Translate

Translate

Translate

пятница, 25 июля 2014 г.

Գեորգի / Ժորա / Հովսեփյանի գրական աշխարհը եւ նամականին

2013թվի դեկտեմբերի 26-ին, 80 տարեկան հասակում մահկանացուն կնքած  Գեորգի /ժորա / Հովսեփյանը ՝ վանաձորցի ճանաչված շախմատիստ, երկար տարիներ  աշխատել է Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում ՝ կադրերի բաժնի պետ / մինչ այդ, երիտասարդ տարիքում Քոլագերանի նավթի բազայի տնօրեն /, 1988թվի դեկտեմբերյան երկրաշարժից հետո ՝ Վանաձորի ,,Դիմաց,,  ,,Տարոն,,  ,,Առափնյա,, թաղամասերում ԲՇՏ-ի պետ, մի հոբբի  էլ ուներ ՝ շախմատից բացի. հանդես էր գալիս գրական ստեղծագործություններով,թղթակցություններով, ունի ֆելիետոններ, ոտանավորներ,անգամ ՝չափածո գրված հուշ-մահախոսական ՝ վաղամեռիկ հարազատի կորստյան առթիվ, բազմիցս հանդես է եկել հանրապետական ու կիրովականյան / վանաձորյան / մամուլում : Տպագրված ու անտիպ նյութերի, թղթակցությունների մի մասն է առայժմ ինձ հաջողվել ի մի բերել, որոնք պարբերաբար կներկայացվեն սույն բլոգում, որպես հարգանքի երախտիք:Ցավոք, հոդվածների մի մասի ամիս-ամսաթիվը չի պահպանվել, կամ ՝տպագրած թերթի անվանումը / քանի որ պարզապես հոդվածի հատվածն է կտրվել /: Հիշեցնենք, որ Գ.Հովսեփյանի հոդվածներից մեկը ՝Մեծ Եղեռնի առնչությամբ, որ տպագրվել էր ,,Լոռու մարզ,, թերթում,պատճենահանման սկզբունքով արտատպված է սույն բլոգի ,,Հիշենք մեր բարեկամներին,, հոդվածում, ապրիլի 24-ին:Իսկ նրա մասին մի հոդված  էլ ՝կենսագրականին ու շախմատային գործունեությանը վերաբերվող, տպագրվել է ,,Azat Ankakh,,բլոգի ,,Գեորգի Հովսեփյանը 80 տարեկան է,, հոդվածում ՝2013թվի հունիսի 15-ին:Հարկ է հիշատակել, որ Հովսեփյանի ստեղծագործական ոգին շարունակել է բարձր մնալ անգամ իր նկատմամբ քանիցս կիրառվող հալածանքների ժամանակ / հալածվել է եւ կոմունիստների օրոք, եւ անկախ Հայաստանում ՝ բոլոր ժամանակների սրիկաների ու նրանց կամակատարների կողմից /, եւ քաղաքական դառն ոտանավոր է գրել անգամ ՝Վանաձորի մեկուսարանում, 1989թվին /երբ 1988թվի դեկտեմբերյան երկրաշարժը պարարտ հող էր ստեղծել մերօրյա ,,բերիականների,, համար, ու  նրանք իրենց ,,մամլիչ մեքենայի,, տակ էին փորձում գցել  անարդարությունների դեմ պայքարող մարդկանց /, անհիմն հալածվեց /իբր ՝,,դիրքի չարաշահման,, շինծու մեղադրանքով / ու մի քանի ամսով մեկուսացվեց, թեպետ նույն դատարանի վճռով արդարացվեց  / համարվելով դատվածություն չունեցող /եւ շարունակեց աշխատանքային գործունեությունը, այդ ընթացքում ոչ միայն չդադարեցնելով ապօրինությունների, անարդարությունների դեմ մղվող պայքարը, այլեւ ՝շախմատային ու հասարակական-ստեղծագործական գործունեությունը:Ստորեւ պարբերաբար կներկայացնենք նաեւ այդ հալածանքների արդյունքում ծնված նամակներն ու թղթակցությունները:Նշենք, որ Գ.Հովսեփյանը   կիովականյան ,,Կայծ,,թերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ճանաչված շախմատիստ Արծրուն Սարգսյանի շախմատային ընկերն էր, նրա խմբագրած թերթի մշտական ընթերցողն ու հասարակական կարգով թղթակիցը:Եվ երբ 90-ականներին ակնհայտ դիտավորությամբ ու ապօրինի ազատվեց ԲՇՏ-ի պետի պաշտոնից ՝,,Տարոն,, թաղամասում / թերեւս, ի պատասխան այնտեղ նորակառույց շենքերի հետ կապված  շինարարական չարաշահումների մասին  տեղական իշխանություններին, իրավապահներին ու,,վերեւներին,, ահազանգելու պատճառով /, ու ստիպված էր վերականգնվելու համար պարբերաբար հայտնվել դատարանների դռներին, կես-լուրջ-,կես-կատակ ասում էր.,,Ախր էն Արծրունն ինձ հրավիրում էր խմբագրությունում աշխատելու, թե ինչի՞ չգնացի է~...,,: Հովսեփյանի ստեղծագործական գործունեությունը թերեւս պայմանավորված էր նրանով, որ 1 տարի ուսանել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում /ստացիոնար /, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով ՝ ստիպված էր եղել հետագայում գործերը տեղափոխել  տնտեսագիտականի հեռակա բաժին: Ահավասիկ, նրա գրական-ստեղծագործական ժառանգությունը, որի մի մասը համեստորեն տեղ են զբաղեցրել վերջինիս ,,Գրական աշխարհ,, վերնագրած թղթպանակում:                                                                                                                ԱՂԵՐՍԱԳԻՐ                                          

