Translate

Translate

Translate

вторник, 21 марта 2017 г.

Ոնց որ կուսակցությունների խոստումներն են խաբուսիկ, այնպես էլ՝մարտյան արեւները

Էս ինչքան էր դաժան եղանակը՝երեկ ՕՐՕ-ի վանաձորյան հանրահավաքի ժամանակ,որի կեսից հասանք, երբ արդեն Րաֆֆին հասցրել էր վարչապետին ու բարեգործ-թեկնածուներին քննադատել, իր տիկնոջն էլ մեծարել/դրա մասին լրացուցիչ իմացանք՝վանաձորյան հեռուստաեթերից/։Չջերմացնող արեւին դեռ ցերեկվանից խաբված ու գարնանային թեթեւ հագուկապի անցած մարդկանց համար անակնկալ էր եղանակի կտրուկ փոփոխությունը՝երեւի մի 10 աստիճանով․այլ կերպ՝մարդիկ խաբվեցին արեւի հմայքից այնպես, ինչպես կուսակցությունների խոստումներից են խաբվում ընտրությունից ընտրություն։Լավ է հռետորները հասցրին ձյան վերածվող անձրեւից շուտ սահմանափակել ելույթները։Ամենայն հավանականությամբ, ոչ միայն մասնակիցները, այլեւ՝կազմակերպիչները վաղահաս ցրտերի ազդեցությունից դեռ երկար ժամանակ ուշքի չեն գա։

․․․Վանաձորի ,,Արցախ,, պուրակում բաց դիտահորի առկայություն արձանագրեցինք։Չի բացառվում, գիշերային ժամերին այդտեղ անցորդների պատահական ,,վայրէջքներ,, լինեն՝փոսում հայտնվելու արդյունքում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 18 марта 2017 г.

Ընտրությունների դասերը

                         ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2007թվի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին մեր տունը,, կռիվ էր ընկել,,։Հայրս ուզում էր ՕԵԿ-ին ձայն տալ, ասելով, որ ,,Արթուրը լավ տղա է, ժամանակին ինքն իմ աշխատանքում վերականգնման հարցում օգնել է, ինքն իր վիզիտկան ինձ է տվել․․․/1998թվի նախագահական ընտրությունների նախօրեին՝Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Նազարյանն ու անդամ Արթուր Բաղդասարյանը Վանաձորում քաղաքացիների ընդունելություն էին կազմակերպել, եւ ում իրավունքները ոտնահարված էին՝իրենց նամակ-բողոքներով դիմում էին նրանց․տեսնես ՕԵԿ-ում հիշում ե՞ն, որ կուսակցության հիմնադիրը Նազարյան Վլադիմիրն էր՝հոյակապ իրավաբան․․․/։

Ես՝որպես ,,անուղղելի,, ընդիմադիր, թեպետ 2006 եւ 2007թվերին թղթակցում էի ՕԵԿ-ին՝քաղաքացիական նախաձեռնության կարգով/քանի դեռ ,,Ժամանակ Երեվանում,, ,,քաղաքական ապաստան,, չէի գտել/, պնդում էի, որ տվյալ պահի ընդդիմությունը ,,Հանրապետություն,, կուսակցությունն է։Ընտանիքի մյուս անդամներին էլ էի իմ կողմ քաշել։Երբ հայրս քվեարկությունից եկավ, միանգամից ,,հարձակվեցինք,, թե ,,Ու՞մ ընտրեցիր,, ոչինչ չպատասխանեց, ու այդպես էլ մեզ համար անհայտ մնաց, թե ում էր ընտրել։Այդ նույն ընտրության ժամանակ մի գաղտնիք էլ մնաց ինձ համար․մտերիմ ընկերուհիս, ով գործարար էր ու հաջողություններ ուներ այդ ասպարեզում՝բացառապես իր ջանքերի շնորհիվ, զանգահարեց ու ասեց՝,,չես գալի՞ս գնանք ընտրության,,։Ասեցի՝,,Ու՞մ ես ընտրելու,, ասեց՝,,Հանրապետություն,,։Զարմացած ասի՝,,Հանրապետությու՞ն,, թե՞ ,,Հանրապետական,,․ասեց՝,,Հանրապետություն,,։Մեղքս ինչ թաքցնեմ՝մտածեցի,թե իմ ,,խաթրու,, է ասում ,,Հանրապետություն,, որովհետեւ ,,Բարգավաճին,, էր համակիր՝ինչպես գործարարներից շատերը։Իսկ ,,Հանրապետություն,, նախընտրելու իմ մի պատճառ էլ այն էր, որ այնտեղ ինտելեկտով մարդիկ կային, ու մանկությանս ընկերուհու եղբայր, բժիշկ Վահանն էլ էր այդ կուսակցության մեջ/քանի դեռ ՀԱԿ չէր ձեւավորվել/, հետո տեղափոխվեց ՀԱԿ՝երբ ,,Հանրապետությունը,, արդեն մարտունակ ուժ չէր/, ու ինքը դրական իմիջով անձ էր, լավ հռետոր։

