Translate

Translate

Translate

понедельник, 31 декабря 2018 г.

Ամանորյա խոհեր

Հերթ, հերթ հերթ....Վանաձորի ,,Լաչինի միջանցքն,, այս օրերին մտնելիս էլ պետք է հերթի ,,պոչից բռնել,, դուրս գալիս էլ. դառել է 60-ականների Լենինի դամբարանի հերթը՝Մոսկվայի Կարմիր հրապարակում.ինչպես ամեն տարի՝վերջին 20 տարում:Անգամ՝անցորդները ներքին կարգով ,,երթեւեկության կանոններ,, են սահմանել, որ ,,վերեւից,, իջնողներն աջով իջնեն, ,,ներքեւից բարձրացողներն աջով բարձրանան, ու պարբերաբար բարձր ձայնով մեկ էլ տեսար՝որեւէ մեկը բղավում է.,,Աջով գնացեք իջնելիս, աջով, որ ներքեւից բարձրացողն էն մի կողքով բարձրանա,,:Մոր հետ քայլող մի երիտասարդ զգուշացրեց մորը, թե ,,մամ, աջով գնա,,.ի պատասխան՝մայրը զայրացած ասաց՝..,,Խի կարող ա՞ շոֆեր եմ, որ պետք ա պարտադիր իմանամ,թե երբ աջով գնամ, երբ ձախով գնամ,,:

,,Բա ասում են ժողովուրդը փող չունի...,,,,չարախնդում են ոմանք.ինչքան էլ չունենան, հայերը Նոր տարվա համար պարտադիր պետք է փող ունենան.ավանդապաշտ ժողովուրդ ենք, բայց՝այդպես էլ չսովորեցին ոմանք, որ հերթի մեջ չի կարելի ծխել կամ վառած սիգարետով անցնել, իրար հրել կամ հերթից առաջ ընկնել վաճառակետում...Մարդիկ շտապում են, իրարանցման մեջ են,աշխատում են ժամանակի ու էժանի, իրենց ունեցած գումարի սահմաններում տեղավորվել, դրա համար էլ նյարդերը տեղի են տալիս ու մեկ էլ տեսար՝սկսում են իրար վիրավորել:,,Էսօր ներել է պետք, բոլորը պետք է բոլորին ներեն,,-ասում է վաճառողներից մեկը:Ի պատասխան՝գնորդն ասում է.հա չներենք՝ինչ տենք անի,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


суббота, 22 декабря 2018 г.

,,Հաղպատա վանքից թռավ մի թռչուն,,

6.06.2009թ.,,Հրապարակ,, թերթում հոդված էր տպագրվել՝երջանկահիշատակ լրագրող, ծնունդով լոռեցի Գայանե Բաբայանի հեղինակությամբ.,,Սիրուշոյի հարսանիքի առթիվ,,վերնագրով/թերթի նույն համարում իմ մի հոդվածն էլ էր, դրա համար այն պահպանվում է իմ անձնական արխիվներում/:,,Ահա վերջապես լինելու է այն, ինչ քանի տարի է՝խոսում են շոու-բիզնեսով հետաքրքրվող երեխաները.անձամբ երգչուհի եւ երգչուհու եւ դերասանի դուստր Սիրուշոն ամուսնանում է ժողովրդի համար ճակատագիր դարձած Քոչարյանի որդու հետ,,-գրել է հեղինակը:Թերթի ամբողջ էջն զբաղեցնող  ծավալուն հոդվածում, վերլուծելով Քոչարյանի քաղաքական դիմանակարը՝քրեական հարթության վրա, եկել է եզրահանգման.,,Երջանիկ հարսնություն Սիրուշոյին՝Քոչարյանի անաղարտ օջախում.հուսանք, որ արդեն իր ամուսնու եւ սկեսրայրի հետ կապված բոլոր դատավարություններում երգչուհին էլ որպես պաշտպանող կողմ հանդես կգա,,:Փաստորեն, կատարվեց հոդվածագրի գուշակությունը.արդեն Քոչարյանին դատում են, իսկ Սիրուշոն, բնականաբար, նրան պաշտպանողի դերում է/չէ՞ որ մենք հիմա ժողովրդավարական երկրում ենք ապրում, եւ ոչ ոք չի կարող մարդուն ստիպել հրաժարվել իր հարազատից՝քաղաքական իրավիճակից ելնելով.այնպես, ինչպես եղել է 1930-ականների բռնաճնշումների տարիներին/ :Ցավոք, այդ հոդվածից մոտ մեկ տարի անց, Բաբայանն ավտովթարի զոհ դարձավ, մեծ ցավ պատճառելով իր սուր գրչին ծանոթներին, մտերիմներին, գործընկերներին:Ի դեպ, լոռեցի բանաստեղծ Հրաչյա Մաթեոսյանը Բաբայանի մահվան կապացությամբ գրեց հետեւյալ բանաստեղծությունը,որ տպվել է ,,Հրապարակ,, թերթում՝201թվի ապրիլի 10-ի համարում․

