Translate

Translate

Translate

вторник, 6 декабря 2016 г.

,,Ոչ մեկի ներս չթողնեք,,

1991թվի վերջերն էր․2 տարի էր՝աշխատում էի Կիրովականի դատարանի գրասենյակում՝որպես քաղգործերով գործավար/1988թվի երկրաշարժից հետո ստիպված էի հրաժեշտ տալ քիմմանրաթելի գործարանին՝աշխատանքային կրճատումների կապակցությամբ․այնտեղ ներգրավված էի գրադարանային եւ այլ գրասենյակային աշխատանքներում՝5 տարի շարունակ/։Զուգահեռ՝ստիպված էի դատարանական աշխատանքին զուգահեռ՝նաեւ հասարակական կարգով ատենակալ լինել, քանի որ 1986թվից քիմմանրաթելի գործարանի կողմից ատենակալ էի ընտրվել, եւ այդ հանգամանքը շահարկելով՝անխնա ,,շահագործման,, էի ենթարկվում՝մինչեւ ուշ երեկո երբեմն ստիպված լինելով ներկա գտնվել դատական նիստերի ու, ըստ էության՝ձեւական ստորագրությամբ վավերականացնել դատական վճիռները, քանի որ առանց 2 ատենակալների մասնակցության՝դատական վճիռներ չէին կայացվում,իսկ այդ տարիներին ատենակալ գտնելը լուրջ խնդիր էր դատավորների համար, քանի որ հիմնարկները լուծարվել էին, նրանց կողմից ատենակալ ընտրվածներն էլ որը մահացել էր, որը հեռացել էր քաղաքից, որն էլ չէր ցանկանում ձրի՝ատենակալ նստել,քանի որ հիմնարկը կար, որ իր աշխատողների օրականները վճարեր ատենակալության համար/։Արդեն հոգնել էի դատական կռիվներից, դատարանի նախագահի անվերջ գոռգոռոցներից/որոնք ուղղվում էին նաեւ աշխատողներին/, հիստերիկ տեսարաններից, մյուս կողմից էլ՝տնակային պայմաններում գտնվող դատարանի ածուխի ,,ծուխումուրն,, էր առողջության վրա ծանր անդրադառնում,ցածր աշխատավարձի հանգամանքն էր դեր խաղում այն տարիներին, երբ տնից մի քանի ավտոկանգառ հեռու աշխատանքից վերադառնալը՝ մթության մեջ թաղված ու տարատեսակ հարբեցողներով ու մոլագարներով այն ժամանակ լցված քաղաքում/ի թիվս ԱՊՀ տարածքից ժամանած շինարարաների՝աղետի գոտի օգնության եկած/ վտանգավոր էր։Եվ ահա, փնտրում էի տանից առավել մոտ աշխատանք՝ավելի լուսավորյալ հիմնարկում, երբ տեղեկացա, որ Կիրովականի/արդեն Վանաձորի հավակնող/նորընտիր քաղխորհրդում նախագահի գործավարի հաստիքի համար մրցույթ է հայտարարված։Նախապես ճշտել էի, որ գործավարի պարտականությունների մեջ չի մտնում սուրճ եփողի գործառույթը, որի համար նախատեսված էր առանձին հաստիք՝քարտուղարուհու համար։Մրցույթի էությունը հետեւյալն էր․ամեն թեկնածու, պետք է մեկ շաբաթ աշխատեր փորձնական կարգով, եւ դրանից հետո ,,լավագույնը,, պետք է ընտրվեր։Պահանջվող փաստաթղթերը ներկայացրի,  ,,հերթափոխի,, օրը գնացի՝աշխատանքային ընդմիջման ժամին։Փորձաշրջանում գտնվող մի երիտասարդ աղջիկ, ինձ գործի էությունը ներկայացնելիս, խիստ տոնով հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես տեղյակ եմ ,որ պարոն նախագահը սուրճը խմում է առանց շաքարի։Մի փոքր անակնկալի եկա, բայց՝իմ հերթին հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է լուծվելու ընդունարանում հավաքված քաղաքացիների հարցը/մի միտինգի չափ ժողովուրդ կար, ու բոլորն էլ՝դժգոհ, որ արդեն քանի օր է՝սպասում են իրենց հերթին, բայց այդպես էլ չեն կարողանում ընդունելության գնալ/։,,Ոչ մեկի ներս չթողնեք, ոչ մեկի,,-իմ հարցին ի պատասխան՝հայտնեց օրիորդը։,,Ո՞նց, էսքան մարդը, որ հավաքված է, ուրեմն էդպես հավաքված էլ պետք է մնա՞,-զարմացած դիտարկմանս անդրդվելի տոնով նույնը պնդեց․,,Ոչ մեկի,,։Ինչպես երեւոմ էր,վերջինս արդեն լավ մերվել էր աշխատանքին, եւ արդեն իսկ ակնհայտ էր, որ մյուս թեկնածուներն ապահովելու են մրցույթի ձեւական կողմը։Այդ պահին միակ քայլը, որ կարող էի ձեռնարկել՝քաղաքավարությամբ հայտնելն էր, որ ես այդ օրը չեմ կարող իրեն փոխարինել։Ու չեմ հիշում, հետագայի համար ինչ ասեցի, բայց դրանից հետո ստիպված էի միառժամանա՝մինչեւ 1994թիվը համակերպվել դատարանական աշխատանքի ,,տաժանակրությանն,, ու դատարանի նախագահի գոռգոռոցները ,,մարսել,,․տվյալ դեպքում դա ավելի նախընտրելի էր, քան՝սուրճ եփողի ու դռնապանի գործը՝գործավարի հաստիքով։Ի՞նչ իմանայի, թե 1994-1998թթ․ճակատագիրն ինչ անակնկալներ էր պատրաստել՝թվացյալ ,,լուսավորյալ,, մեկ այլ հիմնարկում՝Վանաձորի մանկավարժականում աշխատելիս․բայց դա արդեն այլ թեմա է, որին անդրադարձել եմ AZAT ANKAKH բլոգի ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները հոդվածում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 30 ноября 2016 г.

Խրոնիկական «հիվանդություն» միջքաղաքային երթուղիներում | Առավոտ – Լուրեր Հայաստանից

Խրոնիկական «հիվանդություն» միջքաղաքային երթուղիներում | Առավոտ – Լուրեր Հայաստանից

Եվ եղավ շուրջօրյա էներգամատակարարում՝20 տարի առաջ

ՀՀԿ 16-րդ համագումարից հետո վերջերս պարբերաբար շրջանառվում էր այն հարցը, թե Հայաստանում երբ է անցում եղել շուրջօրյա էներգամատակարարման/քանի որ -ում այն համարում են որպես իրենց ձեռքբերում/։Ըստ այդմ որոշեցինք սույն արխիվային նյութը զետեղել սույն բլոգում։Ահավասիկ՝1996թ․հունվարի 11-ին ,,Առավոտ,, թերթը, ,,Վանաձորում շուրջօրյա էներգամատակարարում,, հոդվածում գրել է․

Վանաձորն անցել է շուրջօրյա էներգամատակարարման՝փորձնական կարգով․այդ եվ համանման այլ հարցերի շուրջ կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց քաղխորհրդի նախագահ հովհաննես Մատինյանը, նշելով, որ այդ առթիվ ձեռք է բերվել պայմանավորվածություն էներգետիկայի նախարարության հետ։Նա միաժամանակ ընդգծեց, որ հիմնական խնդիրը եղել ու մնումէ նույնը․բնակիչները կվճարեն այնքան, ինչքան կսպառեն, իսկ ավելի ճիշտ՝յուրաքանչյուր ընտանիք կսպառի այնքան, որքան ի վիճակի է վճարել։Մուծումները կկատարվեն թե անհատապես, եւ թե քաղէլցանցերի ներկայացուցիչներիէ՝արենդատորնբերի միջոցով, որոնք այդ ուղղությամբ պայմանագրեր կկնքեն ԲՇՏ-ների հետ։

Այսպիսով կպահպանվի արենդատորների համակարգը։Շուրջօրյա էլեկտրամատակարարման լուրը մեծ ոգեւորությամբ ընդունվեց բնակչության կողմից։Պետք է հուսալ, որ այդ փորձը կարդարացնի իրեն, եփե, իհարկե, բնակիչները պարբերաբար մուծումներ կատարեն եւ, իրենց իսկ շահերից ելնելով, նվազեցնեն սպառման մակարդակը՝էներգիան խնայողաբար օգտագործելով,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


․․․Հիշում եմ, երբ այդ տեղեկատվությունը հաղորդում էի ,,Առավոտին,,՝հեռախոսով/այն ժամանակ դեռ համացանց չկար, իսկ ֆաքսն էլ նոր-նոր մուտք էր գործել մարզեր՝միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ/, այդ տեղեկատվությունը ընդունող լրագրող Սարո Գյոդակյանն անկեղծորեն զարմացավ, թե ինչպե/ս է, որ ամբողջ հայաստանում միայն Վանաձորն է առաջինն անցել շուրջօրյա էներգամատակարարամն։հետագայում՝ամիսներ անց, ամբողջ հանրապետությունն անցավ շուրջօրյա էներգամատակարարաման․եթե, իհարկե, կարելի է ․․շուրջօևրյա,, համարել այն, որ վերջին 15 տարիներին վերսկսվեցին հովհարայինները՝ տարբեր տարածքներում, որի առթիվ Հ2-ն ամեն օր ցուցակ է ներկայացնում, թե որ գյուղերը կամ համայնքները քանի ժամով են հոսանքազրկվելու, էլ ․․չենք խոսում,, անհովհար ու անկապ անջատումների մասին։


понедельник, 24 октября 2016 г.

Իսկ գրողները թերթ կարդում են

Վանաձորցի մի ,,բարեկիրթ,, բանաստեղծ, որ ՀԳՄ անդամ չի համարվում, սակայն հավակնում է ՀԳՄ Լոռւ բաժանմունքի պատասխանատուի աթոռին,, ,,հաշիվ,, պահանջեց ,,Առավոտի,,6․10․2000թվականի ,,Էլ ինչ գրողներ, որ իրար միս չուտեն,,հրապարակման համար եւ սպառնաց, թե ,,հանկարծ ՀԳՄ Լոռւ բաժանմունքի գրողների մասին սուտումուտ բաներ գրես, վերջը վատ կլինի,,։Ըստ երեւույթին՝,,սուտումուտ բաներ,, ասելով նկատի էր առնվում ճշմարտությունը ջրի երես հանելը։Հետաքրքիր հանգամանք է այն, որ վերջինս մի առիթով ասել էր, թե թերթ չի կարդում, բայց հիշյալ հրապարակումը, փաստորեն բավականին ուշացումով կարդացել էր/Հավանաբար, այն վերջինիս մատուցել էին ընդհանրապես թերթերին մոտ կանգնած աղբյուրները՝,,դարդիման,, ընկերները/։Հակված ենք կարծելու, թե վերջինիս զայրույթի բուն պատճառն այն է, որ չենք կիսել նրա ,,գրական հայացքները,, եւ բանաստեղծական միակ բրոշյուրի մասին կարծիք էինք հայտնել, թե գրքի ամենամեծ առավելությունը հեղինակի ,,ջահել վախտվա,, լուսանկարն է։

1․12․2000թ․,,Առավոտ,,

Գ․Հ․

Իմ 16 տարի առաջվա նյութերի ախիվից

четверг, 1 сентября 2016 г.

