Translate

Translate

Translate

пятница, 19 февраля 2016 г.

Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները

                / 10 տարվա վաղեմության արխիվից / 

Այս տարվա հուլիսին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը,տեղական հեռուստատեսությամբ խոսելով նորաբաց ժուռնալիստիկայի բաժնի մասին, հայտարարեց, որ առարկան դասավանդելու նպատակով աշխատանքի են հրավիրում ,,գրագետ լրագրողների,,:Ըստ այդմ,մի քանի օր անց ներկայացա ռեկտորին եւ հայտնեցի, որ եկել եմ հայտարարության համաձայն:Վերջինս, նախ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտածի վկայական:Ես, իմ հերթին,նկատեցի, որ հեռուստատեսությամբ արված աշխատանքային հրավերի մեջ նշվել է, որ պահանջվում են ,,գրագետ լրագրողներ,, որն ավելի լայն հասկացություն է, եւ ոչ թե՝ լրագրողական ֆակուլտետ ավարտած մասնագետներ:Նաեւ, ի նշան լրագրողական համերաշխության, պարզաբանեցի, որ Հայաստանում առաջատար թերթերի խմբագիրների եւ լրագրողների գերակշիռ կազմը, չնայած նեղ մասնագիտական կրթություն չունեն, սակայն նրանց ոչ ոք չի կարող զրկել պրոֆեսիոնալ կոչվելու իրավունքից:Ինստիտուտի ռեկտոր,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը հայտնեց, որ ես իմ փաստաթղթերը /դիմում՝գրված 11.07.06թ. եւ աշխատանքային ինքնակենսագրություն, որոնց նա ծանոթացավ /, պետք է նախ ներկայացնեմ գրասենյակ, որից հետո զրույցի կներկայանամ գրականության ամբիոնի վարիչի մոտ:Մի քանի օր անց, սակայն, ինձ հրավիրեցին հայոց լեզվի ամբիոն, որի վարիչին ռեկտորը մակագրել էր.,,Ձեր կարծիքը,,:Լեզվի ամբիոնի վարիչը՝հարգարժան դոկտոր-պրոֆեսորը, ով ինձ դասավանդել է այդ բուհում, դիմումիս վրա մակագրել էր՝,,Չեմ առարկում,,:Իսկ ջերմ զրույցից հետո ինձ ,,գործուղեց,, գրականության ամիբիոնի վարիչի մոտ:Մինչ այդ, սակայն, կադրերի բաժնում պարզվեց, որ պետք է նախ հանդիպեմ ուսումնական գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանին:Վերջինս,գրականության ամբիոնի վարիչի հետ, ի պատասխան ռեկտորի՝,,Ձեր կարծիքը,, մակագրության, իր հերթին մակագրել էր, որ կարծիք կարող է հայտնել միայն ինքնակենսագրության մեջ մատնանշված փաստաթղթերի ծանոթացումից հետո:Սակայն դրա փոխարեն, նա ռեկտորատի միջանցքում, ,,ոտքի վրա,, շտապ-շտապ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ես ունեմ ,,ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ,,:Ս.Թումանյանին եվս ստիպված էի հիշեցնել, որ ռեկտորի կողմից հեռուստատեսությամբ արված հայտարարության մեջ հրավիրվել են ,,գրագետ լրագրողներ,, եւ իմ հերթին հետաքրքրվեցի, թե արդյո՞ք նրա եւ ռեկտորի կարծիքներն այդ հարցում տարբեր են միմյանցից:Ի պատասխան, նա խույս տվեց եւ հայտնեց, որ ինքը ,,վաղվանից,, արձակուրդ է մեկնում:Միջանկյալ նշեմ, որ Ս.Թումանյանն, ինչպես եւ սպասվում էր, ինձ հանդիպելու ուրախությունից չէր փայլում, քանի որ նախկին ռեկտոր Եդոյանի / որի դեմ ընթացող դատական նիստը լուսաբանելու պատիվ եմ ունեցել 2003թվին / ինձ սպառնալու պատիվ է ունեցել /,,Քաղաքացիական նախաձեռնություն,, հունիսի 27, 2003թ. /:Քանի որ այդ պայմաններում անիմաստ էր Ս.Թումանյանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելը, ստիպված էի դրանք գրասենյակի միջոցով ուղարկել ռեկտորին՝2-րդ դիմումով.19.07.06թ.:Այդ փաստաթղթերի մեջ մտնում էին նույն բուհի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմի պատճեն եւ տեղեկանքներ /որոնց թվում՝քաղվածք՝աշխատանքային գրքույկից    լրագրողական գործունեության վերաբերյալ,բնութագիր՝մանկավարժական-լրագրողական գործունեության վերաբերյալ՝Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցի տնօրինության կողմից։     2-րդ դիմուի մեջ նշել էի, որ ուսումնական գծով պրոռեկտորը հրաժարվել է իմ փաստաթղթերին ծանոթանալուց:Եվ, քանի որ հիշեցրել էի հեռուստատեսային չարաբաստիկ հայտարարության մասին՝,,գրագետ լրագրողներ,, հրավիրելու վերաբերյալ, ռեկտորին դա ակնհայտորեն դուր չեկավ.,,2-րդ դիմումի մեջ կարծես մեղադրանք կա,,-դժգոհեց վերջինս՝2-րդ ընդունելության ժամանակ եւ տեղեկացրեց, որ դիմումը կրկին մակագրել է Ս.