Հաղպատավանքից թռավ մի թռչուն,

Հաղպատավանքից պոկվեց մի հնչյուն․․․

Հաղպատասարից նայում ես ծիծղուն,-

Երկինքն ինչպես է վերիվեր թռչում։

Աղջիկ՝պարուրված Լոռու բարբառով,

Հրեշտակներից թեւեր ես առել,

Դու եկար տարով, գնում ես՝դարով,

Արծաթ մամուռից կքամես բառեր։

Կանչեր ես լսում էն խոր անհունից,

Արեւդ խնդաս, կանչում են, արի,

Սերեր կփնջես շարմաղ ու հուրհեր,

Առանց քեզ սերը էլ չի վարարի։

Մենք սարից նայենք, նայենք մենք ձորից, 

Ժպիտդ փնտրենք Լոռու սարերում,

Սարերից էլ վեր բարձրանանք նորից

Ու քեզ որոնենք հին երկինքներում։

Հաղպատավանքին ինչպես մի թռչուն,

Հաղպատավանքին կպավ մի հնչյուն․․․

Կարոտը նորից երկինք բարձրացավ,

Ու սերը դարձավ երկնային մի ցավ։

-----------------------------------------------------------------------------------------------------------------

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


среда, 19 декабря 2018 г.

Մինչեւ ե՞րբ պետք է հայրենի արդարադատությունը մնա ճզմված վիճակում, ու Հայաստանի հպարտ քաղաքացին ստորացվի

Երեկ ահազանգ ստացանք Վանաձորի Խորենացի 10/7 հասցեի բնակչուհի, թոշակառու/բարձրագույն մանկավարժական կրթությամբ/Կարինե  Գրիգորյանից, որ դատական ատյանից սպառնալից գրություն է ստացել, որ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված 64հազար դրամի ,,պարտքը,, չմուծելու դեպքում իրենից բռնագանձում կարվի, դատական ծախսերն էլ՝հետը, ջուրն էլ կանջատվի, ու դրա ծախսն էլ կբռնագանձեն․․․եւ այլն, եւ այլն․․․Իսկ ,,պարտքը,, գոյացել է այն բանի հետեւանքով, որ 2016թ․նոյեմբերին ՀՀ նախորդ կառավարությունն ու նրա ձեռքից ջրային տնտեսությունը գնած ,,Վեոլիան,, հանցավոր համաձայնությամբ, առանց հանրային լսումների, ջրի վարձը բարձրացրել են անջրաչափ բաժանորդների համար՝1100դրամ անձաքանակ սակագնից դարձնելով կայուն 5400դրամ/իրականում՝5800 է անգամ դարձել, իսկ 400դրամը կառավարության կողմից սուբսիդավորվում է/։ Ու այս ապօրինի սակագնով՝,,Վեոլիան,, բաժանորդների վրա պարզապես ,,թիվ է նկարում,, ու պահանջում, որ այդ գումարները մուծեն․անկախ նրանից, ջրաչափ կտեղադրեն, թե չեն տեղադրի։

