Translate

Translate

Translate

пятница, 23 октября 2015 г.

Էլ չենք դառնա մենք 20 տարեկան

Ջահելություն, եթե դու լինեիր իմաստուն ու հեռատես, 10 չափեիր՝մեկ կտրեիր, ապա քո անունը ջահելություն չէր լինի:Շատերը հասուն տարիքում հաճույքով կհրաժարվեին իմաստնությունից, միայն թե ջահելությունը ետ բերեին՝խենթ ու խելառ ջահելությունը:

14.02.2016թ.

---------------------------------------------------------------------------

Եթե դուք բալզակյան տարիքի կին եք, ու վաղուց ի վեր ձեր սուրճի բաժակը չեք շրջում՝գուշակության նպատակով, բայց գնչուհիները փողոցում դեռեւս ,,չամռվում,, են ձեզ ու պահանջում, որ ձեր ապագան թույլ տաք գուշակեն, ուրեմն դուք դեռ ապագա ունեք ու այնտեղ դեռ ,,նայելու բան,,կա: Կարող եք լիասիրտ ժպտալ ու բղավել՝,,Այո՜,,...

Հ.Գ.Օրերս մի երիտասարդ գնչուհի , որ անցորդներին ,,դարանակալել,, էր վանաձորյան փողոցներից մեկում, պահանջելու նման խնդրեց, որ ինձ համար գուշակություն անի ու ռուսերենով ասաց.,,3 բառ ասեմ անվճար, 3 բառ...,,: Իսկ ի՞նչ երաշխիք, թե 3 բառից հետո չէր շարունակելու ՝,,հաշվիչը,, միացնելով ու փող չէր պահանջելու: Ըստ այդմ, հազիվ հասցրի աճապարել ու մտքիս մեջ հեգնանքով ասել՝,,Արդեն ուշ է՜...,,:

--------------------------------------------------------------

Ուսանողական տարիների ընկերուհիներիցս մեկին տեսա: Պատմեց, որ մեր ընդհանուր ծանոթներից մեկին է տեսել, որ գեղեցիկ սեռի նկատմամբ թուլություն ունի, ու հաճոյախոսել է իրեն՝ասելով, թե ,,հեչ չես փոխվել,,: ,,Դուրս եկավ, որ ես դեռ 18 տարեկան եմ ու կարամ թազա մարդի գնամ,,-ծիծաղելով պատմում էր զրուցակցուհիս, որ արդեն 50-ն անց է:Ասի՝,,Ինչի՞, քո մարդին ի՞նչ է եղել, որ թազա մարդի գնաս,, լրջացավ ու թե՝,,Փառք Աստծո, ոչ մի բան էլ չի եղել, դժգոհ չեմ,,.բայց՝  ծիծաղելով ավելացրեց՝,,Բայց որ հանկարծ մտքափոխ լինեմ, մինչեւ ինձ արժանի փոխարինող չգտնեմ, միտքս չեմ փոխի,,:

----------------------------------------------------------------------------

...Իսկ գնչուհիները համառորեն ,,կպել,, են ու պահանջում են ,,բախտս,, նայել.երկու օր առաջ հերթական անգամ ինձ մի 20-30 տարով ջահելացրեց  /մտքի մեջ/մի տարիքով գնչուհի ՝բղավելով.,,Կրասավիցա դաստոյնայա, դայ պոգոդայու,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 22 октября 2015 г.

Կյանքի սեւագիրն ու մաքրագիրը

Երանի թե մարդկային կյանքը ֆեյսբուքի նման լիներ. մի հատ՝ սեւագիր, մի հատ՝ մաքրագիր-տպագիր: Ու մեր անցած կյանքն սկզբից մի հատ սրբագրեինք, սխալների ուղղում կատարեինք, հետո նոր՝ տպագրեինք ու նոր կյանքով ապրեինք:Իսկ միգուցե ներկա կյանքն է սեւագիր՝հավերժական կյանքով ապրելուց առաջ...ո՞վ իմանա: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 6 октября 2015 г.

