Translate

Translate

Translate

пятница, 17 июня 2016 г.

Դաշնամուր էի սիրում, բայց ջութակի դասարան գնացի

Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ նշվել է Վանաձորի ՝Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի 50-ամյակը:Այդ առթիվ մանկական հիշողություններս եկան-կանգնեցին դեմս:Ավարտել եմ 1977թ.՝վերոնշյալ դպրոցի ջութակի դասարանը:Ընդունվել եմ, ցավոք, ոչ առանձնակի սիրով, քանի որ ես դաշնամուրի դասարան էի ցանկանում գնալ, բայց երբ ինձ որոշեցին երաժշտական դպրոց ուղարկել, պարզվեց, դաշնամուրի համար արդեն ուշ է, քանի որ այնտեղ ընդունելությունը 6-7 տարեկանների համար է, դրանից մեծ լինելու դեպքում՝արգելվում է.իսկ ես արդեն 9 տարեկան էի:Ու սկսեցին ինձ համոզել՝երաժշտականի ուսմասվարն ու ծնողներս, թե ջութակն ինչքան լավ ու ,,ազնվագույն,, գործիք է:Սովետական քաղաքացու բազմակողմանի դաստիարակության համար կարեւոր էր երաժշտական կրթությունը:Ու ես ճարահատյալ՝ստիպված էի ջութակի դասարան հաճախել, մխիթարվելով, որ դաշնամուրն էլ որպես զուգահեռ առարկա կանցնեմ:Դաշնամուրի դասերին / որ կարծեմ շաբաթական մեկ օր էր/ հաճույքով էի գնում.դասվարը Լարիսա Ավետյանն էր՝մի բարեհամբույր կին:Հաճույքով էի հաճախում նաեւ սոլֆեջիոյի պարապմունքներին/ ուսանել եմ Լիդա Ասլանյանի, Զոյա Ծատինյանի եւ Ժաննա անունով մի երիտասարդ կնոջ մոտ/:Իսկ երաժշտության պատմությունը Նելլի Գրիգորյանն էր դասավանդում:Երբ արդեն սկսեցի հաճախել նաեւ դպրոցի կամերային նվագախմբի պարապմունքներին, այդ ժամանակ սկսեցի սիրել ջութակը:Նվագախումբը ղեկավարում էր երջանկահիշատակ Խաչատուր Դնոյանը, ով ,,հավեսով,, էր ղեկավարում ու անգամ դիտողությունները համեմում սրամտություններով, եւ երբ զգում էր, որ նվագախումբը ,,ֆալշերով,, է գնում, ժպտալով ասում էր՝,,Վայ բոբիկնե՜ր, բոբիկներ՜...:Ամենից գերազանց ջութակ էր նվագում Շավելյան Արամոն: Իսկ նվագախմբում կային 3 թավջութակահար աղջիկներ, որոնցից Ռիտան հետագայում, յոթնամյակն ավարտելուց հետո  շարունակեց երաժշտական կրթությունը /մինչեւ վերջերս նվագում էր Վանաձորի քաղաքային կամերային նվագախմբում/:Դնոյանի խմբում նվագում էինք Կոմիտասի ,,Կաքավիկը,,...,,Հաբրբան,,:Մեկ էլ հիշում եմ, որ երաժշտական դպրոցի շենքի բնակիչ անկարգ երեխաները դպրոցի լուսամուտներին մեր պարապմունքների ժամանակ քարով հարվածում-փախչում էին:Նվագախմբում կատարումների ժամանակ ես ինձ զգում էի որպես մեծ արվեստի մի փոքր մասնիկ եւ կապվում դասական երաժշտության հետ:Ավարտական դասարանում, երբ նվագախումբը պատրաստվում էր ստուգատեսի, պարապմունքներն անց էին կացվում Կզարթմյանի անվան թիվ 1 դպրոցում, որտեղ պետք է կայանար նաեւ ստուգատեսը:Այդ լուսանկարն այժմ բավականին խունացած տեսքով է:Եթե Դնոյանի շնորհիվ ջութակի նկատմամբ սեր առաջացավ, ապա որոշ ուսուցիչներ, ընդհակառակը, իրենց ոչ մանկավարժական մեթոդներով նպաստեցին, որ աշակերտները հիասթափվեն ջութակից:Ու այդ առումով հիասթափությունս այնքան մեծ էր, որ արդեն նախավերջին դասարանում ծնողներիս խնդրում էի, որ ինձ այլեւս չուղարկեն երաժշտական.առավել եւս, որ որոշել էի հայոց լեզվի եւ գրականության ոլորտում խորանալ:Բայց՝վերջիններս համոզեցին, որ ավելի լավ է ուսուցչին փոխել մեկ ուրիշով, քան՝դպրոցը լքել նախավերջին դասարանն ավարտելով ու վկայական չստանալով:Եվ փոխեցին ուսուցչուհուն:Հետո մտածեցինք, որ մեծ աշխարհ է, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝ինստիտուտ չընդունվեցի, այն ժամանակ կարող է երաժշտական ուսումնարան ընդունվեմ /ուսումնարանի երաժշտագիտության բաժինն էլ աչքի տակ ունեի/, կամ՝միգուցե մանկապարտեզում դաշնամուր դասավանդեմ...Մի խոսքով՝բարով-խերով ավարտեցի երաժշտական յոթնամյակը՝Մայա Վահանյանի դասարանում:...Երբ որեւէ պատանի ջութակահարուհի եմ տեսնում՝մանկությունս եմ հիշում, իսկ երբ Գոռ Վարդանյանի ,,Խավարման օրը,, ֆիլմում պատանի ջութակահարին ծաղրի էին ենթարկում փողոցային ավարաներն ու ջութակը գցել էին գետնին ու կոխկրտում էին՝մեծ ցավ էի ապրում ու մտածում.մի՞թե կարելի է այդօրինակ կադրերով ֆիլմ նկարահանել:Պարտադիր չէ, որ երաժշտական գնալուց հետո անպայման երաժիշտ դառնան, կարեւորը՝մարդը գնահատի իսկական արվեստը:Ի դեպ, մանկավարժականում սովորելիս մի օր պատահաբար մոտս երգ գրելու մտահղացում ծնվեց.եւ երաժշտությունը, եվ բառերը միանգամից ծնվեցին գլխումս.նոտագրեցի,դաշնամուրի վրա կատարեցի, երգեցի, բայց...այդպես էլ չպահպանեցի արխիվներումս, ինչի համար ափսոսում եմ:

