Translate

Translate

Translate

воскресенье, 31 мая 2020 г.

Խոսք հիշատակի



83 տարեկան հասակում մահացավ Վանաձորի քիմիագործների տնակային ավանի 31 տարվա բնակիչ, 1937թվի բռնադատվածի ժառանգ, միայնակ-անժառանգ թոշակառու Քնարիկ Երվանդի Պապիկյանը։Երկար տարիներ աշխատել է Կիրովականի քիմմանրաթելի գործարանի կենտրոնական լաբորատորիայում՝տեխնիկ, ինժեներ։Աշխատանքին զուգահեռ զբաղվել է շախմատով, թենիսով։Մինչ առողջական վիճակի վատացումն զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով, եղել է ընտրական գործընթացների ակտիվ անդամ՝հանձնաժողովներում։,,ժառանգություն,, կուսակցության անդամ էր, 2008թվի նախագահական ընտրություններին կանգնած էր ՀԱԿ-ի կողքին, բայց՝խնամքով պահպանում էր նաեւ սովետական տարիներին ստացած կոմունիստական վկայականը, երբ միակուսակցական համակարգի կոմունիստ-ակտիվիստ էր։Կենդանիների ջերմ պաշտպան էր, ու թե գործարանում աշխատելիս, թե երկրաշարժից հետո տնակում ապրելիս մայրական խնամք էր տանում շների ու կատուների հանդեպ։Անսահման հավատացյալ էր եւ Աստվածասեր, սիրում էր կիրակի օրերը հաճախել եկեղեցի՝մոմավառության, իսկ փոքրիկ տնակ-կացարանում ուներ հատուկ անկյուն՝սրբապատկերներով ու մոմերով, խաչերով զարդարված։

Մանկուց որբ մեծացած Քնարիկ Պապիկյանի սոցիալ-կենցաղային խնդիրներին, մարդկայնությանն ու բարությանը, ստեղծագործական աշխարհին վերաբերվող ավելի քան 20 հրապարակումներով ենք հանդես եկել վերջին 2 տարում․թե բլոգում, թե ֆեյսբուքում։Իսկ 2002թվին՝առաջին անգամ, ,,Առավոտ,, թերթում՝,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,, հոդվածով/երբ վերջինս խնդրել էր բարձրաձայնել իր կենցաղային խնդիրները/։