․․․1995թվին աշխատում էի մանկավարժականում։Հայրս, որ ,,Տարոն-2,, ԲՇՏ-ի պետն էր՝շուրջ 4 տարի/25 տարի քիմմանրաթելի գործարանում կադրերի բաժնի վարիչ աշխատելուց հետո/, գտնում էր, որ ինքն ի պաշտոնե պարտավոր է սատարել գործող նախագահին՝Լեւոն տեր-Պետրոսյանին/ինչ-որ հանձնարարական էր տրված ԲՇՏ-ի պետերին՝բնակչության շրջանում ագիտացիա տանել, որ Լեւոնին ձայն տան/։Ես էլ, որ մանկավարժականում դաշնակցականների ազդեցության տակ, ազատական հովերով տարված՝ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին էի համակրում/հուսալով, որ աշխատավարձերի տասնապատիկ բարձրացում է անելու, իսկ աշխատավարձերն այդ ժամանակ 1000դրամ էլ չէին հասնում/,ու միաժամանակ թղթակցում էի ընդդիմադիր ԱԻՄ-ի վանաձորյան թերթին, միամիտ-միամիտ ասում էի․,,Հա բայց որ Մանուկյանին ընտրես՝ո՞վ ա իմանալու,բա նրան էլ ես համակրում․․․,,։Ինքն էլ թե՝,,Չէ, ո՞նց կարելի ա,եթե ես Լեւոնին չպաշտպանեմ՝ուրեմն պետք ա դուրս գամ աշխատանքից,,։Ու չնայած Լեւոնին էր պաշտպանում, այդուհանդերձ՝աշխատանքից 1996թվին ազատվեց՝ՏԻՄ ընտրությունների ներիշխանական խաղերի արդյունքում,կապված Վանաձորի քաղաքապետի ընտրության հետ/թեպետ՝մոտիվացիան այլ էր՝,,հիմնարկի վերակազմավորում,,․թեպետ՝դատարանով հաջողվեց վերականգնվել, եւ կրկին ազատվել՝արդեն ,,կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու,,մոտիվացիայով/։Ինչ-որ մարդիկ՝արջի ծառայություն մատուցող, երեւի թե նախկին քաղաքապետի ականջին շշնջացել էին, որ ես մանկավարժականում մասնակցել եմ Բաղդասարյանի նախընտրական հանդիպումներին։Բանն այն է, որ 1996թվին իշխանական թեւը 2 թեկնածու էր առաջադրել՝Վանաձորի քաղաքապետի պաշտոնում․ՀՀՇ-ն սատարում էր Լոռու մարզպետի մտերիմ Անդրանիկ Հարությունյանին, գործարար Թելման տեր-Պետրոսյանը՝գործարար Վահրամ Բաղդասարյանին, ով միաժամանակ դասավանդում էր մանկավարժականում, ու նրան սատարում էին նաեւ դաշնակցականները՝հակալեւոնական լինելով հանդերձ։Դա ճիշտ քաղաքականություն չէր, չէր կարելի իշխանության ներսում երկպառակություն ստեղծել, ու հենց դա էլ, թերեւս, թուլացրեց նախկին իշխանություններին։Հանրապետության երրորդ քաղաքը բաժանվել էր 2 հակամարտող խմբերի, քանի-քանիսը մշտական թշնամիներ դարձան։Համենայն դեպս, դատական համակարգն այնքան անկախ էր, որ Դիլիջանի դատարանն ընտրություններն անվավեր ճանաչեց, բայց՝ավելի վերին ատյանում ընտրության արդյունքները հաստատվեցին հօգուտ Անդրանիկ Հարությունյանի, որ պաշտոնավարեց մինչեւ 1999թիվը՝մինչեւ ՀՀ նախագահի ապարատում աշխատանք ստանալը/որից էլ տարիներ առաջ ազատվեց/։Իսկ Լոռու նախկին մարզպետ Հովհաննես Մատինյանին պաշտոնից ազատեցին՝առանց որեւէ մեկնաբանության․բայց՝ենթադրվում է, որ պատճառը նրա անհնազանդությունն էր, որ տեր-Պետրոսյանի թեկնածուին սատարելու փոխարեն՝սատարել է ՀՀՇ-ի թեկնածուին։Ընտրությունների նախօրյակին, ի դեպ, Թելման տեր-Պետրոսյանն այցելեց Վանաձոր եւ հեռուստատեսությամբ խիստ քննադատական խոսքեր ասաց Մատինյանին ուղղված՝մեղադրելով ընտրական գործընթացներին միջամտելու համար։ 