Սովետական տարիներին երաժշտական դպրոցը վճարովի էր, բայց ՝ցանկացած քաղաքացի կարող էր իր երեխային երաժշտական ուղարկելու շռայլություն թույլ տալ՝ընտանեկան բյուջեն մի քիչ սեղմելու շնորհիվ:Այդ տարիներից հիշում եմ նաեւ, որ երբ Կիրովական էին գալիս հայտնի երաժիշտներ, պարտադիր անվճար տոմս էին հատկացնում երաժշտական դպրոցների կոլեկտիվներին՝դասական երաժշտությունը խրախուսելու նպատակով:Հիշում եմ, որ Կիրովականում համերգներով հանդես եկան  ջութակահարներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Ժան տեր-Մերկերյանը / ով 2015թ.մահկանացուն է կնքել Ֆրանսիայում /, Ռուբեն Ահարոնյանը,թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը:

Հավելեմ, որ մեր երաժշտական յոթնամյա դպրոցի տնօրենն այն ժամանակ՝1970-77թթ. Ամալյա Վարդեւանյանն էր, ով հետագայում երկրից հեռացավ ընտանիքով, ուսմասվարը՝Թամարա Փերոյանը:Իսկ երաժշտականի գրադարանավարը՝Նյուրա Բայադյան-Հովսեփյաննն էր, ով օպտիմալացվեց 2000թվակաների սկզբներին՝աշխատանքային կրճատումների պատճառով, եւ ում հետ այժմ իմ հետաքրքրությունները միայն ներքաղաքական ոլորտում են:

...Կիրովականի Բաթումի փողոցն ու Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը իմ մանկության նվիրական հուշերի ամենակարեւոր ու բաղկացուցիչ մասն են կազմում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

пятница, 10 июня 2016 г.

