Translate

Translate

Translate

вторник, 25 ноября 2014 г.

Ժողովուրդը հանրահավաքից հանրահավաք է ոգեւորվում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հազիվ թե եվրատեսիլյան կատարումները մնան մարդկանց հիշողության մեջ ՝որպես սիրված երգ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հազիվ թե եվրատեսիլյան կատարումները մնան մարդկանց հիշողության մեջ ՝որպես սիրված երգ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Եթե Ղրիմը մտնելու է Եվրասիական միություն (ՌԴ կազմում), Ղարաբաղն ինչո՞ւ չի կարող մտնել - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Եթե Ղրիմը մտնելու է Եվրասիական միություն (ՌԴ կազմում), Ղարաբաղն ինչո՞ւ չի կարող մտնել - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Նախ պատգամավորներին կրթեք, հետո՝ լրագրողներին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Նախ պատգամավորներին կրթեք, հետո՝ լրագրողներին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Բա ու՞ր է մեր ազգային գիտակցությունը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Բա ու՞ր է մեր ազգային գիտակցությունը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հասարակությունը ոչ միայն ուսուցիչներից է բաղկացած - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հասարակությունը ոչ միայն ուսուցիչներից է բաղկացած - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հանրահավաքով հարց չի լուծվի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հանրահավաքով հարց չի լուծվի - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Շա՜տ խնդալու էր հա՞, շա՜տ. ԵԿՄ-ականներն ընդդիմությանը Բաղդադի խուրմա առաջարկեցին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Շա՜տ խնդալու էր հա՞, շա՜տ. ԵԿՄ-ականներն ընդդիմությանը Բաղդադի խուրմա առաջարկեցին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Բա ասում են՝ Ռուսաստանում գրաքննությունն ուժեղ է - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Բա ասում են՝ Ռուսաստանում գրաքննությունն ուժեղ է - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հանուն արդարության - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հանուն արդարության - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

вторник, 11 ноября 2014 г.

Անիկ Հովհաննիսյանի պոեզիան


Վանաձորաբնակ գործարար, 1937թ.ծնված, 2 հասուն զավակների մայր, կենսաթոշակառու ԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որ հասարակական-քաղաքական գործընթացների, հանրահավաքների ակտիվ մասնակից է, նաեւ բանաստեղծություններ է գրում. սկսած ՝1956 թվականից, բայց ՝դրանցից միայն մեկն է մինչ օրս տպագրվել ՝ 90-ականների սկզբին մի կարճ ժամանակ   Վանաձորում լույս տեսնող ,,Ճառագայթ,, թերթում: Այնուհետ բանաստեղծություններից մի քանիսը տրամադրել է 1991-97թվերին լույս տեսնող ,,Գրական Լոռի,, ամսագրին, բայց ՝ այն մի քանի ամսվա թե տարվա կարճատեւ կյանք ունեցավ, ու այդ բանաստեղծություններն այնտեղ չհասցրեցին տպագրվել, տիկին Անիկն անգամ չգիտե, թե ի՞նչ եղավ դրանց ճակատագիրը, սակայն կրկնօրինակները սրբությամբ պահպանել է ու սիրով տրամադրեց մեզ: Դրանք հիմնականում խոհա-փիլիսոփայական բանաստեղծություններ են, շնչում են մեծ հուզականությամբ ու հոգու տվայտանքով, հայրենասիրականները ՝ պաթոսով: Հեղինակի ՝սրտի խորքում  անթեղված զգացմունքները դուրս են ժայթքել հզոր ուժով, քանզի հոգու ճիչն անհնար է զսպել: Ա.Հովհաննիսյանի բանաստեղծություններն ընթերցելիս դրանցից երգ է ծնվում, հոգու ու մտորումների երգ, մեզնից անկախ հայտնվում ենք տիեզերքում ու հասկանում ենք, որ մենք ոչ միայն երկիր-մոլորակի մի մասնիկն ենք, այլեւ՝ տիեզերքի, որի գաղտնիքներն է փորձում բանաստեղծությունների միջոցով հասկանալ հեղինակը, ու այդպես էլ չի գտնում իր որոնածը,  դրանից էլ ծնվում են նոր մտորումներ ՝ բանաստեղծորեն գրված:90-ականներից էլ ավելի մեծ թափով պոեզիայի գիրկը նետվելու իր բուռն հակումներն այսպես է բացատրում Հովհաննիսյանը.,,Ամուսնուս մահից հետո առաջին Նոր տարին էր. նստած էի մոլորված, մտածմունքների մեջ, ու մեկ էլ հանկարծ ՝ ասես մեկն ինձ մեջքից ուժեղ հրեց, դրանից հետո սկսեցին մտքերս ուժգնությամբ հորդել...,,:Բոլոր բանաստեղծությունների վրա ձեռագրով գրված է այն երկնելու տարեթիվը, օրն ու ամիսը, անգամ  ժամը ՝որոշ դեպքերում:,,Հիմնականում ստեղծագործում եմ գիշերը կամ լուսադեմին, արթնանում եմ ու միանգամից սկսում թղթին հանձնել մտքերս,,- պատմում է տիկին Անիկը, որ նաեւ հրաշալի ասմունքող է ու սիրում է ծանոթների, հոգեհարազատ մարդկանց համար կարդալ իր բանաստեղծությունները: Ստորեւ ներկայացվում է Անիկ Հովհաննիսյանի բանաստեղծությունների մի մասը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                                         ԱՐԹՆԱՑԱ                  

Մանկան ճիչով ես արթնացա

Կարծեցի, թե մանկացել եմ

Մանկան խաղեր տվի-անցա,

Մոռացա, որ ծերացել եմ: 

     Եվ ինձ թվաց կյանքը խաղ է,

     Հեշտ է անցնել կյանքի միջով,

     Բացել կյանքի մի նոր գաղտնիք,

     Որին հեշտ չէր գտնել-անցնել:

Գտնել,գտնել մի ճանապարհ,

Որի ծայրը չէր երեւում,
Եվ այդ ճամփան ու՞ր կտանի,

Անհայտ է, անհասկանալի:

     Չիմացողի համար խորթ էր

     Ճամփու եզրի սեպը խրված,

     Սեպի ուղուն, սեպի խաղին

     Չդիմացա, ու արթնացա:

Այս ժամանակ նոր հասկացա,

Զգաստացա, չմանկացա
Ու գնացի վերուստ տրված

Իմ ուղիով...

14.05.2014թ. 

          

                 ՀԱՐՑԱԿԱՆԸ

Կյանքը մի մեծ հարցական է

Հարցերի մեջ 

Հարց ու շարան,

Որ գալիս ու խճճվում է

Եվ դառնում է 

Հարց ու պարան,

Այո, կյանքը մի մեծ 

Հարց է՝օդում կախված

Առանց պարան, 

Որ բախվում ու բաբախվում է.

Նույնն է.մեկ հա՞րց, 

Թե՞ հարցերի 

Ամբողջ շարան

Այս հարցի խնդիրը ո՞րն է.

