Translate

Translate

Translate

четверг, 14 ноября 2013 г.

Խոսք հիշատակի

Նոյեմբերի 15-ին  Լոռու  մարզի  նախկին  Գուգարքի  շրջանի  Ձորագես  ավանի  բնակչուհի, 1913թ. Վահագնի  գյուղում  ծնված, երջանկահիշատակ  Արաքսյա  Կոստանդյանը  կդառնար  100 տարեկան: Ամուսնու ՝1911թ. Արեւմտյան  Հայաստանում  ծնված, Մեծ  Եղեռնը  վերապրած  Գարեգին  Հարությունյանի  հետ  Ձորագեսում  բնակվել  է  1932թվից ՝ ՀԷԿ-ի  հիմնադրման  օրվանից  մինչեւ  1989թ. ՝ մահկանացուն  կնքելը: Երկար  տարիներ, մինչեւ  թոշակի  անցնելն  աշխատել  է  Ձորագեսի  բանվորական  ճաշարանում, որպես  վարիչ ՝ վայելելով  կոլեկտիվի, ինչպես  նաեւ  ավանի  ու  շրջակա  բնակավայրերի  բնակիչների  հարգանքը:Սիրող  մայր  էր, հմուտ  տանտիկին,  նաեւ ՝ գիրուգրականության  երկրպագու:Սիրում  էր  հումորն  ու  երգիծանքը, ընթերցասեր  էր, բաժանորդն  էր ,,Հայաստանի  աշխատավորուհի,, ամսագրի,  խնամքով  պահպանում  էր  ամսագրի  ու   ,,Տնային  տնտեսուհի,, հավելվածի բոլոր  տարիների  համարները: Ճակատագրի  բերումով  Արաքսյայի  ամուսինը՝ վաստակավոր  էներգետիկ վարպետ  Գարեգինն  իր  մահկանացուն  կնքեց  կնոջ  մահից  13 տարի  անց ՝ 2002թ.նոյեմբերի 13-ին: Ահա  թե  ինչու, Գարեգինի  հուղարկավորության  օրը ՝ 2002թ.նոյեմբերի 15-ին, հարազատները  ցավով  նկատեցին, որ  նրա  մահը  կնոջ  ծննդյան  օրվան  տխուր  նվեր  եղավ: Գարեգին  Հարությունյանի  ու  Արաքսյա  Կոստանդյանի  2 որդիներից  ավագը ՝ Միհրանը /Յուրա /, որ 70-ականներին  հայտնի  ակկորդեոնահար  էր  Երեվանում, իր  մահկանացուն  կնքեց  2009թ. Ամերիկայում, ուր  տեղափոխվել  էր  2004թ. ՝ զավակների  մոտ, որոնք  էլ  այնտեղ  էին  գաղթել  90-ականներին ՝ Երեվանից: Կրտսեր  որդին ՝Գերասիմը, որ  շարունակեց  հոր  մասնագիտությունն ու բարձրագույն  կրթություն  ստացավ, ինչպես  նաեւ  կրտսեր  դուստրը ՝ Լամարան /արեւելյան  լեզուների  մասնագետ, համալսարանավարտ /, իրենց  ընտանիքներով  բնակվում  են  Երեվանում: Իսկ ավագ  դստեր ՝երջանկահիշատակ Սեվիլյայի /որ  դարձավ  համալսարանավարտ-  տնտեսագետ / երեխաները  բնակվում  են  Լոռիում: Այսօր  նրանք  բոլորը, ովքեր  ողջ  են, երախտագիտությամբ  ու  սիրով են  հիշում  թե  Գարեգինին, թե  Արաքսյային: /Վարպետ  Գարեգինին  նվիրված  հոդվածը  զետեղվել  է   www.azatankakh.blogspot.com բլոգի 2012թ.ապրիլի19-ի համարում/

               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 16 октября 2013 г.

,,Թողեք մի քիչ էլ ժողովրդավարությունն անցնի,,

                          

2001թվի  անտիպ  նյութերի  արխիվից

-------------------------------------------------------------------------------------------------------------------

