Translate

Translate

Translate

четверг, 28 августа 2014 г.

Լրագրողական գործունեությունս էս ե՞րբ դարձավ չափահաս...

Վերջերս լրացավ ,,Առավոտ,, օրաթերթի 20 -ամյակը: Տարբեր լրագրողներ, որոնք  նախկինում աշխատել են կամ ՝հիմա էլ են աշխատում թերթում, որոնց մի մասն էլ հանրապետությունից մեկնել է, իրենց հուշերն են ներկայացնում թերթում կամ ՝ հեռուստատեսությամբ:  Ու ես որոշեցի իմ հուշերն էլ ներկայացնեմ  բլոգում. այն հուշերը, որոնք չեմ զետեղել ,,Ինչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,,հոդվածում ՝ AZAT ANKAKH բլոգում  2012թ.հունվարին տպագրված: ,,Առավոտի,, հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ 1995թվին: Բարեկամուհուս ՝ֆլորիստ-դիզայներ, ծնունդով լոռեցի Դոնարա Կոստանդյանի եւ նրա ծանոթուհու ՝,,Ռեսպուբլիկա Արմենիի,, թերթի սեփական թղթակից Էլեոնորա Վարդանյանի հետ գնացինք ,,Առավոտի,, խմբագրություն: Ընդ որում, Դոնարան այն ժամանակ երկրորդ երեխայով հղի էր, եւ կարճ ժամանակ անց պետք է ծնվեր  Էլենը /որի ծննդյան տարեդարձն   այս տարի ֆեյսբուքում  շնորհավորելիս նշեցի, որ իմ լրագրողական գործունեությունը Էլենի տարիքին է /: Հանուն ինձ ՝ Դոնարան ստիպված եղավ այդ վիճակով  ոտքով բարձրանալ մինչեւ մամուլի տան 10-րդ հարկ, որտեղ այն ժամանակ գտնվում էր ,,Առավոտի,, խմբագրությունը: Դե հովհարային անջատումների տարիներ էին, ու վերելակները հաճախ չէին աշխատում: Որպես ,,փոխհատուցում,,՝ ,,Առավոտի,, այն ժամանակվա պատասխանատու  քարտուղար  Հենրի Առուշանյանը Դոնարային խնձոր հյուրասիրեց: Մեզ  ընդունեց գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, եւ հավանության արժանացրեց որպես  ,,ստեղծագործական բնութագիր,, ներկայացրած իմ մի քանի հոդվածներ՝ տպագրված վանաձորյան ,,Տեսադաշտ,,երկշաբաթաթերթում: Պայմանավորվեցինք, որ հրատապ լուրեր ուղարկեմ հեռախոսով: Մեծ նյութերի պահանջ չներկայացվեց: Մինչեւ 1997թիվը լուրերն ուղարկում էի հեռախոսով ՝թելադրելու միջոցով: Սակայն հետագայում, տեխնիկական միջոցների զարգացումից հետո՝ տեքստը ձայնագրվում էր ՝ ֆաքսի վրա հաղորդագրություն թողնելով: Իսկ մինչ այդ ՝ ոմանք երբեմն դժգոհում էին նյութը հեռախոսով ընդունելու համար, ինչը պատահաբար ընկավ գլխավոր խմբագրի ականջը: ,,Դու ինձ ասա, թե ո՞վ է հրաժարվում նյութ վերցնել, եւ ես նրան խիստ կպատժեմ,,-ասաց մի օր խմբագիրը:Ու չնայած չէի ցանկանում գործընկերներիս մոտ ,,ծախողի,, համբավ ունենալ, բայց մի անգամ ստիպված էի  դժգոհել.,,Էս քաղաքական նյութերը  ոնց որ անտեր նյութի կարգավիճակում լինեն. սոցիալականը վերցնում են, իրավականն ու մշակույթը վերցնում են, բա քաղաքականն ո՞վ պետք է