Մարդն է ստեղծում հարցականը,

Թե հարցականն է  մտել դարան
Եվ սպասում գալիք օրվան...

Այ քեզ հրաշք, այս որտեղի՞ց

Եկավ-մտավ մտքերիս մեջ, 

Որ ծեծվում ու ծեծկվում է

Ու տալիս ինձ հարցեր անվերջ...

Ես հարցերի լուսաբան չեմ, ոչ էլ՝

Հարցերի լուսադարան:

6.11.2011թ.

                       ԽՈՍՔ ՈՐԴՈՒՍ

Աստղերի պես փայլ ես տալիս

Երկնի կապույտ մովի վրա, 

Լույս ես տալիս, շող արձակում

Ամպի տակի շանթի նման:

Կյանք ես տալիս, ծիլ արձակում ՝

Որդատունկի որդի նման,

Քո շնչի հետ բնոր հույս բերում ՝

Արեգակի ջերմի նման:

Դու գալիքի մի նոր հույս ես

Առավոտյան օդի նման,

Ներշնչանքի հույս ու ոգի,

Դու նոր խոսք ես գալիք կյանքի:

Ի՞նչ կանեի ես առանց քեզ

Միայնության այս թմբիրում,

Եվ քանի կաս դու իմ կյանքում

Ես պիտ ապրեմ խոր ծերություն:

5.10.2014թ.

              ՀԻՇԵՑՈՒՄ

Ոչ գեներալ եմ, ոչ էլ ՝ թագավոր,

Մի սովորական անձ ՝մայր հողից ծնված 

Աստղերին լացել ու փառք եմ տվել, 

Տիրոջ կամքով էլ՝ շնորհ ստացել:

Ապրել եմ ես իմ համեստ վաստակով ,

Չեմ դավաճանել, չեմ չարակամել 

Նեղին հասել եմ, չարից ՝խուսափել:

Եթե չեմ գտել այս երկրի վրա 

Իմ բախտը ՝ճամփին,

Կգտնեմ նրան երկնքի վրա

Ու աստղերի մեջ:

Դա Տիրոջ կամքն է՝այդպես կլինի...

8.07.2013թ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           --------------------------------------------------------------------------------

Կուզեմ քեզ հետ լինել հավետ 

Այս պայքարի դաժան դարում,

Կուզեմ քայլեմ, ապրեմ քեզ հետ,

Մեր լեռների հովիտներում:

      Դու եկար, որ լինես, մնաս

      Իմ հոգու մեջ ծաղկող գարուն,

     Քայլեմ, շնչեմ քո շնչի հետ 

     Մեր սիգապանծ, զով սարերում:

Կուզեմ ճախրել բարձունքներում

Իմ նոր բացվող թեւիկներով, 

Կուզեմ լողալ երկնի մովում, 

 Լինել բարձրիկ մեր լեռներում:

      Եվ այնտեղից ճչամ ձայնով, 

       Ի տես, ի լուր ողջ աշխարհի,

       Որ եկել է հայոց գարուն 

    Հայ հինավուրց մեր լեռներում:

Կուզեմ քայլել, ապրել քեզ հետ,

Հավերժ լինեմ ես քո կողքին,

Կուզեմ նորից ջահել լինել,

Ապրել նորից նոր մանկություն:
     Դու եկար, որ ինձ հետ մնաս,

     Նոր գալիքի իմ խենթություն,

     Հավերժության դու նորահարս,

    Գալիք գարնան ծիծաղն ես դու:

Դու եկար, որ ապրեմ քեզ հետ

Ջահելությունն այդ փոթորկուն,

Դու եկար, որ քայլեմ քեզ հետ

Գալիք կյանքի նոր խնդություն:

4.08.1991թ.

                           

ԳԱՆՁԱՍԱՐ

Գուցե գանձեր կան խորը ծոցիդ մեջ

Որ անունդ է հնչում դարերով անվերջ

Թե գանձ ես եղել դու ծնված օրից

Գանձեր ես տվել քո հպարտ ծոցից:

     Գուցե տվել ես գանձերի մտքեր,

     Եվ մի ժողովուրդ, որ ապրում է դեռ

     Ու պիտի ապրի դարեր ու դարեր

     Քանի կանգնած են քարակերտ վանքեր:

Վանքեր՝նորից շնչող, կերտող ու տենչող, 

Ուժ-ոգի տվող հին ու նոր ազգիդ,

Նորից ժողովրդիդ պայքարի հանող,

Վանքերիդ քարերին մոմ ու խունկ վառող:

     Նորից դու արթուն, նորից ջերմացնող, 

     Շնչող ու կերտող եւ միշտ ՝ արարող,

     Դու մեր Արցախի ուժն ես ու ոգին,

     Հին ու նոր կյանքը ՝ տոկացող ազգիդ:

Քո մեջ կա այնքան ուժ ու զորություն...

Դու կտաս շուրջդ ապրող քո ազգին

Վեհ ու զորություն, որ կռվում հաղթի

Իր ուժի, մտքի, խելքի վերելքով...

Եվ պիտի ապրի մի ազգ, ժողովուրդ,

Որ հայ է կոչվում...

14.11.1991թ.

-----------------------------------------------------------------------------------

Նեղված է հոգիս. մթնած ճամփին՝

Քայլերս մոլոր գնում էի,

Մայրամուտին դեմ-հանդիման

Հույսս կտրած գնում էի:

              Մի լույս ծագեց, բացվեց իմ դեմ

              Հանց առավոտ մի գեղանի,

              Փարվեց կրծքիս շողով-շաղով,

              Լցվեց հոգիս մի նոր տաղով:

Կանգնեցի ես դեմ-հանդիման

Ծագող լույսին առավոտից,

Շոշափեցի մութն իմ ճամփի.

Ցրվեց-անցավ լույսի շողից:

13.03.1991թ.

                             ԵՍ ԵՎ ԴՈՒ

Ես եւ դու նման սարերից իջնող

Ձնհալ անձրեւի շիթերից ստեղծված

Առվակներ երկու ՝իրար խառնված

Դարին անտեղյակ ժամանակի հետ

Գահավեժ ժայռից գլորվում ենք ցած:

Քչքչալով փարվում, գգվում ենք իրար

Անուշ խոխոջով քաղցր, գլգլան...

Երկու վտակ՝ դարին անտեղյակ

Գետակ դարձած իջնում ենք ցած...

19.06.1991թ.

---------------------------------------------------------------------------------

Սիրտ իմ, իզուր մի բաբախի

Ուրիշի փնջած վարդի բույրից,

Թե որ անցնի բույրը վարդի

Հետք կմնա փշի խայթից:

21.06.1991թ.