  Հայաստանի  գրողների  միության  Լոռու  բաժանմունքի   ժողովը ՝ ՀԳՄ նախագահ Հրանտ  Մաթեւոսյանի  նախագահությամբ, մեկ  անգամ  եւս  ապացուցեց, որ  բաժանմունքը  բաժանվել  էր  2  ,,թեւի,,: Բաժանմունքին  առնչվող  հիմնախնդիրների  մասին  ընդհանուր  զեկույցից  հետո  քննարկումներ  ծավալվեցին  բաժանմունքի  պատասխանատու  քարտուղար  ընտրելու  վերաբերյալ: Նշվեց, որ  նախկին  քարտուղար, հանգուցյալ   բանաստեղծ  Սամվել  Զուլոյանի  մահից  հետո  այդ  պաշտոնը  թափուր  է:  Նշվեց  նաեւ  վերջին  մի  քանի  տարիներին  բաժանմունքում  տիրող  ,,խառնակ,, վիճակի, տարածքը  ,,խոզանոցի,, վերածելու  եւ  այլնի  մասին, եւ  այդ  առումով  բավականին  մեղադրականներ  հնչեցին  Վանաձորի  նախկին  քաղաքապետի  հասցեին, որն  այդ  ամենի  հանդեպ  ,,հանցավոր  անտարբերություն,,  է  ցուցաբերել: ՀԳՄ  Լոռու  բաժանմունքի  պատասխանատու  քարտուղարի  պաշտոնի  հավակնորդների  թվում  էին  բանաստեղծներ  Սերո  Անտոնյանն  ու  Հրաչյա  Սարուխանը: Պարզվեց, որ  մինչ  այդ  էլ  եղել  է  ժողով, որին  մասնակցել  են  ՀԳՄ  անդամներ, եւ  ,,միաձայն  ընտրել  են,,  Սերո  Անտոնյանին: ՀԳՄ  անդամներից  ոմանք, սակայն, դժգոհեցին, որ  իրենք  այդ  ժողովից  անտեղյակ  են: Առաջարկություն  եղավ  ՀԳՄ  Լոռու  բաժանմունքին  հատկացնել  պատասխանատու  քարտուղարի  հաստիք ՝ Հ.Սարուխանի  համար, եւ  օգնականի  հաստիք ՝ Ս. Անտոնյանի  համար: 2 հաստիքների  անհրաժեշտությունը  պատճառաբանվեց  նրանով, որ  Սարուխանը  ստեղծագործական  աշխատանքով  զբաղված  է,  ժամանակ  չի  ունենա  կազմակերպչական  հարցերով  զբաղվելու, ուստի  թող  այդ  հարցերով  զբաղվի  օգնականը: Ս.Անտոնյանն  այդ  առնչությամբ  վիրավորվեց / նկատի  ունենալով, որ  իր  տարիքը  եւ  գրական  վաստակն  ավելի  մեծ  է /  ու  հրաժարվեց  ոչ  միայն  օգնական  լինելուց, այլեւ   ժողովի  ընթացքում  առաջացած  բուռն  տարաձայնույուններից  հետո  առհասարակ  հանեց  իր  թեկնածությունը, ինչին  ի  պատասխան ՝ նրան  աջակցողներից  մեկը  թեթեւակի  աղմկեց ՝ ի  նշան  բողոքի:  ՀԳՄ  Լոռու  բաժանմունքի  2  ,,թեւերի,, սրտով  գնալու  նպատակով  ՀԳՄ  նախագահ  Հրանտ  Մաթեւոսյանն  առաջարկեց  ընտրությունը  տեղափոխել  ՀԳՄ  կայանալիք  համագումար,  սակայն  այդ  առաջարկը  չընդունվեց  այն  պատճառաբանությամբ,  թե  ինչու՞  պետք  է  մայրաքաղաքը  միջամտի  ՀԳՄ  Լոռու  բաժանմունքի  խնդիրներին: Տեղի  ունեցավ  բաց  քվեարկություն. 6  կողմ, 2  ձեռնպահով  պատասխանատու  քարտուղար  ընտրվեց  բանաստեղծ  Հրաչյա  Սարուխանը: Հատկանշական  է,  որ  նախորդ  ,,անլեգալ,, ժողովում  Սերո  Անտոնյանին  կողմ  քվեարկածներից  էլ  եղան  Սարուխանին  կողմ  քվեարկողներ / ալյ  կերպ ՝ փոխեցին  իրենց  դիրքորոշումը /:  Դա  տեղի  ունեցավ  ոչ  այնքան  այն  պատճառով,. որ  Ս.Անտոնյանը  հայտարարեց,  թե  իր  թեկնածությունը  հանում  է, որքան ՝ այն, ո  ոմանք  ցանկացան  ,,արջի  ծառայություն,,  մատուցել  Հ.Մաթեւոսյանին, որ  պաշտպանում  էր  Հ.Սարուխանին: Ս.Անտոնյանի  կողմնակիցներից  մեկն  էլ  ընդհանրապես  չէր  եկել... Նաեւ  հատկանշական  էր, որ  մարզի  ոչ  բոլոր   քաղաքների  գրողներն  էին  ներկա:  Ժողովի  ընթացքում  պարզվեց, որ  ՀԳՄ Լոռու  բաժանմունքի  անդամը  կարող  է  ՀԳՄ  անդամ  չլինել, իսկ  ՀԳՄ  անդամը, որ  Վանաձորում  չի  բնակվում /թեպետ  վանաձորցի  է /, կարող  է  տարիներ  շարունակ  համարվել  ՀԳՄ  Լոռու  բաժանմունքի  անդամ, ինչն  էլ  հարուցեց  Ս.Անտոնյանի  դժգոհությունը. ,,Ի՞նչ  եք  կոմունիստական-վարչահրամայական-նոմենկլատուրային  մեթոդներով  շարժվում,  թողեք  մի  քիչ  էլ  ժողովրդավարությունն  անցնի,,;  Նա  նաեւ  նշեց, որ  պետք  է  այն պիսի  մարդ  ընտրել, որ  ընդունակ  լինի  ղեկավարել  բաժանմունքը,  որպեսզի  կրկին  ,,կոտրած  տաշտակի  առջեւ  չկանգնեն,,: ՀԳՄ Լոռու  բաժանմունքի  ժողովը  բացառիկ  էր  նրանով, որ  անց  էր  կացվում  մարզպետարանի  դահլիճում, մարզպետի  մասնակցությամբ, իսկ  ժողովին  ներկա  գտնվող  մի  քանի  լրագրողներից  արտահայտվելու  բացառիկ  իրավունք  ուներ  մարզպետարանի  լրատվության  եւ  հասարակայնության   բաժնի  վարիչը:                                                                                                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                              Սույն  նյութը  համառոտ  տպագրվել  է  ,,Առավոտ,, թերթի  2001թ.ապրիլի 12-ի  համարում :                        

вторник, 15 октября 2013 г.

Ակնարկ լավ մարդու եւ հրաշալի բանաստեղծի մասին

        Օրերս  մեկ  էլ  նկատեցի, որ  երկար  ժամանակ  է  փողոցում  չեմ  հանդիպում  բանաստեղծ  Սերո  Անտոնյանին: Իսկ  սեպտեմբերի  30-ին  հեռուստատեսությունից  ցավով  տեղեկացա, որ  հրաշալի  բանաստեղծն  ու  լավ  մարդը  հեռացել  է  երկրային  կյանքից,  ու  կհուղարկավորվի  Բագրատաշեն  գյուղում: Չնայած  Ս.Անտոնյանի  բանաստեղծությունները ՝կյանքից  բխող  մոտիվներով,   զուլալ  գետի  նման, համով-հոտով  հանգավորումներով  ու  ռեալիստական, հաճույքով  ընթերցել  ու  վերընթերցել  եմ  մամուլում, սակայն  վերջինիս  նախ  եւ  առաջ  ճանաչում  էի  որպես  իսկական  մտավորական ՝ քաղաքացիական  կեցվածքով, որ  էությամբ  արդարամիտ  էր, շիտակ  ու  ազնիվ, եւ, բնականաբար,  1999-2004թվականներին  մասնակից  էր  լինում  այն  տարիների  ընդդիմության  հանրահավաքներին: 1999թ. ,,Իրավունք  եւ  միաբանություն,, երբեմնի  ընդդիմադիր  դաշինքի ՝ Վանաձորի  ,,Արցախ,, պուրակում  հանրահավաքի  ժամանակ  Արտաշես  Գեղամյանի  կողքին  խրոխտ  կանգնած  էր ՝ հարթակի  վրա / հետագայում  դարձավ  Գեղամյանի  ղեկավարած  ,,Ազգային  միաբանություն,, կուսակցության  անդամ /: Դե, բնականաբար,  էությամբ  արդարասեր  լինելով, կանգնում  էր  այն  ուժերի  կողքին, ովքեր  արդարությունից  խոսում  էին : Հումորով  էր, կենսուրախ, դիպուկ  մտքեր  էր  հայտնում, ու  իր  բանաստեղծություններից  մեկում  ՝,,Տխուր  տարիք,,՝    ,,դառը,, հումորի   էլ  հանդիպեցի.    
                                                                                                                                 
         Ժամանակը քունքերիս ճերմակ անձրեւ է մաղում,
         Եվ աղջիկներն  ինձ  արդեն  ձեռ  են  առնում, ծիծաղում :
         Այս  ի՞նչ  բան  է, չգիտեմ, ի՞նչ  անկտրել  ձմերուկ,
         Որին  աչքով  եմ  անում,  -Կորիր, ասում  են,- ծերուկ:
 Չանչ են  անում  երեսիս, էլ  ո՞ր  մեկը  ես  թվեմ
 -Էս  քոփակին  մի  տեսեք, կծուն  գլուխն  է  տվել:
 Քրքջում  են,  հեռանում,  լույս  են,  լույսի  տաք  փաթիլ,
 Դանակ  խփես  սրտիս  մեջ, արյուն  չի  գա  մի  կաթիլ,,:                                                                                   ,,Երկունք,,թերթ, թիվ 12, 2010թ.