,,Այ ,,Խաթաբալա,, 

Քանի՞ անգամ քեզ ասին՝ 

Մի գրի դու ծառ կտրելու մասին:        

Որ օրը բան ես գրում ծառից, 

Մյուս օրը զրկվում ենք մի ողջ անտառից:

Գրիր, որ էլ ծառ կտրողներ չկան, 

Ու նրանց դեմ էլ գրողներ չկան, 

Էլ շիվ չի ձգվում ասֆալտի տակից,  

 Ծառ չի պակասել մեր  ոչ մի բակից:   

Հենց որ գրում ես ՝հիշում են ծառին, 

Ու վայ են տալիս կանաչ անտառին : 

Հլա մի տարի դու ձայն մի հանի,         

Տեսնենք ծառի դեմ էլ ով ինչ կանի:                                                                                          Գ.Հովսեփյան, քիմմանրաթելագործ. ,,Կայծ,,թերթ,1986թ. ապրիլի 1,, ,,Խաթաբալա,,երգիծական թերթիկ, թիվ 2 /180/: 

                 ....Փաստորեն, սույն ոտանավորից պարզ է դառնում, որ անտառները հատվելիս են եղել  ոչ միայն 90-ականներից սկսած, մթի ու ցրտի տարիներին,այլեւ ՝ սովետական ժամանակաշրջանում, ինչն անգամ պաշտոնական թերթում են խոստովանել:  Ներկայացնենք մի անտիպ գրվածք, որ գրվել է մինչերկրաշարժյան տարիներին  ու վերնագրվել ՝,,ԿԻՐՈՎԱԿԱՆՅԱՆ ԴԱՐԻ ԿԱՌՈՒՅՑ,,: Հոդվածագիրը գրում է.,,Դարի կառույց պատվավոր կոչումը շնորհվել է .,,Խաթաբալայի,, կողմից՝ Ժդանովի մոտ կառուցվող կամրջին:Նշվել է, որ առկա են մի շարք նախադրյալներ, որոնց շնորհիվ կամուրջը իր կոչմամբ կարող է դուրս գալ քաղաքային շրջանակներից,,: Նույն թղթի վրա ՝ նոր պարբերությամբ  ձեռագրով գրված է.,,Հայտնվում է խմելու ջրի բոլոր սիրահարներին, որ ձմեռային սեզոնն  սկսվելուն պես սկսել են գործել քաղաքի խմելու ջրի ցայտաղբյուրները,,:  Մի գրությամբ էլ, որ մյուսների շարքում տեղ է գտել ,,ԽԱԹԱԲԱԼԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈ,, ձեռագիր շարքում / երեւի նախատեսել է տպագրության հանձնել, բայց ժամանակ չի գտել / , հայտնում է.,, Եղանակի  բյուրոյից հայտնում են, որ Մարքսի եւ նրան կից այլ փողոցների վերակառուցումը եւ բարեկարգումը կավարտվի նույնիսկ մեր սերնդի օրոք,,:Ինչպես տեսնում ենք, խորհրդային տարիներին էլ հիմնախնդիրների պակաս չի եղել,ինչը վկայում է նաեւ ,,ՀՈԳՍ,, վերնագրված փոքրիկ գրվածքը.,,Այդ օրը դժվար է մոռանալ; Իսկական տոնական տրամադրություն էր տիրում այդ օրը բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներով զբաղվողների մոտ. չէ՞ որ վերջապես տեղացել էր առաջին ձյունը, որն իր հետ պայծառ հեռանկարներով լի անգործության անուրջներ էր բերում: Ո՞վ չգիտե, որ ձյունն սպիտակեցնում է ամեն ինչ, այդ թվում նաեւ փողոցներով մեկ տարածվող...