վերցնի,,: Արամ Աբրահամյանը մի լավ ծիծաղեց ,,քաղաքական նյութերի անտեր լինելու,, վրա, բայց հետագայում հարցը կարգավորեց: Դա արդեն 1997 թիվն էր, երբ ,,Առավոտը,, մի քանի ամիս փակվելուց հետո կրկին վերաբացվեց ՝ առավել ծավալուն տեսքով: Նյութերը հեռախոսով  հաղորդելուն զուգահեռ ՝ամիսը 1 անգամ էլ մի քանի ձեռագիր նյութ հավաքած ՝ տանում էի Երեւան, խմբագրություն, ,,ձեռի հետ,, էլ հոնորար կամ աշխատավարձ ստանում:Էլեկտրոնային փոստն ու ֆաքսը շարքային քաղաքացիների համար դեռ անհասանելի էին: Մինչեւ 1997 թիվը հոնորարներն այնքան չնչին էին, որ անգամ ճանապարհածախսը չէին փոխհատուցում: Երբեմն էլ ստիպված էի լինում գիշերել ծայրամասում բնակվող բարեկամիս տանը ՝հովհարային անջատումներից ,,շունչ չքաշող,, Երեւանում, որտեղ չլուսավորված ու վերելակը չաշխատող շենքում երեկոյան 7-ից հետո, ձմռան ամիսներին ստիպված ես խարխափելով դուռ փնտրել, վախենալով, թե էս է հայ-հայ որեւէ մոլագար է հարձակվելու վրադ խավար շքամուտքում: Բայց, երբ առավոտը բացվում էր, վախս ու անհանգստությունս փոխհատուցվում էր, երբ որեւէ կրպակից նոր լույս տեսած ,,Առավոտ,, էի գնում, որտեղ արդեն տպագրված էր լինում նախորդ օրը հասցված իմ տեղեկատվությունը կամ հոդվածը: Երբ 1997թվի փետրվար ամսից ,,Առավոտը,, մի քանի ամսով փակվեց ՝անհայտ պատճառներով / թեպետ ասում էին, թե փակվելու պատճառը եղել է թերթում տպագրված ,,ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ՝ Հայաստանի բանտերի մասին,, ծավալուն զեկույցը, որ թերեւս, ինչ-ինչ ուժերի դուր չի եկել /  ,,Հայաստանի հանրապետություն,, թերթում ժամանակավոր ,,ապաստան,, գտնելու  ընթացքում երբեմն զանգում էի ,,Առավոտի,, խմբագրություն, որտեղ պատասխանատու քարտուղարը դեռ շարունակում էր երբեմն հայտնվել ու պատասխանել զանգերին: Մի օր հեռախոսը վերցրեց Արամ Աբրահամյանը   եւ կես-կատակ ասաց.,,Էս դու արդեն լքեցիր հա՞ մեզ, գնացիր ,,Հայաստանի Հանրապետություն,,:  ,,Դե դուք անսպասելի ձեւով փակվեցիք, ես էլ  գնացի,,- արդարացա ես , իսկ Արամ Աբրահամյանը հաստատակամորեն հավաստիացրեց.,,Ոչինչ, մենք ոնց որ անսպասելիորեն փակվել ենք, անսպասելիորեն էլ կբացվենք,,:  Ու 1997 թվի ամռանը ,,Առավոտը,, կրկին վերաբացվեց ՝ նախկին 8-ի փոխարեն 16 էջով, նոր աշխատակազմով, աշխատանքային նոր լիցքերով,  ,,դեղին մամուլի,, պահվածքով, գունավոր նյութերով, նախավերջին էջում ընթերցողին գայթակղել փորձող կիսամերկ աղջիկների լուսանկարներով, սուր ,,խայթոցներով,, ու ,,անպատասխանատու,, նյութերով ՝ պաշտոնյաների զայրույթը  հարուցող: Ինձ հետ արդեն օրինական պայմանագիր կնքվեց, վկայական հատկացվեց: Ամեն օր պետք է 2 լուր հայտնեի, շաբաթական 