Translate

Translate

Translate

вторник, 31 октября 2017 г.

Շները հաչում են, որովհետեւ խոսել չգիտեն

Գյուղում ապրող բարեկամիս տանը, ուր այցելել էինք, վերջապես տեսա նրանց հռչակավոր շանը․Գրաֆ էր անունը, ու գրաֆի/այսինքն՝կոմս, ազնվական/ նման էլ վեհապանծ ու ազնվազարմ տեսքով, բայց՝սարսափազդու լայն դնչով մի առյուծակերպ շուն էր դա՝սեւուսպիտակ-չալպտուրիկ մորթով։Այնքան խելացի հայացք ուներ, ու այնքան տխուր աչքեր, որ ակնհայտ զգացվում էր, որ խոր վիշտ ունի, բայց՝ազնվական հպարտությունը թույլ չի տալիս այդ մասին որեւէ մեկի պատմել։Երբ մտանք դարպասներից ներս՝տանտիրուհու հետ միասին, Գրաֆը, գիշերային անծանոթ այցելուներ տեսնելով՝սկսեց ուժգին հաչալ, մինչեւ որ տիրուհին նրան սաստեց՝,,Գրաֆ, Գրաֆ,, ասելով։Դրանից հետո, արդեն համոզվելով, որ այցելուները ,,տանու,, մարդիկ են, հանդարտվեց ու հետաքրքրասիրությունից դրդված՝մոտենալով տան լուսամուտներին, Գրաֆն սկսեց խելացի ու անչափ բարի, կարեկից հայացքով տնտղել հյուրերին, ասես հասկանալով, որ նրանց հետ վատ բան է պատահել։

,,Բա որ տեսնեք, թե մեր կատուների հանդեպ ինչ ուշադիր է․․․որ հանկարծ կատուների վրա բարկանում ենք՝քշում, Գրաֆը զայրացած սկսում է հաչալ վրաներս,,-պատմեց տանտիրուհին։

Այնքան դժվար էր հավատալ, որ Գրաֆը, մի օր շատ զայրացած,կծել է տանտիրոջ ոտքը՝տուն մտնելիս, դարպասների մոտ, ու ստիպված վիրաբուժական միջամտության են ենթարկել վնասված ոտքը։Բայց՝դրանից հետո տանտերը ներել է Գրաֆին՝չդադարելով ,,հաշվի նստել,, հետն ու ,,հարգել,,։Ու՞մ տանը չեն խնդիրներ ու վեճեր լինում, հո ամեն մի գժտությունից հետո չե՞ն բաժանվում․հավատարիմ շունն էլ տան անդամի նման է։Շունն էլ կարող է խնդիրներ ունենալ, որի մասին չի կարող բարձրաձայել, դրա համար երբեմն կատաղության է հասնում այնպես, ինչպես ,,հունից դուրս եկող,, մարդը կարող է կատաղել։Շունն էլ կարող է ուզենա տիրոջը խորհուրդներ տա, ասի, թե որն է լավը, որը՝վատը/ռուսական դեդեկտիվ ֆիլմի Մուխտարի հետ ոնց էր ոստիկան-տերը ,,խորհրդակցում-կիսվում,,՝վերջինս էլ գռմռալով կամ պոչը շարժելով պատասխանում էր․․․/, ու երեւի թե նեղված՝որ չի կարողանում խոսել, դրա համար էլ երբեմն կատաղում է շունը։

Գրաֆին երբ տեսա՝ մի շատ հին մուլտֆիլմի շանը հիշեցի,սիգապանծ տեսքով սերենադ էր երգում ՝ասպետի   կեցվածքով, ու զգացմունքներն ավելի տպավորիչ դարձնելու համար՝երգչի նման օրորվում ու ձգվում էր։

31․10․2017թ․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

,,Ախ, քամի քամի․․․,,,

Արդեն 3 օր է՝քամին մոլեգնած պտտվում է փողոցներում ու անցորդներին ,,անզգույշ քաշքշում", վազացնում, պատեպատ տալիս, անձրեւանոցները փորձում ջարդել, հասկացնելով․,,Էդ ի՞նչ եք անընդհատ գնում եղանակի տեսությանն ինձանից բողոքում․․․հա ասենք՝մի -երկու բաժակ անձրեւաջուր եմ խմել երկնքում, բայց հո չե՞մ հարբել,,։Անձրեւն էլ նրա հետ ճարահատյալ համաձայն՝մի կողմից է ,,նեղում,, մարդկանց․,,Հա բա ինչքա՞ն համբերենք, արդեն աշուն է, ամբողջ ամառ՝երկնքում փակված էինք ու մի քանի օրով ու ժամով էինք դուրս գալիս, բա հիմա իրավունք չունե՞նք մենք մեզ մի քիչ լավ զգանք,մենք ի՞նչ մեղավոր ենք, որ ժողովուրդը մեզ չի սիրում․․․Աստված էլ մեզ աշնան ու գարնան է արտոնություն տվել․․․,,

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 20 октября 2017 г.