Սովետական մանկավարժությունը ծեծին դեմ էր, բայց՝որոշ ուսուցիչներ դեմ չէին

1970-ականներին դպրոցներում վատ սովորող եւ ,,անբարեհույս,, ընտանիքների երեխաների հետ վարվում էին տերթոդիկյան մեթոդներով․թեպետ՝սովետական մանկավարժությունն անթույլատրելի էր համարում ծեծը՝որպես դաստիարկչական միջոց։Հիշում եմ, որ մեր շատ սիրելի ուսուցչուհին ինչպես էր տարրական դասարանի ,,ծույլիկ,, տղաների ականջից բռնած՝մի քանի տակ ոլորում ու ականջը կարմրացրած՝բարձրացնում, ու այդ դիրքով պահում այնքան, մինչեւ վերջինս ,,վախ-վախ,, անելով դեմքը ծամածռի կամ լաց լինի։Բայց ակնհայտ էր, որ երեխաներին ինչքան շատ էին պատժում, այնքան՝վատ էին սովորում։Դե բախտս բերել է, որ ես բարձր առաջադիմությամբ եմ սովորել ու օրինակելի ընտանիքի երեխա համարվել։Բայց՝իմ մանկական հոգին խոցվում էր, երբ նման տեսարաններ էի տեսնում։Այդուհանդերձ, մեր վերաբերմունքը սիրելի ուսուցչուհու հանդեպ չէր փոխվում, քանի որ ,,օրինաչափ,, էինք համարում այդ կերպ պատժելը, եւ ուսուցիչը մեզ համար անառարկելի հեղինակություն էր, ու եթե այդպես էր վարվում, ուրեմն, ըստ մեր մանկական ,,փիլիսոփայության,,՝դա էր ճիշտը, եւ պետք է աշխատեինք հանկարծ ուսուցչուհու զայրույթին չարժանանանք։Աշակերտներն անգամ գիտեին, թե դպրոցում որ ուսուցիչն է ծեծող, որը՝բարի․․․

Իսկ միջին դասարանում, երբ արդեն նոր դպրոց էի տեղափոխվել, ավելի տհաճ անակնկալի հանդիպեցի․դպրոցի տարեց տնօրենը միջանցքում բառացիորեն ,,շան ծեծ տվեց,, բարձր դասարանի մի աշակերտի՝դպրոցի ողջ աշակերտության ներկայությամբ։Այդ դեպքը թերեւս ոչ միայն իմ հիշողության մեջ է պահպանվել, այլեւ՝էլի ուրիշների․օրինակ՝մեր նկարչության ուսուցչի, ում վերջերս պատահական հանդիպեցի։Թերեւս, հենց այդ դեպքի հետ կապված՝այդ տնօրենին հապճեպ թոշակի ուղարկեցին /ըստ տեղեկությունների, վերջինս, մինչ հանրակրթական դպրոցում աշխատելն աշխատել էր նաեւ անչափահասների գաղութում եւ այնտեղի իր մանկավարժական հնարքներն սկսել փորձարկել հանրակրթականում/։

Ի դեպ, փոքր-ինչ բիրտ վերաբերմունքի՝ես էլ եմ արժանացել՝բարձր դասարանում։Ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունս թուլացել էր / դե որ ուսուցչին չեն համակրում, առարկան էլ չեն սիրում/, ուստի ձանձրույթս դասերին փարատելու նպատակով՝նստարանի դարակում գեղարվեստական գիրք էի պահում /ինչպես ոմանք/։Եվ ահա, սպիտակահեր, խոժոռադեմ ուսուցիչը, որին երբեւէ ժպտալիս չէինք տեսել, հայտնաբերեց ինձ՝գաղտնի ընթերցանությամբ զբաղվելիս, երբ շարքերով անցնում էր, ու ես չհասցրի գիրքը թաքցնել։Եվ ի՞նչ անի, որ լավ լինի․,,բնականաբար,,՝գիրքը դարակի տակից հանեց ու․․․միանգամից խփեց գլխիս, ինչպես՝այլոց պարագայում /ո՞նց թե դուք իմ առարկան չսիրեք/։Իսկ կյանքը ցույց տվեց, որ առանց ֆիզիկայի գիտելիքների յուրացման էլ կարող եմ հարկ եղած դեպքում լավ ,,գլուխ հանել,, էլեկտրականությունից ու նորոգեմ տնային էլեկտրական սարքավորումները․պապիցս մայրս էր ժառանգել այդ հատկությունները, մորիցս էլ ինձ փոխանցվեց ժառանգաբար։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 31 августа 2016 г.

Դպրոցական հիշողություններ

1972 թվի սեպտեմբերի նախօրեին էր։Սովորում էի Կիրովականի՝Դանիել Վարուժանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցում։Մեր դասղեկն անգլերենի երիտասարդ ուսուցիչ, հայրենադարձ Գեւորգ Ղազանչյանն էր/կինը՝Արփինեն էլ էր այդ դպրոցում դասավանդում․կարծեմ՝տնարարություն/։Այդ տարիներին, չգիտես ինչու, Հայաստանում սկսեցին անվճար հատկացվող դասագրքերը քչություն անել․ըստ այդմ՝մեր ողջ դասարանին՝ավելի քան 30 աշակերտներից բաղկացած, մի քանի առարկաների գծով հատկացվել էին շատ քիչ քանակով գրքեր․այն հաշվարկով, որ մի քանի աշակերտներ միասին պարապեն, իրարից վերցնեն գրքերը, իրար հետ պայմանավորվեն․․․դա ուղղակի անհեթեթություն էր, որի նպատակը երեւի թե  գրախանութներում դասագրքերի ստվերային վաճառքը խրախուսելն էր՝արհեստական դեֆիցիտի միջոցով։ Ինձ համար, որ սովոր էի մշտապես զգալ նոր,թարմ դասագիրք ունենալու բերկրանքը, տհաճ անակնկալ էր դա, որի այլընտրանքը՝նախորդ տարիների սովորողներից օգտագործված դասագիրք ձեռք բերելն էր՝էլի ծանոթով/թեպետ՝դրանից հետո արդեն մայրս սկսեց գրախանութների միջոցով նախապես դասագիրք փնտրել՝հույսը դպրոցի վրա չդնելով/։Եվ ահա, սեպտեմբերի մեկի նախօրյակին, ուշ երեկոյան, հորդ անձրեւի տակ մի լավ թրջված, երկար անձրեվանոցի մեջ փաթաթված՝մեր բնակարան այցելեց մեր սիրելի դասղեկ Ղազանչյանը՝թեւի տակ դպրոցական նոր դասագրքերից մի քանի հատ․նա,թերեւս, չէր կարող թույլ տալ, որ գերազանց առաջադիմությամբ սովորող իր աշակերտուհին ,,նեղվի,, դասագրքի պակասից ու սրա-նրա դռներն ընկնի /անգամ հիշողությանս մեջ մնացել է այն, որ դասագրքերի թվում նաեւ երկրաչափության դասագիրքն էր՝կապույտ կազմով/։Ու մինչ ուսուցիչս ծնողներիս հետ զրուցում էր՝ոտքի վրա/չցանկանալով առաջանալ ներս/, ես գլխահակ կանգնել էի ու ամոթահար եղած՝հայացքս չէի բարձրացնում։Ինձ համար այնքան անսովոր էր՝ուսուցչին տնային պայմաններում տեսնել։Ես այն տարիքում էի, երբ դժվարությամբ ես համակերպվում այն մտքի հետ, թե ուսուցիչները հասարակ մահկանացուներ են եւ հասարակ մահկանացուների նման են կենցաղավարում։Իսկ ամենամեծ ,,փորձությունն,, այն էր, որ ծնողներս սկսեցին նրան եռանդով ներս հրավիրել, բայց՝վերջինս համառորեն հրաժարվեց առաջանալ․թերեւս, խուսափելով հյուրընկալությունից, ու գնաց՝ինձ ազատելով անհարմար կացությունից․ես նախընտրում էի ուսուցիչներին տեսնել դպրոցական միջավայրում, քանի որ նրանք շատերիս համար սրբության նման էին։

․․․Ըստ տեղեկությունների՝Գեւորգ Ղազանչյանն ու իր կինն էլ, շատ հայրենադարձների նման, դեռ մինչեւ ԽՍՀՄ փլուզվելը հեռացան Հայաստանից․եղբոր՝Երվանդի եւ նրա ընտանիքի հետ այնտեղ, որտեղից եկել էին․Կիպրոս։Իսկ իմ հիշողության մեջ մնաց այդ փոքրիկ դիպվածը՝44 տարիների հեռվից, որպես դպրոցական հուշ՝սիրելի ուսուցչի հետ կապված, ում հետ ողջ դասարանով համատեղ լուսանկար էլ կա, որի կենտրոնում ինքն է՝գերազանցիկ երկու աշակերտուհիներով շրջապատված, որոնցից մեկն էլ ես եմ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 26 августа 2016 г.

Միջազգային տուրիզմի կենտրոն՝Ձորագէս ավանում կարելի է եւ թանգարան հիմնել՝նախկին ակումբի շենքում, եւ համակարգչային կենտրոն ստեղծել, եւ գրադարանը վերագործարկել

,,Արեւածագը որտեղ է՜ր, որ Ձորագէսը դիսկոտեկա ուներ...,,

                        2000թվի անտիպ նյութերի արխիվից

Ի տարբերություն մարզկենտրոն Վանաձորի, որտեղ առնվազն մի քանի հեռուստաալիք են դիտում,Լոռու մարզի Ձորագէս ավանում, որպես կանոն՝Հ1-ից բացի՝ուրիշ ալիք չի ,,բռնում,, մետրայինով:Ըստ այդմ,Ձորագէս ավանում մարտի 17-ին տեղյակ չէին, որ մայրաքաղաքում հեղափոխական իրավիճակ է, միտինգներ ու ցույցեր են տեղի ունենում՝կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:Տվյալ պահին, ավանի հնագույն բնակիչներից մեկին առավելապես մտահոգում էր, որ Հ1-ի ,,Հայլուրը,,Արեւածագ /Ղաչաղան/ գյուղի նախկին ակումբի ու դրա վերագործարկելու անհրաժեշտության մասին էր խոսում, հիշատակելով նաեւ, որ Արեածագում դիսկոտեկա էլ է եղել, մինդեռ՝Ձորագէսի ակումբի մասին առհասարակ երբեւէ չի խոսվում:,,Արեածագը որտեղ է՜ր, որ Ձորագէսը դիսկոտեկա ուներ,,-նկատեց իմ զրուցակիցը, հիշեցնելով, որ մինչերկրաշարժյան տարիներին ոչ միայն Ձորագէսի նախկին ֆուտբոլի դաշտում պարահրապարակ կար, այլեւ՝նախկին ակումբի շենքում էին ամառային երեկոներին պարեր կազմակերպվում՝գրամաֆոնի ու ձայնասկավառակի միջոցով:

Այս հոդվածը գրվել է 2008թ.ու մինչ օրս իմ անտիպ նյութերի արխիվներում էր, որին էլ որոշեցի նոր նկատառումներ ավելացնել