․․․Այդ ամենը հիմա պատմություն է, բայց՝մարդկանց ճակատագրերի վրա ազդեցություն  թողած պատմություն։

Հորս անձնական արխիվներում պահպանվում են Լեւոն տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Պարույր Հայրիկյանի համատեղ լուսանկարները՝անկախության սկզբին, Լեւոն տեր-Պետրոսյանի՝90-ականների արտասահմանյան հանդիպումների լուսանկարները՝Արմենպրեսի կողմից արված, ինչպես նաեւ 1991թվի ՀՀ անկախության հանրաքվեի  առթիվ մի հսկայական պլակատի վրա ՝Տարոն թաղամասի բնակիչների սրտաբուխ մակագրություններն՝ստորագրություններով․դրանք որոշել եմ հանձնեմ անկախության թանգարանին՝թե որ ստեղծվի նման թանգարան։Եթե չէ՝պատմության թանգարանը կա ու կա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 3 марта 2017 г.

Նամակներ՝Բելառուսից

1988թ․երկրաշարժի հետեւանքով Մինսկի ,,Զուբրյոնոկ,, ճամբարում տեղակայված հայկական ժամանակավոր դպրոց որպես մանկավարժ գործուղված ժամանակ նամակներ էի ուղարկում հարազատներիս, ու հիմա որոշեցի դրանց մի մասը՝որոշակի շտկումներով ու գրական տեսքի բերած՝հրապարակել,դրանցում արտացոլվում է այն ժամանակվա ներքաղաքական կյանքը եւ այդ կյանքում տեղ գտած հետաքրքիր կերպարներ, դեմքեր։Նշեմ, որ էվակուացվածների թվում, ի թիվս լենինականցի-կիրովականցի-սպիտակցի, ստեփանավանցիների, էին նաեւ սումգայիթցի-կիրովաբադցիներ,որոնք նախ որպես փախստական՝1988թվին Ադրբեջանում տեղի ունեցած փետրվարյան ջարդերից էին փախել Հայաստան, այնուհետ, Հայաստանում դեկտեմբերյան հզոր երկրաշարժից հետո՝ստիպված էին էվակուացվել Բելառուս։

․․․Սումգայիթցի կինը Լենինականում ապրելիս է եղել, ունի 1 տղա,ամուսինը սպանվել է Սումգայիթի ջարդերի ժամանակ, իսկ իրեն ու երեխային ադրբեջանցի հարեւանն է թաքցրել։1000ռուբլով թուրքի անձնագիր է առել՝փախել Լենինական։Ասում է՝Լենինական որ ապրում էինք նորակառույցում, լենինականցիք եկան բողոքեցին, թե մենք պիտի ապրենք, զոռով մտան շենք, դեկտեմբերի 6-ին տեղական իշխանություները մի կերպ դուրս են արել՝ներխուժողներին, բայց դեկտեմբերի 7-ին էլ երկրաշարժն է սկսվել։Ասում է՝մին էլ տենամ օթը սենյակը մինը դառավ։Պատմում է, որ երկրաշարժի օրը տրոլեյբուսի գծերը պոկվել էին, մարդկանց գլուխ-թեւ, ոտք խառնվել իրար, մեկի աչքն էր պոկվել, մեկի թեւը, մարդ-արյուն խառնված՝լրիվ սարսափած փախչելիս են եղել։