2 հոդված ներկայացնեի  ՝ համապատասխան աշխատավարձով ու առանձին հոնորարով: Պլանս նույնիսկ գերակատարում էի: ,,Առավոտին,, զուգահեռ ՝ երբեմն հոդվածներ էի տպագրում ԳԱԱ,,Գիտություն,, երկշաբաթաթերթում, որն այն ժամանակ գրեթե չէր ֆինանսավորվում պետությունից, եւ հոնորարներն էլ ,,սիմվոլիկ,, գումարներ էին: Հին ,,Առավոտից,, հիշում եմ գրող Սարո Գյոդակյանին, որ ,,Առավոտում,, մշակութային թեմաներով էր հանդես գալիս ՝1995-1997թվերին, հարցազրույցներ էր վարում: Մի անգամ էլ ուղարկածս նյութի հեռախոսային ,,թելադրության,, մեջ էր ներգրավվել: Ու կարծեմ նա էր, որ շատ զարմացավ, երբ 1996թվին ուղարկածս մի նյութից իմացավ, որ Վանաձորն անցել է շուրջօրյա էներգամատակարարման ՝ 1-ինը հանրապետությունում:  ,,Առավոտի,, հետ իմ շուրջ 9 տարվա համագործակցությունն  եղել է ,, հովհարային,, որի ընթացքում պաշտոնական աշխատանքային ստաժը ՝չորսուկես տարվա /1998-1999թթ. եւ 2002-2005 թթ./: 1999թվի աշնանը մեծաքանակ աշխատանքային կրճատումներն ու  թերթի ֆինանսական վիճակի վատթարացումը,  թերթի ծավալի կրկին փոքրացումը / դարձ ի շրջանս ութ էջանի ,,Առավոտ,,  /, հանգեցրին նրան, որ ստիպված էի համագործակցել հոնորորային կարգով, բայց քանի որ հնորարներն էլ արդեն մեծ ուշացումներով էին տրվում, ստիպված էի 2000թվին ,,Առավոտը,, համատեղել այլ թերթում կամ դրամաշնորհային տեղեկագրերում հոդվածներով հանդես գալով:  Հիշում եմ, երբ այդ առթիվ մտամոլոր հետաքրքրվեցի իմ երբեմնի գործընկերուհի Ռուզան Մինասյանից, թե ,,Բա հիմա ի՞նչ ենք անելու,,՝ կես-կատակ նեղսրտած ասաց.,,Ձմերուկ ենք ծախելու, եսիմ ի՞նչ ենք անելու,,: 2002թվին, երբ թերթի ֆինանսական վիճակը կրկին բարելավվեց, ,,Առավոտում,, աշխատանքային նոր պայմանագիր կնքելու արդյունքում  ծանոթացա...նորագույն տեխնիկաներից մեկի ՝բանկոմատի հետ. թեպետ , պետք է ասեմ, այդ ,,ծանոթությունն,,այնքան էլ իմ սրտով չէր, ու պատճառն այն չէ, որ ,,բանկոմատը,, հայհոյանքի պես է հնչում, պարզապես ՝ բանկոմատի ,,լեզուն,,  ես այդպես էլ չյուրացրի, եւ թերթի աշխատավարձը Վանաձորից ստանալիս պարտադիր բանկի աշխատողին խնդրում էի օգնել: Միակ օգուտն այդ բանկոմատի այն էր, որ առաջվա նման ձմեռ օրով ստիպված չէի հասնել Երեւան ՝ գումար ստանալու:Բայց ,,ձեռի,, հետ էլ  բանկոմատի թերություններին էի անդրադառնում հոդվածներում, քանի որ երբեմն հոսանքի թե անբավարար կապի պատճառով բանկոմատները չէին աշխատում:  ,,Առավոտի,, գործընկերներիցս ոմանց հետ հետագայում համագործակցությունը շարունակվել է այլ թերթերում: 2000թվին ՝,,Ժամանակ,, / որ Արամ Սարգսյանի ու  Անդրանիկ Մարգարյանի   վարչապետության օրոք հանրապետականների  