Translate

Translate

Translate

пятница, 23 октября 2015 г.

Էլ չենք դառնա մենք 20 տարեկան

Ջահելություն, եթե դու լինեիր իմաստուն ու հեռատես, 10 չափեիր՝մեկ կտրեիր, ապա քո անունը ջահելություն չէր լինի:Շատերը հասուն տարիքում հաճույքով կհրաժարվեին իմաստնությունից, միայն թե ջահելությունը ետ բերեին՝խենթ ու խելառ ջահելությունը:

14.02.2016թ.

---------------------------------------------------------------------------

Եթե դուք բալզակյան տարիքի կին եք, ու վաղուց ի վեր ձեր սուրճի բաժակը չեք շրջում՝գուշակության նպատակով, բայց գնչուհիները փողոցում դեռեւս ,,չամռվում,, են ձեզ ու պահանջում, որ ձեր ապագան թույլ տաք գուշակեն, ուրեմն դուք դեռ ապագա ունեք ու այնտեղ դեռ ,,նայելու բան,,կա: Կարող եք լիասիրտ ժպտալ ու բղավել՝,,Այո՜,,...

Հ.Գ.Օրերս մի երիտասարդ գնչուհի , որ անցորդներին ,,դարանակալել,, էր վանաձորյան փողոցներից մեկում, պահանջելու նման խնդրեց, որ ինձ համար գուշակություն անի ու ռուսերենով ասաց.,,3 բառ ասեմ անվճար, 3 բառ...,,: Իսկ ի՞նչ երաշխիք, թե 3 բառից հետո չէր շարունակելու ՝,,հաշվիչը,, միացնելով ու փող չէր պահանջելու: Ըստ այդմ, հազիվ հասցրի աճապարել ու մտքիս մեջ հեգնանքով ասել՝,,Արդեն ուշ է՜...,,:

--------------------------------------------------------------

Ուսանողական տարիների ընկերուհիներիցս մեկին տեսա: Պատմեց, որ մեր ընդհանուր ծանոթներից մեկին է տեսել, որ գեղեցիկ սեռի նկատմամբ թուլություն ունի, ու հաճոյախոսել է իրեն՝ասելով, թե ,,հեչ չես փոխվել,,: ,,Դուրս եկավ, որ ես դեռ 18 տարեկան եմ ու կարամ թազա մարդի գնամ,,-ծիծաղելով պատմում էր զրուցակցուհիս, որ արդեն 50-ն անց է:Ասի՝,,Ինչի՞, քո մարդին ի՞նչ է եղել, որ թազա մարդի գնաս,, լրջացավ ու թե՝,,Փառք Աստծո, ոչ մի բան էլ չի եղել, դժգոհ չեմ,,.բայց՝  ծիծաղելով ավելացրեց՝,,Բայց որ հանկարծ մտքափոխ լինեմ, մինչեւ ինձ արժանի փոխարինող չգտնեմ, միտքս չեմ փոխի,,:

----------------------------------------------------------------------------

...Իսկ գնչուհիները համառորեն ,,կպել,, են ու պահանջում են ,,բախտս,, նայել.երկու օր առաջ հերթական անգամ ինձ մի 20-30 տարով ջահելացրեց  /մտքի մեջ/մի տարիքով գնչուհի ՝բղավելով.,,Կրասավիցա դաստոյնայա, դայ պոգոդայու,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 22 октября 2015 г.

Կյանքի սեւագիրն ու մաքրագիրը

Երանի թե մարդկային կյանքը ֆեյսբուքի նման լիներ. մի հատ՝ սեւագիր, մի հատ՝ մաքրագիր-տպագիր: Ու մեր անցած կյանքն սկզբից մի հատ սրբագրեինք, սխալների ուղղում կատարեինք, հետո նոր՝ տպագրեինք ու նոր կյանքով ապրեինք:Իսկ միգուցե ներկա կյանքն է սեւագիր՝հավերժական կյանքով ապրելուց առաջ...ո՞վ իմանա: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 6 октября 2015 г.

Անլռելի մեղեդիներ

  Անիկ Հովհաննիսյան, 2014թ.
Վերջերս Երեւանում սահմանափակ տպաքանակով լույս էր տեսել հնաբնակ վանաձորցի, գործարար Անիկ Հովհաննիսյանի բանաստեղծությունների գրքույկը՝ ,,Անլռելի մեղեդիներ,,: Գրքի օրինակները հեղինակը գրեթե ամբողջությամբ սպառել է՝սիրով նվիրելով համախոհներին, ծանոթ-բարեկամներին, մտավորականների. մի քանի օրինակ անգամ սփյուռքահայությանն է հասցրել՝Ֆրանսիա, Գերմանիա:Հիշեցնենք, որ դրանք այն բանաստեղծություններն են, որոնք ի սկզբանե տեղադրվել էին սույն բլոգի ,,Անիկ Հովհաննիսյանի պոեզիան,, էջում ՝2014թ. նոյեմբերի 11-ին:Եվ, քանի որ Հովհաննիսյանն անդուլ ստեղծագործող է, ուստի գրքի տպագրությունից հետո էլ նրա միտքը չի դադարում պրպտումներից: Նրա համար էական չէ՝ գրածը չափածո՞ է, թե՞՝ արձակ մտքեր, անտարբեր է նաեւ տաղաչափական նորմերի հանդեպ, եւ արձակ ստեղծագործությունն էլ ավելի հաճախ ու իներցիայով՝ գրում է բանաստեղծական տողերով եւ, չնայած պատկառելի տարիքին, երիտասարդի ոգեւորությամբ անվերջ թղթին է հանձնում տեսածը, զգացածը, այն, ինչ հետք է թողնում հոգում, միաժամանակ լինելով հրաշալի ասմունքող ՝ոգեշնչված ընթերցում է դրանք՝ մտերիմների համար: Ստորեւ ներկայացվում են Ա.Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունները՝ չափածո եւ արձակ մտքեր, ինչպես նաեւ ՝եւս մեկը՝նրա անտիպ ստեղծագործությունների արխիվից:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 


                                        ՀԱՍԿԱՑԱ

Հոգուս տենչերը նորից ծաղկեցին,

Հույսը կրծքիս տակ ծիածան կապեց,

Սրտիս դռները խինդով բացվեցին,

Իմ աշուն-կյանքը նորից կանաչեց:

       Ու սիրտս լցվեց խնդության ճիչով,

       Եվ շողեր ցանեց հրդեհն իմ հոգում,

       Երջանկությունս նորից վեր հառնեց, 

        Ամուր կպահեմ իմ ամբողջ կյանքում:

Կպահեմ այնքան ջերմ ու անարատ,

Որ չկորցնեմ, ապրեմ հուսալով,

Ես նոր հասկացա, թե ինչ է կյանքը,

Եվ կյանքի տված քաղցր բերկրանքը:

  --------------------------------------------------------------------

              ՀԻՇԵՑՈՒՄ

Կհեռանանք մենք, անցյալ կդառնանք,

Կմոռացվեն մեր ջերմ զրույցները,

Կդառնան հուշ՝ մեր մատնահետքերը,

Որ թողեցինք մենք աշնանամուտին՝

Փոքրիկ սեղանին:

19.04.2015թ.

----------------------------------------------------------------------

                      ԽՈՀԱԿԱՆ 

 /Նվիրվում է Շուշիի ազատագրմանը /

Ոչ մի քամի կամ փոթորիկ, 

Կամ՝ցունամի, ծովի ալիք

Չի սասանի հայրենածին

Կուռ կամքը մեր՝

Կաղնու ծառի նման հուժկու,

Արմատներով կուռ, աներեր:

Որքան վտանգ, ավեր լինի,

Քեզ կպահենք, հող հայրենի,

Իմ գեղանի, հպարտ կաղնուն 

Ոչ մի չար հողմ չի սասանի:

Ու իմ ազգն էլ կաղնի է մի,

Որ ապրել է դար ու դարեր,

Դիմացել է ամեն հողմի,

Առել նոր ուժ ու նոր թեւեր,

Պայքարել ու վեր է հառնել,

Հայկական ոգով՝արիացել:

Այն վերելքը, որ անցել ենք,

Հուր-հավիտյան պիտի անցնենք,

Թող  հա ոռնա մեր թշնամին,

Մենք հպարտ ենք ամեն ժամի:

Պատնեշ կանգնենք մեր սահմանին,

Ոնց պարիսպը՝ Չինաստանին,

Եվ սպասենք հավատով խոր

Փոքր Մհերին ՝վեհ ու հզոր:

Դարն անցավ մեծ Եղեռնից,

Չենք մոռացել ցավ ու կսկիծ,

Ազգիս թափած արյունը մենք 

Թշնամու արյամբ պիտի մաքրենք,

Չնայենք ուրիշի տված հացին,

Փարվենք հայոց այգաբացին,

Մի լքեք հողը հայրենական,

Պահանջ ունենք մենք սրբազան:

9.05.2015թ.

