Translate

Translate

Translate

вторник, 15 августа 2017 г.

,,Այսքան ուրախ կյանքը մեր․․․,,

                    ,,Դիսկոմֆորտ,, ՝էն էլ ինչ կարգի

  Վանաձորցի մի պատգամավոր ընտրություններից առաջ ասում էր՝,,մարդկանց դիտմամբ դիսկոմֆորտի մեջ են պահում,,։,,Դիսկոմֆորտ,,/այսինքն՝կենցաղային անհարմարություններ/՝էն էլ ինչ կարգի։Բնակչության մի մասն, ինձ թվում է, իմունիտետ է ձեռք բերել ,,դիսկոմֆորտին,, դիմակայելու առումով, ու իր կյանքն առանց ,,դիսկոմֆորտի,, չի պատկերացնում։Ո՞նց կարելի է կյանքը Հայաստանում պատկերացնել առանց էներգետիկ անջատումների,  առանց մոմի ու չոր սպիրտի, առանց նավթի ու կերոսինի կամ ,,կիպիծիլնիկի", առանց դույլով ջուր կրելու՝եթե բարձրաստիճան պաշտոնյա չես կամ պատգամավոր։

Կենցաղային մշտական անհարմարությունները, հոսանքի անվերջ տատանումներն ու հովհարային ու անհովհար անջատումներն ու դրանց հետեւանքով էլեկտրական սարքերի պարբերական շարքից դուրս գալը հանգեցրին նրան, որ մանկավարժ-լրագրողի մասնագիտությանը զուգահեռ՝էլեկտրիկի ,,մասնագիտություն,, էլ ձեռք բերեցի վերջին 17 տարիներին/լուսահոգի էներգետիկ վարպետ պապիս մասնագիտական հմտությունները մորիցս յուրացնելով ու հետագայում նրանից ավելի կատարելագործվելով, ու դրա համար՝լուսահոգի հորս շախմատային լուսահոգի ընկերներից մեկը, որ մասնագիտությամբ էլեկտրիկ էր, մեր տուն գալիս ինձ կատակով ասում էր ,,ժուռնալիստ-էլեկտրիկ,,։Եթե մայրս հաճախ էր վերանորոգում էլեկտրական վառարանների սնուցման գծերն ու հարակից ,,ատրիբուտները"/,,սպիրալները,, միացնում կամ փոխում, ,,վիլկաները,, նորոգում կամ փոխում/, ապա ես արդեն սկսեցի դրանցից բացի՝պատի մեջի վարդակն էլ փոխել կամ լուսամփոփ նորոգել։Մոտ 15-20 տարի առաջ, երբ աշխատանքից գալիս էի տուն ու տեսնում էի, որ մայրս ակնոցն աչքերին կրկին վառարանի կտրված ,,սպիրալներն,, է ամրացնում/դրանց հաճախակի շարքից դուրս գալու պատճառն էլ հովհարային ու անհովհար անջատումներն էին ու էլցանցի կողմից պարբերական ձեւով լարման հետ ,,խաղալը,,՝հավելյալ շահույթներ ստանալու կամ ապօրինի գծեր միացնելու նպատակով, ինչպես նաեւ ,,հազարումի,, ապօրինություն՝այդ համակարգում/, ասում էի,,Էլի դու աչք ե՞ս քոռացնում․․․դեն շպրտի դրանք՝կորչեն, մի հատ նորը կառնենք․․․,,։Ինքն էլ առանց գործից կտրվելու՝ասում էր ՝,,Դու ավելի լավ ա՝ ուշադիր նայի, թե ոնց եմ սարքում, որ դու էլ սովորես, մեկ էլ տեսար՝պետք եկավ,,։,,Իբր շատ ուրախ եմ՝որ դու աչք ես քոռացնում, մի հատ էլ ես նայեմ՝սովորեմ,,-հակադարձում էի։Դրա համար են ասում՝,,Երբեք մի ասա երբեք,,։