         Ի  պատիվ  մեծ  մտավորականի,  պետք  է  ասել, որ  երբեք  պալատական  երգիչ  չի  եղել, չի  քծնել, ինչի  վառ  վկայությունն  ու  թերեւս  վիրավորվածությունը  վերադասներից  զգացվում  է  նույն  թերթում տպագրված  ,,Թե  իմանայիք,, բանաստեղծության  մեջ.     ,                                                                                                                                                                                          Թե  իմանայիք  օրերում  այս  բարդ
                Ինչքան  են   մարդիկ  ինձ  իզուր  նեղել,
                Կզգայիք, իրոք, որ  այս  աշխարհում
                Մի տարաբախտի  մեկն  եմ  ես  եղել ,,:
          2001թվին, երբ  ,,Առավոտ,, թերթին  էի  թղթակցում, Ս.Անտոնյանը  զանգահարեց  ու  տեղեկացրեց, որ ՀԳՄ Լոռու  բաժանմունքի  ժողովն  է  կայանալու, ինքն  էլ  առաջադրվել  է  բաժանմունքի  պատասխանատու  քարտուղարի  պաշտոնում ՝ Հրաչյա  Սարուխանի  հետ, ու  լավ  կլինի,  եթե  ժողովը  լուսաբանվի: Այդ  հետաքրքիր  ու  ,,պատմական,, ժողովը, որ  ընթանում  էր  ՀԳՄ  նախկին  նախագահ, արձակագիր  Հրանտ  Մաթեվոսյանի  նախագահությամբ, լուսաբանեցի  ,,Առավոտում,, ՝ առավել  համառոտ,  /2001թ.12 ապրիլի /,  քան ՝ այն  պահպանվել  է  իմ  արխիվներում, որպես  ,,անտիպ,, նյութ, որ  մտադիր  եմ  առաջիկայում  հրապարակել, որպես  ,,պատմական  արժեք,,; Իմ  հիշողության  մեջ  Սերո  Անտոնյանը  կմնա  Վանաձորի  նախկին  ,,Արեվիկ,, հանրախանութի  մոտ՝  իր  հասակակիցների  հետ  քաղաքական  ,,արեւկողի,,  ժամանակ / գյուղերում  նման  հավաքատեղիների  ,,գյուղամեջ,, են  կոչվում /, որ  հանդիպելիս  մի  փոքր  ,,խռովկան,, տեսքով  ոչ  այն  է ՝ հարցնում, ոչ  այն  է ՝հռետորական  հարցադրում  էր  անում. ,,Ի՞նչ  կա-չկա  քաղաքականության  մեջ, էս ո՞նց  է  լինելու  վերջը,,  ու  ավելի  շատ  գանգատվում  էր  երկրի  վիճակից: Երբ  մայրաքաղաքում  Լեւոն  Անանյան-Աբգար  Ափինյան  հակամարտություններն  էին  ընթանում  գրողական  ,,ընտանիքում,,  փողոցում  պատահաբար  հանդիպելով  Ս. Անտոնյանին ՝ փորձեցի  իմանալ  նրա  կարծիքը: Վերջինս, ներողամիտ  ժպիտով  ասաց.,,Իրենք  երկուսն  էլ  իմ  ընկերներն  են,,:Դե  հավանաբար  ընկերաբար  էլ  որոշեց  միանալ  վերջերս  մահկանացուն  կնքած, ՀԳՄ նախկին  նախագահ  Լ.Անանյանին ՝ արդեն  երկնքում:  ...Գրական  տեղեկատուից, որ  ,,ՀԳՄ  տոհմամատյանն  է,, ու  սովետահայ  գրականության  հանրագիտարանը / ինչպես  նշված  է  նախաբանում /, տեղեկանում  ենք, որ  բանաստեղծ  Սերո  Անտոնյանը  ծնվել  է  1935թ.  Նոյեմբերյանի  շրջանի  Բարեկամավան  գյուղում: 1957թ. ավարտել  է  Երեվանի  մանկավարժական  ինստիտուտը, 1965-72-ին  աշխատել  է  Կիրովականի  գիտական  հիմնարկների  աշխատողների  միության  տան  դիրեկտոր, 1970-76-ին  սփյուռքահայ  գրականություն  է  դասավանդել  Կիրովականի  մանկավարժական  ինստիտուտում, իսկ  1972-ից  մինչեւ  1986 թիվը /  մինչեւ  տեղեկատուի  լույս  տեսնելը / եղել  է  միջնակարգ  դպրոցի  տնօրեն: Խորհրդային  տարիներին  լույս  են  տեսել  նրա  հեղինակած  4 գրքերը:                             ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                     

вторник, 17 сентября 2013 г.

Հայ Հաագայի դատարա՜ն, հայ ավազակապետությու՜ն

,,Մենք  որոշել  ենք, որ  Հայաստանը  պետք  է  մաքրենք  աղբից, հանցագործներից  եւ  ավազակապետերից,,- Դ.Շահնազարյանի  հայտարարությունն ընդունվեց  ծափողջույններով  եւ  ,,այոներով,,: ,,Առաջիկա  կարեւորագույն  խնդիրը  բոլոր  քաղբանտարկյալների  ազատությունն է: Նրանց  ձերբակալողները  նստելու  են  այդ  նույն  խցերում: Պետական  հանցագործ  Ռոբերտ  Քոչարյանը  պատասխան  է  տալու  եւ  հայտնվելու  է  Հաագայի  դատարանում,,- հայտարարեց  հռետորը  եւ  իրավապաշտպան  Ա.Սաքունցին  ընկերաբար  հրահանգեց  Հաագայի  դատարանում  հետեւել, որ  հանկարծ  կալանավոր  Ռոբերտ  Քոչարյանի  իրավունքները  չխախտվեն: Այդ  հայտարարությունն  ընդունվեց  միահամուռ  ծիծաղով,,- սա  մի  հատված  էր  ,,Ժամանակ  Երեւան,, թերթի  19.07.2008թվի ,,Հայաստանը  պետք  է  մաքրենք  հանցագործներից,,  հոդվածից, որտեղ  լուսաբանվել  է  2008թ.հուլիսի 18-ին Վանաձորում  տեղի  ունեցած  հանրահավաքը  ՝ընդդիմադիր  ուժերի  եւ  քաղաքացիական  հասարակության  ներկայացուցիչների  մասնակցությամբ: Անցել  է  5  տարի, որեւէ  մեկը  տեղյա՞կ  է, թե  ինչ  փուլում  է  գտնվում  Քոչարյանին  Հաագայի  դատարանին  հանձնելու  ՀԱԿ  նախկին  ակտիվիստների  նախաձեռնությունը, որի  առթիվ  հենց  այդ  օրը  Վանաձորում  ստորագրահավաք  էին  նախաձեռնել:              ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ         

пятница, 6 сентября 2013 г.

