Translate

Translate

Translate

четверг, 27 августа 2015 г.


Հանուն հայուհի կնոջ` իտալացին կնքվել է հայկական եկեղեցում

Լոռու մարզի Ձորագետ ավանում, որ տուրիզմի միջազգային կենտրոն է, այս տարի իր ամառային հանգիստն էր անցկացնում իտալահայ երիտասարդ ընտանիքը: Եվա Պապիկյանը, որ քանդակագործ Հովսեփ Պապիկյանի և ֆլորիստ-դիզայներ Դոնարա Կոստանդյանի դուստրն է, այդտեղ էր գտնվում իտալացի ամուսնու` Բրունոյի հետ: 2003թ. ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը, Եվան ուսումը շարունակել է Իտալիայի Միլան քաղաքում` ,,Բրերա,, հաստատությունում ( ազգային պատկերասրահին կից ակադեմիա ): Միլանում ուսանելու տարիներին հանդիպել է ապագա ամուսնուն` Բրունոյին, որը մինչ Եվայի հետ ծանոթանալը լսած չի եղել Հայաստանի մասին, բայց հանուն Եվայի կնքվել է հայկական եկեղեցում, որտեղ  կայացել է նրանց պսակադրությունը: Ի դեպ, Եվան, որ մանուկ հասակում երգել է Տիգրան Հեքեքյանի երգչախմբում, Իտալիայում երգում է Միլանի հայկական եկեղեցու երգչախմբում: Հարցիս` ,,Իտալիայում ավելի շատ տպագիր թերթ են կարդում, թե՞ ինտերնետից են օգտվում,,, իմ զրուցակիցները հավաստեցին, որ թերթը առաջատար դիրքերում է, վաղ առավոտից մարդիկ շտապում են թերթ գնել: ,,Իսկ ինչու՞ սփյուռքահայ թերթերի` ինտերնետում տպագրված ցանկում իտալահայ թերթեր չկան,, հարցիս Եվան պատասխանեց, որ պատճառը, թերևս, այն է, որ սփյուռքահայ այլ գաղութների համեմատությամբ Իտալիայում հայերն այնքան էլ շատ չեն: 4 մլն բնակիչ ունեցող Միլանում, օրինակ, մոտ 1000 հայ կա: ,,Իտալիայում որոշ թերթեր անվճար են տարածվում, քանի որ դրանցում շահագրգիռ են գովազդատուները ,,, - ասում է Եվան: ,, Իտալիան հայտնի է իր երգիչներով, փառատոններով, իտալացիները սենտիմենտալ, ռոմանտիկ մարդիկ են, բայց ինչու՞ շատ տարածված է ,,իտալական մաֆիա.. արտահայտությունը,, - իմ հարցին Եվան պատասխանեց. ,,Իտալական մաֆիա իսկապես կա, բայց այն չի երևում, թեպետ ինքը շատ հզոր է,,: Ի տարբերություն Հայաստանի, Իտալիայում ,,մաֆիան,, մանր-մունր բաներով (օրինակ` ձեթի, ալյուրի, շաքարավազի ներկրման ոլորտում ) չի զբաղվում, այլ` ավելի ,,ծանրակշիռ,, գործերով է զբաղված` զենք, թմրանյութ, որից, սակայն, ժողովրդի կենսամակարդակը չի տուժում: Աշխատողների տարեկան եկամուտը 24 000 եվրո է: Հայերը Միլանում զբաղված են բիզնեսով, բայց, չգիտես ինչու, հայաստանյան ապրանք, հայկական խանութներ չկան ( ի տարբերություն Ամերիկայի, ֆրանսիայի, Բելգիայի ): ,,Ռուսական խանութներ շատ կան ,, - նկատեց իմ զրուցակիցը: Եվան պատմեց նաև հայ համայնքի մասին. շատ կազմակերպված են, միասին տոներ են նշում. ,,Այս տարի լավ Վարդավառ արեցինք ,,: ,,Այնտեղ է՞լ են միմյանց վրա ջուր լցնում ,,- հարցիս Եվան պատասխանեց. ,,Իրենք` չէ, բայց հայերը միմյանց վրա ջուր լցնում են ,,:  Իմ զրուցակիցները հետևել էին Եվրատեսիլին` հօգուտ Հայաստանի քվեարկելով: Բրունոն խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է դուդուկի երաժշտությունը ( այն հնչել էր Եվրատեսիլում` Ջիվան Գասպարյանի կատարմամբ ): Հայկական երգչախմբերից պաշտում է ,,Արմենոիդսին,,: Սիրում է նաև Շառլ Ազնավուր լսել, դասական երաժշտություն: Եվրատեսիլին Իտալիան մասնակից չի ունեցել: Իսկ թե ինչու՞` Եվան պատասխանեց.,, Իրենք շահագրգիռ են Սան-Ռեմոյի համար: Ուզում են, որ նա ճանաչվածություն ունենա ,,: Հայ- թուրքական հարաբերությունների հարցում Բրունոն առաջխաղացում է նկատում: Հետևելով ներքաղաքական իրադարձություններին, նա եկել է այն եզրակացության, որ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը, նոր սերունդը ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը: Բրունոն հիացած էր Լոռվա բնությամբ, բայց նրա աչքից չեր վրիպել Ձորագետի լողափի աղտոտվածությունը` սննդի մնացորդներ, դատարկ շշեր, որի առնչությամբ հիասթափությամբ ասաց. ,,Նոն էպոլիտո ,, ( այսինքն` ,,մաքուր չէ,, ): Հայաստանում արդեն հասցրել է լինել 4 անգամ: Եվայի հետ այցելել են Մատենադարան, ազգային պատկերասրահ, ցեղասպանութան թանգարան, եղել են Սևանում, Գառնիում , Հաղպատում, Օձունում: Հայկական կերակրատեսակներից ո՞րն է նախընտրում` հարցին Բրունոն միանգամից հայերեն պատասխանեց. ,,Խորոված ,,:   