-----------------------------------------------------------------------------------

         ՁՈՆ ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ես մի ճամփորդ եմ ծարավ

Դու՝մի աղբյուր գլգլան,

Անցա,գնացի քո մոտով

Նայեցի ակունքիդ կարոտով:

---------------------------------------------------------------------------------

               ՄՏՈՐՈՒՄ

Երկինքը լազուր է կապել

Աստղ է փայլում կամարում,

Հարդագողը ճամփա է հարթել՝

Ճամփորդին է սպասում:

              Հարդի սփռված ճամփին

              Անունդ մի որոնիր...

              Դա է հուշում քեզ վերից՝

              Մութը լույսից տարբերիր:

Լեգենդը ճիշտ է ասում.

Մի շեղվիր հարդաճամփին,

Պահպանիր դու քո անունը՝

Չմնա հարդի ճամփին:

           Մի հավատա դու կեղծին,

           Աշխարհը լի է չարով

           Բարիդ քեզ կկործանի, 

           Ճիշտ է դա, լավ իմացիր:

Հարդագողը լեգենդ է՝

Սփռված երկնի կամարում,

Խաբված ճամփորդի համար

Կեղծը թակարդ է լարում:

20.07.2013թ.

ԽՈՀԱԿԱՆ

Տեր իմ Աստված.

Լույս տվեցիր

Միտք տվեցիր

Միգամթած 

Իմ աշխարհին,

Աստղ փայլեց

Երկնի միգում,

Միտք արձակեց,

Փայլեց տեղում:

Լույս թափանցեց

Փակ մտքերիս

Անկյունները...

Կապ ու կապանք

Արձակվեցին,

 /Եվ մտքերիս ազատություն

Պարգեւեցին /...

Արգելափակ ճանապարհի

Խոչընդոտները վերացան,

Եվ ես դարձա

Ազատ-անկախ

Ինչպիսինն է ՝ Մայր-Հայաստան:

9.11.2014թ.

----------------------------------------------------------------------------------

Ամբողջ կյանքս վարդ եմ սիրել,

Վարդի թփի ցողն եմ սիրել,

Եվ վաղորդյան լույսի ներքո

Հոգեմաշիկ հայացքը քո:

         Կարոտ դարձար դու ինձ համար

        Մայրամուտին իմ ահարկու,

        Կբուժի՞ արդյոք բույրը վարդի

        Քեզնով խոցված դարդը սրտիս:

Ծաղկի փունջ ես եդեմական,

Վարդի պարտեզ դու կուսական,

Սրտիս վրա թողիր դու հետք

Թեկուզ այժմ չկաս ինձ հետ:

        Հավերժության դու արարիչ

        Դառնացած հոգուս միակ փրկիչ,

        Երջանկություն ինձ պարգեւի

        Կյանքն առանց քեզ իմաստ չունի...

23.06.90թ.

------------------------------------------------------------------------------------

Մեղք եմ գործել
Ես միշտ քո դեմ,

Մեղավոր եմ ՝

Մեղա,մեղա,

Չարերի դեմ միշտ պայքարել,

Երբեմն էլ՝ ներող եղել,

Դրա համար իմ խղճի դեմ

Մեղավոր եմ, մեղա,մեղա:

Մեղքիս համար ներող եղիր,

Դատաստանի օր երբ գա 

Ու մեղավոր  ինձ ճանաչեմ.

Այն ժամ կասեմ հազար բերան ՝

Մեղա եմ քեզ, Տեր երկնավոր,

Մեղավոր եմ, մեղա, մեղա:

20.04.1991թ.

----------------------------------------------------------------------------

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԻՆ

Իմ Արցախ աշխարհ,

Իմ հայրենի տուն,

Իմ փոքրիկ երկիր,

Բիբ ես դարձել դու:

      Աշխարհի աչքին 

      Մեծ ես երեւում,

      Հայերի համար՝

      Պայքարի անկյուն:

Տառապյալ ես դու

Զառամյալ ես դու,

Քո ջահել հոգով

Միշտ կանգուն ես դու:

      Իմ Արցախ աշխարհ,

     Վարդանաց երկիր ՝

     Լուսավորչի տուն,

     Կյանքի ուղեծիր:

Դու պիտի հառնես,

Դու պիտի վառես 

Լուսո կանթեղդ՝

Աշխարհին նայես:

14.04.1991թ.

----------------------------------------------------------------------------------

Քո սլացիկ հասակի դեմ

Ես գամվեցի ու քամվեցի.

Քո կրակոտ հայացքի դեմ

Ես հալվեցի ու սահեցի:
       Քո ջերմացնող արեւի դեմ

       Ես մի անզոր մարխ եմ միայն,

       Ջերմություն ես դեմ-հանդիման

       Ես՝ մի անցնող ճամփորդ միայն:

Քո հանդիպման պահից ի վեր

Գրավեցիր ինձ դյուրավետ,

Ես քո դեմ ի՞նչ...Բանը դու ես

Գերող-այրող կրակի պես:

        Ջերմ տուր մարած հոգուս հանգած,

        Գերիր, ինչպես քաջ զինվորի,

       Հրամայիր ինչ որ կուզես

       Քո գերուհին կկատարի:

26.01.1991թ.

ՏԱՐԻՆԵՐՍ

/արձակ բանաստեղծություն/

Երանի նորից հետ դառնային տարիներս,
Ու այս գիտությամբ ապրեի նորից...

Ի՞նչ պիտի փոխվեր ուզածիս դիմաց,

Թե որ հետ դառնային տարիներս...

Չէ՞ որ ամեն տարիք իր իմաստն ունի,

Էլ ինչու՞ անցյալի գրկից դառնային ետ ՝ 

Մանկությանս տարիները...

Գուցե գաղտնիք կա անցյալ ու ներկա 

Տարիների միջեւ...

Իսկ եթե կա, կամ էլ չկա,

Էլ ինչու՞ դառնային տարիներս...

Թող այնպես, ինչպես որ կա, դա է ճիշտը, 

Առաջ կամ հետ...

Դարձի մի այլ ճանապարհ չկա...

Լոկ պահանջ է՝ ինչ կա- չկա...

Փոխել-շրջել մի ծանր անիվ ՝

Սովորական մարդու բան չէ,

Աստծու կամքին դու հակառակ

Պիտ չգնաս.

Բավարարվիր, ինչպես որ կա...

2.11.2014թ.

 ԷՔՍՊՐՈՄՏ

Դեմս աշունն է, կտամ ու կանցնեմ ՝

Որպես թեւածուփ ու հսկա մի ամպ,
Որ գալարվում է գլխիս վերեւում

Եվ թռիչքներով թեւին է տալիս:

     Եվ այնպես կանցնեմ, ասես իմ կյանքում

     Ոչինչ չի եղել ու չի էլ լինի:

     Քաղցր հուշերն են ինձ թեւահարում,

     Մի ամբողջ շարան գալիս ու գնում...

Եկան ու անցան կարմիր թելի պես 

Եվ ինչ էլ որ կար, այդ բոլորն իմն էր.

Եվ խինդ, եւ ծիծաղ, եւ ջերմ բարեւներ...