------------------------------------------------------------------

                    ՈՐՆ Է ՍԵՐԸ

Սերը գաղտնի երեւույթ է,

Արեւի պես միշտ անմարում,

Որ մտնում է քո շեմից ներս,

Հոգիդ այրում, սիրտդ վառում:

Սիրել միմյանց, ասել է թե 

Աստծուց տված սուրբ պարգեւ է,

Չունի սահման, չի արգելվում,

Չի խանգարվում, հրաթեւ է:

Մուտք է գործում ու հրդեհում,

Հուր-կրակ է ու չի մարում,

Սեգ լեռների քարափներին

Ուժով կյանք է միշտ արարում:

Սերը լռին, բայց աշուղ է,

Խաղիկներ է հյուսում անվերջ,

Բախվում սրտիդ նուրբ լարերին,

Դառնում երազ ու վառող տենչ:

Հոգուդ աշխարհն է պղտորում,

Ու թե Աստված մի արասցե,

Հակառակվես նրա կամքին,

Չի ունենում կոնկրետ հասցե,

Այլ է դառնում, այլափոխվում,

Չէ՞ որ սերը անսպառ է,

Չի հարցնում տարիք, հասակ,

Ամբողջ կյանքում հուսավառ է,

Խլում է հանգիստդ, քունդ...

Մարդիկ, եկեք չկորցնենք

Այդքան քնքուշ զգացմունքը...

4.07.2015թ. 

----------------------------------------------------------------

                       ԱՇՆԱՆ ՀՈՒՇԵՐ

                          / արձակ էջ /

Աշուն էր, հոկտեմբերյան մի հրաշալի աշուն...

Քամին տերեւները քշում-ցրում էր օդում՝ 

ինչպես թիթեռների թեւիկներ.

թոշնած ու անգույն...

Քայլում եմ տերեւների վրայով՝

լուռ, մտահոգ, մտքերի հետ...

Ոտքերիս տակ խշխշոցն է լսվում անհետ...

Նայում եմ ծառերի մերկ ճյուղերին ու 

լուռ խորհում տերեւների չվելու մասին...

Դա ակկորդն է աշնան վերջին...

Շուրջս տարածվել է խաշամի բուրմունքը:

Քայլում եմ դանդաղ, հանգիստ, 

որ չխանգարեմ անդորրը աշնան,

Եվ ահա, աչքերիս դեմ մի հրաշք գրավեց ինձ.  

նայեցի ՝մի փոքրիկ տերեւ էր ՝կարմիր գույնի, 

որ շողշողում էր գորշ ու անգույն տերեւների արանքում:

,,Դու մենակ չես,,՝մտածեցի 

ու հայացքս նրան հառած՝նկատեցի փնտրածս. 

արեւի շողից էր իր գույնը վերցրել, 

որ աշխարհն արեւով ներկվի...

Եվ իրոք հրաշք էր դա.

սիրտս ու հոգիս լցվեց սիրով,

նրանց վառվռուն գույներով:

Նայում եմ ու հիանում. 

ի՜նչ հրաշք ես դու,բնություն...

Ստեղծում-ստեղծագործում ես անձեռագիր քո գործերը...

Ու վերցրի ձեռքիս վրա 

կարմիր,դեղին՝իրար վրա,

բացվեց իմ դեմ հրաշք պատկեր,

կարմիր գույնը լույսով պսակվեց,

դեղինը՝աստվածային լույս ճառագեց...

Ու ես կանգնած էի՝ի զարմանս ինձ.

լռություն է, քարացած եմ այդ պատկերներով...

Եվ ի՞նչ, պահում եմ դեռ 

այդ հրաշքներն իմ դարակում,

որպես աշնան վերջին ակկորդ,

հուշ-հիշատակ Ծաղկաձորից՝հանգստյան տնից:

25.1.02014թ.Ծաղկաձոր

-----------------------------------------------------------------------------------------------------

                           ԻՄ ՏԱՆ ՊԱՏԵՐԸ

Իմ տան պատերը խոսուն են, 

Պատերը իմ տան ինձ հետ խոսում են, 

Իմ տան պատերը իմ ընկերներն են, 

Պատերը իմ հետ քայլում, շնչում են: 

Երբ ես թախծում եմ, թախծում են միգում, 

Ինձ հետ տխրում, ինձ հետ ուրախանում, 

Երգում են ինձ հետ, երբ երգս են լսում 

Պատերը, պատերը, պատերը իմ տան: 

Իմ գաղտնիքների շտեմարանն են, 

Մոլոր եմ՝մոլոր են, տխրում են ինձ հետ: 

Տքում են, ճչում, հնչում են, կանչում 

Պատերը, պատերն իմ տուն-հանգրվանն են:

Իրենցից բացի իմ համար ոչինչ /ուր էլ որ լինեմ / 

Իմ տան պատերից չկա ուրիշ տեղ 

Խոր-խորհրդակից:

Հրաշք են, լավը, լավ ընկերակից, 

Պատերը, պատերը, իմ տուն՝բարեկամները,

Իմ սիրելի, լավ ընկերները:

Նրանց փոխարինող չկա ուրիշը,

Ուրիշը ի՞նչ է, ուրիշը՝ ոչինչ: 

Իմ դառնություն-ուրախությունը նրանք են պահում, Թաքցնում, թաքուն շոյում-փայփայում

Գաղտնիքը գողտրիկ, լռիկ ու մնջիկ:

Զուսպ են, համբերող, պահի սպասող,

Չես թաքցնի ոչինչ, նրանք նայող են, 

Պատերը, պատերը, պատերը իմ տան:

Շոյող են, լսող, ստվեր-հանգրվան...

Օ, մարդ արարած, ուր էլ որ լինես,

Քո տան պատերից բացի՝

Ուրիշ ոչ ոք չի լինի քեզ հարազատ...

Ուրեմն եղիր քո կամքով ազատ: 

19.08.2015թ.Վանաձոր

------------------------------------------------------------------------------------------------------------

                                      ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Կյանքիդ հասուն քո տարիքում 

Դու մի ճամփա պիտի հարթես.

Դա մի անհաս արահետ է,

Բաց է դեմդ՝չնահանջես:

Քայլիր-գնա ՝որքան ուզես,

Արահետներ երկար ու ձիգ,

Անվերջ տանող, չվերջացող, 

Քոնն է ճամփան, չձգձգես:

Դաշտեր են դեմդ, ծփուն արտեր,

Դալարագեղ, շողուն հասկեր,

Անցիր միջով ծփուն արտի,

Արահետը քեզ կգտնի:

Դու անհոգ ես, ծաղկուն կյանքով, 

Վեհ ու հպարտ ՝ քո տարիքով,

Ճանապարհներ ՝միշտ դեմդ բաց, 

Խաչմերուկներ կան քո դիմաց, 

Արահետներ, կանաչ դաշտեր,

 Ծփուն ծովի նմանակներ, 

Կյանքը ծով է, դու՝ էլ լողորդ, 

Պիտի սանձես գետերը հորդ: 

Քայլիր-անցիր կանաչ ծովով, 

Հասկերի հետ խաղեր տալով, 

Հեռվում թողած անվերադարձ 

Հուշերով լի ճանապարհներ...

3.03.2015թ.Վանաձոր

    -----------------------------------------------------------------------------------------------------

Ամբողջ անտառը հարկավոր չէ ինձ,

Կանաչ կպահեմ իմ շուրջը բոլոր, 

Որ մի փոքր հող պահի մի ծառի,

Որի ճյուղերին տերեւներ տեսնեմ,

Տերեւների մեջ՝ հմայքն անտառի:

Եվ այնպես պիտի պահեմ-փայփայեմ,

Որ այրվեմ նրա թաքուն քնքշանքով, 

Եւ այդ ամենում ես նրան տեսնեմ,

Նրա մեջ զգամ հմայքը սիրո:

1.08.2015թ.

----------------------------------------------------------------------------------------------------

                          ՀՐԱՇՔ ՊԱՐՏԵԶ

Ամեն առավոտ, երբ 

բացում եմ պատուհանս 

ծագող արեւի շողերի հետ, 

ուրախությունն է ծփում տանս: 

Դա բնությունն է՝իր հրաշագեղ տեսարանով: 

Նայում եմ...պատուհանիս տակ 

փոքրիկ մի հողակտոր՝

տարատեսակ ծաղիկներով, բույսերով...