,,Անցան-գնացին,,՝ միայն ,,լինքեր,, մնացին

  Մոտ  1 տարի  առաջ պատահաբար  հայտնաբերեցի www.armtown.com կայքը, որն անկախ ու ընդդիմադիր  թերթերի  արխիվներից  էր  զետեղել  / որոնց թվում ՝,,Ժամանակ Երեվան,, թերթում 2007-2008  թթ.տպագրված իմ հոդվածներից, որոնցից շատերն այսօր էլ արդիական են /: Ընդ  որում, կայքից  հնարավոր  էր  հոդվածները  փոխանցել  սոցիալական  տարբեր  ցանցերի: Դե  իմ հոդվածներից  մի քանիսը  / որոնց  թվում ՝Լոռու մարզի  նախկին  դատախազի  սպանությանն  առնչվող  հոդվածը ՝2007թվի  օգոստոսին  տպագրված . հիշեցնենք, որ  այդ  սպանությունն առ  այսօր  չի  բացահայտվել /   փոխանցեցի  ֆեյսբուքի,  Թվիթերի  ու  Օդնոկլասնիկի  իմ  էջերին:  Բայց  որքան  մեծ  եղավ  զարմանքս, երբ  օրերս  պարզեցի, որ  իմ  էջերին  այդ  հոդվածների  միայն  ,,լինքերն,,  ու  վերնագրերն  են  մնացել, քանի  որ  armtown.com-ն  արգելափակված է: Փաստորեն, այս  երկրում  դրական  ոչինչ  չի  խրախուսվում. մանավանդ, եթե  այն  առնչվում  է  խոսքի  ազատության  ու  ժողովրդավարության  հետ: Մարդիկ  կարգին  գործ  էին  արել ՝ հնարավորություն  տալով  թերթերի  արխիվներն  առանց  չարչարանքի, գրադարանների  ու  խմբագրությունների  դռներն  ընկնելու  գտնել, բայց, թերեվս, ինչ-ինչ  ուժերի  ձեռնտու  չէ  արխիվների  պահպանումն  ու  մատչելիությունը. հատկապես, եթե  հարցը  վերաբերվում  է  ընդդիմադիր  ու  անկախ  թերթերի  արխիվներին : Ենթադրվում է,  թե  կայքը  տեխնիկապես  է  արգելափակվել ՝ ֆինանսական  խնդիրների, ինտերնետային  հարթակի  վարձակալության  հետ  կապված  պատճառաբանությամբ , ինչն  անուղղակի  գրաքննության  արդյունք  կարող  է  լինել  : Ամեն  դեպքում ՝ փաստը  մտահոգիչ  է:  Ի  դեպ,  մի  ժամանակ  հեռուստատեսությամբ  խոսում  էին  ինտերնետային  արխիվ  ստեղծելու, թե ՝ պետական  արխիվի  նյութերն  ինտերնետում  տեղադրելու  մասին, որպեսզի  մարդիկ  հնարավորություն  ունենան  առանց  պետական  արխիվ  հասնելու ՝ իրենց  անհրաժեշտ  փաստաթղթերը  կարողանան  ձեռք  բերել. ենթադրվում է, թե  դրանց  ցանկում  պետք  է  թերթերն  էլ   ներառված  լինեին: Հետաքրքիր  է,  այդ  նախաձեռնությունը  կյանքի  կոչվելու  ո՞ր  փուլում  է  գտնվում,  թե՞  դա  էլ  է  տապալվել: Չէ՞  որ  մամուլի  արխիվը  ժամանակագրություն  է,  պատմություն, իսկ   եթե  չկա  պատմություն,  կամ  այն  կիսատ-պռատ  է,  ուրեմն  վտանգված  է  սերունդներին  իրական  փաստեր  փոխանցելու  հնարավորությունը: Օրերս  էլ  նկատեցի,   որ  news.shanttv.com  կայքում  տեղադրված  իմ  մի  քանի  նյութերից / որոնցից  մեկը՝ Վանաձոր-Ալավերդի  մայրուղու  վրա  գտնվող  վթարային  կամրջի  մասին /  նույնպես  մնացել  են  ,,լինքերն,,  ու  վերնագրերը ՝ Ֆեյսբուքի, Թվիթերի  ու  Օդնոկլասնիկի  իմ  էջերում, եւ  պարզեցի, որ  ,,Շանթ,, հեռուստատեսության  կայքում  գործող  ,,Քո  լուրը,,  բաժինն   անհետացել  է, մինչդեռ  այն  հնարավորություն  էր  տալիս  քաղաքացիներին ՝ իրենց    արձանագրած, հրատապ, կարեորություն  ներկայացնող  լուրերն  ուղարկելու ,,Շանթ,,-ին ՝ հասարակակահն  հնչեղություն  տալու  նպատակով: Հետաքրքիր  է,  դա՞  էլ  է  ինտերնետային  գրաքննության  արդյունք ՝ տեխնիկական  մոտիվներով  պատճառաբանվող,  թե՞ ՝ կապ  ունի  Դուլյանի ՝ ,,Շանթում,,  աշխատանքից  ազատման  հետ :  Ահա  եւ  2-րդ  դրական  նախաձեռնության  տապալումը.  չկա  բաժին, չկա  խնդիր: Հետո  էլ   ոմանք  ասում  էին, թե  Դուլյանի  ազատումից  հետո  ,,Շանթը,,  որեւէ  կորուստ  չի  ունենա.  մի  ամբողջ  բաժին  է  անհետացել / թերեվս ՝ իր ադմինիստրատորներով /:

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 27 августа 2013 г.