Թումանյանին:Ռեկտորի նոր մակագրությունից հետո Ս.Թումանյանն ի՞նչ մակագրի, որ լավ լինի.,,Կարծիք կարող եմ հայտնել միայն Մ.Սանթոյանից հետո,,:Եվ սա՝այն դեպքում, երբ գրականության ամբիոնի վարիչ Մ.Սանթոյանը հայտնել էր, որ կարող է կարծիք հայտնել միայն Ս.Թումանյանի՝փաստաթղթերին ծանոթանալուց հետո:Ի վերջո, սկսվեց, փաստաթղթերի ծանթացման ,,ծանրումեծ,, շրջանը.այն համընկավ ինստիտուտի արձակուրդային շրջանի հետ:Ս.Թումանյանին իմ փաստաթղթերին ավելի ,,լրջորեն,, ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով դիմումիս հետքերով գնացի ինստիտուտ՝աշխատակազմի արձակուրդի ավարտից մեկ շաբաթ անց՝օգոստոսի 28-ին, իսկ գրասենյակում պարզվեց, որ նա դեռ պետք է ինչ-որ առաջարկություն գրի, որը պատրաստ կլինի 2 օր անց:Մեկ օր էլ ավել էլ զիջեցի, եւ արդեն իմ լրագրողական հետաքննությունն ավարտելու նպատակով միայն ուղեւորվեցի ինստիտուտ՝օգոստոսի 31-ին:Այդտեղ ինձ սպասվում էր բաղձալի դարձած...մերժումը.վերջապես ես իրենցից պրծա, իրենք՝ինձնից.2-րդ դիմումս՝մակագրություններով ,,քարտեզ,, դարձած՝անհամբեր ինձ էր ,,սպասում,, գրասենյակում.ռեկտորը մակագրել էր.,,տեղեկացնել դիմումատուին,, որ 2006-2007թթ.ուս.տարվա ժամեր չկան ,,լրագրություն,, առարկայի համար:Հարց է ծագում.եթե ,,ժամեր չկան,,  այդ դեպքում ինչու՞ էր աշխատանքի հրավեր արվում եւ համապատասխան փաստաթղթեր պահանջվում:Հազիվ թե այն սոցիոլոգիական հետազոտության թաքնված նպատակ ունենար:Իսկ միգուցե ,,լրագրություն,, առարկայի դասավանդումն ընկած է մինչեւ 2015թ.,,աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մե՞ջ:Եզրակացությունը սա է.աշխատանքի հրավիրելիս չեն մտածել, որ հանկարծ կարող է տեղական իշխանություններին ընդդիմադիր լրագրողը համարձակություն ունենալ՝դիմում ներկայացնելու:Իսկ այն, որ ես ընդդիմադիր եմ դիտվում ոչ միայն տեղական իշխանություների, այլեւ՝ռեկտորի համար, վկայեց այն, որ զրույցի ընթացքում վերջինս նկատեց, որ ես ավելի հաճախ ,,վատ բաներ,, եմ գրում:,,Հնարավոր չէ՞լավ բաներ գրել,,-լրջորեն հետքրքրվեց ռեկտորը:Ըստ այդմ, չի բացառվում, որ դիմումը մերժելու մի պատճառ է հանդիսացել փաստաթղթերի ծանոթացման շրջանում լույս տեսած իմ հերթական քննադատական հոդվածը՝տեղական իշխանությունների դեմ.ՏԻՄ համակարգում աշխատավարձերի յուրացման մասին /,,Փակագիծ,, 25.07.2006թ. ,,Կոռուպցիան գործողության մեջ,,/, նաեւ՝մի քանի այլ քննադատական հոդվածներ:Ինչ խոսք, որոշակի կասկածներ ունեի, որ վերջին 8 տարիներին Վանաձորի իշխանությունների ապօրինություններին պարբերաբար անդրադարձող եւ նրանց կողմից հալածվող լրագրողը հազիվ թե կարողանա իր գիտելիքներն ու փորձը սկսնակներին փոխանցելու հնարավորություն ունենալ այն բուհում, որի կառավարման խորհրդի նախագահը Վանաձորի քաղաքապետի հովանավոր մարզպետն է, սակայն որոշեցի հընթացս լրագրողական հետաքննություն անցկացնել, պարզելու, թե արդյոք՞ ապրում ենք իրավական պետության մեջ, ուր բոլոր քաղաքացիներն իբր թե ունեն աշխատանքային հավասար իրավունքներ:Եթե այս կարգի ընդունելության են արժանանում ,,հրավիրվածները,, ապա ի՞նչ կլինի մրցույթով աշխատանքի ընդունվել ցանկացողների վիճակը պետական համակարգում, եթե ,, թիկունք,, չունեն կամ մարզպետի ու քաղաքապետի ,,թիմից,, չեն:Իսկ այն, որ քաղաքապետի ձայնն այս բուհում վճռորոշ է, վկայում է ինստիտուտի առաջին հարկում փակցված նրա լուսանկարը՝բուհական կառավարման խորհրդի նիստում փառահեղ բազմած:Ստույգ տեղեկություններով, ,,ժամեր չլինելու,, պատճառաբանությամբ մերժվել է նաեւ մեկ այլ լրագրողի դիմում՝տեղական հեռուստատեսության ոլորտից, որի եւ քաղաքապետի միջեւ վերջերս ինչ-ինչ խնդիրներ էին առաջացել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,5.09.2006թ., ,,Փակագիծ,, 