Ինչպես նեղել ընդդիմախոսներին․կառավարությունում ձեվացնում են, թե ,,Վեոլիայից,, բողոքները չեն լսում

Մեռանք բաց նամակով ու  էլեկտրոնային փոստով ահազանգելով ջրմուղին, վարչապետին տարածքային կառավարման նախարարությանը, ՀՀ օմբուդսմենին, որ ֆրանսիական,,Վեոլիա,, ընկերությունը կամ ,,մեկ առանձին վերցրած հայ-ֆրանսիական ցեխավիկությունը,,անտրամաբանական ու անմարդկային ձեւով անջրաչափ բաժանորդների սակագինը դարձրել է կայուն 5400դրամ, հաշվի չառնելով, որ նրանց մի մասն աղետի գոտու բնակիչներ են՝վթարային բնակարններում ապրող, ու նրանց բնակարանյին պայմանները թույլ չեն տալիս ջրաչափ տեղադրել, եւ առանց այդ էլ 1100դրամ անձաքանակ սակագինը հազիվ են կարողանում մուծել, ուր մնաց՝5400դրամ կայուն վարձը՝անկախ տվյալ ընտանիքի բնակիչների քանակից։Ինչ տարին սկսվել է՝ահազանգում եմ ու ու ահազանգում, եւ միայն օմբուդսմենի գրասենյակն է պատասխանել, այն էլ՝ոչ մխիթարական պատասխանով․խորհուրդ է տալիս ջրաչափ տեղադրել․ես նրանց բացատրում եմ՝իմ եւ ուրիշների անունից, որ վթարային բնակարաններում/այդ թվում նաեւ՝27 տարի չնորոգված մեր բնակարանում/ երբեմն հնարավոր չէ ջրաչափ տեղադրել նրանք ինձ խորհուրդ են տալիս ջրաչափ տեղադրել։Որպես բողոքի նշան եւ քաղաքացիական անհնազանդության ձեւ, երկու ամիս դադարեցրի որեւէ մուծում կատարել ջրի ոլորտում, եւ այսօր, որպես հետախուզական այց, փորձեցի պարզել, թե ու՞ր է հասել մեր բնակարանի ջրի վարձը,․․․,,բնականաբար,, հաշվի առնելով, որ ամեն ամիս ,,Վեոլիան,, ուղտի համառությամբ շարունակում է 5400դրամ վարձ գրել մեր հաշվեհամարին/կառավարության եւ ՀԾԿՀ-ի լուռ համաձայնության եւ հանցավոր անտարբերության պայմաններում/, վարձը հասել էր․․․37600դրամի/որից ,,մեծահոգաբար,,  որոշեցի թեթեւացնել՝ նախկին հաշվարկով արվող ընդամենը 1 ամսվա գումարով․2200դրամ/․ իսկ վարձ ընդունողն աչքերը զարմանքից լայն բացեց, երբ իմացավ, թե ինչ թիվ են ,,կրակել,, մեր հաշվեհամարին․․․

․․․Պարոն վարչապետ, բարի եղեք մի պահ կտրվել բիզնեսի ու տուրիզմի խնդիրներից ու հետաքրքրվել ,,Վեոլիայի,,նեոգաղութատիրական ծրագրերով՝ընդդեմ ՀՀշարքային բնակչության․ո՞ր իրավունքով է ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ, որ ոչ պատգամավորական, ոչ նախարարական աշխատավարձ է ստանում, եւ կարող է անգամ առհասարկ եկամուտ չունենալ,ա ջրի վարձ սահմանվում 5400դրամը, երբ այդ քաղաքացին 10 ամիս է աղաղակում է, որ վթարային շենքերում ջրաչափի տեղադրումն անհնար է, իսկ 5400դրամ ջրի սակագինը՝այս տարվա հունվարից ,,Վեոլիայի,, կողմից ապօրինաբար ընդունված, անտրամաբանական։

Չնայած այս խնդիրը ՀՀ բազմաթիվ քաղաքացիների էլ /ջրաչափ չունեցող/կարող է մտահոգել, բայց մեր պարագայում, ամենայն հավանակնությամբ, կարելի է բացատրել քաղաքական ենթատեքստով․ընդդիմախոս լրագրողի/ ում աշխատանքը պետական համակարգում ,,գողացվել,, է Հանրապետական զոռբաների ,,ներքին,, դաբրոյով"՝դեռ 1998թվից  ինտելեկտուալ բիզնեսի մասնավոր հատվածում էլ՝հայաստանյան մամուլում, լավագույնս խոչնդոտվել՝վերջինիս դարձնելով ,,թափառական աշուղի ,, կարգավիճակում/գլխին հնարավորինս շատ վարձեր փաթաթել, որ հայտնվի քաղաքական ու սոցիալական պատանդի կարգավիճակում, ստիպված լինելով բնակարանը վաճառել  ու արտագաղթել․ կամ՝ինչքան շուտ ,,վերանա,,՝էնքան լավ/։

Ջրի վարձին զուգահեռ՝միաժամանակ թեժանում է նաեւ այլ ոլորտներում՝էներգիա, աղբահանություն, համատիրություն՝իրական ու չհիմնավորված պարտքերի բեռը, որի հետեւանքով պարբերաբար ձեռքս եմ առնում քարտեզն ու փորձում կողմնորոշվել, թե ուր կարելի է ,,քոչը կապել,, բնակարանը վաճառելու դեպքում միայն՝այս վայրենի ու քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու երկրից, որտեղ արդեն վատ հիշողությունները՝վերջին 18 տարվա, սկսել են գերազանցել լավագույն հիշողություններին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 19 октября 2017 г.