Հպարտ է հողն ՝ինքն իրենով, 

պտղատու ծառերով, 

եւ մի մեծ տանձենի ՝հենված հողին, 

իր արմատներով գգվում է, 

որ չկորցնի իրեն սնուցողին:

Զարմանք ես ապրում, 

այդքան ծանր բեռի տակ 

ո՞նց է դիմանում:

Եվ մի վարդենի՝ 

առավոտյան շող ու շաղով, 

խենթացնում է իր բուրմունքով...

Եվ վազը խաղողի՝փարթամ ճյուղերով, 

ծանրաբեռնված՝ առատ ողկույզներով:

Եվ ամեն առավոտ 

այդ հրաշագեղ տեսարանը 

գրավում է ինձ.նայում եմ ու հիանում. 

իրոք, հրաշքն է դա բնության՝

մարդու ձեռքերով մշակված, 

նույնն է, թե առասպելական 

կախովի պարտեզն է պատուհանիս տակ...

18.07.2015թ.

----------------------------------------------------------------------------------------------

                          ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հրաշք մի ցանկություն պարուրեց հոգիս,

Քաղցր մտքերով պարուրվեցի,

Մտովի մտա մի մեծ հացատուն.

հացատուն չէր, այլ թոնրատուն:

Օհ, ինչ ցանկություն...

Հացթուխ դառնայի,թոնրի շրթին 

փեշերս փռած՝ խմոր-գունդը բացեի,

գրտնակը ձեռքիս՝լավաշ հանեի 

թոնրի կողքից՝փուր-փուր լավաշ...

Կաս-կարմիր կտրած, քրտնաթաթախ, 

կրակը՝թեժ բոցերի շղթա, 

ազատ ու անկախ խաղիկներ տայի, 

երգեի կրակների հետ՝մտած թոնրատուն, 

ու չիմանայի, թե ուր են տանում

 մտքերս սահուն...

Այդպես միամիտ ու ազատամիտ՝ 

չիմանայի, թե որտեղից եկա, 

կամ ուր եմ գնում...

Գնալը միշտ կա, չի էլ ուշանում, 

մնալու գործն է հավիտենական՝

ապրելու համար: 

Չէ, թող չլիներ ուրիշ ոչ մի տեղ, 

ինձ թոնիր տվեք, մեկ էլ ՝գրտնակ, 

իմ պապենական թոնրի բոքոնից 

ու մեկ էլ փրփուր-լավաշից ուրիշ տեղ չկա...

Իմ հողն ու ջուրը իմ հացը կտա, 

ուրիշների հողից հացի հոտ չի գա: 

Մեր տաք-տաք ճմբուռ, 

մեր բոքոն հացի ուտեստն է քաղցր 

մեր պապենական, 

համով ու հոտով քաղցր, հայկական, 

դե արի հասկացիր ու պատասխանիր, 

որտե՞ղ կա նման հրաշալի երկիր... 

 3.06.2015թ.

-----------------------------------------------------------------

                      ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ

Բացում է շերտերը քո առաջ

Բանաստեղծի երգը շիտակ,

Ընթերցում ես, հիանում,

Թեւեր առնում ու լիանում:

Նուրբ բառեր կան երգերի մեջ՝

Ինչպես սիրտդ պարուրող տենչ,

Ձուլվիր դու էլ նրանց հեվքին՝

Սիրո քնքուշ տողերի տակ,

Որ չմարվի հոգուդ հոտը,

Սիրիր ընդմիշտ, սիրիր շիտակ:

26.05.2015թ.

------------------------------------------------------------------------------------

                        ԽՐԱՏԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ

Կին-տղամարդ առանց սիրո

Չեն կարող սերտ կապ ունենալ,

Դա նման է առանց ջրի 

Դատարկ բաժակին մոտենալ:

                  -------------

Առանց սիրո կյանք չի լինի,

Վերուստ տված խրատ է դա,

Լավ է անթամբ նժույգ վարել,

Քան թե թամբած՝ տեղում դոփել...

                  ---------------

Ծաղիկը երբեք չի փոշոտվի

Առանց քամու կամ էլ մեղվի,

Այդպես էլ սերը պիտի լինի՝

Որ կյանքը հարատեւի...

                    -------------

Բարձր սարին ձյունը նստեց,

Սարալանջին բան չհասավ...

                -------------

Եթե դու ծեգին ճամփա ելնես,

Տեղ կհասնես օրվա կեսին:

                 --------------

Գործ մի բռնիր անգետի հետ,

Ինչ էլ ունես՝ կկորցնես:

                  ----------------

Կեղծ երդումին մի հավատա՝

Դժոխքի ճամփա քեզ ցույց կտա:

                 ------------- 

Երդումով ոչ ոք չի ծնվել,

Երդումի պոչից ինչու՞ ես բռնել:

                   ---------------

Երդում տալը փրկություն է

մեղք գործողների համար:

                      ------------------

Սուտը ճշտի տեղ կանցնի,

եթե խաբվողը միամիտ է:

                         -------------

Եթե կյանքում միամիտ եղար,

Ծանր բեռը շալակդ առար:

                        ----------

Ծանր բեռից մի խուսափիր,

եթե խելքդ ծանրակշիռ է:

                       ---------

Սպասիր, սպասիր՝ որքան ուզում ես,

Սպասեցնողը չի հիշի քեզ:

                        -----------

Կյանքիդ բովված ճանապարհին

Չբովված հացահատիկներ տեսար:

                        ----------------

Ու՞ր կտանի անհայտը քեզ,

Թե չգտնես քո ճիշտ ուղին:

                      -------------

Ասում են՝ ջուրն իր ճամփան գիտի.

Մենք էդ ջրին ե՞րբ կտեսնենք,

Առանց նրա կցամաքենք:

                ----------------

Մարդու հարստությունը 

Նրա ազնվության մեջ է,

Ոչ թե՝ նենգության կամ խաբեության:

                    ---------------------

Ասում են հեռուների ձայնն անուշ է.

ոչ այդ վայրի տեղն իմացանք,

ոչ էլ նրա ձայնը լսեցինք:

                    --------------------

Տված բանը ետ չեն ուզի ,

Թե ուզեն էլ՝ սառցին գրի:

                      -------------------

Հյուր գնացինք շփոթվեցինք,

Հյուր ընդունողին չտեսանք:

                         -----------

Էս ի՞նչ արինք.

Անկախություն գովերգեցինք.

Ի՞նչ ստացանք՝

Գաղթի ճամփան ցույց տվեցին:

Գուցե, ասին, դա՞ էր բարին,

Փախչենք երկրից՝փրկվենք սովից:

Խե՜ղճ ժողովուրդ,

Ուր էլ գնաս, դա պատիժ է՝ 

Վերուստ տրված:

                           ----------

Ճիշտ ուղիով գնացողին 

Աստված ինքն է թելադրում:

                          ----------

Վարվիր քեզ հետ ինչպես կուզես,

Լավ իմացիր, չսայթաքես:

                             -------

Հեշտ կանցնի քո կյանքի ուղին,

Եթե գտնես կածան-ուղին:

                             ------------

Դժոխքի ու դրախտի միջեւ ոչ մի տարբերություն չկա.երկուսն էլ մի սանրի կտոր են:

9.04.2015թ.

                             ԵՐԱԶ ՀՈՒՅՍԻ

Հույս էր տեսածս երազն այսօր.

Լույսն աստվածային օրհնյալ ձեռքով

Բազմել էր մահճիս նուրբ ու թեւավոր:

Ասեղնագործ ձեռք չէր դիպել

Իմ երազում տեսած բարձին:

Տիրոջ տված շնորհն էր դա՝

Փայլփլում էր ձեռքի գործն իմ:

Փառքդ շատ, տեր մեր Աստված,

Մի նշան էր պետք իմ հոգուն,

Տեսածս երազ կյանք էր արեւկա,

Քո փառքի դեմ, տեր, խոսք չկա:

8.06.1991թ.

ԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 www.lragrakan.blogspot.com



четверг, 27 августа 2015 г.