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ,Ankakh.com , 1 նոյեմբերի, 2010թ.

вторник, 25 августа 2015 г.

Ուսանողական մանրապատումներ

           Սրամտում են 80-ականների դասախոսներն ու ուսանողները

1979-83թթ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում ուսանելիս խնամքով հավաքում էի ուսանողական կյանքին առնչվող հետաքրքիր մանրապատումները. այսինքն դրանք տվյալ պահին դեռ մանրապատում չէին, այլ՝ խոսք ու զրույց, եւ միայն կատարվելուց հետո էին դառնում մանրապատում ՝հայտնվելով օրագրում: Դրանցից ամենաշատն ու ինտելեկտուալներն առնչվում են բանահյուսության դասախոս Ռաֆայել Հարությունյանի սրամտություններին՝ իր առարկային առնչվող:Եվ այսպես՝ ,,Սասնա ծռեր,, էպոսը պատմելիս.

-Ծովինարը ջուր է խմում եւ հղիանում: Այս հարցում Ծովինարի տեխնոլոգիան դեռեւս անհասանելի է:

-Խալիֆին հաղորդում են, որ Ծովինարի հետ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք առանց ամուսնու անհնար են:

-Էպոսի ինչպես առաջին, այնպես էլ 3-րդ ճյուղերում սիրո եւ ամուսնության հարցերը լուծվում են կոնկուրսով: 

-Ձենով Օհանի բարձր գոռալու մեջ հեռախոսի երազանք կա:

--Իսմիլ խաթունի ախոռապանները շատ չարչարվեցին Քուռկիկ Ջալալի վրա ՝սելեկցիա տալու համար, բայց՝ անօգուտ:

-Մանուկ Դավիթը ոսկորը զայրացած նետում է վերեւ, որը ծակում է կտուրը եւ դուրս գալիս ուղեծիր:

-Բաղդասարին սարքելու գործում Ծովինարը կես բուռ ջուր խմելով՝ մատերիայի խնայողություն արեց:

-,,Սասունցի Դավիթ,, էպոսում ամենաբերքատու մարդը Վերգոն է. նա բազմազավակ հայր է՝ առանց պետական նպաստ ստանալու:

        Նույն դասախոսը՝ այլ թեմաներով.

-Այդ ժամանակ արաբներն արդեն ցրվել էին իրենց նվաճած տերիտորիայով եւ զբաղվում էին բազմանալով:

-Այդ տաճարը կառուցել է մի նշանավոր վարպետ, որը ցեմենտ չի կերել, քար չի ծախել, պրարաբներից կաշառք չի վերցրել:

-Համզան ստեղծել է այդ գյուղն իր անունով եւ կոչել Համզաչիման՝ մինչեւ Մարգոյի հայտնվելը, այնուհետ այն կոչվել է Մարգահովիտ՝ ի պատիվ Մեծ Մարգոյի:

-Մուշեղը գերում է Շապուհի կանանոցը, որ նրան առավել անհրաժեշտ էր ճամփորդության ժամանակ. դե ,,սուխոյ պայոկ,, էր:

-Այն ժամանակ պանդխտությունը կարիքից դրդված էր, իսկ հիմա գնում են ,,Վոլգա,, կամ Օլգա ձեռք բերելու նպատակով:

-Աժդահակը երազում տեսնում է Մանանային, որ բարձունքում նստած էր եւ նրա փեշերի տակից ջուր էր հոսում. ընդ որում՝ ոչ այնքան, որ տաներ պոլիկլինիկա՝ ստուգման, այլ այնքան, որ օվկիանոս է առաջանում:

-Զուգերգերից է ,,Վարդ կոշիկս,,. այստեղ տղան գողանում է աղջկա կոշիկը, որպեսզի աղջիկը գա իր կոշիկի ետեւից, տղան դրա դիմաց պահանջի մի համբույր, մի գրկախառնություն կամ՝ ավելի տեւական որոշ հարաբերություններ:

-Հրաշապատումի մեջ մեծ դեր է խաղում կախարդանքը. պատահում է, որ էդ կախարդությամբ երբեմն ուսանող են դառնում:

-Արտատեր պառավը սիրել էր Մհերին եւ ոչ մեկի հետ չէր կարող ընտանիք կազմել: / Այս կապակցությամբ ուսանող Համազասպ Խաչատրյանը հարցնում է.,,Բա որ ընտանիք կազմել չէր կարող այլեւս, բա ո՞րտեղից էր արտատեր պառավի աղջիկը,,: Ի պատասխան՝ Հարությունյանն ասում է՝,,Այնտեղից, որտեղից հիմա են ունենում, տեխնիկան դռեւս չի փոխվել, եւ հետո, նման հարցերի պատասխան աշխատեք ինքներդ մտածել, որ ինձ էլ անհարմար վիճակի մեջ չդնեք,, /:

   ԱՅԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ

Դասախոսն ուսանողուհուն կանչել էր գրատախտակի մոտ՝ դասը պատմելու: Վերջինս հուզմունքից թե դասին պատրաստված չլինելու պատճառով մի քանի րոպե կարկամած՝ կանգնել էր ու չէր խոսում:Ուսանող Արամ Մարուքյանը դիմեց առաջին նստարանին նստած ուսանողին՝,,Համո, զեկուցողին ջուր տուր,,:

             --------------------------------------------------

Գրականագիտության դասախոս Մելս Սանթոյանը ուսանողուհուն դաս է հարցնում. վերջինս կանգնելով՝ հրաժարվում է պատմել: Դասախոս՝,,Հլա բոյի՜դ, բուսաթի՜դ, նկարչական վդիդ ու հրաժարվելուդ,,:

Սանթոյանը անգիրներ էր հարցնում: Հերթը հասավ ուսանողուհիներից մեկին, որ նոր նշանված էր, ու այդ մասին ուսանողները ,,հուշեցին,,: Դասախոս՝Հա՞ դեւ ուրեմն դու արտասանի ,,Շան կարոտները,,:Ուսանողուհին կանգնեց ու կարմրած՝ սկսեց անգիրն արտասանել.