թերթն էր /. խմբագիրը ՝նախկին ,,Առավոտցի,, Արա Գալոյանը, 2005-2010 թվերին ՝ ,,168ժամ,, /գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան /, ,,Տարեգիր,, / գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան /. կամ ՝ ընդհակառակը. այլ թերթում ոմանց հետ  համագործակցությունը շարունակվել է ,,Առավոտում,, . ինչպես  գրող-բանաստեղծ Արմեն Շեկոյանի պարագայում, որի խմբագրած ,,Բանբեր,, շաբաթաթերթում  1995թվին հասցրի ընդամենը մեկ հոդված տպագրել 5 տարեկան հրաշամանուկ երեխայի ՝Նարե Արղամանյանի մասին, ով ներկայումս ճանաչված դաշնակահարուհի է արտասահմանում: Չնայած  ,,Առավոտի,, հետ համագործակցությունս 10 տարվա ,,չձգեց,, բայց՝ պատիվ եմ ունեցել հայտնվելու ,,Առավոտի,, 1999թվի ՝5-ամյա հոբելյանական համարում, որի 3-րդ  էջում գրված է. ,,Առավոտը ոչ միայն լրագրողներն են, այլ նաեւ ՝ խմբագիր Արամ Աբրահամյանը, պատասխանատու քարտուղար Վոլոդյա Պետրոսյանը, տնօրեն Պետրոս Պետրոսյանը, գովազդի բաժնի վարիչ Աիդա Աղամալյանը, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը, ոճաբան Արմեն Շեկոյանը, թարգմանիչ Ռաֆայել Ղազանչյանը, թղթակիցներ ՝ Վանաձորում ՝ Գայանե Հովսեփյանը, Ստեփանակերտում ՝ Ռուզան Իշխանյանը, ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող Հասմիկ Բուդաղյանը.....,,:   ,,Ես քո նյութերից շատ գոհ եմ,,-1997թվի պաշտոնական համագործակցության ժամանակ ասաց ԱրամԱբրահամյանը եւ ավելացրեց. ,,Այ որ քո նման մի լավ աղջիկ էլ  Գյումրիում գտնենք ՝ շատ լավ կլինի,,: / Իմ համագործակցության ընթացքում 90-ականներին Գյումրիից ,,Առավոտին,, սկսեց թղթակցել Հասմիկ Մելքոնյանը /:Երբ 1999թվի ԱԺ ընտրությունների նախօրյակին ,,Առավոտում,,ահազանգեցի, որ Վանաձորի անձնագրային բաժնում մարդկանց նոր անձնագրերով ապահովելու պատրվակի տակ անձնագրերի կուտակում, հերթեր են լինում, ամիսներով անձնագրերը  չեն վերադարձնում մարդկանց, ու այդ հոդվածից հետո ինձ հեռախոսային հոխորտանքով անձնագրային բաժին հրավիրեցին / որի մասին հաջորդ օրը ,,Առավոտում,,հայտնվեց ,,Վատ լուր,, վերտառությամբ մի տեղեկատվություն /, Արամ Աբրահամյանը, երբ որոշ ժամանակ անց մայրաքաղաք մեկնեցի, ինձ ասաց.,,Էդ միլիցիան արդեն քեզ նեղում ա՞...մալադեց,,:Իսկ ամեն անգամ ,,Առավոտի,, խմբագրություն գնալիս ուսումնասիրւմ էի պատի վրայի հայտարարությունները, որ տեսնեմ հո ես որեւէ նկատողություն չե՞մ ստացել, ինչպես ոմանց պարագայում էր լինում:Թեպետ ՝ խրախուսական հայտարարություններ էլ էին լինում:Հիշում եմ, Ա.