Հանուն հայուհի կնոջ` իտալացին կնքվել է հայկական եկեղեցում

Լոռու մարզի Ձորագետ ավանում, որ տուրիզմի միջազգային կենտրոն է, այս տարի իր ամառային հանգիստն էր անցկացնում իտալահայ երիտասարդ ընտանիքը: Եվա Պապիկյանը, որ քանդակագործ Հովսեփ Պապիկյանի և ֆլորիստ-դիզայներ Դոնարա Կոստանդյանի դուստրն է, այդտեղ էր գտնվում իտալացի ամուսնու` Բրունոյի հետ: 2003թ. ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը, Եվան ուսումը շարունակել է Իտալիայի Միլան քաղաքում` ,,Բրերա,, հաստատությունում ( ազգային պատկերասրահին կից ակադեմիա ): Միլանում ուսանելու տարիներին հանդիպել է ապագա ամուսնուն` Բրունոյին, որը մինչ Եվայի հետ ծանոթանալը լսած չի եղել Հայաստանի մասին, բայց հանուն Եվայի կնքվել է հայկական եկեղեցում, որտեղ  կայացել է նրանց պսակադրությունը: Ի դեպ, Եվան, որ մանուկ հասակում երգել է Տիգրան Հեքեքյանի երգչախմբում, Իտալիայում երգում է Միլանի հայկական եկեղեցու երգչախմբում: Հարցիս` ,,Իտալիայում ավելի շատ տպագիր թերթ են կարդում, թե՞ ինտերնետից են օգտվում,,, իմ զրուցակիցները հավաստեցին, որ թերթը առաջատար դիրքերում է, վաղ առավոտից մարդիկ շտապում են թերթ գնել: ,,Իսկ ինչու՞ սփյուռքահայ թերթերի` ինտերնետում տպագրված ցանկում իտալահայ թերթեր չկան,, հարցիս Եվան պատասխանեց, որ պատճառը, թերևս, այն է, որ սփյուռքահայ այլ գաղութների համեմատությամբ Իտալիայում հայերն այնքան էլ շատ չեն: 4 մլն բնակիչ ունեցող Միլանում, օրինակ, մոտ 1000 հայ կա: ,,Իտալիայում որոշ թերթեր անվճար են տարածվում, քանի որ դրանցում շահագրգիռ են գովազդատուները ,,, - ասում է Եվան: ,, Իտալիան հայտնի է իր երգիչներով, փառատոններով, իտալացիները սենտիմենտալ, ռոմանտիկ մարդիկ են, բայց ինչու՞ շատ տարածված է ,,իտալական մաֆիա.. արտահայտությունը,, - իմ հարցին Եվան պատասխանեց. ,,Իտալական մաֆիա իսկապես կա, բայց այն չի երևում, թեպետ ինքը շատ հզոր է,,: Ի տարբերություն Հայաստանի, Իտալիայում ,,մաֆիան,, մանր-մունր բաներով (օրինակ` ձեթի, ալյուրի, շաքարավազի ներկրման ոլորտում ) չի զբաղվում, այլ` ավելի ,,ծանրակշիռ,, գործերով է զբաղված` զենք, թմրանյութ, որից, սակայն, ժողովրդի կենսամակարդակը չի տուժում: Աշխատողների տարեկան եկամուտը 24 000 եվրո է: Հայերը Միլանում զբաղված են բիզնեսով, բայց, չգիտես ինչու, հայաստանյան ապրանք, հայկական խանութներ չկան ( ի տարբերություն Ամերիկայի, ֆրանսիայի, Բելգիայի ): ,,Ռուսական խանութներ շատ կան ,, - նկատեց իմ զրուցակիցը: Եվան պատմեց նաև հայ համայնքի մասին. շատ կազմակերպված են, միասին տոներ են նշում. ,,Այս տարի լավ Վարդավառ արեցինք ,,: ,,Այնտեղ է՞լ են միմյանց վրա ջուր լցնում ,,- հարցիս Եվան պատասխանեց. ,,Իրենք` չէ, բայց հայերը միմյանց վրա ջուր լցնում են ,,:  Իմ զրուցակիցները հետևել էին Եվրատեսիլին` հօգուտ Հայաստանի քվեարկելով: Բրունոն խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է դուդուկի երաժշտությունը ( այն հնչել էր Եվրատեսիլում` Ջիվան Գասպարյանի կատարմամբ ): Հայկական երգչախմբերից պաշտում է ,,Արմենոիդսին,,: Սիրում է նաև Շառլ Ազնավուր լսել, դասական երաժշտություն: Եվրատեսիլին Իտալիան մասնակից չի ունեցել: Իսկ թե ինչու՞` Եվան պատասխանեց.,, Իրենք շահագրգիռ են Սան-Ռեմոյի համար: Ուզում են, որ նա ճանաչվածություն ունենա ,,: Հայ- թուրքական հարաբերությունների հարցում Բրունոն առաջխաղացում է նկատում: Հետևելով ներքաղաքական իրադարձություններին, նա եկել է այն եզրակացության, որ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը, նոր սերունդը ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը: Բրունոն հիացած էր Լոռվա բնությամբ, բայց նրա աչքից չեր վրիպել Ձորագետի լողափի աղտոտվածությունը` սննդի մնացորդներ, դատարկ շշեր, որի առնչությամբ հիասթափությամբ ասաց. ,,Նոն էպոլիտո ,, ( այսինքն` ,,մաքուր չէ,, ): Հայաստանում արդեն հասցրել է լինել 4 անգամ: Եվայի հետ այցելել են Մատենադարան, ազգային պատկերասրահ, ցեղասպանութան թանգարան, եղել են Սևանում, Գառնիում , Հաղպատում, Օձունում: Հայկական կերակրատեսակներից ո՞րն է նախընտրում` հարցին Բրունոն միանգամից հայերեն պատասխանեց. ,,Խորոված ,,:   

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ,Ankakh.com , 1 նոյեմբերի, 2010թ.

вторник, 25 августа 2015 г.

Ուսանողական մանրապատումներ

           Սրամտում են 80-ականների դասախոսներն ու ուսանողները

1979-83թթ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում ուսանելիս խնամքով հավաքում էի ուսանողական կյանքին առնչվող հետաքրքիր մանրապատումները. այսինքն դրանք տվյալ պահին դեռ մանրապատում չէին, այլ՝ խոսք ու զրույց, եւ միայն կատարվելուց հետո էին դառնում մանրապատում ՝հայտնվելով օրագրում: Դրանցից ամենաշատն ու ինտելեկտուալներն առնչվում են բանահյուսության դասախոս Ռաֆայել Հարությունյանի սրամտություններին՝ իր առարկային առնչվող:Եվ այսպես՝ ,,Սասնա ծռեր,, էպոսը պատմելիս.

-Ծովինարը ջուր է խմում եւ հղիանում: Այս հարցում Ծովինարի տեխնոլոգիան դեռեւս անհասանելի է:

-Խալիֆին հաղորդում են, որ Ծովինարի հետ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք առանց ամուսնու անհնար են:

-Էպոսի ինչպես առաջին, այնպես էլ 3-րդ ճյուղերում սիրո եւ ամուսնության հարցերը լուծվում են կոնկուրսով: 

-Ձենով Օհանի բարձր գոռալու մեջ հեռախոսի երազանք կա:

--Իսմիլ խաթունի ախոռապանները շատ չարչարվեցին Քուռկիկ Ջալալի վրա ՝սելեկցիա տալու համար, բայց՝ անօգուտ:

-Մանուկ Դավիթը ոսկորը զայրացած նետում է վերեւ, որը ծակում է կտուրը եւ դուրս գալիս ուղեծիր:

-Բաղդասարին սարքելու գործում Ծովինարը կես բուռ ջուր խմելով՝ մատերիայի խնայողություն արեց:

-,,Սասունցի Դավիթ,, էպոսում ամենաբերքատու մարդը Վերգոն է. նա բազմազավակ հայր է՝ առանց պետական նպաստ ստանալու:

        Նույն դասախոսը՝ այլ թեմաներով.