Ինչու ես ազատվեցի պետական համակարգի աշխատանքից՝սեփական դիմումով

Մտերիմներս կամ ծանոթներս երբեմն հետաքրքրվում են, թե ինչու դուրս եկա պետական համակարգում աշխատանքից։

Եվ, թեպետ այդ մասին պարզաբանումներ եմ ներկայացրել՝,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,2012թ․բլոգային հոդվածում, սակայն որոշեցի առավել մանրամասն ներկայացնել այն իրավիճակը, որից դուրս գալու համար  ստիպված էի 1998․սեփական դիմումի համաձայն ազատվել մանկավարժականի գրադարանում մատենագետի աշխատանքից/որ 3 տարի համատեղում էի լրագրողական աշխատանքի հետ՝1995-1998թվերին/։Հայաստանում այդ ժամանակ պետական աշխատավարձերը չնչին էին, եւ եթե մարդը կողմնակի եկամուտ չունենար, չէր կարող անգամ ՝այդ աշխատավարձով շնչել։

1998թ․ նախընտրեցի հիմնական աշխատանք դարձնել լրագրությունը, որպեսզի անկախ լինեմ տեղական իշխանություններից, քանի որ իմ հոդվածներում սկսեցին ուրույն տեղ գրավել քաղաքական թեմաները՝սոցիալականին ու դատաիրավականին զուգահեռ։Գրադարանային աշխատանքը, բնականաբար, վարչական կախվածություն ուներ վարիչից, որին էլ 1997թ․սկսեց իմ դեմ հրահրել ինստիտուտի այն ժամանակվա ռեկտորը, որն էլ Վանաձորի ավագանու անդամ էր, ու, բնականաբար, նա էլ իր հերթին որոշակի կախվածություն ուներ 1996-99թվի իշխանությունից, որի համակարգում ԲՇՏ-ի պետ  աշխատող հորս աշխատանքային իրավունքներն սկսել էին ոտնահարվել՝1997թ․․դրա արդյունքում՝վերջինս 1997թ․ հայտնվեց դատարանի դռներին՝որպես բողոքարկու․որոշ ժամանակ անց վերականգնվեց, բայց՝կրկին ազատվեց աշխատանքից՝արդեն ,,կենսաթոշակի անցնելու,, պատճառաբանությամբ, մինչդեռ նա որոշ ժամանակ զրկվել էր անգամ թոշակի անցնելու իրավունքից, քանի որ աշխատանքային գրքույկը դավադրաբար ,,կորցրել,, էին, ու մի քանի տարի պահանջվեց, մինչեւ վերջինիս հաջողվեց վերականգնել թոշակ ստանալու իրավունքը․բայց՝առանց կորցրած տարիների գումարների փոխհատուցման։Իսկ ինչու՞ հորս սկսեցին հալածել․նրա համար, որ վերջինս 90-ականների սկզբներին ահազանգում էր ,,վերեւներին", որ իր ղեկավարած ,,Տարոն,,թաղամասում շենքերը հանձնվել են թերություններով, կիսատ-պռատ /ու այդ առթիվ համապատասխան ակտեր ուներ/, որ ահռելի գումարներ են յուրացվել, որ բնակարանների չբնակեցման մի պատճառ էլ հենց այդ թերություններն են եղել, ու որոշված է եղել, որ շինարարական կազմակերպությունը կհատուցի բնակիչներին հասցրած վնասի գումարը, բայց՝այդպես էլ տարիներ շարունակ այդ հարցը չէր լուծվում, ու մեղավորները չէին պատժվում, իսկ բնակարանների վատ պայմանների պատճառով՝շատերն արտագաղթում էին։Այլ կերպ՝պայքար էր սկսել կոռուպցիայի դեմ՝,,մեկ առանձին վերցրած քաղաքում,,/դիմում-բողոքներից մեկում գրված է՝,,Շինարարները ցերեկն աշխատում էին, գիշերը՝գողանում,,/։Բազմաթիվ գրավոր  վկայություններ կային՝բնակարաններն առանց տարրական հարմարությունների, սանհանգույցի հանձնելու․․․Լուրջ կասկածներ ունեմ, որ հորս կյանքի նկատմամբ ոտնձգություն էր ծրագրված, 90-ակաների մթի տարիներին, երբ կեսգիշերին, երբ ողջ քաղաքն ու բնակարանները թաղված էին մթության մեջ, ինչ-որ անկոչ այցելուներ/որոնց առջեւ դուռը չբացեցինք՝խոհեմաբար, այլ միայն մոմի լույսի ներքո, դռան ետեւից էինք զրույց վարում/, հայտնեցին, թե ,,Տարոններում,, պառը պայթելա,, ու հորս առաջարկում էին իրենց հետ մեկնել դեպքի վայր/թե ինչ կապ ուներ ԲՇՏ-ի պետը՝,,պայթած կատելնու,, հետ, որ պետք է որ արտակարգ իրավիճակների բաժնի իրավասությունը լիներ, դժվար է ասել, բայց հաջորդ օրը պարզվեց, որ ահազանգը չի համապատասխանել իրականությանը, եւ տեղին էին մեր կասկածները, թե այցելությունը դավադրություն է եղել/այդ տարիներին ընդունված էր․ում ուզում՝մեկ էլ տեսար անհետ-անհուշ կորցնում էին․չնայած՝հիմա էլ պակաս վտանգավոր ժամանակներում չենք ապրում, քանի որ երկրում սեւ-մութ ուժերի պակաս երբեւէ չի եղել/։Հիմա թե նրանից էր, որ նրա բողոքները շինարարական կազմակերպությունից ու մեղավորներից, տեղական իշխանությոևններին դուր չէր գալիս, թե մեղավորները ,,վերեւների,, հետ կիսվում էին ու նրանք էին տեղական իշխանությանը հրահրում՝հորս բողոքներն ստանալուց հետո․․․մի խոսքով՝վերջինիս նախընտրեցին աշխատանքից ազատել․․․հիմնարկի ,,վերակազմավորման,, պատճառաբանությամբ/հետագայում դատախազությունն այն բնորոշել էր որպես համայնքի ղեկավարի կողմից ապօրինություն/։Դատարանը վերականգնեց հորս աշխատանքում, բայց՝դեռ աշխատանքում չվերականգնված, հիմա էլ ազատեցին որպես ,,թոշակի տարիքը լրացած,,/Հետագայում՝2000թվի իշխանափոխությունից հետո նրան նոր աշխատանք տվեցին՝արդեն ԲՇՏ-ից վերանվանված ,,թաղամասային հիմնարկությունում,,․բայց այդտեղ էլ սկսեցին նեղել՝իմ հրապարակումների եւ նրա սկզբունքայնության համար/։

