Translate

Translate

Translate

воскресенье, 28 января 2018 г.

Ձմեռային նոթեր

Կարճ, կարմիր կիսաշրջազգեստով ու կարճ բաճկոնով, կապրոնե գուլպաներով ու կիսաճտկավոր կոշիկներով մի շատ երիտասարդ կամ պարմանի աղջիկ՝անհոգ տեսքով,  շրջապատի կարծիքն արհամարհած ունենալով/այն, թե ,,տեսնես էս ձմեռ օրով չի մրսու՞մ, որ ոտքերը բացել է,,/, հաղթական տեսքով քայլում էր փողոցով։Տարեց կանայք խեթ-խեթ ու չարացած նայում էին, տղամարդիկ՝զմայլվում ու ետ շրջվում կողքով անցնելուց հետո, իսկ ես իմ պատանեկությունն էի հիշում, որ նմանապես՝ձմեռ օրով, կարճ կիսաշրջազգեստով ու թեթեւ բաճկոնով՝դպրոց էի հաճախում բարձր դասարանում, քանի որ շատ ցուրտ չէր, դպրոցն էլ տանից մոտիկ էր, տունն էլ ջեռուցվում էր՝կենտրոնացված ջեռուցմամբ․ընդ որում՝առանց գլխարկի էի ձմեռները սովորաբար, գլխարկ կրել չէի սիրում․շատ-շատ՝ժամանակակից կեպի/ի տարբերություն վերոնշյալ աղջկա, որ հաստ, գործովի գլխարկով էր/։Բնականաբար, եթե մարդը տաք, ջեռուցվող բնակարանից է դուրս գալիս՝ցուրտը կարող է ոչ միայն սարսափելի չլինել այլեւ հույժ ամհրաժեշտ՝շոգից թարմանալու համար։Հիում եմ նաեւ, որ ավարտական դասարանում, ձմեռային արձակուրդներին դասարանով Մոսկվա էինք գնացել՝դասղեկի գլխավորությամբ, ու շոգ մետրոյից դուրս գալուց հետո, մինուս 24-ի պայմաններում պաղպաղակ էինք ուտում։Դրա համար՝սովետական տարիներին կանայք ձմռանն էլ էին կապրոնե գուլպաներով լինում․իսկ հիմա՝սակավաթիվ դեպքերում կարող ենք ձմռանը կապրոնե գուլպաներով կանանց տեսնել․գրեթե համատարած՝անդրավարտիքով են․․․ կանանց մի զգալի մասն էլ մշտապես տաք-տաք փաթաթված քուրքի մեջ, ձեռքերը ցրտից շփելով, ստիպված է օրվա մի մասն անցկացնել դրսում,որ ապրանք վաճառի ու օրվա հացի խնդիրը կամ հոգա, կամ՝չհոգա, եթե առեւտուրն իրեն չարդարացնի․․բա էս կարգի երկիր ե՞ն պահում․․․սովետական կարգերը ոմանք միայն 30-ականների բռնաճնշումների տեսոքվ են հիշում, բայց չեն հիշում, որ 60-80-ականներին մարդիկ առանց խտրականության՝ապրում էին հարմարավետ պայմաններում, ջեռուցվող բնակարններում, որ շատերի համար 20 տարի է՝դարձել է վերհուշ․․․Դրա համար էլ կանայք աստիճանաբար կորցնում են իրենց կանացիությունը։Փայտի վառարանի մոտ կռացած, մոխիր խառնող, կրակ կպցնող ու կրակը փչող կինը կարո՞ղ է կանացիությունը պահպանել․․․

Լուսահոգի մորս հենց  այդ կարգավիճակով եմ հիշում՝1990-ականներից, երբ վաղ առավոտյան աշխատում էր անպայման բոլորիցս շուտ արթնանալ, որ բնակելի շենքի երրորդ հարկում, փակ պատշգամբում տեղադրված փայտի վառարանը վառի, նախաճաշ պատրաստի, որ մեկիս դպրոց ուղարկի, մնացածներիս՝աշխատանքի։/Ինքն այնքանով էր ,,բախտավոր,, որ մինչեւ 1996թվի կենսաթոշակային ռեֆորմն էր թոշակի անցել՝55 տարեկանից, իսկ գործարանում, որտեղ ինժեներ էր աշխատում, արդեն աշխատանքային կրճատումներ էին եղել, ու ստիպված դարձել էր թոշակառու-տնային տնտեսուհի․․․/Ի տարբերություն մորս՝ես հիմա, չնայած նրա այն ժամանակվա տարիքին եմ գրեթե հասել, բայց՝թոշակ կամ աշխատավարձ չստացող ու անեկամուտ բլոգեր եմ, քանի որ թոշակի շեմը հասցրել են 63-ի, որից դեռ շատ հեռու եմ ու հարց է՝կհասնե՞մ այդ տարիքին, թե՞չեմ հասնի, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ կրճատեն մարդկանց կյանքի տեւողությունը․․․

Անկախության 28-րդ տարին է, բայց շատերն իրենց բնակարաններում դեռ փայտ են վառում ձմռանը,որովհետեւ էներգիան թանկացել է/ի տարբերություն իշխանահպատակ կառույցների, որոնք շարունակում են ջեռուցվել՝կաթսայատների միջոցով/։Եվ այս ծանր, ամարդկային պայմաններում գոյություն քարշ տվող մարդկանց թոշակի տարիքը 55-ի հասցնելը/երբ որ աշխատաշուկայի պահանջարկը մինչեւ 35-40 տարեկանն է/, առնվազն դահիճություն է։Իսկ ազգային ժողովում երբեւէ այս առթիվ որեւէ պատգամավոր հարց չի բարձրացնում․սա էլ առնվազն ազգադավություն է, երբ չտեսնելու են տալիս մարդկանց գերխնդիրները ու ձեվացնում, թե այս երկրի միակ գերխնդիրը թանկացումներն են։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 26 января 2018 г.

Միջտիեզերական գագաթաժողով

Վաղ առավոտյան ագռավներն ու կատուները միջտիեզերական գագաթաժողով էին հրավիրել․ագռավները մի հսկա երամով կռավում էին շենքի կտուրից՝ներքեում գտնվող կատուների վրա/երեւի չարախնդալով՝,,թե կարաք՝բռնեք մեզ, դե բարձրացեք կտուր է՜․․․մեծ-մեծ մլավում եք, դե հասեք կտուր տեսնեմ ոնց եք հասնում,,/։Կատուներն էլ անզոր ողբալացով էին արձագանքում։Շատ անհավասար ,,ռազբոր,, էր, որի ,,բազարի,,թեման անհայտ էր։Բայց եթե հավասար մրցակցային պայմաններ լինեին՝,,առողջ մրցակցության,, համար, ագռավները հաստատ կպարտվեին գետնի վրա, եւ ոչ թե կտուրից կչարախնդային, որովհետեւ կատուները վերջերս սկսել են պաշտպանել իրենց նետված հացի պատառների "սեփականության իրավունքը", երբ ագռավները փորձում են նրանց "հացին վայիս լինել", ու կատուների կողմից ընդամենը մեկ քայլ առաջանալն ու թաթիկով վախեցնելը բավարար է լինում, որ ագռավները թռչեն-փախչեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 25 января 2018 г.

Խոսք ի խորոց սրտի

Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ, ոչ թուրքամետ․ես հայամետ եմ

-------------------------------------------------------

22-ամյա լրագրողական անդուլ գործունեությանս ընթացքում/որից վեցուկես տարին՝համացանցային ու բլոգերային, անվարձահատույց/,երբ գրիչս կամ համակարգիչը մշտապես ծառայեցրել եմ հանուն արդարության, ընդդեմ ապօրինության  ու անօրինության, ամենամեծ վիրավորանքն ու բարոյական ապտակը, որ կրեցի այս երկրում, այն է, որ այսօր ինձ ,,անբարեխիղճ սպառողի,, կարգավիճակով դատական պատասխանատվության են կանչել՝ՀՀ ջրային տնտեսությունը 1 տարի առաջ սեփականաշնորհած ու իր անձնական բոստանը դարձրած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության կողմից, որ ոչ միայն առանց որեւէ փաստաթղթային հիմնավորման թիվ է նկարել իմ հաշվեհամարին, այլեւ՝8 ամսվա կտրվածքով անհիմն պարտք գոյացրել ու բռնագանձման պահանջ ներկայացրել դատարան։