Վերոնշյալ հոդվածի առնչությամբ նշեմ, որ Հ1-ը տարիներ առաջ էլ անդրադարձավ Ձորագէսի հետ ներկայումս մեկ համայնքային ամբողջություն կազմող Թումանյան կայարանի ակումբի շենքին, ու նշվեց, որ այդտեղ նաեւ ռոք-ակումբ է գործել.այ դա շատերի համար կարող է նորույթ լինել, եւ ավելի շատ՝Թումանյան կայարանցիները կարող են տեղյակ լինել այդ մասին;Բայց փաստ է այն,որ Թումանյան կայարանից պատանի-երիտասարդները 60-70-ականներին ոտքով, թունելներն ընկած՝գալիս հասնում էին Ձորագէս՝ակումբում կինոդիտման, ինչպես նաեւ՝դիսկոտեկային / որ այն ժամանակ ,,տանցի,, էին կոչում/մասնակցելու:Հիմա Թումանյան կայարանի ակումբն էլ է փաստորեն անգործության մատնված, Ձորագէսինն էլ.ոչ կինո, ոչ գրադարան, ոչ թենիսի կորտ:Ըստ տեղեկությունների՝Ձորագէսի ակումբի շենքն ավելի քան 10 տարի է՝ պատկանում է ՊՆ-ին:Միթե հնարավոր չէ ակումբը հարմարեցնել ժամանակակից պահանջներին, համակարգչային ծառայություններ ստեղծել, ֆոտո-ծառայություն, գրադարանը վերագործարկել...Ավանում անընդհատ տուրիստների հոսք կա՝տարվա բոլոր եղանակներին, քանի որ կա միջազգային կարգի հյուրանոց,սննդի փոքր օբյեկտներ են գործում, վերջապես՝ավանը գտնվում է Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա, եւ պատահական մարդիկ էլ՝կարճատեւ կանգառ ունենալով, ցանկություն կունենան արագ հաղորդակցվել՝բարեկամ-հարազատների հետ, լուսանկարվել, չէ որ բոլորը չէ, որ իրենց մոտ կարող են ինտերնետ-կապ ունենալ կամ լուսանկարող սարք, բայց, միգուցե,կցանկանան հավերժացնել իրենց...Մինչդեռ կարելի էր այդօրինակ վճարովի ծառայության միջոցով էլ համայնքի բյուջեն համալրել...Դրա արդյունքում համայնքի կյանքը կաշխուժանար,նոր աշխատատեղեր կբացվեին, դպրոցում երեխաների թիվը կավելանար...Ակումբում կարելի էր նաեւ թանգարան ստեղծել՝Ձորագէսի պատմության թանգարան, որտեղ կտեղադրվեին ու կպահպանվեին արխիվային նյութեր, թերթեր, լուսանկարներ՝հէկ-ի պատմությանը, վաստակաշատ աշխատողներին, նախկին տնօրեններին նվիրված:Իսկ առայժմ՝հնագույն բնակիչներից ոմանք, որ ունեն հարուստ արխիվ, չգիտեն, թե ուր կամ ում հանձնեն դրանք:Մինչդեռ այս ամենը հայկական պետության պատմության մի մասն էլ է:Կենտրոնական արխիվին հանձնելու դեպքում՝ դրանք ողջ-ողջ թաղվելու են՝գզրոցներում մոռացության մատնվելով, մինչդեռ դրանք կարող էին նորաստեղծ թանգարանի համար լավագույն ցուցանմուշ լինել,ինչը ոչ միայն կխթաներ տուրիզմի զարգացմանը, այլեւ՝համայնքային բյուջեի մուտքերի ավելացմանը նույնպես, քանի որ թանգարանի մուտքը կարելի էր նաեւ վճարովի դարձնել՝մատչելի գնով.այնպես, ինչպես թանգարանների մի մասում:Հազիվ թե տուրիստները զլանային այդ նպատակով գումար հատկացնել.կամ՝դա կարելի էր ներառել նաեւ տուրիստական ուղեւորության ծախսերի մեջ՝ուղեգրի հաշվին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 11 августа 2016 г.

Լեոնիդ Զախարովի կյանքն ու գործունեությունը


Ծնվել է 1937թվի նոյեմբերի 15-ին՝Բաքվում, հայի ընտանիքում:Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝Երեվան:Ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը:Խաղացել է Երեւանի ,,ՖԻՄԱ,, ,,Լոկոմոտիվ,,  ,,Նաիրի,, թիմերում:Երկար տարիներ մարզել է Արարատի ,,Ցեմենտ,, թիմը, եղել է Արարատի  մանկապատանեկան մարզադաշտի տնօրեն:1975թվին նշանակվել է եւ երկար տարիներ աշխատել Հայաստանի սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի պետ/1985թ.մեկ տարի համատեղությամբ՝,,Արարատ,, թիմի գլխավոր մարզիչ/:,,1985թ., երբ Արարատը Երեւանում զիջեց ,,Չեռնոմորեցին,,՝ Նիկիտա Սիմոնյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Լեոնիդ Զախարովը:,,Թիմը գտնվում էր վտանգավոր գոտում, բայց մրցաշրջանն ավարտեց 13-րդ տեղում ու մնաց բարձրագույն խմբում:1 տարի համատեղությամբ Լեոնիդ Զախարովը գլխավորեց Արարատը:1986թվին նրան փոխարինեց Արկադի Անդրեասյանը,,-գրել է ,,ֆուտբոլ պլյուս,, թերթը՝1997թվին:

1986թ.Զախարովին շնորհվեց վաստակավոր մարզչի կոչում:,,1985-ին էր, որ ,,Արարատը 2-րդ անգամ նվաճեց ԽՍՀՄ գավաթը,,-գրել է ,,ֆուտբոլ թերթը,,՝1997թ., Զախարովին նվիրված մահախոսականում:,,Ցեմենտի,, նախկին խաղացողներից մրցավար Լյուդվիգ Մինասյանը 1997թ.,,ֆուտբոլ-պլյուս,, թերթում գրել է.,,Հետագայում մարզվել եմ Լեոնիդ Զախարովի մոտ, որի ղեկավարությամբ ,,Ցեմենտը,, ուժեղ մրցակից դարձավ հանրապետության 1-ին խմբերի թիմերի համար,,:

90-ականների ծանր տարիներին Զախարովն ստիպված էր ընտանիքով՝կնոջ ու որդու հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ իտալացիների հետ համատեղ ,,Արմալ,,առեւտրա-միջնորդական ընկերության ղեկավար էր:Ցավոք, հանկարծահաս ծանր հիվանդության արդյունքում նա հեռացավ կյանքից՝1997թ.օգոստոսին:

․․․Զախարովի մասին հիշողություններ կան վերջինիս ընտանիքի մտերիմ Իզաբելա Հասրաթյանի՝ ,,Ո՞վ է մեղավոր,, ինքնակենսագրական-պատմագրական գրքում՝2011թ.լույս տեսած.,,Լեոնիդ Զախարովը լավ մարդ էր եւ հոյակապ ֆուտբոլային մարզիչ:Նրա թաղման օրը Արարատ քաղաքի ,,Ցեմենտ,, ֆուտբոլային թիմից մեկը դամբանական ճառ ասաց.,,Լեոնիդ Զախարիչը մեր թիմի համար եղել է Մեսրոպ Մաշտոց:Նա մեզ սովորեցրեց ոչ միայն ֆուտբոլի այբուբենը,այլեւ մեզ կրթել է ու դաստիարակել, սովորեցրել, թե ինչպես պիտի խոսել, ինչպես հագնվել:Նա մեզ բոլորիս նաեւ գրագետ դարձրեց, բոլորիս համար հատորներով գրքեր էր բաժանորդագրվում:Նրա շնորհիվ մենք՝13 ֆուտբոլիստներս հոյակապ գրադարանների տեր դարձանք,,-հիշատակել  է հեղինակը:

,,Լեոնիդ Զախարովը մեր հիշողության մեջ կմնա որպես լավ մասնագետ, հմուտ կազմակերպիչ, բարեկիրթ, համեստ եւ ընկերասեր մի անձնավորություն,,-ամփոփել է ,,ֆուտբոլ,, թերթը՝1997թ.օգոստոսի 23-ին:

...Լեոնիդ Զախարովի՝մորաքրոջս ամուսնու հետ կապված մանկական ու երիտասարդական հիշողություններս շատ են.նա իմ անցյալի մի սուրբ մասնիկն է:60-ականներին, երբ Արարատի ,,Ցեմենտը,, եկավ Կիրովական՝մրցումների, թիմի մի քանի անդամներ՝Լեոնիդ Զախարովի հետ, հյուրըկալվեցին ու գիշերեցին Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասի /Շիրակի խճուղի/ մեր խրուշչովյան երկսենյականոց բնակարանում.մինչ այդ՝թիմի հետ, նրանց ավտոբուսով Ձորագէսից եկանք Կիրովական /ես եւ ծնողներս/, եւ ամբողջ ճանապարհին թիմի անդամներն ուրախ-զվարթ սրամտում էին :Ամառային ամիսներին`1970-80-ականներին, Լեոնիդ Զախարովն ընտանիքով մշտապես այցելում էր ու մի քանի օր հանգիստն էր անցկացնում Ձորագէսում.աներոջ՝Գարեգին Հարությունյանի տանը:Սիրում էր նաեւ ձկնորսությամբ զբաղվել գետում:Ավանի երեխաների համար ամեն այցելության ժամանակ ֆուտբոլի գնդակ էր բերում, ինքն էլ ֆուտբոլ խաղում:Ի դեպ, 1960-80-ականներին Ձորագէսի ֆուտբոլի դաշտում / որտեղ ավելի քան 15 տարի է՝միջազգային հյուրանոց է /, ոչ միայն երեխաներն էին ֆուտբոլ խաղում, այլեւ՝մեծահասակները/Ձորագէս-Թումանյան կայարան... կամ ՝որեւէ գյուղի թիմի հետ էին ձորագեսցիները մրցում/:Ցավոք, Զախարովին բախտ չվիճակվեց թոռների բերկրանք զգալ, սակայն նրա 2 թոռնուհիներն այժմ բարձր են պահում իենց պապիկի պատիվը՝հաջողություններ ցուցաբերելով ուսման մեջ.3 տարի առաջ Զախարով Լեոնիդի կինը, որդին եւ  որդու կինն՝իրենց դուստրերի հետ, Մոսկվայից կրկին վերադարձան Հայաստան, եւ վառ են պահում Զախարովի օջախի ծուխն այն բնակարանում, որտեղ նա ապրել է 1980-90-ականերին՝մինչ Մոսկվա տեղափոխվելը:Զախարովի աճյունը գտնվում է Երեվանում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 17 июня 2016 г.