1996-98թվերին ստեղծվեց մի իրավիճակ, որ պետական համկարգում ես ,,նալի ու մեխի,, արանքում էի․տեղական իշխանությանը մի կողմից ձեռնտու չէր իմ լրագրողական գործունեությունը՝անկախ մամուլում, մյուս կողմից,ինձ ,,քավության նոխազ,, էին դարձնում ի պատասխան հորս բողոքների՝իրեն ապօրինաբար աշխատանքից ազատելու եւ դրա մոտիվների առնչությամբ։Գրադարանում իմ նկատմամբ խիստ վերահսկողություն սկսվեց ու ռեժիմ, պարտադիր պայման՝ամեն առավոտյան գրանցամատյանում ստորագրելու պահանջով, որն էլ զուգակցվում էր վերանորոգվող գրադարանում, առողջության համար վնասակար պայմաններում սեւագործ բանվորի աշխատանք կատարելու ապօրինի պահանջի հետ․գրադարանի աշխատող կանանցից ոմանք՝տերավորներն ու փողավորները, այդ աշխատանքներից խուսափելու նպատակով բյուլետեններ էին ներկայացնում․ես ուղղակի հրաժարվեցի այդ աշխատանքներից, ասելով, որ դա ապօրինի պահանջ է եւ իմ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում։Այդ հողի վրա՝գրադարանի վարիչն ու ռեկտորը փորձեցին երկպառակություն ստեղծել կոլեկտիվում եւ աշխատողներին հրահրել իմ դեմ՝ստորագրահավաք նախաձեռնելով, որ, սակայն,,գլուխ չեկավ", քանի որ կամ աշխատողների խելամիտ մասը տուրք չտվեց, կամ՝մարզպետարանի կրթության բաժնին ահազանգած իմ գրավոր բողոքի շնորհիվ այն կանխվեց։Չնայած իմ նկատմամբ կիրառվող ,ռեժիմին", մարդ կար՝օրերով գործի չէր գալիս, մարդ կար՝գրադարանում աշակերտ էր պահում, բայց վարիչն ինձ խիստ տոնով ասում էր, որ ,,գրադարանը հոդված գրելու տեղ չէ,,։Անգամ՝իմ նկատմամբ տարատեսակ սադրանքներ սկսեցին կազմակերպվել․․․Մի օր էլ ռեկտորն  այցելեց գրադարան ու ոտքի վրա ,,դիսպետչերական,, անցկացրեց, իսկ իմ այն հարցին, թե ,,արդյո՞ք ես պետք է դիմում գրեմ՝աշխատանքից ազատվելու",ինչի պահանջը դնում է իմ առջեւ գրադարանի վարիչը, վերջինս ասաց․,,Դուք կազատվեք աշխատանքից որպես անպարտաճանաչ,,/աշխատանքից ազատվելու դիմումիս վրա , ի դեպ՝վարիչին ստիպել էր, որ մակագրի, որ ես ,,անբարեխիղճ եմ, անպարտաճանաչ հետեվություներ չեմ անում եւ արժանի եմ ազատվել որպես այդպիսին,,/մինչդեռ իմ  աշխատանքային դրական  բնութագիրը՝տրված Բելառուսի հանրապետությունից՝մանկավարժ աշխատած ժամանակ, ճւիշտ հակառակն է ապացուցում/։Ինձ սպառնալուց հետո՝ռեկտորը մեկ այլ կնոջ էլ/տիկին Վարդիթերին/՝ինձ հետ մտերիմ, հիշեցրեց նրա թոշակի անցնելու տարիքի մասին․բարեբախտաբար, այդ կինն այնքան համարձակ գտնվեց, որ հիշեցրեց, որ ռեկտորի թոշակի գնալու ժամանակն էլ է լրացել․․․