․․․Հատկանշական է, որ 1996-98թվերին, երբ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում/որտեղ աշխատում էի գրադարանի մատենագետ/ ղեկավարությունն ինձ հալածում էր անաչառ հրապարակումների եւ իմ հանդեպ թշնամական վերաբերմունքի պատճառով/քանի որ իմ աշխատատեղը որոշել էին հատկացնել իրենց յուրայիններից մեկին՝ի հաշիվ իմ իրավունքների ոտնահարման, իսկ ես իմ իրավունքները պաշտպանել էի փորձում ու հրաժարվում էի կատարել իմ աշխատանքային պարտականությունների մեջ չմտնող հանձնարարություններ․այն է՝սեւագործ բանվորի աշխատանքներ կատարել նկուղային հարկում ,խոնավության ու կեղտի մեջ գտնվող նորոգվող գրադարանում,ու այդ աշխատանքներից խուսափելու նպատակով ոմանք ստիպված էին բժշկական տեղեկանքներ ներկայացնել՝կեղծ կամ իսկական, ոմանք էլ ազատվեցին աշխատանքից, ոմանք արտագաղթեցին, իսկ ես ուղղակիորեն հայտարարեցի, որ չեմ կատարելու այդ աշխատանքները /, ռեկտորը կոլեկտիվի մի քանի անդամների ներկայությամբ հայտարարեց, որ ,,Դուք կազատվեք աշխատանքից որպես անպարտաճանաչ,,։Հիշեցնեմ, որ ես այդ ժամանակ նախընտրեցի սեփական դիմումով ազատվել այդ գաղջ ու գարշելի միջավայրից/թեպետ՝կոլեկտիվում կային մարդիկ, որոնք տուրք չտվեցին բուհի ղեկավարության կողմից 30-ականների ոգով նախաձեռնած ստորությանն ու հրաժարվեցին իմ դեմ ստորագրահավաքին մասնակցել/։Հիմա, փաստորեն, այլ հարթության վրա է փորձ արվում իմ վրա փաթաթել ,,անբարեխիղճ,, պիտակը, ու սա անարգանք է իմ եւ իմ ընտանիքի, լուսահոգի ծնողներիս ու հարազատնեիս հիշատակի, բարի համբավի ու արժանապատվության դեմ/թե ես, թե ծնողներս իրենց բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում՝սովետական տարիներին, ունեցել ենք աշխատանքային խրախուսանքներ, պատվոգրեր, դրական բնութագրեր/։Սա անարգանք է նաեւ իմ լրագրողական-մանկավարժական աշխատանքի վերաբերյալ այն բնութագրի հանդեպ, որ տրվել է 1989թվին՝Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցում մանկավարժ աշխատած ժամանակ՝բելառուս տնօրինության կողմից։Մի՞թե սրա համար ենք 90-ականների ծանր տարիները, ինչպես նաեւ՝1998թվից սկսած՝իշխանության ներքին հրահրմամբ իրականացվող սոցիալական ու բարոյական տեռորի դեմ պայքարելով հասել մինչեւ մեր օրերը/որովհետեւ արտագաղթը համարել ենք ամոթալի փախուստ՝իրականությունից ու քոչվորի հոգեբանություն/։Դե արի ու այսքանից հետո մնա ,,անկախ լրագրողի,, դիրքերում ու քեզնից անկախ մի հայտնվի ընդդիմության շարքերում։90-ականների կեսերին մշակութային թեմաներով ու թարգմանություններով հայկական մամուլում վերջնականապես ոտք դրած, խաղաղասեր լրագրողին վերածեցին ամենաընդդիմախոսի, հետո էլ՝ընդդիմադիրի։Ովքե՞ր՝իշխանություննե՞րը, թե՞ նրանց մշտապես արջի ծառայություն մատուցողները, որոնց երկարակեցության ու հավերժության գաղտնիքը մշտապես եղել են ,,քցումն,, ու իրենց մրցակիցներին ,,սեւել-մրելը,,․գորշ միջակություններին բնորոշ գործելակերպ՝30-ականներից եկող։

Մի՞թե այսքանից հետո սխալված կլինեմ, եթե դիմեմ ռուսական ,,Զվեզդա,, ալիքին ու թունդ հայտարարությամբ հանդես չգամ, ասելով․,,Այո, դուք ճիշտ էիք, Հայաստանում թեւածում է ֆաշիզմի ուրվականը/ի՞նչ տարբերություն, ֆաշի՞զմ, թե՞ ոչ յուրայիններին չհանդուրժելու քաղաքականություն/․բայց՝ոչ թե ազգայնական, հայրենասեր գործիչ Նժդեհն է այդ ,,ֆաշիզմի,, գաղափարակիրը, այլ՝Նժդեհի անունն իրենց համար հաղթաթուղթ դարձրած իշխանությունը, որոնցից որոշներն իրենց կիսագրագետ ու ժարգոնային խառնալեզվով, քաղաքական մակարդակով այնքան են հեռու Նժդեհից, ինչքան՝երկինքը երկրից, ու իրենց հակաժողովրդական գործելաոճով վարկաբեկում են  Նժդեհին։

․․․Ավելացնեմ, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ, ոչ թուրքամետ․ես հայամետ եմ, բայց այսօր ստիպված եմ քաղաքական ապաստան  փնտրել ցանկացած երկրում՝որպես մարդ, քաղաքացի եւ ստեղծագործող մնալու համար։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,