Translate

Translate

Translate

среда, 31 августа 2016 г.

Դպրոցական հիշողություններ

1972 թվի սեպտեմբերի նախօրեին էր։Սովորում էի Կիրովականի՝Դանիել Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում։Մեր դասղեկն անգլերենի երիտասարդ ուսուցիչ, հայրենադարձ Գեւորգ Ղազանչյանն էր/կինը՝Արփինեն էլ էր այդ դպրոցում դասավանդում․կարծեմ՝տնարարություն/։Այդ տարիներին, չգիտես ինչու, Հայաստանում սկսեցին անվճար հատկացվող դասագրքերը քչություն անել․ըստ այդմ՝մեր ողջ դասարանին՝ավելի քան 30 աշակերտներից բաղկացած, մի քանի առարկաների գծով հատկացվել էին շատ քիչ քանակով գրքեր․այն հաշվարկով, որ մի քանի աշակերտներ միասին պարապեն, իրարից վերցնեն գրքերը, իրար հետ պայմանավորվեն․․․դա ուղղակի անհեթեթություն էր, որի նպատակը երեւի թե  գրախանութներում դասագրքերի ստվերային վաճառքը խրախուսելն էր՝արհեստական դեֆիցիտի միջոցով։ Ինձ համար, որ սովոր էի մշտապես զգալ նոր,թարմ դասագիրք ունենալու բերկրանքը, տհաճ անակնկալ էր դա, որի այլընտրանքը՝նախորդ տարիների սովորողներից օգտագործված դասագիրք ձեռք բերելն էր՝էլի ծանոթով/թեպետ՝դրանից հետո արդեն մայրս սկսեց գրախանութների միջոցով նախապես դասագիրք փնտրել՝հույսը դպրոցի վրա չդնելով/։Եվ ահա, սեպտեմբերի մեկի նախօրյակին, ուշ երեկոյան, հորդ անձրեւի տակ մի լավ թրջված, երկար անձրեվանոցի մեջ փաթաթված՝մեր բնակարան այցելեց մեր սիրելի դասղեկ Ղազանչյանը՝թեւի տակ դպրոցական նոր դասագրքերից մի քանի հատ․նա,թերեւս, չէր կարող թույլ տալ, որ գերազանց առաջադիմությամբ սովորող իր աշակերտուհին ,,նեղվի,, դասագրքի պակասից ու սրա-նրա դռներն ընկնի /անգամ հիշողությանս մեջ մնացել է այն, որ դասագրքերի թվում նաեւ երկրաչափության դասագիրքն էր՝կապույտ կազմով/։Ու մինչ ուսուցիչս ծնողներիս հետ զրուցում էր՝ոտքի վրա/չցանկանալով առաջանալ ներս/, ես գլխահակ կանգնել էի ու ամոթահար եղած՝հայացքս չէի բարձրացնում։Ինձ համար այնքան անսովոր էր՝ուսուցչին տնային պայմաններում տեսնել։Ես այն տարիքում էի, երբ դժվարությամբ ես համակերպվում այն մտքի հետ, թե ուսուցիչները հասարակ մահկանացուներ են եւ հասարակ մահկանացուների նման են կենցաղավարում։Իսկ ամենամեծ ,,փորձությունն,, այն էր, որ ծնողներս սկսեցին նրան եռանդով ներս հրավիրել, բայց՝վերջինս համառորեն հրաժարվեց առաջանալ․թերեւս, խուսափելով հյուրընկալությունից, ու գնաց՝ինձ ազատելով անհարմար կացությունից․ես նախընտրում էի ուսուցիչներին տեսնել դպրոցական միջավայրում, քանի որ նրանք շատերիս համար սրբության նման էին։

․․․Ըստ տեղեկությունների՝Գեւորգ Ղազանչյանն ու իր կինն էլ, շատ հայրենադարձների նման, դեռ մինչեւ ԽՍՀՄ փլուզվելը հեռացան Հայաստանից․եղբոր՝Երվանդի եւ նրա ընտանիքի հետ այնտեղ, որտեղից եկել էին․Կիպրոս։Իսկ իմ հիշողության մեջ մնաց այդ փոքրիկ դիպվածը՝44 տարիների հեռվից, որպես դպրոցական հուշ՝սիրելի ուսուցչի հետ կապված, ում հետ ողջ դասարանով համատեղ լուսանկար էլ կա, որի կենտրոնում ինքն է՝գերազանցիկ երկու աշակերտուհիներով շրջապատված, որոնցից մեկն էլ ես եմ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 26 августа 2016 г.