Իմ հանդեպ անբարյացակամությունը հասել էր նրան, որ իմ դիմումը՝մի քանի օր իմ հաշվին արձակուրդ վերցնելու, որպեսզի Երեւանում վիրահատության ենթարկված պապիս այցելության գնանք ես ու մայրս,լուրջ քննության առարկա դարձավ եւ բավարարվեց մեծ դժվարությամբ։

Բանը հասել էր նրան, որ ,,մարդու իրավունքների դասընթացներին,, ՝6 օրյա տեւողությամբ մասնակցելու նպատակով, իմ դիմումի եւ այդ առթիվ ռեկտորին ներկայացրած գրավոր հրավերի առնչությամբ,վերջինս խիստ տոնով՝հրավերը կարդալուց հետո,հարցրեց․,,Ի՞նչ կապ ունեք դուք այդ կազմակեպության հետ,,/այնպես, ինչպես երեւի թե ,,ժողովրդի թշնամիներին,,էին քննում, ի դեմս առաջադեմ մտավորականության՝ստալինիզմի տարիներին, Բերիայի աշխատասենյակում/։Դասընթացներին մասնակցելու թույլտվություն տրվեց միայն անվճար արձակուրդ վերցնելու պայմանով։Այդ ռեժիմի օրերին ինձ երբեմն փրկում էր այն, որ ատենակալների համակարգը դեռ գործում էր, եւ դատարանում, ուր ատենակալ էի ընտրված ,,սովետի թվերից,,՝ինձ երբեմն դատական նիստերի էին հրավիրում/90-ականներից ատենակալներն սկսեցին վարձատրվել արդարադատության կողմից՝քանի դեռ ատենակալների համկարգը չէր լուծարվել դատաիրավական բարեփոխումների ադյունքում/։

Մի օր էլ, երբ ես ամբիոններից մեկի կազմակերպած միջոցառումն էի լուսաբանել, որի համար ամբիոնի վարիչը շնորհակալություն հայտնեց,  արի ու տես՝ռեկտորին դա այնքան էլ դուր չեկավ, քանի որ սկսեց հետաքրքրվել, թե որքան գումար եմ ստանում հոնորարների համար։

1997-98թվերին հորս աշխատանքից ազատման գործն էր բողոքարկվում դատարաններում՝ընդդեմ քաղաքային իշխանությունների, ի պատասխան՝բուհում իմ դեմ պայքարն էր ուժեղացվում՝ավագանու անդամ ռեկտորին հրահրելով, նա էլ հրահրում էր գրադարանի վարիչին։Հետաքրքիրն այն էր, որ դրանից մեկ -երկու տարի առաջ էլ ռեկտորին էին աշխատանքից ազատել՝ինչ-որ զեղծարարության պատճառաբանությամբ, ու նրա փոխարեն մի որոշ ժամանակ նոր տնօրինություն էր բուհում, իսկ ես եւ գրադարանի աշխատողներն այդ ժամանակ ռեկտորին էինք սատարում․հետո նա վերականգնվեց դատարանով եւ սկսեց․․հալածել այն մարդկանց, ովքեր սատարում էին իրեն/այդ թվում նաեւ՝ինձ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ կոնկրետ իմ դեմ պայքարը հրահրված էր՝տեղական իշխանության կողմից եւ ռեկտորի անձնական նախաձենությունը չէր/։