-Այդ ժամանակ արաբներն արդեն ցրվել էին իրենց նվաճած տերիտորիայով եւ զբաղվում էին բազմանալով:

-Այդ տաճարը կառուցել է մի նշանավոր վարպետ, որը ցեմենտ չի կերել, քար չի ծախել, պրարաբներից կաշառք չի վերցրել:

-Համզան ստեղծել է այդ գյուղն իր անունով եւ կոչել Համզաչիման՝ մինչեւ Մարգոյի հայտնվելը, այնուհետ այն կոչվել է Մարգահովիտ՝ ի պատիվ Մեծ Մարգոյի:

-Մուշեղը գերում է Շապուհի կանանոցը, որ նրան առավել անհրաժեշտ էր ճամփորդության ժամանակ. դե ,,սուխոյ պայոկ,, էր:

-Այն ժամանակ պանդխտությունը կարիքից դրդված էր, իսկ հիմա գնում են ,,Վոլգա,, կամ Օլգա ձեռք բերելու նպատակով:

-Աժդահակը երազում տեսնում է Մանանային, որ բարձունքում նստած էր եւ նրա փեշերի տակից ջուր էր հոսում. ընդ որում՝ ոչ այնքան, որ տաներ պոլիկլինիկա՝ ստուգման, այլ այնքան, որ օվկիանոս է առաջանում:

-Զուգերգերից է ,,Վարդ կոշիկս,,. այստեղ տղան գողանում է աղջկա կոշիկը, որպեսզի աղջիկը գա իր կոշիկի ետեւից, տղան դրա դիմաց պահանջի մի համբույր, մի գրկախառնություն կամ՝ ավելի տեւական որոշ հարաբերություններ:

-Հրաշապատումի մեջ մեծ դեր է խաղում կախարդանքը. պատահում է, որ էդ կախարդությամբ երբեմն ուսանող են դառնում:

-Արտատեր պառավը սիրել էր Մհերին եւ ոչ մեկի հետ չէր կարող ընտանիք կազմել: / Այս կապակցությամբ ուսանող Համազասպ Խաչատրյանը հարցնում է.,,Բա որ ընտանիք կազմել չէր կարող այլեւս, բա ո՞րտեղից էր արտատեր պառավի աղջիկը,,: Ի պատասխան՝ Հարությունյանն ասում է՝,,Այնտեղից, որտեղից հիմա են ունենում, տեխնիկան դռեւս չի փոխվել, եւ հետո, նման հարցերի պատասխան աշխատեք ինքներդ մտածել, որ ինձ էլ անհարմար վիճակի մեջ չդնեք,, /:

   ԱՅԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ

Դասախոսն ուսանողուհուն կանչել էր գրատախտակի մոտ՝ դասը պատմելու: Վերջինս հուզմունքից թե դասին պատրաստված չլինելու պատճառով մի քանի րոպե կարկամած՝ կանգնել էր ու չէր խոսում:Ուսանող Արամ Մարուքյանը դիմեց առաջին նստարանին նստած ուսանողին՝,,Համո, զեկուցողին ջուր տուր,,:

             --------------------------------------------------

Գրականագիտության դասախոս Մելս Սանթոյանը ուսանողուհուն դաս է հարցնում. վերջինս կանգնելով՝ հրաժարվում է պատմել: Դասախոս՝,,Հլա բոյի՜դ, բուսաթի՜դ, նկարչական վդիդ ու հրաժարվելուդ,,:

Սանթոյանը անգիրներ էր հարցնում: Հերթը հասավ ուսանողուհիներից մեկին, որ նոր նշանված էր, ու այդ մասին ուսանողները ,,հուշեցին,,: Դասախոս՝Հա՞ դեւ ուրեմն դու արտասանի ,,Շան կարոտները,,:Ուսանողուհին կանգնեց ու կարմրած՝ սկսեց անգիրն արտասանել.

             ,,Պատուհանիս տակ հիմա

               Որբ մղկտում է մի շուն...,,

Ամեն նախադասությունից հետո ուսանողները լիաթոք ծիծաղում էին ուսանողուհու ,,անհարմար,, վիճակի վրա:

-----------------------------------------------------------------------------

Սանթոյանը դասախոսություն է կարդում սովետահայ պրոլետարական գրականությունից.,,Սարգիսն ու կինը միասին ընթրում են շտապ ու մտնում անկողին:Հետո՜.../ ուսանողներն սկսում են ծիծաղել /...Սարգիսը՜.../ ծիծաղ / 

կնոջը.../ ծիծաղ. ինչ-որ մեկը բղավում է ,,դե լավ պետք չի,, / ...պատմում է, որ թալիշեցի Մուքոյի գանգի մեջ մեխ է մտել,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

/Շարունակելի /

понедельник, 24 августа 2015 г.

Բա ասում են ժողովուրդը թերթ չի կարդու՜մ...

                                    / Անտիպ նյութ՝ 2006թվի արխիվից /

Ավագագույն սերնդի 2 վանաձորցիներ, մտնելով Լոռու մարզային գրադարան, դիմեցին աշխատակցուհուն.,,Էն եղնիկ ա, կխտար ա, թե արջ ա...էն որ գնացել էին որսի... էն թերթն,ասըմ են ՝ ըստի կա..: Աշխատակցուհին անմիջապես կռահելով, որ խոսքը վերաբերվում է դժբախտ ելքով մի որսի / որի ընթացքում 2 որսորդներ կորել էրն՝ ձյան տակ մնալու վարկածով , եւ հիմնավոր խոսակցություններ կային, թե որսը կազմակերպվել էր Լոռու մարզպետի հանձնարարությամբ /, վերջիններիս մեկնեց խնդրո առարկա թերթը. Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթը, որ հոդվածն արտատպել էր ,,Հայկական Ժամանակից,, /: Մոտ գտնվող ընթերցողներին լսելի ձայնով՝ թերթը խնդրող տարեց լոռեցին սկսեց կարդալ հոդվածը ՝վերնագիրը մի քանի անգամ հանդիսավոր ու հատ-հատ կրկնելուց հետո /,,Մարզպետի՜...սիրտը՜...եղնիկի ՜...միս էր ուզում...,,/: Յուրաքանչյուր պարբերության առթիվ էլ համապատասխան արձագանքում էր ՝,,Պահո՜...,  ,,հետա՜յ...,,    ,,Ծը,ծը, ծը,,    ,,Տենում ե՞ս դու,,: Ու հանդիմանանքով նկատեց.,,Բա հրեն սաղ օրը տելեվիզրով ասըմ են ՝ հայ էս ենք անը՜մ,  էն ենք անը՜մ...սարքըմ ենք, աշխատացնըմ ե՜նք... բա ըսենց բաներից խի՞ չեն խոսըմ,,:Ի դեպ, քանի դեռ ըթերցանությունն ավարտին չէր հասել, ընթերցողն այն միամտորեն վերագրում էր վանաձորյան թերթին, որպես սկզբնաղբյուր, եւ խրախուսում թերթի համարձակությունը. ,,Մարզպետի նկարն էլ տպել ա: Մալադեց: Սա կտպի,,:Սակայն վերջում կարդալով, որ այն արտատպված է ,,Հայկական ժամանակից,,   բացականչեց.,,Հա՜...ուրիշ տեղից ա տպած,,:

   Փաստորեն, հակառակ այն մտայնությանը, թե ժողովուրդը թերթ չի կարդում, եւ նրան քաղաքականությունը չի հետաքրքրում, իրականությանն այնքան էլ մոտ չէ: Ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ ընթերցում է այն հրապարակումները, որոնք վերաբերվում են բարձրաստիճան այրերի անունները շոշափող թեմաների: ,,Երկիր,, թերթում տպված մեկ այլ հոդված էլ, որ կրկին վերաբերվում էր մարզպետի կողմից եղնիկ որսալուն, կրկին նպաստել էր գրադարանում ընթերցողների ավելացմանը:Ընդ որում, երբեմն կարող են համընդհանուր հետաքրքրության առարկա դառնալ ոչ միայն ընդդիմադիր կամ ,,ընդդիմամետ,, , այլեւ՝ իշխանամետ թերթեր, եթե դրանցում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հոդված է ,,սպրդել,,:Ովքեր էլ թերթ գնելու փող չունեն, օգտվում են գրադարաններում, կուսակցությունների կամ հ/կ-ների գրասենյակներում ստացվող մամուլից, կամ՝ վերջին տարբերակը ՝լրագրավաճառներից վերցնում-կարդում են՝ հետո ետ վերադարձնում  / վերջիններիս բարի կամքի դրսեւորման ու ըմբռնողականության պարագայում /:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 2006թ.

ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Օրերս Լոռու մարզի կենտրոնական գրադարան այցելեց տարիքավոր մի վանաձորցի, հաշմանդամ եւ սոցիալապես անապահով  խավի անհայտ ներկայացուցիչ, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էր դաշտային ծաղիկներ վաճառել: / Ի դեպ, ժամանակ առ ժամանակ գրադարանի ընթերցողներին ու աշխատակիցներին իրենց այս կարգի ծառայություններն են առաջարկում համեմունք, կանաչեղեն եւ նույնիսկ՝ սպասք վաճառողները, որոնք հնարավոր գնորդ գտնելու հույսով շրջում են ոչ միայն փողոցում ու տոնավաճառում, այլեւ՝զանազան հիմնարկություններում /: Տեսնելով, որ գրադարանի ընթերցասրահում ծաղիկ գնելու ,,սիրտ ունեցողներ,, չկան, այցելուն ծաղկեփունջն զգուշությամբ մի կողմ դրեց ու դիմեց այդտեղ գտնվող երկու ընթերցող-լրագրողներին.,,Ես հո ծաղկի համար չեմ եկել, եկել եմ իմանամ, թե ով ա դեպուտատ ընտրվել,,: Վերցնելով մարզային պաշտոնաթերթը, նա, ակնոցների օգնությամբ մի կերպ գտնելով իրան անհրաժեշտ հրապարակումը, ասաց.,,Բալիկ ջան, չես ասի՞՝ հիմի ո՞վ ա անցել, ըստեղ համ Վիկտորի անունն ա գրված, համ՝ Արմենի,,: Երբ բացատրվեց, որ անցել է նա, ով առավել շատ ձայներ է հավաքել, ասաց.,,Բա էնա մենակ ով անց ա կացել՝ նրա անունը գրեին, էն չանցածի անունն ինչի՞ են գրել,,: Երբ բացատրվեց, որ գրել են, որպեսզի մարդիկ իմանան, թե ով՝ քանի ձայն է հավաքել, զարմացավ.,,Հա որ իմացան, ի՞նչ տեն անի,,:

Հատկանշական է, որ այդ զրույցից հետո քաղաքացին այլեւս որեւէ վերաբերմունք չարտահայտեց ընտրվածների ու չընտրվածների հանդեպ, ծաղիկները վերցրեց, եւ, կրկնելով՝,,Եկել էի իմանամ, ով ա ընտրվել,, հեռացավ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, 27 հունիսի, 2003թ.

суббота, 25 июля 2015 г.

Սեւ սրտի մխիթարանք

90-ականների սկզբից ասում են՝,,Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու,,:Բայց վաղն էլ եկավ, վաղը չէ մյուս օրն էլ՝իսկ ,,կեցցե,,-ի քիչ բան կա: Համատարած գաղջ մթնոլորտում ինքզինքներս ոգեւորելու  միակ ելքն այն է, որ մեզ համեմատենք ավելի վատ ժամանակներում տառապածների հետ, ու կյանքը կթվա ,,վարդագույն,,. ուղղակի՝ ,,դրախտ,,: Օրինակ՝ 30-ականներին ,,Սիբիր,, քշվածների կամ ՝,,Օսվենցիմի,, գետնախորշերում տառապածների հետ եթե համեմատվենք, կհամոզվենք, որ տարբերությունը քիչ չէ:Դե գոնե ,, մի պուճուր,, ժողովրդավարություն մնացել է, ֆեյսբուքի կամ այլ սոցցանցերի ,,ծակուծուկերից,, մի-երկու խոսք ասում ենք, սիրտներս թեթեւացնում, ,,ձեռի հետ,, էլ ,,լայք,, հավաքում՝որպես ,,սեւ սրտի մխիթարանք,,:Փաստորեն, ոչ թե առաջ կարող ենք նայել, այլ՝ ետ, քանի որ 25 տարի է՝ առաջընթաց չկա առնվազն տնտեսական ասպարեզում, դեռ մի բան էլ շատ հարցերում ետընթաց է՝հատկապես սոցիալական ոլորտւմ եւ հատկապես՝ շարքային քաղաքացիների ,,մասով,,. իսկ այ՝ բարձրաստիճանների ,,մասով,, կարող է գերզարգացում էլ լինի, քանի որ նրանցից շատերն ,,ինչ չէին տեսել պատից կախ, տեսան՝ ճակտից կախ,,:

21.02.2015թ.

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 17 июля 2015 г.

Ի՞նչ կարելի է ընդօրինակել Ռուսաստանից և ինչ՝ ոչ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ի՞նչ կարելի է ընդօրինակել Ռուսաստանից և ինչ՝ ոչ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ի՞նչ կարող է գրվել 50 տարի անց՝ հայ ժողովրդի պատմության դասագրքերում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ի՞նչ կարող է գրվել 50 տարի անց՝ հայ ժողովրդի պատմության դասագրքերում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

среда, 13 мая 2015 г.

,,Ընդդիմադիր,, ծառեր

Ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած գարնանային ,,էտում,, ծառասպան գործընթացի արդյունքում հատվեցին 2 հսկայական ծառեր ՝ Խորենացու պողոտայի վրա: Ծառերից մնացած կոճղերը՝ մոտ 10սմ բարձրությամբ, վերջին հորդառատ անձրեւից հետո անսպասելիորեն...ծաղկել էին, եւ մի գեղեցիկ պատկեր էր ստացվել.մոտ 1 մ շառավղով շրջանաձեւ թփափունջ՝ ասֆալտի վրա: Փաստորեն, Վանաձորում ծառերն անգամ ,,ընդդիմադիր,, են տեղական իշխանություններին, եւ ծառից մնացած կոճղն անգամ կարող է ,,ըմբոստություն,, ցուցաբերել ու ծաղկել: Երեկ, սակայն, պարզվեց, ոմանց դուր չի եկել կոճղերի ծաղկելը, քանի որ թփերը լիովին ոչնչացվել են, եւ մնացել են մերկ կոճղերը: Եվ քանի որ ծառահատումն իրականացվել էր տեղական իշխանությունների կողմից, պետք է ենթադրել, որ նրանց թույլտվությամբ էլ / կամ թողտվությամբ / տեղի է ունեցել ,,հաշվեհարդարը,, ծաղկած կոճղերի նկատմամբ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 1.09.2006թ. ,,Փակագիծ,, օրաթերթ

вторник, 12 мая 2015 г.

Հայերը որոշեցին բրազիլականի թեմայից ,,փայ մտնել,,

Նույն ժամին 2 սերիալ՝ թրաֆիքինգի թեմայով

Կես տարուց ավել կլինի ՝հայկական  հեռուստաէկրաններին բրազիլական սերիալ է ընթանում թրաֆիքինգի / տվյալ դեպքում՝կանանց սեռական շահագործման / թեմայով  ՝,,Խիզախ կինը,,. ներկայացվում է, թե ինչպես են Բրազիլիայից խաբեությամբ կանանց տանում Թուրքիա, ու ստիպում ինտիմ ծառայություններ մատուցել ընդհատակյա հասարակաց տներում:Ու մեկ էլ հանկարծ՝հայաստանյան սերիալ նկարահանողները որոշեցին բրազիլականի թեմայից ,,փայ մտնել,,՝ ու թրաֆիքինգը ,,փոխադրեցին,, Հայաստան: Ու էլի ընդհատակյա բիզնես ՝սեռական շահագործման նպատակով /,,Լույսի պահապանը,, /: Հայկական տարբեր ալիքներով ընթացող 2 սերիալ՝ նույն թեմայով՝օրվա նույն ժամին ՝19-20-ը, երբ երեխաներն էլ են արթուն եւ հեռուստացույցի առջեւ նստած են, ու ազատ կարող են ,,զմայլվել,, թե ինչպես է օտարեկրացի սեւամորթ տղամարդը հայաստանյան ինչ-որ ընդհատակյա որջում լկտի տեսքով ,,մեկնված,,՝ սպասում հայ երիտասարդ լեդիին, որին էլ հետո բռնությամբ, վզից բռնած քարշ է տալիս...Ընդ որում, հայկական սերիալում  ինտիմ թեման ավելի բաց է ներկայացվում, քան ՝ բրազիլական ,,Խիզախ կինը,, սերիալում, որ, ի դեպ, այս անգամ իր բնույթով շատ ավելի զուսպ է ու չափի մեջ ՝ բրազիլական նախորդ սերիալների համեմատությամբ:Մի ալիքով բրազիլական սերիալում  են կանանց ,,թրաֆիքինգացնում,, մյուսով՝ հայկական սերիալում, ու այնքան քիչ բան կա ֆիլմում՝,,լույսի պահապան,, հիշեցնող...Ինչպես բրազիլականում, հայկականում էլ բռնություններն անպակաս են եւ անգամ՝ կատարելագործված. հայ կանանց կավատ տղամարդը / ,,մամա-Ռոզա,, են կարծեմ նմաններին ասում / անդրավարտիքի գոտիով ծեծի է ենթարկում անհնազանդ կնոջը: Իսկ ֆիլմում հնչում է հանդուրժողականության ,,քարոզ,,. կանանցից մեկը չենթարկվող ,,գործընկերուհուն,, խորհուրդ է տալիս ,,խելոք մնալ,,   ,,չաղմկել,,  ու չըմբոստանալ.,,Մենք որ մի տարի էստեղ ենք՝ ի՞նչ է լինում,,: Իսկ հայկական սերիալի  տառապյալ ու ըմբոստ հերոսուհին երբ ասում է, թե՝,,Մենք էստեղ էլ կմեռնենք ՝ էն կնոջ նման, ու ոչ մեկը մեր տեղը չի իմանա,, ՝ ստացվում է , որ նա ակամա ինքնախոստովանում է, որ թեման ավելի վաղ ընթացող բրազիլականից է վերցված, քանի որ այնտեղ կանանցից մեկին սպանում են, երբ վերջինս պարզում է, թե ով է իրականում իրենց շահագործողների ,,տանիքը,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 8 мая 2015 г.