Աբրահամյանը լրագրողներից մեկին / կարծեմ Լիլիթ Ավագյանն էր / գրավոր խրախուսանքի ու պարգեւավճարի էր արժանացրել ՝ինչ-որ հոդվածի համար մեկ այլ թերթում ,,արժանի հակահարված ստանալու համար,,  ձեւակերպումով, որ փակցվել էր խմբագրության պատին: Չնայած 2006թվին արդեն ,,Առավոտի,, հետ չէի համագործակցում /ստեղծագործական ու գաղափարական տարաձայնությունների պատճառով 2005թվից պայմանագիրը չնորոգելու պատճառով /, սակայն ,,Առավոտի,, լրագրող, երջանկահիշատակ Նաիրա Մամիկոնյանի ՝2006թվի մի հոդվածի արդյունքում  ,,Փակագիծ,, թերթը, որի խմբագիրը թե տնօրենը չարամտորեն խուսափում էր աշխատողների աշխատավարձերն ու հոնորարները վերադարձնել, ի վերջո, փոխանցեց 3 ամսվա հոնորարային գումարներս: Այդ առթիվ գրավոր շնորհակալություն ուղարկեցի Նաիրային, որ հեռախոսազրույցի ժամանակ, իմանալով, որ հոդվածի հաջորդ օրը ,,Փակագծի,,տնօրենը փոխանցել է գումարը,  ծիծաղելով ասաց.,,Տվե՞ց արդեն...էղավ, քիր,,: Այս դեպքի համար է ասված ՝ ,,Հին ընկերները չեն դավաճանում,,: Ու գիտե՞ք որն է զվարճալին. մինչեւ հիմա ոմանք, չգիտես ինչու, կարծում են, թե մինչեւ հիմա ,,Առավոտում,, եմ. այնպես, ինչպես  ոմանք էլ կարծում են, թե դատարանում եմ դեռ աշխատում, որտեղ գործավարի աշխատանքից 20 տարի առաջ եմ ազատվել:Խորհրդանշական է, որ ,,Առավոտի,, հետ համագործակցությունս էլ է 10տարվա ,,ձգում,, բայց չի հասնում, չհամագործակցությունս էլ, այսինքն ՝50-50 է, կամ ,ինչպես ասում էր ,,Կլոն,, սերիալի Զորաիդեն ՝Ջեյդի սուրճի բաժակը նայելիս ՝,,Անցյալն ու ներկան հատվել են իրար,,: ,,Առավոտի,, հոդվածներիս մեծ մասը /ինչպես նաեւ ՝այլ թերթեր, որտեղ հոդվածներ եմ ունեցել /, եւ կամ ՝ դրանց ձեռագիր տարբերակները պահպանվում են իմ անձնական արխիվներում. բացառությամբ այն թերթերի, որոնք Վանաձոր չեն հասել կամ ՝կրպակներից հավաքվել է տվյալ համարը:Իսկ 90-ականներին շատ քիչ ,,Առավոտ,, էր ուղարկվում Վանաձոր: ,,Ինչպես հայտնեց Վանաձորի մեր թղթակից Գայանե Հովսեփյանը, Հայաստանի թիվ 3 քաղաքն ստանում է մեր օրաթերթից ընդամենը 13 օրինակ,,-գրել է ,,Առավոտը,,1995թվի դեկտեմբերի 7-ի համարի առաջին էջում ՝,,Վանաձորում ՝ ընդամենը 13 ,,Առավոտ,,տեղեկատվության մեջ: Անչափ ափսոսում եմ, որ իմ նյութերի արխիվից բացակայում է 12.07.1997թվին ,,Առավոտում,, տպագրված ,,Նստացույցը Վանաձորում,, սոցիալական թեմայով դառն երգիծանքն այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանի տնակների առջեւ 3 տարեց մարդիկ ՝ինքնուս երաժիշտներ, դհոլ-զուռնայով բողոքի յուրօրինակ ցույց են կազմակերպել ՝ ի նշան սոցիալական ծանր պայմանների, եւ ,, ձեռի հետ,, էլ բաց ճամպրուկ են դրել, որպես հանգանակություն հավաքելու միջոց:Նաեւ ափսոսում եմ, որ ,,Առավոտի,, 1998-2000թվի ինտերնետային արխիվի ,,ֆայլերը,, չեն բացվում:        

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 15 августа 2014 г.

Գեորգի / Ժորա /Հովսեփյանի շախմատային կյանքից

Լուսանկարը՝ 1972թվի,,ՇախմատայինՀայաստան,,ամսագրից Հայաստան,,

   Սույն խորագրի ներքո պարբերաբար կզետեղենք արխիվային փաստաթղթեր, հոդվածներ ՝1933թ.ծնված եւ 2013թվին մահկանացուն կնքած ,Թումանյան կայարանցի, արմատներով՝Դսեղից, 1960-ականներից Կիրովականում բնակություն հաստատած, ճանաչված շախմատիստ Գեորգի Հովսեփյանի շախմատային գործունեության վերաբերյալ:Նշենք, որ վերջինս իր շախմատային բազմաբեղուն ու անդուլ գործունեության ընթացքում հասցրեց 1 անգամ նվաճել Կիրովականի շախմատի չեմպիոնի գավաթի կոչումը ՝1969թվականին. իսկ քիմմանրաթելի գործարանում երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում հիմնադրել ու ղեկավարել է աշխարհահռչակ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակը: 60-70-ականների մասնակցել է նաեւ հանրապետական մրցաշարերի:1990-ականներին, արդեն տարեց հասակում էլ էր շարունակում շախմատային գործունեությունը ՝արժանանալով մրցանակների ու պատվոգրերի, ավելին. հովանավորների օգնությամբ 2000թվից հետո երբեմն ինքն էր մրցաշարեր կազմակերպում Վանաձորի վետերանների համար, որի առնչությամբ կան հրապարակումներ ՝ մամուլում: Ստորեւ ներկայացնում ենք 1968թվին ,,Կիրովականյան կյանք,, ռադիոխմբագրության կնիքով, մեքենագրված նյութը ՝ ,,Շնորհալի Շախմատիստը,,վերնագրով, որի աղոտ պատճեն պահպանվել է Հովսեփյանի արխիվներում:Նյութի տակ գրված է, որ այն հաղորդվել է   ռադիոյի պ.խմբագիր Լ.Սահակյանի կողմից: Ենթադրվում է, թե հեղինակն էլ եղել է Վ.Ղազարյանը:                                                                                                                  ՇՆՈՐՀԱԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ 

      Փոքրիկ Ժորան դեռ 10 տարեկան էլ չկար, երբ հրապուրվեց սպորտով: Իսկ երբ 5-րդ դասարանի աշակերտ էր, խաղում էր ֆուտբոլ, վոլեյբոլ, շաշկի: Երեկոներն ուշ էր տուն գալիս: Պատանին գնալով ավելի նվիրվեց սպորտին: Շախմատ էին խաղում, իսկ Ժորան խաղալ չգիտեր: Նա կանգնում էր շախմատ խաղացողների մոտ ու լուռ դիտում խաղը: 7-րդ դասարանի աշակերտին սկսեց մտահոգել այն միտքը, թե ինչպես վարվի, որպեսզի սովորի շախմատ խաղալ: Չէ՞ որ միայն նայելով շախմատ չեն սովորում: Գործնական օգնող էր պետք, սովորեցնող: Ժորայի դասընկերը ՝Սերյոժա Եղիկյանը, հանձն առավ, որ իր ընկերոջը կովորեցնի շախմատ խաղալ: Նա շուտ սովորեց եւ տիրապետեց բարդ ու դժվարին խաղին, իսկ երբ 9-րդ դասարանի աշակերտ էր, դարձավ իրենց դպրոցի շախմատի չեմպիոնը:   1955թվական. Սեւծովյան նավատորմ: 13 տարի է անցել այդ թվականից: Բայց այսօր էլ երիտասարդ, շնորհալի  շախմատիստի հիշողության մեջ անմոռաց է մնացել այդ տարեթիվը:Չէ՞ որ այդ թվականին, Սեւծովյան նավատորմի շախմատի մրցումների առջնությունում էր, որ զինվորական համազգեստով  Հովսեփյանը փայլեց իր խաղով եւ ստացավ առաջին կարգայինի կոչում: Այդ կոչումը շատ ոգեւորեց երիտասարդ շախմատիստին: 1963 թվականից մեր շնորհալի շախմատիստը աշխատում է քիմիական մանրաթելի գործարանում, որպես կադրերի գծով ավագ տեսուչ: Այդ ժամանակից սկսած նա բազմիցս մասնակցել է տուրնիրային մրցումների եւ պաշտպանել է թե հարազատ գործարանի եւ թե քաղաքի սպորտի պատիվը: Երիտասարդ շախմատիստի առաջին հաջողություններից էր, որ 1967 թվականին մեր քաղաքի առաջնության մրցումներում գրավեց երկրորդ տեղը:Արդեն մի քանի տարի է, նա քաղաքի հավաքականի անդամ է: 4 անգամ մասնակցել է հանրապետական մրցումների առաջնությանը: 1965թվականին հանրապետության չեմպիոնատում ,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,, թերթի գեղեցիկ խաղի համար սահմանված մրցանակը շահեց Ժորա Հովսեփյանը: Ի դեպ ասենք, որ նա այդ խաղը վարեց հանրաճանաչ շախմատիստ, սպորտի վարպետ  Վանիկ Զաքարյանի հետ: ,,Համարձակությունը շախմատիստի  ամենակարեւոր հատկություններից մեկն է, եւ այդ հատկությունն ունի Հովսեփյանը,,-ասել է միջազգային վարպետ Գասպարյանը: Եվ պատահական չէ, որ շախմատի կայծակնային խաղով Ժորան գրեթե չունի իրեն հավասարը: Վերջերս անցկացված մեր քաղաքի 1968 թվականի չեմպիոնատում Հովսեփյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ կայծակնային խաղով ՝ առաջին տեղը: Մանրաթելագործների շախմատի թիմն արդեն երրորդ անգամ է նվաճում հանրապետության նավթային եւ քիմիական արդյունաբերության աշխատողների մրցությունում առաջնությունը: Իսկ այդ հաջողություններում, ինչ խոսք, մեծ է Ժորա Հովսեփյանի ավանդը: Մինչեւ Ժորայի գործարան գալը կար ընդամենը 5 առաջին կարգային շախմատիստ: Իսկ այժմ այդ թիվը հասել է 12-ի: Տասնյակների է հասնում երկրորդ եւ երրորդ կարգայինների թիվը: Սպորտի այս ձեւին գործարանի դիրեկցիան ու հասարակական կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում: Պատահական չէ, որ այժմ անցկացվող գործարանի 6-րդ ավանդական սպարտակիադային մասնակցում են շախմատի 10 թիմեր: Կարգային շախմատիստներ Յակով Շտեյնբերգը, Ալբերտ Վարդանյանը, Գուրգեն Սարդարյանը, Ստյոպա Աբրահամյանը, Թելման Բայադյանը եւ շատ ուրիշներ շատ բան են սովորում Ժորայից: Չնայած դեռ չեն ավարտվել գործարանի 6-րդ սպարտակիադայի թիմային մրցումները, բայց մրցումներին մասնակից եւ ավագ դատավոր Ժորա Հովսեփյանը շուտով կավարտի անհատական մրցումների անցկացման կանոնադրության մշակումը: Նա ղեկավարում է շախմատի սեկցիան եւ հաճախ սեանսեր է տալիս շախմատի մի քանի տախտակների վրա: Հովսեփյանին տարբեր առիթներով բախտ է վիճակվել շախմատ խաղալ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի, միջազգային գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյի եւ շատ ուրիշ անվանի շախմատիստների հետ, որոնք գովեստով են խոսել երիտասարդ շախմատիստի խաղի մասին: Շնորհալի շախմատիստ Հովսեփյանին լավ հեռանկար է սպասվում:                                                                                       Վ.Ղազարյան, 1968թ. հաղորդվել է խմբագիր Լ.Սահակյանի կողմից ՝,,Կիրովականյան կյանք,, ռադիոյով,,:      ......... Փաստորեն, այդ ռեպորտաժից 1 տարի հետո Հովսեփյանը  գրավեց շախմատի Կիրովականի չեմպիոնի 1969թ.գավաթը:  

,,Շախմատային Հայաստան,, 1972թ. թիվ 9

,,Կայծ,, թերթ, 1969թ., փետրվարի 8

,,Կայծ,, թերթ, 1966թիվ

                                             
 

,,Շախմատային Հայաստան,, թիվ 9, 1972թ.