Դաշնամուր էի սիրում, բայց ջութակի դասարան գնացի

Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ նշվել է Վանաձորի ՝Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի 50-ամյակը:Այդ առթիվ մանկական հիշողություններս եկան-կանգնեցին դեմս:Ավարտել եմ 1977թ.՝վերոնշյալ դպրոցի ջութակի դասարանը:Ընդունվել եմ, ցավոք, ոչ առանձնակի սիրով, քանի որ ես դաշնամուրի դասարան էի ցանկանում գնալ, բայց երբ ինձ որոշեցին երաժշտական դպրոց ուղարկել, պարզվեց, դաշնամուրի համար արդեն ուշ է, քանի որ այնտեղ ընդունելությունը 6-7 տարեկանների համար է, դրանից մեծ լինելու դեպքում՝արգելվում է.իսկ ես արդեն 9 տարեկան էի:Ու սկսեցին ինձ համոզել՝երաժշտականի ուսմասվարն ու ծնողներս, թե ջութակն ինչքան լավ ու ,,ազնվագույն,, գործիք է:Սովետական քաղաքացու բազմակողմանի դաստիարակության համար կարեւոր էր երաժշտական կրթությունը:Ու ես ճարահատյալ՝ստիպված էի ջութակի դասարան հաճախել, մխիթարվելով, որ դաշնամուրն էլ որպես զուգահեռ առարկա կանցնեմ:Դաշնամուրի դասերին / որ կարծեմ շաբաթական մեկ օր էր/ հաճույքով էի գնում.դասվարը Լարիսա Ավետյանն էր՝մի բարեհամբույր կին:Հաճույքով էի հաճախում նաեւ սոլֆեջիոյի պարապմունքներին/ ուսանել եմ Լիդա Ասլանյանի, Զոյա Ծատինյանի եւ Ժաննա անունով մի երիտասարդ կնոջ մոտ/:Իսկ երաժշտության պատմությունը Նելլի Գրիգորյանն էր դասավանդում:Երբ արդեն սկսեցի հաճախել նաեւ դպրոցի կամերային նվագախմբի պարապմունքներին, այդ ժամանակ սկսեցի սիրել ջութակը:Նվագախումբը ղեկավարում էր երջանկահիշատակ Խաչատուր Դնոյանը, ով ,,հավեսով,, էր ղեկավարում ու անգամ դիտողությունները համեմում սրամտություններով, եւ երբ զգում էր, որ նվագախումբը ,,ֆալշերով,, է գնում, ժպտալով ասում էր՝,,Վայ բոբիկնե՜ր, բոբիկներ՜...:Ամենից գերազանց ջութակ էր նվագում Շավելյան Արամոն: Իսկ նվագախմբում կային 3 թավջութակահար աղջիկներ, որոնցից Ռիտան հետագայում, յոթնամյակն ավարտելուց հետո  շարունակեց երաժշտական կրթությունը /մինչեւ վերջերս նվագում էր Վանաձորի քաղաքային կամերային նվագախմբում/:Դնոյանի խմբում նվագում էինք Կոմիտասի ,,Կաքավիկը,,...,,Հաբրբան,,:Մեկ էլ հիշում եմ, որ երաժշտական դպրոցի շենքի բնակիչ անկարգ երեխաները դպրոցի լուսամուտներին մեր պարապմունքների ժամանակ քարով հարվածում-փախչում էին:Նվագախմբում կատարումների ժամանակ ես ինձ զգում էի որպես մեծ արվեստի մի փոքր մասնիկ եւ կապվում դասական երաժշտության հետ:Ավարտական դասարանում, երբ նվագախումբը պատրաստվում էր ստուգատեսի, պարապմունքներն անց էին կացվում Կզարթմյանի անվան թիվ 1 դպրոցում, որտեղ պետք է կայանար նաեւ ստուգատեսը:Այդ լուսանկարն այժմ բավականին խունացած տեսքով է:Եթե Դնոյանի շնորհիվ ջութակի նկատմամբ սեր առաջացավ, ապա որոշ ուսուցիչներ, ընդհակառակը, իրենց ոչ մանկավարժական մեթոդներով նպաստեցին, որ աշակերտները հիասթափվեն ջութակից:Ու այդ առումով հիասթափությունս այնքան մեծ էր, որ արդեն նախավերջին դասարանում ծնողներիս խնդրում էի, որ ինձ այլեւս չուղարկեն երաժշտական.առավել եւս, որ որոշել էի հայոց լեզվի եւ գրականության ոլորտում խորանալ:Բայց՝վերջիններս համոզեցին, որ ավելի լավ է ուսուցչին փոխել մեկ ուրիշով, քան՝դպրոցը լքել նախավերջին դասարանն ավարտելով ու վկայական չստանալով:Եվ փոխեցին ուսուցչուհուն:Հետո մտածեցինք, որ մեծ աշխարհ է, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝ինստիտուտ չընդունվեցի, այն ժամանակ կարող է երաժշտական ուսումնարան ընդունվեմ /ուսումնարանի երաժշտագիտության բաժինն էլ աչքի տակ ունեի/, կամ՝միգուցե մանկապարտեզում դաշնամուր դասավանդեմ...Մի խոսքով՝բարով-խերով ավարտեցի երաժշտական յոթնամյակը՝Մայա Վահանյանի դասարանում:...Երբ որեւէ պատանի ջութակահարուհի եմ տեսնում՝մանկությունս եմ հիշում, իսկ երբ Գոռ Վարդանյանի ,,Խավարման օրը,, ֆիլմում պատանի ջութակահարին ծաղրի էին ենթարկում փողոցային ավարաներն ու ջութակը գցել էին գետնին ու կոխկրտում էին՝մեծ ցավ էի ապրում ու մտածում.մի՞թե կարելի է այդօրինակ կադրերով ֆիլմ նկարահանել:Պարտադիր չէ, որ երաժշտական գնալուց հետո անպայման երաժիշտ դառնան, կարեւորը՝մարդը գնահատի իսկական արվեստը:Ի դեպ, մանկավարժականում սովորելիս մի օր պատահաբար մոտս երգ գրելու մտահղացում ծնվեց.եւ երաժշտությունը, եվ բառերը միանգամից ծնվեցին գլխումս.նոտագրեցի,դաշնամուրի վրա կատարեցի, երգեցի, բայց...այդպես էլ չպահպանեցի արխիվներումս, ինչի համար ափսոսում եմ:

Սովետական տարիներին երաժշտական դպրոցը վճարովի էր, բայց ՝ցանկացած քաղաքացի կարող էր իր երեխային երաժշտական ուղարկելու շռայլություն թույլ տալ՝ընտանեկան բյուջեն մի քիչ սեղմելու շնորհիվ:Այդ տարիներից հիշում եմ նաեւ, որ երբ Կիրովական էին գալիս հայտնի երաժիշտներ, պարտադիր անվճար տոմս էին հատկացնում երաժշտական դպրոցների կոլեկտիվներին՝դասական երաժշտությունը խրախուսելու նպատակով:Հիշում եմ, որ Կիրովականում համերգներով հանդես եկան  ջութակահարներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Ժան տեր-Մերկերյանը / ով 2015թ.մահկանացուն է կնքել Ֆրանսիայում /, Ռուբեն Ահարոնյանը,թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը:

Հավելեմ, որ մեր երաժշտական յոթնամյա դպրոցի տնօրենն այն ժամանակ՝1970-77թթ. Ամալյա Վարդեւանյանն էր, ով հետագայում երկրից հեռացավ ընտանիքով, ուսմասվարը՝Թամարա Փերոյանը:Իսկ երաժշտականի գրադարանավարը՝Նյուրա Բայադյան-Հովսեփյաննն էր, ով օպտիմալացվեց 2000թվակաների սկզբներին՝աշխատանքային կրճատումների պատճառով, եւ ում հետ այժմ իմ հետաքրքրությունները միայն ներքաղաքական ոլորտում են:

...Կիրովականի Բաթումի փողոցն ու Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը իմ մանկության նվիրական հուշերի ամենակարեւոր ու բաղկացուցիչ մասն են կազմում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

пятница, 10 июня 2016 г.

Հպարտ եմ, որ ընդունվել եմ Խռլոպյանի օրոք,ավարտել՝Մերգելյանի օրոք

1979թ.Կիրովականի ,,Կայծ,, թերթի հունիսի 23-ի՝,,Կարեւորը կոչումն է,, հոդվածում՝,,Մտորումներ քննասենյակում,, խորագրի ներքո, լրագրող Անահիտ Հայթայանը, լուսաբանելով Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժնի ընդունելության քննությունները՝,,հայ գրականություն,, առարկայից, գրել է.,,Հստակ, վարժ պատասխաններ է տալիս նաեւ Կիրովականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գայանե Հովսեփյանը,,,:Թերթի այդ համարից մի քանի օրինակ ՝մինչ օրս ամենայն սրբությամբ պահպանում եմ իմ անձնական արխիվներում:Հեղինակը միաժամանակ նկատել է.,,Անկախ այն բանից, կընդունվեն նման դիմորդները, թե ոչ, արդարացվում է նրանց դիմումը, հայոց լեզի եւ գրականության ֆակուլտետում սովորելու ձգտումը,,:Բուհ ընդունվեցի, սակայն, ոչ թե այդ, այլ՝ցերեկային բաժնի քննությունների արդյունքներով, 2 ամիս անց, քանի որ հեռակա բաժնում մրցույթից դուրս մնացի՝միավորների պակասի պատճառով, ու ,,մեղքի,,բաժինն,, ընկնում էր ,,ՍՍՀՄ պատմություն,, առարկայի վրա:Չգիտես ինչու, լեզվագրական ընդունվողներից պահանջվում էր նաեւ ՍՍՀՄ պատմություն հանձնել / դե ,,Հայ ժողովրդի պատմությունն,, այն ժամանակ ,,երկրորդ լեզվի,, կարգավիճակում էր, ու դպրոցներում ձեւական էր ներդրված, ավելի քիչ ժամեր էին հատկացված, ու Հայաստանի քաղաքացին առաջին հերթին, փաստորեն,պետք է ՍՍՀՄ պատմություն իմանար, հետո նոր՝Հայ ժողովրդի:ՍՍՀՄ պատմությունն էլ ավելի շատ Ռուսաստանի պատմություն էր, մի քիչ էլ՝Ուկրաինայի.դե հայոց լեզվի ու գրականության մեջ խորացածլեզվագրականի դիմորդ, արի ու անգիր հիշիր, թե հարյուրամյակների ընթացքում ռուս եւ ուկրաինացի ցարերն ու զորավարներն ինչ ու ինչքան են գրավել կամ կորցրել, քանի՞ զինվոր է սպանվել տարբեր պատերազմների ժամանակ, կամ մոնղոլ-թաթարները որտեղ՝ինչ ճակատամարտ են մղել /կամ ումից՝քանի ոչխար փախցրել.../:Այդ տարիներին անգամ անեկդոտ կար, որ եթե դիմորդին դասախոսն ուզում է ,,կտրել,, կամ ցածր նշանակել, կարող է հարցնել, թե քանի՞ զոհ են տվել Մեծ Հայրենականի ժամանակ, ու հետո էլ պահանջել, որ դրանց բոլորի անուն-ազգանուններն ասեն:Ըստ այդմ՝այդ չարաբաստիկ ՍՍՀՄ պատմությունը ոնց որ կոկորդի փուշ լիներ լեզվագրական ընդունվողների համար, որ կարող էր անգամ հայերենից գերազանց իմացություն ցուցաբերողի համար ճակատագրական լինել՝ընդհանուր միավորների հաշվարկման ժամանակ:Իսկ լեզվագրականում ամենամեծ կոնկուրսն էր մշտապես:,,Չար լեզուներն,, ասում էին, թե ,,փողերի կոնկուրսր,, էլ էր լինում:Բա թե չէ կարծում եք, թե բուհական կոռուպցիան նոր է ծնվե՞լ...հայ-հա՜յ...Ու ինչ թվերից էին խոսում...2000-5000ռուբլի՝նայած դասախոսների ախորժակին:Էն մյուս ֆակուլտետներում թափուր տեղեր էլ էին լինում / օրինակ՝,,տեխդիսցիպլիններ,, բաժնում/,լեզվագրականում ,,իրար ուտում,, էին:Ու  ծանոթ-բարեկամներն ամեն անգամ, երբ կոնկուրսից դուրս էի մնում /ցերեկային-հեռակա բաժիններում պարբերաբար դիմելով/,գլուխները կարեկցանքով շարժելով ասում էին.,,Ինչքան ուզում է՝ լավ իմանա, մեկ է, մինչեւ փող չտաք՝չի ընդունվի,,:Ու սկսում էին թվարկել, թե որ ,,անարժանը,, քանիսով է ընդունվել՝,,գլուխը դատարկ,, հալով:

...1978թ., երբ կոնկուրսով դուրս մնացի ցերեկային բաժնից, ու ծնողներս բողոքարկեցին գնահատականս , որպեսզի իրենց սխալը չուղղեն՝մայրաքաղաքից գործուղված մասնագետները կամ ,,գրդոնչիները,,, առաջարկվեց որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝միջնորդել, որ բուհում աշխատանքի անցնեմ, մինչեւ հաջորդ տարի ,,կրկին փորձեմ,,:Եվ այսպես, ՀԿԿքաղկոմի գործուն միջամտությամբ՝ընդունվեցի աշխատանքի՝որպես պարտկոմի քարտուղար-մեքենագրուհի, բայց մի քանի ամիս անց հաստիքների կրճատման պատճառով տեղափոխվեցի բուհի ուսումնական մաս՝որպես դիսպետչեր, բայց՝մեքենագրուհու եւ ռեկտորի քարտուղարուհու պարտականություններով:Այդ ժամանակ ինստիտուտի նորանշանակ ռեկտորը սփյուռքահայ Գեւորգ Խռլոպյանն էր / Ծանր հիվանդության արդյունքում ռեկտորությանը հրաժեշտ տված Տելեմակ Վարդումյանից եւ մայրաքաղաք տեղափոխված,պրոռեկտոր Կառլեն Կարապետյանից հետո /:1979թ. հուլիս-օգոստոս ամիսներին կրկին դիմեցի բուհի ցերեկային բաժին:3 քննություն արդեն հանձնել էի, չորրորդը՝անգլերենն էր, ու այն ժամանակ, երբ հանձնաժողովականներն ինձ քննում էին / եւ այդ քննական հարցերից մեկի մեջ էլ մտավ մի երիտասարդ դասախոսի այն քինախնդիր հարցը...թե ինչու՞ ես իրեն չեմ բարեւում առհասարակ՝ինստիտուտում տեսնելիս /, ներս մտավ Խռլոպյանը, եւ սկսեց հետեւել քննության ընթացքին, կարծեմ մի քանի հարց էլ ինքը տվեց, բայց՝քինախնդիր դասախոսը չէր հանգստանում եւ, երբ արդեն պատրաստվում էին ինձ ,,լավ,, գնահատել, ասաց.,,Ես ուզում եմ մի հարց էլ տամ,,:Ու անգլերենով ասաց՝,,Նրան տրվեցին շատ հարցեր,,.այդ հարցն էլ հայերեն թարգմանեցի, որից հետո միայն՝ ամփոփվեց արդյունքը հանձնաժողովականների կողմից:Բացելով քննական փակ ծրարը, որի մեջ մյուս առարկաներից ստացած թվանշաններն սպասում էին իրենց ,,անգլիախոս,, ընկերակցին, ու հասկանալով, որ արդեն ,,դե ֆակտո,, ընդունված եմ, Խռլոպյանն ասաց.,,Էս լրիվ  ,,4,,-եր ես հա՞ հավաքել...Գո՞հ ես մեզնից, աղջիկ, կպրծնե՞նք քեզնից,,. ու բարի ժպիտով ավելացրեց.,,Քեզ կանաչ ճանապարհ ,աղջիկ,,.ի՞նչ իմանար, թե ուսումնառության 4 տարիներն ինչ փշոտ են լինելու եւ խորխորատներով լի, քանի որ ոմանք / մեռածների մասին կամ լավ, կամ՝ոչինչ/ չէին կարող ,,մարսել,, անփող ընդունված ուսանողուհու հայտնվելը...Ես չգիտեի, ուրախանա՞մ, որ ընդունվեցի վերջապես՝այդքան պայքարելուց հետո, թե՞ տխրեմ, որ զրկվելու եմ աշխատանքից, ու 4 տարի հետո  աշխատանք եմ փնտրելու, քանի որ ուսումնական մասում  աշխատանքում արդեն հմտացել էի, եւ հետո՝առաջ գնալու հեռանկարն ավելի շատ էր, քան՝ընդունվել-ավարտելուց հետո, մանկավարժի աշխատանքի հերթի պայմաններում:ի դեպ, այդ տարիներին հայաստանյան բուհերում, ի տարբերություն գործարանների, գրագրությունը ոչ թե ռուսերեն էր, այլ՝հայերեն.ներառյալ մինիստրության հետ նամակագրությունը.համենայն դեպս՝մանկավարժականում հայերեն էր/:Ես անգամ համոզված էի, որ այդ տարի էլ չեմ ընդունվելու, ու նախապես էլ համակերպվել էի, մտածելով, որ ավելի լավ կլինի, եթե ես միանգամից մյուս տարի հեռակա դիմեմ, բայց՝ծնողներս համոզեցին, որ ստացիոնարի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ:Եւ, ի հեճուկս ինձ, ճակատագիրը որոշեց ինձ հենց ստացիոնար ընդունել:

...Մանկավարժական դիմել էի ոչ թե նրա համար, որ մանկավարժի մասնագիտությունը սիրում էի, այլ՝որ Կիրովականում այդ ժամանակ ավելի լայն պրոֆիլի մասնագետներ պատրաստող համալսարան չկար /ինչպես հիմա, երբ 1 տարի առաջ մանկավարժականը դարձավ համալսարան/:Բուհում ուսանելու առաջին տարում զուգահեռ ընդունվեցի ՀՄՖ /հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ/՝ ժուռնալիստիկայի բաժին,որտեղ դասավանդում էին Կիրովականի ռադիոյի եւ խմբագրության լրագրողները, բայց՝մի քանի ամիս միայն հաճախեցի, տեսնելով, որ այն էական գիտելիքներ չի կարող տալ՝,,մարքսիզմ-լենինիզմի լույսի ներքո,, .եւ հետո՝պարապմունքներն ուշ երեկոյան էին , ինչն այնքան էլ ձեռնտու չէր:

...Հպարտ եմ, որ ընդունվել եմ մանկավարժական ինստիտուտ՝գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի օրոք, եւ ավարտել հայտնի գիտնական-ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի օրոք. ցավոք, նրանք երկուսն էլ հետագայում հեռացան երկրից եւ իրենց մահկանացուն կնքեցին սփյուռքում:Հպարտ եմ, որ ինձ դասավանդել են լավագույն մասնագետներ՝ակադեմիկոս Էդուարդ Աղայանը,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ՝ Մելս Սանթոյանը, Թերեզա Շահվերդյանը, բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մհեր Բեժանյանը...Ընդ որում, Սանթոյանի ,,գրականագիտություն,, առարկայից իմ ,,գերազանցը,, մտավ դիպլոմի միջուկ, իսկ կուրսային աշխատանքի ժամանակ նա ամբողջ կուրսի ներկայությամբ դրվատանքի խոսքեր ասաց՝Շիրվանզադեի ստեղծագործության մասին գրած իմ տաղաչափական վերլուծության մասին:Մինչ օրս այդ կուրսայինը խնամքով պահպանում եմ իմ անձնական արխիվներում.թեպետ՝շատերն իրենց կուրսայինները հանձնեցին ամբիոն թե դեկանատ, բայց ես չհանձնեցի իմ կուրսայինը, քանի որ խելացի մարդիկ հասկացրին, որ հետագայում ուսանողական աշխատանքներն օգտագործվում են դիսերտացիաների մեջ:

...Հպարտ եմ, որ իմ համակուրսեցիներից Ալբերտ Պողոսյանը, որ գերազանց սովորողներից էր, հիմա այդ նույն բուհում լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոն է զբաղեցնում, իսկ համակուրսեցիներիցս Նարինե Սահակյանը, որ նույնպես գերազանց սովորողներից էր՝դպրոցի տնօրեն է:Գյուղական դպրոցում տնօրեն է իմ համակուրսեցի Արամ Մարուքյանը, ով նույնպես լավ սովորողների ցանկում էր՝աշխատասեր եւ ուսումնասեր մի ուսանող...Ցավոք, գերազանց սովորողներից ոչ բոլորն են հիմա իրենց բարձր գիտելիքներին համապատասխան աշխատանք զբաղեցնում /անգամ՝ընդհակառակը/, ու նրանցից մեկն էլ իմ համակուրսեցի, օպտիմալացված մանկավարժ Անուշ Քառյանն է, որ ուսման մեջ գերազանց գիտելիքներ էր ցուցաբերում...

Ցավոք, համակուրսեցիներիցս երկուսը անժամանակ մահացան.Վահագնի գյուղից Սոս Ղազարյանը Ռուսաստանում անհետ կորավ թե դաժան սպանության ենթարկվեց...իսկ ուսման մեջ աչքի ընկնող Աշոտ Չիլինգարյանը, որ 90-ականներին Ստեփանավանի ,,Լալվար,, տուրիստական բյուրոյի տնօրենն էր, մի քանի տարի առաջ Ռուսաստանում հանկարծամահ եղավ...Աստված նրանց հոգիները լուսավորի...

30-ամյա տարիների հեռվից ,,դառնամ զօղորմին տամ,, պատմության դասախոսներ՝Պավլուշ Հարությունյանին, Հակոբ Անդրեասյանին, Սամսոն Ավագյանին, ովքեր եղել են անաչառ, անկողմնակալ, անկաշառ եւ գիտելիքը գնահատող, այլ ոչ թե ուսանողին որպես եկամտի աղբյուր դիտարկող:

---------------------------------------------------------------------------

ՀԻՇԱՐԺԱՆ ԴԵՊՔԵՐ՝ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ

Համակուրսեցիներիցս մեկը, ով աչքի չէր ընկնում փայլուն գիտելիքներով, մի օր ասաց՝,,Երեխեք, մարդ ա 3 մանեթ ենք հավաքում, որ ռուսերենի զաչոտը հանձնենք,,:Այդ առթիվ եւ զայրացա, եւ զարմացա, եւ հիասթափվեցի, քանի որ խնամքով պատրաստվել էի ստուգարքին:Որքան հիշում եմ, այդ ,,ակցիան,, գլուխ չեկավ, քանի որ ստուգարքին պատրաստվածները այնքան էլ կողմ չէին գումար հավաքելուն:Հետո պարզվեց, որ ոչ թե դասախոսն է գումար պահանջել, այլ՝,,նախաձեռնող խումբն,, է ինքագործունեությամբ ցանկացել զբաղվել. իրենց շահերից ելնելո՞վ, թե՞ դասախոսին արջի ծառայություն մատուցելու նպատակով:

----------------------------------------------------------------------------------------------

,,Արտասահմանյան գրականություն,, առարկայից քննություն էի հանձնում.դասախոսը՝տարեց մի կին՝70-ին մոտ, շատ բարեկիրթ մի անձնավորություն, որ Երեւանից էր գալիս դասավանդելու, չէր կողմնորոշվում՝,,4,, նշանակե՞ր, թե՞ ,,5,,:Մի վերջին հարց տվեց՝վերջնականապես կողմնորոշվելու նպատակով, որին դրական պատասխանեցի, որից հետո հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գնահատականը որոշիչ է լինելու ուսանողական թոշակի հարցում, ասացի, որ այո, դրանից է կախված՝ ,,գերազանցիկի թոշակ,, կստանա՞մ, թե՞՝ հարվածայինի.նա մի փոքր մտածելուց հետո ,,4,, նշանակեց,բայց՝միաժամանակ նկատեց.,,Բայց կարելի էր ,,5,, էլ նշանակել,,: Ու ես ,,գերազանցիկի,, 50 ռուբլիանոց թոշակից / որ ստանում էի մեկ կիսամյակ / գրչի մի հարվածով հայտնվեցի հարվածայինի 40  ռուբլիանոցների ցուցակում:Բայց հիասթափությունս ոչ այնքան ուսանողական թոշակի պակասեցումն էր, որքան՝դասախոսի վերաբերմունքը.եթե՝,,կարելի էր  ,,5,, էլ նշանակել,,  էլ ինչու՞ էր ,,4,, նշանակում.առավել եւս՝ճշտելուց հետո, որ գնահատականը որոշիչ է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 8 июня 2016 г.

AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...

AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...: Կհամագործակցեմ այն կուսակցության, կազմակերպության կամ հիմնադրամի հետ, ով կաջակցի համացանցային ազատ գործունեությունս՝առանց գրաքննական պայմա...

воскресенье, 15 мая 2016 г.

Շուն էլ կա, շուն էլ

Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ:Փողոցում մի երիտասարդ աղջիկ՝17-18 տարեկանին մոտ, 5-6 մետր հեռավորությունից քար էր նետում մի շան վրա, որ հանգիստ կանգնած էր իր համար ու չէր էլ հաչում, անգամ՝չէր գռմռում:Մեկ էլ տեսնեմ՝հերթական գործողությունից ու շան անտարբերությունից զարմացած թե զվարճացած աղջիկն սկսեց ծիծաղել.բայց դա ավելի շատ հուսահատության ծիծաղ էր:Ու այդպես էլ չէի հասկանում նրա գործողությունների իմաստն ու տրամաբանությունը, մեկ էլ մոտեցավ ինձ ու թե՝,,Կներեք էլի, դուք էս կողմով ե՞ք անցնելու, ես ձեր հետ անցնեմ ,շանից վախենում եմ,,:Ասի՝,,հանգիստ անցի,էս շունը կծող չի,,:Անցավ իմ ձախ կողքը՝շան կողքով անցնելու ,,մենաշնորհն,, ինձ թողնելով ու կողքից էլ գաղտնի նայում էր շան ուղղությամբ ու հետո զարմացած ասեց՝,,Հլա տես, բանի տեղ էլ չի դնում, ես էլ վախենում էի,,:Ու հիշեցի հեռուստատեսային մի ռեպորտաժ, երբ մասնագետը սովորեցնում էր, թե ինչպես զգուշանալ շանից.չզայրացնել, չանհանգստացնել, աչքերի մեջ չնայել:Ինչ խոսք, սա չի վերաբերվում կատաղած շներին:Բայց երբ շունն իր համար հանգիստ կանգնած է, ու դու քարով խփում ես նրան հեռվից՝դրա իմաստը ո՞րն է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 13 мая 2016 г.