Հիմա եկել է աշունը կյանքիս:

      Դու կանգ առ մի պահ, իմ կյանքի աշուն,

      Դեռ ժամանակ կա, ո՞ւր ես շտապում,

      Չէ՞ որ կին եմ ես էլ ՝էս կյանքում,

      Խոսք ունեմ ասելու, այդ ո՞ւր ես փախչում:

Դու տեղ ես բացում ձմռան համա՞ր,

Այդ ձմռանն, ախր, ես դեռ պետք չեմ,

Քանի դեռ կյանք կա այս աշխարհում

Ես դեռ պիտ ապրեմ ՝ հոգուս մեջ գարուն:

      Դեռ կուզեմ տեսնել հայոց երկնքի 

      Շատ պարզ ու շիտակ շառավիղները,

      Որ տերն ՝ Աստված, ինքն է ստեղծել.

      Խաղաղ լինեն մեր երկրի գարունները:

Այս է խնդրանքս ու ցանկությունս,

Մեծ բան չեմ ուզում,բավարար է ինձ,

Թե չէ կյանքը կա ու էլ կլինի,

Քո ձմեռովդ ինձ չես վախեցնի:

       Գնա դու, աշուն, ես չեմ վախենում

      Սառնաշունչ ձմռան բուք ու բորանից,

      Ձմեռն էլ կյանքի իր հմայքն ունի. 

      Օրենքն է այդպես, պիտ սա ընդունենք:

10.12.2013թ.

                 ԳԱՆԳԱՏ

Նոյի տապան,Արարատ լեռ,

Մի՞թե հիմքն են եղել հայի,

Որ խոսվել են դարեր ի վեր

Եվ հասել են երկինքն ի վեր:

       Մի՞թե ազգ ենք եղել մենք էլ,

      Որ ստեղծվել ենք. ու հալածվել, 

      Կառուցել ենք ժամեր, խաչեր ՝

      Տերը մեր դեմ աչք է փակել:

Չի տեսնում իր ստեղծածին,

Իրեն հավերժ նվիրվածին,

Կոտորում են, այրում, խաչում,

Մի՞թե Տերը դա չի տեսնում:

        Թող չլիներ Նոյի տապան,

       Նոյ նահապետ ու պահապան.

       Լինեինք մենք մի անգութ էլ,

       Կոտորեինք նրանց վայել:

Նոյի տապան,Արարատ լեռ,

Չէ, թող հիմքը դա չլիներ,

Ու չխոսվեր դարերն ի վեր

Որ իմ ազգը հանգիստ թողնվեր:

4.05.1991թ. 

ԻՄ ԼՈՌԻՆ

Լոռին գեղեցիկ բնաշխարհ ունի,

Միշտ գեղեցիկ է ամեն ժամանակ,

Թե ձմռան բքին-սառնամանիքին,

Թե կանաչ գարնանն ու ծաղկող ամռանը:

      Ամառը լիքն է մանկան ճիչերով,

     Գալիս-գնում են տարբեր տեղերից,

     Հիանում Լոռվա չքնաղ բնությամբ , 

     Հետո հեռանում ՝լուռ ափսոսանքով:

Ամառը ՝զարդարված ծաղկով-ծիծաղով,
Աշունը ՝ գեղեցիկ, վառ-վառ գույներով,

Ձմեռը ՝ձյունածածկ լերկ գագաթներով.

Ահա ինչպիսին է իմ չքնաղ Լոռին:

     Աշուն է հիմա իմ չքնաղ Լոռում,

    Զարդարվել է նա անհագ գույներով,

    Անտառ ու այգի տեղի են տալիս ՝

    Անհայտ նկարչի վրձնի ներքո:

Աշունն իր հանդարտ թեւերն է փռել

Լազուր երկնքի կամարի ներքո,

Եկեք ու տեսեք ՝միշտ պարզ ու շիտակ,

Այսպիսին է իմ հյուրընկալ Լոռին:

19.09.2013թ.

ԱՆՏԱՌԸ

Հուր-հրատով, փեշերն արձակ,

Արեւի ցոլքը կատարին,

Դեմս սարն է բարձրագագաթ,

Փեշերը ՝ նուրբ, կանաչազարդ:

Սարալանջին անտառածածկ

Թավ թփուտներ են կանաչում,

Հատված ծառի արմատներից

Կառչած վերեւ են բարձրանում:

Թվում է, թե սարն է պահում

Հատված ծառերի արմատին,

Որ ճյուղերը ելնեն-աճեն

Ու անտառը անտառ մնա...

Ո՞վ կընկալի բնության լեզուն...

Բնության խոսքն է բնական,

Սարն անտառին է վերից նայում.

Ահա թե որն է բնության լեզուն:

Ուրեմն դու, մարդ-արարած,

Մի կտրի ծառը, մի հատի բնից

Մեկ է, կաճի ծառն անտառի

Կացինդ անտառից հեռու պահի...

31.05.2014թ. 

Եթե կուզես՝կնայեմ ես

Մայրական այս նուրբ ձեռքերին,

Որ պահում են ափերի մեջ

Սիրո կարոտ նուրբ սրտերին:

      Կուզես մի տաճար կառուցեմ

     Որ մնա միշտ հուր-հավիտյան

    Մոմեր վառվեն այդ տաճարում

     Քո իմացած նուրբ ձեռքերով:

Եվ կնայեմ-կհիանամ

Դալուկ-թոշնած իմ ձեռքերով,

Բայց ափսոս որ, ուշացրել եմ

Ուշք չեմ դարձրել իմ ձեռքերին:

      Ու կնայեմ քո աչքերով

     Մայրամուտիս ճանապարհին.

     Որ բախվում է աշնան շեմին,

     Դեմն է ձմեռ, եւ ոչ ՝ գարուն:

22.10.2014թ.Ծաղկաձոր

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Ասում են՝լույսը հանգավ՝

Սեր պիտի հոսի,

Ասում են ՝ լույսը հանգավ ՝

Կյանք պիտի խոսի:

      Սիրո հարցում սահման չկա,

      Տրամադրվել է պետք միայն

      Սիրո հարցում օրենք չկա, 

      Հարմարվել է պետք միայն:

Համաձայն եմ ես քեզ հետ

Արամայիս Սահակյան,

Մեծն վարպետ, գրչի գիտակ,

Սիրո ասպետ ես դու շիտակ:

16.03.1991թ.

ՄՏԱՊԱՏՈՒՄ

Լալահառաչ կեղծ խոսքերի, 

Կեղծ սերերի մի հավատա.

Քեզ կտանեն մտքերի

Խոր անդունդները,

Անիմաստ է եւ անցողիկ...

Երկու մատով բութ մատը քո

Շոյիր-շփիր

Ու շոշափիր.

Դու կլսես արձագանքը

Քո մատների...

Այդ ժամ կասես,

Որ անցողիկ այս 

Փուչ կյանքում

Ոչ-ոչինչն է

Ամեն ինչը...

Թե չէ տանջվելն ու տուժվելը

Մարդուս համար

Ամենօրյա, բուն-բնույթ է.