70-ամյա գերտերության եւ 22-ամյա անկախության լույսն ու ստվերը

   Երբ  1991 թվին Մոսկվայում հակաժողովրդավարական  ուժերի ՝ ,,գենսեկյան,,  ծերուկների  նախաձեռնած  ,,պուտչը,,՝ընդդեմ  գորբաչովյան  ,,պերեստրոյկայի,, տապալվեց, արդեն  իսկ  ակնհայտ  էր, որ  անկախության  ուղին  ոտք  դրած  Հայաստանն  այլընտրանք  չունի, քանի  որ շատերն  էին  հասկանում, որ  եթե  Գորբաչովին  շարունակեն  տնային  կալանքի  տակ  պահել, ապա  դա  Հայաստանի  համար   կարող  էր  ավելի ծանր  հետեւանքներ  ունենալ, քան ՝1990թվի  հայտնի  դեպքերն  էին Երեւանի  կայարանամերձ  հատվածում, երբ  նույն  Գորբաչովի  միջամտությամբ  ռուսական  տանկեր  էին  հանել  ժողովրդի  դեմ  ՝ազգային  ազատագրական  շարժումը  ճնշելու  նպատակով /այդ  դեպքերի  մասին  գեղարվեստականորեն  շարադրված  է  վանաձորցի  հանգուցյալ  արձակագիր, արցախյան  շարժման  ակտիվիստ  Լեվոն  Գրիգորյանի ՝ ,,Կարճ  վերմակի  տակ,, պատմավավերագրական, ինքնակենսագրական  վեպում ՝ տպագրված 1993թվին /: Իսկ  ստորեւ  կներկայացնեմ  իմ  հիշողություններն ՝ այն  տարիներից: 1990 թվի  հայտնի  դեպքերի  ժամանակ, օգոստոս  ամսին  Վանաձորի  ժողդատարանի  կողմից  գործուղվել  էի  Երեվան ՝ գրասենյակի  վարիչի  կուրսերի: Այդ  օրը  բարեկամներիցս  մեկն  զգուշացրեց, որ  դասընթացների  չգնամ, քանի  որ  տեղեկություններ  կային, որ  կայարանում  տհաճ  դեպքեր  են  սպասվում: Իսկ  դատարանը, որտեղ  դասընթացներն  էին  ընթանում,  հենց  կայարանամերձ  թաղամասում  էր  գտնվում : Այդ  օրերին  թե  մայրաքաղաքում, թե  Վանաձորում  ֆիդայիներ  էին  շրջում: Նրանք  հետագայում  դարձան  նորաստեղծ    ՀԱԲ անդամներ, իսկ  ՀԱԲ-ը, ինչպես  հայտնի  է,  մի  քանի  տարի  անց  լուծարվեց, քանի  որ  ՀԱԲ-ականներից  ոմանք  շահարկում  էին  իրենց  փոքր-ինչ  արտոնյալ  կարգավիճակը  եւ  երբեմն  ապօրինություններ  թույլ  տալիս ՝ ստվեր  գցելով  նորանկախ  պետության  վրա:  Ես  եւ  իմ  տարեկիցներից  շատերը  չգիտեինք ՝ ֆիդայիներից  զգուշանա՞լ  է  պետք,  հարգե՞լ, թե՞ ՝ վախենալ:  Նաեւ  չգիտեինք  նրանց  ու  երկրապահների  տարբերությունը, բայց  երկրապահներին  հարգում  էինք, որպես  սահմանամերձ  շրջանները  պահպանողների ՝ անգամ  առանց  Ռուսաստանի  թույլտվության, որին, միգուցե, այդ  ժամանակ  ձեռնտու  էր,  որ  երկու  դարավոր  հարեւան  երկրներ ՝ ի դեմս  Ադրբեջանի  ու  Հայաստանի ,  ,,ուտեին,,  իրար: Ֆիդայիներից  ոմանք  դատարանում  բնակարանային,  ամուսնալուծության  ու  ալիմենտի  գործեր  ունեին, եւ  դատավորների  վրա ՝ որոշակի  ազդեցություն՝ որպես  նոր  ձեավորվող  պետության  հենասյուներ: Դե  ֆիդայիների  պատկառազդու  տեսքն  էլ ՝ բեղ-մորուքով,  ,,պատրոնդաշով,,՝   ավելի  էր  մեծացնում  նրանց  ազդեցությունը ՝ քաղկոմ-շրջկոմների  համեմատությամբ, որոնց  դիրքերն  աստիճանաբար  թուլանում  էին, քանի  որ  ՀՀ Գերագույն  խորհրդում  ակտիվանում  էր  ՀՀՇ  թեը: 1991թվի օգոստոսի  13-ի  չարաբաստիկ  օրն  աշխատանքի  գալով, տեղեկացա, որ  արձակուրդում  գտնվող  դատարանի  նախագահի  ժ/պ-ն  ինձ  ազատում  է  աշխատանքից ՝  գրասենյակի գործավարի  պարտականություններից, իբր, այն  պատճառաբանությամբ, որ  ես  ընդունվել  եմ  ,,ժամանակավոր,, աշխատանքի: Իրավաբանական  տեսակետից, դա  օրինական  ապօրինություն  էր ՝ դատարանի  նախագահի  կողմից : Բանն  այն  է,  որ  1989թ.  հուլիսին  ընդունվել  էի  աշխատանքի ՝ 3  ամիս  փորձաշրջանով, որի  ժամկետը  լրանալուց  հետո  շարունակել  էի  աշխատել, աշխատավարձ  ստանալ, որպես ՝ փորձաշրջանը  անցած:  Բայց  դեկտեմբեր  ամսին  դատարանի  նախագահը  պահանջեց, որ  նոր  դիմում  ներկայացնեմ. իբր, ցանկանում  եմ  աշխատանքի  ընդունվել  ֆիզարձակուրդում  գտնվող  նիստերի   քարտուղարի  հաստիքով, մինչդեռ  ես  աշխատում  էի  գրասենյակում   առկա   գործավարի  թափուր  աշխատատեղում , եւ  իմ  կողմից  նոր  դիմում  գրելուց  հետո  դատարանի  նախագահն  այդ   հիմնական  հաստիքի  տակ   ընդունեց  իր  ծանոթուհու  դստերը, թեպետ  իմ  աշխատանքը  շարունակվեց  գրասենյակում: Այդ  ապօրինի  գործարքը  նախագահը  կատարեց ՝շահարկելով  իմ  ընտանեկան  դրությունը. այն, որ դրանից  ամիսներ  առաջ, երկրաշարժից  անմիջապես  հետո, 1989թ. հորս  նկատմամբ  քրեական  գործ  էր  ,,թխվել,, ՝ քիմմանրաթելի  գործարանի  այն  ժամանակվա  ղեկավարության  կողմից, որ, թերեւս,  համագործակցում  էր նոմենկլատուրային ,,մաֆիոզ,,  ուժերի  հետ:  Եվ  մինչ  1989թ. սեպտեմբերի  12-ին ՀԿԿ  քաղկոմի  ուղեգրով  հայրս, որ  մինչ  այդ  Քիմմանրաթելերի  գործարանում    կադրերի  բաժնի  վարիչ  էր, աշխատանքի  նշանակվեց  թիվ3 ԲՇՏ-ի  պետի  պաշտոնում/ ու հաշվի  չառնվեց  քրեական  սարքովի  գործի  հանգամանքը /, դատախազությունում  ,,թխված,,  գործը  մտավ  դատարան: Ու  դատարանի  նախագահը  պայման  դրեց, որ  կամ  ես  պետք  է  ազատվեմ  աշխատանքից, քանի  որ  ինքն  իրավունք  չունի  իր  աշխատակցի  հարազատի  գործը  քննի,  կամ՝ ինքն  այդ  գործը  կուղարկի  այլ  դատարան, բայց  ես  պետք  է նոր  դիմում  ներկայացնեմ ՝ ժամանակավոր  աշխատանքի  անցնելու  կապակցությամբ:  Ահա  եւ  ստիպված  գրեցի  երկրորդ  դիմումը ՝ մտածելով, որ  մեկ  տարի  հետո  մի  գուցե  մի  դուռ  բացվի  կամ  նոր  աշխատանք  գտնեմ:  Բայց, ինչպես  ասում  են ՝ ես  կամեցա,  Աստված  տնօրինեց.  