             ,,Պատուհանիս տակ հիմա

               Որբ մղկտում է մի շուն...,,

Ամեն նախադասությունից հետո ուսանողները լիաթոք ծիծաղում էին ուսանողուհու ,,անհարմար,, վիճակի վրա:

-----------------------------------------------------------------------------

Սանթոյանը դասախոսություն է կարդում սովետահայ պրոլետարական գրականությունից.,,Սարգիսն ու կինը միասին ընթրում են շտապ ու մտնում անկողին:Հետո՜.../ ուսանողներն սկսում են ծիծաղել /...Սարգիսը՜.../ ծիծաղ / 

կնոջը.../ ծիծաղ. ինչ-որ մեկը բղավում է ,,դե լավ պետք չի,, / ...պատմում է, որ թալիշեցի Մուքոյի գանգի մեջ մեխ է մտել,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

/Շարունակելի /

понедельник, 24 августа 2015 г.

Բա ասում են ժողովուրդը թերթ չի կարդու՜մ...

                                    / Անտիպ նյութ՝ 2006թվի արխիվից /

Ավագագույն սերնդի 2 վանաձորցիներ, մտնելով Լոռու մարզային գրադարան, դիմեցին աշխատակցուհուն.,,Էն եղնիկ ա, կխտար ա, թե արջ ա...էն որ գնացել էին որսի... էն թերթն,ասըմ են ՝ ըստի կա..: Աշխատակցուհին անմիջապես կռահելով, որ խոսքը վերաբերվում է դժբախտ ելքով մի որսի / որի ընթացքում 2 որսորդներ կորել էրն՝ ձյան տակ մնալու վարկածով , եւ հիմնավոր խոսակցություններ կային, թե որսը կազմակերպվել էր Լոռու մարզպետի հանձնարարությամբ /, վերջիններիս մեկնեց խնդրո առարկա թերթը. Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթը, որ հոդվածն արտատպել էր ,,Հայկական Ժամանակից,, /: Մոտ գտնվող ընթերցողներին լսելի ձայնով՝ թերթը խնդրող տարեց լոռեցին սկսեց կարդալ հոդվածը ՝վերնագիրը մի քանի անգամ հանդիսավոր ու հատ-հատ կրկնելուց հետո /,,Մարզպետի՜...սիրտը՜...եղնիկի ՜...միս էր ուզում...,,/: Յուրաքանչյուր պարբերության առթիվ էլ համապատասխան արձագանքում էր ՝,,Պահո՜...,  ,,հետա՜յ...,,    ,,Ծը,ծը, ծը,,    ,,Տենում ե՞ս դու,,: Ու հանդիմանանքով նկատեց.,,Բա հրեն սաղ օրը տելեվիզրով ասըմ են ՝ հայ էս ենք անը՜մ,  էն ենք անը՜մ...սարքըմ ենք, աշխատացնըմ ե՜նք... բա ըսենց բաներից խի՞ չեն խոսըմ,,:Ի դեպ, քանի դեռ ըթերցանությունն ավարտին չէր հասել, ընթերցողն այն միամտորեն վերագրում էր վանաձորյան թերթին, որպես սկզբնաղբյուր, եւ խրախուսում թերթի համարձակությունը. ,,Մարզպետի նկարն էլ տպել ա: Մալադեց: Սա կտպի,,:Սակայն վերջում կարդալով, որ այն արտատպված է ,,Հայկական ժամանակից,,   բացականչեց.,,Հա՜...ուրիշ տեղից ա տպած,,:

   Փաստորեն, հակառակ այն մտայնությանը, թե ժողովուրդը թերթ չի կարդում, եւ նրան քաղաքականությունը չի հետաքրքրում, իրականությանն այնքան էլ մոտ չէ: Ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ ընթերցում է այն հրապարակումները, որոնք վերաբերվում են բարձրաստիճան այրերի անունները շոշափող թեմաների: ,,Երկիր,, թերթում տպված մեկ այլ հոդված էլ, որ կրկին վերաբերվում էր մարզպետի կողմից եղնիկ որսալուն, կրկին նպաստել էր գրադարանում ընթերցողների ավելացմանը:Ընդ որում, երբեմն կարող են համընդհանուր հետաքրքրության առարկա դառնալ ոչ միայն ընդդիմադիր կամ ,,ընդդիմամետ,, , այլեւ՝ իշխանամետ թերթեր, եթե դրանցում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հոդված է ,,սպրդել,,:Ովքեր էլ թերթ գնելու փող չունեն, օգտվում են գրադարաններում, կուսակցությունների կամ հ/կ-ների գրասենյակներում ստացվող մամուլից, կամ՝ վերջին տարբերակը ՝լրագրավաճառներից վերցնում-կարդում են՝ հետո ետ վերադարձնում  / վերջիններիս բարի կամքի դրսեւորման ու ըմբռնողականության պարագայում /:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 2006թ.

ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Օրերս Լոռու մարզի կենտրոնական գրադարան այցելեց տարիքավոր մի վանաձորցի, հաշմանդամ եւ սոցիալապես անապահով  խավի անհայտ ներկայացուցիչ, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էր դաշտային ծաղիկներ վաճառել: / Ի դեպ, ժամանակ առ ժամանակ գրադարանի ընթերցողներին ու աշխատակիցներին իրենց այս կարգի ծառայություններն են առաջարկում համեմունք, կանաչեղեն եւ նույնիսկ՝ սպասք վաճառողները, որոնք հնարավոր գնորդ գտնելու հույսով շրջում են ոչ միայն փողոցում ու տոնավաճառում, այլեւ՝զանազան հիմնարկություններում /: Տեսնելով, որ գրադարանի ընթերցասրահում ծաղիկ գնելու ,,սիրտ ունեցողներ,, չկան, այցելուն ծաղկեփունջն զգուշությամբ մի կողմ դրեց ու դիմեց այդտեղ գտնվող երկու ընթերցող-լրագրողներին.,,Ես հո ծաղկի համար չեմ եկել, եկել եմ իմանամ, թե ով ա դեպուտատ ընտրվել,,: Վերցնելով մարզային պաշտոնաթերթը, նա, ակնոցների օգնությամբ մի կերպ գտնելով իրան անհրաժեշտ հրապարակումը, ասաց.,,Բալիկ ջան, չես ասի՞՝ հիմի ո՞վ ա անցել, ըստեղ համ Վիկտորի անունն ա գրված, համ՝ Արմենի,,: Երբ բացատրվեց, որ անցել է նա, ով առավել շատ ձայներ է հավաքել, ասաց.,,Բա էնա մենակ ով անց ա կացել՝ նրա անունը գրեին, էն չանցածի անունն ինչի՞ են գրել,,: Երբ բացատրվեց, որ գրել են, որպեսզի մարդիկ իմանան, թե ով՝ քանի ձայն է հավաքել, զարմացավ.,,Հա որ իմացան, ի՞նչ տեն անի,,:

Հատկանշական է, որ այդ զրույցից հետո քաղաքացին այլեւս որեւէ վերաբերմունք չարտահայտեց ընտրվածների ու չընտրվածների հանդեպ, ծաղիկները վերցրեց, եւ, կրկնելով՝,,Եկել էի իմանամ, ով ա ընտրվել,, հեռացավ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, 27 հունիսի, 2003թ.