,,Գնացել էինք Ռուսաստան,մինչ ,,Վեոլիայի,, հայտնվելը 1100դրամ անձաքանակ սակագնով էինք մուծում, բայց Ռուսաստանից եկանք, զարմացանք, որ տեսանք, թե ինչ թվեր են հայտնվել մեր հաշվի համարին, մեզ չեն զգուշացրել, որ ջրի վարձը բարձրացել է, ես ինչու՞ պետք է այդ գումարները վճարեմ, ամիսներ առաջ էլ ջրաչափ ենք տեղադրել՝,,Վեոլիայի,, միջոցով, կանոնավոր մուծումներ ենք կատարել՝ըստ ջրաչափի, դեռ մի բան էլ ավել եմ մուծում երբեմն, բայց էդ ապօրինի գումարն ինչու՞ պետք է մուծեմ,,-ասում է Գրիգորյանը, որ մարտական է տրամադրված եւ զիջելու մտադրություն չունի։

․․․․Մինչեւ ,,Վեոլիայի,, ջրային ցանցի սեփականաշնորհումը, եթե քաղաքացին ջրմուղին պարտք էր, նախ՝ջրմուղը պատշաճ կերպով գրավոր ծանուցում էր ուղարկում՝նշելով պարտքի մասին, հետո եթե ջրմուղն ու բաժանորդը համաձայնության չէին գալիս, նոր՝դատարան հայց էր ներկայացնում․դատարան տալն ամենավերջին ու ծայրահեղ միջոցն էր՝ջրային ցանցի տնօրինության կողմից կիրառվող։2007-20016 թվերին այդպես էր ընդունված։Հիմա՝շուկայում 2016թվից մոնոպոլ դիրք գրավող ,,Վեոլիային,, ՏՄՊՊՀ-ն պարբերաբար տուգանում է, ,,Վեոլիան,, էլ թերեւս այդ տուգանքները որոշել է փոխհատուցել ,,շփթփ,,՝քաղաքացիներին դատի տալով․ում կպավ՝կպավ։Մինչեւ ե՞րբ պետք է հայրենի արդարադատությունը մնա ճզմված վիճակում։

․․․Մեծարգո վարչապետ,պարոն Փաշինյան, արդեն 2-րդ տարին է, համապատասխան կառույցներին/ՀՀ նախագահ, վարչապետ, արդարադատության նախարար, Հանրային Խորհուրդ, իրավապաշտպան կառույցներ, անգամ՝երջանկահիշատակ Շառլ Ազնաուր/ ահազանգում եմ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ,,Վեոլիայի,, կողմից կիրառվող սոցիալական տեռորի մասին, բայց՝ահազանգերս մնում են ձայն բարբառո/ու վանաձորցիներից մեկն այս առթիվ սրամտեց, թե մնաց Լենինի դամբարանին գրես/, իսկ ,,Վեոլիան,, շարունակում է իր գաղութատիրական վերաբերմունքը՝ՀՀ քաղաքացիների նկատմամբ․արդեն՝Նոր Հայաստանում, եւ, որ ավելի վատ է՝Նոր Տարվա շեմին։Ակնկալում ենք ձեր միջամտությունը՝2016թ․նոյեմբերի ապօրինի որոշումը չեղարկելու մասին, այն բխում է ոչ միայն ժողովրդի, այլեւ՝նոր ձեւավորված կառավարության շահերից, որպեսզի երկրում սոցիալական ծանրագույն վիճակն էլ ավելի չմեծանա/դրա հետ մեկտեղ՝կառավարությունն ինչու՞ պետք է ,,Վեոլիայի,, կողմից ապօրինի բարձրացրած վարձը սուբսիդավորի՝բյուջեի հաշվին/։Հայաստանի հպարտ քաղաքացին չպետք է սեփական երկրում հարստահարվող ճորտի դերում լինի։Եթե առայժմ հնարավոր չէ ,Վեոլիայի,, ձեռքից ամբողջությամբ վերցնել ջրային ցանցը,կամ՝չեղարկել նախորդ կառավարության որոշումը՝ջրային ցանցը վաճառելու մասին, ապա պետք է առնվազն չեղարկվի 2016թ․նոյեմբերի որոշումը՝ջրի վարձն առասպելական չափով բարձրացնելու եւ անջրաչափների համար 5400դրամ դարձնելու մասին, որպեսզի ՀՀ քաղաքացուն չպարտադրվի ապօրինի գումարներ վճարել այն դեպքում, երբ հայրենի օլիգարխիան տարիներ շարունակ անգամ օրինական վճարումներ չի արել։


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ,,Վեոլիայից,, տուժած քաղաքացի

 

воскресенье, 16 декабря 2018 г.

,,Մտքին որ ըլեր՝հետ էկած կըլեր,,

                                   Անձնական հուշադարանիս արխիվից

,,Առավոտում,, 2002թվին տպագրված ,,Ուզում են ներգաղթել՝չեն կարողանում,, հոդվածում նշել էի, որ Մոսկվայում գտնվող մի վանաձորցի, կրելով ԽՍՀՄ անձնագիր, չի կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ նախկին, սովետական նմուշի անձնագրերով գործարքներ չեն կատարում, ինքնաթիռի տոմս չեն վաճառում։Հոդվածի լույս տեսնելուց որոշ ժամանակ անց քաղաքացու հարազատը պարբերաբար հետաքրքրվում էր, թե ինչ արձագանք է ունեցել հոդվածը։,,Էդ պասպորտի հարցը հիմի ո՞նց ա լինելու,,։Ու մի օր, հարազատին տեսնելուց հույսը կտրած՝ասեց․,,Ի՜․․․եսիմ նա էլ ընդեղից ուզըմ ա գա՞․․․․Մտքին որ ըլեր՝հըմի էկած կըլեր։Վայթե ըսկի պասպորտը մըհանա յա բռնըմ,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 12 декабря 2018 г.

