Translate

Translate

Translate

четверг, 1 сентября 2016 г.

Սովետական մանկավարժությունը ծեծին դեմ էր, բայց՝որոշ ուսուցիչներ դեմ չէին

1970-ականներին դպրոցներում վատ սովորող եւ ,,անբարեհույս,, ընտանիքների երեխաների հետ վարվում էին տերթոդիկյան մեթոդներով․թեպետ՝սովետական մանկավարժությունն անթույլատրելի էր համարում ծեծը՝որպես դաստիարկչական միջոց։Հիշում եմ, որ մեր շատ սիրելի ուսուցչուհին ինչպես էր տարրական դասարանի ,,ծույլիկ,, տղաների ականջից բռնած՝մի քանի տակ ոլորում ու ականջը կարմրացրած՝բարձրացնում, ու այդ դիրքով պահում այնքան, մինչեւ վերջինս ,,վախ-վախ,, անելով դեմքը ծամածռի կամ լաց լինի։Բայց ակնհայտ էր, որ երեխաներին ինչքան շատ էին պատժում, այնքան՝վատ էին սովորում։Դե բախտս բերել է, որ ես բարձր առաջադիմությամբ եմ սովորել ու օրինակելի ընտանիքի երեխա համարվել։Բայց՝իմ մանկական հոգին խոցվում էր, երբ նման տեսարաններ էի տեսնում։Այդուհանդերձ, մեր վերաբերմունքը սիրելի ուսուցչուհու հանդեպ չէր փոխվում, քանի որ ,,օրինաչափ,, էինք համարում այդ կերպ պատժելը, եւ ուսուցիչը մեզ համար անառարկելի հեղինակություն էր, ու եթե այդպես էր վարվում, ուրեմն, ըստ մեր մանկական ,,փիլիսոփայության,,՝դա էր ճիշտը, եւ պետք է աշխատեինք հանկարծ ուսուցչուհու զայրույթին չարժանանանք։Աշակերտներն անգամ գիտեին, թե դպրոցում որ ուսուցիչն է ծեծող, որը՝բարի․․․

Իսկ միջին դասարանում, երբ արդեն նոր դպրոց էի տեղափոխվել, ավելի տհաճ անակնկալի հանդիպեցի․դպրոցի տարեց տնօրենը միջանցքում բառացիորեն ,,շան ծեծ տվեց,, բարձր դասարանի մի աշակերտի՝դպրոցի ողջ աշակերտության ներկայությամբ։Այդ դեպքը թերեւս ոչ միայն իմ հիշողության մեջ է պահպանվել, այլեւ՝էլի ուրիշների․օրինակ՝մեր նկարչության ուսուցչի, ում վերջերս պատահական հանդիպեցի։Թերեւս, հենց այդ դեպքի հետ կապված՝այդ տնօրենին հապճեպ թոշակի ուղարկեցին /ըստ տեղեկությունների, վերջինս, մինչ հանրակրթական դպրոցում աշխատելն աշխատել էր նաեւ անչափահասների գաղութում եւ այնտեղի իր մանկավարժական հնարքներն սկսել փորձարկել հանրակրթականում/։

Ի դեպ, փոքր-ինչ բիրտ վերաբերմունքի՝ես էլ եմ արժանացել՝բարձր դասարանում։Ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունս թուլացել էր / դե որ ուսուցչին չեն համակրում, առարկան էլ չեն սիրում/, ուստի ձանձրույթս դասերին փարատելու նպատակով՝նստարանի դարակում գեղարվեստական գիրք էի պահում /ինչպես ոմանք/։Եվ ահա, սպիտակահեր, խոժոռադեմ ուսուցիչը, որին երբեւէ ժպտալիս չէինք տեսել, հայտնաբերեց ինձ՝գաղտնի ընթերցանությամբ զբաղվելիս, երբ շարքերով անցնում էր, ու ես չհասցրի գիրքը թաքցնել։Եվ ի՞նչ անի, որ լավ լինի․,,բնականաբար,,՝գիրքը դարակի տակից հանեց ու․․․միանգամից խփեց գլխիս, ինչպես՝այլոց պարագայում /ո՞նց թե դուք իմ առարկան չսիրեք/։Իսկ կյանքը ցույց տվեց, որ առանց ֆիզիկայի գիտելիքների յուրացման էլ կարող եմ հարկ եղած դեպքում լավ ,,գլուխ հանել,, էլեկտրականությունից ու նորոգեմ տնային էլեկտրական սարքավորումները․պապիցս մայրս էր ժառանգել այդ հատկությունները, մորիցս էլ ինձ փոխանցվեց ժառանգաբար։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