Հետո գրադարանի վարիչն սկսեց ավելի համառորեն պահանջել, որ ես աշխատանքից ազատման դիմում գրեմ․,,,Ա դու էս ի՞նչ էրես ունես, դիմում գրի դուս արի, էլի,,։Ստիպված ՝դիմեցի Լոռու մարզպետարանի կրթության վարչություն՝նոր բողոքով։Կրթության բաժինն այն ժամանակ ինձ համար Կրեմլի կամ Սմոլնու դեր էր կատարում, յուրաքանչյուր դիմումից հետո իմ նկատմամբ ռեժիմը թուլանում էր, բայց ստացվեց այնպես, որ կրթության բաժնին ոչ հաճո տեղեկատվություն գրեցի՝կապված կրթական համակարգի կոռուպցիոն երեույթների հետ, ու հասկացա, որ արդեն չեմ կարող աջակցություն որոնել այնտեղ, ում առնչվող տհաճ հրապարակում եմ գրել։Այս անգամ դիմում գրեցի ՝աշխատանքից ազատման, եւ այդ առթիվ կրթության բաժնի վարիչին բանավոր տեղեկացրի, ասելով․,,Որպեսզի դուք ստիպված չլինեք անընդհատ ինձ համար ռեկտորին դիմել խնդրանքվ, ես նախընտրում եմ աշխատանքից ազատվել։Քաղաքավարությամբ էլ հայտնեցի, որ նախընտրում եմ լիարժեք զբաղվել լրագրությամբ, անմնացորդ, քանի որ համատեղելու դեպքում պետական աշխատանքը կխանգարի ինձ․ ու հաշտ ու խաղաղ բաժանվեցի/ի՞նչ իմանայի, թե ինչ է սպասվում ,,ազատություն տենչողին,,՝Հայաստանում/։Եվ, չնայած ,,սեփական դիմում,, գրելուն հաջորդեց ինձ հետ կանչելը՝մի հեղինակավոր լրագրողի միջամտությամբ եւ անմիջական ռեկտորի կողմից, բայց ես արդեն չէի վստահում այդ համակարգին, ու չէի ցանկանում պարբերաբար ,,քյալլա տալ,, բյուրոկրատիզմի դեմ՝առողջությունս վտանգելով ու նյարդեր քայքայելով։Կար նաեւ հարցի ֆինանսական կողմը․պետական համակարգում աշխատավարձը չնչին էր՝2-3000դրամ, իսկ մասնավոր թերթում ես տասնապատիկ շատ էի վաստակում․իմ վրա աշխատանքային պլան էր դրված թերթում․օրական 2 լուր եւ շաբաթական 2 հոդված, եւ աշխատավարձից բացի՝լրացուցիչ հոնորարային վարձատրություն/աշխատավարձի չափի մասին ոչ ոքի չհայտնելու պայմանով/։Բնականաբար,՝պետական համակարգում, ուր աշխատում էի, իմ նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի ու խիստ ռեժիմի, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի պայմաներում ես չէի կարող թերթում լիարժեք դրսեւորվել, իսկ ընտանիքի հոգսն իմ վրա էր հայտնվել․մայրս՝չնչին թոշակ էր ստանում, հայրս ՝գործազուրկ՝դեռ թոշակի հարցերը չկարգավորած, եղբայրս՝բուհի վճարովի համակարգի ուսանող,ուստի նախընտրեցի ազատվել պետական աշխատանքից։Իսկ 1999թվի հոկտեմբերից՝արդեն աշխատանքային կրճատումներ սկսվեցին թերթում, ում հետ շուրջ 4 տարի համագործակցում էի։Դրանից հետո՝սկսվեցին մշտական դեգերումներ՝թերթից թերթ, գործակալություն, դրամաշնորհային ծրագրերում լրագրողական ապաստան․․․․Մինչեւ որ հոգնած, զզված, դադրած՝փնտրտուքներից եւ ամեն անգամ մի թերթում ,,ապաստան,, փնտրելուց հետո հասկանալով, որ քեզ եւ ընտանիքիդ հետապնդողների ձեռքը նրանց էլ է հասնում․․․ՄԻնչեւ որ հայտնվեցի համացանցի ազատ, անկախ եւ ,,անտեր,, տիրույթում․արի ու տես՝ժողովրդավաության թշնամիներն էլի չէին հանգստանում, եւ սկսեցին ժամանակ առ ժամանակ՝իրենց անձնական օգտագործման հաքերների կամ ներքին գրաքննության միջամտությամբ՝արգելափակել ֆեյսբուքս կամ բլոգս, խոչընդոտել ազատ գործունեությանս․․․

Ահա սա է իրական ժողովրդավարության պատկերը Հայաստանում, որ, սակայն, ,,ժողովրդավարության զարգացման,, բոլ-բոլ գրանտներ է ստանում՝արտերկիրը ,,բանկոմատ,, դարձրած/Ինչպես բնորոշել է ԵՄ հայաստանյան ներկայացուցիչը՝մի համեմատության մեջ/։

Ու այս ամենից ելնելով, եկել եմ այն ցավալի եզրահանգման, որ դու չես կարող լինել ազատ, անկախ լրագրող, մտավորական, քաղաքացի՝աշխատելով պետական համակարգում․ինչ-որ մի տեղ՝քո անկախությունը փակուղի կմտնի/լավ հիշում եմ, թե ինչպես բուհի ,,բերիաներից,, մեկը, մի օր մտնելով գրադարան,մի մշակութային այլազգի գործչի  առնչությամբ, ում մասին ես մշակութային տեղեկատվությամբ էի հանդես եկել մամուլում/,,Համերգ-դասախոսություններ՝Վանաձորում,,/, խիստ փրփրած տոնով ասաց․որ ,,մեկ էլ ձեզնից մեկն ու մեկին էդ մարդու հետ խոսալիս տենամ՝սաղիդ կքշեմ ըստեղից,,․ու այդպես էլ չպատճառաբանեց, թե ինչումն էր այդ մարդու  մեղքը  կայանում, իսկ իմ այն դիտարկմանը, թե ինքը ,,շատ լավ դաշնակահար է"՝հեգնեց․դուք իրա հետ նվագել ե՞ք․․․։

Հիմա ես չեմ կարողանում հավատալ, որ Հայաստանում կարող է լինել 600-800հազար դրամ ստացող պատգամավոր, որ ընդդիմադիր լինի․եթե անգամ պետական հանակարգում հասարակ աշխատանքն է խլվում ընդդիմախոսից,ո՞վ թույլ կտա, որ ահռելի աշխատավարձ ստացող պատգամավորն ընդդիմադիր լինի կամ՝իր շրջանակներից դուրս գա ու չպատվիրակված հարցեր կամ խնդիրներ բարձրաձայնի՝իշխանության այս կամ այն օղակի հետ չհամաձայնեցնելով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,բլոգեր,ազատ լրագրող, Վանաձոր,


среда, 18 октября 2017 г.