Էլ ի՞նչ պետք է խորասուզվել

Խուլ-մտքերի խորխորատը...

16.11.2014թ.

----------------------------------------------------------------------------------

Ես քեզ կանչեցի, Տեր իմ ողորմած,

Օտար երկնքի կամարների տակ,

Խնդրանքս, Տեր իմ, տվեցիր դու ինձ,

Կարծես թե հրեշտակ իջավ երկնքից:

Կանգնեց իմ դիմաց ու ժպտաց նա ինձ

/Վերցրված մի ամպ ՝ լուսափայլ ցոլքից /

Մոտեցավ նա ինձ, կպավ իմ հոգուն

Շոյանքով քնքուշ, ժպիտով անուշ:

Օտար երկնքի կամարների տակ

Ես քեզ հասկացա, իմ հոգու հրեշտակ:

Այսուհետ քեզնից հեռանալն ՝ անգամ

Ծանր կլինի. մեկ ուրիշ անգամ

Ես քեզ կտեսնե՞մ. թող որ տա Աստված,

Թող այդպես լինի:

Կյանքում որոնել, փնտրել եմ ես քեզ,

Իմ օտարական, ես քո նմանի 

Չեմ հանդիպել դեռ երբեք, ոչ մի տեղ...

Իմ երկրից հիմա որքա՜ն հեռու ես...

2.10.91թ.

ԶԱՐԴԱՏՈՒՓԸ

Զարդատուփը զարդի համար

Պահոց գանձ է.

Բայց դե մի օր

Տուփը զարդի 

Մնաց անհույս 

Ու մեկուսի ՝ առանց զարդի.

Որպես մի իր 

Լքված, անհույս,

Աչքից հեռու,

Տարիներ շարունակ ՝բոլորից հեռու,

Սպասում էր իր գտնողին...

Հրաշք կլինե՞ր, թե այդպես լիներ.

Բայց ի՞նչ հրաշք,

Երբ անտարբերն է տիրում տարբերին,

Որ անտարբեր չէ

Հնո իրերին

Գտնելու հարցում...

Ու մի օր էլ գտավ տուփը ՝իր գտնողին,

Փայլատակվեց տուփը զարդի,

Շող շաղափեց,

Ցոլքեր թափեց...

Ջերմությունը,ջերմը նրան

Ծիծաղ ու խինդ,

Բերկրանք բերեց...

Հետո մի օր զարդատուփը,ո՞վ իմանա,

Գտնի իրեն վերցնողին:

6.11.2014թ. 

------------------------------------------------------------------------------------

Կյանքս այսպես մենակ անցավ

Իմ խոհերի երազի պես,

Ինչ որ եղավ,եկավ-անցավ,

Գնաց անդարձ,թողեց մի ցավ:...

Լոկ հուշ մնաց անցած կյանքից,

Փշեր՝քաղված, փնջված վարդից,

Լույս սիրեցի թիթեռի պես.

Կարճ էր կյանքը ՝թիթեռի պես...

1.06.1991թ.

ՀԻՇԵՑՈՒՄ

Սպասում եմ հեռաձայնիդ.

Հեռվից եկող քո ձայնի մեջ 

Կա ճիչ, կա ջերմ...

Ձայնը քո միշտ ուղեցույց է

Մայրամուտիս ճանապարհին...

Նորից աշուն է իմ կյանքում,

Ձմեռն էլ կգա,

Քո ձայնը ջերմ է

Իմ ձմեռ ճամփին:

Զանգիր, բարեկամս,

Մի զլացիր, զանգիր,

Սրտիս թրթիռով կլսեմ ձայնդ,

Դա էլ կլինի իմ հոգու ճիչը,

Կտա արձագանք,կտանի հեռու ՝

Դեպ հավերժություն, 

Հայրն Աստվածային...

29.06.2013թ.

ՈՐԴՈՒՍ ՝ՏԻԳՐԱՆԻՆ

Դու ՝ ամուր կանգնած

Հանց ժայռաբեկոր.

Ես ՝ փոքր լճակ

Քո ստվերի տակ:

Ժայռիդ ստվերում

Պահպանիր դու ինձ,

Չգոլորշանամ արեւի ջերմից

Ու չհեռանամ, 

Միշտ քեզ մոտ մնամ...

30.06.2013թ.

ՄՏՈՐՈՒՄ

Երկինքը ջինջ է ու պայծառ,

Արեւը նայում է երկրին. իսկ ես ՝ արեւին:

Հոգիս ցավում է քեզ համար,

Կարոտ եմ քո բարեւին:

ապրիլ,2014թ.

----------------------------------------------------------------------------------

Բնականոն բնության դեմ տաղ չկա,

Բնականոն օրենքի դեմ խաղ չկա,

Օրենքն ինքն է բնությունը ՝ վախ չկա:

Մարդ արարած,եղիր խոհեմ ու հնազանդ ՝

Դու բնություն ստեղծողին,

Բնության դեմ խաղ չկա...

9.3.1991թ.

----------------------------------------------------------------------------------

Ժողովուրդ, տքալդ, բողոքդ ո՞րն է,

Ինչի՞ համար է քո տրտնջալը,

Տնքալուդ, բողոքիդ անկյունը ո՞րն է,

Անկյունաքար դիր ընկած անկյունիդ:

      Զգա ծանրությունը քո հայրենիքի,

      Ապրիր դու նրա ծանրության հետ,

      Ապրելու համար նյութեղեն պետք չէ,

      Ապրելու համար կայուն կամք է պետք:

Ժողովուրդ, տքալդ, տրտնջալդ ո՞րն է,

Ախր ումի՞ց ես դու բողոքարկում,

Բողոքիդ համար ո՞վ սկուտեղին 

Կմատուցի քեզ ՝ փափուկ անկողին:

17.6.1991թ.

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Իմ մանկության անցած օրեր,

Երազիս մեջ երազ դարձած,

Նորից եկաք, կանգնիք իմ դեմ,

Ոնց իմաստուն երազահան:

         Ապրում եմ ես ձեր հույզերով,

         Քայլում անցած ուղիներով,

         Որոնում եմ ու չեմ գտնում,

         Ու՞ր ես, խելառ իմ մանկություն:

Եկ մեկ անգամ քեզ ճաշակեմ

Քաղցր ու անդարձ իմ վեհություն,

Քայլեմ, շաղվեմ ու շաղախվեմ

Նորից դառնամ դեպ ծերություն...

11.06.1991թ.

---------------------------------------------------------------------------------

Դեմս ծառն է բարձրագագաթ,

Տերեւախիտ, ալեկոծված,

Դա բարդին է հպարտ կանգնած,

Պայքարում է քամու դիմաց:

Քամու շաչից ու շառաչից

Զարկվում-բախվում ՝ չի ընկրկվում,

Պայքարում է, ճոճվում-ճկվում,

Խշխշում է ու խաղաղվում:

Նայում եմ ես ու հիանում.

Քանի տարի այդպես կանգնած

Երկնասլաց ճյուղերն արձակ,

Քամու ուժից աղմկում է, աղաղակում:

Ու այդ պահին պատկերավոր

Մի ալիք է դեմս հառնում,

Ծովից պոկված ալիք-բեկոր,

Որ զարկվում է, բախվում ժայռին...

Եվ ցայտալով իր ճյուղերից

Ցած են թափվում տերեւները,

Հանց ալիքից պոկված շիթեր

Թափվում գետնին, դառնում են հող ՝հումուսաբեր

Նորից սնում մայր ծառերին...

17.10.2014թ.Ծաղկաձոր

---------------------------------------------------------------------------------

Այրվեց-կրակվեց իմ հոգին,

Կրակից լեզու առավ ՝

Լեզվի շոշափուկի մեջ,

Ոչ ոքի իր գիրկը չառավ:

Լեզու առավ, բարձրացավ,

Այրվեց-այրվեց, կարծրացավ,

Մոխիր դարձավ ու հանգավ...

Ու թե խառնես մոխիրը,

Չես գտնի մի կայծ անգամ,

Մոխիրը մոխիր էլ կմնա,

Ուրեմն, թող մոխրի տակ

Պահված կայծը չարթնանա...

2.6.2014թ.

--------------------------------------------------------------------------------

Աչքս բացի, դեմից ՝

Մի մեծ աստղ երեւաց,

Դա քո աստղն էր, սիրելիս,

Որ փայլում էր երկնքում:
Կանչեց հեռվից...

Ես նայեցի...

Փայլեց, փայլեց,

Սահեց՝ գնաց...

29.11.2012թ.

Բացվեց այգը առավոտի,

Շողաց արեւը երկնքում,

Ե՞րբ ես գալու, իմ սիրելի,

Լույս ու փայլ տաս իմ  հոգուն...

---------------------------------------------------------------------------------

Սերս մոռացավ պայմանը

Ու քնով անցավ,

Չմտածելով, որ սպասողը

Մտքերի անդունդն ընկավ...

---------------------------------------------------------------------------------

Ինչ գեղեցիկ է բացվող առավոտդ,

Հայրենիք իմ հարազատ,

Լեռներդ՝ վեհ ու բարձրիկ,

Ձյունածածկ, ճերմակ:

Դեգերել ես դարեր շարունակ ՝

 Դու չես ընկրկել,

Հրոսակներ են եկել ու անցել՝

Բայց դու չես ընկել:

Նայում եմ նոր առավոտիդ ՝

Նոր օրեր բերող,

Սիրտս լցվում է ճիչով ու խինդով,

Զավակներիդ աղմուկով:

Պայքար,պայքար, մինչեւ վերջ պայքար՝

Սա է կոչը պարզ ու շիտակ,

Կոչի ձայնը հասնում է վեր,

Ցրվում, լցվում աշխարհով մեկ.

Դա  մեր պապերի ու հայրերի

Ձայնն է հնչում դարերի միջով,

Գալիս հասնում է մեզ անվերջ ՝

Ազատություն ազատատենչ...

24.03.91թ.

---------------------------------------------------------------------------------

Գրչագոր՞ծ ես, թե՞՝հողագործ,

Որ ճնշում ես դու իմ մտքին,

Երբ կարդում եմ գրածներդ,

Շղթայվում է իմ հոգին:

      Կուզենայի մոտիկ լինեմ,

       Ձեռքս դնեմ ճակատիդ,

      Կուզենայի, որ փարվեմ քեզ,

      Շունչդ շնչեմ, իմ անգին...

2013թ.

Դու սեր չեղար, դու հոգս եղար, 

Ցաված սրտիս ցավ տվիր,

Դու սեր եղար, դու ջերմ եղար,

Հոգնած կյանքիս լույս տվիր...

        Փարվեմ կրծքիդ, սեղմեմ սրտիս,

        Զգամ սրտիդ զարկերը,

       Չլինի՞ թե կա մեկը, որ

       Վայելում է քո սերը:

----------------------------------------------------------------------------------

Գրչի ծայրով գրածներս 

Հոգուս խորքից է բխում,

Դառնացած է հոգիս անվերջ,

Չկա վերջ, հանգստություն:

---------------------------------------------------------------------------------

ՆԱՏԱԼԻԱՅԻՆ

Կհանդիպե՞նք արդյոք մենք իրար նորից,

Կասե՞նք ողջույնի խոսքեր սրտակից,

Ես ՝ հեռավոր Հայաստանից,

Դու ՝ դուստր մեծն Ուկրաինայից:

Ուրախ ու զվարթ ես, իմ Նատալիա,

Թռվռան աղջիկ պարահանդեսի,

Հմայում էիր բոլորին ահա,

Պարի մեջ մտած ամեն մեկի:

Բորբոքում էիր քո ուրախ պարով,

Ծաղկից ծաղիկ թռչող թիթեռնիկի պես,

Պարահանդեսի ծաղիկը կարծես,

Դու՝ թռվռան աղջնակի պես:

10.10.1991թ.

---------------------------------------------------------------------------------

Դու իմ ասպետ, իմ պատվական,

Ասա տեսնեմ ի՞նչ բան է դա,

Սե՞ր է արդյոք դա, իմ հոգյակ, 

Թե՞ մտքերի լիցքաթափում...

-----------------------------------------------------------------

Դու ինձ համար մի սար ես սուր,

Լճակի պես ջինջ ու մաքուր,

Ծարավ հոգուս մի բաժակ ջուր...

23.10.2014թ.Ծաղկաձոր

-----------------------------------------------------------------

Հոգուս նեկտարը կքամեմ

Հոգուդ նեկտարին կխառնեմ,

Եվ այդ նեկտարների հյութով

Սրտիս կրակը կմարեմ...

----------------------------------------------------------------------

Շատ մի թախծիր, մենակ չես դու,

Դեռ կա մեկը ՝ քեզ լուսատու,

Միայն նա քեզ լույս կբերի,

Բայց կմնա դարձյալ հեռու...

-------------------------------------------------------------------------

ՀՅՈՒՍՎԱԾՔԸ

Թելի կծիկի պես մեջս խճճված ՝

Իմ կյանքն  է կարծես,

Որ խտացել ու ծանրացել է 

Հոգուս վրա կրկին:

Շատ է ծանրացել, մի բեռ դարձել,

Հեշտ չէ բեռի տակ տքնելով քայլել:

Դե ուրեմն մատներիս տակից,

Շյուղերս, ինձ շատ հարազատ,

Իրար հպվելով գործեք ու թափեք

Մի սիրուն, գեղեցիկ հյուսվածք:

Եվ դրանով վերջ կտրվի

Իմ խճճված կյանքի կծկին,

Կամ կբացվի հոգուս առաջ

Մի ճանապարհ բացվող-փակվող:

Եվ դա կլինի ինձ բավարար,

Շատ սիրունիկ մի ուսածածկ.

Ու կծածկի բաց ուսերիս 

Տակ թաքնված , մրսած հոգիս...

29.05.2014թ.

---------------------------------------------------------------------------

Հիշողություն ես բերում կարծես թե

Գարուն կարոտիս ՝ դու հեռուներից,

Տաք շնչիդ շնչով ուզում ես նորից

Որ այգին ծաղկի խորը աշունից:

Բարուն քո դարձի պայքարը զուր է,

Զուր են խաղերդ ջերմ ու ոգեշունչ,

Ախր աշուն է շուրջս պտտվում,

Եվ դու զուր է, որ իմ դուռն ես թակում:

19.08.1991թ.

---------------------------------------------------------------------

ՀԵՌՈՒՆ

Հեռուն խաբկանք է՝անհայտություն,

Հեռուն խորամանկ է ՝չբացահայտված,

Հեռուն իմաստ է իմացության մեջ,

Հեռուն ճամփա է ՝ գնալու համար,

Հեռուն թակարդ է ՝ չիմացողի համար,

Հեռուն արձագանք է ՝լեռներից եկող,

Քար ու կապանք է ՝չկապվելու համար,

Հեռուն կարոտ է ՝ կարոտելու համար,

Համբույր ու հուր է ՝ սիրելու համար,

Հեռուն ջուր է ՝ծարավողի համար,

Հեռուն սեր է ՝ սիրելու համար,

Ու հեռվի իմաստը սա է վերջապես...

24.07.2013թ. 

ԲԱՐԻՆ

Բարին իմաստ է ՝իմացության մեջ,

Բարին իմաստ է ՝ ընդունողի համար,

Բարին խաբվող է, բայց՝ չսխալվող,

Բարին գթալ գիտի, դավաճանել՝ ոչ,

Բարին անկաշկանդ մի ուղի ունի,

Սխալվել չունի, սխալի դեպքում ՝

Պաշտպանվել գիտի,

Բարու միտքը միշտ բարիք է տենչում,

Որոնում-գտնում,եւ անկեղծ սրտով 

Միշտ առաջ նայում:

Խոչընդոտ չկա բարության առաջ,

Լինելու դեպքում քար չէ, կապանք չէ,

Փլուզվել գիտի բարու աչքի դեմ, 

Կդառնա փոշի, կվերանա անդարձ:

Բայց եթե հանկարծ զայրույթը բարու

Գլուխ բարձրացնի, վայ նրան,

Ով որ ընկավ թակարդը,

Վերուստ կստանա,

Ու չի իմանա

Թե ումից եկավ նրան վնասը:

10.08.2013թ.

-------------------------------------------------------------------------------

Արդ, իմացար տարիքս,

Խնդրում եմ լռես,

Աղաչում եմ, այդ մասին

Ինձ ոչինչ չասես:

Կանգնած եմ ես հիմա

Նահանջի ճամփին,

Ահ կա մեջս սպասումի ՝

 Լսել քո խոսքին:

Եվ խնդրում եմ քեզ ՝

Ինձ ոչինչ չասես,

Չարաբաստիկ տարիքս

Ինձ չհիշեցնես...

Չդիպչես սրտիս

Նուրբ լարին,

Չփշրես հոգուս ապակին:

Դու իմ մեջ ես,

Իմ հոգու մեջ ես,

Ես չեմ կարող չսիրել քեզ...

----------------------------------------------------------------------------

ԱՄՈՒՍՆՈՒՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մենակությունն իմ թող ցրվի

Դռան զանգի աղմուկ-ձայնից,

Թռչող հոգիս թող որ թռչի,

Թեթեւանամ աղմուկ-ձայնից:

Սրտիս զարկով մոտենամ ես,

Բացվի դուռը ու քեզ տեսնեմ,

Թռչող հոգիս էլի թռչի...:

1.03.2012թ.

--------------------------------------------------------------------------

Ալեկոծված ու դառնացած,

Մտամոլոր քայլում եմ ես,

Կյանքի բովից դեռ դուրս չեկած

Նոր հնոցում վառվում եմ ես:

Ուրախ օրերն ինձնից հեռու,

Լավ օրերին կարոտ եմ ես,

Եվ այս կյանքում, թե այն կյանքում

Ինչ կլինի, չգիտեմ ես:

Ասում են՝,,վերջը բարի լինի,,

Ես այդ վերջին ե՞րբ կտեսնեմ,

Ե՞րբ կհասնեմ, որ իմանամ չարն ու բարին,

Բարուն բռնեմ՝ չարին թողնեմ:

Տեր իմ Աստված, ինչու՞ մեկին

Դու տվել ես լի-լիություն,

Իսկ ինձ նման լուռ-տանջվողին ՝

Միայնություն...

6.03.1991թ.-

ԵՂԲՈՐՍ ՝ԲԱԳՐԱՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մահից հետո կյանք չկա,

Քանի ողջ ես ՝ թափառիր,

Ոչ ոք քեզ իր կյանքը չի տա,

Քանի ողջ ես ՝ թափառիր:

Ողջ աշխարհը դու շրջիր,

Անցիր դու երկրից երկիր,

Կյանքը այնտեղ կգտնես,

Քանի ողջ ես ՝ թափառիր:

Ապրիր այնպես, ինչպես կաս,

Շնչիր օդը հյութակեզ,

Մահից հետո կյանք չկա,

Այդ մասին չմտածես:

18.10.1991թ.Լվով-Ադլեր գնացքից

 ԴՍՏԵՐՍ ՝ԳԱՅԱՆԵԻՆ

Իմ լավ աղջիկ, հայեցի խանում.

Այդպես էին քեզ անվանում,

Բոլորի կողմից դու շատ սիրված,

Բոլորս էլ քեզ շատ ենք սիրում:

Իմ քնքուշ աղջիկ, իմ ալ-կակաչ,

Օտարության մեջ դու մենակ կանգնած,

Ի՞նչ ես մտածում այդպես մոլորված,

Չէ՞ որ նոր կյանք կա դեռ քո դեմ բացված...

Եղիր դու ուշիմ ու միշտ լավատես,

Նայիր դու շուրջդ, ու մի լավ տես, 

Թե այս կյանքում ո՞րն է լավը, եւ  որը՝ վատը:

Դու մի ընկճվիր ու մի կարկամիր,

Ու մի լավ նայիր դու շրջապատին,

Եղիր խոհեմ ու հնազանդ՝

Սա է մորիցդ քեզ խրատ:

Ու երբ դնես կյանքի դատին, 

Դու կխորհես իմ ասածի լավն ու վատը,

Դարիս կյանքը միամիտ չէ, լավ իմացիր,

Ճիշտ ուղիով գնացողին դու հետեւիր:

Առանց դրա դու կկորչես մեր այս դարում,

Ինչպես գետի հորձանուտում վարարուն:

Դու իմ քնքուշ, բողբոջ-ծաղիկ,

Դու իմ միակ,  իմ անուշիկ,

Մտածելու հարցն ինձ տվեք,

Դուք երկուսով ուրախ ապրեք...

4.03.1991թ.

