Translate

Translate

Translate

суббота, 21 сентября 2019 г.

8 տարի՝համացանցում․ազատ, անկախ

Մեկուկես տարի է անցել հեղափոխությունից, բայց քաղաքացիական նախաձեռնություններն այդպես էլ չեն խրախուսվում այս երկրում, եթե դու իշխանական թիմից չես։Ըստ այդմ՝2011թվից սկսված իմ համացանցային/ֆեյսբուքյան եւ բլոգային/գործունեությունը որեւէ պետական կամ դրամաշնորհային ծրագրից չի ֆինանսավորվում․ու նման նախաձեռնությունների ֆինանսավորման վերաբերյալ հայտեր ներկայացնելու հայտարարություն էլ երբեւե չեմ հանդիպել համացանցում։Նշեմ, որ 8 տարվա ընթացքում ստեղծել եմ 3 բլոգ/որոցից մեկը՝տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածություն ունեցող AZAT ANKAKH-ը, որում հրապարակել եմ 552 հոդված, Լրագրողական նոթեր/որ նաեւ գրական ուղղվածություն ունի եւ որտեղ հրապարակել եմ 150 հոդված/, եւ Պատմաքաղաքական բլոգ`37 հոդվածներով։Շուրջ 966 նոթագրություններ եմ հրապարակել ֆեյսբուքիս անձնական էջում՝տարբեր ոլորտների առնչվող, իրավապաշտպան եւ այլ ուղղվածության, սոցիալական խնդիրներ բարձրաձայնող։ Ստատուսների թիվը ֆեյսբուքյան մեխանիզմով չի հաշվառվում, ուստի այն հնարավոր չեղավ ֆիքսել, բայց շատ դեպքերում ստիպված եմ եղել հոդվածը գրել ,,ստատուսի,, կարգավիճակով՝նոթագրությունների բաժնի հետ կապված տեխնիկական հանգամանքներից ելնելով/։Ստեղծել եմ ֆեյսբուքյան մի քանի խմբեր/,,Մարդու իրավունքները Վանաձորում,, ,,Մարդ եւ օրենք,,   ,,Կիրովական,, ,,,Հայկական պետություն,, ,,Հայաստան-սփյուռք-Արցախ,,    ,,Գրական-երաժշտական աշխարհ ,, ,,Ձորագէս,,  ,,ԽՍՀՄ ավանդների վերադարձ,,/։

Կայուն ֆինանսավորման դեպքում համացանցային գործունեությունս կարող էր ավելի ակտիվ լինել/թեպետ՝շատերն են զարմանում, թե անձնական համակարգիչ չունենալու եւ ֆինանսական կայուն աղբյուրի բացակայության արդյունքում ինչպես եմ կարողանում նմանատիպ ակտիվություն ցուցաբերել/։ Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել եղածով եւ ոչ պարբերական հաճախականությամբ զբաղվել գրական-ստեղծագործական եւ լրագրողական-բլոգային աշխատանքով՝ անձնական խնայողությունների, սուղ եկամուտների եւ իմ ընտանիքի գոյության համար շահագրգիռ մարդկանց, հարազատների  նվիրատվությունների շնորհիվ։

․․․․Ի դեպ,  նոթագրությունների մի մասը՝ֆեյսբուքից եւ բլոգից, արտատպվել են նաեւ այլ կայքերում՝իրենց իսկ նախաձեռնությամբ։

Քանիցս առաջարկել եմ բաց նամակներով կամ հրապարակումներով, որ այն բլոգները, որոնք ապացուցել են իրենց նպատակայնությունը, պետական կամ դրամաշնորհային աջակցություն ստանան, բայց՝ձայն բարբառո է մնացել։Թերեւս այս ոլորտն էլ է ԽԾԲ տարբերակով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

azatankakh.blogspot.com/AZAT ANKAKH

lragrakan.blogspot.com/Լրագրողական նոթեր/

patmacan.blogspot.com/Պատմաքաղաքական բլոգ/

воскресенье, 16 июня 2019 г.

Լրագրողական մանրապատումներ՝անտիպ նյութերիս արխիվից

1990-ականների վերջերն էր։Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա՝կրթության բաժնից,ճշտելով  ,,Առավոտի,, թղթակից լինելու հանգամանքս, մարտական տոնով հարցրեց․,,Էն ձեր թերթում է՞ր, որ անշնորհք-անշնորհք բաներ էին գրել,,։Այդ կապակցությամբ կասկածելով, թե ,,անշնորհք-անշնորհք ,, ասվածը կարող է կրթական համակարգի կոռուպցիոն երեւույթներին վերաբերվող իմ մի տեղեկատվությունն էլ լինի, ասացի, որ թղթակիցը ես եմ, եթե իմ գրածին է վերաբերվում, խնդրում եմ ասել, թե ինչումն է հոդվածի մեջ նշված սխալը կամ որն է զայրույթի պատճառը։Այստեղ ,,Օհանը վախեց, իր երգը փոխեց,, ու թե՝,,Վայթե ,,Առավոտը,, չէր գրել, ,,Ազգն,, էր գրել, ու սկսեց արդարանալ, թե ինքը չի կարդացել, ուղղակի ուրիշներն են պատմել․․․․

--------------------------------------------------------------------------------------------------------------

Լոռու մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ/1998թիվ/, որ վարում էր նորանշանակ փոխմարզպետ, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը, մի հարբած այցելու ներս մտավ ու փորձեց ինչ-որ խնդիր բարձրացնել՝փոխմարզպետին դիմելով ,,նաչալնիկ,, տիտղոսով։Անկոչ հյուրին մի կերպ համոզելով դուրս տանելուց հետո/որին հաջորդեց ,,Էրնեկ ես էլ նաչալնիկ լինեի,,/,Լոքյանն սկսեց արդարանալ, թե ,,Ինձ թվաց լրագրող է, դրա համար ներս հրավիրեցի,,։Միջադեպն ունեցավ շարունակություն․քանի որ հարբած այցելուին ոչ ոք չէր ուզում լսել,ուստի վերջինս սպառնաց ներքեւում նստացույց հայտարարել ու սպառնալ, որ այն սիրով կնկարահանեն այդտեղ գտնվող ԶԼՄ-ները։

--------------------------------------------------------------------------------------------------------

1988թ․,,Առավոտ,, թերթից հանձնարարել էին, որ լուսաբանեմ կառավարության արտագնա նիստը, որ գլխավորում էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։Նախապես՝Դալլաքյանը զանգել էր մեր տուն, եւ մորիցս հետաքրքրվել, թե ինչ արտաքին ունեմ, որ ինձ ճանաչի/,,նիհարիկ է՞, թե՞չաղլին,,/։Նշված ժամին գնացի մարզպետարան, որտեղ պետք է մարզպետի մոտ լիներ նախնական հավաքը, ու սպասեցի, որ Դալլաքյանը դուրս գա աշխատասենյակից,եւ դուրս գալուց հետո, երբ մոտեցա,երեւի ենթադրեց, որ պարզապես քաղաքացի եմ՝իրեն որեւէ խնդրով դիմող, ու ասեց․․,,Ասա, շուտ-շուտ, վռազ եմ,,․բայց երբ ներկայացա որպես ,,Առավոտի,, թղթակից, ում հենց ինքն էր հրավիրել, մեղմացավ ու ասեց՝,,Հա՜․․․էդ դու ե՞ս․․․արի ներս,,։

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Պատգամավոր Դալլաքյանի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջոցառման առթիվ հոդվածիս մեջ տպագրական վրիպակ էր հայտնվել․բայց իմ միջամտությամբ հաջորդ օրն ուղղվել էր։Երբ մի ուրիշ միջոցառման ժամանակ/ դպրոցի շենքի բացում էր/Դալլաքյանին ասեցի, որ վրիպակն ուղղվեց, ասեց․,,Գիտե՞ս, որ վրիպակն ուղղվում է, կրկնակի գովազդ է գնում․երկու անգամ է շեշտվում նույն միջոցառման մասին,,։

-------------------------------------------------------------------------------------------------

2003թվի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր Դալլաքյանը, որ կրկին առաջադրվել էր որպես պատգամավոր, Վանաձորի շուկայում առեւտուր էր անում՝զրույցի բռնվելով վաճառողների հետ։Մի կին զայրացած դիտողություն արեց, թե ,,Դուք էսօր իրավունք չուենք քարչոզչություն անեք,,։,,Ես քարոզչություն չեմ անում, առեւտուր եմ անում,,-հանգիստ պատասխանեց Դալլաքյանը․այդ երկխոսությունը տպագրվեց ,,Առավոտում,,

-----------------------------------------------------------------------------------------------------------------

2002 թվին Վանաձորի ռադիոխմբագրության /արդեն՝,անվանափոխված որպես ,,Հյուսիսային ալիք,,/խմբագիր Սամվել Դուրինյանին մի օր հարցրի, թե ինչու՞ կեսժամանոց հաղորդման վերջին 10 րոպեի ընթացքում երաժշտություն է հնչում, մինչդեռ կարելի էր այդ ժամանակը լցնել որեւէ տեղեկատվությամբ։Վերջինս մի պահ լուռ մնաց, հետո թե՝,,Ես հիմա գլխի եմ ընկնում, որ դու պատրաստվում ես քննադատական հոդված գրես, ու ինձ հոգեբանորեն նախապատրաստում ես,,։

---------------------------------------------------------------------------------------------------------

Ընդդիմադիր կուսակցություններից մեկի դահլիճային հանդիպման ժամանակ/2000-ականներն էին, Քոչարյանի իշխանության տարիները/,որին ներկա էին նաեւ լուսաբանող հեռուստալրագրողներ՝նկարահանման սարքերով,ռադիոլրագրող Սամվել Դուրինյանը,նստելով դահլիճի առաջին շարքում՝իմ կողքին, ասաց․,,Ես էլ Գայանեի  մոտ նստեմ, որ ընդդիմություն երեւամ,,։

-------------------------------------------------------------------------------------------------------------

1998թվին Լոռու մարզպետարանում խորհրդակցություն էր՝ձեռնարկությունների տնօրենների մասնակցությամբ․հավաքվել էին, որ պարզեն, թե ինչ խնդիրներ կան, որոնք խանգարում էին գործարանների աշխատելուն։Ռադիոլրագրող Դուրինյանն ասաց․,,Ձեռնարկությունները կանգնած, տնօրենները՝նստած,,։Հենց դա էլ դարձրի վերնագիր՝հաջորդ օրը լույս տեսած հոդվածիս համար։

----------------------------------------------------------------------------------------------------------------------

,,Փակագիծ,, թերթի 3-ամյա հոբելյանի ժամանակ, որ կայացավ մայրաքաղաքում, հենց խմբագրությունում, տարբեր քաղաքական գործիչների, պատգամավորների ու լրագրողների մասնկացությամբ, ընթերցվեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի շնորհավորական ուղերձը, քանի որ ինքը դեռ չէր եկել։Այդտեղ գտնվող գրող-հրապարախախոս, երգիծաբան, ,,Ոզնի,, ամսագրի երկարամյա խմբագիր Արամայիս Սահակյանն ասաց․,,Եթե կես ժամվա ընթացքում չեկավ, մենք բոլորս կգնանք նրա ետեւից,,։

---------------------------------------------------------------------------------------------------------------------

2004թվին Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակում ասուլիսի ժամանակ քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը մտահոգություն հայտնեց Քիմիագործների այգում գտնվող զինվորի արձանի անբարեկարգ վիճակի առթիվ, ասելով․,,Զինվորի ավտոմատի կեսն արդեն չկա․էն մյուս կեսն էլ որ չլինի, զինվորն ի՞նչ է ձեռքին բռնելու,,

-------------------------------------------------------------------------------------------------------

1995թիվն էր․զանգեցի ,,Վերածնունդ,, թերթի գլխավոր խմբագիր, երգիծաբան-հրապարակախոս-լրագրող Սամվել Խալաթյանին,որպեսզի ճշտեմ, թե երբ է տեղում, որ հոդված ներկայացնեմ․ասի՝,,Դուք մինչեւ ե՞րբ եք էդտեղ,,․ասեց՝,,Մինչեւ թոշակի գնալս էստեղ եմ,,։

---------------------------------------------------------------------------------------------------------------------

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 2 июня 2019 г.

,,Տարին տարուն երնեկ կուտա, ամեն գարուն երնեկ կուտա,,

Օրերս երաժշտական դպրոցի ուսուցչուհուս տեսա պատահաբար/որ իմ մանկության հիշողությունների մեջ է նաեւ/․երկուսս էլ ուշ երեկոյան տուն էինք վերադառնում։Հին հիշողություններով կիսվեցինք,հին ու նոր լուսահոգիներին հիշեցինք, ճշտեցինք, թե մեր հին ծանոթներից ,,ով՝սաղ, ով՝մեռած,,․․․․ով ՝որ երկիր է տեղափոխվել ու բնավորվել-տնավորվել անկախությունից հետո, ով՝ինչ հաջողությունների  է հասել կամ անհաջողություններ ունեցել արտերկրում․․․Զրույցի ընթացքում զարմանքով հիշատակեց ու ճշտեց տարիքս՝,,Էդքան կա՞ս․․․ուրեմն էսքան տարի է անցե՞լ․․․հեչ չեմ հավատում,,/ինքն ինձնից 15 տարով է մեծ, եւ իմ սիրելի ուսուցչուհիների թվին է պատկանում,,/․․․Համ զարմացանք, համ սարսափեցինք,թե ե՞րբ անցան անկախության 30 տարիները/ժողովրդական լեզվով ասած՝,,շան մսի պես կերան,, մարդկանց տարիները․ամենաիսկական իրավիճակի փոփոխությունը երկրաշարժից հետո էր, հետո մի իրավիճակային փոփոխություն էլ եղավ 1998թվի իշխանափոխությունից հետո․․․/

Ինձ համար զարմանալի էր այն, որ վերջինս, տարիներ շարունակ ապրելով Ռուսաստանում/90-ականներից հետո/, ռուսական թոշակ չէր ստանում, եւ հպարտությամբ ասաց․,,ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի թոշակառու եմ․․․․ու գիտե՞ս, էս մի տարի է ՝եկել եմ, բայց հեչ չեմ ուզում հետ գնամ․․․երեխեքս էլ են ուզում հետ գան․․․,,։

Ինչ լավ է, որ դեռ մարդիկ կան, որ ,,քոչվորի,, հոգեբանությունից դուրս են եկել․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 14 мая 2019 г.

Գա-յո՜....Գա-յո՜....

Մանկությանս ընկերուհու՝5 տարի առաջ մահկանացուն կնքած ձորագէսցի Գայանե Վ.Սարգսյանի հիշատակին

Քո բոլոր նկատառումներն ու հիասթափությունները մշտապես հաստատվում են՝նաեւ տարիներ անց....Ինչքան լավ էիր հասկանում մարդկանց, ու քո կանխատեսումներում չէիր սխալվում, եւ կարողանում էիր տարբերել լավը՝վատից, թացը՝չորից:Միայն մեկ անգամ սխալվեցիր՝մի հարցի առնչությամբ, որովհետեւ հավատացել էիր ինչ-որ մեկի ապակողմնորոշող ձայնին, ու հետո խոստովանեցիր, որ սխալվել էիր քո ենթադրության մեջ:Ու ինչքան էիր դառնանում, երբ թիկունքից հարված էիր ստանում շատ անսպասելի տեղից, ու հետո հիասթափությունդ կիսում էիր...Քո վերջին երազանքը ծովն էր, ու երեւի թե ծովն էլ խաղաղեցրեց հոգիդ՝նախքան հավերժի ճամփան բռնելը, ու հենց ծովից էլ մի լուսանկար զետեղեցիր համացանցում՝ծովի ալիքների մեջ, ձեռքդ պարզած, հայացքդ՝կարծես իրավիճակիդ հետ հաշտված:

Դեռ մանկուց այնքան էր ներաշխարհդ զգայուն, որ 8-10 տարեկան հասակում քո մանկական հոգու վրա մեծի հոգեբանությամբ էիր զգում երիտասարդ մորեղբորդ՝ձորագէսցի Ռուդիկի ողբերգական մահը՝սովետական զինված ուժերում/1960-ականներին/,որ սգում էիր բացեիբաց, իսկ մենք՝քո հասակակակից մանուկներս ի վիճակի չէինք այն ժամանակ խորությամբ ընկալել քո մեծ ցավը, որ երեւի թե փոխանցվել էր մեծերից լսած զրույցներից:Դու ժամանակից շուտ հասցրիր հասունանալ ու հասուն մարդու նման տառապել.երիտասարդ տարիքում արդեն ստիպված էիր ուսերիդ անտրտունջ կրել ընտանիքի հոգսը, երիտասարդ տարիներդ նվիրել անկողնուն գամված մորդ խնամքին, այնուհետ՝սիրելի կողակցից զրկված հորդ խնամքը հայտնվեց քո ուսերին՝արդեն 1990-ականներին:Ու քո անձնական կյանքը զոհաբերվեց նրանց այնքան ժամանակ, քանի դեռ ողջ էին:Ներիր, որ տարիներ առաջ ստիպված էի մերժել հրավերդ՝տարեդարձդ նեղ-մտերիմ շրջապատում, քո մերձավորների հետ կազմակերպված ռեստորանային խնջույքին մասնակից լինելու, որովհետեւ այդ ժամանակ էլ ես էի հոգսաշատ, ու չէի ցանկանում արդեն հիվանդության շեմին գտնվող հորս թողնել առանց խնամքի/առավել եւս, որ ամիսներ առաջ էլ մայրս էր մահացել, ու նա կրկնակի վշտի մեջ էր/:Չնայած ինձնից մի քանի ամսով փոքր էիր, բայց՝լավագույն խորհրդատու էիր ինձ համար.այնպես, ինչպես կյանքի մեծ դպրոց անցած մեկը, ու երեւի դրա համար՝ծնողներս քեզ վերաբերվում էին ինչպես հարազատի, խրախուսում մեր ընկերությունը/երբ այցելում էիր մեր տուն, հայրս գալիս էր ողջունում, կատակներ անում ու ասում՝,,Դե ես գնամ, ձեզ չխանգարեմ, դուք հանգիստ զրուցեք,,/:Այն բացառիկ մտերիմներից էիր, որ ինձ դիմում էր ,,Գայո,,.ու Ձորագէսում էլ, հետագայում, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Կիրովական, նաեւ Կիրովականի բնակարանի լուսամուտի կամ պատշգամբի տակ կանգնում էիր ու ձայն տալիս.,,Գա-յո՜...Գա-յո՜,,:Նույնն էլ ես էի՝մանուկ հասակում, Ձորագէսում ձեր շենքի առջեւ էի քեզ այդպես ձայն տալիս:

Թող Աստված հանգստություն պարգեւի խռովված ու փոթորկուն հոգուդ, եւ քո բաժին արեւը բաշխի քեզ միշտ սիրով հիշող հարազատներիդ, մտերիմներիդ, որոնց համար շատ անսպասելի էր կյանքից քո հեռանալը՝հանկարծահաս, բայց՝տարիներ շարունակ մեջդ գաղտնաբար դավադրություն հյուսած հիվանդության արդյունքում, որ հավանաբար ձեռք էր բերվել 90-ականների տնակային ծանր պայմաններում ապրելու, աշխատանքային ոչ բարվոք պայմաններում տարիներ շարունակ աշխատելու պայմաններում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 2 мая 2019 г.

Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց

Դեբեդ-Կասկադ ՀԷԿ-ի/Ձորագէս ավանում գտնվող/ անձնակազմի՝9 անդամներից բաղկացած մի ցուցակ ներկայացնող/ՀԷԿ-ի նախկին տնօրեն Լեւոն Սաֆարովի գլխավորությամբ, մի շա՜տ հին ու լավ խունացած փաստաթուղթ/1959թ․մայիսի 2-ին արված շնորհավորական ուղերձով/,վկայում է, որ այսօր լուսահոգի ծնողներիս հարսանիքի 60-րդ տարեդարձն է։Մորս փաստաթղթերի ուսումնասիրությունից էլ պարզեցի, որ այդ փաստաթղթից մեկուկես ամիս անց՝նույն  Սաֆարովի կողմից աշխատանքից ազատվել է մայրս՝իբր հաստիքի ժամանակավոր լինելու պատճառաբանությամբ․մինչդեռ աշխատանքային գրքույկում որեւէ նշում չկա, որ այդ աշխատանքը՝տեխնիկական տերմինների թարգմանություն ռուսերենից հայերեն, եղել է ժամանակավոր։Մի խոսքով՝մարդու իրավունքների խախտումը՝ Սովետից մինչեւ մեր օրեր, ,,ցեղական կարգով,, գնում է մեր ընտանիքում։1991թվին էլ ինձ էին դատարանում աշխատանքից ազատել՝իբր հաստիքի ժամանակավոր լինելու կապակցությամբ/որի առթիվ առանձին հոդված ունեմ/, բայց այդ օրերին վրա հասած անկախության արդյունքում՝արդարադատության նոր նախարարի շնորհիվ մեկ ամիս անց՝վերականգնվեցի աշխատանքում․գրասենյակի գործավար։Ինչ խոսք՝տնտեսգիտական բարձրագույն կրթություն ստացած մայրս չի պայքարել իր ախատանքային իրավունքների համար, նախընտրելով զբաղվել իմ խնամքով, եւ միայն 2 տարի անց, երբ դարձել եմ երկու տարեկան, 1962 թվին կրկին աշխատանքի է անցել ՀԷԿ-ում՝արդեն նոր տնօրեն Գարեգին Թորոսյանի հրամանով․մի քանի տարի աշխատելով որպես գծագրող, այնուհետ՝հաշվետար, մինչեւ 1965 թիվը, որից հետո սեփական դիմումի համաձայն ազատվել է, քանի որ տեղափոխվել ենք Կիրովական,ու ինքն էլ աշխատանքի է անցել նախ՝Ավտոգենմաշ գործարանում,այնուհետ՝քիմմանրաթելերի գործարանում, որտեղ էլ հորս նոր աշխատանք էին տվել։

Ճակատագրի հեգնանքով՝1960-ականներին էլ հորս էին հանիրավի հալածել ու հեռացրել աշխատանքից, սակայն վերջինս ,,Պրավդայի,, զորավոր միջամտությամբ եւ մասնավորապես՝նրա նախկին սեփական թղթակից Գուրգեն Առաքելյանի/որ հետագայում դարձավ կուլտուրայի մինիստր/հոդվածի շնորհիվ կարողացել է արդարացվել եւ առաջ քաշվել նոր աշխատանքի․իսկ մեղավորները պատժվել են․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 30 апреля 2019 г.

Չնայած երազում եմ Ղրիմ այցելել/այնպես, ինչպես երազում եմ Բելառուս այցելել՝որպես իմ երկրորդ հայրենիք, այնպես, ինչպես երազում եմ, Վան այցելել՝որպես ապուպապերիս ծննդավայր/,բայց՝,,Ղրիմյան գարուն,, ծրագրի շրջանակներում, Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորման 5-ամյակի առթիվ մարտին Երեանում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու, եւ այդ ծրագրի շրջանակներում կազմակերպված ստեղծագործական մրցույթին ուղարկված հոդվածներիս առթիվ ինձ շնորհված պատվոգիրն ստանալու նպատակով՝մարտի 29-ին չկարողացա գնալ Երեւան/հանգամանքների բերումով/:Բայց՝պատվոգիրս/որ կոչվում է ԴԻՊԼՈՄ/, երեկ հասավ ինձ՝վանաձորցի քարագործ վարպետ, քաղաքացիական ակտիվիստ եւ քաղաքական թեմաներով իմ որոշ հրապարակումների/,,Ժամանակ-Երեւան,, եւ ,,Հրապարակ,, թերթերում 2007-2010թվերին տպագրված/ գործող անձ, ավելի քան 10 տարվա ՍԻՄ-ական Մնացական  Մնացական Կլեկչյանի ձեռամբ:Հիշեցնեմ,որ ,,Ես սիրում եմ Ղրիմը,, ստեղծագործական մրցույթի շրջանակներում իմ բլոգային 2 հովածներն էի ուղարկել՝,,Ինչու եմ երազում այցելել Ղրիմ,, եւ ,,Ղրիմ-Արցախ.նմանություններն ու առանձնահատկությունները,, նախապես հայտարարված խորագրերով:Այս մրցույթի կարեւորությունը ոչ միայն Հայաստան-Ղրիմ կապերի պատմական արմատներն ու ճանաչելիությունը վերհանելն է, այլեւ՝որ բլոգերներին նույնպես հնարավորություն էր տրված մասնակցել մրցույթի՝թերթային լրագրողներին հավասար իրավունքներով/պետք է խոստովանել, որ բլոգները բավական  ,,անպատասխանատու,, դաշտում են գործում, ինչը կախված է որոշակիորեն նաեւ բլոգավարի՝լրագրողական էթիկայի կամ կանոնների հետ հաշվի նստել-չնստելու հանգամանքից.ամեն դեպքում՝ես աշխատում եմ պահպանել գրված ու չգրված կանոնները/:Իսկ այս ԴԻՊԼՈՄԸ/որ տրված է ,,Ղրիմի բարեկամներ,, ակումբի եւ Հայաստանում կուլտուրայի եւ պատմության կենտրոնի ներկայացուցչությունների կողմից/ ինձ համար կարող եմ համարել իմ անձնական նվերը՝երջանկահիշատակ ծնողներիս հիշատակին./որոնց հարսանիքի 60-ամյակն է լրանում/.մանավանդ, որ ,,Ինչու եմ երազում այցելել Ղրիմ,,հոդվածում զետեղել եմ ոչ միայն իմ եւ լուսահոգի ընկերուհուս՝ծնունդով ձորագէսցի Գայանե Սարգսյանի 1980-ականների ղրիմյան լուսանկարները՝տուրիստական ուղեւորությունից, այլեւ՝1950-ականներին Ղրիմում ծառայած հորս՝Գեորգի Հովսեփյանի ղրիմյան  լուսանկարները:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ, անկախ լրագրող, բլոգեր


пятница, 29 марта 2019 г.

Այսօր մայրաքաղաքում տեղի կունենա ,,Ղրիմյան գարունը,,ցուցահանդեսի բացումը՝կազմակերպված Ղրիմի բարեկամներ համայնքի եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից, նվիրված Ղրիմի՝Ռուսաստանի հետ վերամիավորման 5-րդ տարեդարձին։Այդ առթիվ երեկ համացանցով հրավեր ստացանք եւ միջոցառումների ծրագիր։Միաժամանակ տեղեկացանք, որ այդ միջոցառման ծրագրի շրջանակներում կամփոփվեն ավելի վաղ հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները՝,,Ես սիրում եմ Ղրիմը,, թեմայով, ու այդ մրցույթին ներկայացված մեր աշխատանքն արժանացել է պատվոգրի։Նշեմ, որ այդ թեմայով ներառված 5 խորագրերից ընտրել էի երկուսը՝,,Ինչու եմ երազում այցելել Ղրիմ,, եւ ,,Արցախի ու Ղրիմի հարցերը, նմանությունները եւ առանձնահատկությունները,,։Ցավոք, միջոցառմանը չեմ կարող մասնակցել, բայց ՝սիրով կսպասեմ պատվոգրին, որ խոստացան ուղարկել։Հուսով եմ, բացակայությունս կհամարվի հարգելի, իսկ միջոցառման մասնակիցներին ցանկանում եմ բարի ժամանց։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր։

понедельник, 11 марта 2019 г.

Ինչու եմ ես ցանկանում այցելել Ղրիմ

Ղրիմը մեր ընտանիքի համար խորհրդանշական անուն է․նախ՝Հայրենական մեծ պատերազմ մեկնած եւ այլեւս ետ չվերադարձած պապիկիս՝Թումանյան կայարանի բնակիչ,Դսեղում ծնված, երկաթուղային Սարիբեկ Սմբատի Հովսեփյանի անունն է շաղկապված Ղրիմի հետ․ռազմաճակատից ուղարկված նրա վերջին նամակներն ուղարկվել են Ղրիմի կազմում գտնվող Կերչից․տարիներ անց հայրս նամակներ ուղարկեց Ղրիմի համապատասխան զինկոմիասարիատ, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք պապիս անունը կա Ղրիմում հուղարկավորվածների ցուցակում, բայց պատասխանեցին, որ չկա։ Հայրս՝Գեորգի/Ժորա/Սարիբեկի Հովսեփյանն  է 3 տարի ծառայել Ղրիմում՝1954-57 թվականներին, ռազմածովային նավատորմում, որտեղ մի քանի շնոհակալագրեր է ստացել՝շախմատի մրցումներում մասնակցելու,  եւ ինքնագործ խմբերում գործունեություն ծավալելու համար/հետագայում նա դարձավ շախմատային վարպետության թեկնածու, 1969թ․՝Կիրովականի շախմատի չեմպիոնն էր/։

1988թվին ես եւ մանկության ընկերուհիս՝լուսահոգի Գայանե Սարգսյանը, Կիրովականի քիմմանրաթելի գործարանի արհկոմի տուրիստական ուղեգրով աշնանը մեկնեցինք Ղրիմ,մեր տուրիստական խմբում եւ հայաստանցիներ կային, եւ միջինասիացիներ։ Եղանք Ֆեոդոսիա, Սիմֆերոպոլ,Ֆեոդոսիա, Կերչ, Ալուշտա քաղաքներում, եղանք թանգարաններում, պատմական վայրերում/,,կատակոմբներ,/,ֆեոդոսիայում՝նաեւ Այվազովսկու տուն-թանգարանում, երեկոյան զբոսանքներ էինք կատարում ֆեոդոսիայի ծովափին, հաճախում դիսկոտեկ։Ֆեոդոսիայում նաեւ այցելեցինք ընկերուհուս հայ ազգականին/կարծեմ նրա տատի եղբայրն էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից/, ով տարիներ շարունակ արդեն բնակվում էր Ֆեոդոսիայում,ամուսնացել էր ռուս կնոջ հետ։

Ղրիմի մասին հիշողություններս դեռ տարիներ առաջ զետեղեցի սույն բլոգում։Կան բազում լուսանկարներ՝մեր էքսկուրսիայից/ի դեպ, մեր հետ ոչ միայն կիրովականցիներ կային, այլեւ՝հենց Ղրիմում հանդիպեցինք այդտեղ ծառայություն անցնող կիրովականցի մի երիտասարդի՝Արթուր անունով, որ իմանալով, որ մենք Կիրովակաինց ենք, խնդրեց, որ իր հարազատներին նամակ փոխանցենք, որը եւ սիրով արեցինք՝Կիրովական վերադառնալուց հետո։

Վերջին տարիներին մշտապես երազել եմ լինել Ղրիմում, եւ երբ ֆեյսբուքյան համախոհներիցս Ղրիմից լուսանկարներ են տեղադրում իրենց էջերում/մասնավորապես՝Իրինա Գիլյարովան/, կարոտս այդ նկարներից եմ առնում․այնպես, ինչպես իմ՝ 80-ականների ղրիմյան լուսանկարներից։





ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

Հ.Գ.լուսանկարներում՝հայրս, Գեորգի/Ժորա/Հովսեփյանը ռազմածովային նավատորմում ծառայության տարիներին/1954-57թվեր/, եւ նրա հետ կապված փաստաթղթերը....նյութի ամենավերջում տեղադրված լուսանկարում՝1985թվին, ես եւ մանկությանս ընկերուհին՝Ղրիմում.Կերչ, 1985թիվ

вторник, 26 февраля 2019 г.

Մայրիկիս

Ստորեւ ներկայացվում է վանաձորցի միայնակ թոշակառու, քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ, նախկին երկարամյա քիմմանրաթելագործ-ինժեներ Քնարիկ Պապիկյանի բանաստեղծությունը, որ տարիներ շարունակ վերջինս պահել է իր անձնական արխիվներում՝անգամ անգիր պահելով մտքում, եւ միայն վերջերս որոշեց հանձնել ընթերցողի դատին:

                                     ՄԱՅՐԻԿԻՍ

Տխուր նստած թմբի վրա,
Հեռու դաշտում անաղմուկ,
Իմ որբացած հոգու վրա
Վիշտ է պատել մի հատուկ:
Արցունքներիս շիթն է ընկնում
Հողմագալար թմբի մեջ,
Նայում եմ միշտ ու խոնարհվում
Մի շիրիմի՝ ես անվերջ:
Գլորվելով միշտ ընկնում են
Արցունքները աչքերիս,
Ոււ անձրեւի պես թրջում են
Գերեզմանը մայրիկիս:
ՔՆԱՐԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

среда, 20 февраля 2019 г.

Մուսայի այցը

Թումանյանական միջոցառումների ազդեցության տակ, երազումս լուսահոգի մորս եմ տեսել՝բեմից իջնելիս.ու այդ երազի ազդեցության տակ էլ մուսան ինձ կրկին այցելեց՝առավոտյան/մի քանի ամսվա բացակայությունից հետո/, ,,գլխիս աղքատությունը հեռացրեց,, ու ոգեկոչեց՝բանաստեղծություն գրելու, ասելով.,,Աղջիկ ջա՜ն, ուղեղդ մարզիր, քանի ամիս է՝բանաստեղծություն չես գրում, ,,թարգել,, ես ոնց որ, մենակ հոդվածներ ես գրում,թենց չի լինի, դու գիր ու գրականության մարդ ես, ընկել ես քաղաքականության ջրերը...առ էս քեզ՝թուղթ, էս էլ՝գրիչ, բանաստեղծություն գրիր ու վազացրու համացանց....դե դավայ, դուխով....,,:

                Ու ես գրեցի, որ ներկայացնում եմ ստորեւ

-----------------------------------------------------------------------------------

                            Մորս ժպիտը

Մորս տեսա երազում,

Հայացքն էր շատ երազուն,

Հանդերձներով բեմական,

Ժպիտն էր շատ իրական:

Բեմից իջավ երերուն,

Նստեց վերջին շարքերում, 

Երբ մոտեցա անվարան, 

Ժպիտը պատեց նրան:

Ցավոք, տեսքն էր շատ հյուծված,

Ասես՝մոմից պատրաստված,

Նայեց նա ինձ գորովով, 

Լոկ՝հայացքով փարվելով:

,,Տեսքդ շատ լավ է,,՝ասաց,

Ու էլ ոչ մի բառ չասաց,

Բեմին էր նա շատ նայում,

Հայրս էր մեզ հետեւում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 13 февраля 2019 г.

Հին հուշեր, սպիացած վերքեր

Փետրվարի 13-ը իմ կյանքում ճակատագրական դեր խաղացած, դեռահասության տարիների ընկեր, իսկ հետագայում՝կյանքի ընկեր դարձած անձի՝Վ․Մ․-ի ծննդյան օրն է․նա կդառնար 61 տարեկան՝եթե ողջ լիներ։Ուսանողական տարիներին, 2-րդ կուրսում ուսանելիս մեր քաղաքացիական միությունը՝ավելի քան 1 տարի տեւած, քաղաքացիական բաժանումով էլ ավարտվեց։Եվ անկախ նրանից, թե նրա հետ կապված հուշերն ավելի շատ հաճելի են եղել, տհաճ, ուրախ կամ տխուր՝դրանք իմ կյանքի անբաժան մասն են կազմում եւ ժամանակ առ ժամանակ հիշեցնում իրենց մասին այն ժամանակ, երբ հիշողությունս բեռնաթափված է լինում այլ հիշողություններից։Այդ առթիվ տարիներ առաջ գրեցի ,,Դառն հուշ,, բանաստեղծությունը՝,,Ես եւ իմ պոեզիան,, բլոգային նյութում, ինչպես նաեւ՝,,Կոտրված դուխու տուփը,, ինքնակենսագրական վիպակում։Մեր անսպասելի ընկերությունը՝պատահական ծանոթությամբ սկսված, այնքան էլ ամուր չէր, բայց՝երկարատեւ պատմության վերածվեց, ու ամեն անգամ մեր հերթական գժտությունից հետո, ես համոզված էի, որ նա երբ էլ վերադառնա, ես կրկին ընդունելու եմ նրան․ եւ ներելու՝կտրուկ մերժելով նրա հետ գժտության շրջանում հայտնված ընկերության այլ առաջարկներ․սա հայ ավանդական կնոջ մշտական գործելակերպն է․հնազանդություն ճակատագրին։Նրա հետ եւ լավ հիշողություններ են եղել, եվ վատ, իսկ տխուր հիշողություններից իմ մեջ տպավորվել է այն, որ երբեմն հանկարծակի ընկնում էր Վիսոցկու տխուր երգերի ազդեցության տակ, ու կանխազգում իր անժամանակ վախճանը, ինչը սարսափեցնում էր ինձ։Մեր համատեղ միության ընթացքում ծնվելիք երեխան լույս աշխարհ չեկավ, որովհետեւ նրա հարազատներից մեկը դիտմամբ թե չմտածված, անհեռատեսորեն՝ նրա ծննդյան օրն ինձ համոզեց շամպայն խմել՝,,գոնե մի փոքր,,․իսկ ես չգիտեի, որ այդ վիճակում գտնվող կանանց ալկոհոլը հակացուցված է։Երկուսս էլ շատ ծանր տարանք կատարվածը, բայց՝դրանից հետո մեր առանց այդ էլ խախուտ միությունն ավելի խոցելի դարձավ, ու դրանից մեկ ամիս անց՝մեր ճանապարհները բաժանվեցին,ես հեռացա՝հակառակ նրա զգուշացումներին, որ դրանից հետո մենք այլեւս երբեք չենք միանա, բայց՝մեր հարաբերությունները նոր որակ ստացան․մենք արդեն նշանվածների նման էինք՝ամուսնությունից հետո, ինչն անսովոր իրավիճակ է․ես պայման էի դրել, որ մեր համատեղ կյանքը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե մենք առանձնանանք նրա ծնողներից,որոնք երբեմն անհարկի միջամտում էին մեր կյանքին, ու այս կարգի հարաբերությունները ձգվեցին եւս մեկ տարի, որովհետեւ իմ ծնողներն էլ պայման դրեցին, որ մինչեւ ես բուհը չավարտեմ, իրենք չեն ցանկանա, որ մենք կրկին համատեղ միություն կազմենք․․․Ի վերջո այդ ամենն ավարտվեց մեծ գժտությամբ եւ վերջնական բաժանումով․․․Մեր բաժանումից 10 տարի անց՝1994թվին, երբ նա արդեն մեկ ուրիշի հետ էր վաղուց միություն կազմել/այդպես էլ ժառանգ չունենալով/, ես պատահաբար տեղեկացա, որ նա դաժան մահվան է ենթարկվել Ռուսաստանում, ուր մեկնել էր արտագնա աշխատանքի, իսկ աճյունը տեղափոխվել է Հայաստան՝իր ծննդավայր-գյուղը։Հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նա՝61 տարեկան հասակում, որովհետեւ իմ հիշողություններում նա 16-24 տարեկան է․այնքան, որքան եղել է մեր  ընկերության ու համատեղ կյանքի շրջանում։Իսկ ամենաերջանիկ հիշողություններից մեկն այն էր, որ առաջին կուրսում բոլորից գաղտնի՝ամեն ամիս գնում էի փոստային բաժանմունք՝ստանալու բանակից ուղարկված նրա ցպահանջ նամակները՝հեռավոր Խաբարովսկի երկրամասից, Խանտիմանսիիսկից․․․․մինչ օրս այդ նամակները պահում եմ սրբությամբ՝իմ անձնական արխիվներում։

․․․Երբ այսօր պատահարաբար հանդիպեցի իմ հարազատներից մեկին, ով մշտապես դեմ էր մեր միությանը, ու տեղեկացրի, թե ինչ օր է այսօր՝զարմացած ասաց․,,Ոնց էլ հիշում ես․․․․,։Իսկ ինչպե՞ս կարող ես չհիշել քո կյանքի առանցքային օրերը, ճակատագրական դեպքերն ու մարդկանց․․․․Չէ՞ որ մարդը կենդանուց հիշողությամբ է տարբերվում․․․․Միգուցե՝հետագայում գրեմ նաեւ նրա հետ կապված այլ հիշարժան դեպքեր․․․․

․․․Նրանից բաժանվելուց տարիներ անց՝նոր, լուսավոր կետ հայտնվեց իմ կյանքում, բայց՝90-ականների խավարը այդ լույսը քշեց դեպի Ռուսաստան՝արտագնա աշխատանքների, իսկ հետո՝անհայտություն։Ու այդ առթիվ տարիներ առաջ գրեցի հերթական բանաստեղծությունը՝,,Ուշացած սեր,,։

․․․․Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