կեղտը:Ձյունն է, որ հարթեցնում եւ մի ընդհանուր հարթության է բերում բոլոր խորդուբորդ տեղերը / այսինքն ՝ անթիվ քանդված ու կիսաքանդ փողոցները /, ապակեպատ է դարձնում մայթերը ՝ իդեալական պայմաններ ստեղծելով ՊԱՊ համալիրի գծով նախատեսվող չմշկասահքի միջոցառումների անցկացման համար ՝անկախ սեռից եւ տարիքից ու ցանկությունից: Առաջին ձյան տեղալուն նվիրված հանդիսավոր ժողովում բոլոր մասնակիցները մեծ ոգեւորությամբ պարտավորվեցին անվերապահորեն մտնել արջի քուն...մինչեւ եկող տարվա ապրիլ,,:...Դատելով նրանից, որ հոդվածում վկայակոչվել է ՊԱՊ համալիրի մասին, ենթադրվում է, թե այն գրվել է խորհրդային տարիներին:

Եւս մեկ երգիծական ոտանավոր ՝,,ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԸ,, որ անտիպ էլ մնացել է / հավանաբար /, որի ձեռագիր տարբերակն է մեր մոտ.,, 

Քանդենք  բոլոր  փողոցները,

Պաշարենք բոլոր տները, 

Թող մարդիկ ինչքան էլ ջանան,

Դես-դեն ընկնելով խեղճանան,  

Տեղ չգտնեն անց կենալու,   

Տներից գործի գնալու,  

Մայթերից չթողնենք հետքեր 

/Ախր մայթը ում էլ պե՞տք էր/։                              Մի տեղ քանդենք, մի տեղ սարքենք, 

Աչքի տեղը ունքին զարկենք,  

Փողոցը / սատանան տանի / 

Առանց ասֆալտ կարկատանի  

Ոչ մի բանի էլ նման չէ:                                     

Ինչքան էլ որ հավար կանչեն,  

Կքանդենք եւ աչք չենք թարթի,  

Կտրորենք լորի, բարդի, 

Գոհ են բոլորը մեր  գործից, 

Դա էլ վաղուց գիտենք փորձից,,:                            

25.09.1974թ. 

Նույն ժամանակահատվածում նաեւ գրել է 

,,ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԸ,,՝ժողովրդական երգի մոտիվներով

Անձրեւը լավ պատճառ է,

Կարող ես ազատ ճառել,

Թե ջուրն է ասֆալտ քանդում,

Ինչքան քար, հող կա հանդում՝

Լցնում է փողոցները,

Ու բոլոր բողոքները

Մեզ չեն ազդում:

Արեւ ես ամպի տակին,

Դուրս մի գա ժամանակին,

Թող միշտ տեղ լինի ճառի,

Թե չէ առանց պատճառի 

Ինչքան էլ արդարանում 

Ու անմեղ ենք ձեւանում ՝

Մեզ չեն հավատում:                                              Սովետական տարիների գերծանրաբեռնված ավտոբուսների անբարեհույս վիճակին նվիրված մի ոտանավոր / որ, թերեւս, գրվել է 1965-70թթ.ժամանակահատվածում, երբ Հովսեփյանի ընտանիքը բնակվում էր Կիրովականի ծայրամասային ,,Կոնգո,, թաղամասում ՝քիմմանրաթելի գործարանի հարեւանությամբ / վերնագրվել է ՝        ,,ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՊԱՐԿԻՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ,,  

 Ձեզ ինչ, թե օձագալար 

Գնում է ավտոբուսը, 

Ուղեւորը միալար 

Ջարդում է ոտն ու ուսը,                          

Երբ միշտ ձյուն, անձրեւ տեղա 

/ Տեր Աստված ՝մենք քեզ մեղա /,

 Միշտ տեղ կլինի ճառի, 

Թե չէ առանց պատճառի

 Ինչքան էլ արդարանում 

Ու անմեղ եք ձեւանում,

 Գործ չեք անում:

 ,,Բեզռազմերնի,, 8 համարը 

Թե ձմեռը, թե ամառը 

Ճրագով միշտ չես գտնի, 

Թե գտնես ՝ ներս չես մտնի          

Թե մտար ՝տղամարդ ես, 

Ուսով պետք է՝տեղ կհարթես, 

Կամ կկախվես պատուհանից, 

Կամ կզրկվես ոտնամանից, 

Միշտ թաղված ցեխում-ջրում,                   

 Ութ համարն է ՝,,ութ,, է գրում:  

Ոնց չեք կարմրում.... 

                                                                                                ԳեորգիՀովսեփյանի գրական ժառանգության մեջ քաղաքական դառն հումոր էլ կա. դա  1990թվի փետրվարին  գրված ոտանավորն է ՝Վանաձորի թիվ 3 մեկուսարանում: Այն ուղղված է եղել ,,Ոզնու,, խմբագրություն / երեւի թե ,,քսիֆի,, կարգով, ուր կից նամակում հիշեցրել է, որ 1989թվին ,,Մարդ եւ օրենքը,, անդրադարձել է քիմմանրաթելի գործարանում ,,խոշոր գայլերի,, կողմից տեղի ունեցած հափշտակություններին, բայց իրավապահները նրանցով զբաղվելու փոխարեն ՝իրեն են բռնել /:

 ,,Նստել եմ ահա  ու միտք եմ անում,  

Թե ինչու եմ ես մեկուսարանում, 

Ոչ թալանել եմ, եւ ոչ գողացել,   

Ոչ ուրիշի պես ոսկում լողացել: 

Գրել եմ թերթում, կանգնել եմ հերթում,

Բայց չեմ իմացել ինչպես են ,,քերթում,,:                   

Մեղքս սոսկ այն էր, որ պետիս ասի ՝

Ինչեր չեն ասում մեղքերիդ մասին,  

Որ թալանել ես դու գործարանը,           

Նա էլ թե ՝կգնաս մեկուսարանը,,: 

Նույն նամակում, որ կամ ուղարկածի պատճեն է, կամ ,,քսիֆը,,  / եթե  մեկուսարանից չեն ուղարկել /,նաեւ դիմելով գլխավոր Ոզնուն ՝գրում է.,, Հարգելի գլխավոր Ոզնի,այսօր փետրվարի 24-ն է, իմ ձեռքին է Ձեր հանդեսի 24-րդ համարը, որի մի հոդվածի առթիվ ուզում եմ գրել 24համարի խցից /կյանքում չեմ էլ երազել ,,24,, ունենալ /, որտեղից իմ մեկուսացված ողջույնը 

Ամենայն Հայոց Ծիծաղի արքային, 

Իր գահին բազմած արխային, 

Տխրում է, երբ հայը նեղում է հային, 

Երանի արդարության ղեկը Ձեզ տային,,:  

Նամակի վերջում գրված է ՝,,Ձեր ինքնակամ թղթակիցներից,,:

---------------------------------------------------------------------------------------------------------------------