Թե ինչու՞ մարդիկ հազվադեպ են փոստով նամակ գրում միմյանց

Վաղուց ի վեր մարդիկ փոստային ծառայության միջոցով նամակներ չեն ուղարկում միմյանց: Դե ինտերնետ կա, էլեկտրոնային փոստ կա / նամակը մի քանի վայրկյանում հասցնող /, միջազգային հեռախոսակապ կա / սքայփ /, բջջայինով հաղորդագրություններ ուղարկել կա... էլ ու՞մ է պետք, որ նամակ ուղարկի փոստով՝ այն էլ մի քանի անգամ թանկացած գներով, ու շաբաթներով սպասի պատասխանի: Հիմա երեւի փոստային ծառայության նամակների բաժնից օգտվում են հիմնականում պետական հիմնարկները, մեկ էլ, երեւի թե ,,Երաժշտական փոստարկղին,, են ոմանք նամակ գրում ու երգ պատվիրում ՝ հին ավանդույթները շարունակելով:Վերջերս հեռուստատեսությամբ մի հաղորդում կար՝փոստային առաքումներին վերաբերվող, որի ընթացքում նշվեց, որ մարդիկ հիմա հիմնականում հեռագիր տալու համար են օգտվում նամակների բաժնից:Եվ ես փորձեցի վերհիշել, թե ե՞րբ եմ վերջին անգամ նամակ գրել ու օգտվել փոստային ծառայություններից, ու որոշեցի անտիպ նյութերիս արխիվից հանել այդ առթիվ մի նյութ ու զետեղել սույն բլոգում ՝ որպես ,,պատմական վկայություն,,:

...2005թ. հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնություն պատվիրված նամակ ուղարկելու նպատակով ուղեվորվեցի Վանաձորի փոստային բաժանմունք: Հետաքրքրվեցի, թե ի՞նչ արժե նամակի առաքումը ՌԴ: ,,Հասարակը ՝400դրամ, պատվիրվածը՝1540դրամ,,-պատասխանեց աշխատակիցը:Ավելի ուշ նկատեցի, որ պատին փակցված գնացուցակի համաձայն ՝ պատվիրված նամակն արժե 1100դրամ:Եվ, քանի որ իմ մոտ եղած ծրարը համարվեց ,,ոչ ընդունելի,, / չգիտես ինչու /, ստիպված էի ծրար գնել, որի գնի առթիվ էլ աշխատակիցն ասաց.,,90դրամ,, եւ,  ,,բնականաբար,, ՝100դրամի մանրը չվերադարձրեց:Ընդ որում, հետո նկատեցի, որ պատին փակցված գնացուցակի համաձայն ծրարի արժեքը 60 դրամ էր: Նամակը ծրարելուց հետո սկսվեց կշռելու հանդիսավոր պահը:,,Ձեր նամակը ծանր է՝28 գրամ, այսինքն պետք է վճարեք 1970 դրամ,,՝ասաց աշխատակիցը: Հիշեցնենք, որ խոսակցության ընթացքում ասել էր, որ նամակի առաքումն արտասահման 1540 դրամ է: Այդուհանդերձ, հանձնեցի պահանջված ՝արդեն 2100դրամը, որ գոյացավ նաեւ ծրարի արժեքից ու էլի եսիմ ինչից ՝հիշեցնելով, որ ծրարի արժեքն արդեն վճարվել է, ինչի առթիվ աշխատակիցն անփութորեն նետեց ,,Ես գիտեմ,,  ու այդպես էլ հավելյալ գումարը չվերադարձրեց: Հակաճառելն արդեն անիմաստ ու վիրավորական համարեցի ՝,,2000 դրամի մեջ 100-200դրամ էս կողմ՝ էն կողմ,, հայկական ավանդական տրամաբանությամբ, քանի որ ինձ հրատապ անհրաժեշտ էր նամակը, որի մեջ իմ 5 ,,ծանր-ծանր,,հոդվածներն էին՝ հայաստանյան դառն իրականությունից, տեղ հասցնել: Եվ, չնայած հոդվածների համար հոնորար չստացա, բայց՝ ամսագրի լույս տեսած համարն ՝իմ 5 հոդվածներով / որոնցից մեկը՝ ,,Դատարանի շենքը հորով-մորով արին,, ՝վերնագրի մեջ տպագրական վրիպակ էին թույլ տվել /, փոստով ուղարկեցին ինձ:Դա, թերեւս, իմ վերջին այցելությունն էր փոստային բաժանմունք ՝նամակ ուղարկելու նպատակով:Դրանից մի քանի տարի առաջ էլ՝ 2002թվին, փորձեցի ընկերուհուս նամակ ուղարկել ՝ արտասահման, քանի որ հեռախոսով պայմանավորվել էինք նամակագրություն պահել, բայց, դեռ այն ժամանակ տեղեկանալով, թե ի՞նչ գներ են ,,կրակում,, արտերկիր ուղարկվող նամակները, մտադրությունից հրաժարվեցի, իսկ նախապես գրվածս նամակն էլ մնաց իմ արխիվներում՝12 տարի, մինչեւ 2014թվի հոկտեմբերին ընկերուհիս այցելեց Վանաձոր, եւ իր համար նախատեսված նամակը հանձնեցի իրեն՝ 12 տարի անց:Հիմա, Փառք Ատծո, կապ ենք պահպանում ինտերնետով, նամակ ուղարկելուց առավել էժան  անգամ էժան գներով / ինքներդ դատեք. մեկ նամակը՝ արտասահման ուղարկվող, կարող է մինչեւ անգամ 2-3000դրամ արժենալ, մինչդեռ 1 ժամյա ինտերնետով կարող ես հաղորդակցվել առավելագույնը՝250-300դրամով /:

...Իսկ ավելի վաղ՝ Սովետական տարիներին փոստի նամակային համակարգից օգտվել եմ 1970-90թվերին, երբ հարազատները, մտերիմները, ընկերները միմյանց նամակ էին գրում՝ընդամենը կոպեկներ ծախսելով դրա համար, բացիկներ էին միմյանց ուղարկում...Մեկ էլ 1980թ.օգտվել եմ փոստային ծառայության ,,ցպահանջ,, համակարգից, երբ բանակում ծառայող ընկերոջիցս նամակներ էի ստանում : Տեսնես ներկայիս երիտասարդությունն օգտվու՞մ է ոստային ծառայության նամակային համակարգից, թե՞ բացառապես բջջայինով կամ սոցցանցերով են շփվում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 3 апреля 2015 г.

«Դու հա գրի՜...ջուրն իր ճամփով գնում ա...»

Խորհրդային շրջանի մի լրագրող, հարցուբարովից հետո երբ տեղեկացավ, որ շարունակում եմ գրել ազատ-անկախ տիրույթում, ասաց. ,,Որ էդքան գրեցիր, մե՞ջն ինչ կա, մեկ ա, ոչ մի բան չի փոխվում, ամեն ինչ մնում ա նույնը, սրանց ինչքան ուզում ես՝ ասա, մեկ ա, երեսներին թքում են՝ ասում են անձրեւ ա գալիս...,,: Ուրեմն ի՞նչ, ձեռքներս ծալած նստենք ու հանգիստ նայենք, թե ոնց են ուզում մեզ խաբել, հիմարացնել, սուտը ճշտի տեղ անցկացնել...այլ կերպ՝ որոճող, ծամող կենդանու տեղ դնենք մեզ / ինչպես տարիներ առաջ դիպուկ նկատել էր թերթերից մեկը՝գորշ իրականության առնչությամբ.,,Ծամիր քո բաժին խոտը, մինչեւ որ բացվի առավոտը,, /. չխոսելու, չգրելու, չբողոքելու դեպքում դա է ստացվում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

12.12.2014թ.

пятница, 20 февраля 2015 г.