AZAT ANKAKH: Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները

AZAT ANKAKH: Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները: Անձնական «դարդուցավի» արխիվից   1995թ. հայտնվեցի լրագրողական դաշտում: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Նախ հեռվից սկսելով ասեմ, որ...

понедельник, 14 марта 2016 г.

Մայրս

Մայրս՝1933թ.Ձորագէս ավանում ծնված Սեւիլ /Վարսենիկ/ Հարությունյանը, որ նոր հիմնադրված ՀԷԿ-ի առաջին նորածիններից է եղել.թերեւս առաջին, քանի որ վերջինս ծնվել է ՀԷԿ-ի հիմնադիրներից՝Գարեգին Հարությունյանի եւ Արաքսյա Կոստանդյանի ընտանիքում, եղել է նրանց առաջնեկը:Միջնակարգն ավարտել է Վահագնի գյուղում / քանի որ Ձորագէսում միջնակարգ չի եղել այդ ժամանակ /, այնուհետ՝1951թ․ընդունվել եւ 1956թ․ ավարտել է Երեւանի պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝,,ժողտնտեսության պլանավորում,, մասնագիտությամբ:1956-57թթ․,աշխատել է Ձորագէսի փռում՝հաշվետար/զուգահեռ՝համատեղությամբ 2 ամիս աշխատել է Ձորագէսի միջնակարգ դպրոցում՝մաթեմատիկայի ուսուցչուհի/1958-1959թ/,Ձորագէսի ՀԷԿ-ի վարչությունում՝գործավար,այնուհետ՝1962-65թթ․՝հաշվետար։1965-1966թթ․աշխատել է Կիրովականի  քիմիական   մանրաթելերի գործարանի պլանային բաժնում՝ավագ ինժեներ,սակայն, ժամանակավոր ընդունված լինելու պատճառով ազատվել է աշխատանքից եւ 1966-67թթ․Ավտոգենմաշ գործարանի գլխավոր մեխանիկի բաժնում եղել է ինժեներ-տեխնոլոգ։1966թ, կրկին աշխատանքի է անցել Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում՝ոլորման արտադրամասի ինժեներ-տնտեսագետ, տեխ-ինֆորմացիայի բաժնի ինժեներ, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1990թ․կենսաթոշակի անցնելը/երկրաշարժի հետեվանքով աշխատանքային կրճատումների պատճառով՝ժամանակից շուտ զրկվելով աշխատանքից/։

․․․Երիտասարդության տարիներին ակտիվ հասարակական կյանքով է ապրել՝լինելով կոմերիտուհի, շրջանային սովետի դեպուտատ։Մասնավորապես՝1959թվի նոյեմբերին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի քարտուղար, իսկ 1958-1960թթ հասարակական կարգով աշխատել է Ձորագէսի սկզբնական կոմերիտական կազմակերպության քարտուղար։1959թ․մարտի 15-ին ընտրվել է Կիրովականի շրջանի Քոլագերանի ավանային սովետի դեպուտատ:

Մահկանացուն է կնքել 2009թվի հոկտեմբերի 2-ին։

․․․Չնայած մասնագիտությամբ տնտեսագետ էր, սակայն վերջինս ավելի շատ հակված էր դեպի հումանիտար գիտություններ, հիանալի ասմունքող է եղել/հին ձորագէսցիներից մեկը հիշում է նրա ասմունքած բանաստեղծությունը՝Գեղամ Սարյանից,1950-ականների վերջերին, Ձորագէսի թունելի բացման ժամանակ/, սիրել է ընթերցանությամբ զբաղվել, համալսարանում ուսանելիս երգել է համալսարանի երգչախմբում, հետաքրքրվել է հայոց պատմությամբ, միջազգային քաղաքականությամբ, եւ, որ ամենակարեւորն է, եղել է ընտանիքին ջերմորեն նվիրված կին, լավ մայր եւ ամուսնու՝Թումանյան կայարանցի Ժորա/Գեորգի/Հովսեփյանի կողքին է եղել՝նրա կյանքի ամենաբարդ իրավիճակներում.այնպես, ինչպես ,,դեկաբրիստ,, կանայք:Երբ հորս աշխատանքի վերականգնման գործերն էին պարբերաբար քննության առնվում, հանդիմանում էի, թե ինչու՞ է ինքն էլ գնում դատարան /քանի դեռ առողջականը թույլ էր տալիս/, վրդովվում էր ու ասում՝,,Ուրեմն թողնեմ մենակ գնա՞, բա որ գլխին մի բան սարքեն,,:

ներկայացված լուսանկարում մայրս մոտավորապես 35 տարեկան է, քանի որ առնվազն 1968թվի նկար է

                         Կորած գանձ

Պատահում է, որ հանկարծ 

Մորս եմ հիշում,

Ու զարմանում եմ, որ նա  

Եղել է կյանքում,

Զարմանում եմ, որ նման 

Գանձ եմ ունեցել, 

Ու որ մի օր կորցնեմ՝

Չեմ էլ մտածել:

Այս եւ մորս նվիրված այլ բանաստեղծություններ՝սույն բլոգի՝

lragrakan.blogspot.com ,,Ես եւ իմ պոեզիան,, էջում՝բացված 2014թ.դեկտեմբերին

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 5 марта 2016 г.

Պոետական մտորումներ.լրացավ բանաստեղծություններիս էջի մեկ տարին

Բա մարդ է՞լ իր սեփական բանաստեղծությունների տպագիր օրինակը չունենա.երեկ վերջապես բանաստեղծություններիս տպագիր տարբերակը բլոգից հանեցի.22 տպագիր էջ, 60 բանաստեղծություն, որից 22-ը՝ներքաղաքական թեմաներով, մնացածը՝խոհափիլիսոփայական, ներանձնական, երգիծական, հուշապատում,4-ը՝պարոդիաներ են: Այսօրվանից ինձնից անկախ ու առանձնապես չմտադրված՝անցա երկրորդ փուլին /դե մուսան որ այցելում է՝առանց զգուշացման է այցելում /:Երկրորդ փուլն էլ կշարունակվի սույն բլոգի՝,,Ես եւ իմ պոեզիան,, էջում, որ բացել եմ 2014թ.դեկտեմբերին ու այն շարունակական է:Երկրորդ փուլում կներառվեն ոչ միայն նոր գրվածները, այլեւ՝նրանք, որոնք մինչ այդ իմ ստեղծագործական արխիվներում են եղել՝սեւագիր վիճակում եւ նոր եմ լրամշակել:Բանաստեղծություններն ընթերցողին մոտեցնելու եւ առանձին գնահատականներ ու մեկնաբանություններ ստանալու նպատակով երբեմն այն տեղադրում եմ առանձին նաեւ ֆեյսբուքում, կամ՝առաջ ֆեյսբուքում եմ տեղադրում, հետո՝բլոգում:Ունեմ նաեւ բանաստեղծություններ, որոնք պարզապես նվիրել եմ առաձին ՝գրավոր տեսքով կամ՝էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքային հողորդագրությամբ  ուղարկել եմ հարազատներիս՝ծննդյան օրերի առթիվ.դրանք առայժմ չկան սույն բլոգում:Բանաստեղծություններ կառուցելիս ինձ համար կարեւորը ոչ միայն ասելիքն է ու մտքի հստակ շարադրանքը, գեղարվեստական պատկերավորման միջոցները, այլեւ՝տաղաչափական նորմերի պահպանումը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 4 марта 2016 г.

,,Ազգի,, 25-ամյակի առթիվ

Վերջերս լրացավ ,,Ազգ,, թերթի 25-ամյակը, ու ես որոշեցի այդ առթիվ մի քանի հուշեր ներկայացնեմ՝ֆեյսբուքային ,,քոմենթներից,, բացի:2002թվին ,,Առավոտ,, թերթում լուսաբանել էի Վանաձորի կոմկուսում կազմակերպված մամուլիս ասուլիսը, որտեղ այն ժամանակվա ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ,քաղկոմի երկրորդ քարտուղար Արամ Խաչատրյանը դժգոհել էր, թե ,,Գնացեք ռամկավարների գրասենյակ, տեսեք, ի՞նչ եվրառեմոնտ են արել...չեխական ունիտազով-բանով...,,/,,Առավոտ,, 5.09.2002թ./:Հաջորդ  թե մյուս օրը, ի պատասխան ասուլիսում հնչեցրած ,,մեղադրանքի,,՝  ,,Ազգ,, թերթում, որ այն ժամանակ ռամկավարներինն էր, հանդես եկավ ռամկավարների ատենապետը, գրելով, թե ,,Վանաձորի հնացված կոմունիստներն աչքները գցել են մեր կլոզետներին,, ու, բացատրելով, թե ինչ է նշանակում ֆրանսերեն ,,կլոզետ,, բառը, պատրաստակամություն հայտնեց դրանք նվիրել կոմունիստներին...լվացվելու համար:Այդ նյութն այն ժամանակ ահագին զվարճացրեց:2003թ. ,,Ազգը,, մի երգիծական խորագիր ուներ՝այլաբանական վերնագրով ՝,,ԴԱԺՈ-ի ընտրություները դարուփոսում,,.այն ընթերցվում էր մեծ հետաքրքրությամբ /խորագիրը վարում էր Սերգեյ Գալոյանը/:Այդ խորագրի նյութերից մեկն արտատպվեց ռուսաստանյան հայերի միության ,,Գործարար,, ամսագրում, որի մի օրինակն էլ իմ անձնական արխիվներում է:2010թվին, երբ թերթերից մեկում իմ լրագրողական ու հեղինակային իրավունքների խախտում տեղի ունեցավ, այդ առթիվ ուղարկած բողոքս հայաստանյան ,,անկախ,, ու ,,ընդդիմադիր,, թերթերը չտպեցին /մեկն սկզբում պատրաստակամություն հայտնեց տպել, հետո՝,,փոշմանեց,, մյուսն էլ մի փոքր ձգձգելուց հետո խոստովանեց, որ չեն ուզում ,,գործընկերական,, հարաբերություններ փչացնել, թեպետ՝խոստովանեցին, որ բողոքս տեղին է , եւ իրենք էլ ,,շատ լավ գիտեն էդ ամեն ինչի մասին,, որի մասին քչերն են հրապարակավ արտահայտվում, երրոդն էլ ասաց, որ ,,վաղվանից,, արձակուրդ են մեկնում /, եւ միայն ,,Ազգը,, ոչ միայն տպագրեց բողոքս /,,Ազգ,, 29 հուլիսի 2010թ. ,,Ո՞վ պետք է պաշտպանի լրագրողների իրավունքները,,/, այլեւ՝հանդես եկավ պաշտպանական մեկնաբանությամբ / այդ առթիվ նյութերը՝հուլիսի 30-ին եւ 31-ին լույս տեսան /:

90-ականներին ,,Ազգում,, / որ այդ տարիներին էլ իշխանամետ էր համարվում /լուսաբանվում էր ,,Դրոյի,,հայտնի դատական գործը, եւ այդ հրապարակումներն ընթերցվում էին մեծ հետաքրքրությամբ:Իսկ իմ անձնական արխիվներում պահպանում եմ ,,Ազգի,, թղթակից Մարիետա Խաչատրյանի հրապարակումը՝2005 թվինՎանաձորի քաղաքապետի ընտրությունների առթիվ՝զվարճալի ու ցավալի դրվագներով: ,,Ազգն,, այն եզակի թերթերից է, որի ինտերնետային արխիվը պահպանվում է՝15 տարվա կտրվածքով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 19 февраля 2016 г.

Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները

                / 10 տարվա վաղեմության արխիվից / 

Այս տարվա հուլիսին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը,տեղական հեռուստատեսությամբ խոսելով նորաբաց ժուռնալիստիկայի բաժնի մասին, հայտարարեց, որ առարկան դասավանդելու նպատակով աշխատանքի են հրավիրում ,,գրագետ լրագրողների,,:Ըստ այդմ,մի քանի օր անց ներկայացա ռեկտորին եւ հայտնեցի, որ եկել եմ հայտարարության համաձայն:Վերջինս, նախ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտածի վկայական:Ես, իմ հերթին,նկատեցի, որ հեռուստատեսությամբ արված աշխատանքային հրավերի մեջ նշվել է, որ պահանջվում են ,,գրագետ լրագրողներ,, որն ավելի լայն հասկացություն է, եւ ոչ թե՝ լրագրողական ֆակուլտետ ավարտած մասնագետներ:Նաեւ, ի նշան լրագրողական համերաշխության, պարզաբանեցի, որ Հայաստանում առաջատար թերթերի խմբագիրների եւ լրագրողների գերակշիռ կազմը, չնայած նեղ մասնագիտական կրթություն չունեն, սակայն նրանց ոչ ոք չի կարող զրկել պրոֆեսիոնալ կոչվելու իրավունքից:Ինստիտուտի ռեկտոր,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ ես իմ փաստաթղթերը /դիմում՝գրված 11.07.06թ. եւ աշխատանքային ինքնակենսագրություն, որոնց նա ծանոթացավ /, պետք է նախ ներկայացնեմ գրասենյակ, որից հետո զրույցի կներկայանամ գրականության ամբիոնի վարիչի մոտ:Մի քանի օր անց, սակայն, ինձ հրավիրեցին հայոց լեզվի ամբիոն, որի վարիչին ռեկտորը մակագրել էր.,,Ձեր կարծիքը,,:Լեզվի ամբիոնի վարիչը՝հարգարժան դոկտոր-պրոֆեսորը, ով ինձ դասավանդել է այդ բուհում, դիմումիս վրա մակագրել էր՝,,Չեմ առարկում,,:Իսկ ջերմ զրույցից հետո ինձ ,,գործուղեց,, գրականության ամիբիոնի վարիչի մոտ:Մինչ այդ, սակայն, կադրերի բաժնում պարզվեց, որ պետք է նախ հանդիպեմ ուսումնական գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանին:Վերջինս,գրականության ամբիոնի վարիչի հետ, ի պատասխան ռեկտորի՝,,Ձեր կարծիքը,, մակագրության, իր հերթին մակագրել էր, որ կարծիք կարող է հայտնել միայն ինքնակենսագրության մեջ մատնանշված փաստաթղթերի ծանոթացումից հետո:Սակայն դրա փոխարեն, նա ռեկտորատի միջանցքում, ,,ոտքի վրա,, շտապ-շտապ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ,,ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ,,:Ս.Թումանյանին եվս ստիպված էի հիշեցնել, որ ռեկտորի կողմից հեռուստատեսությամբ արված հայտարարության մեջ հրավիրվել են ,,գրագետ լրագրողներ,, եւ իմ հերթին հետաքրքրվեցի, թե արդյո՞ք նրա եւ ռեկտորի կարծիքներն այդ հարցում տարբեր են միմյանցից:Ի պատասխան, նա խույս տվեց եւ հայտնեց, որ ինքը ,,վաղվանից,, արձակուրդ է մեկնում:Միջանկյալ նշեմ, որ Ս.Թումանյանն, ինչպես եւ սպասվում էր, ինձ հանդիպելու ուրախությունից չէր փայլում, քանի որ նախկին ռեկտոր Եդոյանի / որի դեմ ընթացող դատական նիստը լուսաբանելու պատիվ եմ ունեցել 2003թվին / ինձ սպառնալու պատիվ է ունեցել /,,Քաղաքացիական նախաձեռնություն,, հունիսի 27, 2003թ. /:Քանի որ այդ պայմաններում անիմաստ էր Ս.Թումանյանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելը, ստիպված էի դրանք գրասենյակի միջոցով ուղարկել ռեկտորին՝2-րդ դիմումով.19.07.06թ.:Այդ փաստաթղթերի մեջ մտնում էին նույն բուհի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմի պատճեն եւ տեղեկանքներ /որոնց թվում՝քաղվածք՝աշխատանքային գրքույկից    լրագրողական գործունեության վերաբերյալ,բնութագիր՝մանկավարժական-լրագրողական գործունեության վերաբերյալ՝Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցի տնօրինության կողմից։     2-րդ դիմուի մեջ նշել էի, որ ուսումնական գծով պրոռեկտորը հրաժարվել է իմ փաստաթղթերին ծանոթանալուց:Եվ, քանի որ հիշեցրել էի հեռուստատեսային չարաբաստիկ հայտարարության մասին՝,,գրագետ լրագրողներ,, հրավիրելու վերաբերյալ, ռեկտորին դա ակնհայտորեն դուր չեկավ.,,2-րդ դիմումի մեջ կարծես մեղադրանք կա,,-դժգոհեց վերջինս՝2-րդ ընդունելության ժամանակ եւ տեղեկացրեց, որ դիմումը կրկին մակագրել է Ս.Թումանյանին:Ռեկտորի նոր մակագրությունից հետո Ս.Թումանյանն ի՞նչ մակագրի, որ լավ լինի.,,Կարծիք կարող եմ հայտնել միայն Մ.Սանթոյանից հետո,,:Եվ սա՝այն դեպքում, երբ գրականության ամբիոնի վարիչ Մ.Սանթոյանը հայտնել էր, որ կարող է կարծիք հայտնել միայն Ս.Թումանյանի՝փաստաթղթերին ծանոթանալուց հետո:Ի վերջո, սկսվեց, փաստաթղթերի ծանթացման ,,ծանրումեծ,, շրջանը.այն համընկավ ինստիտուտի արձակուրդային շրջանի հետ:Ս.Թումանյանին իմ փաստաթղթերին ավելի ,,լրջորեն,, ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դիմումիս հետքերով գնացի ինստիտուտ՝աշխատակազմի արձակուրդի ավարտից մեկ շաբաթ անց՝օգոստոսի 28-ին, իսկ գրասենյակում պարզվեց, որ նա դեռ պետք է ինչ-որ առաջարկություն գրի, որը պատրաստ կլինի 2 օր անց:Մեկ օր էլ ավել էլ զիջեցի, եւ արդեն իմ լրագրողական հետաքննությունն ավարտելու նպատակով միայն ուղեւորվեցի ինստիտուտ՝օգոստոսի 31-ին:Այդտեղ ինձ սպասվում էր բաղձալի դարձած...մերժումը.վերջապես ես իրենցից պրծա, իրենք՝ինձնից.2-րդ դիմումս՝մակագրություններով ,,քարտեզ,, դարձած՝անհամբեր ինձ էր ,,սպասում,, գրասենյակում.ռեկտորը մակագրել էր.,,տեղեկացնել դիմումատուին,, որ 2006-2007թթ.ուս.տարվա ժամեր չկան ,,լրագրություն,, առարկայի համար:Հարց է ծագում.եթե ,,ժամեր չկան,,  այդ դեպքում ինչու՞ էր աշխատանքի հրավեր արվում եւ համապատասխան փաստաթղթեր պահանջվում:Հազիվ թե այն սոցիոլոգիական հետազոտության թաքնված նպատակ ունենար:Իսկ միգուցե ,,լրագրություն,, առարկայի դասավանդումն ընկած է մինչեւ 2015թ.,,աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մե՞ջ:Եզրակացությունը սա է.աշխատանքի հրավիրելիս չեն մտածել, որ հանկարծ կարող է տեղական իշխանություններին ընդդիմադիր լրագրողը համարձակություն ունենալ՝դիմում ներկայացնելու:Իսկ այն, որ ես ընդդիմադիր եմ դիտվում ոչ միայն տեղական իշխանություների, այլեւ՝ռեկտորի համար, վկայեց այն, որ զրույցի ընթացքում վերջինս նկատեց, որ ես ավելի հաճախ ,,վատ բաներ,, եմ գրում:,,Հնարավոր չէ՞լավ բաներ գրել,,-լրջորեն հետքրքրվեց ռեկտորը:Ըստ այդմ, չի բացառվում, որ դիմումը մերժելու մի պատճառ է հանդիսացել փաստաթղթերի ծանոթացման շրջանում լույս տեսած իմ հերթական քննադատական հոդվածը՝տեղական իշխանությունների դեմ.ՏԻՄ համակարգում աշխատավարձերի յուրացման մասին /,,Փակագիծ,, 25.07.2006թ. ,,Կոռուպցիան գործողության մեջ,,/, նաեւ՝մի քանի այլ քննադատական հոդվածներ:Ինչ խոսք, որոշակի կասկածներ ունեի, որ վերջին 8 տարիներին Վանաձորի իշխանությունների ապօրինություններին պարբերաբար անդրադարձող եւ նրանց կողմից հալածվող լրագրողը հազիվ թե կարողանա իր գիտելիքներն ու փորձը սկսնակներին փոխանցելու հնարավորություն ունենալ այն բուհում, որի կառավարման խորհրդի նախագահը Վանաձորի քաղաքապետի հովանավոր մարզպետն է, սակայն որոշեցի հընթացս լրագրողական հետաքննություն անցկացնել, պարզելու, թե արդյոք՞ ապրում ենք իրավական պետության մեջ, ուր բոլոր քաղաքացիներն իբր թե ունեն աշխատանքային հավասար իրավունքներ:Եթե այս կարգի ընդունելության են արժանանում ,,հրավիրվածները,, ապա ի՞նչ կլինի մրցույթով աշխատանքի ընդունվել ցանկացողների վիճակը պետական համակարգում, եթե ,, թիկունք,, չունեն կամ մարզպետի ու քաղաքապետի ,,թիմից,, չեն:Իսկ այն, որ քաղաքապետի ձայնն այս բուհում վճռորոշ է, վկայում է ինստիտուտի առաջին հարկում փակցված նրա լուսանկարը՝բուհական կառավարման խորհրդի նիստում փառահեղ բազմած:Ստույգ տեղեկություններով, ,,ժամեր չլինելու,, պատճառաբանությամբ մերժվել է նաեւ մեկ այլ լրագրողի դիմում՝տեղական հեռուստատեսության ոլորտից, որի եւ քաղաքապետի միջեւ վերջերս ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,5.09.2006թ., ,,Փակագիծ,, 

Հ․Գ․Ավելացնեմ, որ ,,Փակագիծ,, թերթից արտատպած սույն հոդվածը թերթում տպագրվել էր՝վերնագրի փոփոխությամբ,չգիտես ինչու, խմբագիրը որոշել էր, որ ավելի լավ կլինի, եթե հոդվածի վերնագիրը լինի, ոչ թե՝,,Ինչպես են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները,,/ինչպես գրել էի/, այլ՝,,Ինչպես են աշխատանքի ընդունվում ընդդիմադիրները,, վերնագրով

вторник, 16 февраля 2016 г.

,Թող մի դիմում էլ նա գրի,,

Վանաձորցի նախկին մտավորականներից մեկը,ով հիմա թոշակառու է, եւ ում հետ նախկին գործընկերներ էինք՝նույն բուհում, վերջերս հերթական անգամ հետաքրքրվեց, թե ինչու՞ բուհում գրադարանի մատենագետի աշխատանքից ազատվեցի ՝,,սեփական դիմումի համաձայն,, ես էլ ստիպված հերթական անգամ հիշեցրի, որ գրադարանի վարիչը մի օր դիտողություն արեց, թե ,,գրադարանը հոդված գրելու տեղ չէ,, / այն բանից հետո, երբ քաղաքային իշխանություներին ոչ հաճելի հրապարակումներ էին հայտնվում /, զրուցակցուհիս էլ թե՝,,բա դու էլ մի երկու լավ բան գրեիր ինստիտուտի մասին...,,: Բա գրում էի, մամուլում լուսաբանում էի ինստիտուտի անցուդարձը, մշակութային միջոցառումները, բայց երբ 1997թ. ՀՀ պաշտոնաթերթում մի հոդված գրեցի գիտա-մշակութային թեմայով միջոցառման մասին, ու ամբիոնի վարիչներից մեկն այդ առթիվ գոհունակություն հայտնեց, նախկին ռեկտորը կանչեց աշխատասենյակ ու հետաքրքրվեց, թե ,,դուք որքա՞ն հոնորար  եք ստանում այս հոդվածների համար,,:Երեւի ուզում էր հոնորարներից ,,փայ մտներ,,:Ի դեպ, երբ տարիներ անց՝2006թ. ռեկտորն աշխատանքից ազատեց նաեւ գրադարանի վարիչին՝թոշակի տարիքի կապակցությամբ, մի հոդված էլ այդ առթիվ գրեցի՝,,Թող մի դիմում էլ նա գրի,, վերնագրով:Հիշեցնեմ, որ գրադարանի վարիչին իմ դեմ հրահրում էր նախկին ռեկտորը, որին էլ հրահրում էր նախկին քաղաքապետը, իսկ ռեկտորը համայնքի ավագանու անդամ էր:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

понедельник, 15 февраля 2016 г.