մեկուկես  տարի  անց   հրամանիս  ժամկետը  լրացավ, քանի  որ  ֆիզարձակուրդում  գտնվողը  վերադարձավ,  ինձ  հրամանագրած  դատարանի  նախագահը  գնաց  երկարատեւ  արձակուրդ, իսկ  ժամանակավոր  պաշտոնակատարն  էլ  հիմք  ընդունելով  այդ  ժամանակավոր  հրամանը ՝ ինձ  աշխատանքից  ազատեց:Իսկ  մեկ  ամիս  չքաշած ՝  արդարադատության  նախարարի  հրամանով  չեղյալ  համարվեց  այդ  ապօրինությունը, եւ  ես  վերականգնվեցի  աշխատանքում: Այդ  ընթացքում  նոմենկլատուրային  ,,մաֆիան,  քնած  չէր, եւ  մինչ  այդ, 1990 թվի  փետրվարի  2-ին՝  երջանկահիշատակ  քրոջս  մահվան  տարելիցի  օրը  հորս  կալանքի  վերցրին ՝  թիվ  3  ԲՇՏ-ից, քանի  որ  նա  հրաժարվել  էր  կամավոր  ներկայանալ  Գուգարքի  ժողդատարան / որտեղ  ուղարկել  էր  գործը   Վանաձորի   դատարանի  նախագահը/ , գտնելով, որ  եթե  իրեն  վստահել  ու  նոր  պաշտոն  են  տվել,  ուրեմն  իրավունք  չունեին  քրեական  գործ  հարուցել:  ,,Ո՞նց  կարելի  է, այ  մարդ,  էքստրեմիստ  ա՞  էդ  մարդը,,-Գուգարքի  դատավորի  ,,հանդուգն,,  արարքի  մասին     դժգոհեց  Վանաձորի  դատարանի  այն  ժամանակվա  նախագահը, որ  իմ  ապօրինի  հրամանի  առիթ  էր  հանդիսացել: Ասում  են,  Գուգարքի  դատավորն  այդ  ,,էքստրեմիստական,,  որոշումը  կայացնելիս  չարախնդացել  էր, թե  ,,Ես  բռնեմ,  թող  հիմա  իրա  քաղկոմն    ազատի,,: Բայց,  շնորհիվ  խելացի  փաստաբանի,  մեկ  ամիս  անց  հորս  արդարացրին, բայց ՝  արդեն  փոխադրեցին    նորաստեղծ ,,Տարոն,  թաղամասի  ԲՇՏ-ի պետ:  Այս  ամենն  ապացուցում  էր  տվյալ  ժամանակաշրջանի  ղեկավարության  խոսքի  ու  գործի  հակասությունը. մի  ձեռքով  գործ  են  ,,սարքում,,  մյուսով ՝  նոր  պաշտոնի  նշանակում: Փաստորեն,  կալանքից  ազատվելուց  հետո  վերջինս  ստիպված  էր  զբաղվել  ոչ  միայն  իր,  այլեւ ՝ իմ  աշխատանքում  վերականգնման  հարցերով: ,,Չմարսելով,,  արդարադատության  նախարարության  միջոցով  ինձ  վերականգնելու  հանգամանքը, դատարանի  նախագահի  ժ/պ-ն  ինձ  2  ամսով  արձակուրդ  ուղարկեց,  այդ  ընթացքում  փորձելով  փաստաթղթերի  կորուստ  ,,սարքել,,  իմ  գլխին,  ինչը  ձախողվեց, քանի  որ  արդեն  իմ  իրավունքների  պաշտպանության  հարուստ  փորձ  ունեի:  Այդ  տարիներին  ես  հասկացա,  որ  իմ  իրավունքների  խախտման բուն  պատճառը  սովետական  կլանային-մաֆիոզ  ուժերն  են, նոմենկլատուրան,  ինչպես  նաեւ ՝  այդ  միջավայրի  արդյունք  ,,ջուր  պղտորողները,,  որոնց  տեսակն, ավաղ,  անմահ  է,  այնպես, ինչպես  մասոնականությունը, եւ  գաղափարական  ուղղությունս  թեքեցի  նորանկախ  հանրապետականության  ուղղությամբ:  Այդուհանդերձ, մինչեւ  1994  թիվն  ստիպված  էի  աշխատել  դատարանի    ինտրիգային  միջավայրում ,  քանի  դեռ  մանկավարժական  ինստիտուտի  գրադարանում  մատենագետ  չէի  ընդունվել: Ընդհանրապես  վերոնշյալ  ուժերը,  մշտապես  շահարկելով  կոմունիստական  գաղափարները / որոնց  մեջ  դրական  շատ  բան  կա /,  փորձել  են  իրենց  ,,սեւ, մութ,,  գործերն  իրականացնել ՝ այս  ու  այնտեղ  ,,ժողովրդի  թշնամի,, փնտրելով: Նրանց  երբեք  դուր  չեն  եկել  առողջ  դատող,  սթափ  միտք  ու  պայծառ  գաղափարներ  ունեցող  մարդիկ:  Այդ  նույն  կարգի  ուժերը  ոչ  միայն 1989-90-ականների  խառնակ  տարիներին,  այլեւ ՝ 60-ականներին  էին  քրեական  գործ  ,,սարքել,,  հորս  նկատմամբ,  եւ  միայն  Կրեմլի  առողջ  ուժերի  միջամտության  շնորհիվ  էր  արդարացվել,  ու  ավելի  պատասխանատու  գործի  առաջ  քաշվել, մեղավորներն  էլ  պատժվել  էին:  Դե  Սովետական  միությունում  հո  ամեն  ինչ  չէր  վատ,  դրական  էլ  կար ՝ հատկապես  Խրուշչովյան  ,,Մեծ  բեկումից,,  հետո, որ  մի  յուրօրինակ  ,,պերեստրոյկա,,  էր  ՝ ընդդեմ  ստալինիզմի:  Նույն  բացասական  ուժերն  այսօր  էլ  կան:  30-ականներին ՝ դրանք  ,,բերիականներն,,  են  եղել,  60-ականներին ՝ կոմկուսի  գաղափարները  շահարկող, դատարկախոս  ճամարտակները, իսկ  հիմա,  նորանկախ  Հայաստանում  դրանք  կոմունիստա-ՀՀՇ-ական  ճանապարհ  անցած  Հանրապետականների  մի  զգալի  մասն  են, որոնք  նախկինում  Լենին  ու  Լեւոն  էին  ,,պաշտում,, հիմա ՝ Նժդեհ: Նրանց  էլ  գումարվել  են  կիսագրագետ  կամ  փողով  դիպլոմ  առած  քրեական  հեղինակությունները,  որոնցից  ոմանք  բարձր  պաշտոններ  են  զբաղեցնում: Նրանց  համար  մեկ  է, թե  երկիրը  որ  ուղղությամբ  կգնա,  միայն  թե ՝ իրենց  աթոռներին  հաստատ  մնան,  ու  անհրաժեշտության  դեպքում  գլխարկները  թեքեն  անհրաժեշտ  ուղղությամբ: Հենց  նրանց  նմանների  պատճառով  է,  որ  խելացի  մարդկանցից  շատերը  լքում  են  երկիրը,  չցանկանալով  ,,համբալություն,,  անել... համբակի  համար:   Անկախության  4-րդ  տարում, երբ  փոխադրվեցի  մանկավարժական  ինստիտուտի  գրադարան, որպես  մատենագետ,  դատարանի  հետ  իմ  միակ  կապը  մնաց  ատենակալությունը. դեռեւս  1987թվից  ատենակալ  էի  ընտրվել  քիմմանրաթելերի  գործարանից, որտեղ  աշխատում  էի  1983-1989թթ.: 90-ականների  կեսերին  դատաիրավական  բարեփոխումներ  սկսվեցին, եւ  ատենակալներն  սկսեցին  վարձատրվել  պետբյուջեից, իսկ  մինչ  այդ  հասարակական  կարգով  էին:Եթե  մինչ  այդ  շատերը  խուսափում  էին  անվարձահատույց  ատենակալ  ,,նստելուց,,/ եթե  այդ  աշխատանքի  ,,վարձը,,  չէր  փոխհատուցվում  հիմնարկից, որոնցից  շատերը  1988թ. երկրաշարժից  հետո  չէին  աշխատում /, ապա  ֆինանսավորման  հանգամանքն  աշխուժացրեց  ատենակալներին, եւ   դատարանի  հետ  առանձնապես  կապեր  չունեցողներն  անգամ  կամավոր  էին  խնդրում, որ  իրենց  ատենակալ  ,,վերցնեն,,:  Բայց,  հետագայում, մեկ-երկու  տարի  անց  ատենակալների  ինստիտուտը  լուծարվեց,  եւ  դատավորներն  սկսեցին  միանձնյա  վճիռներ  կայացնել  ու  միայնակ  ,,խորհրդակցել,, ՝ մինչ  օրս / բացառությամբ ՝ վերաքննիչ  ու  վճռաբեկ  դատարանների, որտեղ  3  դատավորներով  են  վճիռ  կայացնում /: Քանի  որ  գրադարանի  աշխատանքին  զուգահեռ  1995թվից  թղթակցությամբ  էի  զբաղվում,  ուստի  դատական  որոշ  նիստեր,  որոնց  մասնակցում  էի, եւ  որոնք  հասարակական  հնչեղության  անհրաժեշտություն  ունեին,  լուսաբանում  էի  թերթերում /վանաձորյան  ,,Տեսադաշտ,, անկախ  թերթում, որ  1  տարի  գոյություն  ունեցավ,  եւ ,,Առավոտ,,  օրաթերթում,  