Անլռելի մեղեդիներ

  Անիկ Հովհաննիսյան, 2014թ.
Վերջերս Երեւանում սահմանափակ տպաքանակով լույս էր տեսել հնաբնակ վանաձորցի, գործարար Անիկ Հովհաննիսյանի բանաստեղծությունների գրքույկը՝ ,,Անլռելի մեղեդիներ,,: Գրքի օրինակները հեղինակը գրեթե ամբողջությամբ սպառել է՝սիրով նվիրելով համախոհներին, ծանոթ-բարեկամներին, մտավորականների. մի քանի օրինակ անգամ սփյուռքահայությանն է հասցրել՝Ֆրանսիա, Գերմանիա:Հիշեցնենք, որ դրանք այն բանաստեղծություններն են, որոնք ի սկզբանե տեղադրվել էին սույն բլոգի ,,Անիկ Հովհաննիսյանի պոեզիան,, էջում ՝2014թ. նոյեմբերի 11-ին:Եվ, քանի որ Հովհաննիսյանն անդուլ ստեղծագործող է, ուստի գրքի տպագրությունից հետո էլ նրա միտքը չի դադարում պրպտումներից: Նրա համար էական չէ՝ գրածը չափածո՞ է, թե՞՝ արձակ մտքեր, անտարբեր է նաեւ տաղաչափական նորմերի հանդեպ, եւ արձակ ստեղծագործությունն էլ ավելի հաճախ ու իներցիայով՝ գրում է բանաստեղծական տողերով եւ, չնայած պատկառելի տարիքին, երիտասարդի ոգեւորությամբ անվերջ թղթին է հանձնում տեսածը, զգացածը, այն, ինչ հետք է թողնում հոգում, միաժամանակ լինելով հրաշալի ասմունքող ՝ոգեշնչված ընթերցում է դրանք՝ մտերիմների համար: Ստորեւ ներկայացվում են Ա.Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունները՝ չափածո եւ արձակ մտքեր, ինչպես նաեւ ՝եւս մեկը՝նրա անտիպ ստեղծագործությունների արխիվից:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 


                                        ՀԱՍԿԱՑԱ

Հոգուս տենչերը նորից ծաղկեցին,

Հույսը կրծքիս տակ ծիածան կապեց,

Սրտիս դռները խինդով բացվեցին,

Իմ աշուն-կյանքը նորից կանաչեց:

       Ու սիրտս լցվեց խնդության ճիչով,

       Եվ շողեր ցանեց հրդեհն իմ հոգում,

       Երջանկությունս նորից վեր հառնեց, 

        Ամուր կպահեմ իմ ամբողջ կյանքում:

Կպահեմ այնքան ջերմ ու անարատ,

Որ չկորցնեմ, ապրեմ հուսալով,

Ես նոր հասկացա, թե ինչ է կյանքը,

Եվ կյանքի տված քաղցր բերկրանքը:

  --------------------------------------------------------------------

              ՀԻՇԵՑՈՒՄ

Կհեռանանք մենք, անցյալ կդառնանք,

Կմոռացվեն մեր ջերմ զրույցները,

Կդառնան հուշ՝ մեր մատնահետքերը,

Որ թողեցինք մենք աշնանամուտին՝

Փոքրիկ սեղանին:

19.04.2015թ.

----------------------------------------------------------------------

                      ԽՈՀԱԿԱՆ 

 /Նվիրվում է Շուշիի ազատագրմանը /

Ոչ մի քամի կամ փոթորիկ, 

Կամ՝ցունամի, ծովի ալիք

Չի սասանի հայրենածին

Կուռ կամքը մեր՝

Կաղնու ծառի նման հուժկու,

Արմատներով կուռ, աներեր:

Որքան վտանգ, ավեր լինի,

Քեզ կպահենք, հող հայրենի,

Իմ գեղանի, հպարտ կաղնուն 

Ոչ մի չար հողմ չի սասանի:

Ու իմ ազգն էլ կաղնի է մի,

Որ ապրել է դար ու դարեր,

Դիմացել է ամեն հողմի,

Առել նոր ուժ ու նոր թեւեր,

Պայքարել ու վեր է հառնել,

Հայկական ոգով՝արիացել:

Այն վերելքը, որ անցել ենք,

Հուր-հավիտյան պիտի անցնենք,

Թող  հա ոռնա մեր թշնամին,

Մենք հպարտ ենք ամեն ժամի:

Պատնեշ կանգնենք մեր սահմանին,

Ոնց պարիսպը՝ Չինաստանին,

Եվ սպասենք հավատով խոր

Փոքր Մհերին ՝վեհ ու հզոր:

Դարն անցավ մեծ Եղեռնից,

Չենք մոռացել ցավ ու կսկիծ,

Ազգիս թափած արյունը մենք 

Թշնամու արյամբ պիտի մաքրենք,

Չնայենք ուրիշի տված հացին,

Փարվենք հայոց այգաբացին,

Մի լքեք հողը հայրենական,

Պահանջ ունենք մենք սրբազան:

9.05.2015թ.

------------------------------------------------------------------

                    ՈՐՆ Է ՍԵՐԸ

Սերը գաղտնի երեւույթ է,

Արեւի պես միշտ անմարում,

Որ մտնում է քո շեմից ներս,

Հոգիդ այրում, սիրտդ վառում:

Սիրել միմյանց, ասել է թե 

Աստծուց տված սուրբ պարգեւ է,

Չունի սահման, չի արգելվում,

Չի խանգարվում, հրաթեւ է:

Մուտք է գործում ու հրդեհում,

Հուր-կրակ է ու չի մարում,

Սեգ լեռների քարափներին

Ուժով կյանք է միշտ արարում:

Սերը լռին, բայց աշուղ է,

Խաղիկներ է հյուսում անվերջ,

Բախվում սրտիդ նուրբ լարերին,

Դառնում երազ ու վառող տենչ:

Հոգուդ աշխարհն է պղտորում,

Ու թե Աստված մի արասցե,

Հակառակվես նրա կամքին,

Չի ունենում կոնկրետ հասցե,

Այլ է դառնում, այլափոխվում,

Չէ՞ որ սերը անսպառ է,

Չի հարցնում տարիք, հասակ,

Ամբողջ կյանքում հուսավառ է,

Խլում է հանգիստդ, քունդ...

Մարդիկ, եկեք չկորցնենք

Այդքան քնքուշ զգացմունքը...

4.07.2015թ. 

----------------------------------------------------------------

                       ԱՇՆԱՆ ՀՈՒՇԵՐ

                          / արձակ էջ /

Աշուն էր, հոկտեմբերյան մի հրաշալի աշուն...

Քամին տերեւները քշում-ցրում էր օդում՝ 

ինչպես թիթեռների թեւիկներ.

թոշնած ու անգույն...

Քայլում եմ տերեւների վրայով՝

լուռ, մտահոգ, մտքերի հետ...

Ոտքերիս տակ խշխշոցն է լսվում անհետ...

Նայում եմ ծառերի մերկ ճյուղերին ու 

լուռ խորհում տերեւների չվելու մասին...

Դա ակկորդն է աշնան վերջին...

Շուրջս տարածվել է խաշամի բուրմունքը:

Քայլում եմ դանդաղ, հանգիստ, 

որ չխանգարեմ անդորրը աշնան,

Եվ ահա, աչքերիս դեմ մի հրաշք գրավեց ինձ.  

նայեցի ՝մի փոքրիկ տերեւ էր ՝կարմիր գույնի, 

որ շողշողում էր գորշ ու անգույն տերեւների արանքում:

,,Դու մենակ չես,,՝մտածեցի 

ու հայացքս նրան հառած՝նկատեցի փնտրածս. 

արեւի շողից էր իր գույնը վերցրել, 

որ աշխարհն արեւով ներկվի...

Եվ իրոք հրաշք էր դա.

սիրտս ու հոգիս լցվեց սիրով,

նրանց վառվռուն գույներով:

Նայում եմ ու հիանում. 

ի՜նչ հրաշք ես դու,բնություն...

Ստեղծում-ստեղծագործում ես անձեռագիր քո գործերը...

Ու վերցրի ձեռքիս վրա 

կարմիր,դեղին՝իրար վրա,

բացվեց իմ դեմ հրաշք պատկեր,

կարմիր գույնը լույսով պսակվեց,

դեղինը՝աստվածային լույս ճառագեց...

Ու ես կանգնած էի՝ի զարմանս ինձ.

լռություն է, քարացած եմ այդ պատկերներով...

Եվ ի՞նչ, պահում եմ դեռ 

այդ հրաշքներն իմ դարակում,

որպես աշնան վերջին ակկորդ,

հուշ-հիշատակ Ծաղկաձորից՝հանգստյան տնից:

25.1.02014թ.Ծաղկաձոր

-----------------------------------------------------------------------------------------------------

                           ԻՄ ՏԱՆ ՊԱՏԵՐԸ

Իմ տան պատերը խոսուն են, 

Պատերը իմ տան ինձ հետ խոսում են, 

Իմ տան պատերը իմ ընկերներն են, 

Պատերը իմ հետ քայլում, շնչում են: 

Երբ ես թախծում եմ, թախծում են միգում, 

Ինձ հետ տխրում, ինձ հետ ուրախանում, 

Երգում են ինձ հետ, երբ երգս են լսում 

Պատերը, պատերը, պատերը իմ տան: 

Իմ գաղտնիքների շտեմարանն են, 

Մոլոր եմ՝մոլոր են, տխրում են ինձ հետ: 

Տքում են, ճչում, հնչում են, կանչում 

Պատերը, պատերն իմ տուն-հանգրվանն են:

Իրենցից բացի իմ համար ոչինչ /ուր էլ որ լինեմ / 

Իմ տան պատերից չկա ուրիշ տեղ 

Խոր-խորհրդակից:

Հրաշք են, լավը, լավ ընկերակից, 

Պատերը, պատերը, իմ տուն՝բարեկամները,

Իմ սիրելի, լավ ընկերները:

Նրանց փոխարինող չկա ուրիշը,

Ուրիշը ի՞նչ է, ուրիշը՝ ոչինչ: 

Իմ դառնություն-ուրախությունը նրանք են պահում, Թաքցնում, թաքուն շոյում-փայփայում

Գաղտնիքը գողտրիկ, լռիկ ու մնջիկ:

Զուսպ են, համբերող, պահի սպասող,

Չես թաքցնի ոչինչ, նրանք նայող են, 

Պատերը, պատերը, պատերը իմ տան:

Շոյող են, լսող, ստվեր-հանգրվան...

Օ, մարդ արարած, ուր էլ որ լինես,

Քո տան պատերից բացի՝

Ուրիշ ոչ ոք չի լինի քեզ հարազատ...

Ուրեմն եղիր քո կամքով ազատ: 

19.08.2015թ.Վանաձոր

------------------------------------------------------------------------------------------------------------

                                      ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Կյանքիդ հասուն քո տարիքում 

Դու մի ճամփա պիտի հարթես.

Դա մի անհաս արահետ է,

Բաց է դեմդ՝չնահանջես:

Քայլիր-գնա ՝որքան ուզես,

Արահետներ երկար ու ձիգ,

Անվերջ տանող, չվերջացող, 

Քոնն է ճամփան, չձգձգես:

Դաշտեր են դեմդ, ծփուն արտեր,

Դալարագեղ, շողուն հասկեր,

Անցիր միջով ծփուն արտի,

Արահետը քեզ կգտնի:

Դու անհոգ ես, ծաղկուն կյանքով, 

Վեհ ու հպարտ ՝ քո տարիքով,

Ճանապարհներ ՝միշտ դեմդ բաց, 

Խաչմերուկներ կան քո դիմաց, 

Արահետներ, կանաչ դաշտեր,

 Ծփուն ծովի նմանակներ, 

Կյանքը ծով է, դու՝ էլ լողորդ, 

Պիտի սանձես գետերը հորդ: 

Քայլիր-անցիր կանաչ ծովով, 

Հասկերի հետ խաղեր տալով, 

Հեռվում թողած անվերադարձ 

Հուշերով լի ճանապարհներ...

3.03.2015թ.Վանաձոր

    -----------------------------------------------------------------------------------------------------

Ամբողջ անտառը հարկավոր չէ ինձ,

Կանաչ կպահեմ իմ շուրջը բոլոր, 

Որ մի փոքր հող պահի մի ծառի,

Որի ճյուղերին տերեւներ տեսնեմ,

Տերեւների մեջ՝ հմայքն անտառի:

Եվ այնպես պիտի պահեմ-փայփայեմ,

Որ այրվեմ նրա թաքուն քնքշանքով, 

Եւ այդ ամենում ես նրան տեսնեմ,

Նրա մեջ զգամ հմայքը սիրո:

1.08.2015թ.

----------------------------------------------------------------------------------------------------

                          ՀՐԱՇՔ ՊԱՐՏԵԶ

Ամեն առավոտ, երբ 

բացում եմ պատուհանս 

ծագող արեւի շողերի հետ, 

ուրախությունն է ծփում տանս: 

Դա բնությունն է՝իր հրաշագեղ տեսարանով: 

Նայում եմ...պատուհանիս տակ 

փոքրիկ մի հողակտոր՝

տարատեսակ ծաղիկներով, բույսերով...

Հպարտ է հողն ՝ինքն իրենով, 

պտղատու ծառերով, 

եւ մի մեծ տանձենի ՝հենված հողին, 

իր արմատներով գգվում է, 

որ չկորցնի իրեն սնուցողին:

Զարմանք ես ապրում, 

այդքան ծանր բեռի տակ 

ո՞նց է դիմանում:

Եվ մի վարդենի՝ 

առավոտյան շող ու շաղով, 

խենթացնում է իր բուրմունքով...

Եվ վազը խաղողի՝փարթամ ճյուղերով, 

ծանրաբեռնված՝ առատ ողկույզներով:

Եվ ամեն առավոտ 

այդ հրաշագեղ տեսարանը 

գրավում է ինձ.նայում եմ ու հիանում. 

իրոք, հրաշքն է դա բնության՝

մարդու ձեռքերով մշակված, 

նույնն է, թե առասպելական 

կախովի պարտեզն է պատուհանիս տակ...

18.07.2015թ.

----------------------------------------------------------------------------------------------

                          ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հրաշք մի ցանկություն պարուրեց հոգիս,

Քաղցր մտքերով պարուրվեցի,

Մտովի մտա մի մեծ հացատուն.

հացատուն չէր, այլ թոնրատուն:

Օհ, ինչ ցանկություն...

Հացթուխ դառնայի,թոնրի շրթին 

փեշերս փռած՝ խմոր-գունդը բացեի,

գրտնակը ձեռքիս՝լավաշ հանեի 

թոնրի կողքից՝փուր-փուր լավաշ...

Կաս-կարմիր կտրած, քրտնաթաթախ, 

կրակը՝թեժ բոցերի շղթա, 

ազատ ու անկախ խաղիկներ տայի, 

երգեի կրակների հետ՝մտած թոնրատուն, 

ու չիմանայի, թե ուր են տանում

 մտքերս սահուն...

Այդպես միամիտ ու ազատամիտ՝ 

չիմանայի, թե որտեղից եկա, 

կամ ուր եմ գնում...

Գնալը միշտ կա, չի էլ ուշանում, 

մնալու գործն է հավիտենական՝

ապրելու համար: 

Չէ, թող չլիներ ուրիշ ոչ մի տեղ, 

ինձ թոնիր տվեք, մեկ էլ ՝գրտնակ, 

իմ պապենական թոնրի բոքոնից 

ու մեկ էլ փրփուր-լավաշից ուրիշ տեղ չկա...

Իմ հողն ու ջուրը իմ հացը կտա, 

ուրիշների հողից հացի հոտ չի գա: 

Մեր տաք-տաք ճմբուռ, 

մեր բոքոն հացի ուտեստն է քաղցր 

մեր պապենական, 

համով ու հոտով քաղցր, հայկական, 

դե արի հասկացիր ու պատասխանիր, 

որտե՞ղ կա նման հրաշալի երկիր... 

 3.06.2015թ.

-----------------------------------------------------------------

                      ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ

Բացում է շերտերը քո առաջ

Բանաստեղծի երգը շիտակ,

Ընթերցում ես, հիանում,

Թեւեր առնում ու լիանում:

Նուրբ բառեր կան երգերի մեջ՝

Ինչպես սիրտդ պարուրող տենչ,

Ձուլվիր դու էլ նրանց հեվքին՝

Սիրո քնքուշ տողերի տակ,

Որ չմարվի հոգուդ հոտը,

Սիրիր ընդմիշտ, սիրիր շիտակ:

26.05.2015թ.

------------------------------------------------------------------------------------

                        ԽՐԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ

Կին-տղամարդ առանց սիրո

Չեն կարող սերտ կապ ունենալ,

Դա նման է առանց ջրի 

Դատարկ բաժակին մոտենալ:

                  -------------

Առանց սիրո կյանք չի լինի,

Վերուստ տված խրատ է դա,

Լավ է անթամբ նժույգ վարել,

Քան թե թամբած՝ տեղում դոփել...

                  ---------------

Ծաղիկը երբեք չի փոշոտվի

Առանց քամու կամ էլ մեղվի,

Այդպես էլ սերը պիտի լինի՝

Որ կյանքը հարատեւի...

                    -------------

Բարձր սարին ձյունը նստեց,

Սարալանջին բան չհասավ...

                -------------

Եթե դու ծեգին ճամփա ելնես,

Տեղ կհասնես օրվա կեսին:

                 --------------

Գործ մի բռնիր անգետի հետ,

Ինչ էլ ունես՝ կկորցնես:

                  ----------------

Կեղծ երդումին մի հավատա՝

Դժոխքի ճամփա քեզ ցույց կտա:

                 ------------- 

Երդումով ոչ ոք չի ծնվել,

Երդումի պոչից ինչու՞ ես բռնել:

                   ---------------

Երդում տալը փրկություն է

մեղք գործողների համար:

                      ------------------

Սուտը ճշտի տեղ կանցնի,

եթե խաբվողը միամիտ է:

                         -------------

Եթե կյանքում միամիտ եղար,

Ծանր բեռը շալակդ առար:

                        ----------

Ծանր բեռից մի խուսափիր,

եթե խելքդ ծանրակշիռ է:

                       ---------

Սպասիր, սպասիր՝ որքան ուզում ես,

Սպասեցնողը չի հիշի քեզ:

                        -----------

Կյանքիդ բովված ճանապարհին

Չբովված հացահատիկներ տեսար:

                        ----------------

Ու՞ր կտանի անհայտը քեզ,

Թե չգտնես քո ճիշտ ուղին:

                      -------------

Ասում են՝ ջուրն իր ճամփան գիտի.

Մենք էդ ջրին ե՞րբ կտեսնենք,

Առանց նրա կցամաքենք:

                ----------------

Մարդու հարստությունը 

Նրա ազնվության մեջ է,

Ոչ թե՝ նենգության կամ խաբեության:

                    ---------------------

Ասում են հեռուների ձայնն անուշ է.

ոչ այդ վայրի տեղն իմացանք,

ոչ էլ նրա ձայնը լսեցինք:

                    --------------------

Տված բանը ետ չեն ուզի ,

Թե ուզեն էլ՝ սառցին գրի:

                      -------------------

Հյուր գնացինք շփոթվեցինք,

Հյուր ընդունողին չտեսանք:

                         -----------

Էս ի՞նչ արինք.

Անկախություն գովերգեցինք.

Ի՞նչ ստացանք՝

Գաղթի ճամփան ցույց տվեցին:

Գուցե, ասին, դա՞ էր բարին,

Փախչենք երկրից՝փրկվենք սովից:

Խե՜ղճ ժողովուրդ,

Ուր էլ գնաս, դա պատիժ է՝ 

Վերուստ տրված:

                           ----------

Ճիշտ ուղիով գնացողին 

Աստված ինքն է թելադրում:

                          ----------

Վարվիր քեզ հետ ինչպես կուզես,

Լավ իմացիր, չսայթաքես:

                             -------

Հեշտ կանցնի քո կյանքի ուղին,

Եթե գտնես կածան-ուղին:

                             ------------

Դժոխքի ու դրախտի միջեւ ոչ մի տարբերություն չկա.երկուսն էլ մի սանրի կտոր են:

9.04.2015թ.

                             ԵՐԱԶ ՀՈՒՅՍԻ

Հույս էր տեսածս երազն այսօր.

Լույսն աստվածային օրհնյալ ձեռքով

Բազմել էր մահճիս նուրբ ու թեւավոր:

Ասեղնագործ ձեռք չէր դիպել

Իմ երազում տեսած բարձին:

Տիրոջ տված շնորհն էր դա՝

Փայլփլում էր ձեռքի գործն իմ:

Փառքդ շատ, տեր մեր Աստված,

Մի նշան էր պետք իմ հոգուն,

Տեսածս երազ կյանք էր արեւկա,

Քո փառքի դեմ, տեր, խոսք չկա:

8.06.1991թ.

ԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 www.lragrakan.blogspot.com