Հպարտ եմ, որ ընդունվել եմ Խռլոպյանի օրոք,ավարտել՝Մերգելյանի օրոք

1979թ.Կիրովականի ,,Կայծ,, թերթի հունիսի 23-ի՝,,Կարեւորը կոչումն է,, հոդվածում՝,,Մտորումներ քննասենյակում,, խորագրի ներքո, լրագրող Անահիտ Հայթայանը, լուսաբանելով Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժնի ընդունելության քննությունները՝,,հայ գրականություն,, առարկայից, գրել է.,,Հստակ, վարժ պատասխաններ է տալիս նաեւ Կիրովականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գայանե Հովսեփյանը,,,:Թերթի այդ համարից մի քանի օրինակ ՝մինչ օրս ամենայն սրբությամբ պահպանում եմ իմ անձնական արխիվներում:Հեղինակը միաժամանակ նկատել է.,,Անկախ այն բանից, կընդունվեն նման դիմորդները, թե ոչ, արդարացվում է նրանց դիմումը, հայոց լեզի եւ գրականության ֆակուլտետում սովորելու ձգտումը,,:Բուհ ընդունվեցի, սակայն, ոչ թե այդ, այլ՝ցերեկային բաժնի քննությունների արդյունքներով, 2 ամիս անց, քանի որ հեռակա բաժնում մրցույթից դուրս մնացի՝միավորների պակասի պատճառով, ու ,,մեղքի,,բաժինն,, ընկնում էր ,,ՍՍՀՄ պատմություն,, առարկայի վրա:Չգիտես ինչու, լեզվագրական ընդունվողներից պահանջվում էր նաեւ ՍՍՀՄ պատմություն հանձնել / դե ,,Հայ ժողովրդի պատմությունն,, այն ժամանակ ,,երկրորդ լեզվի,, կարգավիճակում էր, ու դպրոցներում ձեւական էր ներդրված, ավելի քիչ ժամեր էին հատկացված, ու Հայաստանի քաղաքացին առաջին հերթին, փաստորեն,պետք է ՍՍՀՄ պատմություն իմանար, հետո նոր՝Հայ ժողովրդի:ՍՍՀՄ պատմությունն էլ ավելի շատ Ռուսաստանի պատմություն էր, մի քիչ էլ՝Ուկրաինայի.դե հայոց լեզվի ու գրականության մեջ խորացածլեզվագրականի դիմորդ, արի ու անգիր հիշիր, թե հարյուրամյակների ընթացքում ռուս եւ ուկրաինացի ցարերն ու զորավարներն ինչ ու ինչքան են գրավել կամ կորցրել, քանի՞ զինվոր է սպանվել տարբեր պատերազմների ժամանակ, կամ մոնղոլ-թաթարները որտեղ՝ինչ ճակատամարտ են մղել /կամ ումից՝քանի ոչխար փախցրել.../:Այդ տարիներին անգամ անեկդոտ կար, որ եթե դիմորդին դասախոսն ուզում է ,,կտրել,, կամ ցածր նշանակել, կարող է հարցնել, թե քանի՞ զոհ են տվել Մեծ Հայրենականի ժամանակ, ու հետո էլ պահանջել, որ դրանց բոլորի անուն-ազգանուններն ասեն:Ըստ այդմ՝այդ չարաբաստիկ ՍՍՀՄ պատմությունը ոնց որ կոկորդի փուշ լիներ լեզվագրական ընդունվողների համար, որ կարող էր անգամ հայերենից գերազանց իմացություն ցուցաբերողի համար ճակատագրական լինել՝ընդհանուր միավորների հաշվարկման ժամանակ:Իսկ լեզվագրականում ամենամեծ կոնկուրսն էր մշտապես:,,Չար լեզուներն,, ասում էին, թե ,,փողերի կոնկուրսր,, էլ էր լինում:Բա թե չէ կարծում եք, թե բուհական կոռուպցիան նոր է ծնվե՞լ...հայ-հա՜յ...Ու ինչ թվերից էին խոսում...2000-5000ռուբլի՝նայած դասախոսների ախորժակին:Էն մյուս ֆակուլտետներում թափուր տեղեր էլ էին լինում / օրինակ՝,,տեխդիսցիպլիններ,, բաժնում/,լեզվագրականում ,,իրար ուտում,, էին:Ու  ծանոթ-բարեկամներն ամեն անգամ, երբ կոնկուրսից դուրս էի մնում /ցերեկային-հեռակա բաժիններում պարբերաբար դիմելով/,գլուխները կարեկցանքով շարժելով ասում էին.,,Ինչքան ուզում է՝ լավ իմանա, մեկ է, մինչեւ փող չտաք՝չի ընդունվի,,:Ու սկսում էին թվարկել, թե որ ,,անարժանը,, քանիսով է ընդունվել՝,,գլուխը դատարկ,, հալով:

...1978թ., երբ կոնկուրսով դուրս մնացի ցերեկային բաժնից, ու ծնողներս բողոքարկեցին գնահատականս , որպեսզի իրենց սխալը չուղղեն՝մայրաքաղաքից գործուղված մասնագետները կամ ,,գրդոնչիները,,, առաջարկվեց որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝միջնորդել, որ բուհում աշխատանքի անցնեմ, մինչեւ հաջորդ տարի ,,կրկին փորձեմ,,:Եվ այսպես, ՀԿԿքաղկոմի գործուն միջամտությամբ՝ընդունվեցի աշխատանքի՝որպես պարտկոմի քարտուղար-մեքենագրուհի, բայց մի քանի ամիս անց հաստիքների կրճատման պատճառով տեղափոխվեցի բուհի ուսումնական մաս՝որպես դիսպետչեր, բայց՝մեքենագրուհու եւ ռեկտորի քարտուղարուհու պարտականություններով:Այդ ժամանակ ինստիտուտի նորանշանակ ռեկտորը սփյուռքահայ Գեւորգ Խռլոպյանն էր / Ծանր հիվանդության արդյունքում ռեկտորությանը հրաժեշտ տված Տելեմակ Վարդումյանից եւ մայրաքաղաք տեղափոխված,պրոռեկտոր Կառլեն Կարապետյանից հետո /:1979թ. հուլիս-օգոստոս ամիսներին կրկին դիմեցի բուհի ցերեկային բաժին:3 քննություն արդեն հանձնել էի, չորրորդը՝անգլերենն էր, ու այն ժամանակ, երբ հանձնաժողովականներն ինձ քննում էին / եւ այդ քննական հարցերից մեկի մեջ էլ մտավ մի երիտասարդ դասախոսի այն քինախնդիր հարցը...թե ինչու՞ ես իրեն չեմ բարեւում առհասարակ՝ինստիտուտում տեսնելիս /, ներս մտավ Խռլոպյանը, եւ սկսեց հետեւել քննության ընթացքին, կարծեմ մի քանի հարց էլ ինքը տվեց, բայց՝քինախնդիր դասախոսը չէր հանգստանում եւ, երբ արդեն պատրաստվում էին ինձ ,,լավ,, գնահատել, ասաց.,,Ես ուզում եմ մի հարց էլ տամ,,:Ու անգլերենով ասաց՝,,Նրան տրվեցին շատ հարցեր,,.այդ հարցն էլ հայերեն թարգմանեցի, որից հետո միայն՝ ամփոփվեց արդյունքը հանձնաժողովականների կողմից:Բացելով քննական փակ ծրարը, որի մեջ մյուս առարկաներից ստացած թվանշաններն սպասում էին իրենց ,,անգլիախոս,, ընկերակցին, ու հասկանալով, որ արդեն ,,դե ֆակտո,, ընդունված եմ, Խռլոպյանն ասաց.,,Էս լրիվ  ,,4,,-եր ես հա՞ հավաքել...Գո՞հ ես մեզնից, աղջիկ, կպրծնե՞նք քեզնից,,. ու բարի ժպիտով ավելացրեց.,,Քեզ կանաչ ճանապարհ ,աղջիկ,,.ի՞նչ իմանար, թե ուսումնառության 4 տարիներն ինչ փշոտ են լինելու եւ խորխորատներով լի, քանի որ ոմանք / մեռածների մասին կամ լավ, կամ՝ոչինչ/ չէին կարող ,,մարսել,, անփող ընդունված ուսանողուհու հայտնվելը...Ես չգիտեի, ուրախանա՞մ, որ ընդունվեցի վերջապես՝այդքան պայքարելուց հետո, թե՞ տխրեմ, որ զրկվելու եմ աշխատանքից, ու 4 տարի հետո  աշխատանք եմ փնտրելու, քանի որ ուսումնական մասում  աշխատանքում արդեն հմտացել էի, եւ հետո՝առաջ գնալու հեռանկարն ավելի շատ էր, քան՝ընդունվել-ավարտելուց հետո, մանկավարժի աշխատանքի հերթի պայմաններում:ի դեպ, այդ տարիներին հայաստանյան բուհերում, ի տարբերություն գործարանների, գրագրությունը ոչ թե ռուսերեն էր, այլ՝հայերեն.ներառյալ մինիստրության հետ նամակագրությունը.համենայն դեպս՝մանկավարժականում հայերեն էր/:Ես անգամ համոզված էի, որ այդ տարի էլ չեմ ընդունվելու, ու նախապես էլ համակերպվել էի, մտածելով, որ ավելի լավ կլինի, եթե ես միանգամից մյուս տարի հեռակա դիմեմ, բայց՝ծնողներս համոզեցին, որ ստացիոնարի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ:Եւ, ի հեճուկս ինձ, ճակատագիրը որոշեց ինձ հենց ստացիոնար ընդունել:

...Մանկավարժական դիմել էի ոչ թե նրա համար, որ մանկավարժի մասնագիտությունը սիրում էի, այլ՝որ Կիրովականում այդ ժամանակ ավելի լայն պրոֆիլի մասնագետներ պատրաստող համալսարան չկար /ինչպես հիմա, երբ 1 տարի առաջ մանկավարժականը դարձավ համալսարան/:Բուհում ուսանելու առաջին տարում զուգահեռ ընդունվեցի ՀՄՖ /հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ/՝ ժուռնալիստիկայի բաժին,որտեղ դասավանդում էին Կիրովականի ռադիոյի եւ խմբագրության լրագրողները, բայց՝մի քանի ամիս միայն հաճախեցի, տեսնելով, որ այն էական գիտելիքներ չի կարող տալ՝,,մարքսիզմ-լենինիզմի լույսի ներքո,, .եւ հետո՝պարապմունքներն ուշ երեկոյան էին , ինչն այնքան էլ ձեռնտու չէր:

...Հպարտ եմ, որ ընդունվել եմ մանկավարժական ինստիտուտ՝գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի օրոք, եւ ավարտել հայտնի գիտնական-ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի օրոք. ցավոք, նրանք երկուսն էլ հետագայում հեռացան երկրից եւ իրենց մահկանացուն կնքեցին սփյուռքում:Հպարտ եմ, որ ինձ դասավանդել են լավագույն մասնագետներ՝ակադեմիկոս Էդուարդ Աղայանը,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ՝ Մելս Սանթոյանը, Թերեզա Շահվերդյանը, բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մհեր Բեժանյանը...Ընդ որում, Սանթոյանի ,,գրականագիտություն,, առարկայից իմ ,,գերազանցը,, մտավ դիպլոմի միջուկ, իսկ կուրսային աշխատանքի ժամանակ նա ամբողջ կուրսի ներկայությամբ դրվատանքի խոսքեր ասաց՝Շիրվանզադեի ստեղծագործության մասին գրած իմ տաղաչափական վերլուծության մասին:Մինչ օրս այդ կուրսայինը խնամքով պահպանում եմ իմ անձնական արխիվներում.թեպետ՝շատերն իրենց կուրսայինները հանձնեցին ամբիոն թե դեկանատ, բայց ես չհանձնեցի իմ կուրսայինը, քանի որ խելացի մարդիկ հասկացրին, որ հետագայում ուսանողական աշխատանքներն օգտագործվում են դիսերտացիաների մեջ:

...Հպարտ եմ, որ իմ համակուրսեցիներից Ալբերտ Պողոսյանը, որ գերազանց սովորողներից էր, հիմա այդ նույն բուհում լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոն է զբաղեցնում, իսկ համակուրսեցիներիցս Նարինե Սահակյանը, որ նույնպես գերազանց սովորողներից էր՝դպրոցի տնօրեն է:Գյուղական դպրոցում տնօրեն է իմ համակուրսեցի Արամ Մարուքյանը, ով նույնպես լավ սովորողների ցանկում էր՝աշխատասեր եւ ուսումնասեր մի ուսանող...Ցավոք, գերազանց սովորողներից ոչ բոլորն են հիմա իրենց բարձր գիտելիքներին համապատասխան աշխատանք զբաղեցնում /անգամ՝ընդհակառակը/, ու նրանցից մեկն էլ իմ համակուրսեցի, օպտիմալացված մանկավարժ Անուշ Քառյանն է, որ ուսման մեջ գերազանց գիտելիքներ էր ցուցաբերում...