որի  մշտական  թղթակիցն  էի  Վանաձորում ՝մինչեւ  2004թիվը: Մեկ-երկու  անգամ  էլ  ,,Զագս,,-ի  ,,Ընտանիք,,  պաշտոնաթերթում  եմ  հոդված  տպագրել  90-ականների  դատական  նիստերին  առնչվող /: Դե  իսկ  ատենակալների  ինստիտուտի  լուծարումից  հետո  ինձ  համար  ,,բնավորություն  դարձավ,, դատաիրավական  թեմաներով  հանդես  գալը: 1990-ականների  կեսերին  ու  վերջերին  ես  ինձ  հպարտ  էի  զգում,  որ  անկախ  երկրի  անկախ  թերթերի  լրագրող  եմ,  նոր  լրագրության  հետեւորդ, որ  մշտապես  հետեւում  էր  հանրապետական  ընդդիմադիր  մամուլին /,,Լրագիր,,  ,,Շրջան,, ,,Իրավունք,, ,,Ոզնի,, երգիծական  հանդես / ու  նրանց  հարուստ  ավանդույթներին :   Միջին  տարիքում  միանգամից  ,,սուզվելով,,  հայ  նոր  լրագրության  ասպարեզ,  վերջերս  զարմանքով  հասկացա,  որ  արդեն  ավագ  լրագրողների  ,,դասին,,  եմ  հավակնում,  քանի  որ  ավագագույններից  շատերն  արդեն  չկան,  ու  առավել  մեծ  զարմանքով  մտածեցի,  թե  ե՞րբ  անցան  լրագրողական   գործունեության  18  տարիները: Հատկանշական  է,  որ  նորանկախ  երկրի  նոր  լրագրող  լինելով  հանդերձ,  ստիպված  էի  ավելի  շատ  ոչ  թե  անկախության  լույսը  գովաբանել,  այլ ՝  ստվերը: Ըստ  այդմ ՝1997 թվից ինձնից  անկախ  հայտնվեցի   ընդդիմադիր  թերթերում / այդ  մասին  մանրամասն  անդրադարձել  եմ ,,Ինչպես  ես  դարձա  լրագրող  եւ  դրա  հետեւանքները ,, հոդվածում  www. azatankakh.blogspot.com, 2012թ.հունվար /:  Հատկանշական  է  նաեւ  այն, որ  նախկին  կոմունիստական  նոմենկլատուրան  ինձ  ՀՀՇ-ամետ  էր  համարում,  իսկ  ՀՀՇ-ականները ՝ կոմունիստամետ: Ավելի  ուշ,  երբ  ՀՀՇ-ականները  դարձան  ընդդիմություն,  կոմունիստներն  էլ  պինդուպինդ  տեղավորվեցին  ընդդիմության  դիրքերում, սկսեցին  ինձ  ,,յուրային,,  համարել ՝ որպես  իշխանությանը  քննադատող:  Բայց  երբ  այդ  ուժերից  որեւէ  մեկին  քննադատում  էի,  ինձ  իշխամամետ  էին  համարում: Իրականում  ես  անկախ  եմ,  արդարության  կողմնակից, ժողովրդամետ, որ  իր  ուսերին  զգացել  է  եւ  70-ամյա  խորհրդային  գերտերության,  եւ  22-ամյա  անկախ  Հայաստանի  լույսն  ու  ստվերը:  2003թվին  Վանաձորի  երբեմնի  ,,Քաղաքացիական  նախաձեռնություն,,  թերթում, որի  առաջին  թղթակիցն  էի, գրեցի հոդված ՝,,Անկախության  ամենամեծ  նվաճումը  մամուլի  դիկտատուրան  էր,,: Իսկ  այս  տարվա  օգօստոսի  23-ին ՝անկախության  հռչակագրի  ընդունման  օրը,  փորձեցի  հաշվել,  թե  ի՞նչ  բացասական  երեւույթներ  են  վերացել  անկախությունից  հետո ՝  տնտեսական  ոլորտում:  Առաջինը ՝Վանաձորի  քիմիական  գործարանի  դեղին  ծուխը ՝ամոնիակի  սուր  հոտով,  որ  տարածվում  էր  ամբողջ  քաղաքում ՝որոշակի  օրերի:Երկրորդը ՝ Վանաձորի  միսկոմբինատից  երբեմն  եկող  սուր  հոտը, որ  նույնքան  տհաճ  էր,  ինչքան ՝ ամոնիակի  հոտը: Ակնհայտ  էր,  որ  ինչ-որ  տեխնոլոգիական  գործընթացներ  չէին  անցնում:Երրորդը  Փամբակի  ձորում  գտնվող  աղբանոցի  հավերժական  ծուխն  ու  գարշահոտն  էր, այդ  տարածքով  մեքենաներով  անցնելիս  մարդիկ  ստիպված  էին  քիթները  փակել: Չորրորդը  Վանաձորի  ,,Տնային  խոհանոց,,  կոչվող  սննդի  3  օբյեկտներից  մշտապես  ,,բուրող,,  ,,ճենճերահոտը,,  որ  այն  աստիճան  անտանելի  էր,  որ  մարդ  զարմանում  էր,  թե  ովքե՞ր  են  այդտեղ  համարձակվում  ճաշել,  եթե  դրսից  անգամ  հոտն  անտանելի  է:  Հինգերորդը  տեղական  լիմոնադների  մեջ   հաճախ  առկա  նստվածքն  էր ՝ճանճերի  ,,հյուրընկալությամբ,,: Արտասահմանյան  ու  մոսկովյան  մթերքների,  տնտեսական  ապրանքների   դեֆիցիտը. մոսկովյան  կոնֆետներ, ֆիննական  երշիկեղեն,  հարավսլավական  հագուստ-կոշիկ, ճապոնական  անձրեւանոց,  ֆրանսիական  օծանելիք,  ռուսական  ձկան  խավիար ՝ծանոթով  կամ  ,,տակից,,  գնելը:Արտասահմանյան  կահույք  գնելու  համար  մարդիկ  Մոսկվա  էին  մեկնում:  Բայց  անգամ  ԽՍՀՄ  մայրաքաղաք  Մոսկվայում  արտասահմանյան  ապրանքների  դեֆիցիտ  կար,  եւ  մարդիկ  վաղ  առավոտից  հերթ  էին  կանգնում  հարավսլավական,  գերմանական,  չեխական  խանութների  մոտ ՝  կոշիկ  կամ  հագուստ  գնելու  համար: Միջին  ու  ավագ  սերնդի  մարդիկ  կհիշեն, թե  ինչպես  էին  Մոսկվայի  խանութների  մոտ  իրենց  մոտենում  կասկածելի  մարդիկ  ու  փսփսում,  թե  արդյո՞ք  իրենց  հարկավոր  չէ  այս  կամ  այն  ապրանքը:Մարդիկ  տարվա  ընթացքում  աշխատավարձից  հետ  էին  գցում, որպեսզի  արձակուրդ գնալիս  Մոսկվայից  կամ  առաջնակարգ  այլ  քաղաքներից  որակյալ  ապրանք  գնեին: Մեքենա  գնելու  համար  հիմնարկներում  հերթագրվում  էին  ու  տարիներով  սպասում  իրենց  հերթին:Անգամ  բնակարանային  հեռախոս  ստանալն  էր  տարիների  հերթ  պահանջում,  իսկ  հաճախ  2-3 բնակարաններին  մի  հեռախոսահամար  էին  հատկացնում ՝  համատեղ  օգտագործման  նպատակով,  ու  եթե  մեկը  խոսում  էր,  մյուսի  հեռախոսն  այդ  պահին  անջատվում  էր: Քաղաքում  մանկավարժ  աշխատելու  համար  տարիներով  հերթի  էին  սպասում:  Արտասահման  մեկնելու  համար  անպայման  կոմերիտական  կամ  կուսակցական  երաշխավորություն  էր  պետք: Բյուրոկրատիան  ու  կեղծ  արժեքները  ,,խեղդում,,  էին  առաջադեմ  մտավորականությանը: Խոսքի  ազատությունը  սահմանափակվում  էր  միայն  Պոլիտբյուրոյի  ղեկավարների  մասին  ,,թաքուն,,  անեկդոտներով:Բայց  այդ  համակարգը  դրական  կողմեր  էլ  ուներ. մարդիկ  հիմնականում  ապահովված  էին  աշխատանքով, գործազրկություն  գրեթե  չկար, իսկ  մուրացկանության  համար  քրեական  հոդված  կար:  Սոցիալական  հողի  վրա  ինքնասպանությունները  երեւի  թե  դեֆիցիտ  էին,  եւ  դրանք  հիմնականում  սիրային  հողի  վրա  էին  լինում:                                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                      

