Translate

Translate

Translate

вторник, 25 августа 2015 г.

Ուսանողական մանրապատումներ

           Սրամտում են 80-ականների դասախոսներն ու ուսանողները

1979-83թթ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում ուսանելիս խնամքով հավաքում էի ուսանողական կյանքին առնչվող հետաքրքիր մանրապատումները. այսինքն դրանք տվյալ պահին դեռ մանրապատում չէին, այլ՝ խոսք ու զրույց, եւ միայն կատարվելուց հետո էին դառնում մանրապատում ՝հայտնվելով օրագրում: Դրանցից ամենաշատն ու ինտելեկտուալներն առնչվում են բանահյուսության դասախոս Ռաֆայել Հարությունյանի սրամտություններին՝ իր առարկային առնչվող:Եվ այսպես՝ ,,Սասնա ծռեր,, էպոսը պատմելիս.

-Ծովինարը ջուր է խմում եւ հղիանում: Այս հարցում Ծովինարի տեխնոլոգիան դեռեւս անհասանելի է:

-Խալիֆին հաղորդում են, որ Ծովինարի հետ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք առանց ամուսնու անհնար են:

-Էպոսի ինչպես առաջին, այնպես էլ 3-րդ ճյուղերում սիրո եւ ամուսնության հարցերը լուծվում են կոնկուրսով: 

-Ձենով Օհանի բարձր գոռալու մեջ հեռախոսի երազանք կա:

--Իսմիլ խաթունի ախոռապանները շատ չարչարվեցին Քուռկիկ Ջալալի վրա ՝սելեկցիա տալու համար, բայց՝ անօգուտ:

-Մանուկ Դավիթը ոսկորը զայրացած նետում է վերեւ, որը ծակում է կտուրը եւ դուրս գալիս ուղեծիր:

-Բաղդասարին սարքելու գործում Ծովինարը կես բուռ ջուր խմելով՝ մատերիայի խնայողություն արեց:

-,,Սասունցի Դավիթ,, էպոսում ամենաբերքատու մարդը Վերգոն է. նա բազմազավակ հայր է՝ առանց պետական նպաստ ստանալու:

        Նույն դասախոսը՝ այլ թեմաներով.

-Այդ ժամանակ արաբներն արդեն ցրվել էին իրենց նվաճած տերիտորիայով եւ զբաղվում էին բազմանալով:

-Այդ տաճարը կառուցել է մի նշանավոր վարպետ, որը ցեմենտ չի կերել, քար չի ծախել, պրարաբներից կաշառք չի վերցրել:

-Համզան ստեղծել է այդ գյուղն իր անունով եւ կոչել Համզաչիման՝ մինչեւ Մարգոյի հայտնվելը, այնուհետ այն կոչվել է Մարգահովիտ՝ ի պատիվ Մեծ Մարգոյի:

-Մուշեղը գերում է Շապուհի կանանոցը, որ նրան առավել անհրաժեշտ էր ճամփորդության ժամանակ. դե ,,սուխոյ պայոկ,, էր:

-Այն ժամանակ պանդխտությունը կարիքից դրդված էր, իսկ հիմա գնում են ,,Վոլգա,, կամ Օլգա ձեռք բերելու նպատակով:

-Աժդահակը երազում տեսնում է Մանանային, որ բարձունքում նստած էր եւ նրա փեշերի տակից ջուր էր հոսում. ընդ որում՝ ոչ այնքան, որ տաներ պոլիկլինիկա՝ ստուգման, այլ այնքան, որ օվկիանոս է առաջանում:

-Զուգերգերից է ,,Վարդ կոշիկս,,. այստեղ տղան գողանում է աղջկա կոշիկը, որպեսզի աղջիկը գա իր կոշիկի ետեւից, տղան դրա դիմաց պահանջի մի համբույր, մի գրկախառնություն կամ՝ ավելի տեւական որոշ հարաբերություններ:

-Հրաշապատումի մեջ մեծ դեր է խաղում կախարդանքը. պատահում է, որ էդ կախարդությամբ երբեմն ուսանող են դառնում:

-Արտատեր պառավը սիրել էր Մհերին եւ ոչ մեկի հետ չէր կարող ընտանիք կազմել: / Այս կապակցությամբ ուսանող Համազասպ Խաչատրյանը հարցնում է.,,Բա որ ընտանիք կազմել չէր կարող այլեւս, բա ո՞րտեղից էր արտատեր պառավի աղջիկը,,: Ի պատասխան՝ Հարությունյանն ասում է՝,,Այնտեղից, որտեղից հիմա են ունենում, տեխնիկան դռեւս չի փոխվել, եւ հետո, նման հարցերի պատասխան աշխատեք ինքներդ մտածել, որ ինձ էլ անհարմար վիճակի մեջ չդնեք,, /:

   ԱՅԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ

Դասախոսն ուսանողուհուն կանչել էր գրատախտակի մոտ՝ դասը պատմելու: Վերջինս հուզմունքից թե դասին պատրաստված չլինելու պատճառով մի քանի րոպե կարկամած՝ կանգնել էր ու չէր խոսում:Ուսանող Արամ Մարուքյանը դիմեց առաջին նստարանին նստած ուսանողին՝,,Համո, զեկուցողին ջուր տուր,,:

             --------------------------------------------------

Գրականագիտության դասախոս Մելս Սանթոյանը ուսանողուհուն դաս է հարցնում. վերջինս կանգնելով՝ հրաժարվում է պատմել: Դասախոս՝,,Հլա բոյի՜դ, բուսաթի՜դ, նկարչական վդիդ ու հրաժարվելուդ,,:

Սանթոյանը անգիրներ էր հարցնում: Հերթը հասավ ուսանողուհիներից մեկին, որ նոր նշանված էր, ու այդ մասին ուսանողները ,,հուշեցին,,: Դասախոս՝Հա՞ դեւ ուրեմն դու արտասանի ,,Շան կարոտները,,:Ուսանողուհին կանգնեց ու կարմրած՝ սկսեց անգիրն արտասանել.

             ,,Պատուհանիս տակ հիմա

               Որբ մղկտում է մի շուն...,,

Ամեն նախադասությունից հետո ուսանողները լիաթոք ծիծաղում էին ուսանողուհու ,,անհարմար,, վիճակի վրա:

-----------------------------------------------------------------------------

Սանթոյանը դասախոսություն է կարդում սովետահայ պրոլետարական գրականությունից.,,Սարգիսն ու կինը միասին ընթրում են շտապ ու մտնում անկողին:Հետո՜.../ ուսանողներն սկսում են ծիծաղել /...Սարգիսը՜.../ ծիծաղ / 

կնոջը.../ ծիծաղ. ինչ-որ մեկը բղավում է ,,դե լավ պետք չի,, / ...պատմում է, որ թալիշեցի Մուքոյի գանգի մեջ մեխ է մտել,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

/Շարունակելի /

Комментариев нет:

Отправить комментарий