Ում ճակատին ինչ գրված է ի վերուստ՝այն էլ կլինի

            Աստված ինչ կանխորոշել է քեզ համար՝այն էլ կլինի

Մարդու ճակատագիրը կարող է կախված լինել անգամ՝աննշան հանգամանքներից;1988թվի երկրաշարժից հետո, երբ արդեն էվակուացման ենթակա բոլոր խմբերն՝իրենց մանկավարժներով ձեւավորվել էին, բայց իմ հարազատները նոր էին դժվարությամբ համակերպվել այն մտքի հետ, որ առաջին անգամ պետք է մեն-մենակ երկարատեւ ժամանակով կտրվեմ երկրից, իրենցից, պարզվեց, որ այդ պահին մի խումբ դեռ մնացել է՝Լենինգրադի հայկական համայնք մեկնող, հայկական ժամանակավոր դպրոցում էլ մանկավարժի անհրաժեշտություն կա․մեկնումին մնացել էր 2-3 ժամ, եւ, փաստորեն, նախապատրաստվելու շատ կարճ ժամանակ կար։,,Բա էդ 2-3 ժամում ես ո՞նց հասցնեմ պատրաստվել, անհրաժեշտ իրեր հավաքել-վերցնել,,-կացուկամի մեջ էի ընկել։,,Դե ուրեմն քեզ մնաց վաղվա Բելառուսիայի խումբը․վաղը մի խումբ էլ Բելառուսիա է մեկնելու,,-հայտնեցին այս գործի կազմակերպման միջնորդ-օղակ հանդիսացող բարեկամներս։Ու ես հաջորդ օրն ,,իրերս հավաքելով,,՝Երեւանի պիոներ-պալատի մոտ կանգնած ավտոբուսով, մորեղբորս կնոջ/ով հիմա Լոս-Անջելեսում է/ ուղեկցությամբ ուղեվորվեցի օդանավակայան, այնտեղից էլ՝դեպի Բելառուս․ու իմ նման այլ էվակուացվածների ու մանկավարժների հետ՝հայտնվեցի Բելառուսիայի ,,ծմակներում,,/գեղեցիկ սոճիներով ու սկյուռիկներով հարուստ անտառի մեջ, որտեղ տեղակայված էր Մինսկից ոչ հեռու, Վիլնյուսին սահմանակից ,,Զուբրյոնոկ,, ճամբարը, որտեղ էլ բացվել էր ժամանակավոր հայկական դպրոց, որտեղ էլ առաջին անգամ ինձ դրսեւորեցի որպես մանկավարժ/չնայած մանկավարժի դիպլոմ ունենալուն, մինչ այդ, սակայն գրասենյակային աշխատող էի, նաեւ՝գրադարանավար, քաղլուսկաբինետի վարիչ՝մանրաթելերի գործարանում/․բայց՝ուրախ եմ դրա համար էլ, որովհետեւ անմոռանալի տպավորություններ ունեցա,շփվելով բելոռուս ժողովրդի հետ։/այդ մասին գրեցի մի ամբողջ հուշագրություն, նամակներ, սրամտություններ, հարստացրի անձնական ֆոտոալբոմս․․․/

Ցավոք, 6 ամիս մանկավարժ աշխատելիս չհասցրի Բելառուսի իրավաբանական հեռակա ընդունվել/թեպետ՝այդ առթիվ դպրոցի Բելառուս տնօրինությունից համապատասխան բնութագիր ձեռք բերեցի/։Որովհետեւ մինչեւ 6 ամիս հասարակագիտություն եւ իրավունքի հիմունքներ առարկայի մանկավարժ աշխատելու/որ իրավաբանական ընդունվելու պարտադիր պայման էր /վերաբերյալ տեղեկանք բնութագիր ձեռք բերեցի, դրանից հետո դպրոցը փակվեց, ու ես,վերադառնալով Հայաստան/բայց՝մտադրվելով փաստաթղթերս Մինսկի համալսարանի իրավաբանական հանձնման համար կրկին ետ վերադառնալ/ տեսա, որ իմ անհրաժեշտությունն ահավոր մեծ է հայաստանում՝իմ ընտանիքի համար, ես չէի կարող ծնողներիս թողնել ,,անտեր,, վիճակում, դպրոցական եղբորս  ճակատագիրն էլ էր մտահոգիչ․․․․Այդ ժամանակահատվածում նախկին կոմունիստական մաֆիոզ-կլաններն, օգտվելով երկրում խառնակ ժամանակներից, մարնաթելերի գործարանում 25 տարի կադրերի բաժին ղեկավարած հորս դեմ քրեական գործ էին ,,թխել,,՝գործարանի նոր ղեկավարության հրահրմամբ/ ի պատասխան այն բանի,որ հայրս բողոք-նամակներ էր ուղարկել կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ համարվող, վերակառուցման գործին ձեռնամուխ եղած Թելման Գդլյանին/։Ու ես անգամ ժամանակ չգտա, որ 6 ամսվա ընթացքում, քանի դեռ իրավունք կար ազատ տեղաշարժվել ԽՍՀՄ տարածքում, մեկնել Բելառուս եւ փաստաթղթերս հանձնել իրավաբանական․․․մնացի ու մնացի Հայաստանում․․․հետո մութն ընկավ, ,,լույսերը հանգան,, ու ասին՝,,Ժողովուրդ, ուշ է, գնացեք քնելու․․․,,։Էլ ի՞նչ Բելառուս, ի՞նչ իրավաբանական․․․չէիր իմանում օրդ երբ սկսվեց, երբ ավարտվեց, ու մենակ մտածում էիր, թե ոնց պաշտպանվես վերակառուցման հակառակորդներից կամ փողդ փրկես արժեզրկումից․․․Ու ինձնից անկախ՝արդեն ոչ միայն իմ կամ իմ ընտանիքի, այլեւ՝ուրիշների շահերն սկսեցի պաշտպանել՝հայտնվելով քաղաքացիական հարթակում, լրագրողի կարգավիճակում․․․երեւի Աստված էլ ինձ համար դա էր կանխորոշել․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