Հ․Գ․Ավելացնեմ, որ ,,Փակագիծ,, թերթից արտատպած սույն հոդվածը թերթում տպագրվել էր՝վերնագրի փոփոխությամբ,չգիտես ինչու, խմբագիրը որոշել էր, որ ավելի լավ կլինի, եթե հոդվածի վերնագիրը լինի, ոչ թե՝,,Ինչպես են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները,,/ինչպես գրել էի/, այլ՝,,Ինչպես են աշխատանքի ընդունվում ընդդիմադիրները,, վերնագրով

вторник, 16 февраля 2016 г.

,Թող մի դիմում էլ նա գրի,,

Վանաձորցի նախկին մտավորականներից մեկը,ով հիմա թոշակառու է, եւ ում հետ նախկին գործընկերներ էինք՝նույն բուհում, վերջերս հերթական անգամ հետաքրքրվեց, թե ինչու՞ բուհում գրադարանի մատենագետի աշխատանքից ազատվեցի ՝,,սեփական դիմումի համաձայն,, ես էլ ստիպված հերթական անգամ հիշեցրի, որ գրադարանի վարիչը մի օր դիտողություն արեց, թե ,,գրադարանը հոդված գրելու տեղ չէ,, / այն բանից հետո, երբ քաղաքային իշխանություներին ոչ հաճելի հրապարակումներ էին հայտնվում /, զրուցակցուհիս էլ թե՝,,բա դու էլ մի երկու լավ բան գրեիր ինստիտուտի մասին...,,: Բա գրում էի, մամուլում լուսաբանում էի ինստիտուտի անցուդարձը, մշակութային միջոցառումները, բայց երբ 1997թ. ՀՀ պաշտոնաթերթում մի հոդված գրեցի գիտա-մշակութային թեմայով միջոցառման մասին, ու ամբիոնի վարիչներից մեկն այդ առթիվ գոհունակություն հայտնեց, նախկին ռեկտորը կանչեց աշխատասենյակ ու հետաքրքրվեց, թե ,,դուք որքա՞ն հոնորար  եք ստանում այս հոդվածների համար,,:Երեւի ուզում էր հոնորարներից ,,փայ մտներ,,:Ի դեպ, երբ տարիներ անց՝2006թ. ռեկտորն աշխատանքից ազատեց նաեւ գրադարանի վարիչին՝թոշակի տարիքի կապակցությամբ, մի հոդված էլ այդ առթիվ գրեցի՝,,Թող մի դիմում էլ նա գրի,, վերնագրով:Հիշեցնեմ, որ գրադարանի վարիչին իմ դեմ հրահրում էր նախկին ռեկտորը, որին էլ հրահրում էր նախկին քաղաքապետը, իսկ ռեկտորը համայնքի ավագանու անդամ էր:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

понедельник, 15 февраля 2016 г.