․․․Իսկ առաջին ,,արհեստս,, Սովետի թվերին էր՝1975-76թվերին, երբ 8-րդ թե 9-րդ դասարանում էի ու հորեղբորս որդուց, որ մինչեւ գեղարվեստա-թատերականի նկարչական ընդունվելը ռադիոկապի ուսումնարան էր գնում,սովորեցի տան հեռախոսի կտրված կաբելները միացնել։Այն ժամանակ դրանք հաճախ էին շարքից դուրս գալիս՝հեռախոսն անընդհատ տան այս ու այն անկյունից տեղափոխելու հետեւանքով կամ՝կաբելի անորակության պատճառով։Հիմա այդ ,,մասնագիտությունն,, այլեւ արդիական չէ, քանի որ մեխանիզմը փոխվել է, եւ պատրաստի գծեր կան կամ առանձին պահեստամասեր՝միանգամից, առանց չարչարանքի ամրացվող։Բայց՝տնային ,,էլեկտրիկի,, մասնագիտությունն այսօր էլ կենցաղում հույժ անհրաժեշտ է, ինչպես 90-ականներին,քանի որ մշտական անհովհար անջատումներից ու էլցանցի կողմից հոսանքի լարումը թուլացնել-ուժեղացնելու հետեւանքով սնուցման գծերն ու  էլեկտրական սարքերը մշտապես շարքից դուրս են գալիս ու  ստիպված ես անընդհատ ,,վիլկա-տրայնիկ,, փոխել, հինը նորոգելով կամ նորով փոխելով։Ստիպված ենք եզրակացնել,որ հենց էլեկտրական սարքավորումների բիզնեսի աշխուժացման նպատակով էլ էլցանցն անընդհատ հոսանքի հանդեպ ,,դավեր,, է նյութում/մյուս կողմից էլ՝հաշվիչների աշխատանքն արագացնելու նպատակով․թերեւս․համենայն դեպս՝այդ են վկայում նաեւ հեռուստատեսությամբ այդ առթիվ պարբերական բողոքները՝տուժած քաղաքացիների կողմից/։Սա՝էլցանցի շնորհիվ ստեղծված կենցաղային անհարամարությունների ,,մասով,,․բա ինչքան էլ տուժում են ու նյարդեր քայքայում շարքային քաղաքացիները՝ջրի ճնշման տատանումների պատճառով․տեղ կա՝ճնշումն այնքան են իջեցնում, որ մարդիկ չկարողանան տաք ջրից օգտվել կամ ջուրը վերին հարկեր չի բարձրանում ցածր ճնշման պատճառով, տեղ էլ կա՝ջրի ճնշումն այնքան են ուժեղացնում, որ ջրատար խողովակների համար պայթյունավտանգ ու վթարային  իրավիճակ է ստեղծվում։Պատկերն ավելի է ամբողջանում, երբ գազ ունեցող քաղաքացիների էլ գազն է պարբերաբար անջատվում՝,,պլանային նորոգումների,, մշտական պատճառաբանությամբ, ու վերջիներս հայտնվում են գազ չունեցող քաղաքացիների կարգավիճակում՝էլեկտրական գծերից օգտվելու պարագայում։

Կարծում ենք, եթե հայաստանյան ,,դիսկոմֆորտի,, պայմաններում ապրած մարդը հայտնվի նորմալ, ,,ցիվիլ,, երկրում/այնպես, ինչպես սովետական տարիներին էր/, ապա հարկ կլինի մասնակցել հոգեթերապեւտիկ դասընթացների՝համարավետ կենցաղին կրկին վարժվելու եւ առավել կատարելագործված կենցաղային նորություններին ինտեգրվելու նպատակով։

Եթե սովետական տարիների տարածված անեկդոտն էր այն, թե ,,ձուկ կողքի խանութում չունեն, մենք միս չունենք,,՝ապա հիմա անեկդոտի կարգավիճակ է ստանում այն մշտական խոսակցության թեման, թե ով գազ չունի, ով լույս չունի, ով հոսանք չունի․․կամ՝երբեմն էլ ,,երեքը մեկում,, է լինում, երբ որեւէ թաղամասում եւ ջուրը չի լինում, եւ հոսանքը, եւ գազը։Եվ սա՝21-րդ դարի Հայաստանում, անկախության 26-րդ տարում, երբ փառավոր ինտեգրված ենք բոլոր ,,ցիվիլ,, երկներին․պարզապես՝քաղաքակրթությունն այժմ միայն բարձրաստիճանների համար է, իսկ շարքային քաղաքացուն կիլոմետրերով ետ են շպրտում միջնադար ու անգամ խրախուսում ու հաճույքով լուսաբանում գյուղերում աթարի օգտագործումը՝կենցաղային նպատակներով։Քաղաքներում էլ մինչ օրս շատերն են փայտ վառում՝որպես մատչելի վառելիք։Իսկ մինչեւ արեւային էներգիան կներդրվի շարքային քաղաքացիների համար,որպես այլընտրանքային ջեռուցում՝,,գորտի աչքը ջուր կդառնա,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий