Translate

Translate

Translate

пятница, 27 июля 2018 г.

Ձորագէսի պատմությունը պետք է պահպանվի ոչ միայն ալբոմում, այլեւ՝պատմության թանգարանում

Ձորագէսի նախկին երկարամյա գրադարանավարուհի, միայնակ թոշակառու Ելենա Անդրեասյանը/Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ենոք Անդրեասյանի դուստրը/, ալբոմում խնամքով հավաքել է 85-ամյա Ձորագէսի պատմությանը վերաբերվող   հոդվածներ՝մամուլի արխիվից, որոնք փրկել է ոչնչացումից՝ակումբի ու գրադարանի լուծարումից հետո։Հոդվածների մի մասի վրա մակագրել է տարեթիվը, մյուսների տարեթիվը հնարավոր է աչքաչափով կռահել՝հոդվածի բովանդակությունից։Ալբոմի հոդվածների ընթերցումից պարզեցինք, որ Ձորագէսին վերաբերվող հրապարակումները հիմնականում երբեմնի ,,Գուգարք,, թերթից են, իսկ ակտիվ թղթակիցներից է եղել Դեբեդ-Կասկադ ՀԷԿ-ի նախկին տնօրեն, լուսահոգի Գարեգին Թորոսյանը/ով նույնպես ընտանիքով բնակվում էր Ձորագէսում/։Հոդվածների զգալի մասի հեղինակն էլ ինքը՝Ելենա Անդրեասյանն է, ով լուսաբանել է ակումբում տեղի ունեցող միջոցառումները/Իսկ ոդվածներից մեկում  հանդես է եկել որպես Հրուշիկ Անդրեասյան/։Ակումբում միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ 1990-ականներին, քանի դեռ ակումբն ու գրադարանը չէին լուծարվել։Ձորագէսում ակումբը պահպանվեց միչեւ 1990-ականների կեսերը կամ վերջերը, հիմա այդ շենքը, որ մասամբ էլ բնակելի է,կիսավեր վիճակում է․տարիներ շարունակ մեկ՝համայնքին է անցել ՀԷԿ-ից, մեկ՝ նորից ՀԷԿ-ին, ինչ-որ մի հատվածում էլ ՊՆ-ին է պատկանել, ու հիմա, նախորդ կառավարության օրոք վաճառվել է սեփականատիրոջ։-Գ․Հ․/։

Հոդվածների մի մասի հերոսները երբեմն էլ թղթակցի կարգավիճակով են եղել։Հոդվածներում լուսաբանվել է ավանի հասարակական կյանքը/այդ թվում՝տեղական ընտրությունները/, մարդկանց առօրյան՝հիմնականում մինչեւ անկախացումը։Պատմվել է ոչ միայն առաջավոր աշխատողների,վետերանների, այլեւ՝պատանի- երիտասարդների մասին։Հոդվածներ կային վարպետներ Գարեգին Հարությունյանի, Դերենիկ Մխոյանի, Գրիգոր Մկրտչյանի, ՀԷկ-ի երկարամյա աշխատող Ղարիբ Գալոյանի եւ այլոց մասին։Իսկ 85-ամյա Ձորագէսի շինարարությանը մասնակցած ,1915թվի Եղեռնից մազապուրծ Գարեգին Հարությունյանի կյանքի մասին ,,Գուգարքի,, թղթակից Պ․Սուքիասյանը 1988թվի հունվարի՝,,50 տարի կուսակցության շարքերում,, խորագրի ներքո հոդվածում գրել է․,,Թաքուն հիացմունքով հետեւելով վահագնեցի Արաքսյա Կոստանդյանին, որ նույնպես աշխատում էր ՀԷԿ-ի շինարարությունում, Գարեգինը նրանից էր առնում մոր ու քույրերի՝Արաքսից այն կողմ մնացած ու կարոտը մշուշ դարձած երկրի կարոտը։Բայց մի նոր աշխարհ էր ոգեշնչում նրան, եւ Ձորագէսի բացման հանդիսավոր տոնակատարությունից հետո շինարարության կոմերիտականները պսակում են Գարեգինին եւ Արաքսյային,,։Ձորագէսին վերաբերվող մի հրապարակում էլ կար Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Մ․Մեսրոպյանի հեղինակությամբ։Եւս մեկը՝Ձորագէսին նվիրված հոդվածներից ,գրել էր արձակագիր-դրամատուրգ Սամվել Խալաթյանը։Կարծում եմ, եթե ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան, ապա կգտնվեն նաեւ այլ նյութեր՝պահպանված ձորագէսցիների մոտ։

․․․Իմ ծննդավայր Ձորագէսը տվել է ոչ միայն վարպետ-էներգետիկներ, այլեւ՝բժիշկներ/մանկաբույժ Վանունի Մատինյան, գինեկոլոգ Ռաիսա Սահակյան/, մանկավարժներ Անժելա Շովգարյան, Լյուդմիլա Կոստանդյան,Ալվարդ Մելիքսեթյան/, հայտնի դիզայներ-ծաղկաբույծ Դոնարա Կոստանդյան, ձորագէսյան արմատներ ունեն ճամփորդ,երգիչ Վարդան Սարգսյանը, երգչուհի Հասմիկ Կարապետյանը /ձորագէսյան ծոռներ են/։

Ձորագէսը ոգեշնչել է, տվել է բանաստեղծական ձիրք ունեցող մտավորականներ։Երկարամյա դեղագործ Աիդա Միքայելյանն առայժմ իր բանաստեղծությունների մի փոքր մասն է զետեղել համացանցում, մնացածները ՝ներանձնական, չի տեղադրել, ասելով․,,Դրանք ինձ համար եմ գրել, իմ մտածմունքներն ու հույզերն են, չեմ ցանկանում հրապարակայնացնել,,։Ո՞վ գիտի, միգուցե մի օր մտափոխվի։Ի դեպ, Աիդա Միքայելյանն իր հուշերը՝հին Ձորագէսի մասին, ձեռագիր տեսքով բազմացրել եւ բաժանել է իր մտերիմ ձորագէսցիներին։Իսկ ՀԷԿ-ի նախկին տնօրեն, լուսահոգի Ռաֆիկ Հակոբյանի որդին, որ շարունակում է հոր գործը՝ՀԷԿ-ում, հավաքել եւ հրատարակել է հոր՝անտիպ բանաստեղծությունների գիրքը,որ անհնար է կարդալ առանց հուզմունքի։Գիրքն ընթերցել եմ երկարամյա մանկավարժ,դպրոցի նախկին գրադարանավարուհի,ազգությամբ ուկրաինուհի Նինա Շեւչենկոյի տանը։

․․․Դառնանք զօղորմին տանք Ձորագէսի դպրոցի նախկին տնօրեն Անդրանիկ Մատինյանին,ուսմասվար Ռաֆիկ Պետրոսյանին, մանկապարտեզի նախկին վարիչ Վարդուշ Թորոսյանին,երկարամյա մանկավարժ եւ մանկապարտեզի դաշնակահարուհի Ռիմա Սահակյանին․ նախկին հիվանդանոցի ամենահին բժիշկ Սարգիս Աթաբեկյանին։

․․․Ձորագէսն ունի ոչ միայն արժանավոր զավակներ, այլեւ՝փեսաներ․ՎՊՄԻ քաղտնտեսության երկարամյա դասախոս Կորյուն Թորոսյան, ճանաչված շախմատիստ Գեորգի Հովսեփյան/ձորագէսցիները Հովիկ էին ասում/, ,,Արարատի,, նախկին մարզիչ Լեոնիդ Զախարով, եւ, վերջապես՝սփյուռքահայ երգիչ Սերժ Թանկյան, ով տարիներ առաջ կնոջ՝ձորագէսյան արմատներով Անժելա Մադաթյանի հետ հանգստանում էր Ձորագէսում։

․․․․Վերջին 20 տարիներին գրել եմ Ձորագէսի նոր պատմությունը՝1988թվի երկրաշարժից հետո, տարբեր թերթերում/,,Առավոտ", ,,Հրապարակ", ,,Ժամանակ Երեւան,,/,բայց՝ամենաշատը գրել եմ 2011թից սկսած՝համացանցում/անձնական բլոգներում եւ ֆեյսբուքում/։Միգուցե դրանք մի օր հրատարակեմ նաեւ գրքով։Իսկ առայժմ հին ու նոր հրապարակումներս համախմբվում են ֆեյսբուքի ,,Ձորագէս,, խմբում ու համախմբում նաեւ ձորագէսցիներին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 18 июля 2018 г.

Ինչպես ես ծանոթացա համակարգչի հետ եւ դարձա նրա բարեկամը

1999թվի սեպտեմբերից հետո, երբ ,,Առավոտում,, մեծաքանակ կրճատումներ սկսվեցին ու թերթը ամենօրյա 16 էջից դարձավ 8 էջանոց, ես էլ հայտնվեցի կրճատվողների ցանկում/բայց՝շարունակում էի գրել ,,յա բախտի,, հոնորարային կարգով, ուրիշ թերթերին զուգահեռ, որ ինչ-որ մի բան ,,դուրս գա,,մի քանի հոնորարներից/։Մինչ այդ ,,Առավոտին թղթակցում էի 1995թվից՝՝՝հոնորարային կարգով, մինչեւ 1997թիվը/։Եվ ահա, 2000թվին վանաձորյան մի իրավապաշտպանի միջնորդությամբ ,,բախեցի,, ,,Հայկական ժամանակի,, ,,դուռը,,․թերթն այդ ժամանակ արմատական ընդդիմադիրի համբավ ուներ/ ի տարբերություն ավելի հավասարակշիռ ,,Առավոտի,,/։,,Հայկական ժամանակի,, խմբագրության ներսում մի մակագրություն նկատեցի՝,,Խմբագրին չներվայնացնել,,․ինչից երեում էր, որ աշխատակիցների հումորը տեղն է։Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պայման դրեց, որ մշտական թղթակցության պարագայում հարկ կլինի նյութերն ուղարկել ինտերնետով/ինտերնետն այդ ժամանակ դեֆիցիտ էր․միայն տպարաններում կար, իրավապաշտպանների մոտ, մեկ էլ՝մարզպետարան-քաղաքապետարանում/, ու խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե որտեղից կարելի է ինտերնետով նյութ ուղարկել/Մինչ այդ՝թղթակցություններս ,,Առավոտին,, ուղարկում էի հեռախոսով թելադրելու կամ ֆաքսին հաղորդագրություն թողնելու միջոցով, կամ էլ՝ամիսը մեկ-երկու անգամ ուղեւորվում էի Երեւվան ու համ նյութեր էի տանում, համ հոնորար կամ աշխատավարձ ստանում/։Չնայած ,,Հայկական ժամանակի,, հետ կայուն համագործակցություն չստացվեց, բայց ինտերնետ փնտրելու արդյունքում նյութերն այդ ճանապարհով ուղարկելու փորձ ձեռք բերեցի՝այլ թերթերի հետ համագործակցության ժամանակ/այդ թվում ՝ինձ հետ համագործակցությունը 2002-2005թվերին վերականգնած ,,Առավոտի", հետո արդեն՝,,168 ժամ,, ,,Փակագիծ,, ,,Ժամանակ-Երեւան,, եւ այլ թերթերի ու տեղեկագրերի, իրավապաշտպան հանդեսների հետ։

Մինչեւ 2009թիվը սեփական էլեկտրոնային հասցե չունեի, եւ նյութերն ուղարկում էի ինտերնետային գրասենյակների օպերատորների էլեկտրոնային հասցեներից։2009թվի աշնանը ինձ համար արդեն հարազատ դարձած ինտերնետ-ակումբի երիտասարդ օպերատոր Սուսիկը/որ իմ հոդվածներն էր հավաքում ու կատակում, թե ,,փաստորեն ձեր առաջին ընթերցողը ես եմ,,/ հայտնեց, որ ինքն արդեն այլ աշխատանքի է անցնում, եւ, որպեսզի ես հետագայում դժվարությունների առաջ չկանգնեմ, առաջարկեց ինձ համար էլեկտրոնային հասցե բացել։Հենց նրա օգնությամբ էլ բացեցի էլ․հասցե, եւ դրանից հետո արդեն նյութերս հավաքող օպերատորներն իմ հասցեից էին ուղարկում։Ընդ որում, 2009թվին էլ լրագրողական իմիջին վայել լուսանկարի անհրաժեշտություն առաջացավ, երբ իմ նյութերից 2-ը տպագրած կայքերից մեկն առաջարկեց լուսանկար ուղարկել․դե Սուսիկն էլ տեղնուտեղն ինձ նկարեց իր բջջայինով/ու հենց այդ նկարն էլ 2 տարի անց՝տեղադրեցի ֆեյսբուքում գրանցվելիս՝որպես պրոֆիլային, ու մինչ օրս մնում է/։

2011թվին ստիպված էի թերթային անկայուն կախվածությունս փոխարինել համացանցային կայուն անկախությամբ, ու ավելի անկախ գրել, առանց թերթային  գրաքննության, ու գրանցվեցի ֆեյսբուքում՝իմ վաղեմի ծանոթ, երկարամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի խորհրդով։Համացանցում մի օր աչքովս ընկավ երբեմնի գործընկերուհուս/,,,,Ժամանակ-երեւան,, եւ ,,Հրապարակ,, թերթերից/, լուսահոգի Գայանե Բաբայանի մասին հոդված՝մի բլոգում, ու որոշեցի ես էլ բլոգ բացեմ։Համակարգչային օպերատորի օգնությամբ տեղնուտեղը բլոգ բացեցինք ու անունն էլ հանպատրաստից միտս եկավ՝,,Ազատ, անկախ,,/ու այդպես էլ կնքեցի՝լատինատառ/։Դրանից հետո ակումբի օպերատորը նյութերս հավաքում էր բլոգում եւ ափսոսանքով ասում․,,Հիմա սա ոչ մի թերթի չենք ուղարկու՞մ․ բա թենց ոնց կլինի, դուք փաստորեն չեք վարձատրվում,,/։

2012թվին մի օր պարզվեց, որ համակարգչային օպերատորն այդ պահին զբաղված է, եւ անգամ այդ օրը չի կարող նյութս հավաքել։Հենց այդ ժամանակ որոշեցի ինքս իմ նյութերը հավաքել փորձեմ։Ըստ այդմ՝համակարգչի լատինատառ այբուբենը հատ-հատ արտագրեցի թղթի վրա՝կողքը գրելով դրա համարժեք հայերեն տառերը, ու սկզբում այդ ,,հուշաթերթիկով,, էի հավաքում նյութերս/արդեն բլոգում, որ բացել էի 2011թվին/։Սկզբի համար դա աշխատատար ու ծախսատար պրոցես էր․բայց՝բարեբախտաբար տվյալ համակարգչային կետում զեղչեր էին գործում կանանց համար ու երկրորդ ժամն էլ անվճար էր։․․․Չիք չարիք՝առանց բարիքի․երբ ինտերնետ-ակումբներից որեւէ մեկը փակվում էր՝սկսում էի նորը փնտրել, ու պարզվում էր, որ այդ նորն ավելի մատչելի է, հետո երբ սկսեցին օպերատորները քչություն անել, սկսեցի սովորել ինքս հավաքել իմ նյութերն ու փառք Աստծո, արդեն 6 տարի է, ոչ միայն իմ, այլեւ երբեմն՝ծանոթ-մտերիմների տեքստերն ու նամակներն էլ եմ հավաքում հարկ եած դեպքում։Հետո արդեն ինքնուրույն՝եւս երկու բլոգներ ստեղծեցի՝Լրագրողական նոթեր եւ Պատմաքաղաքական բլոգ։Փաստորեն, կար ժամանակ, երբ համակարգիչն ինձ համար խորթ էր ու օտար, անգամ՝թշնամաբար էի տրամադրված համակարգչի նկատմամբ, քանի որ ընդունված կարծրատիպ կար, որ համակարգիչը ,,երեխու,, կամ ,,ջահելի,, բան է, ,,մեծերի համար,, չի, ու ավագ սերնդի համար այն ժամանակավրեպ է, բայց կյանքն ապացուցեց, որ ավագ տաիքում էլ կարելի է վերամասնագիտանալ ու ինտեգրվել ժամանակակից տեխնոլոգիաներին։Բայց այ՝երիտասարդ զարմուհուս, որ, ի տարբերություն ինձ, համակարգչային դասընթացների է գնացել, զարմացած հարցրի, թե ինչպես է, որ սոցցանցերում գրանցված չի, քամահրանքով ասաց․,,Ինձ էքան մեծ շրջապատ ունեմ, որ վիրտուալ շփումներն ինձ չեն հետաքրքրում,,։Հիմա համակարգիչն ինձ համար դարել է գոյության ձեւ, կենսակերպ, բայց երբ տեսնում եմ, որ այն կարող է ֆանատիզմի վերածվել, ինքս իմ եռանդը չափավորում եմ ժամանակ առ ժամանակ, աշխատելով ավելի շատ իրական կյանքով ապրել։

․․․․Փաստորեն, ինտերնետին ծանոթանալու համար Փաշինյանին եմ պարտական, ֆեյսբուքում պրոֆիլային նկարիս համար՝Սուսիկին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