четверг, 15 августа 2013 г.

Ողջույն, համացանցում նոր բլոգ հիմնադրվեց

     Այսօր, օգոստոսի 15-ին հիմնադրվեց նոր բլոգ, որտեղ նախատեսված է անդրադառնալ լրագրողական խնդիրներին, լրագրողների  իրավունքներին ու ազատություններին, էթիկային եւ այլն / այդ ,,եւայլնի,, մեջ կմտնեն նաեւ տարիներ առաջ գրված իմ հուշերը ՝կապված զանազան իրադարձությունների հետ /: Գաղափարը ծնվել էր մեկ տարի առաջ, իսկ վերջերս այն ավելի ամրապնդվեց, երբ հայտնաբերեցի, որ մեծ թվով անտիպ հրապարակումներ ունեմ արխիվներում,թեպետ  նախատեսել եմ այդտեղ զետեղել նաեւ տարիներ առաջ տպագրված  իմ լրագրողական հոդվածները, որոնցում արծարծված խնդիրներն այսօր էլ արդիական են: Եվ հետո, որոշեցի փոքր-ինչ թեթեացնել իմ ՝նախորդ բլոգի ՝AZAT ANKAKH-ի ,,բեռը,, եւ լրագությանն առնչվող նյութերը տեղադրել ,,Լրագրողական նոթերում,,:                                                           ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