Միջազգային տուրիզմի կենտրոն՝Ձորագէս ավանում կարելի է եւ թանգարան հիմնել՝նախկին ակումբի շենքում, եւ համակարգչային կենտրոն ստեղծել, եւ գրադարանը վերագործարկել

,,Արեւածագը որտեղ է՜ր, որ Ձորագէսը դիսկոտեկա ուներ...,,

                        2000թվի անտիպ նյութերի արխիվից

Ի տարբերություն մարզկենտրոն Վանաձորի, որտեղ առնվազն մի քանի հեռուստաալիք են դիտում,Լոռու մարզի Ձորագէս ավանում, որպես կանոն՝Հ1-ից բացի՝ուրիշ ալիք չի ,,բռնում,, մետրայինով:Ըստ այդմ,Ձորագէս ավանում մարտի 17-ին տեղյակ չէին, որ մայրաքաղաքում հեղափոխական իրավիճակ է, միտինգներ ու ցույցեր են տեղի ունենում՝կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:Տվյալ պահին, ավանի հնագույն բնակիչներից մեկին առավելապես մտահոգում էր, որ Հ1-ի ,,Հայլուրը,,Արեւածագ /Ղաչաղան/ գյուղի նախկին ակումբի ու դրա վերագործարկելու անհրաժեշտության մասին էր խոսում, հիշատակելով նաեւ, որ Արեածագում դիսկոտեկա էլ է եղել, մինդեռ՝Ձորագէսի ակումբի մասին առհասարակ երբեւէ չի խոսվում:,,Արեածագը որտեղ է՜ր, որ Ձորագէսը դիսկոտեկա ուներ,,-նկատեց իմ զրուցակիցը, հիշեցնելով, որ մինչերկրաշարժյան տարիներին ոչ միայն Ձորագէսի նախկին ֆուտբոլի դաշտում պարահրապարակ կար, այլեւ՝նախկին ակումբի շենքում էին ամառային երեկոներին պարեր կազմակերպվում՝գրամաֆոնի ու ձայնասկավառակի միջոցով:

Այս հոդվածը գրվել է 2008թ.ու մինչ օրս իմ անտիպ նյութերի արխիվներում էր, որին էլ որոշեցի նոր նկատառումներ ավելացնել


Վերոնշյալ հոդվածի առնչությամբ նշեմ, որ Հ1-ը տարիներ առաջ էլ անդրադարձավ Ձորագէսի հետ ներկայումս մեկ համայնքային ամբողջություն կազմող Թումանյան կայարանի ակումբի շենքին, ու նշվեց, որ այդտեղ նաեւ ռոք-ակումբ է գործել.այ դա շատերի համար կարող է նորույթ լինել, եւ ավելի շատ՝Թումանյան կայարանցիները կարող են տեղյակ լինել այդ մասին;Բայց փաստ է այն,որ Թումանյան կայարանից պատանի-երիտասարդները 60-70-ականներին ոտքով, թունելներն ընկած՝գալիս հասնում էին Ձորագէս՝ակումբում կինոդիտման, ինչպես նաեւ՝դիսկոտեկային / որ այն ժամանակ ,,տանցի,, էին կոչում/մասնակցելու:Հիմա Թումանյան կայարանի ակումբն էլ է փաստորեն անգործության մատնված, Ձորագէսինն էլ.ոչ կինո, ոչ գրադարան, ոչ թենիսի կորտ:Ըստ տեղեկությունների՝Ձորագէսի ակումբի շենքն ավելի քան 10 տարի է՝ պատկանում է ՊՆ-ին:Միթե հնարավոր չէ ակումբը հարմարեցնել ժամանակակից պահանջներին, համակարգչային ծառայություններ ստեղծել, ֆոտո-ծառայություն, գրադարանը վերագործարկել...Ավանում անընդհատ տուրիստների հոսք կա՝տարվա բոլոր եղանակներին, քանի որ կա միջազգային կարգի հյուրանոց,սննդի փոքր օբյեկտներ են գործում, վերջապես՝ավանը գտնվում է Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա, եւ պատահական մարդիկ էլ՝կարճատեւ կանգառ ունենալով, ցանկություն կունենան արագ հաղորդակցվել՝բարեկամ-հարազատների հետ, լուսանկարվել, չէ որ բոլորը չէ, որ իրենց մոտ կարող են ինտերնետ-կապ ունենալ կամ լուսանկարող սարք, բայց, միգուցե,կցանկանան հավերժացնել իրենց...Մինչդեռ կարելի էր այդօրինակ վճարովի ծառայության միջոցով էլ համայնքի բյուջեն համալրել...Դրա արդյունքում համայնքի կյանքը կաշխուժանար,նոր աշխատատեղեր կբացվեին, դպրոցում երեխաների թիվը կավելանար...Ակումբում կարելի էր նաեւ թանգարան ստեղծել՝Ձորագէսի պատմության թանգարան, որտեղ կտեղադրվեին ու կպահպանվեին արխիվային նյութեր, թերթեր, լուսանկարներ՝հէկ-ի պատմությանը, վաստակաշատ աշխատողներին, նախկին տնօրեններին նվիրված:Իսկ առայժմ՝հնագույն բնակիչներից ոմանք, որ ունեն հարուստ արխիվ, չգիտեն, թե ուր կամ ում հանձնեն դրանք:Մինչդեռ այս ամենը հայկական պետության պատմության մի մասն էլ է:Կենտրոնական արխիվին հանձնելու դեպքում՝ դրանք ողջ-ողջ թաղվելու են՝գզրոցներում մոռացության մատնվելով, մինչդեռ դրանք կարող էին նորաստեղծ թանգարանի համար լավագույն ցուցանմուշ լինել,ինչը ոչ միայն կխթաներ տուրիզմի զարգացմանը, այլեւ՝համայնքային բյուջեի մուտքերի ավելացմանը նույնպես, քանի որ թանգարանի մուտքը կարելի էր նաեւ վճարովի դարձնել՝մատչելի գնով.այնպես, ինչպես թանգարանների մի մասում:Հազիվ թե տուրիստները զլանային այդ նպատակով գումար հատկացնել.կամ՝դա կարելի էր ներառել նաեւ տուրիստական ուղեւորության ծախսերի մեջ՝ուղեգրի հաշվին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 11 августа 2016 г.

Լեոնիդ Զախարովի կյանքն ու գործունեությունը


Ծնվել է 1937թվի նոյեմբերի 15-ին՝Բաքվում, հայի ընտանիքում:Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝Երեվան:Ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը:Խաղացել է Երեւանի ,,ՖԻՄԱ,, ,,Լոկոմոտիվ,,  ,,Նաիրի,, թիմերում:Երկար տարիներ մարզել է Արարատի ,,Ցեմենտ,, թիմը, եղել է Արարատի  մանկապատանեկան մարզադաշտի տնօրեն:1975թվին նշանակվել է եւ երկար տարիներ աշխատել Հայաստանի սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի պետ/1985թ.մեկ տարի համատեղությամբ՝,,Արարատ,, թիմի գլխավոր մարզիչ/:,,1985թ., երբ Արարատը Երեւանում զիջեց ,,Չեռնոմորեցին,,՝ Նիկիտա Սիմոնյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Լեոնիդ Զախարովը:,,Թիմը գտնվում էր վտանգավոր գոտում, բայց մրցաշրջանն ավարտեց 13-րդ տեղում ու մնաց բարձրագույն խմբում:1 տարի համատեղությամբ Լեոնիդ Զախարովը գլխավորեց Արարատը:1986թվին նրան փոխարինեց Արկադի Անդրեասյանը,,-գրել է ,,ֆուտբոլ պլյուս,, թերթը՝1997թվին:

1986թ.Զախարովին շնորհվեց վաստակավոր մարզչի կոչում:,,1985-ին էր, որ ,,Արարատը 2-րդ անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը,,-գրել է ,,ֆուտբոլ թերթը,,՝1997թ., Զախարովին նվիրված մահախոսականում:,,Ցեմենտի,, նախկին խաղացողներից մրցավար Լյուդվիգ Մինասյանը 1997թ.,,ֆուտբոլ-պլյուս,, թերթում գրել է.,,Հետագայում մարզվել եմ Լեոնիդ Զախարովի մոտ, որի ղեկավարությամբ ,,Ցեմենտը,, ուժեղ մրցակից դարձավ հանրապետության 1-ին խմբերի թիմերի համար,,:

90-ականների ծանր տարիներին Զախարովն ստիպված էր ընտանիքով՝կնոջ ու որդու հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ իտալացիների հետ համատեղ ,,Արմալ,,առեւտրա-միջնորդական ընկերության ղեկավար էր:Ցավոք, հանկարծահաս ծանր հիվանդության արդյունքում նա հեռացավ կյանքից՝1997թ.օգոստոսին:

․․․Զախարովի մասին հիշողություններ կան վերջինիս ընտանիքի մտերիմ Իզաբելա Հասրաթյանի՝ ,,Ո՞վ է մեղավոր,, ինքնակենսագրական-պատմագրական գրքում՝2011թ.լույս տեսած.,,Լեոնիդ Զախարովը լավ մարդ էր եւ հոյակապ ֆուտբոլային մարզիչ:Նրա թաղման օրը Արարատ քաղաքի ,,Ցեմենտ,, ֆուտբոլային թիմից մեկը դամբանական ճառ ասաց.,,Լեոնիդ Զախարիչը մեր թիմի համար եղել է Մեսրոպ Մաշտոց:Նա մեզ սովորեցրեց ոչ միայն ֆուտբոլի այբուբենը,այլեւ մեզ կրթել է ու դաստիարակել, սովորեցրել, թե ինչպես պիտի խոսել, ինչպես հագնվել:Նա մեզ բոլորիս նաեւ գրագետ դարձրեց, բոլորիս համար հատորներով գրքեր էր բաժանորդագրվում:Նրա շնորհիվ մենք՝13 ֆուտբոլիստներս հոյակապ գրադարանների տեր դարձանք,,-հիշատակել  է հեղինակը:

,,Լեոնիդ Զախարովը մեր հիշողության մեջ կմնա որպես լավ մասնագետ, հմուտ կազմակերպիչ, բարեկիրթ, համեստ եւ ընկերասեր մի անձնավորություն,,-ամփոփել է ,,ֆուտբոլ,, թերթը՝1997թ.օգոստոսի 23-ին:

...Լեոնիդ Զախարովի՝մորաքրոջս ամուսնու հետ կապված մանկական ու երիտասարդական հիշողություններս շատ են.նա իմ անցյալի մի սուրբ մասնիկն է:60-ականներին, երբ Արարատի ,,Ցեմենտը,, եկավ Կիրովական՝մրցումների, թիմի մի քանի անդամներ՝Լեոնիդ Զախարովի հետ, հյուրըկալվեցին ու գիշերեցին Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասի /Շիրակի խճուղի/ մեր խրուշչովյան երկսենյականոց բնակարանում.մինչ այդ՝թիմի հետ, նրանց ավտոբուսով Ձորագէսից եկանք Կիրովական /ես եւ ծնողներս/, եւ ամբողջ ճանապարհին թիմի անդամներն ուրախ-զվարթ սրամտում էին :Ամառային ամիսներին`1970-80-ականներին, Լեոնիդ Զախարովն ընտանիքով մշտապես այցելում էր ու մի քանի օր հանգիստն էր անցկացնում Ձորագէսում.աներոջ՝Գարեգին Հարությունյանի տանը:Սիրում էր նաեւ ձկնորսությամբ զբաղվել գետում:Ավանի երեխաների համար ամեն այցելության ժամանակ ֆուտբոլի գնդակ էր բերում, ինքն էլ ֆուտբոլ խաղում:Ի դեպ, 1960-80-ականներին Ձորագէսի ֆուտբոլի դաշտում / որտեղ ավելի քան 15 տարի է՝միջազգային հյուրանոց է /, ոչ միայն երեխաներն էին ֆուտբոլ խաղում, այլեւ՝մեծահասակները/Ձորագէս-Թումանյան կայարան... կամ ՝որեւէ գյուղի թիմի հետ էին ձորագեսցիները մրցում/:Ցավոք, Զախարովին բախտ չվիճակվեց թոռների բերկրանք զգալ, սակայն նրա 2 թոռնուհիներն այժմ բարձր են պահում իենց պապիկի պատիվը՝հաջողություններ ցուցաբերելով ուսման մեջ.3 տարի առաջ Զախարով Լեոնիդի կինը, որդին եւ  որդու կինն՝իրենց դուստրերի հետ, Մոսկվայից կրկին վերադարձան Հայաստան, եւ վառ են պահում Զախարովի օջախի ծուխն այն բնակարանում, որտեղ նա ապրել է 1980-90-ականերին՝մինչ Մոսկվա տեղափոխվելը:Զախարովի աճյունը գտնվում է Երեվանում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