Սեւ կատվի մորմոքը

Սեւ կատուն, որ բակի մնացած կատուների ահուսարսափն էր, եւ միայն շենքերի մի քանի բնակիչների էր ,,պրիզնատ,, գալիս ու նրանց ոտքերի առաջ հայտնվելիս՝խոնարհ ճանապարհ տալիս, այդ օրը միալար ու աղիողորմ մլավում էր  մի շենքի շքամուտքի առաջ.միգուցե՝նրա համար էր աղեկտուր մլավում, որ 2 օր առաջ այդ շենքում մարդ էր մահացել, թե՝որ ձմեռ էր ու նրա ,,խաղընկեր,, ու միայնակության ,,քավության նոխազ,, սպիտակագորշ կատուները չկային, որ հալածեր ու խաղար հետները...Իսկ միգուցե մահացածի հոգի՞ն էր, որ դեռ պտտվում էր երկրի վրա...
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 6 февраля 2016 г.

Ձորագէսյան հիշողություններ


ԵՎ ՔԱՐՈՒՔԱՆԴ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑ՝ԱՌԱՆՑ ԼՈՒՅՍԵՐԻ

Օրերս առիթ ունեցանք օգտվելու Այրում-Գյումրի էլեկտրագնացքի ծառայությունից:Ձորագետավանում /նախկինում՝ Ձորագէս /գտնվող կառամատույցն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան՝մի քանի տարի առաջ:Իսկ շատ-շատ տարիներ առաջ կառամատույցը հոյակապ վիճակում էր:Պատկերացրեք այն ուղեւորների վիճակը,որոնք երեկոյան ժամը 19-ին, երբ Այրումից գնացքը ժամանում է, ստիպված են քանդված, ծածկը թափված, ասֆալտահան եղած ու կես մետր իջած կառամատույցից բարձրանալ գնացք / ի դեպ, դրա որոշ հատվածներում միայն մետաղե ճաղաշարերն են մնացել /:Այս պարագայում մի ուղեւորին երկու ուղեկցող է պետք. մի հրող-ներս գցող՝դրսից,մի ներս քաշող էլ՝ներսից:Նշենք, որ երեկոյան ժամերին էլ նույնիսկ լուսինն ի վիճակի չէ լուսավորել անլույս կառամատույցը:Առավել ողբերգական է առավոտյան Գյումրիից Այրում գնացող գնացքից Ձորագէսում իջնողների վիճակը.մեկ էլ տեսար՝գնացքի որոշ վագոններ հայտնվեցին կառամատույցի վտանգավոր, քարուքանդ եղած հատվածներում կամ էլ կառամատույցներից հեռու՝,,մի յաբանի տեղ,,.դե հիմա ,,մարդ ես՝թռի ներքեւ,,.ոչ բժիշկ կա, ոչ՝շտապօգնություն:Ի դեպ, տագնապալի է նաեւ Ձորագես մտնող կամրջի վիճակը:Նշենք, որ ամիսներ առաջ Ձորագետավան այցելած ՀՀ նախագահն այս կամրջով չի անցել, այլ՝մյուս,համեմատաբար բարվոք վիճակում գտնվող կամրջով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,Առավոտ,,  10 դեկտեմբերի,2002թիվ

--------------------------------------------------------------------------------

ՁՈՐԱԳԷՍԸ՝ՆՈՐԱՑՎԱԾ ԵՎ ՄՈՌԱՑՎԱԾ

Լոռու մարզի Ձորագէս ավանը, որ հիմնադրվել է 1929թ., նախկինում հայտնի էր որպես ՀԷԿ,սակայն վերջին տարիներին այդ անունն առավելապես շաղկապվում է Թուֆենկյան ընկերության հետ, որն այդտեղ մի քանի տարի առաջ բարձրակարգ հյուրանոց կառուցեց:Բնակիչների պատմելով՝ընկերությունը նույն տեղում նաեւ երկու կամուրջ է նորոգել:Այդուհանդերձ,ավանում դեռ լուրջ խնդիրներ կան.ներհամայնքային ճանապարհներն անհիշելի ժամանակներից չեն նորոգվել,մինչդեռ ամեն տարի Հայաստան մեծ գումարներ են մտնում՝,,գյուղական ճանապարհների նորոգման,,նպատակով:Ձորագետ վերանվանված Ձորագէսը, որ գյուղի կարգավիճակ է ստացել անկախության տարիներին, այսօր միջազգային տուրիզմի կենտրոն է համարվում.Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այստեղ մեկօրյա կանգառ են անում, հետո ուղեվորվում Հաղպատ, Սանահին, մինչդեռ այս տարածքով անցնող Ալավերդու ավտոճանապարհը քարուքանդ վիճակում է, ճանապարհի եզրաքարերը՝թափված:15 տարուց ավելի է՝քանդուքարափ է նաեւ երկաթուղային կառամատույցը՝դեպի այն տանող քարե աստիճաներով, որոնք մացառներով են պատված:Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք մի ծրագիր էր պտտվում Հայաստանում՝կառամատույցների նորոգման,բայց Ձորագէսի կառամատույցն այդպես էլ չնորոգվեց,ինչը լուրջ վտանգ է հատկապես ձմռան ամիսներին, երբ փուլ եկած քարե աստիճանները սահադաշտի են վերածվում:Բուժկետը վաղուց վերացել է, դրա, ինչպես նաեւ Վանաձորից բուժօգնության ուշացման պատճառով, ցավոք, անժամանակ մահացություների դեպքեր են լինում:Ընդհանուր բուժզննման բարեգործական ակցիաները մշտապես շրջանցել են այս ավանը:ՀԷԿ-ում աշխատատեղերը պակասել են, կարի ֆաբրիկան էլ անկախության տարիներին սկսեց չգործել, եւ աշխատատեղերի բացակայությունը նպաստեց արտագաղթին:Բնակիչներից ոմանք աշխատում են հյուրանոցի սպասարկան ոլորտում, ուրիշներն էլ մանր բիզնեսով են զբաղվում:Ութամյա դպրոցում 6 աշակերտ կա:Հնաբնակների միակ մխիթարությունն այն է, որ ,,Հայէներգոյին,,պատկանող բնակելի շենքերը թույլատրեցին սեփականաշնորհել, դա էլ՝բնակիչների համառության շնորհիվ:2008թ.նախագահական ընտրությունների նախօրյակին մի քանիսը նամակով դիմեցին ավան այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այն ժամանակ վարչապետ էր, նա էլ՝ընդառաջեց: ,,Իսկ մինչ այդ մի քանի անգամ նախկին նախագահ Քոչարյանին էինք դիմել՝ոչ մի բան չէր արել, դրա համար էլ մենք Սարգսյանին ձայն տվեցինք,,-ասում է ավանի հին բնակիչ տիկին Լաուրան:Բնակելի շենքերը վթարային վիճակում են,դրանցից մեկի մուտքը միանգամից 2-րդ հարկ բարձրացող երկաթապատ աստիճաններով է՝70 տարվա, որոնց աստիճանահարթակների արանքներով մի քանի անգամ երեխաներն ընկել են:Այդուհանդերձ, ավանում կյանքը շարունակվում է, մի քանի ընտանիքներ նույնիսկ քաղաքից են հարս բերել:Չնայած կապի բաժանմունքը լուծարվել է, սակայն ոմանք քաղաքային կամ բջջային հեռախոսներ ունեն:Շենքերի վրա արբանյակային ալեհավաքներ են, հայկական հեռուստաալիքներից նախընտրում են դիտել ,,Շանթ,,  ,,Արմենիա,, բայց հայաստանյան օրաթերթերի հետ հազվադեպ են շփվում:,,Փոստատարը շաբաթը մեկ անգամ ,,Եթեր,, է բերում, ,,Ազատությունն,, էլ էստեղ չի բռնում,,-դժգոհում է տիկին Լաուրան:Իսկ ուկրաինուհի տիկին Նինան կարոտով հիշում է մինչերկրաշարժյան տարիների ակումբն ու գրադարանը, որոնց շենքը՝ՊՆ-ին պատկանող,դռները կողպած վիճակում է, անհայտ ճակատագրով:Նախկին գրադարանի թերթերի ու Ձորագեսի պատմության արխիվը սրբությամբ պահպանում է նախկին գրադարանավարուհի Ելենա Անդրեասյանը:ՀԷԿ-ի հնագույն աշխատողների թոռներն այսօր հեռավոր երկրներից աջակցության ձեռք են մեկնում այստեղ բնակվող իրենց հարազատներին:,,Մենք այստեղից գնացողը չենք, սա մեր հայրենի հողն է,,-ասում է Կուրթանից Ձորագէս հարս եկած տիկին Սեդան, որի դուստրը 15 տարուց ավելի է՝Գերմանիայում է, բայց երիտասարդ որդին կնոջ ու երեխաների հետ բնակվում ու աշխատում է ՀԷԿ-ում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,  ,,Հրապարակ,, 17.10.2009թ.

-----------------------------------------------------------------------------------

շարունակելի

среда, 27 января 2016 г.

Փշոտ մտքեր

      Նախագահական նստավայրում երեխաների համար կազմակերպված տոնածառի հանդեսի ժամանակ մի երեխա հեռուստատեսությամբ ասաց, որ ինքը երազում է նախագահ դառնալ:Մեկը չկա՞ր խեղճ երեխուն բացատրեր, որ սահմանադրության բարեփոխումից հետո արդեն չես կարող նախագահ դառնա՜լ... նախագահի ինստիտուտը վերանում է երկու տարի հետո: Դու ավելի լավ է՝վարչապետի աթոռի համար պայքարես հիմիկվանից:

23.12.2015թ.

------------------------------------------------------------------------------                                     ԿՌՆԱՏ ՈՍՏԻԿԱՆԸ

Այն բանից հետո, երբ ոստիկանապետը հայտարարեց, որ կկտրի այն ոստիկանի ձեռքը, ով կաշառք կվերցնի ու կասի, թե ,,վերեւներին է տալիս,,  ,,Հայֆիլմում որոշեցին նկարահանել նոր գեղարվեստական ֆիլմ՝,,Կռնատ ոստիկանը,,:Փաստորեն, արդեն շարիաթի օրենքներով ենք առաջնորդվելու.էն որ գողին հանցանքի վայրում բռնում են թե չէ՝տեղնուտեղը ձեռքը կտրում են ու ,,կռնատացնում,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 26 января 2016 г.

Ձյունը եղանակի տեսության ,,թասիբը պահեց,,

Հունվարի 13-ից քամին պայքարում էր եղանակի տեսության դեմ:Եղանակի տեսությունը հայտնել էր, որ հունվարի 14-ին ձյուն է տեղալու, քամին էլ երկու ձեռքով երկրի տանիքը պահած՝զայրացած ոռնում էր ու ոտքերը թափութափ անում:Ի վերջո , երիտասարդ ու սպիտակ ձյունը հաղթեց պառաված ու գզգզված քամուն, ու հունվարի 14-ի, լույս 15-ի գիշերն սկսեց հանդարտ տեղալ՝եղանակի տեսության ,,թասիբը պահելով,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 15.01.2016թ. ֆեյսբուքյան իմ էջից