Չնայած տարեց հասակին, Պապիկյանը դեռ երկար կապրեր, եթե չլիներ երկրում հայտարարված արտակարգ ռեժիմը, ու նա պարզապես չդիմացավ ,,տանը մնալու,, եւ ,,ինքնամեկուսանալու,, պահանջներին, կորցրեց ինքնատիրապետումը՝դեպրեսիայի հետեվանքով, որի հետեվանքն էլ եղավ ոտքի վնասելն ու դրա հետեվանքով անշարժունակ դառնալը։Նրա հոգին ազատության էր ձգտում, որ ստացավ, ցավոք, մահից հետո։Այս ամենի հետ մեկտեղ՝Պապիկյանը վերջին 31 տարվա սոցիալական ծանր պայմանների զոհ դարձավ/մանավանդ, որ վերջին 8 տարում ապրում էր ամենաանտանելի պայմաններում՝ջրատար ու կոյուղատար համակարգից զրկված, ու ստիպված էր տարիներ շարունակ ջուր կրել, դրա հետեւանքով անվերջ սայթաքումներ ունենալ՝դրանից բխող հետեվանքներով/։Լինելով ազատատենչ հոգու տեր, չէր ցանկանում տեղափոխվել ծերանոց կամ՝խնամքի տուն։,,Ես էստեղ կմեռնեմ, բայց ծերանոց չեմ գնա․կամ թող ինձ տուն տան՝թեկուզ սոցիալական բնակարան, կամ՝էստեղ էլ կապրեմ էնքան, ինքան Աստված կամենա,,։Հիշեցնենք, որ նրա տնակը՝հարակից այլ տնակների հետ, 8 տարի առաջ զրկվել էր կոյուղատար համակարգից, քանի որ քաղաքային նախորդ իշխանությունները ներքեւի թաղամասում տարածք էին վաճառել, ու դրա հետեվանքով վերին թաղամասի բնակիչները զրկվել էին ջրատար համակարգից էլ, կոյուղատար համակարգից էլ/տարիներ շարունակ՝որեւէ պատգամավոր չի այցելել այս թաղամաս՝հետաքրքրվելու ,,ֆուխարայի,, հալով/։Հիշեցնենք նաեւ, որ Պապիկյանին հատկացված բնակարանը՝,,Տարոն,, թաղամասում 90-ականներին կառուցված, հանձնվել էր շահագործման սոցիալ-կենցաղային աղաղակող թերություններով, ուստի բնակիչները հրաժարվում էին տեղափոխվել այնտեղ, շարունակելով ապրել տնակում/խնդրի կարգավորման նպատակով 98-ի իշխանափոխությունից հետո հանձնաժողովներ կազմվեցին, քննարկումներ եղան Լոռու մարզպետարանում, բայց՝խնդիրը թերեւս չլուծվեց, իսկ թե շինարարների կողմից թերությունները շտկելու առթիվ պայմանագրեր քանի բնակիչ կնքեց՝այլ խնդիր է․փաստ է այն, որ Պապիկյանը չկնքեց պայմանագիր, նախկին քաղաքապետի հետ էլ տհաճ խոսակցություն ունեցավ։Մեր հետ զրույցում նա պատմում էր․,,Գնացի մոտը, որ բերանս բացեմ խոսամ, ասեց՝կարճ կապեք, ես էլ ասի՝որ իմանամ շատ լակոնիկ կհասկանաք՝կասեմ․ու մոտից վիրավորված դուրս եկա,,։ 

Ցավոք, չհասցրեց ստանալ ԽՍՀՄ ավանդը, իր պատմելով՝նաեւ երկրաշարժի հետեվանքով իր քանդված շենքի/Բանյո փողոցի վրա եղած/փոխհատուցման գումարը։Չհասցրեց տեսնել ծաղկած յասամաններն՝իր տնակին հարակից, ինչպես նաեւ իր խնամած շներից մեկի 4 նորածին ձագուկներին,որոնց առայժմ խնամք են տանում հարակից բնակարանների ապրողներն ու բարի մարդիկ՝նրա շրջապատից։Ու կյանքից հեռացավ անաղմուկ, լավին հասնելու կարոտն ու Աստծո պատկերը սրտում։

Աստված լուսավորի հոգին բարի մարդու, որի կրած 31-ամյա տառապանքները միգուցե փոխհատուցվեն երկնային արքայությամբ։

....1971թ.մայիսի 20-ի ,,Կայծ,, թերթի ,,Հինգերորդ անգամ,, վերնագրով շախմատային նյութի մեջ հիշատակված է նաեւ Քնարիկ պապիկյանի անունը.,,Երեվանում տեղի ունեցավ հանրապետության քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների թիմային առաջնության մրցումներ, որոնց մասնակցում էին 8 ուժեղագույն թիմեր:Մրցումներն ավարտվեցին Կիրովականի քիմմանրաթելի գործարանի հավաքականի հաղթանակով, որը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:Կիրովականցիների թիմում հանդես եկան առաջին կարգայիններ Ժ.Հովսեփյանը,Ա.վարդանյանը, Թ.Բայադյանը, աղջիկներից՝Ք.Պապիկյանը:Նրանք վերջին օրը Երեւանի Ս.Կիրովի անվան գործարանի թիմին հաղթեցին 3:1 հաշվով,,:


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Հ.Գ.՝8.07.2020թ.Պապիկյանը հուղարկավորվեց Վանաձորի ,,Երրորդ մաս,, կոչվող տարածքի գերեզմանատանը՝իր ծնողների եւ 24 տարեկան հասակում մահացած եղբոր կողքին:Աստված լուսավորի նրանց հոգիները: