶԱԳՍ-ը գտնվում էր քաղաքապետարանից ոչ հեռու, մի երկհարկանի շենքում / որ հիմա այլ կազմակերպության է պատկանում /:Մի դրական երեվույթ էլ արձանագրում եմ, հայտնաբերելով, որ Լոռի ջրմուղ-կոյուղու երկրորդ գրասենյակ է բացվել ՝ քաղաքի կենտրոնում / քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում /, ու կենտրոնում ապրողներն ստիպված չեն լինի ձմեռ օրով հասնել ,,Դիմաց,,թաղամասի սարի գլուխ : Ապրի ջրմուղի գերմանացի տնօրեն Ռուդոլֆ Կրյուգերը, մտածել է քաղաքացիների  հարմարավետության մասին,  ,,ջհանդամը,, թե ջրի սակագինը մի քանի անգամ չի բարձրացել  վերջին տարիներին, ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ ,,լոխի,, նման չի հաստատել այդ  սակագինը, ու խորհրդարանում էլ վաղուց այդ մասին խոսող չկա, քանի որ Սադոյան չկա, իսկ ՕԵԿ-ն էլ մոռացել է իր 2007թ.նախընտրական խոստումները, թե իբր դատական կարգով վիճարկելու է ջրի, էներգիայի,հեռախոսի սակագնի բարձրացումը: Ջրմուղն անգամ շաբաթ օրն է կես աշխատանքային օր սահմանել, որպեսզի   աշխատավոր այցելուները կարողանան իրենց հարմար ժամի էլ այցելել: Մի դրական էլ արձանագրեցինք ՝Տիգրան Մեծ պողոտայի վրա. քաղաքապետարանը նստարաններ է տեղադրել, որ այդտեղ մշտապես հավաքվող  գործազուրկները, թոշակառուները, հոգնած անցորդները հանգստանան, ու իր կայքի գովազդն էլ փորագրել նստարաններին:Այսինքն ՝,,Արցախ,,պուրակի նախկին գործառույթները տեղփոխվել են այստեղ, քանի որ  աղբաթաթախ ,,Արցախ,,-ում, որ անվերջ վերակառուցման, վերանորոգման փուլում է, նստելու պիտանի ոչ մի նստարան չկա: Բայց ՝ Տիգրան Մեծ59 հասցեում գտնվող այս  վանաձորյան ,,քաղաքական զբոսանքի,, վայրում երբեմն  ինչ-որ  ձայնագրման կետից հնչող ,,բայաթիները,, հիշեցնում են ազգիս ողբալի վիճակը, մասսայական արտագաղթն ու գործազրկությունը: Ռուսաստան տանող ավտոբուսներն էլ  հենց  հանդիպակաց մայթից են մեկնում, ու ավտոբուսների լուսամուտներից տխուր նայողները հայացքով հրաժեշտ են տալիս քաղաքին ու ,,մնացողաց,,: Ափսոս, որ երկար չեմ կարող մնալ հազվադեպ հայտնվող դրական լիցքերի  մեջ,որ երբեմն հայտնվում են նաեւ ՝ հայաստանյան բացառիկ հաջողված հեռուստատեսային հումորների /   ,,Լացկանյանների ընտանիք,,  ,,Վիտամին,, եւ այլն / շնորհիվ, քանի որ առաջիկայում, ԶԱԳՍ-ին,  ջրմուղին  ու սոցապին առնչվելուց հետո ստիպված եմ  առնչվել  քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման ու գույքի կառավարման բաժնի հետ, որ, չգիտես ինչու, զբաղվում է նաեւ աղբի վարձավճարների հավաքագրման հարցերով: Եվ այս անգամ հիշում եմ իմ երջանկահիշատակ գործընկերուհի  Գայանե Բաբայանին, որ տարիներ առաջ գրել էր, թե ֆոբիա ունի պետական հիմնարկներ մտնելու հարցում: ,,Ֆոբիա,, ՝ այսինքն ՝ վախ, անհանգստություն, սարսափ,տագնապ ՝ իչ-որ երեւույթի նկատմամբ: Մարդ կա ՝ մութ սենյակում հայտնվելու նկատմամբ ֆոբիա ունի, մարդ կա ՝ փակված վերելակում մնալու, մարդ էլ կա ՝ քաղաքապետարան մտնելու:Իմ ընդդիմադիր կոլեգաները կհասկանան, թե ինչ է նշանակում ,,ֆոբիա,, ՝ քաղաքապետարանի հանդեպ :Նույնիսկ մտածում եմ ՝ դիմումս անձամբ չտանեմ, այլ ՝ նամակով ուղարկեմ : Մի խոսքով ՝ Աստված ինձ մեծ համբերություն տա, գնալու դեպքում երեւի մեկնումեկին հրահանգեմ ՝,,Եթե  20 րոպե հետո չվերադառնամ ՝ եկեք իմ ետեվից,,:  Փորձում եմ մտաբերել, թե ե՞րբ եմ վերջին 15 տարում այցելել քաղաքապետարան: Մեկ ՝2000թվին, երբ ներկայիս քաղաքապետը պաշտոնավարման 1 տարվա առթիվ ասուլիս էր կազմակերպել, եւ այդ ժամանակ, որ ,,Առավոտի,, թղթակիցն էի, հրավիրվելու բացառիկ առիթ էի ունեցել, մյուսը ՝թերեւս, 2001թվին էր, երբ որոշեցի մասնակցել ավագանու նիստին, երբ լրագրողներին անգամ զլացել էին աթոռ տրամադրել, հաջորդը, թերեվս ՝սոցիալական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում փոշիացվող մի դրամաշնորհային սեմինար էր, մյուսն էլ ՝ հակակոռուպցիոն թեմայով սեմինար ՝2002թե 2003թվերին, ու կարծես թե ՝վերջ:   ....Հոդվածը  լավատեսական ,,ծրագրի,, շրջանակներում ավարտելու նպատակով  նշեմ, որ տարեվերջին, վանաձորյան շուկայում հայտնաբերելով  մեծ տուփով  թուրքական շոկոլադ, եւ ցավ զգացի , որ ավել շուտ ՝,,կարոտախտ,, էր  90-ականների հանդեպ, եւ ... ուրախություն, ու մեծ  ոգեւորությամբ գնեցի, հիշելով, որ միշտ  երջանկահիշատակ մայրս էր գնում  դրանցից, քանի որ ներկրվում էր հիմնականում թուրքական ապրանք, եւ թող ոչ ոք ինձնից ավելի ազգասեր ցույց չտա իրեն, քանի որ այսօր իրենց  ազգասեր հորջորջող շատերն էին  այն տարիներին Թուրքիայի ճանապարհը բռնում ու անգամ ՝ կոնֆետի  ու չուլուփալասի առեւտրով զբաղվում ՝իրենց դիրքին չնայելով: Եւ կարոտախտը ոչ թե թուրքական կոնֆետի հանդեպ էր, այլ ՝ այն տարիների խորհրդանիշի, քանի որ այն հիշեցնում էր այն անցյալը, որում կային հարազատներից ու մտերիմներից, ծանոթներից շատերը, որոնցից ոմանք կյանքից  հեռացան, ոմանք ՝երկրից:Երբ վաճառողից հետաքրքրվեցի, թե ի՞նչ կոնֆետներ են, խուսափուկ ասաց, թե ,,էն առաջվա կոնֆետներից,,: Մեկ այլ վաճառող էլ էլի թուրքական կոնֆետ էր վաճառում ՝ կգ-ով, ու փորձում համոզել, թե ,,բուլղարական է,,:Լավ, ինչի՞ համար է այս զգուշավորությունը, ինչու՞ են  քաղաքականը խառնում տնտեսականի հետ: Լավին ՝ լավ, վատին ՝վատ: ,,Քենդին,, իր տեղն ունի, ռուսականն ՝իր, թուրքականն ՝իր:                                                                                                          Գայանե Հովսեփյան