Ցավոք, համակուրսեցիներիցս երկուսը անժամանակ մահացան.Վահագնի գյուղից Սոս Ղազարյանը Ռուսաստանում անհետ կորավ թե դաժան սպանության ենթարկվեց...իսկ ուսման մեջ աչքի ընկնող Աշոտ Չիլինգարյանը, որ 90-ականներին Ստեփանավանի ,,Լալվար,, տուրիստական բյուրոյի տնօրենն էր, մի քանի տարի առաջ Ռուսաստանում հանկարծամահ եղավ...Աստված նրանց հոգիները լուսավորի...

30-ամյա տարիների հեռվից ,,դառնամ զօղորմին տամ,, պատմության դասախոսներ՝Պավլուշ Հարությունյանին, Հակոբ Անդրեասյանին, Սամսոն Ավագյանին, ովքեր եղել են անաչառ, անկողմնակալ, անկաշառ եւ գիտելիքը գնահատող, այլ ոչ թե ուսանողին որպես եկամտի աղբյուր դիտարկող:

---------------------------------------------------------------------------

ՀԻՇԱՐԺԱՆ ԴԵՊՔԵՐ՝ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ

Համակուրսեցիներիցս մեկը, ով աչքի չէր ընկնում փայլուն գիտելիքներով, մի օր ասաց՝,,Երեխեք, մարդ ա 3 մանեթ ենք հավաքում, որ ռուսերենի զաչոտը հանձնենք,,:Այդ առթիվ եւ զայրացա, եւ զարմացա, եւ հիասթափվեցի, քանի որ խնամքով պատրաստվել էի ստուգարքին:Որքան հիշում եմ, այդ ,,ակցիան,, գլուխ չեկավ, քանի որ ստուգարքին պատրաստվածները այնքան էլ կողմ չէին գումար հավաքելուն:Հետո պարզվեց, որ ոչ թե դասախոսն է գումար պահանջել, այլ՝,,նախաձեռնող խումբն,, է ինքագործունեությամբ ցանկացել զբաղվել. իրենց շահերից ելնելո՞վ, թե՞ դասախոսին արջի ծառայություն մատուցելու նպատակով:

----------------------------------------------------------------------------------------------

,,Արտասահմանյան գրականություն,, առարկայից քննություն էի հանձնում.դասախոսը՝տարեց մի կին՝70-ին մոտ, շատ բարեկիրթ մի անձնավորություն, որ Երեւանից էր գալիս դասավանդելու, չէր կողմնորոշվում՝,,4,, նշանակե՞ր, թե՞ ,,5,,:Մի վերջին հարց տվեց՝վերջնականապես կողմնորոշվելու նպատակով, որին դրական պատասխանեցի, որից հետո հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գնահատականը որոշիչ է լինելու ուսանողական թոշակի հարցում, ասացի, որ այո, դրանից է կախված՝ ,,գերազանցիկի թոշակ,, կստանա՞մ, թե՞՝ հարվածայինի.նա մի փոքր մտածելուց հետո ,,4,, նշանակեց,բայց՝միաժամանակ նկատեց.,,Բայց կարելի էր ,,5,, էլ նշանակել,,: Ու ես ,,գերազանցիկի,, 50 ռուբլիանոց թոշակից / որ ստանում էի մեկ կիսամյակ / գրչի մի հարվածով հայտնվեցի հարվածայինի 40  ռուբլիանոցների ցուցակում:Բայց հիասթափությունս ոչ այնքան ուսանողական թոշակի պակասեցումն էր, որքան՝դասախոսի վերաբերմունքը.եթե՝,,կարելի էր  ,,5,, էլ նշանակել,,  էլ ինչու՞ էր ,,4,, նշանակում.առավել եւս՝ճշտելուց հետո, որ գնահատականը որոշիչ է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 8 июня 2016 г.

AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...

AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...: Կհամագործակցեմ այն կուսակցության, կազմակերպության կամ հիմնադրամի հետ, ով կաջակցի համացանցային ազատ գործունեությունս՝առանց գրաքննական պայմա...