Հուշեր՝1988թվին Լեհաստան կատարած ուղեւորությունից

Վարշավա, Կրակով, Լոձ, Ժեշուֆ․․․սրանք այն քաղաքներն էին, ուր մի քանի օրով կամ մի քանի ժամով հանգրվանեցինք մենք՝կոմերիտական ուղեգրով Լեհաստան մեկնած հայ երիտասարդ տուրիստներս/ՀՀ տարբեր քաղաքներից․Երեւան, Կիրովական, Ապարան․․․/։Օսվենցիմում էլ այցելեցինք նացիստական բարաքներ, որոնցում գերիներին գազախեղդ են արել ու տանջել, ստրուկի նման պահել ու աշխատացրել ֆաշիստները՝Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։Մինչ մեկնելը մեզ հետ քաղդասընթացներ անցկացրին ՀԿԿ քաղկոմի հրահանգիչները՝արտերկրում մեզ  ,,ինչպես պահելու,, վերաբերյալ․այն ժամանակ դա ընդունված կարգ էր․արտասահման մեկնողների հետ դասընթացներ էին անցկացվում, հիմիկվա նման չէր, որ ով՝երբ, որ օֆիսից ուզենար՝մուտքի վիզա առներ ու գնար արտասահման։Կապիտալիստական երկրներ գնալը շատ ավելի դժվար էր, եւ միայն ղեկավար անձանց էր հասանելի, իսկ մյուսների համար միայն սոցիալիստական ճամբարի երկրներ էին հասու, եւ նախապատվությունը տրվում էր բանվոր դասակարգին։Պարտադիր հարցաթերթիկ էր լրացվում, որի մի կարեւոր կետն այն էր, թե ,,արտասահմանում բարեկամներ ունե՞ք,,․այն ժամանակ շատ քիչ մարդ կար, որ արտերկրում բարեկամ ուներ/ ի տարբերություն՝ հիմիկվա, երբ ժողովրդի մեծ մասն արտերկրում բարեկամներ ունի, ու դրա համար անկախությանն ենք պարտական երեւի թե/։

Ցավոք, քաղդասընթացների ընթացքում ամենակարեւորը չզգուշացրին․այն,որ մայիսի սկզբին Լեհաստանում դեռ ցրտեր են․ըստ այդմ՝խմբի անդամներից ոմանք լավ մրսեցին ու հարբուխ ընկան ճամփորդության ընթացքում, քանի որ համապատասխան տաք հագուստ չէին վերցրել իրենց հետ՝խաբվելով հայաստանյան գարնանային ջերմ եղանակներին։Արտասահման գնացողներին չէր թույլատրվում մեծ քանակի գումար վերցնել՝այն տվյալ երկրի փողով փոխանակելու նպատակով, բայց՝գաղտնի հասկացրել էին, որ կարող ենք մեր հետ հայկական ավանդական մթերքներ վերցնել/կոնյակ, բաստուրմա, ապխտած երշիկ, հայկական սուվենիրներ/՝դրանք այնտեղ վաճառելու եւ այդ գումարով ավելի մեծ գնումներ կատարելու նպատակով։,,Սովետը,, դեֆիցիտի երկիր էր, իսկ արտասահմանն այդ տեսակետից՝երկիր-դրախտավայր, ուստի արտասահման գնացողներն աշխատում էին ձեռք բերել այնտեղից այն, ինչ չկար իրենց երկրում կամ վաճառվում էր ,,տակից,,՝թանկ գնով։

Տեսարժան վայրերից բացի, ուղեւորության մեջ ներառված էին նաեւ ժամանցային վայրեր, այդ թվում․․․ստրիպ-բար․թե երիտասարդ կանանց ինչին էր պետք ստրիպ-բարը՝դժվար է ասել, ուստի նախատեսված հաջորդ այցելությանը կանայք նախընտրեցին մնալ հյուրանոցում եւ հեռուստացույց դիտել,որպեսզի ստիպված չլինեն  սեղանակից տղամարդկանց մոտ անհարմար դրության մեջ ընկնել այն ժամանակ, երբ մորեմերկ պարուհին մոտենում էր ստրիպ-բարի սեղաններին եւ օձապար տալիս/Բա ,,Կլոն,, սերիալի ,,հորեղբայր Աբդուլն,, ադտեղ չլինե՞ր ու ,,մտրակի հարված,, պահանջեր դրանց մերկ ,,բարեմասնություններին,,՝ասելով ,,հարամ է, հարամ,,/․այն ժամանակ սովետական քաղաքացու համար նորույթ էր մի քանի հեռուստաալիքների առկայությունը, քանի որ սովետական Հայաստանում ռուսական մեկ թե երկու ալիք էր գործում, եւ մեկ հայկական/։

Որպես հազվագյուտ ,,սուվենիր,,՝լողազգեստով աղջկա նկարով 2 մեծ բաժակներ գնեցի Լեհաստանից․եւ, չնայած հավատացրել էին,թե ,,նկարի մեջի,, աղջիկները բաժակը ջրով լցնելու դեպքում մերկանում են, բայց, բարեբախտաբար, ոչ ջուր լցնելու դեպքում, ոչ էլ արեւի կամ լամպի լույսի տակ վերջիններս ,,չմերկացան,,այդպես էլ․երեւի սովոր էին իրենց երկրի ջրի ու արեւի տակ ,մերկանալ,,․տեսնես ո՞տեղ են հիմա այդ բաժակի նկարի ,,թոփ-մոդելները․․․,,․լավ մեծացած կլինեն։