воскресенье, 9 декабря 2018 г.

Ես եղել եմ տարեգիր ու կմնամ տարեգիր

Այսօրվա մառախլապատ-անձրեւային եղանակին համահունչ՝մեջս ահավոր մեծ դատարկություն եմ զգում ու որոշակի հիասթափություն, եւ այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ոչ մի տրամադրվածություն:Բայց հպարտ եմ,որ իմ 23 տարվա լրագրողական գործունեության հատկապես վերջին 10 տարվա ակտիվ քաղաքացիական կեցվածքով՝նպաստել եմ այսօրվա հեղափոխության համար պարարտ հող ստեղծելուն:,,Մավրն իր գործն արավ՝մավրը պետք է հեռանա,,.բայց ես չեմ հեռանա ու կշարունակեմ մնալ քաղաքացիական, բայց ոչ՝քաղաքական հարթակում, լրագրողի ու տարեգրի իմ դիրքերում՝ուժերը ներածին չափով նպաստելով քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ժողովրդավարության էլ ավելի մեծացմանը:23 տարվա լրագրողական  գործունեության ընթացքում երբեւէ որեւէ քաղաքական ուժից կախում չեմ ունեցել, ինքս եմ իմ գրչի օգնությամբ եղել ոչ միայն իմ, այլեւ՝ուրիշների ,,մատից փուշ հանողի,, դերում, որի շնորհիվ ձեռք եմ բերել անդավաճան ընկերներ, համախոհներ.../թեպետ՝դավաճաններ էլ են եղել/:Ի՞նչ իմաստ ունի չարաբաստիկ սահմանադրության, 2016թվին ժողովրդին պարտադրված եւ բռնությամբ անցկացված սահմանադրության պայմաններում/այն սահմանադրության, որին ,,ոչ,, ասողներից եմ եղել ու դրա դեմ ակտիվ պայքարողներից՝համանուն խմբում/ մասնակցեմ ընտրությունների, ու ընկածին մի հատ էլ ,,քացով,, խփեմ,,.նախորդ ռեժիմը հիմա այն կարգավիճակում է, որ անգամ 10 տարեկան երեխան կարող է թռնել պատին ու պատռել նրանց բուկլետը.ամենեւին չմտահոգվելով, որ դա իրավախախտում է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ,,մտահոգվել,, որ ,,հանկարծ ՀՀԿ-ն կանցնի,,....:Չարը խափանված է, հեղափոխությունը՝հաղթանակած, ուրեմն թող այն լեգիտիմացնելու հոգսը քաշեն նրանք, ովքեր հեղափոխության ժամանակ լավագույն դեպքում քայլելուց բացի ուրիշ որեւէ արժանիքով՝քաղաքացիական հասարակության կայացման համար, ինչպես նաեւ՝ինտելեկտով,աչքի չեն ընկնում, բայց՝լիուլի օգտվում են նոր իշխանության ,,բարիքներից,,:Ու սա էգոիզմ չէ, այլ՝հպարտ քաղաքացու  արժանապատվության  կարեւորում:Ու՞մ վստահես, եթե մեկը մյուսի ետեւից բացահայտվում են այն ,,ականները,, որոնք նախկինում հանդես էին գալիս կարկառուն ընդդիմության դիրքերից, իսկ հիմա՝360 աստիճանով շրջվել են իրենց սկզբունքներից, ում համար ինքներս էինք ,,մարտեր,,մղում նրանց դեմ, ովքեր ժամանակին զգուշացնում էին, որ նրանք ,,ականներ,, են ու մի օր պայթելու են.ահա հիմա սկսել են ,,պայթել,, այդ ականները ու մեզ ահավոր մեծ հիասթափություն պատճառել, հանգեցնելով եզրահանգման, թե ,,հըբը կյանքս ինչի՞ անցավ,,...