Սեւ կատվի մորմոքը

Սեւ կատուն, որ բակի մնացած կատուների ահուսարսափն էր, եւ միայն շենքերի մի քանի բնակիչների էր ,,պրիզնատ,, գալիս ու նրանց ոտքերի առաջ հայտնվելիս՝խոնարհ ճանապարհ տալիս, այդ օրը միալար ու աղիողորմ մլավում էր  մի շենքի շքամուտքի առաջ.միգուցե՝նրա համար էր աղեկտուր մլավում, որ 2 օր առաջ այդ շենքում մարդ էր մահացել, թե՝որ ձմեռ էր ու նրա ,,խաղընկեր,, ու միայնակության ,,քավության նոխազ,, սպիտակագորշ կատուները չկային, որ հալածեր ու խաղար հետները...Իսկ միգուցե մահացածի հոգի՞ն էր, որ դեռ պտտվում էր երկրի վրա...
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 6 февраля 2016 г.

Ձորագէսյան հիշողություններ


ԵՎ ՔԱՐՈՒՔԱՆԴ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑ՝ԱՌԱՆՑ ԼՈՒՅՍԵՐԻ

Օրերս առիթ ունեցանք օգտվելու Այրում-Գյումրի էլեկտրագնացքի ծառայությունից:Ձորագետավանում /նախկինում՝ Ձորագէս /գտնվող կառամատույցն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան՝մի քանի տարի առաջ:Իսկ շատ-շատ տարիներ առաջ կառամատույցը հոյակապ վիճակում էր:Պատկերացրեք այն ուղեւորների վիճակը,որոնք երեկոյան ժամը 19-ին, երբ Այրումից գնացքը ժամանում է, ստիպված են քանդված, ծածկը թափված, ասֆալտահան եղած ու կես մետր իջած կառամատույցից բարձրանալ գնացք / ի դեպ, դրա որոշ հատվածներում միայն մետաղե ճաղաշարերն են մնացել /:Այս պարագայում մի ուղեւորին երկու ուղեկցող է պետք. մի հրող-ներս գցող՝դրսից,մի ներս քաշող էլ՝ներսից:Նշենք, որ երեկոյան ժամերին էլ նույնիսկ լուսինն ի վիճակի չէ լուսավորել անլույս կառամատույցը:Առավել ողբերգական է առավոտյան Գյումրիից Այրում գնացող գնացքից Ձորագէսում իջնողների վիճակը.մեկ էլ տեսար՝գնացքի որոշ վագոններ հայտնվեցին կառամատույցի վտանգավոր, քարուքանդ եղած հատվածներում կամ էլ կառամատույցներից հեռու՝,,մի յաբանի տեղ,,.դե հիմա ,,մարդ ես՝թռի ներքեւ,,.ոչ բժիշկ կա, ոչ՝շտապօգնություն:Ի դեպ, տագնապալի է նաեւ Ձորագես մտնող կամրջի վիճակը:Նշենք, որ ամիսներ առաջ Ձորագետավան այցելած ՀՀ նախագահն այս կամրջով չի անցել, այլ՝մյուս,համեմատաբար բարվոք վիճակում գտնվող կամրջով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,Առավոտ,,  10 դեկտեմբերի,2002թիվ

