Translate

Translate

Translate

пятница, 17 июня 2016 г.

Դաշնամուր էի սիրում, բայց ջութակի դասարան գնացի

Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ նշվել է Վանաձորի ՝Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի 50-ամյակը:Այդ առթիվ մանկական հիշողություններս եկան-կանգնեցին դեմս:Ավարտել եմ 1977թ.՝վերոնշյալ դպրոցի ջութակի դասարանը:Ընդունվել եմ, ցավոք, ոչ առանձնակի սիրով, քանի որ ես դաշնամուրի դասարան էի ցանկանում գնալ, բայց երբ ինձ որոշեցին երաժշտական դպրոց ուղարկել, պարզվեց, դաշնամուրի համար արդեն ուշ է, քանի որ այնտեղ ընդունելությունը 6-7 տարեկանների համար է, դրանից մեծ լինելու դեպքում՝արգելվում է.իսկ ես արդեն 9 տարեկան էի:Ու սկսեցին ինձ համոզել՝երաժշտականի ուսմասվարն ու ծնողներս, թե ջութակն ինչքան լավ ու ,,ազնվագույն,, գործիք է:Սովետական քաղաքացու բազմակողմանի դաստիարակության համար կարեւոր էր երաժշտական կրթությունը:Ու ես ճարահատյալ՝ստիպված էի ջութակի դասարան հաճախել, մխիթարվելով, որ դաշնամուրն էլ որպես զուգահեռ առարկա կանցնեմ:Դաշնամուրի դասերին / որ կարծեմ շաբաթական մեկ օր էր/ հաճույքով էի գնում.դասվարը Լարիսա Ավետյանն էր՝մի բարեհամբույր կին:Հաճույքով էի հաճախում նաեւ սոլֆեջիոյի պարապմունքներին/ ուսանել եմ Լիդա Ասլանյանի, Զոյա Ծատինյանի եւ Ժաննա անունով մի երիտասարդ կնոջ մոտ/:Իսկ երաժշտության պատմությունը Նելլի Գրիգորյանն էր դասավանդում:Երբ արդեն սկսեցի հաճախել նաեւ դպրոցի կամերային նվագախմբի պարապմունքներին, այդ ժամանակ սկսեցի սիրել ջութակը:Նվագախումբը ղեկավարում էր երջանկահիշատակ Խաչատուր Դնոյանը, ով ,,հավեսով,, էր ղեկավարում ու անգամ դիտողությունները համեմում սրամտություններով, եւ երբ զգում էր, որ նվագախումբը ,,ֆալշերով,, է գնում, ժպտալով ասում էր՝,,Վայ բոբիկնե՜ր, բոբիկներ՜...:Ամենից գերազանց ջութակ էր նվագում Շավելյան Արամոն: Իսկ նվագախմբում կային 3 թավջութակահար աղջիկներ, որոնցից Ռիտան հետագայում, յոթնամյակն ավարտելուց հետո  շարունակեց երաժշտական կրթությունը /մինչեւ վերջերս նվագում էր Վանաձորի քաղաքային կամերային նվագախմբում/:Դնոյանի խմբում նվագում էինք Կոմիտասի ,,Կաքավիկը,,...,,Հաբրբան,,:Մեկ էլ հիշում եմ, որ երաժշտական դպրոցի շենքի բնակիչ անկարգ երեխաները դպրոցի լուսամուտներին մեր պարապմունքների ժամանակ քարով հարվածում-փախչում էին:Նվագախմբում կատարումների ժամանակ ես ինձ զգում էի որպես մեծ արվեստի մի փոքր մասնիկ եւ կապվում դասական երաժշտության հետ:Ավարտական դասարանում, երբ նվագախումբը պատրաստվում էր ստուգատեսի, պարապմունքներն անց էին կացվում Կզարթմյանի անվան թիվ 1 դպրոցում, որտեղ պետք է կայանար նաեւ ստուգատեսը:Այդ լուսանկարն այժմ բավականին խունացած տեսքով է:Եթե Դնոյանի շնորհիվ ջութակի նկատմամբ սեր առաջացավ, ապա որոշ ուսուցիչներ, ընդհակառակը, իրենց ոչ մանկավարժական մեթոդներով նպաստեցին, որ աշակերտները հիասթափվեն ջութակից:Ու այդ առումով հիասթափությունս այնքան մեծ էր, որ արդեն նախավերջին դասարանում ծնողներիս խնդրում էի, որ ինձ այլեւս չուղարկեն երաժշտական.առավել եւս, որ որոշել էի հայոց լեզվի եւ գրականության ոլորտում խորանալ:Բայց՝վերջիններս համոզեցին, որ ավելի լավ է ուսուցչին փոխել մեկ ուրիշով, քան՝դպրոցը լքել նախավերջին դասարանն ավարտելով ու վկայական չստանալով:Եվ փոխեցին ուսուցչուհուն:Հետո մտածեցինք, որ մեծ աշխարհ է, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝ինստիտուտ չընդունվեցի, այն ժամանակ կարող է երաժշտական ուսումնարան ընդունվեմ /ուսումնարանի երաժշտագիտության բաժինն էլ աչքի տակ ունեի/, կամ՝միգուցե մանկապարտեզում դաշնամուր դասավանդեմ...Մի խոսքով՝բարով-խերով ավարտեցի երաժշտական յոթնամյակը՝Մայա Վահանյանի դասարանում:...Երբ որեւէ պատանի ջութակահարուհի եմ տեսնում՝մանկությունս եմ հիշում, իսկ երբ Գոռ Վարդանյանի ,,Խավարման օրը,, ֆիլմում պատանի ջութակահարին ծաղրի էին ենթարկում փողոցային ավարաներն ու ջութակը գցել էին գետնին ու կոխկրտում էին՝մեծ ցավ էի ապրում ու մտածում.մի՞թե կարելի է այդօրինակ կադրերով ֆիլմ նկարահանել:Պարտադիր չէ, որ երաժշտական գնալուց հետո անպայման երաժիշտ դառնան, կարեւորը՝մարդը գնահատի իսկական արվեստը:Ի դեպ, մանկավարժականում սովորելիս մի օր պատահաբար մոտս երգ գրելու մտահղացում ծնվեց.եւ երաժշտությունը, եվ բառերը միանգամից ծնվեցին գլխումս.նոտագրեցի,դաշնամուրի վրա կատարեցի, երգեցի, բայց...այդպես էլ չպահպանեցի արխիվներումս, ինչի համար ափսոսում եմ:

Սովետական տարիներին երաժշտական դպրոցը վճարովի էր, բայց ՝ցանկացած քաղաքացի կարող էր իր երեխային երաժշտական ուղարկելու շռայլություն թույլ տալ՝ընտանեկան բյուջեն մի քիչ սեղմելու շնորհիվ:Այդ տարիներից հիշում եմ նաեւ, որ երբ Կիրովական էին գալիս հայտնի երաժիշտներ, պարտադիր անվճար տոմս էին հատկացնում երաժշտական դպրոցների կոլեկտիվներին՝դասական երաժշտությունը խրախուսելու նպատակով:Հիշում եմ, որ Կիրովականում համերգներով հանդես եկան  ջութակահարներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Ժան տեր-Մերկերյանը / ով 2015թ.մահկանացուն է կնքել Ֆրանսիայում /, Ռուբեն Ահարոնյանը,թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը:

Հավելեմ, որ մեր երաժշտական յոթնամյա դպրոցի տնօրենն այն ժամանակ՝1970-77թթ. Ամալյա Վարդեւանյանն էր, ով հետագայում երկրից հեռացավ ընտանիքով, ուսմասվարը՝Թամարա Փերոյանը:Իսկ երաժշտականի գրադարանավարը՝Նյուրա Բայադյան-Հովսեփյաննն էր, ով օպտիմալացվեց 2000թվակաների սկզբներին՝աշխատանքային կրճատումների պատճառով, եւ ում հետ այժմ իմ հետաքրքրությունները միայն ներքաղաքական ոլորտում են:

...Կիրովականի Բաթումի փողոցն ու Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը իմ մանկության նվիրական հուշերի ամենակարեւոր ու բաղկացուցիչ մասն են կազմում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Комментариев нет:

Отправить комментарий