1998թվի իշխանափոխությունից հետո եղել եմ տվյալ ժամանակաշրջանի ամենաաընդդիմադիր ուժերի կողքին, մասնակցել հանրահավաքների:2008թվից՝սատարել եմ ՀԱԿ-ին, եղել ամենաընդդիմադիր թերթի՝,Ժամանակ-Երեւան-Լոս-Անջելեսի,, ակտիվ լրագրողներից մեկը.հիմա, լինելով սկզբունքային մտավորական, գնամ ու՞մ ընտրեմ, եթե այսօր ՀԱԿ-ը չի առաջադրվել, ու Փաշինյանի կողքին այսօր չկան ոչ միայն ՀԱԿ-ի առանցքային դեմքերից, այլեւ առհասարակ առանցքային դեմքեր, քաղաքացիական առաջնորդներ,ինտելեկտուալ մտավորականություն, վառ անհատականություններ, որոնք հարկ եղած դեպքում կարող են նեցուկ կանգնել իրենց առաջնորդին եւ ոչ թե՝առիթի դեպքում կողքից ,,թռնել,,/ու սա ոչ միայն իմ, այլեւ՝այլոց կարծիքն էլ է/:Ես եղել եմ տարեգիր, դեպքերի ժամանակագրության վկա, ու կշարունակեմ մնալ որպես տարեգիր, մինչեւ 2 տարվա ընթացքում սահմանադրական ,,չարեփոխումները,, կչեղարկվեն/որին արդեն իսկ ձեռնամուխ են եղել քաղաքական որոշ ուժեր/, ու կունենանք ժողովրդավարական օրենքների պայմաններում անցկացվող ընտրություններ, եւ քաղաքացին կընտրի նախագահ, ոչ թե՝դրա գործառույթը կհանձնի քաղաքական ուժերին, քաղաքացին կընտրի քաղաքապետ, ոչ թե դրա գործառույթը կթողնի ավագանիներին,իսկ կարճ ժամանակահատվածում, առանց թեկնածուների ծրագրերին մանրամասն ծանոթանալու ընտրության գնալը համարում եմ ոչ ճիշտ դիրքորոշում՝կոնկրետ իմ համար:


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 9.12.2018թ. 

суббота, 8 декабря 2018 г.

Մի տարեց կին,ում հետ պատահելիս ողջունում-անցնում ենք ջերմ-բարեկամական մթնոլորտում, օրերս հետաքրքրվեց, թե ,,Գործի ե՞ս գնում,,:Դե հիմա հո չես կարող 2 ժամ էդ կնոջը պատմել 20 տարվա կյանքդ ու բացատրել, թե, ինչպես եղավ, որ 20 տարի առաջ, ՀՀԿ-ի  իշխանության գալուց մեկ ամիս էլ չքաշած՝զրկվեցիր պետական համակարգում աշխատանքից՝,,սեփական դիմումի համաձայն,, հետագա կյանքիդ ,,դատավճիռն ,, ստորագրելով, իսկ 10 տարի առաջ էլ՝պաշտոնական լրագրողի կարգավիճակից/չնայած՝բարձրագույն կրթություն եւ դրական բնութագրեր-շնորհակալագրեր ունենալուդ/:Մանավանդ՝որ հետաքրքրվողը համացանցից ու ֆեյբուքից էնքան է հեռու, ինչքան ես՝Մարս մոլորակից:Ստիպված ասի՝,,Չէ, էսօր կիրակի է,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