--------------------------------------------------------------------------------

ՁՈՐԱԳԷՍԸ՝ՆՈՐԱՑՎԱԾ ԵՎ ՄՈՌԱՑՎԱԾ

Լոռու մարզի Ձորագէս ավանը, որ հիմնադրվել է 1929թ., նախկինում հայտնի էր որպես ՀԷԿ,սակայն վերջին տարիներին այդ անունն առավելապես շաղկապվում է Թուֆենկյան ընկերության հետ, որն այդտեղ մի քանի տարի առաջ բարձրակարգ հյուրանոց կառուցեց:Բնակիչների պատմելով՝ընկերությունը նույն տեղում նաեւ երկու կամուրջ է նորոգել:Այդուհանդերձ,ավանում դեռ լուրջ խնդիրներ կան.ներհամայնքային ճանապարհներն անհիշելի ժամանակներից չեն նորոգվել,մինչդեռ ամեն տարի Հայաստան մեծ գումարներ են մտնում՝,,գյուղական ճանապարհների նորոգման,,նպատակով:Ձորագետ վերանվանված Ձորագէսը, որ գյուղի կարգավիճակ է ստացել անկախության տարիներին, այսօր միջազգային տուրիզմի կենտրոն է համարվում.Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն այստեղ մեկօրյա կանգառ են անում, հետո ուղեվորվում Հաղպատ, Սանահին, մինչդեռ այս տարածքով անցնող Ալավերդու ավտոճանապարհը քարուքանդ վիճակում է, ճանապարհի եզրաքարերը՝թափված:15 տարուց ավելի է՝քանդուքարափ է նաեւ երկաթուղային կառամատույցը՝դեպի այն տանող քարե աստիճաներով, որոնք մացառներով են պատված:Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի օրոք մի ծրագիր էր պտտվում Հայաստանում՝կառամատույցների նորոգման,բայց Ձորագէսի կառամատույցն այդպես էլ չնորոգվեց,ինչը լուրջ վտանգ է հատկապես ձմռան ամիսներին, երբ փուլ եկած քարե աստիճանները սահադաշտի են վերածվում:Բուժկետը վաղուց վերացել է, դրա, ինչպես նաեւ Վանաձորից բուժօգնության ուշացման պատճառով, ցավոք, անժամանակ մահացություների դեպքեր են լինում:Ընդհանուր բուժզննման բարեգործական ակցիաները մշտապես շրջանցել են այս ավանը:ՀԷԿ-ում աշխատատեղերը պակասել են, կարի ֆաբրիկան էլ անկախության տարիներին սկսեց չգործել, եւ աշխատատեղերի բացակայությունը նպաստեց արտագաղթին:Բնակիչներից ոմանք աշխատում են հյուրանոցի սպասարկան ոլորտում, ուրիշներն էլ մանր բիզնեսով են զբաղվում:Ութամյա դպրոցում 6 աշակերտ կա:Հնաբնակների միակ մխիթարությունն այն է, որ ,,Հայէներգոյին,,պատկանող բնակելի շենքերը թույլատրեցին սեփականաշնորհել, դա էլ՝բնակիչների համառության շնորհիվ:2008թ.նախագահական ընտրությունների նախօրյակին մի քանիսը նամակով դիմեցին ավան այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այն ժամանակ վարչապետ էր, նա էլ՝ընդառաջեց: ,,Իսկ մինչ այդ մի քանի անգամ նախկին նախագահ Քոչարյանին էինք դիմել՝ոչ մի բան չէր արել, դրա համար էլ մենք Սարգսյանին ձայն տվեցինք,,-ասում է ավանի հին բնակիչ տիկին Լաուրան:Բնակելի շենքերը վթարային վիճակում են,դրանցից մեկի մուտքը միանգամից 2-րդ հարկ բարձրացող երկաթապատ աստիճաններով է՝70 տարվա, որոնց աստիճանահարթակների արանքներով մի քանի անգամ երեխաներն ընկել են:Այդուհանդերձ, ավանում կյանքը շարունակվում է, մի քանի ընտանիքներ նույնիսկ քաղաքից են հարս բերել:Չնայած կապի բաժանմունքը լուծարվել է, սակայն ոմանք քաղաքային կամ բջջային հեռախոսներ ունեն:Շենքերի վրա արբանյակային ալեհավաքներ են, հայկական հեռուստաալիքներից նախընտրում են դիտել ,,Շանթ,,  ,,Արմենիա,, բայց հայաստանյան օրաթերթերի հետ հազվադեպ են շփվում:,,Փոստատարը շաբաթը մեկ անգամ ,,Եթեր,, է բերում, ,,Ազատությունն,, էլ էստեղ չի բռնում,,-դժգոհում է տիկին Լաուրան:Իսկ ուկրաինուհի տիկին Նինան կարոտով հիշում է մինչերկրաշարժյան տարիների ակումբն ու գրադարանը, որոնց շենքը՝ՊՆ-ին պատկանող,դռները կողպած վիճակում է, անհայտ ճակատագրով:Նախկին գրադարանի թերթերի ու Ձորագեսի պատմության արխիվը սրբությամբ պահպանում է նախկին գրադարանավարուհի Ելենա Անդրեասյանը:ՀԷԿ-ի հնագույն աշխատողների թոռներն այսօր հեռավոր երկրներից աջակցության ձեռք են մեկնում այստեղ բնակվող իրենց հարազատներին:,,Մենք այստեղից գնացողը չենք, սա մեր հայրենի հողն է,,-ասում է Կուրթանից Ձորագէս հարս եկած տիկին Սեդան, որի դուստրը 15 տարուց ավելի է՝Գերմանիայում է, բայց երիտասարդ որդին կնոջ ու երեխաների հետ բնակվում ու աշխատում է ՀԷԿ-ում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,  ,,Հրապարակ,, 17.10.2009թ.

-----------------------------------------------------------------------------------

շարունակելի