Խմբի տղաներից մեկը՝հայկական վատ ավանդույթի համաձայն, որ հատուկ է վատ դաստիարակություն ստացածներին,  օտարազգի աղջիկներին փորձում էր վերաբերվել այնպես, ինչպես որոշ հայ տղամարդիկ՝ռուս տուրիստ աղջիկների են վերաբերվում, ու նրանց դիմում էր ,,ախչիով,, ու ,,նանարով,,։Անգամ՝անկեդոտ էին ,,կպցրել,,՝,,պանի՝շորերդ հանի,,։Այս կարգի ,,տղամարդիկ,, են, որ ,,խայտառակել ռեսպուբլիկա,, այստեղ, այնտեղ եւ ամենուր․․․

Հիշում եմ, որ շատ վրդովվեցի, երբ սահմանի վրա՝Հայաստան վերադառնալիս, սկսեցին մեր ճամպրուկները մանրակրկիտ ստուգել/երեւի թաքցրած ոսկի էին փնտրում․այն ժամանակ ոսկի տեղափոխելն արգելվում էր․բացառությամբ՝անձնական կրման ենթակա ոսկիների՝հայտագրելու դեպքում, եւ, եթե որեւէ մեկի մոտ անգամ մի փոքր ոսկու կտոր հայտնաբերվեր՝կարող էր լուրջ խնդիրներ առաջանալ/։Երբ ստուգողն սկսեց կոպտորեն խառնշտորել ճամպրուկս, ռուսերեն վրդովված ասացի՝,,Զգույշ, այդտեղ բաժակներ են,,։/Մի քանի բաժակներ էի գնել՝մեծ ու փոքր եւ երկու  մոխրաման/։Դրանից հետո ,,պոլիցայի,, կարգավիճակով այդ անձը,դադարեցնելով ստուգումը, հանկարծ ժպտաց ու փորձեց կատակի տալ , ասելով, թե արդյոք չե՞մ ցանկանում մնալ իրենց երկրում։

Ճամփորդության ընթացքում Երեւանից մի աղջկա հետ մտերմացա՝Անի էր անունը,համատեղ էլ լուսանկար ունենք՝Օսվենցիմում, բայց բավականին պղտոր ու սեւուսպիտակ․այնպես, ինչպես ճամփորդության ընթացքում սիրողական մակարդակով արված այլ լուսանկարներ․բջջային հեռախոս չկար, ֆոտոնկարիչ էլ չկար խմբում, ինչը լուրջ թերություն էր։

Խմբի ղեկավարը Երեւանի ,,Սպուտնիկ,, համամիութենական երիտասարդական-տուրիստական կազմակերպությունից Կարինե Հարությունյանն էր, որ շատ աչալուրջ էր խմբի անդամների անվտանգության հարցում եւ թույլ չէր տալիս, որ առանց իր գիտության դուրս գան հյուրանոցից եւ որեւէ տեղ գնան։Ի դեպ, այս առթիվ հիշեցի, որ խմբի անդամներից մեկի հետ մոլորվել էինք փողոցում , եւ, չնայած հյուրանոցի հասցեն մեր մոտ արտագրած պահում էինք, բայց՝դժվարությամբ գտանք ու վերադարձանք հյուրանոց, քանի որ մեր հանդիպած լեհերը ռուսերենով չէին կարողանում շփվել, իսկ մեր վարժ իմացած օտար լեզուն ռուսերենն էր։

․․․Իսկ մի քանի ամիս հետո՝19888թվի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից  շաբաթներ անց, արդեն ընկա Բելառուսի ,,ջրերը,,՝կրկին կոմերիտական ուղեգրով․բայց որպես մանկավարժ՝աղետի գոտուց էվակուացված երեխաներին դասավանդելու  նպատակով/այդ մասին գրել եմ ,,Բելառուսական կայարան,, երկլեզու հուշագրության մեջ/։

․․․1989թվին արդեն ավարտվեց իմ կոմերիտական կենսագրությունը, որ սկսվել էր ոչ թե դպրոցից, այլ՝գործարանից/ուր աշխատել եմ գրադարանավար, քաղլուսկաբինետի վարիչ, կադրերի վերապատրաստման գծով ինժեներ/։Դպրոցում կոմերիտական չեմ եղել․չեմ դիմել, չեն էլ պարտադրել․հասարակական աշխատանքներից ու կեղծ-բոցաշունչ ճառերից մշտապես խուսափել եմ։Բայց՝գործարանում, պարզվեց, կարող են առանց քո կամքը հարցնելու ընդունել կոմերիտմիության շարքերը/զարմանալով, որ մինչ այդ կոմերիտական չես եղել/ ու ամեն ամիս անդամավճար մուծել պարտադրել։Այդ կամավոր-պարտադիր անդամագրումը, ինչպես նշել եմ ,,ԻՆչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,, 2012թ․գրված բլոգային նյութում, փոխհատուցվում էր եռամսյակային բանկետներվ, մշակութային միջոցառումների տոմսերով կամ հրավիրատոմնսերով եւ առհասարակ՝ապահովում էր աշխատանքի կայունությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