ձախ կողմի լուսանկարը՝2004թվի.Վանաձորի շախմատի ակումբում վետերաննների հետ մրցում են պատանիները/սպիտակցի Ռոզա Բաբայան-Գեորգի Հովսեփյան/:Աջ կողմի լուսանկարը՝քիմմանրաթելի գործարանի շախմատիստները.ձախից՝Գեորգի Հովսեփյան,Սերգեյ Աղաջանյան.1970-ականներ:



,,Եզրափակիչի ուղեգիրը նվաճված է,, վերնագրով հոդվածում էլ, որ տպագրվել է 1997թ.,,Վերածնունդ,,  թերթում, ասվում է.,,Ավարտվեց Վանաձորի բաց եւ Լոռու մարզի շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցեց 38 շախմատիստ: Կոմբինացիոն սուր ոճի խաղով վերստին աչքի ընկավ փորձառու շախմատիստ, վարպետության թեկնածու Գեորգի Հովսեփյանը: Նա վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղ,,


,,Կայծ ,, թերթում տպագրված մի հոդվածից էլ տեղեկանում ենք, որ Հովսեփյանը եւ նրա հետ միասին եւս մի քանի շախմատիստներ մտահոգություն են հայտնել, որ Կիրովականում շախմատի ակումբ չի եղել:

,,Կիրովականը սպորտային քաղաք է, ունի սպորտային լավ տրադիցիաներ: Սպորտի մնացած ձեւերից իր զարգացմամբ ետ չի մնում շախմատը: Մեր քաղաքում կան հարյուրավոր կարգային շախմատիստներ, ավելի քան երեսուն առաջին կարգային, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքային ու ռեսպուբլիկական մասշտաբով անցկացվող բոլոր միջոցառումներին: Այդուհանդերձ, մեր քաղաքը որքան էլ տարօրինակ է, չունի իր շախմատային ակումբը. մի հանգամանք, որը չափազանց բացասական է ազդում քաղաքի շախմատիստների սպորտային որակի վրա, որոնք զուրկ են որեւիցե լուրջ կերպով զբաղվելու այդ հին եւ իմաստուն խաղի ուսումնասիրմամբ:Դրան հակառակ, քաղաքում սնկի նման աճում են խորտկարանները, որոնց թողած հետեւանքների մասին ավելորդ է գրելը: Կարծում ենք. որ ժամանակն է ձեւական բնույթ կրող որոշումներից անցնել կոնկրետ գործի եւ մեր սպորտային արդյունաբերական քաղաքում բացել շախմատային ակումբ,,:

Նյութը, որ ստորագրվել է Գեորգի /Ժորա/ Հովսեփյանի եւ նրա գործարանային ու շախմատային ընկերների կողմից /Լ.Ներսիսյան, Յա. Շտեյնբերգ, Է. Սարդարյան, Լ.Գեւորգյան, Ա.Վարդանյան, Ռ.Աբրահամյան /, տեղ է գտել 25. 02.1965թվին՝50 տարի առաջ ,,Կայծ,, թերթում, որի գլխավոր խմբագիրն էլ ճանաչված շախմատիստ Արծրուն Սարգսյանն էր. երեւի թե այդ նամակի արդյունքում Կիրովականում շախմատի ակումբ ստեղծվեց

-1967թ.քիմմանրաթելի գործարանի շախմատային կայծակ-տուրնիրում գրավել է 1-ին տեղը

-1970թ․մարտ-ապրիլին Հայաստանի 30-րդ չեմպիոնատում 16 հնարավորություններից վաստակելով 9․5 միավոր, գրավել է 4-րդ տեղ եւ ստացել վարպետության թեկնածուի կոչում։

-1970, 1973 եւ 1977թթ. շախմատի կայծակնային առաջնության Կիրովականի եզրափակիչ մրցաշարերում գրավել է 1-ին տեղ /ընդ որում՝1977թ.2 անգամ՝փետրվարի 25-ին՝սովետական բանակի 59-րդ տարեդարձին նվիրված մրցաշարում եւ նոյեմբերի 6-ին՝հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված մրցաշարում/:

-1978թ.Կիրովականի քաղաքային առաջնությունում գրավել է 1-ին տեղ:Ունի 35 պատվոգիր, գովասանագիր, դիպլոմ՝տարբեր մրցաշարերում պատվավոր տեղեր գրավելու համար, ստացել է մրցանակային գավաթներ՝արծաթե եւ բրոնզե:

-Գործարանային մրցաշարերում եղել է ավագ դատավոր՝շաշկու եւ շախմատի գծով:

-Լոռու մարզի վետերանների ,,արագ,, շախմատի մրցաշարում գրավել է 1-ին տեղ՝2000թ.:

                                                                                                 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