,,Հայերիս, եւ մանավանդ ղարաբաղցիների համար ճշմարտությունն այն է, որ ԼՂՀ-ն բռնությամբ է պոկվել ամբողջական Հայաստանից: Կամ՝ մի ուրիշ հարց. Արցախ, Աղվանք, Ուտիք տարածքների հնագույն ժողովուրդների եւ այդ տարածքների պատմական պատկանելության հարցի քննությամբ քանիցս զբաղվել են եւ հայ, եւ ադրբեջանցի պաշտոնյաները: Բանն այն է, որ մոտեցումներն ու եզրակացությունները տարբեր են: Բայց 2 կողմերին էլ գիտության դոկտորի կոչում է շնորհվել: Որովհետեւ նույն հարցում 2 ճշմարտություն լինել չի կարող, ուրեմն այդ 2-ից մեկը կեղծիք է կատարել, քողարկել ճշմարտությունը եւ վիրավորել մյուսների ազգային ինքնասիրությունը,,: Սա՝ Գեորգի /Ժորա/ Հովսեփյանի կարծիքն է՝ կիրովականյան ,,Կայծ,, թերթի 1988թվի օգոստոսի 9-ի ,,Ազգային հարց. մեր ընթերցողների կարծիքները,,  հոդվածում /հեղ.՝Հ.Վանեսյան / զետեղված:  

Նամակների արխիվում կա նաեւ մի անտիպ բանաստեղծություն, որ Հովսեփյանը գրել է իր գաղափարական հակառակորդներից մեկի, իրեն հալածողներից մեկի մասին․

         Մարդկանց  բախտի հետ նա 

         Շատ է խաղացել,

         Ու շարունակում է հիմա էլ խաղալ,   

        Շատերի ոսկորն է նա կարողացել 

         Ջրաղացի քարի պես անվրդով աղալ։

        1997թ․

-------------------------------------------------------------------------

      Երգիծական մանրապատումները

--------------------------------------------------------

Օրորվելով գալիս է Սաքոն։Ռեվազը թե՝

-Սաքո, խեր լինի, քեֆդ լավ է երեվում;

-Ռեվազ ջան, որ իմանաս, թե ինչ քելեխից եմ գալիի՜ս․․․պատմեմ՝պատմածիցս կհարբես,,։

Ռեվազը ջղայնանում է,նեղացած՝

-Տո աննամուս, բա ուրիշ վախտ ասըմ ես հընգեր ես, սատկըմ էի՞ր իմաց անես։Դե որ ըտենց ա, մի ծանդր հիվանդի տեղ գիտեմ, ասիլ չտեմ։

--------------------------------------------------------

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՆՈՒՈՇԻ ՏՐՏՈՒՆՋԸ՝ՍԱՐՈՅԻ ԽՈՊԱՆԻՍՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Իմ հեռավոր քրոջ նման 

Ես ինձ ժայռից ցած չեմ նետի,

Թեկուզ հազար Սարո լինեն 

Չեմ հանձնի ինձ սեվ Դեբեդին։

Ցնդե՞լ եմ ես, ու խե՞լք չունեմ, 

Չե՞մ տեսնում ես նրա ջուրը,

Կեղտաջրի՞ մեջ ես ինձ գցեմ, 

Կուլ տամ դառը կրաջուրը։

Էն գեղեցիկ ալիքների 

Տեղը հիմի՝տափակ հոսանք, 

Ախ թող իմ բախտը ինձ ների,

Այս ու՞ր հասանք, ինչի՞ հասանք։

Որտե՞ղ գտնեմ ես մաքուր գետ,

Ու ժայռից ինձ ես ցած նետեմ,

Բայց,Սարո ջան, ինչ էլ լինի,

Լավ իմացիր՝ես քեզ հետ եմ։

Ուրիշ բան է՝ջրում զուլալ 

Դու քեզ զոհես արիաբար,

Գոնե դառնաս դու ձկան կեր,

Ոչ թե նեխես հիմարաբար։

-------------------------------------------------------

ԳԵՈՐԳԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՎԱՔԵՑ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ՝

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ    

           .