/Փաստորեն, սումգայիթցի կինը՝Գյուլչորան, ջարդերից փախել էր Լենինական, բայց 10 ամիս անց էլ ստիպված է եղել Լենինականից էվակուացվել։Ի դեպ, ճամբարում, մինչեւ ինձ որպես մանկավարժ սենյակ հատկացնելը՝2 շաբաթ Գյուլչորայի ու նրա մանկահասակ երեխայի հետ նույն սենյակում էի բնակվում, հետո ինքը ժամանակավորապես՝1 ամսով մեկնեց Լենինական, ու մի առ ժամանակ էլ սենյակը հանձնվեց ինձ, մինչեւ Մեղրուտից մի ընտանիք էլ տեղափոխվեց Հայաստան ու նրանց սենյակ տեղափոխվեցի։Լենինականից եւս 5 երեխայի հանձնել էին Գյուլչորային,որ իր հետ բերի Բելառուսիա, քանի որ այդ երեխաները երկրաշարժի հետեւանքվ ծնողազուրկ էին դարձել,հետո այդ երեխաների ճակատագիրը թե ինչպես տնօրինվեց՝չեմ հիշում/։

․․․Գյուլչորան ամբողջ օրը երեխայի վրա զայրանալիս՝ ասում է․,,Այ զյուլում եթի՜մ․․․հի՞նչ ըս օզում, տի նա նեւո պասմատրի է՜․․․,,։

․․․Ճամբարի պետը՝Ժուկը, արձակուրդում է․Գյուլչորան գնում է նրա տեղակալի մոտ, ասում է՝,,Մեզ ավտոբուս տվեք, գնանք Մինսկ՝ատամների համար,,։Տեղակալն էլ ասում է՝բենզին չկա, Գյուլչորան էլ թե՝,,բենզին չկա՝էդ խալիներն ու խալադելնիկները, որ մեր համար ստացել ես, ծախի՝բենզին արա, իմ հի՞նչ պետքն ա, թե դու բենզին չունես, խալիները դու մեզ համար ես ստացել, ես դրանք կարամ հետս Լենինական տանեմ,ծախի՝բենզին արա,,։

․․․Խեղճ սումգայիթցին ամբողջ օրը բողոքելով ման է գալիս, գնացել է դպրոց, թե ,,ինձ 40 ռուբլի տվեք՝հետ եմ գնում  Հայաստան,,։Լենինականցիք անունը դրել են թուրք․որովհետեւ ասում է՝,,Մեր հի՞նչ պետքն էր ձեր Ղարաբաղը, դուք էնտեղ՝Հայաստանում Ղարաբաղ էիք գոռում, հող էիք ուզում,մեզ էնտեղ՝Սումգայիթում կըտորըմ էին, բա ինչի՞ մինչեւ էդ շատ լյավ ապրում էինք հետները,,։

․․․Ճամբարի պետը՝Ժուկը, բելառուս է, հայասեր, տեղակալը՝Մալինովսկին, 25-26 տարեկան, հայերին չի սիրում՝հերիք չէ, թուրքերին է սիրում։Ասել է՝,,Եթե դուք չգայիք էստեղ, պետք է 640 թուրք երեխա բերեին,,/այսինքն՝ադրբեջանցիներ/։Ջոկատավարուհիներից մեկը թուրք է՝Բաղիրովա, բայց աշխատում է հայերից ազգանունը գաղտնի պահել։Իսկ Մալինովսկին ջոկատավարներից մեկին մեկ շաբաթ առաջ հեռացրել է ճամբարից, քանի որ այդ տղան՝Ռոմանը, որ ազգությամբ լեհ է, մտերմություն էր անում մի հայ տասներորդ դասարանցի աղջկա հետ, ու որոշել էր Հայաստան գալ ապրելու։Մի անգամ Մալինովսկին հայ տղաներին անվանել էր ,,սվինյա,,, ու ծնողները բողոքել էին․ ՑեԿա-ից Մալինովսկուն սեղմել էին մի քիչ․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