Ես եւ իմ մուսան

Այս տարվա փետրվարի 2-ից սկսած՝ մի քանի ամսվա կյանք ունեցած վաղամեռիկ քրոջս մահվան 46-րդ տարելիցի օրվանից ՝ամեն օր 1-2 բանաստեղծություն եմ գրում / այսօր անգամ երեքն եմ գրել /:Սա վկայություն է այն բանի, որ մեզ ավելի շատ երկնային ուժերն են կառավարում, քան՝ երկրային:Ներքաղաքական բանաստեղծությունները նախ զետեղում եմ ֆեյսբուքի իմ էջում, այնուհետ՝ սույն բլոգի ,,Ես եւ իմ պոեզիան,, ՝2014թ. դեկտեմբերի 10-ից բացված էջում, որ շարունակական է ու մշտապես ավելացվում է նոր բանաստեղծություններով:Նեղ-անձնական ու ներանձնական բանաստեղծությունները միանգամից տեղադրում եմ բլոգում:Դեկտեմբերից սկսած՝հարազատներիս նվիրված բանաստեղծությունների ու քառյակների թիվն էլ է ավելացվում, ու այս գործընթացն արդեն դառնում է ,,անկառավարելի,,:Արտերկում բնակվող զարմուհուս էլ օրերս Օդնոկլասնիկի ցանցում էի ,,վեցնյակ,, ոտանավոր նվիրել՝ ծննդյան օրվա կապակցությամբ, որի առթիվ վերջինս բարեժպիտ ,,սմայլիկներ,, էր ուղարկել:Այս ամենն ինձ հիշեցրեց սովետական տարիների ՝,,Ուլիկը, որ հաշվում էր մինչեւ տասը,, հայտնի մուլտֆիլմը, որի հերոսը հերթով հաշվում էր իր ընկերներին, ու նրանք ,,վախեցած,, բղավում էին՝,,Մամ-մա՜...նա ինձ էլ հաշվեց,,.թեպետ ՝ուլիկի կարգավիճակից շատ վաղուց եմ դուրս եկել, եւ նրան կապող միակ խորհրդանիշը հասուն Այծեղջյուրն է, որ իմ հորոսկոպի նշանն է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 17 февраля 2015 г.

Մուսան թակեց իմ դուռը. աֆորիզմներ

                         ԴԵ ԿՆԵՐԵՔ ԷԼԻ, ՈՎ՝ԱՍԵՍ ԿԱՐՈՂ Է ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

Եվ եղան ժամանակներ,երբ նախկին լրագրողներից ոմանք դարձան բլոգեր, եւ սկսեցին բանաստեղծություններ ու աֆորիզմներ գրել՝ շարժելով բանաստեղծների զայրույթը:Իսկ բանաստեղծներից ոմանք այդպես էլ լրագրող չդարձան ու շարունակեցին արհամարհել լրագրողներին:Սակայն զայրացուցիչը ոչ թե դա է, այլ ՝, որ քրեական անցյալ ու ներկա ունեցող նախկին պատգամավորն սկսեց ֆիլմ նկարահանել:Ու երբ նրան ձերբակալեցին՝ պետական ոլորտում չարաշահումների համար, ոմանք սկսեցին աղաղակել, թե նրան ոչ թե չարաշահումների համար են բռնել, այլ ՝ֆիլմ նկարահանելու, քանի որ ֆիլմ նկարահանելը ,,թան չէ, ամեն մարդու բան չէ,,:Ողբամ զքեզ, հայոց աշխարհ, տես, թե ում ձեռքերում է հայտնվել դարավոր մշակույթդ:

13.02.2015թ.

                                ԸՄԲՈՍՏ ՄՈՒՍԱՆԵՐ

Եվ եղան ժամանակներ, երբ մուսաներն սկսեցին խառնվել քաղաքականությանը, եւ երբ որոշ պատգամավորներ ասացին, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները, մուսաները չլսեցին նրանց ու սկսեցին քաղաքական բանաստեղծություններ հրահրել՝ իրենց նախընտրած գլուխներում:

16.02.2015թ. 

քաղաքական բանաստեղծությունները՝Ֆեյսբուք էջում եւ սույն բլոգի ,,Ես եւ իմ պոեզիան,, շարունակական էջում ՝դեկտեմբերից բացված

---------------------------------------------------------------------------------

                               ՕՐՎԱ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Եվ եղան ժամանակներ, երբ ոչ միայն ատամնաբուժական գործը, այլեւ՝ կինո հանելը դարձավ ,,ցեխավիկության,, նման մի բան. մշակույթի ոլորտն ում ձեռքում ասես ՝հայտնվեց: Օրենքներն սկսեցին արհամարհվել ոչ միայն հասարակության ներսում, այլեւ՝գրականության մեջ: Եվ, քանի որ խոսքի ու մտքի բացարձակ ազատություն էր , ուստի բանաստեղծներից ոմանք սկսեցին արհամարհել տաղաչափական նորմերը՝գրեթե ամբողջությամբ , դադարեցին ստեղծագործել հանգերով ու վանկերով, այլ պարզապես՝իրար կողքի անկապ բառեր շարեցին ու սկսեցին սյունակով տպել. ու հռչակել՝,,բանաստեղծություն,,. այսինքն՝ ստեղծված բան:

13.02.2015թ.

                               ՉԱՖՈՐԻԶՄ

Երբ բոլոր ընդդիմադիրներին բռնեցին, ու երկրում տիրեց համատարած խավարը, եւ միայն ամայացած շենքերի տանիքներին թառած ագռավներն էին կռռում վախից հաչալու ընդունակություն կորցրած շների վրա, այն ժամանակ հայտնվեց Նիկոլն ու ասաց.,,Ես եմ ձեր լույսը, սկիզբն ու վերջը, ալֆան եւ օմեգան, եկեք իմ ետեւից,,:Բայց արդեն ժողովուրդ չկար, քանզի մի մասը բանտում էին, մի մասն արտագաղթել էր, մի մասը՝մեռել, գնալով այնտեղ, ուր ոլորը հավասար են, չկա անարդարություն եւ կոռուպցիա:

18.01.2016թ.

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 29 января 2015 г.

Ի՞նչ էր ասում Թումանյանը

Օրերս համացանցում հայտնվել էր Հովհաննես Թումանյանի արձակ հրապարակումներից կտրված մի միտք, եւ երբ նշեցի, որ Թումանյանը տեղին է ասել, ու ավելացրի, որ այլ խելացի մտքեր էլ է հայտնել, օգտատերերից մեկը ցանկություն հայտնեց ծանոթանալ Թումանյանի այլ մտքերի եւս: Ստորեւ ներկայացվում է այն:

,,Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից: Նրանք էն ծանր հիվանդության նման են, երբ դուք ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը:Չեք կարող անց կենալ ու արհամարհել. կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն,կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք.իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք:

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում:

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը:Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ:

Մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով: Նայեցեք: Գյուղացի, ռանչպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝մյուսը նախանձից հիվանդանում կամ ՝ինչպես իրենք են ասում, ,,արնով է ընկնում,,:

Մամուլ կա: Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է. էլ հայհոյանք, էլ զրպարտություն, էլ ափաշկարա սուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն: Նեղ թայֆայականություն հո ոչ մի գյուղում էնքան անվայել կերպարանք չի առել, որքան՝ սրա մեջ: Մի հայտնի հրապարակախս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի:

Էսպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ: Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում:

Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք: Դասերից ավելի շատ էն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, եւ շարունակ մի որեւէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես...ոչ մի մեղմություն, ոչ մի ներողամտություն, ոչ մի սահման չարությանը:

...Արդ՝եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք եւ մեր սրտերում, եւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած,,;

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, 1910թ.

Թումանյանի այս մտքերը, որոնք արտատպվել են 1995թվին՝ ,,Բանբեր,, թերթում ՝ ,,Դառնացած ժողովուրդ,, վերնագրի ներքո,  մեր կողմից արտատպեցինք մի փոքր կրճատ: Ամեն դեպքում Թումանյանի վերոնշյալ մտքերն այսօր էլ արդիական են:

--------------------------------------------------------------------

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան, միտք եմ անում՝է՞ս, թե՞՝էն,

Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում, է՞ս, թե՞՝ էն,

Աստված ինքն էլ տարակուսած, չի հասկանում ինչ անի,

Տանի՜...թողնի՜...ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե՞՝ էն...

ՀՈՎՀ.ԹՈՒՄԱՆՅԱՆ,19 դեկտեմբերի, 2019թ.

вторник, 20 января 2015 г.

Միշտ մի աղետ, մի վնաս... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Միշտ մի աղետ, մի վնաս... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Նման հարվածներ կրած մեծահասակն անգամ չէր դիմանա, ուր մնաց՝ օրորոցի երեխան - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Նման հարվածներ կրած մեծահասակն անգամ չէր դիմանա, ուր մնաց՝ օրորոցի երեխան - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

понедельник, 19 января 2015 г.

Arax weekly: Ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին

Նյութ ՝ արխիվից Arax weekly: Ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին: Diplomat.am . 28-3-2011- «Ժառանգության» Վանաձորի գրասենյակը ստորագրահավաք է սկսել` Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու անվան տակ: Իմ այն հարցին,...