ԽՐԱՏ ՈՐԴՈՒՍ

Կյանքդ այդպես դասավորվեց՝

Դու մեղք չունես,

Կյանքիդ հարցում բողոքելու

Դու տեղ չունես,

Ճակատագիրն այդպես է քեզ ժպտացել,

Գուցե լավն ու բարին է դա, ի՞նչ անես:

Այսուհետ դու որոնիր նոր ուղի,

Նոր կյանք որոնողին կա մի ուղի.

Հիշիր անցյալդ ու մի վարանիր,

Մայրական խրատները քեզ պետք չեն,

Խրատների կարիք չունես ՝այդպես չէ սակայն,

Շատ գիտուն ու իմաստուն ես քեզ կարծում,

Եղածների մասին դու չես մտածում:

Խելքի արի, կյանքդ դեռ առջեւում է,

Ասում են ՝ մեկ կյանք մտնողին մյուսը պետք չէ,

Գուցե այդպես է դրվածքն աշխարհի,

Արի դու անգիտակ մի ոտնահարի օրենքը կյանքի:

4.3.1991թ.

-------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

ՆՈՐԻՑ ՄԵՆԱԿ

Այսօր նորից մենակ եմ ես.

Անցած լավ ու վատ խոհերով,

Անցած տարիների հուշերով

Նորից այսօր մենակ եմ ես:

         Հուշեր անդարձ, հուշեր թախծոտ,

         Հույսեր անհույս, մելամաղձոտ,

         Այսօր այնպես մենակ եմ ես՝

         Իմ մտքերի հետ սրտակեզ...

Ոչ անցյալում, եւ ոչ հիմա

Լավ բան չկար, եւ չէր լինի...

Քանի կյանքում խոչընդոտ կա

Եվ քանի կյանք կա ՝կլինի:

        Անցել են օրերդ ուրախ, զվարթ,

        Եղել են կյանքում դրանք,

        Էլ ինչու՞ եմ այսպես մենակ.

        Գուցե տիրոջ կամքին եղել եմ հակառա՞կ...

12.11.1991թ.

ՄԵՂԵԴՈՒ ՍԻՐԱՀԱՐԸ

Մի մեղեդի ու մի աշխարհ կա իմ մեջ,

Եվ մեղեդու մեղմությունն է ինձ պահում,

Ես լսում եմ մեղմ հնչյունը ինձ համար.

Դառնում է կյանք, դառնում մի հունչ միալար:

         Մեկ մեղեդի ու մի երգ կա իմ հոգում,

         Երբեմն ուրախ, երբեմն ՝ տխուր է հնչում,

         Դա իմն է, իմը ՝այդ մեղեդին,

         Որ թակում է, թմբկահարում իմ հոգին:

Նա ինձ համար երգ է ու մի լայն կամար,

Որ թակում է իմ ականջին միալար,

Խփում սրտիս նուրբ լարերին անդադար,

Ես դառնում եմ հնչյունների սիրահար:

        Խելակորույս երգ եմ դառնում թեւավոր,

        Ու թռչում եմ հոգուս կանչով վերուվար,

        Եվ բարձրանում, սլանում եմ սարն ի վեր,

        Ու ժայռերին խփվում ՝ ուրախ ճիչերով:

2014թ.ապրիլ

---------------------------------------------------------------------------------

,,Դե գնա քարավան, ինձի կթվա...,,/ Ավ. Իսահակյան/

Պղտորված է հայի հոգին,

Դատարկվում է հող հայրենին,

Ալիք է առել, ափերն՝ողողել,

Տեղը չի գտնում, թե ուր է փախչում:

Փախչում է ափերից, փախչում հողից,

Քարավան դարձած, քարավանի հետ,

Շար-շարան բռնած, իրար հետեւից

Բեռնված տուրիստի ուսապարկերով:

Հեռանում են հողից. հեռուն անհայտ է,

Հեռուն կանչում է հույսի հավատով,

Գնում են հույսով ՝ապրելու համար,

Հավատն առ Աստված, հուսալու համար:

Թող քայլի քարավանը, հեռանա-գնա,

Թողած հայրենին լքված շեներով,

Հողը հայրենի՝ դատարկության մեջ:

28.09.2013թ.

Հույսով ապրելն էլ հույս է,

Կյանքը հույսի վրա է հյուսվել,

Հավաքվել ու կյանք է դարձել,

Տարածվել է ու հալածվել:

Հույսից լույս է առաջանում,

Լույս սեր, ո՞վ է դա հնարում,

Հնարողն ո՞վ է ՝ չի երեւում,

Աստված գիտի, վերեւու՞մ է, թե՞ ՝ներքեւում...

9.03.1991թ.

---------------------------------------------------------------------------

Ասում են, անթեղված 

Կրակը երկար է ապրում,

Ու ձեռքի թույլ հպումից 

Նյարդերը հոգի են հարում...

12.11.1990թ.

ԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-----------------------------------------------------------------------------------

Անիկ Հովհանիսյանի բանաստեղծությունների մեջ հաճախ է շոշափվում երկնային Տիրոջ անունը, որին հեղինակը նաեւ բողոք է ներկայացրել ՝թումանյանաբար, եւ, ինչպես մեծն Թումանյանն էր ասում ՝ ,,Պաս չենք էնտեղ մենք ուտում, Ու ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր, Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս,,՝այդ նույն ոգով էլ Հովհ.Թումանյանի մեծ երկրպագու Անիկ Հովհաննիսյանն է բողոքում. ՝,,Գանգատ,, բանաստեղծության մեջ.,,Կառուցել ենք ժամեր, խաչեր, Տերը մեր դեմ աչք է փակել, Չի տեսնում իր ստեղծածին, Իրեն հավերժ նվիրվածին,,: Բայց ՝ մեկ այլ բանաստեղծության մեջ մեղայականով է հանդես գալիս, ինչը խոսում է բանաստեղծուհու ՝Աստծուն անսահման նվիրվածության մասին, որն էլ  բխում է նրա հոգու բարությունից ու մաքրամաքուր էությունից.,,Մեղա եմ ես, մեղա,մեղա, Տեր երկնավոր, մեղա, մեղա, Մեղա եմ ես հազար բերան,,: 

Հովհաննիսյանի բանաստեղծություններում նաեւ անսահման կարոտ կա. չապրած ու ապրելիք կյանքի կարոտ.,,Դու կանգ առ մի պահ, իմ կյանքի աշուն,Դեռ ժամանակ կա, ու՞ր ես շտապում...Դու տեղ ես բացում ձմռան համա՞ր, Այդ ձմռանն, ախր, ես դեռ պետք չեմ,,: Հովհաննիսյանի բանաստեղծւթյուններից ամեն մեկն իր պատմությունն ունի, կապված տարբեր ժամանակներում տեղի ունեցած դեպքերի հետ, դրանցից ամեն մեկը մի հիշողություն է, որ նրա կյանքում անջնջելի հետք է թողել ու մղել ստեղծագործելու...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